Այժմ անդրադառնանք հնդեւրոպական լեզվաընտանիքին հայերենի ցեղակցությանը, հիմք ընդունելով Հ.Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», որում օգտագործվել է մատենագրության մեջ գործածված 10.772 բառարմատ: Այս բառամթերքը կարող ենք բաժանել 4 հիմնական խմբերի (տես ստորեւ նկարը). առաջին խումբ - այս խմբի մեջ 5572 բառեր են, որոնք գոյություն ունեն միայն հայերենում եւ չունեն զուգահեռներ այլ լեզուներում: Այս բառերը կազմում են արմատական բառարանի բառամթերքի 51,7%-ը: Սրանց շարքին են պատկանում հիմնական բառապաշարին պատկանող կամ քաղաքակրթական արժեք ներկայացնող բազմաթիվ բառեր (երկիր, երկին, տարի, լեառն, ծով, լիճ, կանաչ, ցորեան, գարի, հաց, գլուխ, շոր, ազն, կրակ, քամի, փայտ, կաւ, պայտ, եղջիւր, անիւ, պատ եւ այլն): Հարկ է բառամթերքի այս խմբին ավելացնել նաեւ այն բառերը, որոնք գործածական են խոսակցական լեզվում, բայց չեն գործածվել մատենագրության մեջ: Դժվար է որոշել այդ բառերի ճշգրիտ թիվը, սակայն մոտավոր գնահատականներով դրանք մի քանի հազար են: Լեզվաբանները բնիկ հայերեն են անվանում հնդեւրոպական ծագում ունեցող բառերը: Ի տարբերություն լեզվաբանների, մենք «բնիկ հայերեն» բնութագիրը կօգտագործենք բառերի այս խմբի համար:
երկրորդ խումբ - այս խմբի մեջ մտնող 4016 բառերը համարվում են փոխառություններ այլ լեզուներից: Սրանց մեջ գերակշիռ մաս են կազմում իրանական լեզուներից փոխառություն համարվող բառերը (1405 բառ): Այս խմբի հազարից ավել բառերի տրվել է սխալ ստուգաբանություն, ինչի արդյունքում փոխատու եւ փոխառու լեզունների տեղերը փոխվել են: Բերենք ասվածը լուսաբանող մի քանի օրինակներ. բագ=«մաս, բաժին» բառը փոխառություն է դրվում նույնիմաստ պահլավերեն ենթադրյալ *bag բառից: Նույն իմաստով շումերերենում (Ք.ա. 3-րդ հազ.) վկայված է BA.E=ba- eg2=baeg>bag=bag=«մաս, բաժին» բառը: Լեզվաբանները հայերեն բագ=«աստված» բառը եւս փոխառություն են դնում պահլավերեն նույնիմաստ bag բառից (հմմտ. ռուսերեն бог), այն «հիմնավորմամբ», որ եթե բառը բնիկ հայերեն լիներ, պիտի ունենար «բակ» ձեւը, ելնելով իրենց իսկ հնարած հնչյունախոխության օրենքներից: Այս բագ=«աստված» բառից է ածանցված բագին=«մեհյան, տաճար, զոհասեղան» բառը: Շումերերենում բառը վկայված է PA.GI=pa-gin6=ba2-gin6=pagin, bagin=բագին=«տաճար, սրբատեղի» ձեւով (աքքադ. māhāzu, mahāşu): Ընթերցողն այսպիսի տասնյակ օրինակներ կարող է գտնել այստեղ. Հ. Մարտիրոսյան, Հայոց հնագույն պատմության էջեր, Երեւան, 2011; Հ. Մարտիրոսյան, Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում եւ հին աշխարհում, Երեւան, 2012: Իրանական ցեղերի հարավ-արեւմտյան Ասիայում հայտնվելու վաղագույն հետքերը նկատվում են Ք.ա. 8-րդ դարում (Э. Грантовский, Ранняя история иранских племён Передней Азии, Москваб 1970): Իմա՝ իրանական լեզուների կրողների հայտնվելուց առաջ հիշյալ բառերը գործածվել են սկսած շումերական գրչության սկզբնավորման ժամանակներից (Ք.ա. 3200թ): Հետեւաբար հիշյալ եւ մյուս նման բառերը իրանցիներն են փոխառել կամ հայերենից, կամ միջագետքյան որեւէ լեզվից: Հայերեն թոնիր, թորոն, թոնդիր, թոնտիր, թունտիր=«գետնափոր փուռ» բառը եւս համարվում է փոխառյալ: Հ. Աճառյանը գրում է, թե ամբող Առաջավոր Ասիայում տարածված այս բառի մայր ձեւը սեմական է, բայց չի կարողանում գտնել, թե որ լեզվից է հայերենի փոխառությունը: Իրականում հայերենից է բառն անցել բոլոր այդ լեզուներին, ինչը նորից պարզում ենք շումերերենի օգնությամբ: Շումերերենում բառը գրառվել է հետեւյալ վանկագիր ձեւերով. tu-nu-ur, ti-nu-ur, du-ru-un, du-ru-na (աքքադերեն tinūru): Նույն բառը գաղափարագիր գրառվել է IM.ŠU.RIN ձեւով, որտեղ «թոնիր» բառի «թոն-» եւ «թոր-» բաղադրիչները գաղափարագրվել են IM=«անձրեւ» սեպանշանով: Նման գաղափարագրություն կազմելու հնարավորություն ընձեռնում է միայն հայերենը, քանի որ միայն հայերենում գոյություն ունեն թոն/թօն=«անձրեւ» եւ թօռ=«անձրեւ» բառեր (վերջինս թոր=«ջրի հոսելը, արցունք» արմատից է): Հետեւաբար «թոնիր» բառը բնիկ հայերեն է եւ շումերերենից (=հայերենից) անցել է աքքադերենին, սրանից էլ մյուս սեմական լեզուներին: Հ. Աճառյանը պայտար=«ձիերին, էշերին պայտ խփող արհեստավոր» բառը փոխառություն է դնում արաբերեն bayţār նույնիմաստ բառից: «Պայտ» բառը գոյություն ունի միայն հայերենում, որին եթե հավելենք ար=«անել, կատարել» բաղադրիչը, ապա կստանանք «պայտ անող» տառացի իմաստը կրող «պայտար» բառը: Սա ներկայացրինք հայերենի ներքին ստուգաբանությամբ, ինչն անտեսելով, Աճառյանը բառարանները փորփրելով գտել է արաբերեն bayţār բառը ու սրանից փոխառություն դրել բնիկ հայերենը: Արաբերեն բառը կապելով baţr=«պատռել, ճեղքել» արմատին (հմմտ. բնիկ հայերեն «պատառ-ել, պատռ-ել) Աճառյանը, որպես հիմնավորում իր կեղծ ստուգաբանության, գրում է. «սմբակը ճեղքելու պատճառաւ»: Ով շատ թե քիչ տեղյակ է էշ կամ ձի պայտելու գործին, գիտի, որ սմբակը չեն ճեղքում, այլ երկարացած ծայրերը կտրում են, ինչպես մարդն է կտրում իր եղունգները: Հ. Աճառյանը հավարի=«ցորենի նուրբ ալյուր» բառը եւս փոխառություն է դնում արաբերեն ḥavārī=«շարմաղ ալյուրով հաց» կամ ḥuvvārī=«սպիտակ ընտիր ալյուր» բառից, որը բացակայում է սեմական այլ լեզուներում: Նորից գնանք գաղափարագրության ժամանակները եւ դիմենք շումերերենի օգնությանը. շումերական =LAGABxHAL գաղափարագիրն ունի «գետ» (աքքադ. nāru), «ալյուր» (աքքադ. isqūqu) եւ «երկինք» (աքքադ. šamû) իմաստներ: Դա նշանակում է, որ գաղափարագրությունը կազմվել է մի լեզվում, որում այդ երեք իմաստներն արտահայտող բառերը համանուններ են, իմա՝ հնչեցվել են նույն կերպ, բայց արտահայտել են տարբեր իմաստներ: Միանգամից նկատենք, որ համապատասխան աքքադերեն բառերը (nāru, isqūqu, šamû) համանուններ չեն: Համանունների այդ եռյակը գոյություն ունի միայն հայերենում. հաւառ=«երկինք», հաւառի=«գետառ, մայր գետ» եւ հավարի=«ալյուր»: Լեզվաբանական օրենք է, որ մի լեզվի համանունները միայն այդ լեզվի սեփականությունն են եւ մի այլ լեզվում չեն կրկնվում: Հետեւաբար միարժեքորեն կարող ենք ասել, որ գաղափարագրությունը կազմվել է հայերենի հիմքի վրա, իսկ հավարի=«ալյուր» բառը բնիկ հայերեն է: Հնագիտական, բուսաբանական, լեզվաբանական տվյալները վկայում են, որ ձէթ=«ձիթապտղի (նաեւ կտավհատի, քնջութի եւ այլ բույսերի) յուղ» բառը բնիկ հայերեն է, սակայն այն համարվում է «սեմական բառ, որ ընդհանուր տարածված է Արեւելքում» եւ հայերեն «ձէթ»-ը փոխառություն է դրվում սեմական անհայտ լեզվից: Սա մի հատված է Հ. Աճառյանի գրած «ձէթ» բառահոդվածից: Ինչպես տեսնում ենք, մատենագիրները վկայում են, որ ձիթենին առատորեն աճել է Մեծ Հայքի Ուիտիք, Տայք եւ Գուգարք նահանգներում: Սակայն որպեսզի չհակառակվի եվրոպական լեզվաբանական դպրոցին, Հ. Աճառյանը, քաջատեղյակ լինելով, որ Ուիտիքը, Տայքը եւ Գուգարքը Մեծ Հայքի 15 նահանգներից են (Աշխարհացույց, Զօրանամակ, Գահանամակ եւ այլն), դրանք բուն հայկական հողեր չի համարում եւ «ձէթ» բառը փոխառություն է դնում սեմական լեզուներից: Բերված օրինակները ցույց են տալիս, որ զանազան անհիմն պատճառաբանություններով հայերեն բառերը փոխառություն են դրվում այլ լեզուներից: Բերված օրինակները նաեւ ցույց են տալիս, որ իրականում այդ բառերը հայերենից են անցել այլ լեզուններին: Նման բառերի թիվը կարող է անցնել հազարից, որոնք պետք է գումարվեն բնիկ հայերեն բառերի շարքին:
|