Ձին հանելուկի բանալի
Այսօր ձիաբուծության հայրենիք կոչվելու դափնին վիճարկում են մի շարք տարածաշրջաններ՝ Կենտրոնական Ասիան, Հարավռուսական տափաստանները, Կենտրոնական և հարավարևմտյան Եվրոպան: Տեսակետների առատությունը պայմանավորված է նրանով, որ ձին հասարակ ընտանի կենդանի չէր: Նա քաղաքակրթության կրողն էր ու ռազմական ուժի հիմքը: Ընտելացնելով ձիուն և օգտագործելով որպես տրանսպորտային միջոց՝ մարդը տարածությունը կրճատեց 4-10 անգամ: Շուտով բացահայտվեց նաև ձիու՝ ռազմի նպատակով օգտագործման առավելությունները: Թերևս ձին էր այն հիմնական լծակը, որը հնարավորություն տվեց հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդներին պատմական կարճ ժամանակամիջոցում տարածվել իրենց պատմական հայրենիքից մինչև Բրիտանիա և Հնդկաստան, ճանապարհին կործանելով և նվաճելով բազմաթիվ վաղ երկրագործական մշակույթներ: Եվ պատահական չէ, որ ձին հնդեվրոպական դիցարանում բացառիկ տեղ է գրավում որպես սրբազնագույն կենդանի, գերագույն աստվածների խորհրդանիշ, և որի զոհաբերությունը ըստ հնդկական վեդաների՝ հնդարիների սրբազան հիմների, ամենաբարձրագույնն էր և կոչված էր կանոնակարգելու կոսմոսը, աշխարհը քաոսից փրկելու: Իրականում ո՞րն է եղել ձիաբուծության հայրենիքը և ի՞նչը պայմանավորեց քմահաճ ու կրակոտ այդ կենդանու որպես հեծկան ու լծկան օգտագործելը:
Ձիու հայրենիքը այս կամ այն տարածաշրջանում զետեղողները հիմնականում ելնում են այն փաստից, թե արդյոք տարածաշրջանը հանդիսացե՞լ է վայրի ձիու տարածման վայր: Սա, ինչ խոսք, կարևոր է, սակայն միայն դրանով առաջնորդվողները կարող են ընկնել մոլորության մեջ, քանզի միայն ընտելացված և ապա որպես փոխադրամիջոց օգտագործված ձիերը միանգամայն տարբեր երևույթներ են: Վայրի ձին հարյուր հազարավոր տարիներ կարող էր ապրել այդ տարածքում, նույնիսկ ընտելացվել մարդու կողմից որպես մսատու կենդանի, սակայն որպես փոխադրամիջոց՝ լծկան և հեծկան օգտագործվելու համար անհրաժեշտ էին մի շարք կարևորագույն նախապայմաններ, որոնք կարող էին ապահովել միայն հնագույն քաղաքակրթությունները:
Ձիազգիները ունեն մի զարմանալի հատկություն, նրանք կարող են լծված վիճակում տեղաշարժվել ցանկացած ռելիեֆով և իրենց ետևից քարշ տալ բեռնված սայլը, այնինչ գոմեշները կամ եզները կարող են շարժվել միայն ձևավորված ճանապարհներով: Ձիու այս հատկությունը կարևորագույն նշանակություն է ունեցել նրա ընտելացման և որպես փոխադրամիոց միջոց օգտագործելու համար: Ուրեմն ձիու ընտելացման համար անհրաժեշտ էին երկու կարևոր հիմնապայման. վայրի ձիու առկայություն և տնտեսապես բարձր կազմակերպված հասարակություն, որը ուներ արևտրաարդյունաբերական զարգացած համակարգ: Ուստի անդրադառնանք Շենգավթի պեղումներին: Այստեղ, ստորին շերտում, որը ռադիոկարբոնային անալիզի տվյալներով թվագրվում է 4-րդ հազարամյակի երկրորդ կեսով, հայտնաբերվել է բրոնզագործի մի արհեստանոց: Արհեստանոցի շրջակայքից հայտնաբերվել են շուրջ 10 խեցանոթների բեկորներ, որոնց պատերին պահպանվել են ձուլածո պղնձի նստվածքներ: Կավե անոթների ծավալների վերակազմումը և պղնձի տեսակարար կշռի համադրումը վկայում է, որ միայն այս անոթներում պահվել է շուրջ 300 կգ պղինձ: Սա իր ժամանակի համար հսկայական քանակ է: Գերմանիայում՝ Պերնիցկայի լաբորատորիայում կատարված հետազոտությունները բացահայտեցին, որ մեզանից ավելի քան հինգ հազար տարի առաջ հանքաքարը Շենգավիթ է բերվել Շամլուղ-Ալավերդու հանքավայրերից, այսինքն՝ հյուսիսային Հայաստանից, որը Երևանից հեռու է շուրջ 300 կմ: Լեռնային բարդ տեղանքի համար դա երկար ճանապարհ է, որը կարելի էր հաղթահարել միայն փոխադրամիջոցով: Այն ժամանակ մենք դեռ չէինք անդրադարձել ձիաբուծության խնդիրներին, և կատարված հետազոտությունները բացահայտում էին միայն աշխատանքի այն բարձր կազմակերպվածությունը, որը գոյություն ուներ Հայաստանում վաղ բրոնզի դարում: Եվ ահա խնդրեմ, Հայաստանը, որը խիստ հարուստ է պղնձի հանքավայրերով և բազմաթիվ հեղինակավոր հնագետների կողմից ընդունվում է որպես հին աշխարհի պղնձագործության կենտրոններից մեկը, պարզվում է, որ կարող էր այդ տնտեսաձևը զարգացնել միայն այն դեպքում, եթե որպես փոխադրամիջոց օգտագործեր ձին:
Հայտնի հնակենդանաբան Հանս-Պիտեր Ուերպմանը 2002 թ. առաջին անգամ այցելեց Հայաստան: Այն ժամանակ նա արդեն խոսում էր այն մասին, որ Հայաստանը թերևս այն տարածաշրջանն է, որտեղ կատարվել է ձիու ընտելացումը, քանզի որպես լեռնային, ալպիական մարգագետիններով հարուստ և զով տարածք Հայկական լեռնաշխարը ձիու նախասիրած վայրերից է: Այս տեսակետը 1990 թ. Վաշինգտոնի միջազգային գիտաժողովում առաջ էր քաշել մեկ այլ հայտնի հնէաբան՝ Սոնյա Մեջլումյանը: Վերջինս Հայաստանը ձիաբուծության հայրենիք համարելը հիմնավորում էր Հայաստանի ժայռապատկերներում հեծկան և սանձված ձիերի պատկերների առկայությամբ: Այս տեսակետի հինավորման համար կարևոր էր 2000-ին Շենգավիթ քաղաքատեղիի պեղումներից հայտնաբերված ոսկրաբանական նյութի ուսումնասիրումը: Ի թիվս ընտանի և վայրի բազմաթիվ կենդանիների ոսկորների Հանս-Պիտեր Ուերպմանը բնորոշեց նաև շուրջ երեսուն ձիերի, էկվիդների և կուլանների ոսկորներ: Նա խիստ ոգևորված էր այս հայտնագործությամբ, քանզի իր հետազոտած մյուս տարածաշրջաններում՝ Սիրիա, Իրաք, Իրան, Թուրքիա և Վրաստան, Ք.ա. IV-III հազարամյակների ձիերի ոսկորներ չէին հայտնաբերվել: Նա անմիջապես ծրագրեց 2003-ի աշնանը վերադառնալ Հայաստան՝ ձիու ոսկորների ուսումնասիրությունը շարունակելու նպատակով:
Մինչ այդ ես պետք է միջոցներ հայթայթեի Շենգավիթում պեղումները շարունակելու համար: Սակայն դեպքերն այլ ընթացք ունեցան: Ամերիկայի Գֆոելլեր հիմնադրամ-ընկերության Հայաստանյան գրասենյակի տրամադրած միջոցներով 2002 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռնարկեցի Ներքին Նավեր դամբարանադաշտի պեղումները: Դամբարանի հատակին հայտնաբերվեցին խոշոր կճղակավոր կենդանու կողոսկրներ և խողովակաձև ոսկորներ, հավանական էր՝ ձիու: Սա կատակ չէր, քանզի մի բան է բնակատեղիից հայտնաբերված ոսկորները, որոնք կարող էին պատկանել որսված կենդանիների, այլ բան է դամբարանում ձիու զոհաբերությունը:
Խիստ ցուրտ էր, մաղող անձրևը վերածվեց ձյան: Պետք էր շտապ և ճիշտ որոշում կայացնել: Որոշեցի դադարեցնել պեղումները, ոսկորները ծածկել հողով և պեղումները վերսկսել միայն հնէաբանի ներկայությամբ: Զոհաբերված ձի, այն էլ երրորդ հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող դամբարանում: Դա արդեն համամարդկային արժեք ունեցող հայտնագործություն էր: Եվ ահա երկարատև ու բացառիկ ցուրտ ձմռան ավարտից հետո Հայաստնում է Հանս Պիտեր Ուերպմանը: Այո, այստեղ ի թիվս այլ կենդանիների, գազանների, թռչունների, ձկների, խեցգետնի և երկկենցաղների կատարվել է նաև ձիու և այն էլ երկու ձիու զոհաբերություն: Հիշենք՝ Ինդրային նվիրված հիմներում նա մշտապես շրջում էր երկու ձիու ուղեկցությամբ: Ուերպմանի հետ քայլում եմ դամբարանադաշտի տարածքում ու զրուցում:
-Այո, սա ձիու սիրած տարածքներից է, և Հայաստանը իրոք ձիաբուծության հայրենիքն է,- ասում է Հանս-Պիտերը, իսկ իմ աչքի առաջ հառնում է թաղման դաժան ու հանդիսավոր արարողությունը, երբ խստաբարո ու առնական զինվորներով շրջապատված քրմերը սրբազան հիմներ երգելով զոհաբերում են մահվան տագնապից խենթացած ձիերին, իսկ աշնանային թափանցիկ ու ջինջ հորիզոնում ուրվագծվում են սրբազան լեռների՝ Արարատի ու Արագածի ձյունապատ գագաթները:
Հայաստանի՝ ձիաբուծության հայրենիք հանդիսանալը պետք է որ արտացոլվեր Հին Աշխարհի գրավոր հուշարձաններում: Եվ իրոք, Աստվածաշունչը վկայում է, որ Թորգոմի տան՝ Հայաստանի բնակիչները Առաջավոր Ասիայի լավագույն ձիավաճառներն էին:
Ըստ Ք.ա. VIII-VII դդ. ասսուրական սեպագիր աղբյուրների՝ ուրարտական Սուբարի մարզը հռչակված էր իր ձիերով: Հին հույն պատմիչ Քսենոֆոնը Ք. ա. 401-400 թթ. գրած իր Անաբասիս երկում վկայում է, որ Հայաստանում ծաղկում էր ձիաբուծությունը՝ գյուղական համայնքները պահում էին ստվարաքանակ երամակներ, որոնց մի մասը որպես հարկ ուղարկվում էր աքեմենյան հզոր տիրակալներին: Որպես հեծկան օգտագործվում էին հատուկ ցեղի ձիեր, որոնցից լավագույներին զոհաբերում էին արևի աստծուն:
Ամփոփենք.
Հին Հայաստանի Արագածոտն գավառում Ք.ա. III հազարամյակում ձևավորվել էր հնդեվրոպական կամ հին արիական մշակույթը կրողների ռազմատենչ, սոցիալ-տնտեսական բարդ կառուցվածքով հզոր հասարակություն, որը տիրապետում էր մետաղագործության և ձիաբուծության գաղտնիքներին: Բարդ տեխնոլոգիաների տիրապետումը, ձին ռազմի նպատակով որպես հեծկան օգտագործումը, անագային բրոնզի, գուցե նաև երկաթի հայտնագործումը, դրանցից նորագույն զինատեսակների պատրաստումը, հասարակության բարդ կառուցվածքը և անսահմանափակ լիազորություններով օժտված թագավորական իշխանությունը ձևավորել էին մի հուժկու ռազմական մեքենա, որը շուտով շարժման մեջ դրվեց: Դա պատմագրության մեջ հիքսոսների արշավանք կոչվող շարժումն էր դեպի Եգիպտոս: Հայաստանից արշավելով՝ նրանք մեկը մյուսի ետևից նվաճեցին իրենց հարևան ժողովուրդներին, նրանցից շատերին համախմբեցին իրենց շուրջ և, կուտակվելով Պաղեստինում, նախապատրաստվեցին իրենց վճռական և կարևոր թռիչքին՝ հարուստ և բարգավաճ փարավոնների երկրի նվաճմանը: Եգիպտական գրավոր աղբյուրները, հասկանալի պատճառով, մռայլ գույներով են ներկայացնում հիքսոսներին՝ համարելով նրանց անսանձ թալանչիներ և վայրենիներ, ինչը ևս հասկանալի է: Սակայն եգիպտական Նոր թագավորության աննախադեպ ռազմական հզորությունը և ծաղկումը պայմանավորված էր հենց հիքսոսների արշավանքով, որոնք ռազմի նոր հնարքներ (ձի և մարտակառք, նոր տիպի զենքեր, ռազմարվեստ սովորեցրին եգիպտացիներին) և թարմ արյուն ներարկեցին փարավոնների խամրող արյանը:
Այս հոդվածի հիմնակմախքը շարադրվել է 2003 թ., երբ Ներքին Նավերի դամբարանադաշտում պեղվել էր լոկ N1 դամբարանը: Հետագայում հայտնաբերվեցին Ք.ա. XXII-XIX դդ. թվագրվող և ձիաբուծության մասին վկայող այլ արտեֆակտներ. մարտակառքերի անիվներով զարդարված կարաս, տոհմիկ ձիերի երամակի պատկերով գունազարդ սափոր, որոնք հնագույնն են ողջ Հին-արևելյան մշակութային համատեքստում, բրոնզե սուսեր, երկուական ձիերի զոհաբերություններ բոլոր արքայական դամաբարաններում, իսկ ընդամենը 1 կմ արևելք ընկած Վերին Նավերի արքայական դամբարաններում՝ մարտակառք և հերոս արքաների դիմաքանդակներով զարդարված թագ:
Հնագիտությունը պատմական դիսցիպլին է և նրան հատուկ չէ փորձարարության միջոցով համարձակ տեսակետները հիմնավորելու մեթոդը: Սակայն այստեղ գործում է վերիֆիկացիան, երբ սակավ փաստերի վրա հիմնված հիպոթեզները հիմնավորվում են հետագա պեղումների արդյունքներով: Ներքին և Վերին Նավերի դամբարանադաշտերի ամենամյա պեղումները մեկը մյուսից զարմանալի տվյալներ են փաստագրում, որոնք գալիս են հիմնավորելու Հայաստանում ձիու հնագույն ընտելացման և ռազմի նպատակով օգտագործման մասին: Սա Հին աշխարհի պատմությունը սրբագրելու և հանելուկային մի շարք երևույթների, այդ թվում նաև հիքսոսների առեղծվածի բացահայտման համար կարևորագույն նշանակություն ունի:
_________________ Приходите в мой дом...
|