Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
2. Քննարկման հաջորդ առարկան հայ ժողովրդին «ամաղեկացիներ» և Հայաստանը «Ամաղեկ» կոչելու հրեական ավանդության հիմքերին է առնչվում: Սակայն մինչ այդ նպատակահարմար կլինի նախ աստվածաշնչային համարների հիման վրա պարզել, թե ովքեր էին ամաղեկացիները, անդրադարձ կատարել հրեական գրականությանը` նյութի ամբողջական պատկերը հնարավորինս ներկայացրած լինելու նպատակադրվածությամբ:
Ամաղեկը և ամաղեկացիները Սուրբ Գրքում:Ամաղեկը Եսավի թոռն է` «Եւ այս են ծնունդք Եսաւայ` հօրն Եդովմայեցւոց, ի լերինն Սէիր: Եւ այս են անուանք որդւոցն Եսաւայ. Եղիփազ որդի Ադդայի կնոջ Եսաւայ, եւ Ռագուէլ որդի Բասեմաթայ կնոջ Եսաւայ: Եւ եղեն որդիք Եղիփազայ` Թեման, Ովմար, Սովբար, Գոթոմ եւ Կենէզ: Եւ Թամնա էր հարճ Եղիփազու որդւոյ Եսաւայ, եւ ծնաւ Եղիփազու զԱմաղեկ. սոքա են որդիք Ադդայի կնոջ Եսաւայ» (Ծննդոց 36:9-12) : Հետաքրքիրն այն է, որ ամաղեկացիները Սուրբ Գրքում պատմականորեն, ժամանակագրական առումով նախորդում են իրենց նախահայր հորջորջվող Իսահակի որդու` Եսավի թոռ Ամաղեկին, և առաջին անգամ Աստվածաշնչում այս ժողովրդի մասին հիշատակումը հանդիպում է դեռևս Աբրահամին ու Ղովտին վերաբերող համարներում (Ծննդոց 14:7), իսկ Աբրահամին ու Ամաղեկին պետք է որ բաժաներ միմյանցից առնվազն 150 տարի: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, արդյո՞ք հեղինակային անճշտության պահ կա, թե՞ հեղինակը սերունդներին թողել է ենթատեքստային հաղորդագրություն, կամ արդյո՞ք Ամաղեկը Քանանի ժողովուրդներից մեկի անունն է, որի ծննդաբանության հարցերով զբաղվելը շատ բարդ աշխատանք կլինի` ելնելով նրանց մասին պատմական հիշատակումների պակասից: Հնարավոր է նաև, որ այս ժողովրդի անվանումն է հիմք հանդիսացել Եսավի հետնորդին Ամաղեկ անվանելու համար, չնայած որ սուրբգրային ավանդույթն ունի ճիշտ հակառակ օրինաչափությունը: Ինչևէ, նման հարցերին հույս ունենք ավելի մանրամասնորեն անդրադառնալ հետագայում և այստեղ կենտրոնանալ արդեն իսկ վերը նշված խնդրի վրա: Ամաղեկացիները Իսրայելի ժողովրդի այն թշնամիներն են, ովքեր հանդես էին գալիս Իսրայելի համար ամենաճակատագրական, բեկումնային պահերին: Ամաղեկին կոտորելու հրամանն առաջին անգամ Աստված տալիս է Մովսեսի միջոցով Հեսուին, որից հետո այն սկսում է ընկալվել որպես Իսրայելի 11-րդ պատվիրանը` որպես սրբազան պարտականություն` «Յուշ լիցի քեզ զոր արարն ի ճանապարհի ելանելոյն քո յԵգիպտոսէ. Զիարդ ընդդեմ եկաց քեզ ի ճանապարհին, եւ կրճատեաց զվերջն քո եւ զաշխատեալն զկնի քո, եւ դու քաղցեալ եւ աշխատեալ էիր, եւ ոչ երկեաւ յԱստուծոյ: Եւ եղիցի յորժամ հանգուցանիցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն թշնամացն քոց որ շուրջ զքեւ իցեն յերկրին` զոր Տէր Աստուած քո տացէ քեզ վիճակաւ ի ժառանգութիւն, ջնջեսցես զանուն Ամաղեկայ ի ներքոյ երկնից, եւ մի մոռասցիս» (Բ Օրինաց 25:17-19). այս համարում ամաղեկացիները հանդես են գալիս այն ժամանակ, երբ հրեաները հոգնած ու քաղցած են, չեն վախենում Աստծուց, նրանք նաև առանձնացվում են մյուս թշնամիներից: Ամաղեկացիների ոչնչացման պատվերը գործնականորեն ի կատար է ածվում Շմավոնի սերնդի` Քանանում հաստատվելու ժամանակ, դատավորների, թագավորների` Սավուղի, Դավթի թագավորելու տարիներին, ինչպես նաև` ավելի ուշ շրջանում` ՊարթևստանիԱրտաքսերքսես (Ք. ա. 465-425) թագավորի օրոք, վերջինիս կնոջ` ծնունդով հրեա Եսթեր թագուհու հոգածությամբ: Ինչպես երևում է, ամաղեկացիները դերակատարություն ունեն Իսրայելի պատմության ողջ ընթացքում, ընդ որում ոչ միայն բիբլիական ժամանակներում, այլև, ինչպես կտեսնենք, հետագայում` ընդհուպ մեր օրերը: Ամաղեկացիների հանդեպ նման վերաբերմունքի պատճառը սկսվում է Իսրայելի` անապատում անցկացնելու առաջին իսկ օրերից, երբ նոր կարգավիճակի համար առաջնորդվող ժողովուրդն առաջին քայլերն էր անում` աստվածային «Խոստման երկիրը» մուտք գործելու համար. «Եկն Ամաղէկ, եւ տայր պատերազմ ընդ Իսրայելի յՌափիդիմ: Եւ ասէ Մովսէս ցՅեսու, ընտրեա դու քեզ արս զօրաւորս, եւ ելեալ տացես պատերազմ ընդ Ամաղեկայ առ վաղիւ. եւ ահա ես եկեալ կայցեմ ի վերայ գլխոյն բլրոյն, եւ գաւազանն Աստուծոյ ի ձեռին իմում: Եւ արար Յեսու որպես ասաց նմա Մովսէս, եւ ճակատեցաւ յանդիման Ամաղեկայ. եւ Մովսէս եւ Ահարոն եւ Ովր ելին ի գլուխ բլրոյն: Եւ լինէր յորժամ ամբառնայր Մովսէս զձեռն իւր, զօրանայր Իսրայէլ. եւ յորժամ խոնարհեցուցանէր զձեռս իւր, զօրանայր Ամաղեկ: Եւ ծանրէին ձեռքն Մովսիսի, եւ առեալ վէմ դնէին ընդ նովաւ, եւ նստէր ի վերայ նորա. եւ Ահարոն եւ Ովր հաստատէին զձեռս նորա. մի աստի եւ մի անտի, եւ լինէին ձեռքն Մովսիսի հաստատեալք մինչև ցմտանել արեգականն: Եւ եհար Յեսու զԱմաղէկ եւ զամենայն զօրս նորա կոտորմամբ սրոյ: Եւ ասէ Տէր ցՄովսէս, Գրեա զայդ առ ի յիշատակ ի գիրս, եւ տուր յականջս Յեսուայ, զի ջնջելով ջնջեցից զյիշատակ Ամաղեկայ յերկրէ ի ներքոյ երկնից: Եւ շինեաց Մովսէս սեղան Տեառն, եւ անուանեաց զանուն նորա` Տէր ապաւէն իմ, Եւ ասէ, Զի ծածուկ ձեռամբ Տեառն. պատերազմի Տէր ընդ Ամաղեկայ ազգաց յազգս» (Ելք 17:9-16): Ամաղեկացիների այս հարձակումը սկսեց ընկալվել որպես խոչընդոտող քայլ աստվածային բարեհաճությունը ժառանգելու ճանապարհին: Այս պատճառով էլ հուդայականությունն ավելի ուշ` արդեն Ք. հ.` հաջորդող դարերում, այս ժողովրդի անունով սկսեց կոչել այն բոլոր ժողովուրդներին, պետություններին, անձանց, անգամ` սոցիալական երևույթները, որոնք այս կամ այն կերպով լուրջ վտանգ էին ներկայացնում հրեական ազգային նպատակներին ու կրոնին: Ռաբբիական գրականության մեջ հիմարություն էր համարվում ողորմել նրանց, ովքեր իրենց արյան հետ նվիրված են Իսրայելի ոչնչացմանը, ավելին` ողորմել նրան, ով բոլոր ազգերի գլուխ է կանգնում ու առաջնորդում նրանց` Իսրայելի դեմ պատերազմելու: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ չնայած Իսրայելը բազմիցս հաշվեհարդար էր տեսնում ամաղեկի հետ, որը թուլանում, կոտորվում էր անխնա, բայց այն ի վերջո երբեք գլխովին չէր ոչնչանում. բավական է հիշել, թե ինչպես Հեսուն հաղթանակ տարավ ամաղեկացիների դեմ, երբ Մովսեսը, միայն Աստծո գավազանը վեր պահելով, կարողացավ հաղթանակ բերել իր ժողովրդին, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում; կամ` թե ինչպես Դավիթը կոտորեց շատ ամաղեկացիների, բայց մինչև վերջ չոչնչացրեց, իսկ նրանից առաջ Սավուղը չկարողացավ ամբողջովին նրանց ոչնչացնել, որովհետև կենդանի պահեց նրանց թագավորին` Ագագին, քանի որ նա աչքի էր ընկել իր խիզախությամբ. Ագագին խղճալու պատճառով Սավուղն անգամ զրկվեց Սամուել մարգարեի հովանավորությունից և ապա կորցրեց գահը: Առավել հատկանշական է հենց առաջին ընդհարումը` Մովսեսի օրոք. «Երբ Մովսեսը բարձր էր պահում ձեռքերը, առավելության էին հասնում իսրայելացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առավելության էին հասնում ամաղեկացիները»,- սա ցույց է տալիս, մեր կարծիքով, որ Աստծո կողմնորոշումը ո՛չ իսրայելացիների և ո՛չ էլ ամաղեկացիների կողմն էր կամ, որ նույնն է` ևԲ մեկի, ևԲ մյուսի կողմն էր, իսկ Իսրայելը հաղթեց միմիայն այն պատճառով, որ Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին: Այս դեպքի նկարագրությունը, անշուշտ, հինկտակարանային խորհրդաբանության շրջանակներում կարելի է ընկալել, ուստի հավանաբար հրեա մեկնիչները այս ըմբռնումից ելնելով է, որ միստիկ մեկնաբանություն են տվել դիպվածին ու տարբեր պատմական ժամանակաշրջաններում ընտրել իրենց սպառնացող «ամաղեկացիների». այստեղից ելնելով կարելի է պնդել, որ ամաղեկացին առանձին ժողովուրդ չէ, էթնոնիմ չէ, այլ հավիտենական «նախաթշնամու» հավաքական հասկացություն, որը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ստանում, այլապես անհասկանալի կլինի, թե ինչպես Ծննդ. 14:7-ում Աբրահամի օրերում խոսվում է մի ազգի մասին, որն իր անունը պետք է ստանար դեռևս 150 տարի հետո ծնվող Աբրահամի սերնդից, ինչպես պնդում են խնդրին մակերեսային հայացք ձգողները: Ասվածի ապացույցն են ինչպես հրեական ռաբբիական գրականության, այնպես էլ իսլամական գրականության մեջ ընդունված տեսակետները`
գ Նախմանիդն (1194-1270) ասում է, որ ամաղեկացիները Եսավի սերնդից չէին, այլ հավանաբար ունեցել են Ամաղեկ անունով նախահայր և նրանից էլ ստացել իրենց անունը. այս Ամաղեկն է եղել հենց Եսավի որդուն նույնանուն կերպով կոչելու դրդապատճառը:
գ Անունը երբեմն մեկնաբանվում է որպես «հովտում ապրող», բայց հետազոտողների մեծ մասը անհայտ են համարում նրանց ծագումը կամ էլ, ինչպես Թանախում է ասվում` «առաջինը ազգերից», հայեր. թարգմ.` «ազգերի գլուխը». Եւ տեսեալ զԱմաղեկ (Բաղաամը-Շ.Խ.), ամբարձեալ զառակս իւր ասէ, Գլուխ ազգաց Ամաղէկ, եւ զաւակ նոցա կորիցէ (Թվոց 24:20) կամ էլ` ապրում էին հարավում` Եվիլատի մոտ` («Եւ եհար Սաւուղ զԱմաղէկ յԵւիլատայ մինչև ի Սուր, որ է հանդեպ Եգիպտոսի» (Ա Թագ. 15:7)):
գ Մայմոնիդը (1135-1204) բացատրում է, որ ամաղեկացիներին ոչնչացնելու պատվերը կարող էր գործել միայն այն դեպքում, եթե ամաղեկացիները հրաժարվեին վճարել Իսրայելի կողմից նրանց վրա դրված տուրքը:
գ Ռաբբի Խայյիմ Ֆալագգին (1788-1896) միտք է հայտնում այն մասին, որ հրեաները կորցրել են ամաղեկացիներին զատորոշելու ավանդույթը (ինչպես հետագայում կտեսնենք` դա ամենևին էլ այդպես չէ), ինչի հետևանքով էլ պատվիրանը չի կարող որևէ դեպքում օրինական համարվել ու իրագործվել:
Արաբական աղբյուրներում ամաղեկացիների մասին խոսվում է հիմնականում Հին արաբական չափածո ստեղծագործություններում, որտեղից երևում է, որ, համենայն դեպս, արաբները ամաղեկացիներին սեմական ծագում են վերագրել`
գ ըստ այնպիսի արաբ պատմագիրների, ինչպիսիք են իբն Խալդունը (1332-1402) և Ալի իբն ալ-Աթիրը (1160-1233)` Ամաղեկը ամորհացիների և քանանացիների անվանումն է:
գ Արաբերենում ‘imlaq-ը նշանակում է «հսկա», իսկ amlaqah-ն` դրա հոգնակին, որը ցույց է տալիս, որ այս ցեղի ժողովուրդը արտասովոր բարձր հասակ ուներ:
գ Աբու ալ-Մասուդին (IX դ. վերջ-957), մեջբերելով «Արաբական պատմությունը», հաստատում է, որ ամաղեկացիները իսկապես ապրել են այդ վաղ ժամանակներում, որոնց ծագումն ավելի վաղ է, քան Աբրահամի ժամանակները, և ովքեր ապրում էին Մեքքայի շրջակայքում:
|
|