Битва у крепости Капутар согласно книге Военная летопись армянского народа:
3136. 1048 սեպտեմբերի 19 – Կապուտառ ամրոցի ճ-մ (Արարատ, Բասեն գավառ, Արջովիտի դաշտում)
Կարսի (10.000) և Լոռու (մոտ 10.000) թագավորությունների, ինչպես նաև Քարադուռի իշխանության (16.700, այդ թվում մոտ 700 նորման) միացյալ բանակը միավորվեց Բյուզանդական կայսրության բանակի (60.000, որից 15.000 հեծյալ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 20.000) հետ, որից հետո Արևելքի դոմեստիկոս Կեկավմենոս Կատակոլոնի, Ահարոն Բուլղարի, Միջագետք բանակաթեմի զորավար Գրիգոր Պահլավունու, Լիպարիտ Քաջ Օրբելյանի և Չորտվանել Բագրատունու ընդհանուր ղեկավարությամբ գործող դաշնակից ուժերը դուրս եկան ամրացված ճամբարից ու կենտրոնացան Կապուտառ ամրոցի շրջակայքում: Տեղեկանալով այդ մասին` Իբրահիմ Ինալի և Գթլմուշ իբն Արսլանի գլխավորած Սելջուկյան սուլթանության բանակը (100.000) շարժվեց հակառակորդի ուղղությամբ, ընդ որում դաշնակից ուժերի հրամանատարությունը Ահարոն Բուլղարի պնդումների ազդեցության տակ այս անգամ ևս չհետևեց Կատակոլոն Կեկավմենոսի խորհրդին, որը պահանջում էր հարձակվել դեռևս երթի մեջ գտնվող հակառակորդի բանակի վրա ու անակնկալի բերել վերջինիս: Արդյունքում հակառակորդի բանակը անարգել մոտեցավ քրիստոնյաներին և ճամբարեց: Ստեղծված պայմաններում դաշնակից ուժերի ղեկավարությունը, հաշվի առնելով հակառակորդի քանակական գերակշռությունը, որոշեց աննկատ մոտենալ վերջինիս և լուսաբացին անակնկալ հարված հասցնել, ընդ որում Չորտվանելի գլխավորած Քարադուռի իշխանության բանակի մի ջոկատ (700) ստանձնեց գիշերապահի պարտականությունը: Ստացվեց այնպես, սակայն, որ Սելջուկյան սուլթանության բանակը գիշերվա ընթացքում ինքը հայտնաբերեց հակառակորդին և դիմեց ակտիվ գործողությունների:
I փուլ – Վաղ լուսաբացին հակառակորդի բանակի մի ջոկատ փորձեց անակնկալ հարված հասցնել քրիստոնյաների բանակին, սակայն ընդհարվեց Չորտվանելի ջոկատի հետ: Բռնկված համառ հանդիպակաց մարտ, որի ընթացքում Չորտվանելը, բերանին նետի հարված ստանալով, զոհվեց: II փուլ – Առավոտյան հարձակման անցավ Լիպարիտի անձնական ղեկավարությամբ գործող Քարադուռի իշխանության բանակը և փախուստի մատնեց հակառակորդին: Մարտը որոշ ժամանակ դադարեց և կողմերը սկսեցին արագորեն մարտակարգ ընդունել: Քրիստոնյաների մարտակարգի առաջին շարքը զբաղեցրին Քարադուռի իշխանության և Լոռու թագավորության բանակները, երկրորդ շարքը գրավեց Կարսի թագավորության բանակը, իսկ երրորդ շարքը մնաց կայսերական բանակին: Աջ թևի ղեկավարումը ստանձնեց Կեկավմենոսը, ձախ թևի հրամանատարությունը հանձնվեց Ահարոնին, իսկ կենտրոնի ղեկավար նշանակվեց Լիպարիտը: Սելջուկյան սուլթանության բանակի առաջին շարքը զբաղեցրեց թեթև, իսկ երկրորդ շարքը` ծանր հեծելազորը: Մինչև մարտը հակառակորդի մարտակարգին մոտեցավ Լիպարիտը և, փայլեցնելով հսկայական տապարը, մենամարտի հրավիրեց թշնամու ցանկացած ռազմիկի, սակայն նրա մարտահրավերը այդպես էլ պատասխան չստացավ: III փուլ – Օրվա առաջին կեսին Քարադուռի իշխանության ու Լոռու թագավորության միացյալ բանակները անցան հարձակման և, փախուստի մատնելով հակառակորդի բանակի առաջին շարքին ու հետապնդելով նրան, հարձակվեցին հակառակորդի բանակի երկրորդ շարքի վրա: Բռնկվեց համառ մարտ, որը շարունակվեց բավականին երկար: IV փուլ – Կեսօրին մարտի մեջ մտավ Կարսի թագավորության բանակը, սակայն նույն այդ ժամանակ կայսերական բանակը սկսեց խուճապահար լքել մարտադաշտը: V փուլ – Օրվա երկրորդ կեսին Կարսի ու Լոռու թագավորությունների, ինչպես նաև Քարադուռի իշխանության միացյալ բանակները, չդիմանալով հակառակորդի բանակի հսկայական քանակական գերակշռությանը, սկսեցին նահանջել, ընդ որում Կարսի թագավորության բանակը հասցրեց համեմատաբար հեշտությամբ հեռանալ, սակայն Քարադուռի իշխանության և Լոռու թագավորության բանակները շրջապատվեցին: Բռնկված կատաղի մարտում Լիպարիտ Քաջը, դավաճանի հարվածից վիրավորված ձիու պատճառով ի վերջո մնալով հետևակ վիճակում, թշնամու ռազմիկների միահամուռ ջանքերով գերվեց: VI փուլ – Օրվա վերջում քրիստոնյաների ծանր հեծելազորի մի մասին հաջողվեց ճեղքել շրջապատման օղակը և հեռանալ, քանի որ հակառակորդը, վախենալով չափազանց հեռանալ ավարով լիքը սեփական ճամբարից, երկար չհետապնդեց նրան:
Հայերը կորցրին մոտ 20.000, դաշնակիցները` մոտ 20.000, որոնց թվում 660 նորման, թշնամին` մոտ 15.000 զինվոր: Սելջուկյան սուլթանության բանակը, արշավելով Բագրևանդ-Կոգովիտ-Մարդաստան-Թոռնավան-Զարավանդ-Հեր-Բաքեան-Գաբիթյան-Թավրիզ երթուղով և ասպատակելով շրջակայքը, զավթած ավարով հեռացավ Սատրապական Հայաստանից: Տուղրիլ-բեկի արքունիք տարված Լիպարիտը, այնտեղ տեղի ունեցած մենամարտերում հաղթելով մի քանի հակառակորդների և վաստակելով անպարտելի ռազմիկի անուն, ի վերջո խոշոր փրկագնի դիմաց ազատություն ձեռք բերեց ու 1050 թ-ին վերադարձավ Հայրենիք, որտեղ նրան վաղուց արդեն մահացած էին համարում:
_________________ Приходите в мой дом...
|