Ահա այն հիմնական թեզերը, որոնք առաջ են քաշում այն մասնագետները, որոնք չեն ցանկանում հավասարության նշան դնել «բեսարմեններ» կոչվածների և հայերի միջև: Այս կապակցությամբ թերևս արժե քննարկել բերված դրույթները առանձին-առանձին: Այսպես.
1. Այն, որ «բեսարմեններ»-ը այնուհանդերձ ռուսերենին և սլավոներեին բնորոշ իմաստով «անհավատներ»-ը չեն, հավանական է համարել այն պարզ պատճառով, որ այսպես հիշատակված երևույթին կոչում են ոչ թե սլավոնները, այլ` գերմանացիները, այսինքն ի սկզբանե «բեսարմեն»-ի տակ «մահմեդական» տեսնելը կարող է ճիշտ համարվել նույն սլավոնների և ամենից առաջ ռուսների պարագայում, քանի որ նրանց մոտ բնակվող «անհավատ» «басурман»-ները ամենից առաջ հենց մահմեդականներն էին, սակայն այս պնդումը որոշակիորեն կարող է ճիշտ չհամարվել քննարկվող ժամանակաշրջանում կաթոլիկ գերմանացիների պարագայում, որոնց համար «անհավատ» կարող էր համարվել ամենից առաջ ոչ թե նրանց բավականին անհայտ մահմեդականները, այլ նաև, ավելի հավանական է, քրիստոնեության այլ ուղղության ներկայացուցիչները` ուղղափառները, ինչպես նաև գրիգորյանական հայերը: Հարկ է նաև ավելացնել, որ թաթարները` այն ժամանակ քննարկվող տարածաշրջանում «անհավատ» «басурман»-ների հիմնական թեկնածուները, մշտապես և բոլոր սկզբնաղբյուրներում, այդ թվում նաև մեծ մագիստրի նամակում, հիշատակվում են «բեսարմեններ»-ից առանձին, իսկ այդ պարագայում «բեսարմեններ»-ի այլ հավանական ու հատկապես մահմեդական թեկնածու ուղղակի չի մնում, 2. Ըստ իմ գնահատականի Գրյունվալդի ճակատամարտում հայերը լեհ-լիտվական բանակի ընդհանուր թվակազմում զգալի թիվ չէին կազմում, ներկայանալով առավելագույնը 400 ռազմիկի կազմով, իսկ այդ պարագայում սկզբնաղբյուրները, որոնք առանց այդ էլ խնդիր չէին դրել վեր հանել բանակի էթնիկ կազմը, կարող էին հայերին շատ հանգիստ ուղղակի «չնկատել», 3. Իրականում Յան Դլուգոշը, բավականին մանրամասն խոսում է միայն Լեհական թագավորության բանակի 51 խորուգվների մասին, այն դեպքում, երբ Լիտվայի Մեծ իշխանության բանակը կազմող 40 խորուգվները նկարագրում է շատ հպանցիկ` ընդ որում չմոռանալով ավելացնել, որ սրանցից շատ խորուգվներ դրոշներ չունեին, ոմանց դրոշների վրա առկա պատկերներն էլ նման էին իրար, իսկ հայերը, ինչպես հավանական է կարծել, ճակատամարտին իրենց մասնակցությունն են բերել հենց Լիտվայի մեծ իշխանության բանակի կազմում, որ իշխանության տակ այդ ժամանակ հայտնվել էին բավականին հայաշատ շրջաններ ի դեմս ներկայիս Ուկրաինայի հարավային և հարավ-արևմտյան որոշ շրջանների, 4. Իրականում անունը չհստակեցվող Տևտոնյան օրդենի պաշտոնյաներից մեկի զեկուցագիրը ինքն է տալիս քննարկվող ճակատամարտում հայերի մասնակցության մասին անուղղակի տեղեկություն, քանի որ, ճիշտ է, հետախույզի առաջ դրված կոնկրետ խնդիրը վերաբերվում է 1422 թվականին, սակայն հանձնարարության բնույթն իսկ, երբ հստակեցվում են կոնկրետ այն էթնիկ խմբերը, որոնք կարող են հանդես գալ Տևտոնյան օրդենի դեմ, միանշանակորեն վկայում է այն մասին, որ հայերը Տևտոնյան օրդենի պաշտոնյաների համար ընկալվում էին որպես էթնիկ մի խումբ, որը դրանից առաջ սովորաբար ու բազմիցս հանդես է եկել իրենց հակառակորդների կողմում, ինչն էլ հիմք է տալիս այս անգամ ևս ճշգրտել նրանց հետ կապված հարցերը:
Այսպիսով, ի մի բերելով վերևում շարադրված ողջ տեղեկատվությունն ու բերված վերլուծությունը, հավանական է համարել, որ Գրյունվալդի ճ-մ-ում ամեն դեպքում իրենց մասնակցությունն են բերել հայերի մի քանի հարյուրակներ, ընդ որում, հաշվի առնելով ճակատամարտին նախորդող ռազմաքաղաքական զարգացումները, հայերը ընդգրկված են եղել հենց Լիտվայի Մեծ իշխանության, այլ ոչ թե Լեհական թագավորության բանակի կազմում: Առայժմ, սակայն, կարծես թե անպատասխան է մնում այն հարցը, թե ինչո՞ւ 1422 թվականի հիշատակված զեկուցագրում հայերը («Ormian») այնուհանդերձ հստակորեն տարանջատվում են «բեսարմեններ»-ից: Կարծում եմ, սակայն, որ այս հարցը ևս ունի իր ուշագրավ բացատրությունը:
Այսպես, լեհական աղբյուրները հայտնում են, որ լեհահայերը առնվազն դեռևս XIV դարից սկսած ունեցել են իրենց զինանշանը` սև ֆոնի վրա գտնվող աջից ձախ կանգնած սպիտակ խոյ, որը, նայելով դեպի հետ (աջ), վզով կարծես փաթաթվում և դիմացի աջ ոտքով բռնում է ծայրին ու մասնակիորեն նաև իր գլխին դրված կլոր պսակ, խաչ, ինչպես նաև վրան խաչով կռունկանման փողփողացող դրոշ ունեցող դրոշակաձող: Եվ այսպես, հաշվի առնելով այս ուշագրավ զինանշանի առկայությունը, հավանական եմ համարում, որ մենք գործ ունենք տարբեր ժամանակներում Հայաստանից Արևելյան Եվրոպա գաղթած հայերի զինանշանի հետ, որոնց ամեն մի ալիքը իր հետքն է թողել նկարագրված զինանշանի վրա: Այսպես, հավանական է կարծել, որ հայերը, որպեսզի հստակորեն տարանջատվեն հիմնականում մահմեդական այլ արևելքցիներից, ի սկզբանե ուղղակի կրել են քրիստոնեական խաչով սովորական մի դրոշ, իսկ հետագայում, երբ XIV դարի վերջին և XV դարի սկզբին նրանց են միացել այլ հայրենակիցներ Սև և Սպիտակ խոյերի (Աղ և Ղարա-Ղոյունլուների) իշխանության տակ հայտնված իրենց հայրենիքից, դրոշին ավելացվել է նաև խոյը` խորհրդանշելով գաղթականների այս նոր սերնդին, որը, սակայն, այնուհանդերձ փաթաթված է մնում հին հավատքին և աջ ձեռքում է պահում այն: Այս առումով ավելորդ չեմ համարում նաև ավելացնել, որ լատիներեն «խոյ»-ը թարգմանաբար գրվում է «aries»` նման լինելով օտարների կողմից հայերին տրվող «արմեն» անվանմանը: Եվ այսպես, փորձելով լուծել հայերի («Ormian») և «բեսարմեններ»-ի հետ կապված հակասությունը` հավանական եմ համարում այն պատկերը, որ սկզբնաղբյուրները Արևելյան Եվրոպա գաղթած հայերի առաջին սերունդներին իրոք կոչել են «արմեններ», իսկ նոր եկածներին, որոնք դեռևս լիովին չէին ինտեգրվել տեղական համակարգերում` «բեսարմեններ»` միաժամանակ ակնարկելով նաև նրանց` մահմեդական կամ Սև և Սպիտակ խոյերի երկրից լինելը:
Ավելին, ըստ առայժմ մինչև վերջ չճշտված տեղեկությունների, ճակատամարտում որպես դրոշակակիրներ բնականաբար իրենց տոհմերի հետ միասին, հիշատակվում են հայկական Ալեքսանդրովիչները, Ավգուստովիչները, Հակոբովիչները և Աբականովիչները, որոնք, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ամենայն հավանականությամբ կազմել են ասպետական մարտական «նիզակ»-ի նման մի ստորաբաժանում, ընդ որում միջնադարում ընդհանրապես և այս ճակատամարտում մասնավորապես այս «նիզակների» կազմում եղած ռազմիկների կոնկրետ թվաքանակը հայտնի չէ: Ընդհանրացնելով վերը շարադրվածը` համարում եմ, որ այս ճակատամարտում Հայ ռազմիկների մասնակցության հարցը կարելի է համարել լուծված, ընդ որում, հաշվի առնելով հիշատակված չորս տոհմերի առկայությունը և արտահայտվելով ամենաընդհանուր գնահատականի կազմով, այդ մասնակցությունը եղել է մոտ 400 ռազմիկի կազմով:
_________________ Приходите в мой дом...
|