Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 26   [ Сообщений: 377 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7 ... 26  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Համարելով, որ ցամաքային ճանապարհով դժվար է սուլթանություն հասցնել հայ գերիներին ու թալանված բարիքները` մամլուքները Այասի մոտ ստեղծել էին մի հսկայական ճամբար, ուր և ծովով սուլթանություն տեղափոխելու համար նրանք կենտրոնացնում էին գերված հայերին: Հենց այստեղ հավաքված գերիներին էլ որոշեցին ազատել Նղրի տերերը:

Բաայց խնդիրն այն էր, որ, ուժերի ստեղծված հարաբերակցության պայմաններում հենց սկզբից էլ իրական չէր բաց դաշտային ճակատամարտում հաղթել Այասի մոտի ընդարձակ ճամբարում ամրացած թշնամուն, մանավանդ որ վերջինս ցանկացած պահին կարող էր համալրում ստանալ: Դրա համար էլ հայերը որոշեցին գործել խորամանկությամբ. անակնկալ ներխուժել թշնամու ճամբար, այնտեղ առաջացնել խառնաշփոթ և, դիմելով փախուստի ու իրենց հետևից տանելով թշնամու հիմնական ուժրին, դրանով իսկ հնարավորություն ընձեռնել գերիներին փախչել:…

1322 հունիս ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանի ու նրա փոքր եղբայր Կոստանդինի, ինչպես նաև ասպետներ Օշին Հեթումյանի և Վահրամ Զուրիկի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (600 հեծյալ) անակնկալ հարձակվեց Այասիի մոտ տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակի (մոտ 2.000) ճամբարի վրա: Ստեղծված խառնաշփոթում հայ գերիների հիմնական մասին հաջողվեց ազատվել, բայց հենց իր` այս խիզախ հարձակումը գործած ջոկատի ճակատագիրը ողբերգականորեն դասավորվեց:

Մամլուքներին, որոնք անակնկալ հարձակման ենթարկված լինելուց զատ զրկվել էին նաև իրենց ավարի հիմնական մասից ու դրանից ավելի էին կատաղել, Մամեստիայի մոտ հաջողվեց ընդհուպ մոտենալ Այասից նահանջող հայերին: Այս պայմաններում հայերի վերջապահը կազմող 25 ռազմիկները Հեթումի և Կոստանդինի գլխավորությամբ փակեցին թշնամու ճանապարհը: Բռնկված անհավասար ու խենթորեն խիզախ այդ մարտում, մինչև վերջ կատարելով իրենց պարտքը Հայրենիքի ու զինակիցների նկատմամբ, թշնամու հսկայական ուժերի մեջ սեղմված մի բուռ հայերը բոլորն էլ ընկան` դրանով իսկ, սակայն, հնարավորություն տալով իրենց ջոկատի հիմնական մասին պոկվել թշնամուց և հեռանալ…

Կիլիկիան ողողած թշնամու ուժերը, որոնք ծանր վնաս էին պատճառել Հայոց թագավորությանը, այնուհանդերձ իրենք էլ զգալի կորուստներ էին կրել: Թշնամու վիճակը նաև բարդաացել էր նրանով, որ հենց նույն տարվա փետրվարին էլ մի բավականին լուրջ ապստամբություն սկսվեց հենց բուն սուլթանության սրտում` Եգիպտոսում: Մշտական ճնշումների ենթարկված քրիստոնեական համայնքը ապստամբել էր և սկսվել էին ընդհարումներ մահմեդականների հետ: Այս պայմաններում արդեն անհեռանկար համարելով իրենց հետագա ներկայությունը Հայոց թագավորության տարածքում` Մամլուքյան սուլթանության, Ղարամանյանների էմիրության և Թեմուրտաշի միացյալ բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Արդյունքում սուլթանությունում բռնկված ապստամբությունը հանգեց, բայց հայերի հետ պատերազմ վարելն էլ արդեն անհնար էր:

Արդյունքում հենց նույն տարում էլ սկսվեցին հաշտության բանակցություններ և Հայ-Մամլուքաղարամանաթեմուրտաշյան պատերազմն ավարտվեց: Արդյունքում Հայկական կողմը տարածքային կորուստներ չունեցավ, բայց դրա փոխարեն վճարեց խոշոր ռազմատուգանք և պարտավորվեց սահմանափակել հետագա շփումները Եվրոպական պետությունների հետ…

"...Իսկ մեր արևմտյան հարևանները, որոնք գիտեին տեղի ունեցող թեժ մարտերի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր էին հղում, բայց այդպես էլ երբեք օժանդակ ուժեր չուղարկեցին..."

Ջ.Ռ.Ռ. Թոլքեին

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Պատերազմի ավարտը հնարավորություն տվեց հայերին շունչ քաշել և բուժել թշնամու կողմից հասցրած ծանր վերքերը: Ու թեև, ինչպես արդեն տեսանք, զոհվել էր ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանը, սակայն պատանի արքայի խնամակալական խորհուրդը, թեկուզ արդեն երեք հոգու կազմով, առժամանակ շարունակեց գործել բավականին արդյունավետ: Այս հանգամանքը հնարավորություն տվեց համեմատականորեն արագ վերականգնել կորուստները և երկրի համար մի քանի տարի ապահովել խաղաղ ընթացք: Ընդ որում կարևոր էր նաև այն, որ հայերի հակառակորդների շարքերում առաջ էին եկել լուրջ խնդիրներ:

Մամլուքյան սուլթանությունը բավականին կորուստներ էր կրել և զգուշավոր սուլթանը չէր ցանկանում առանց ծայրահեղ անհրաժեշտության նոր պատերազմ սկսել: Իր հերթին Թիմուրտաշը վերջին պատերազմից հետո ավելի ու ավելի էր տարվում իր անկախամետ գաղափարներով, ինչը ստիպում էր նրան, զգուշանալով Իլխանությունից, առժամանակ զերծ մնալ հայերի դեմ նոր պատերազմից: Այս հանգամանքը զսպում էր նաև Ղարամանյանների էմիրությանը: Եվ ի վերջո պարզ չէր վիճակը նաև Իլխանությունում: Սկսած 1323-1324 թվականներից արդեն հասունացած և աստիճանաբար ինքնուրույնության ձգտող Աբու-Սաիդը սկսել էր նեղվել էմիր Չոբանի խիստ հսկողությունից ու ամենիշխանությունից: Պալատական ինտրիգաններն ու դավադիրներն էլ իրենց հերթին աստիճանաբար կրակի վրա յուղ էին ավելացնում, իսկ Թիմուրտաշի անկախամետ ձգտումներն էլ ավելի էին բարդացնում որոշակիորեն ուղղամիտ Չոբանի վիճակը: Արդյունքում ստացվեց այնպես, որ չափահաս դարձած Աբու-Սաիդը 1328 թ-ի գարնանը շնորհազրկեց Չոբանին, իսկ հետո էլ սպանել տվեց նրան: Հարվածի տակ ընկավ նաև չափից դուրս փառասեր Չոբանի որդին, քանի որ պարզվեց, որ հոր մահից հետո զուտ ինքն իրենով նա ոչինչ էլ չարժե: Հոր մահից հետո Թիմուրտաշը փախուստի դիմեց և փորձեց ապաստանել Մամլուքյան սուլթանությունում, սակայն Աբու-Սաիդի պահանջով նույն տարում էլ զգուշամիտ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը, չցանկանալով փչացնել հարաբերությունները հզոր հարևանի հետ, ձերբակալեց մինչ այդ մեծ պատիվներով հյուրընկալած Թիմուրտաշին ու մահապատժի ենթարկեց:

Այս զարգացումները հնարավորություն տվեցին հայերին մի քանի տարի ազատ շունչ քաշել, սակայն դա դժբախտաբար երկար չտևեց. շուտով պարզվեց, որ հենց Հայոց թագավորության ներսում են հասունանում լուրջ խնդիրներ: Վերջին պատերազմից հետո եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները եռանդուն կերպով ձեռնամուխ էին եղել երկրի վերականգմանը և արքայական իշխանության ուժեղացմանը: Ընդ որում, զգալով, որ Եվրոպայից հայերին իրական օգնություն չի կարող գալ, իսկ մշտական օգնության խնդրանքներն էլ իզուր բորբոքում են մահմեդական հարևանների թշնամությունը, պատանի արքայի խնամակալական խորհուրդը կտրուկ սահամանփակել էր կապերը Արևմուտքի հետ: Այս հարցում Կոռիկոսի տերերի հետ լիովին համամիտ էր նաև Նղրի տեր Բալդուինը: Արդյունքում հայրենանվեր ու ազգային դիրքերի վրա կանգնած այս եռյակին մի քանի տարվա ընթացքում հաջողվեց ոտքի հանել երկիրը, թեև բուն թագավորության ներսում որոշակիորեն սրվեց պայքարը ունիթորների ու հակաունիթորների միջև: Արքայի խնամակալական խորհրդի ազդեցիկ անդամները միանշանակորեն կանգնած էին հակաունիթորների դիրքերում, սակայն ուժեղ էին նաև ունիթորները:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1326 թ-ին Օշինը իր աղջկիկ Ալիսին կնության տվեց պատանի արքային և դրանով իսկ ավելի ամրապնդեց ոչ միայն իր, այլև հակաունիթորների դիրքերը: Հուսահատության հասած ունիթորները դավադրություն կազմեցին` մի գիշերվա մեջ փորձելով ոչնչացնել ոչ միայն արքայի խնամակալական խորհրդի անդամներին, այլև հենց իրեն` Լևոն IV-ին: Սակայն դավադրությունը բացահայտվեց և անսահմանորեն վճռական տրամադրված պայլ Օշին Հեթումյանը հասցրեց ջախջախիչ պատասխան հարված: Դավադրության մի շարք ազդեցիկ ղեկավարներ ձերբակալվեցին ու նրանց մեծ մասը ոչ պաշտոնական մահապատժի ենթարկվեց: Թվում էր, թե երկրի ուժն ու միասնությունը վերականգնված են, սակայն դաժան հաշվեհարդարը այս անգամ էլ կասկածներ առաջացրեց հենց իր` Լևոն IV-ի մոտ: Արդեն գրեթե չափահաս դարձած այս արքային աստիճանաբար սկսել էր թվալ, թե Օշինը ձգտում է ինքը դառնալ արքա: Բացի այդ Լևոնը ինքը ավելի շատ հարում էր ունիթորներին և այդ հանգամանքը ևս չէր ավելացնում նրա համակրանքը Կոռիկոսի տերերի` իր հարազատ քեռիների, նկատմամբ:

Արդյունքում 1329 թ-ի հունվարի 26-ին Լևոն IV-ի պահակախումբը Ադանայում անակնկալ կերպով ձերբակալեց Օշին և Կոստանդին Հեթումյաններին ու հենց նույն գիշեր էլ գլխատեց: Տաղանդավոր այս մարդկանց մահով Հայոց պետականությունը մեծ կորուստներ կրեց, առավել ևս, որ արդեն բացարձակ իշխանության հասած Լևոնը ոչ երկիր կառավարելու փորձ ու հմտություններ ուներ, ոչ էլ զորավարական տաղանդ ու պետական մտածելակերպ: Տմարդի ու դաժան այս արարքը իր դերով, նշանակությամբ ու հատկապես հետևանքներով նմանվում էր Մուշեղ Մամիկոնյանի սպանությանը հեռավոր 376 թ-ին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայոց թագավորությունը ծանր հարված ստացավ և դա պատճառներից մեկը հանդիսացավ նրա անկման: Ընդ որում անմիտ քինախնդրության մեջ Լևոնը այնքան հեռուն գնաց, որ Օշինի գլուխը ուղարկեց մամլուքների սուլթանին, իսկ Կոստանդինի գլուխը` մոնղոլներին: Այս արարքների համար Լևոն IV-ը վաստակեց “Մեղասգործ” մականունը, որն ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ աներոջ սպանությունից կարճ ժամանակ անց նա սպանել տվեց նաև իր երիտասարդ կնոջը: 1329 թ-ը Հայոց թագավորության համար երկրի ղեկավարների արյունով էր սկսվել, սակայն ավելի մեծ դժբախտությունները դեռևս առջևում էին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հակաունիթորների առաջնորդներին ոչնչացնելուց հետո Լևոն IV-ը մեկուսացրեց Բալդուին Հեթումյանին, որից հետո բացահայտորեն անցավ ունիթորների կողմը և ակտիվ հարաբերություններ սկսեց Արևմուտքի հետ: Թագավորության պայլ նշանակվեց Լևոն II-ի դուստր Զաբելի ու Կիպրոսի արքա Ամորիի (1306-1310) որդի Ջիվան Լուսինյանը, իսկ նրա եղբայրը Բոհեմունդը դարձավ մարաջախտ: Ջիվանը ամուսնացավ Քարթլիի արքա Գեորգի V-ի (1314-1346) աղջիկ Սուլթանիայի հետ, իսկ Բոհեմունդը` Նղրի տեր Բալդուին Հեթումյանի աղջիկ Ֆիմինի հետ: Ընդ որում վերջին ամուսնությամբ Լևոն IV-ը ուղղակիորեն ձգտում էր իր ազդեցությանը ենթարկել Նղրի տիրոջը: Սակայն երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոններին հայտնված մարդիկ մեծ հաշվով ընդամենը խղճուկ ծաղրապատկերներն էին իրենց հզոր նախնիների. Կիպրոսում մեծացած, լիովին եվրոպականացված և հայոց շահերին խորթ Լուսինյան եղբայրները չէին, որ պետք է պաշտպանեին Հայոց թագավորությունը, այն դեպքում, երբ իր ամենիշխանությունից հղփացած Լևոնը ևս ոչ միայն ոչ մի քայլ չէր ձեռնարկում թագավորության գլխին կուտակված ամպերը ցրելու համար, այլև ավելի էր ծանրացնում իրավիճակը: Հայոց թագավորության ղեկին հայտնված ապաշնորհ պաշտոնյաների դժգույն շարքում այս ժամանակաշրջանում երևի թե միակ լուսավոր կետն ու բացառությունը սպարապետ նշանակված Լևոն Հեթումյանն էր` Սմբատ Սպարապետի աղջիկ Մարիունի և Կոստանդին I-ի որդին:

Իսկ Հայոց թագավորության ռազմա-քաղաքական դրությունը օրեցօր բարդանում էր: Անհեռատես Լևոն IV-ը, որը Օշինի գլուխն ուղարկել էր մամլուքների սուլթանին ու դրանով ընդամենը հագուրդ էր տվել իր չարությանը, նույնիսկ չէր էլ մտածել, թե հարևան երկրում իրականում ինչպես կընկալվի իր քայլը: Իսկ քայլն իրոք որ Հայոց արքայի ուզած ձևով չէր ընկալվել: Լևոնը կարծում էր, թե Օշինի գլուխը մամլուքներին ուղարկելով նա կշահի վերջիններիս համակրանքը, բայց ստացվեց ուղիղ հակառակը. Օշինը վերջին պատերազմից հետո կնքված հաշտության գլխավոր մասնակիցն էր: Ավելին, նա յուրօրինակ մի գրավական էր այն բանին, որ Հայոց թագավորությունը այլևս չի դիմի Եվրոպայի երկրներին և մամլուքների դեմ հերթական խաչակրաց արշավանքի դրդիչ չի հանդիսանա: Այս պայմաններում Լևոնի քայլը մամլուքների կողմից ընկալվեց որպես բացահայտ մի մարտահրավեր: Դժբախտաբար Լևոն IV-ը այսքանը չէր մտածել և անհեռատես իր այս գործողություններով չարաբաստիկ այդ տարում էլ ապաշնորհ այս արքան Հայոց թագավորության համար սկիզբ դրեց նոր ու խիստ ծանր մի պատերազմի…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հայ-Մամլուքաղարամանյան II պատերազմ
(1330-1337)


1330 թ-ի նոյեմբերի 25-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ծովից հարձակվեց Կիլիկիայի թագավորության վրա, բայց սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) Այասի ճ-մ-ում ջախջախեց վերջինիս: Շուտով, սակայն, պարզվեց, որ սա միայն սկիզբն էր: 1331 թ-ի գարնանը թշնամին արդեն ավելի մեծ ուժերով ծովից կրկնեց հարձակումը և այս անգամ արդեն կարողացավ գրավել Այասը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության համառորեն պաշտպանվող բանակից (մոտ 1.000):

Գրավելով Այասը` Հայոց թագավորության կարևորագույն քաղաքներից մեկը, Մամլուքյան սուլթանությունը առժամանակ դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները և սկսեց ամրապնդվել ձեռք բերած դիրքերում: Մարտական գործողություններում ի հայտ եկավ հարաբերականորեն երկարատև մի դադար, որը, սակայն, Հայոց արքան որևէ կերպ չօգտագործեց հօգուտ իր երկրի: Ավելին, 19 տարեկանում այրիացած արքան, մի կողմ թողած իր երկրի հոգսերը, լիովին նվիրվել էր հերթական ամուսնության հարցին: Եվ ահա 1332 թ-ի գարնանը Լևոն IV-ը մեծ հանդիսավորությամբ տոնեց իր երկրորդ ամուսնությունը Սիցիլիայի արքա Ֆեդերիկո II-ի (1295-1337) դուստր Էլեոնորայի հետ: Ընդ որում, օգտագործելով առիթը, Լևոնը արդեն պաշտոնապես ընդունեց կաթոլիկությունը և սկսեց հալածել հակաունթորներին: Այս ամուսնությունից հետո, իրեն խորհրդատու կարգելով մի շարք եվրոպացիների ու կաթոլիկություն ընդունած հայերի, հերթական խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդրանքով Հայոց արքան շարունակեց դիմումներ հղել Հռոմի պապին ու Եվրոպական արքունիքներին: Սակայն այս ամենը որևէ օգուտ չտվեց հայերին, իսկ Ֆրանսիայի արքայի դեսպաններին, որոնք Կահիրեում փորձել էին որոշակիորեն մեղմել մամլուքների սուլթանի դիրքորոշումը, վերջինս ուղղակի կոպտեց ու վռնդեց իր երկրից…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ապաշնորհ և անգործունյա արքայի վարքագիծը ի վերջո հասցրեց նրան, որ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին թագավորության հասարակ բնակիչները: 1335 թ-ի մարտին Այասի բնակչությունը ապստամբեց ու, ջարդելով մամլուքներին, վտարեց նրանց քաղաքից: Թշնամին նոր ուժեր շարժեց Այասի ուղղությամբ, բայց սրանց էլ պարտության մատնեց արդեն սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության կանոնավոր բանակը (մոտ 10.000): Ու թեև ձեռք բերվեց փայլուն հաջողություն, սակայն ընդհանուր ապաշնորհ կառավարումը այն լրոիվին զրոյի հավասարեցրեց:

1335 մայիսի սկզբին Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Մոլևոն ամրոցի շրջակայքը և նահանջեց: Բայց ավելի ծանր էր հարձակումը մյուս ուղղությունից: 1335 մայիսի 5-ից 8-ը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության հակահարձակման անցած բանակը (մոտ 80.000) գրավեց Այասը, Մամեստիան, Ադանան ու Տարսոնը Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 3.000):

Երկրի համար ստեղծվեց բացառիկորեն ծանր մի իրավիճակ, իսկ թշնամին սկսեց մոտենալ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Բարեբախտաբար 1335 մայիսի 12-ին Սիսի ճ-մ-ում Լևոն IV Մեղսագործի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) կարողացավ պարտության մատնել Մամլուքյան սուլթանության առաջխաղացող բանակին (մոտ 50.000) և դուրս շպրտել նրա մնացորդներին երկրից: Սակայն պատերազմը ամենևին էլ վերջացած չէր:

1336 գարնանը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ) և Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000) միացյալ բանակը նոր ու ավելի դաժան ասպատակության ենթարկեց Կիլիկիայի թագավորության տարածքը: Ընդ որում այդ ընթացքում Ղարամանյաններին հաջողվեց գրավել Մոլևոն ամրոցը, իսկ մամլուքներին` հայրենասեր ուժերի կենտրոնը հանդիսացող Նղրը:

Հայերը սեղմված էին երկիրը ողողած մեծաթիվ հորդաների միջև և նույնիսկ մտածել իսկ չէին կարող բաց ճակատամարտի մասին: Միակ հույսն ու ապավենը լեռնային-պարտիզանական պայքարն էր, բայց այդ դեպքում էլ մշտական հարվածի տակ էր մնում Դաշտային Կիլիկիան: Ստեղծված բացառիկ ծանր իրավիճակում չտեսնելով այլ ելք` Լևոն IV-ը իր քարտուղար Վասիլին և մոռացությունից հանված Բալդուին Հեթումյանին ուղարկեց Կահիրե` հաշտության բանակցություններ վարելու: Բայց քինախնդիր մամլուքները այս անգամ ամենևին էլ չէին պատրաստվում հեշտ լուծում տալ հարցին: Նրանք ձերբակալեցին Հայոց արքայի դեպաններին և բանտարկեցին իրենց ամրոցներից մեկում, որից հետո կրկին անցան հարձակման...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1337 թ-ի գարնանը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 50.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000, որից 50.000 հեծյալ) գրավեց Այասը, Մամեստիան, Ադանան, Տարսոնը, ինչպես նաև Կովառայ (վերջինը` Ջահան գետի ափին), Հումուս, Թիլ Համտուն և Սարվանդիքար ամրոցները Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 8.000): Այս ընթացքում հարվածի տակ ընկան նաև Կիլիկիայում ռազմակետեր ունեցող ռազմա-վանական օրդենները. թշնամին Հիվանդախնամների օրդենից (մոտ 700) գրավեց Կյուրոս ամրոցը, իսկ Տևտոնյան օրդենից (մոտ 700)` Հառնին:

Եվ միայն այս ամենից հետո էր, որ հավաքելով ցրված ուժերը, Մամլուքյան սուլթանության, բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Այս ընթաացքում Բալդուինը բանտարկության մեջ արդեն կնքել էր իր մահկանացուն, դրա համար էլ 1337 թ-ի ամռանը արդեն միայն Հայոց արքայի քարտուղար Վասիլը ազատ արձակվեց և կնքվեց հաշտություն կամ, ավելի ճիշտն ասած, մամլուքները թելադրեցին հայերին հաշտության պայմանները: Հայ-Մամլուքաղարամանյան II պատերազմն ավարտվեց, որի արդյունքում Ջահան գետից արևելք ընկած տարածքները անցան Մամլուքյան սուլթանությանը:

Հաշտությունը բացառիկ ծանր էր հայերի համար: Բացի այն, որ Հայոց թագավորությունը հսկայական տարածքային կորուստներ կրեց, վերջինս զրկվեց նաև իր արևելյան բուֆերային տարածքներից ու Ամանոսյան լեռնաշղթայի պաշտպանությունից: Նախկինում արևելքից հարձակված թշնամուն հայերը կարողանում էին դիմադրել լեռներում ու դրանով մեծապես դժվարացնում էին վերջինիս առաջխաղացումը: Բացի այդ, նույնիսկ լեռնաշղթան անցնելուց հետո էլ թշնամին դեռ պետք է բավականին տարածք անցներ, Հայոց թագավորության կենտրոնական շրջաններ ներխուժելու համար: Իսկ այժմ Ջահան գետի ափերին տեղակայված թշնամու ուժերը կարող էին միանգամից մուտք գործել Կիլիկիայի թագավորության կենտրոնական շրջաններ, այսինք թշնամու սպառնալիքը դառնում էր ոչ միայն մշտակա, այլև` իրական ու չափազանց վտանգավոր…

Իր կաթոլիկամետ քաղաքականությամբ Լևոն Մեղսագործը դաշույնահարեց Կիլիկիայի թագավորությունը: Լևոնը չհասկացավ, որ ինքը կործանում է այն երկիրը, որը իր նախնիները ձեռք են բերել բազում զոհերի գնով: Եվ աշխարհասասան փոթորիկների խաչմերուկում առնականացած Կիլիկիայի թագավորությունը սկսեց տկարանալ ու արյունաքամ լինել”,- սրտի խորը կսկիծով այս ամենին արձագանքում է Հայկ Խաչատրյանը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մամլուքյան սուլթանության հետ կնքված ծանր հաշտությունը այդպես էլ դաս չեղավ Հայոց թագավորության ղեկավար կազմի համար: Հատկապես ակտիվ էր տրամադրված Լևոն IV-ը, որը, չնայած խաչելության ու Ավետարանի վրա տված երդմանը, դրանից հետո էլ շարունակեց շփումները Եվրոպայի հետ և խաչակրաց արշավանք կազմակերպելու կոչերը: Այս ամենը, իհարկե, գաղտնի չմնաց մամլուքներից, որոնք սկսեցին պատրաստվել նոր պատերազմի:

Ընդ որում հարկ է նշել, որ, սկսած 1336 թ-ից, երբ Աբու-Սաիդը զոհ գնաց պալատական ինտրիգներին, Իլխանությունը, որպես միասնական պետություն, փաստացի արդեն դադարեցրել էր իր գոյությունը: Դրանից հետո երկար տարիներ շարունակ նախկին Իլխանության ազդեցիկ զորավարները դաժան պայքար սկսեցին իշխանության համար և, այդպես էլ չհասնելով որևէ հաջողության, վերջնականապես ոչնչացրին մոնղոլական իշխանությունը: Սա կարևորվում էր այն առումով, որ, սկսած այս ժամանակներից և մինչև Լենկ-Թեմուրի արշավանքների սկիզբը (1386 թ.), Մամլուքյան սուլթանությունը դարձավ Մերձավոր Արևելքի ամենուժեղ պետությունը` առանց որևէ իրական հակակշռի: Փաստորեն մի քանի տասնամյակ շարունակ ստեղծվեց միաբևեռ Մերձավոր Արևելք, ինչն ավելի ծանրացրեց հայերի վիճակը: Ընդ որում իրավիճակը առավել բարդանում էր նրանով, որ նույն 1338 թ-ին էլ, օգտվելով Իլխանությունում տիրող անիշխանությունից և փոխադարձ գզվռտոցից, Մամլուքյան սուլթանության ջանքերով Հայաստանի արևմուտքում (Սեբաստիա, Մելիտե, Անդրեփրատյան Ծոփք և այլն) ու Կապադովկիայի արևելքում ստեղծվեց թուրքմենական ծագում ունեցող Արաթենյանների էմիրությունը: Լինելով բավականին թույլ և մշտապես ենթարկված լինելով Իլխանությունում իշխանության ձգտող կամ հասած այս կամ այն ուժի հարձակմանը, այս էմիրությունը լիովին հանձնվեց Մամլուքյան սուլթանությանը և դարձավ վերջինիս հավատարիմ դաշնակիցը: Իսկ դա նշանակում էր, որ, ինչպես և տարիներ առաջ, այս անգամ ևս հայերը ստիպված էն պայքարել երկու ճակատով:

Վտանգը, սակայն, որոշակիորեն թուլացավ այն բանից հետո, երբ 1340 թ-ի դեկտեմբերի վերջին ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը` “Բահրի” սուլթաններից թերևս ամենահաջողակն ու երկար իշխածը, ի վերջո մահացավ: Սա որոշակիորեն սրեց սուլթանության ներքաղաքական վիճակը և հնարավորություն տվեց հայերին որոշ ժամանակ շահել:

Բանն այն էր, որ, եթե իր իշխանության առաջին շրջանում այս սուլթանը հաջողությամբ խոչընդոտում էր մամլուքների քաղաքական ակտիվացմանը, ապա վերջին շրջանում դա սկսեց դառնալ ավելի ու ավելի դժվար: Ծանր պատերազմը հայերի դեմ պահանջում էր նորանոր զինական ուժեր, իսկ սուլթանության արաբ բնակչությունը, ունենալով ցածր մարտական որակներ, ի վիճակ չէր բավարարել այս պահանջարկը: Սրանից դրդված` ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը վերջին տարիներին ստիպված էր եղել գնել մամլուքների նորանոր խմբաքանակներ: Եվ քանի որ մամլուքների “մոնղոլական” շուկան գործնականում արդեն սպառվել էր, քանի որ բոլոր առկա ուժերը մոնղոլները ներառել էին Իլխանությունում սկսված քաղաքացիական պատերազմում, ` “կովկասյան” շուկան ավելի էր մեծացրել իր առաջարկը: Հետաքրքիր է նշել, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված այլևայլ հանգամանքների շարքում “կովկասյան շուկայի” հաջողությունների հարցում մեծ էր նաև վրաց ազնվականների դերը, որոնք գրեթե բացահայտ ձևով զբաղվում էին ոչ միայն իրենց հպատակների վաճառքով, այլև` հսկայական եկամուտներ բերող իսկական մարդաորսությամբ և մարդավաճառությամբ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսպես թե այնպես, սակայն, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի մահվան պահին արդեն իսկ ստեղծվել էր աննկատ, սակայն իրական մի իրավիճակ. “Բուրջիներ”-ի կորպուսը փաստացի արդեն վերականգված էր ու մեծ ազդեցության էր հասել, իսկ սրան հակառակ, “Բահրիներ”-ը թուլացել էին: Զրկված լինելով համալրման թարմ հոսքից` համեմատականորեն ավելի քիչ հալածանքների ենթարկված “Բահրիներ”-ը վերջին տասնամյակներում վերածվել էին մանր ու միջին հողատեր ազնվականների: Փաստորեն, դադարելով ըստ էության լինել “մամլուք”, “Բահրիներ”-ը ընդամենը վերածվել էին իշխող դասակարգի միջին շերտը զբաղեցնող մի խմբի, ինչը նախկինի համեմատ էականորեն թուլացրել էր նրանց դիրքերը:

Այսպիսով, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի մահվան ժամանակ արդեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Մամլուքյան սուլթանությունում իրար դեմ էին դուրս եկել ոչ ուժեղ, բայց հաստատուն ու որոշակի իշխանություն ունեցող “Բահրիներ”-ը և ուժեղ ու օրեցօր ուժեղացող, բայց առայժմ ոչ հաստատ ու առանց իրական իշխանության “Բուրջիներ”-ը:

Ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը իրենից հետո թողել էր գահի նկատմամբ իրենց իրավունքները հիմնավորելու ի վիճակի 6 որդիներ, որոնք իրենց երկարակյաց հոր մահից հետո, հաշվի չառնելով ավագության հանգամանքը և դառնալով ներքաղաքական ուժերի գործիքը, ձեռնամուխ եղան գահակալական պայքարի...

1340 թ-ի դեկտեմբերի վերջին նոր սուլթան հռչակվեց հանգուցյալի 19-ամյա ավագ որդին` ալ-Մանսուր Սեյֆ-էդ-Դին Աբու-Բաքր իբն-Մուհամմեդը (1340-1341): Սակայն չէր հասցրել դեռ նոր սուլթանը ամրապնդվել գահին, երբ “Բուրջիներ”-ը գահընկեց արեցին ու սպանեցին նրան: Նոր սուլթան հռչակվելով սպանվածի 7-ամյա եղբայր ալ-Աշրաֆ Ալ-էդ-Դին Քուչուկին (1341-1342)` “Բուրջիներ”-ի իրական իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում: Սակայն տարիներով ձեռք բերած աննկատ, սակայն իրական նվաճումները “Բահրիներ”-ը չէին պատրաստվում այդքան հեշտորեն զիջել և հենց հաջորդ տարվա սկզբին նրանց հաջողվեց սպանել սուլթանին: Զարգացնելով նախաձեռնությունը` “Բահրիներ”-ը սուլթան հռչակեցին վերջինիս եղբորը` ան-Նասր Շահիբ-էդ-Դինի Ահմեդին (1342):

Պատասխան քայլի հերթը “Բուրջիներ”-ինն էր և նրանք չհապաղեցին: Չանցած էլ մի քանի շաբաթ` վերջններս կարողացան սպանել գործող սուլթանին և նոր սուլթան հռչակել իրենց հերթական դրածո եղբորը` աս-Սալիհ Իմադ-էդ-Դին Իսմաիլին (1342-1345): Այս անգամ “Բուրջիներ”-ը կարողացան գոնե որոշակի ժամանակով գահի վրա պահել իրենց թեկնածուին և ամրապնդել սեփական դիրքերը: Սակայն “Բահրիներ”-ը դեռևս ամենևին էլ չէին համարում, որ իրենց գործը տանուլ է տրված և սպասում էին միայն հարմար առիթի…

Այս ամենը կտրուկ անկայունացրեց Մամլուքյան սուլթանության ներքաղաքական դրությունը և թույլ տվեց հայերին մի քանի տարի խաղաղություն վայելել: Սակայն դժբախտաբար այս անգամ էլ ոչ միայն ի նպաստ երկրի չօգտագործվեց այդ ժամանակը, այլև հենց իրենք` հայերը, մուտք գործեցին ներքաղաքական ցնցումների ծանր մի փուլ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1342 թ-ի օգոստոսի լույս 28-ի գիշերը այդպես էլ անժառանգ մնացած Լևոն IV-ը Սիսի արքայական դղյակում հանկարծամահ եղավ: Նրա մահից անմիջապես հետո Էլեոնորան հեռացավ Կիլիկիայից, որից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայոց թագավորությունում իշխանության գլուխ կանգնեցին Լուսինյան եղբայրները` պայլ Ջիվանը և մարաջախտ Բոհեմունդը: Երկրի առջև սուր կերպով կանգնեց թափուր գահը լրացնելու հիմնախնդիրը, քանի որ ոչ միայն արքան իրենից հետո ժառանգ չէր թողել, այլև` վերջինս չուներ նաև արական գծով մոտիկ ազգականներ: Բայց մահվանից անմիջապես առաջ կազմած իր կտակում Լևոնը որպես իրեն հաջորդ էր նշանակել Լուսինյան եղբայրներից երրորդին` Կոստանդնուպոլսում գտնվող Գվիդոն (Գի) Լուսինյանին:

Թեկնածությունը, համենայն դեպս գոնե ձևական առումով, կարծես թե ամենահարմարն էր: Գվիդոնը Լևոն II-ի աղջկա որդին էր` հասուն ու ձևավորված մի այր: Ավելին, երկար տարիներով ապրելով ու գործելով Բյուզանդիայում`Գվիդոնը այստեղ հասել էր մեծ ազդեցության և աչքի էր ընկել ոչ միայն իր խոհեմությամբ, այլև զորավարական դրական հատկանիշներով: Երկար տարիներ նա վարում էր Մակեդոնիայի Փերես գավառի կուսակալի պաշտոնը և ամուսնացած էր կայսր Հովհաննես VI Կանտակուզենեսի (1341-1345) եղբոր դստեր հետ: Սակայն արքայության այս թեկնածուն ուներ նաև թերություններ` հաճախ նա չափազանց խիստ էր, հակված էր ուժային լուծումների, որոշակիորեն սահմանափակ մտածողություն ուներ և, ամենալուրջ թերությունը Կիլիկիայի պայմաններում, մոլեռանդ կաթոլիկ էր: Բացի այդ, ինչն է որոշակիորեն հետաքրքիր, Գվիդոնը ինքն էլ առանձնապես ցանկություն չուներ դառնալ Հայոց արքա և միայն եղբայրների ճնշման տակ էր, որ նա ի վերջո համաձայնեց: Սակայն նոր արքայի ժամանումը մի քանի ամիս հետաձգվեց և այդ ընթացքում թագավորությունը փաստացի շարունակեցին ղեկավարել նրա փոքր եղբայրները` Ջիվան և Բոհեմունդ Լուսինյանները: Իսկ մամլուքները, որոնք հասել էին որոշակի կայունության, հենց այս ժամանակ էր, որ որոշում ընդունեցին վերսկսել մարտական գործողությունները հայերի դեմ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հայ-Մամլուքաղարամանյան III պատերազմ
(1342-1375)


1342 թ-ի աշնանը Ջիվան Լուսինյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 80.000) ասպատակեց Կիլիկիայի թագավորության տարածքը և նահանջեց: Սա սկիզբն էր երկարատև ու ծանր հերթական մի պատերազմ…

1343 թ-ի ամռան Ջիվան Լուսինյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 80.000) կրկին ասպատակեց Կիլիկիայի թագավորության տարածքը և նահանջեց: Երկիրը պատերազմի մեջ էր, բայց արքան դեռևս բացակայում էր: Այս պայմաններում Ջիվանը արդեն սկսել էր մտմտալ հենց իրեն արքա կարգելու ուղղությամբ, բայց նրա այս մտադրությանը վիճակված չէր կյանքի կոչվել: Հենց 1343 թ-ի ամռանն էլ նա զոհ գնաց հակաունիթորների դավադրությանը: Եվ միայն սրանից հետո էր, որ իր անունը փոխած Լուսինյան եղբայրներից կրտսերը` Կոստանդին II-ը (1342-1344) հայերի ոչ այնքան բուռն, բայց այնուհանդերձ համաձայնությամբ հռչակվեց Կիլիկիայի թագավորության արքա: Նոր արքան երկիր ժամանեց 1343 թ-ի աշնան սկզբին և իր հետ բերեց ոչ միայն ընդգծված արևմտամետ բարքեր ու սովորություններ, այլ նաև` 300 հոգանոց` հիմնականում ֆրանսիացիներից կազմված մի մարտունակ պահակախումբ:

Սիսում հաստատված Կոստանդին II-ը միանգամից որդեգրեց ընդգծված արևմտամետ քաղաքականություն, սկսեց քարոզել կաթոլիկություն և հալածանքներ սկսեց հակաունիթորների նկատմամբ` սրելով թագավորության ներքաղաքական դրությունը: Փաստորեն նորընծա արքան Կիլիկիայի թագավորությունը դիտարկում էր ընդամենը որպես միայն Լուսինյանների ֆրանսիական տիրույթներից մեկը և, ձգտելով կտրել այն հայ իրականությունից, նպատակ ուներ դարձնելու այն եվրոպական արևելյան քաղաքականության ընդամենը մի գործիք: Բացի այդ նորընծա արքան երկրի ղեկավար բոլոր պաշտոններին նշանակեց հայ իրականությունից կտրված եվրոպացիների` դրանով իսկ վերջնականապես իր դեմ տրամադրելով սեփական հպատակներին: Մի խոսքով, գահակալությունից արդեն մի քանի ամիս անց Կոստանդինը հասավ նրան, որ սեփական արքայից դժգոհ մնացին թագավորության գրեթե բոլոր հպատակները, բացառությամբ, իհարկե, կաթոլիկությունն ընդունած փոքրաթիվ հայերի և ղեկավար պաշտոնների հասած եվրոպացիների:

Դժգոհների մեջ իրենց վճռականությամբ և անզիջում կեցվածքով հատկապես առանձնանում էին հակաունիթորները, որոնք այդ տարիներին շատ ուժեղ էին և վայելում էին Կիլիկիայի բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը: Բայց օբյեկտիվ գործոններով պայմանավորված հակաունիթորների ուժեղության կարևորագույն գրավականներից մեկն էլ այն էր, որ նրանց ղեկավարում էին վճռականորեն տրամադրված մարդիկ` 1320 թ-ին մահացած հայրենանվեր Հեթում սպարապետի որդին` Կոռիկոսի տերը, խիստ գործունյա և լայնախոհ Օշին Հեթումյանը, ինչպես նաև հանգուցյալ Բալդուինի որդի Կոստանդինը` իր ռազմական ընդունակություններով աչքի ընկնող Նղրի հերթական տերը և հայոց ապագա արքան...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1344 թ-ին լարվածությունը Հայոց թագավորության ներսում ավելի ուժեղացավ և բանը հասավ նույնիսկ նրան, որ Կոստանդին II-ը Սիսից տեղափոխվեց Ադանա: Փորձելով գոնե որևէ կերպ հասնել միանձնյա ու իրական իշխանության և կյանքի կոչել իր ծրագրերը` Հայոց այս կաթոլիկ արքան հաշտություն կնքելու պատրվակով հրավերներ ուղարկեց հակաունիթորներին` պատվիրելով վերջիններիս նոյեմբերի կեսերին հավաքվել Ադանայում:

1344 նոյեմբերի 17-ին հակաունիթորների հիմնական առաջնորդներն արդեն Ադանայում էին: Հենց նույն օրը երեկոյան էլ Կոստանդին II-ը արքայական դղյակում ընդունեց հակաունիթորներին և, չկարողանալով համաձայնության գալ նրանց հետ, հրամայեց իր պահակախմբին ձերբակալել վերջիններիս: Սակայն հայկական յուրօրինակ “Բարդուղոմեոսյան գիշեր” կազմակերպելը այս անգամ չստացվեց, ընդ որում ոչ միայն չստացվեց, այլև շուռ եկավ իր իսկ կազմակերպիչների դեմ: Իրադարձությունների մանրամասները մեզ չեն հասել, բայց արդյունքը հայտնի է. Օշին Հեթումյանի, Կոստանդին Հեթումյանի և վերջինիս եղբայր Հեթումի գլխավորությամբ զենքի դիմած հակաունիթորները ոչ միայն գլխովին ոչնչացրեցին ֆրանսիական պահակախումբը (այս վարձկաններից և ոչ մեկը չփրկվեց), այլև սպանեցին հենց իրեն` անհաջողության մատնված այս գործողությունը կազմակերպած Կոստանդինին: Ադանայի արքայական դղյակը հիշեցնում էր իսկական սպանդանոց, սակայն ոչ պակաս բարդ մթնոլորտ էր տիրում նաև երկրում: Ողջ թագավորությունով մեկ սկիզբ էր առել ունիթորների իսկական մի որս: Ողջ մնացած եղբայրներից վերջինը` Բոհեմունդը, հազիվ փրկվեց և այն էլ շնորհիվ միայն իր կնոջ, որը Կոստանդին Հեթումյանի քույրն էր: Ծանր բաժին հասավ նաև Ջիվան Լուսինյանի ընտանիքին: Ադանայի իրադարձություններից անմիջապես հետո հակաունիթորները ձերբակալեցին ու Կոռիկոսում բանտարկեցին Սուլթանիային ու նրա որդիներին` հնգամյա Բոհեմունդին և երկամյա Լևոնին: Սակայն հետագայում պարզվեց, որ նորընծա արքան այնքան էլ հակված չէր վնաս հասցնել իր իշխանության տակ հայտնված անպաշտպան կնոջն ու նրա երեխաներին և հետագա բարդություններից խուսափելու համար իր վերջո այնպես արեց, որ Սուլթանիան ու նրա որդիները կարողացան փախչել ու ապաստանել Կիպրոսում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսպիսով վճռականորեն տրամադրված հակաունիթորները վերջնականապես իրենց ձեռքը վերցրեցին իշխանությունը Հայոց թագավորությունում. հենց հաջորդ իսկ օրը Օշին Հեթումյանի և մյուս հակաունիթորների աջակցությամբ ու համաձայնությամբ Կիլիկիայի թագավորության արքա դարձավ Նղրի տեր Կոստանդինը` Կոստանդին III-ը (1344-1363): Հայոց սպարապետ հռչակվեց արքայի եղբայրը` Հեթում Հեթումյանը: Կյանքը և հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ընտրությունն այս անգամ ավելի քան հաջող էր: Իր հոր արժանի զավակը հանդիսացած Կոստանդին III-ը հաջող մարտական գործողություններով կարողացավ որոշակիորեն շտկել ծանր վիճակում հայտնված Հայոց թագավորության ռազմա-քաղաքական դրությունը և ուժերի ահռելի անհավասարության պայմաններում արժանի դիմադրություն կազմակերպել թշնամուն: Հատկանշական է, որ իր թագավորության գրեթե ողջ ընթացքում Կոստանդին III-ը այդպես էլ համարյա չեղավ Սիսում, այլ հաստատվելով երկրի սահմանամերձ շրջաններում, գործուն կերպով կազմակերպեց սեփական թագավորության պաշտպանությունը:

Մի քանի խոսքով անդրադառնանք նաև Նղրի տերերի ծագմանը: Դեռևս XI-րդ դարում, երբ Հեթումյանները ժամանել էին Կիլիկիա, նրանք հաստատվել էին Լամբրոն ամրոցում և այս ժամանակից սկսած էլ հենց ամրոցը դարձրել էին տոհմի կարևորագույն հենակետերից մեկը: Սակայն 1130 թ-ին Լամբրոնում իշխող Հեթումյան հերթական իշխան Հեթումի (1112-1143) փոքր որդի Սմբատը հաստատվեց Պապեռոն ամրոցում և, իշխելով այստեղ մինչև 1152 թ-ը, սկիզբ դրեց տոհմի մի նոր ճուղի, որին էլ հենց վիճակված էր արքայական թագը: Կիլիկիայում արքայական իշխանության հասած Հեթումյանները այս տոհմի հենց Պապեռոնի ճյուղի ներկայացուցիչներն էին, այն դեպքում, երբ Լամբրոնի ճյուղի ներկայացուցիչները, շարունակելով իշխել հիշատակված ամրոցում ի դեմս Հեթումի ավագ որդի Օշինի (1143-1170), հետագայում վերընձյուղեցին Նղրի տերերին: Այսպիսով, Կոստանդին III-ի իրավունքները գահի նկատմամբ հաստատվում էին նրանով, որ, Լամբրոնի իշխան Հեթումը (1112-1143) նաև իր նախնին էր, ընդ որում, երկու որդիների մեջ, ի տարբերություն արքայական արդեն մարած գահատոհմի, հենց Կոստանդինի նախնի հանդիսացած որդին էր ավագը:

Հետաքրքիր է, որ թափուր մնացած գահի նկատմամբ իրավունքներ ուներ նաև Օշին Հեթումյանը: Ու թեև միջնադարյան ֆեոդալական իրավունքի պայմաններում նրա պահանջները ևս բավականին հիմնավոր էին, բայց, ի պատիվ այս գործչի պետք է ասել, որ նա դրանք այդպես էլ մեջտեղ չբերեց: Զերծ մնալով գահակալական հերթական պայքարը սկսելուց` Օշին Բակուրյանը, Հեթում I-ի եղբայր, Կոռիկոսի տեր հռչակված Օշինի (1220-1253) թոռան թոռան որդին ամուր մի հենարան դարձավ նորընծա արքային և հավատարմորեն ծառայեց նրան մինչև իր մահը:

Իսկ միասնություն հայերին պետք էր, այն էլ ինչպես էր պետք, քանի որ Ադանայի արյունոտ իրադարձությունների լուրն առած մամլուքները, կարծելով, թե հայերի մոտ սկսվել է գահակալական գզվռտոց, անմիջապես էլ ձեռնամուխ եղան հերթական հարձակմանը: Բայց այս անգամ արյան հոտ առած լեշակերների բնազդին հավատարիմ մամլուքներին վճակված չէր հաջողություն, քանի որ հայերի մոտ հաստատված կուռ միասնությունը ճեղքվածք չտվեց, իսկ երկրի ղեկին էլ կանգնած էին ընդունակ մարդիկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:46 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1344 թ-ի նոյեմբերի վերջին Կյուրոս ամրոցի ճ-մ-ում Կոստանդին III-ի ու սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) հաղթեց և հետ շպրտեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000): Ընդ որում, ինչպես բազում անգամներ եղել էր մինչև այդ, այս անգամ էլ հայերից կրած պարտությունը վերջնականապես ոչնչացրեց մամլուքյան հերթական գահակալի առանց այդ էլ ցածր հեղինակությունը և կործանարար հետևանքներ ունեցավ վերջինիս համար: Առիթը հարմար համարելով` 1345 թ-ի հունվարին “Բահրիներ”-ը սպանեցին աս-Սալիհ Իմադ-էդ-Դին Իսմայիլին, նոր սուլթան հռչակեցին սպանվածի մյուս եղբորը` ալ-Քամիլ Սեյֆ-էդ-Դին Շաբանին (1345-1346) և խլեցին իշխանությունը “Բուրջիներ”-ից: Որոշակիորեն ամրապնդելով իրենց իշխանությունը` “Բահրիներ”-ը հենց հաջորդ իսկ տարում որոշեցին վրեժխնդիր լինել հայերից:

1346 թ-ի գարնանը հարձակման անցած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 40.000) գրավեց Կապան ամրոցը Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000): Սակայն մամլուքները չհասցրեցին օգտվել հաջողության պտուղներից, քանի որ կարճ ժամանակ անց Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ ամրոցին մոտեցած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Կապան ամրոցի ճ-մ-ում կրկին ծանր պարտության մատնեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000):

“Բահրիներ”-ը ծանր պարտություն էին կրել և արդեն գրեթե օրինաչափ էր, որ դրա համար մարտի դաշտում ոչնչացված հազարավոր մամլուքների հետ գրեթե միաժամանակ էլ կյանքով հատուցեց նաև նրանց դրածոն: Վերացնելով հերթական սուլթանին, այս անգամ արդեն “Բուրջիներ”-ը գահ բարձրացրեցին իրենց դրածո եղբորը` ալ-Մուսաֆար Սեյֆ-էդ-Դին Հաջիին (1346-1347): Իրական իշխանությունը, սակայն, հայտնվեց կովկասցի Գուրլուի ձեռքում, որը անմիջապես էլ բոլոր ղեկավար պաշտոններում նշանակեց իր մտերիմներին:

Սեփական իշխանությունը ամրապնդելուց հետո Գուրլուն որոշեց շարունակել պատերազմը հայերի դեմ: Ընդ որում այս անգամ մարտական գործողություններին իր մասնակցությունը բերեց նաև հայերի հյուսիսային թշնամին: 1347 մայիսի 25-ին, օգտվելով նրանից, որ հայերի հիմնական ուժերը կենտրոնացած էին թագավորության արևելքում` մամլուքների դեմ, Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 27.000) հյուսիս-արևմուտքից մտավ Հայոց թագավորության տարածք և, գրավելով Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000), փոխանցեց այն Մամլուքյան սուլթանությանը:

Համարելով, որ ձեռք է բերել խոշոր հաջողություն և հայերը արդեն կոտրված են` Գուրլուն մարտի ուղարկեց արդեն սեփական ուժերին: Բայց այս անգամ ևս մամլուքներին վիճակված չէր հաջողություն: 1347 թ-ի ամռանը Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 40.000) հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 60.000) ու դուրս շպրտեց նրա մնացորդներին թագավորության տարածքից: Մարտական գործողությունները շարունակվեցին հաջորդ տարի:

1347 թ-ի ամռանը կրկին հարձակման անցած Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 30.000) գրավեց Պապեռոն ամրոցը (Կիլիկիայի, Լամբրոն գավառ) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Բայց նույն թվականի աշնանն էլ Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ ծովից հարձակված Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) Կիպրոսի թագավորության նավատորմի (մոտ 100 նավ) աջակցությամբ գրավեց Այասը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Դրանից հետո հայերը հետ գրավեցին նաև Պապեռոն ամրոցը Ղարամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 22 мар 2012, 22:46 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մարտադաշտում կրած անհաջողությունները արդեն կրկին օրինաչափ ձևով բերեցին Մամլուքյան սուլթանության հերթական ղեկավար կազմի սպանությանը: 1347 թ-ի աշնանը “Բահրիներ”-ին հաջողվեց ձերբակալել ու մահապատժի ենթարկել Գուրլուին ու նրա դրածոին` նոր սուլթան հռչակելով գահընկեց արված սուլթանի հերթական եղբորը` ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանին (1347-1351, 1354-1361): Ընդ որում այս անգամ, ցանկանալով վերջ տալ գահակալական պայքարին ու վերջնականապես ամրապնդել իրենց թեկնածուի դիրքերը` “Բահրիներ”-ը հատուկ օրենքով լուծարեցին “Բուրջիներ”-ի կորպուսը: Սակայն այս օրենքը այդպես էլ կյանքի չկոչվեց և օրենքից դուրս հայտարարված կորպուսը փաստացի շարունակեց գործել:

Այսպես թե այնպես, սակայն հերթական անգամ իրական իշխանության հասած “Բահրիներ”-ը իրենց ձեռքը վերցրեցին պատերազմի շարունակումը: 1347 դեկտեմբերին Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 40.000) կրկին գրավեց Պապեռոն ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Նույն տարվա վերջին էլ Մամլուքյան սուլթանության և Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 100.000) գրավեց նաև Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Մարտական գործողություններում ի հայտ եկավ դադար…

Հաշվի առնելով, որ Այասն այնուհանդերձ մնացել է մամլուքների տիրապետության տակ, Հայոց արքան սկսեց որպես նավահանգիստ օգտագործել Հայոց ծոցի ափին գտնվող Ալեքսանդրեկը: Սա պատճառ հանդիսացավ, որ մամլուքների հարվածն ուղղվի վերջինիս ուղղությամբ:

1349 թ-ին Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ու Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) Ալեքսանդրեկի ճ-մ-ում հաղթեցին առանց մարտերի քաղաք մտած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 20.000), որից հետո առանց լուրջ մարտերի հետ վերցրեցին քաղաքը: Զարգացնելով հաջողությունը` կարճ ժամանակ անց հայերը հետ գրավեցին նաև Մոլևոն ամրոցը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 26   [ Сообщений: 377 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7 ... 26  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB