Քաղաքական ասպարեզից Կոստանդին VI-ի հեռանալուց հետո Կիլիկիայի թագավորությունը վերացավ, սակայն պետակաան և ռազմա-քաղաքական խորը ավանդույթներ ունեցող հայերը շարունակեցին պահպանել պետականության որոշակի տարրեր պարունակող կազմակերպական որոշակի համակարգ. Կիլիկիայի թագավորության անկումից հետո Լեռնային Կիլիկիայում ստեղծվեց ռազմական պետությունների ամենևին էլ ոչ փոքր մի ցանց:
Հատված “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 33”-ից
““Ռազմական պետություն” հասկացությունը մեր պատմագիտության մեջ նոր է: Այն չի հանդիպում նաև համաշխարհային պրակտիկայում, թեև շատ միջնադարյան պետություններ (օրինակ` խաչակիրների պետությունները) իրենց բնույթով հենց “ռազմական պետություն”-ներ էին:
Այս հասկացության օգտագործումը հիմնավորվում է նրանով, որ սկսած 1071 թ-ի վերջից, պայմանավորված բյուզանդական բանակի ջախջախիչ պարտությամբ ու Հայաստանի արևմուտքում սկզբնական տարիներին Բյուզանդիայի իշխանության ձևական բնույթով, իսկ հետագայում էլ հաստատված ոչ կայուն սելջուկյան գերիշխանությամբ, առաջացավ և մոտ 80 տարի մատնանշված տարածքներում շարունակվեց “իշխանության վակում”-ի մի վիճակ: Այս պայմաններում որևէ մի բերդի, ամրոցի, գավառի կամ նույնիսկ նահանգի տիրած հայազգի զորավար-իշխանը իր շուրջն էր հավաքում բյուզանդական բանակի կազմալուծումից հետո ցրված պրոֆեսիոնալ հայ ռազմիկներին և, հենվելով իր տիրապետության տակ հայտնված տարածքի հայ բնակչության վրա, որն ինքն էլ էր շահագրգռված լինել ռազմունակ իշխանի հովանու տակ ու ապրել համեմատաբար ապահով, սկսում էր կառավարել ինքնիշխան: Մեզ հասած սակավ և կցկտուր տեղեկությունների հիման վրա կարելի է շարադերլ “Ռազմական պետության” հետևյալ բնորոշ հատկանիշները.
1. ըստ կառավարման ձևի “Ռազմական պետություն”-ը անսահմանափակ իշխանությամբ օժտված ռազմական իշխանի կողմից կառավարվող իշխանություն էր, որտեղ ռազմական տարրի դերը շատ բարձր էր և որը, ի տարբերություն ֆեոդալական իշխանության, առավել ռազմականացված էր, սակայն միաժամանակ նաև ավելի անկայուն, 2. ըստ կառուցվածքի “Ռազմական պետություն”-ը ֆեոդալական տիրույթ է, սակայն նրա համեմատ առավել ռազմականացված էր և նմանվում էր մի լայնատարած զինվորական ճամբարի, 3. ըստ իրավունքի տեսակի “Ռազմական պետություն”-ում տիրում էր ֆեոդալական իրավաձևը, 4. ըստ տնտեսության վարման ձևի “Ռազմական պետություն”-ում տիրում էր տնտեսության վարման ֆեոդալական տնտեսաձևը:
Ռազմական պետություններից նրանք, որոնք կարողացան ստեղծել կայուն կառավարման համակարգ և տեղակայված էին բարենպաստ աշխարհագրական դիրքերում, հետագայում արագորեն վերափոխվեցին ու դարձան լիարժեք ֆեոդալական պետություններ կամ իշխանություններ: Որպես ամենահաջողված օրինակ կարելի է մատնանշել Ռուբինյանների պետությունը, որը մի քանի տասնամյակում վերափոխվեց լիարժեք պետության: Հաջողված օրինակների շարքին կարելի է դասել նաև Գող Վասիլի և հատկապես Հեթումյանների պետությունները: Իր անկրկնելի յուրօրինակություններով աչքի ընկավ նաև Տրապիզոնի իշխանությունը: Իսկ այն ռազմական պետությունները, որոնք չկարողացան ստեղծել կայուն կառավարման համակարգ և ունեին ոչ շահավետ աշխարհագրական դիրք, իրենց հիմնադրի մահից հետո սովորաբար վերանում էին, իսկ նրանց տարածքը անցնում էր հարևաններին: Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ստեղծված ռազմական պետություններին բաժին ընկան տարբեր ճակատագրեր. մի մասը զոհ գնաց հարևան մուսուլման իշխանությունների ոտնձգություններին, մյուս մասը ընկավ Եդեսիայի կոմսության և Անտիոքի դքսության հարվածներից, իսկ մի մասն էլ ընդգրկվեց Ռուբինյանների հզորացած իշխանության կազմում:”
_________________ Приходите в мой дом...
|