Հոկտեմբերի 21-ին Լևոնն ու իր ուղեկիցները հասան
Հռոդոս, որից հետո, ուղղություն բռնելով դեպի Իսպանիա, եղան
Վենետիկում, Պադուայում, Վերոնայում, Միլանում, Թուրինում և Ավինյոնում: Ավինյոնում Լևոնը հանդիպեց Հռոմի պապին, որից հետո շարունակեց իր երթը դեպի Իսպանիա: Արագոնի և Կաստիլիայի արքաները Լևոնին դիմավորեցին մեծ շուքով և նրան նույնիսկ նվիրեցին մի քանի քաղաքներ:
Սակայն Լևոնի հոգսը իսպանական քաղաքային ֆեոդալ դառնալը չէր: Կարժ ժամանակ անց Լևոնը մեկնեց
Նավարա և ճոխ ընդունելության արժանացավ վերջինիս արքա Կառլոս II-ի (1349-1387) կողմից: Նավարայի արքան խոստացավ, որ, եթե Լևոնը որոշի հետ գրավել Կիլիկիան, ինքը այդ գործին կօժանդակի 100 նետաձիգով և զգալի դրամական միջոցներով: Բայց Նավարայի արքան ընդամենը գավառական մի թագավորության ղեկավար էր և բնական է, որ նա կարող էր գործել միայն այն դեպքում, եթե նախատեսվող խաչակրաց արշավանքին մասնակցեին Եվրոպական
հիմնական խոշոր պետությունները: Իսկ այդ ժամանակ Եվրոպայում մոլեգնում էր
Հարյուրամյա պատերազմը և Ֆրանսիան ու Անգլիան լրիվ այլ հոգսերով էին զբաղված: Թեթև չէր նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների վիճակը, որոնց, նույնիսկ եթե հաշվի չառնենք էլ ներքին ինտրիգներն ու տարաձայնությունները, սկսել էլ լրջորեն սպառնալ թափ հավաքող
Օսմանյան սուլթանությունը:Չնայած ստեղծված անբարենպաստ իրավիճակին` Լևոնը 1384 թ-ի սկզբին մեկնեց Ֆրանսիա: Ֆրանսիայի արքա Կառլոս VI-ը (1380-1422) Փարիզի մոտ
մեծ շուքով դիմավորեց Լևոնին, թանկարժեք նվերներ տվեց նրան և տեղավորեց իր պալատներից մեկում: Սակայն, չնայած հավանությանը Լևոնի ծրագրերին, շարունակվող Հարյուրամյա պատերազմի պայմաններում որևէ իրական քայլի մասին խոսելն իսկ ավելորդ էր: Փորձելով վերջ դնել ընթացող պատերազմին` Լևոնը, որպես Ֆրանսիայի արքայի
դեսպան, 1385 թ-ի վերջին ժամանեց Անգլիա և ընդունվեց Ռիչարդ II-ի (1377-1399) կողմից: Անգլիայի արքան խոստացավ դադարեցնել պատերազմը, բայց հետագայում այդպես էլ չկատարեց իր խոստումը: 1386 թ-ի մայիսին Լևոնը վերադարձավ Փարիզ և, այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով, անցավ
մասնավոր կյանքի: 1391 թ-ին
մահացավ Լևոնի փեսան ու նրա աննահանջ ուղեկիցը` Շահան Հեթումյանը: Կրած անհաջողությունները ընկճել էին նաև Լևոնին և 1393 թ-ի նոյեմբերի 29-ին արդեն ինքը` Հայոց երբեմնի արքան,
կնքեց իր մահկանացուն: Լևոն Լուսինյանին հայկական ծեսով թաղեցին Փարիզի Կելեստինյանների վանքում, իսկ XVIII-դարի վերջին նրա աճյունը տեղափոխվեց Ֆրանսիայի Սեն-Դենի արքայական դամբարան:
Այսպիսի տխուր վերջաբան ունեցավ այդպես էլ հայ չդարձած Հայոց այս արքայի գործունեությունը, արքա, որին բաժին հասան միայն անհաջողություններ և ձախորդություններ…