998 հոկտեմբերի սկիզբ - հոկտեմբերի 18 – Ծումբ ամրոցի ճ-մ (Տուրուբերան, Ապահունիք գավառ, ամրոցից մոտ 15 կմ հյուսիս, Արածանի գետից մոտ 15 կմ արևելք)
Ռավվադյանների էմիրության էմիր Մամլանը, ցանկանալով վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը և ոչնչացնել քրիստոնյաներին, նախատեսեց լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, ընդ որում վերջինս իր կողմից արդեն իսկ գլխավորվող էմիրությունների դաշինքի մեջ ներգրավեց նաև Ղազնևիների սուլթանությանը և նրանից խոշոր ուժեր ստացավ: Արդյունքում ստեղծվեց մի հսկայական բանակ (մոտ 200.000), որը աշնան սկզբին պատրաստվեց չորս շարասյուններով ներխուժել Անիի թագավորության տարածք:
Ըստ նախապես հաստատված ծրագրի՝ Շադդադյանների և Շույուբյանների էմիրության բանակից կազմված արևելյան առանձնացված շարասյունը (մոտ 20.000) պետք է ներխուժումն իրականացներ Ուտիք-Գուգարք երթուղով` խնդիր ունենալով արագ ռազմերթով մտնել Անիի թագավորության խոր թիկունք, իսկ իր կազմում նաև Գողթնի էմիրության բանակը ընդգրկող հյուսիսային (մոտ 50.000), ինչպես նաև հարավային (մոտ 30.000) շարասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի և Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Մամլան իբն Աբուլ-Հաջ Մուհամմեդի գլխավորած ու իր կազմում նաև Ռավվադյանների, Մրվանյանների և Հերի էմիրությունների բանակները ընդգրկող հիմնական շարասյան (100.000) թևերը:
Արքայից-արքա Գագիկ I Մեծը, տեղեկանալով թշնամու բանակի, շարասյուների թվաքանակի և ներխուժման ուղղությունների մասին, կատարեց զորահավաք ու իրականացրեց սեփական բանակի տեղաբաշխում: Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 20.000) թողնվեց հյուսիսում, խնդիր ունենալով դիմակայել թշնամու արևելյան առանձնացված շարասյանը, Ոստանիկ բանակի, ինչպես նաև Սյունիքի թագավորության բանակի (մոտ 40.000) առջև խնդիր դրվեց դիմագրավել թշնամու հյուսիսային շարասյանը, իսկ Վասպուրականի թագավորության, ինչպես նաև Մոկքի ու Անձևացիքի իշխանությունների բանակներին (մոտ 30.000) էլ հրամայվեց դիմագրավել թշնամու հարավային շարասյանը: Ոստանիկ բանակի հիմնական մասը, նրա կազմում գործող Մաղխազական գունդը (վերջինը` 6.000 ծանր հեծյալ), ինչպես նաև Աբբաս արքայի գլխավորած Կարսի, Գաբրիել սպարապետի, Գամրկելի եղբայրների և իշխանաց-իշխան Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի թագավորության սպարապետ Վահրամ Պահլավունու, նրա որդի Սմբատ Մագիստրոսի, ինչպես նաև Աշոտ մարզպանի ընդհանուր ղեկավարությամբ շարժվեցին Մամլանի գլխավորած թշնամու հիմնական շարասյանն ընդառաջ: Հայկական բանակը ճամբարեց Ծումբ ամրոցի մոտ գտնվող մի բարձրադիր վայրում` դաշտային ամրությունների միջոցով ավելի ամրապնդելով իր դիրքերը: Արդյունքում Մամլանի գլխավորած թշնամու հիմնական շարասյան առաջխաղացումը կասեցվեց և վերջինս ճամբարեց քրիստոնյաների դիրքերից ներքև:
Հաշվի առնելով հակառակորդի թվական գերազանցությունը և այն, որ վերջինիս հեծելազորը լեռնային պայմաններում կդժվարանա մարտնչել ամուր դիրքեր գրաված իր բանակի դեմ` սպարապետը պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Հակառակորդ բանակները, սակայն, զգալի ժամանակ մնացին ճամբարած վիճակում և չսկսեցին մարտը, քանի որ Մամլանի բանակը չէր համարձակվում մարտի մեջ մտնել լեռնային, քարքարոտ ու խիստ կտրտված տեղանքում, իսկ սպարապետ Վահրամ Պահլավունին էլ իր հերթին չէր ուզում սեփական բանակը իջնեցնել բաց դաշտ, որտեղ հակառակորդի քանակական առավելությունը և հատկապես առավելությունը հեծելազորի քանակով կարող էր դառնալ որոշիչ: Շուտով Մամլանի բանակը սկսեց պարենի պակաս զգալ, որի հետևանքով էլ ստիպված անցավ ակտիվ ռազմական գործողությունների:
Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան Մամլանի բանակը մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց խոշոր վահաններով զինված ծանր հետևակը, երկրորդում` հեծելազորը, իսկ երրորդում` թեթև հետևակը: Դրանից հետո հակառակորդի բանակը սկսեց դանդաղ երթով մոտենալ Անիի թագավորության բանակին: Վերջինս, չշտապելով մարտի մեջ մտնել և թույլ տալով հակառակորդի բանակին ողջ կազմով խորանալ լեռնային տեղանքում, ինքը ևս մարտակարգ ընդունեց: Կենտրոնի առաջին շարքում լայնարձակ սարահարթի ողջ լայնությամբ տեղավորվեց հետևակի մի մասը, որի առաջին գծում թողնվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը, ընդ որում վերջիններիս թիկունքում գտնվող բարձունքների վրա պատրաստվեցին հատուկ ամրացված պահեստային դիրքեր: Բանակային հիմնական ուժերը, զուգահեռ հակառակորդի շարժման ուղղությանը, դարան մտան աջ և ձախ թևերում` սարահարթը եզրող բարձրավանդակների հետևում: Միաժամանակ Արտանուջի թագավորության բանակը լեռնային շրջանցիկ ճանապարհով անցկացվեց թշնամու թիկունք` խնդիր ունենալով վճռական պահին թիկունքային հարված հասցնել հակառակորդին: Ըստ նախապես հաստատված մարտական ծրագրի՝ Անիի թագավորության բանակը պետք է պարկի մեջ վերցներ հակառակորդի բանակին և ոչնչացներ:
I փուլ – Կեսօրին, տեղեկանալով, որ հակառակորդի ամբողջ բանակը արդեն մտել է լեռները, իսկ Արտանուջի թագավորության բանակն էլ զբաղեցրել է ելման դիրքեր, սպարապետ Վահրամ Պահլավունին առաջ ուղարկեց թեթև հեծյալներին, որոնք, նետահարությամբ, առանձին մենամարտերով և մանր մարտերով նահանջելով, հակառակորդի ռազմիկներին քաշեցին իրենց հետևից` հասցնելով սարահարթում տեղավորված Անիի թագավորության բանակի կենտրոնի գրաված դիրքերին: II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված Մամլանի հեծելազորը, տեսնելով Անիի թագավորության բանակի կենտրոնի սակավաթիվ ռազմիկներին, անցավ ուղղակի գրոհի: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Անիի թագավորության բանակի կենտրոնը հզոր նետահարության և ծանր հետևակի պարտադրած ձեռնամարտի շնորհիվ կասեցրեց հակառակորդի գրոհի թափը ու սկսեց նահանջել դեպի պահեստային դիրքեր: III փուլ – Պահեստային դիրքերում տեղակայված նետաձիգների հուժկու հարվածի տակ ընկած թշնամու հեծելազորը հայտնվեց ծանր վիճակում և սկսեց խոշոր կորուստներ կրել, քանի որ հեծյալները մեծամասամբ չէին կարողանում հաղթահարել կտրուկ բարձունքը ու հասնել նետաձիգներին, իսկ որևէ կերպ այնուհանդերձ առաջ եկած հակառակորդի առանձին ռազմիկներին էլ ձեռնամարտում ոչնչացնում էին նետաձիգների շարքերում մարտնչող ծանր հետևակայինները: Մարտը այս կերպ շարունակվեց բավականին երկար, քանի որ հակառակորդի բանակի հետևի շարքերը, տեղյակ չլինելով առաջացած դժվարությունների մասին, շարունակվում էին առաջխաղացումը` կուտակվելով Անիի թագավորության բանակի կենտրոնի կողմից լքված սարահարթում: IV փուլ – Օրվա երկրորդ կեսին, զգալով, որ սարահարթում կուտակված հակառակորդի բանակը, թեև ծանր կորուստներ կրելով, բայց այնուհանդերձ աստիճանաբար սկսում է հաղթահարել իր բանակի կենտրոնին, Հայոց սպարապետը մարտի մեջ մտցրեց դարանում գտնվող սեփական բանակի թևերը, ընդ որում սկզբում հակառակորդի հոծ շարքերի վրա գլորվեցին նախապես պատրաստված խոշոր քարեր, որոնք ծանր կորուստներ պատճառեցին ու խուճապի մատնեցին վերջինիս ռազմիկներին: V փուլ – Թևերից թշնամու վրա շարժվող Անիի թագավորության բանակի հեծելազորի ու հետևակի հիմնական ուժերը շրջապատեցին բարոյալքված հակառակորդին` սկսելով անխնա կոտորել վերջինիս: Միաժամանակ ճակատից շարունակեցին հուժկու հարվածներ հասցնել նետաձիգները: VI փուլ – Հակառակորդի բանակի վերջապահում գտնվող նետաձիգները փորձեցին նահանջել, բայց նրանց վրա հարձակվեց Արտանուջի թագավորության բանակը և, միանգամից անցնելով ձեռնամարտի, գլխովին ջախջախեց, որից հետո փակեց հակառակորդի նահանջի ճանապարհը: Բորբոքված մարտում հատկապես աչքի ընկան Գամրկելի եղբայրները, որոնք հուժկու հարվածներով նժույգներից տապալում էին հակառակորդի ռազմիկներին և որոնց հավասար ռազմիկ հակառակորդի բանակի շարքերում այդպես էլ չգտնվեց: Արդյունքում լիակատար շրջապատման մեջ հայտնված հակառակորդի բանակը գլխովին ոչնչացվեց: VII փուլ – Անիի թագավորության բանակը մինչև երեկո հետապնդեց հակառակորդի փախչող բանակին մինչև Ատրպատական:
Հայերը կորցրին մոտ 18.000, թշնամին` մոտ 90.000 զինվոր:
Տեղեկանալով իրենց հիմնական բանակի պարտության մասին` թշնամու հյուսիսային և հարավային զորասյուները արագորեն նահանջեցին ու լքեցին Անիի թագավորության տարածքը: Ռավվադյան պատերազմը ավարտվեց: Արդյունքում Ապահունիքը անցավ Արտանուջի թագավորությանը, Գողթնի էմիրությունը ոչնչացավ, իսկ Անիի թագավորության տարածքում գտնվող, ինչպես նաև նրա հարևան մյուս էմիրությունները ստիպված եղան հրաժարվել մինչ այդ վարվող ագրեսիվ քաղաքականությունից:
Ահա այսպես արդեն հեռավոր 998 թ-ին մեր նախնիները ոչ միայն հետ մղեցին մահմեդական աշխարհի անհանդուրժող հերթական ագրեսիան, այլև քրիստոնյաների համար կարևորագույն մի հաղթանակ ապահովեցին, որ դրանից հետո գրեթե 4 տասնամյակ մահմեդական աշխարհի հետ շարունակվող հակամարտությունում առավելությունը թողեց քրիստոնյաներին։
Վերջում ներկայացնեմ տեղագրական քարտեզը, թե որտե՞ղ է եղել ճակատամարտը՝ վերջինիս հիմնական փուլերի նկարագրությամբ։ Սա Մանազկերտի շրջակայքն է, Վանա լճից հյուսիս, կանաչով տրված է Մամլանի բանակի ճամբարը և հարձակման ուղղությունը, կապույտը քրիստոնյաներն են։
Հիշենք մեր հերոսներին, արդար չէ այս ամենը մոռացության տալը։
_________________ Приходите в мой дом...
|