Տղաս, հպարտությունս, կյանքիս ամենամեծ ստեղծագործությունս, Դավիթս՝ այսօր ես չբացատրեցի քեզ, թե ինչ է Ծիծեռնակաբերդը և ինչու ենք մենք ամեն տարի ապրիլի 24-ին այցելում մեր այս ցավի հուշակոթողը: Չբացատրեցի, չնայած քո բազում հարցերին, ես այդպես էլ չուզեցի քեզ պատմել անմեղ զոհերի ու մարդկային գազանության մասին, չուզեցի հետդ խոսել մեր վշտի վերաբերյալ, թեև, մի քիչ էլ որ անցնի, ես կպատմեմ քեզ այդ ամենի մասին ու հատկապես կշեշտեմ խենթ խիզախության, անհավատալի հերոսությունների ու զուտ հայկական, արժանապատիվ տղամարդկության մասին, որ մեր ազգը դրսևորեց այդ ողբերգական տարիներին, դու կիմանաս, որ մենք ամենևին էլ հլու հնազանդ զոհ չենք եղել, այլ կռվել ենք, մեր կռիվն ենք տվել լեռներում ու սարերում, քաղաքներում ու տներում, գաղթի ճանապարհին ու անապատներում, տվել ենք ինչքան կարողացել ենք ու մեր կռիվը տալով... ապրել ենք:
Այսօր ես շատ էի ուզում խոսել հետդ այդ ամենի մասին, որդիս, բայց զսպեցի ինձ և առայժմ դու, համարյա արդեն չորսամյա իմ ժառանգորդ, որ առաջին անգամ եկար Ծիծեռնակաբերդ, չգիտես, թե ինչ կա այդ անմար կրակի մեջ և ինչ է խորհրդանշում մեր այս հուշակոթողը:
Կգա մի օր, որդիս, ու այդ օրը հաստատ կգա, երբ դու կհասկանաս ու կգիտակցես, թե ով ենք մենք, ով է քո հայրը և ինչ է Ծիծեռնակաբերդը: Ու ես հույս ունեմ, տղաս, որ ազգային այս հարցում դու ոչ միայն հորդ գործի արժանի ժառանգորդը կլինես, այլև կանես այն, ինչ գուցե և չհասցնեմ անել ես, քանզի մենք վրեժի ու կորսված Հայրենիքի խնդիր ունենք: Բայց նաև ես հույս ունեմ, Դավիթս, որ քո վրեժն ամենից առաջ կկայանա հենց նրանում, որ դու քո ուժերի ներածի չափով ոտքի կհանես ու կկառուցես մեր պետականությունը՝ ուժեղ պետություն և հաստատ պետականություն կստեղծես, որն էլ կապահովի մեր ազգային իղձերի վերջնական իրականացումը:
Ահա նման բաներ տղաս, իսկ առայժմ մենք ընդամենը իրար հետ կմոտենանք մեր վշտի այդ անմար կրակին...