Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
1894-1896 թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն՝ հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, և ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա:
Սակայն խրատվեցի՞նք մենք: Ամենևին:
Եվ ահա էլի փաստ: Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում՝ պետությունների ուշադրությունը գրավելու համար: Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից1 տարիներ էին անցել, և մենք մոռացել էինք նրան: Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետևանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, և մենք նոր մի փորձության առջև էինք կանգնած: 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք:
Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին: Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչև որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ: Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից և գնում էի տուն՝ հանգստանալու: Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение»-ի սրբագրությունը: Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր: Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա՝ Արևելյան հարցի 2 վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում, և որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո3 տառերով: Տպավորությունը մեզ՝ երկու առաջին ընթերցողների վրա խիստ է: Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին՝ դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին: Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից:
Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա: Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է: Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը:Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները: Կարծես սա միևնույն չէ հայ հեղափոխության տեսակետից: Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր: Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով:
Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը: Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը՝ առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը: Բանկի գրավման հետևանքովԿ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել՝ երկրորդը մի տարվա մեջ, և այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ: Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ՝ «Մշակի» խմբագրատուն: Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, և Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից: Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք: «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՛»,- այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ՝ նստելով կողքիս, բազմոցի վրա և սեղմվելով ինձ: Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին և զարմանում ինքս իմ մեջ: Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո~վ գիտե վաղը քանի~-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ և միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները:
Մե՞նք, թե՞ նրանք:Կարծեք՝ սպորտի հարց էր այդ և ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց:
Եւ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին: Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին՝ հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է և նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին՝ ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով: Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները:
Կասկած ուրեմն չկար: Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երևաց, և հափշտակելով խմորատիպ դիմումը՝ դուրս գնաց կաղին տալով:
Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին: «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն և ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով:Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խոսրասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթարցանության մեջ: Հիշում եմ՝ նրան ոգևորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա և ասել, թե անգամ ֆրանսիացիները՝ հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն: Իր այս ոգևորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով: Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը:
Լավ, շատ լավ: Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետև էլ, «մինչև ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան կատարել: Հետո՞: Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ:
Մեզ բացատրում էին իմաստը: Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին: Այստեղ, ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձևակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին: Ես արդեն խոսել եմ նրա մասին վերևում և այստեղ կուզեի միայն հիշեցնել, թե որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը: 1890 թվին եվրոպական կապիտալն իր հանգստության պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել, այլ սուլթան Համիդին:Եւ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա: Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը՝ զարդարված թանկագին քարերով:
Ահա՛ ինչ էր անում եվրոպական կապիտալը: Որքան հայ հեղափոխությունը վախեր էր պատրաստում նրա համար, այնքան ավելի պինդ էր նա Համիդին սեղմում իր սրտին:
Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն: Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը: Նա հավաստիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից: Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որևէ վնասի հեռանալ Կ.Պոլսից: Հեղափոխականները համաձայնություն տվեցին, և Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել: Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»:
Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով: Հետևյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը՝ Մուշտայիտ այգում: Նստեցինք թեյ խմելու, և ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել:
Պաշտում էին: Բայց ինչի՞ համար... Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ: Օգուտ լիաբար ստացել էր Վիլհելմը՝ իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ:
Լեո, Անցյալից, Երեւան, 2009 թ., էջ126-129
--------------------------
*Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) –Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ, ում պատկանում է հայտնի ասույթը՝ «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայոց լեռները»:
** Այդպես էր կոչվում քայքայվող Օսմանյան կայսրության տարածքներով Մերձավոր Արևելք, նաև Հյուսիսային Աֆրիկա և Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը մեծ տերությունների համար, որի պատճառով մրցակցում էին միմյանց հետ և շահարկում կայսրության ժողովուրդների ազատագրական իղձերը: Աշխարհագրության բերմամբ՝ Արևելյան հարցի մաս էր կազմում Հայկական հարցը:
*** Ակնառու տառատեսակ, որով 1467 թ. տպվել են Ցիցերոնի նամակները:
|
|