Հայերն և Հայաստանը պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ հիշատակվում են մ.թ.ա. XXVIII դարում, ընդ որում կարևոր է ընդգծել, որ այդ ու դրան հաջորդող հիշատակություններում մեր առաջ հառնում է արդեն իսկ զգալի կայացածության մակարդակ ունեցող մի ազգ ու արդեն իսկ որոշակիորեն ձևավորված մի պետություն։ Այսպիսով, թեև հայերի առաջին հիշատակումը պատկանում է մ.թ.ա. XXVIII դարին, որն համաշխարհային պատմության մեջ ինքնին ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է, քանի որ հայերը կարող են համարվել ներկայումս գոյություն ունեցող աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, սակայն հավանական է կարծել, որ հայերը գոյություն են ունեցել և սկսել են կազմավորվել դրանից դեռս մի քանի հարյուրամյակ նույնիսկ առաջ։ Իրոք, եթե մ.թ.ա. XXVIII դարի վերաբերյալ մենք տեղեկություն ունենք արդեն իսկ զգալի կայացածության մակարդակ ունեցող մի ազգի և արդեն իսկ որոշակիորեն ձևավորված մի պետության մասին, ապա պարզ է, որ այդ գործընթացը ոչ թե «օդից» կամ միանգամից է հայտնվել մ.թ.ա. XXVIII դարում, այլ սկիզբ է առել դրանից գոնե մեկ կամ մի քանի հարյուրամյակ առաջ՝ կոպիտ գնահատականներով՝ մ.թ.ա. IV հազարամյակի վերջում կամ մ.թ.ա. III հազարամյակի սկզբում։ Այս առումով հարկ է միայն ավելացնել, որ, եթե մ.թ.ա. XXVIII դարի վերաբերյալ մենք ունենք «հայ»-ի և «Արմե» տերմինների առաջին հիշատակումը, ապա արդեն նույն հարյուրամյակի վերջի վերաբերյալ առկա է պատմության մեջ առաջին հաղորդումը հայերի կողմից վարված ռազմական գործողության մասին։ Այս կապակցությամբ չի խանգարի մի քանի խոսք ավել ասել։
Ինչպես արդեն նշվեց, արդեն ԱՌԱՋԻՆ ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ մանրամասն խոսում են ինչպես հայերի, այնպես էլ հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, իսկ աքքադական և էբլայական աղբյուրների «Արմանում»-ն ու «Արմի»-ն էլ լրացնում են այդ տեղեկությունները։ Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում նաև հայկական աղբյուրները` ի դեմս Մովսես Խորենացու և վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչների, ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրների : Այսպիսով՝ հինարևելյան աղբյուրները, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից։
Հայոց հնագույն պատմության նկատմամբ վերաբերմունքը, սակայն, սկսեց փոխվել XIX դարի սկիզբից և այս գործընթացը իր գագաթնակետին հասավ նույն դարի վերջին ու հատկապես XX դարի երկրորդ կեսին։ 1802 թ-ին հայտնաբերվեց հին պարսկական սեպագիրը վերծանելու գաղտնիքը, իսկ հետագա տասնամյակներում էլ մի շարք մասնագետներ կարողացան կարդալ նաև ասորեստանական և բաբելոնական արձանագրությունները։ Հենց այս ժամանակներում էր, որ Հայաստանի տարածքում ավելի ու ավելի մեծ չափերով սկսեցին հայտնաբերվել արձանագրություններ, որոնք սկզբում, կարծես թե, նման էին ասորեստանական արձանագրություններին։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ գիտնականները գործ ունեն արձանագրությունների նոր մի տեսակի հետ, որը հենց այդ ժամանակ էլ անվանվեց ոչ այնքան հաջող, սակայն իր ժամանակի գիտական մակարդակի համար ընդունելի թվացող «ուրարտական» տերմինով։ «Ուրարտական» արձանագրությունները վերծանելիս մասնագետները սկսեցին օգտվել ասորեստանական արձանագրությունների վերծանման ժամանակ կիրառվող մեթոդիկայից և արդյունքում, ոչ այնքան ճշգրիտ ու բառացի, այնուհանդերձ շուտով կարողացան կարդալ դրանց զգալի մասը, ընդ որում` մասնագետներին այդպես էլ չզարմացրեց այն, որ արձանագրությունները վերծանվում են որոշակիորեն արհեստական, ոչ խոսակցային լեզվով։
Արդյունքում առաջ քաշվեց որոշակիորեն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԵՑՈՂ և 1960-ականների կեսերին հայերի արթնացող անկախականության շարժմանը հարվածելուն կոչված «Ուրարտական միֆ»-ը, որը դրանից հետո դեռ երկար էր շարունակելու իր գոյությունը և, ըստ էության, լինելով փակուղային, հետագա տասնամյակներում ավելի ու ավելի էր ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆԵԼՈՒ իրենց ընտրած ուղղության անհեռանկարությունը այդպես էլ չընդունած գիտնականներին։ Սկսեցին ակտիվորեն շրջանառվել արհեստական ու փաստացի բովանդակազուրկ «Ուրարտու» և «ուրարտացիներ» տերմինները, որոնց արդյունքում առաջ քաշվեցին նաև համապատասխան տեսություններ չգիտես որտեղից հայտնված և ուր կորած «ուրարտացի» էթնոսի մասին։ Այս գործընթացի գագաթնակետը հանդիսացան ոչ անհայտ Ի. Մ. ԴՅԱԿՈՆՈՎԻ աշխատությունները։
Միայն իրեն հատուկ դոգմատիկ համառությամբ, կրքոտությամբ, անառարկելիության տոն ստացած մոլեռանդությամբ և իր ընդդիմախոսներին գիտական ու գործնական շրջանակներից դուրս մղելու նպատակ հետապնդող անձնական և գործնական հստակ հարձակումների արդյունքում 1960-1980-ական թվականների ընթացքում Ի. Մ. Դյակոնովը խորացավ փակուղային հանդիսացող այս ուղղությունում ավելին, քան որևէ մեկը ու խորացրեց փակուղային այս տեսությունը ավելին, քան որևէ մեկը արել էր և կաներ նրանից հետո։ Արդյունքում արդեն XX դարի վերջին արտասահմանյան խորհրդային ու հետխորհրդային «ուրարտագիտություն»-ը հայտնվեց տեղապտույտի և գաղափարական հստակ ճգնաժամի մեջ։ Ի. Մ. Դյակոնովը մահացավ 1999 թ-ին և նրանից հետո մեծապես հենց այս գիտնականի ջանքերով իր «փայլուն» վիճակը պահպանող տեսությունը ՍԿՍԵՑ ՌԵԳՐԵՍ ԱՊՐԵԼ և ՓԼՈՒԶՎԵԼ։ Պատահական չէ, որ Ի. Մ. Դյակոնովի մահվանից հետո արդեն ավելի քան քսան տարի անց էլ այս ոլորտում և անչափ շատ անպատասխան հարցեր պարունակող «դյակոնովյան» ուղղությունում այդպես էլ չի ասվել սկզբունքորեն որևէ նոր խոսք։ Արտասահմանում «ուրարտագիտություն»-ը իջավ դյակոնովյան առաջին տարիների և մինչդյակոնովյան մակարդակին ու շարունակում է մնալ այդ վիճակում առ այսօր։ Այսպիսով` հայագիտությանը հասցվեց զգալի վնաս, քանի որ արդյունքում պարզվեց, որ մի քանի սերնդի գիտնականներ իրենց ջանքերն ու եռանդը ծախսել են, ըստ էության, փակուղային հանդիսացող մի տեսության վրա և, լավագույն դեպքում, գիտությանը չեն տվել որևէ օգուտ։
Հայագիտությանը հասցված վնասը, սակայն, դժբախտաբար, միայն սրանով չսահմանափակվեց և հասցվեց ևս մեկ ու ծանր վնաս։ «Ուրարտու»-ի և «ուրարտացիներ»-ի ի հայտ գալը անհրաժեշտություն առաջացրեց «տեղավորել» անառարկելիորեն գոյություն ունեցած այս պետությունը մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի հայոց այլ պետությունների հետ նույն ժամանակատարածային հարթությունում։ Արդյունքում, համարվելով «հնարովի և վիպական», Հայոց հնագույն պատմության համակարգից տառացիորեն դուրս շպրտվեցին մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր հաղորդումները հայոց այլ պետությունների վերաբերյալ։ Պատահական չէ, որ 1960-1980-ական թվականներին լայն թափ ստացավ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ «ՎԻՊԱԿԱՆ» ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ։ Ի. Մ. Դյակոնովի հեղինակության և վարչահրամայական ճնշման ազդեցության տակ զարգացավ ու ամրապնդվեց որոշակիորեն քաղաքական աստառ ունեցող «Միգրացիոն տեսություն»-ը, որն ուղղակի ոչնչացրեց մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր և նույնիսկ ամենաարժեքավոր տեղեկությունները հայոց այլ պետությունների վերաբերյալ՝ վերջ, անառարկելիորեն ընդունվեց, որ բոլոր այն տեղեկությունները, որոնք պատկանում են «մինչուրարտական» ժամանակի Հայոց պատմությանը, «հնարովի են և վիպական»։
Հատկանշական է, որ խորհրդահայ և ԽՍՀՄ գիտական միտքը զգայուն կերպով հետևում էր «Միգրացիոն տեսության» վայրիվերումներին։ Այսպես, «Միգրացիոն տեսության» կողմնակիցները սկզբում պնդում էին, որ Հայկական լեռնաշխարհում հայերը հայտնվել են միայն մ.թ.ա. VII դարի վերջում` պատմության ասպարեզից դուրս մղելով «ուրատացիներ»-ին և «Ուրարտու»-ն։ Հետագայում, սակայն, հաշվի առնելով «Միգրացիոն տեսության» հիմքերը կասկածելիորեն խարխլող «Ա(Ու)րմեն» պետության և «ա(ու)րմե»-ների մասին մ.թ.ա. XII դարին վերաբերվող սեպագրերի հաղորդումները, «Միգրացիոն տեսության» կողմնակիցները բարեհաճեցին մասնակի «համաներում» հայտարարել մի քանի հարյուրամյակով` Հայկական լեռնաշխարհում հայերի «հայտնվել»-ը տեղափոխելով մ.թ.ա. XII դար և, ըստ էության, համակերպվելով, բայց այդպես էլ վերջնականապես չընդունելով մ.թ.ա. XII-VII դարերին վերաբերվող մատենագիր-գրավոր տեղեկությունների հավաստիությունը։
Առաջ անցնելով և որոշակիորեն թեմայից շեղվելով ասենք, որ առանց այդ էլ խարխուլ ու հիմնազուրկ «Միգրացիոն տեսության»-ը նոր հարված հասցրեցին խեթական աղբյուրներից հայտնի դարձած և աստիճանաբար գիտական մեծ շրջանառություն ստացած հաղորդումները «Հայա(սա)»-ի վերաբերյալ, էբլայական սեպագրերից հայտնի հաղորդումները «հայ» էթնոսի և «Արմի» պետության մասին, ինչպես նաև շումերա-աքքադական աղբյուրների «Արատտա»-ն, «Հայ»-ը և «Արմանում»-ը։ Հարցին վերջնական պարզաբանում տալու համար ավելացնենք, որ ներկայումս Հայոց հնագույն պատմությունը Հայաստանում ազատվել է «Դյակոնովյան կապանքներ»-ից և «Միգրացիոն տեղապտույտ»-ից ու հաջողությամբ զարգանում է, այն դեպքում, երբ «Միգրացիոն տեսության» հետքերով գնացող Հայոց հնագույն պատմության մասնագետները արտասահմանում հայտնվել են խորը տեղապտույտի մեջ և, գիտակցելով հանդերձ սեփական ուղղության անհեռանկարությունը, սակայն գերի մնալով թղթին հանձնված հազարավոր էջերին ու ձեռք բերված գիտական կոչումներին, որպես կանոն, ՈՉԻՆՉ ԱՎԵԼԻՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ, քան ծայրահեղ և անտրամաբանականության աստիճանի հասնող կոնսերվատիզմի դիրքերից արդեն փլատակների կույտի վերածված «Միգրացիոն տեսության»-ը հերթական հարվածները հասցնող փաստերը կուրորեն ժխտելը, իսկ հայաստանյան մասնագետներին էլ՝ «ազգայնամոլության» մեջ մեղադրելը…
|