Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
«Քիւրտն Ու Թուրքը Սկսեցին Իրար Ուտել, Մեզ Մի Պահ Մոռացան» Երեկոյեան ջերմ հանդիպում ունեցանք Մուշի կենտրոնում ապրող մեր հայրենակիցներից մէկի տանը: Մեզ դիմաւորում է կապուտաչեայ, գլուխը ճերմակ շալով ծածկած, միջին տարիքի ժպտերես մի կին, որը խօսում է թուրքերէն եւ արաբերէն: Ոգեւորուած պատմում է, որ ամուսինը 10 տարի առաջ Հայաստան էր գնացել եւ իրենց ազգականներին գտել: Սակայն անմիջապէս զգուշացնում է.
– Հիմա որ դուք մեր տանն էք, ոչ ոք պիտի չիմանայ Մուշում, գաղտնի պիտի մնայ: Ամուսինս ընկերութիւնում տնօրէն է, աշխատանքի վայրում չգիտեն, որ հայ ենք: Որ իմանան… Ախր ո՞ր մահմետականը կը հանդուրժի, որ հայը իր տնօրէնը լինի, իրեն հրամայողը լինի…
Կապուտաչեայ հայուհին Պիթլիսի Մոտկան շրջանից է այստեղ հարս եկել.
– Որպէս հայերի թոռներ` մեզ իրար հետ ամուսնացրին, սասունցիները լաւ ժողովուրդ են, բայց մի քիչ խելառ են:
Իր պապիկը Ցեղասպանութիւնից փրկուել է շատ փոքր հասակում, յայտնի չէ, թէ երբ ու ինչպէս է մահմետականացել: Սակայն մեր հերոսուհին կրօնափոխութեան մասին չի խօսում, դա համարում է անցած հանգրուան, դա մնացել է անցեալում.
– Այսքանից յետոյ էլ ի՞նչ պիտի փոխուի, ոչինչ:
Այս խօսքերը մեր խօսակցութեան ընթացքում կրկնում է մի քանի անգամ, կարծես ցանկանայ շեշտել, որ ամէն ինչից տեղեակ է, բայց իսլամից հեռանալ չի պատրաստւում:
Տիկինը մեզ պատմում է մի քանի տարի առաջ իր եւ իրենց հարեւանի միջեւ տեղի ունեցած խօսակցութեան մասին.
– Մենք մի մտերիմ հարեւան ունէինք, շատ անկեղծ, լաւ ընկերներ էինք: Նա չգիտէր, որ մենք հայ ենք: Յետոյ մի օր ականջին հասնում է, չի հաւատում: Այդ մասին իրեն ասած մարդկանց հետ վիճում է. ասում է. «Չի կարող պատահել, ես նրանց հետ շատ մօտ եմ, եթէ նման բան լինէր, ես կ՛իմանայի»: Բայց կասկածում է: Գալիս է ինձ մօտ, ասում է. «Քեզ մի բան պիտի հարցնեմ, բայց չնեղանաս: Ճի՞շդ է, որ ամուսինդ հայկական ծագում ունի»: Արիւնս սառեց: Չգիտէի` ինչ անեմ… Ի վերջոյ մտածեցի` ինչ լինում է` թող լինի: Ասացի. «Այո՜: Ես էլ եմ հայ: Մենք հայ ենք»: Ասաց. «Ինչո՞ւ ես մինչեւ հիմա չգիտեմ, ինչո՞ւ եմ ուրիշներից լսում»: Ես էլ նստեցի, հատ-հատ ամենասկզբից պատմեցի… Ամէն ինչ, գլխներովս անցած ամէն բան: Պատմում եմ, պատմում, ու չի վերջանում, պատմութիւններն աւարտ չունեն: Ամբողջը պատմեցի, ասացի. «Մենք այսքան բանն ապրել ենք, ես ինչպէ՞ս քեզ կամ միւսին ասէի, որ հայ ենք… Ես այսքան երեխաներ ունեմ: Դու չես հասկանայ, մեր ցաւը շատ խորն է…»:
Մեր հերոսուհին շատ հետաքրքիր ու դիպուկ բանաձեւեց, թէ ինչ փոխուեց հայերի համար քրտական շարժումից յետոյ:
Առաջ քիւրտն ու թուրքը մեր արիւնն էին խմում` իրար հերթ չտալով, յետոյ սկսեցին իրար ուտել, մեզ մի պահ մոռացան, առաջ աւելի անազատ էինք:
Մեր զրոյցն ընդհատեց Մոնոկոկ գիւղից ժամանած ազգականը, որը զարմանքով մեզ նայեց այնպէս, կարծես ճակատիս գրուած էր` «Նա հայ է», եւ ժպտալով ասաց` բարեւ…
65-ամեայ հային ոգեւորուած փորձում եմ հարցեր տալ իր ծննդավայրից, ընտանիքից, սակայն նա ինձնից առաջ է ընկնում ու փորձում հետս խօսել իր իմացած կիսատ-պռատ հայերէնով. «Իմա՞լ իս, սա՞ղ իս, լաո՜»:
Պատմում է, որ ծնուել է Սասունի Քաղքիկ գիւղում, իրենց գառները շատ էին, այդ պատճառով քրտերը շատ էին կռւում իրենց հետ: Իր ծննդավայրը լաւ չի յիշում. փոքր է եղել, երբ եկել են Մուշ: Հետագայ մի քանի րոպէներին տեղում է հարցերի տարափը. Հայաստանում վիճակն ինչպէ՞ս է, աշխատանք կա՞յ, թէ ոչ, իրենց ազգականներին ճանաչո՞ւմ ենք, նրանց բարեւ պիտի տանենք…
«Ինչքան Հայ Կայ Աշխարհում, Այդքան Քար Թափուի Ձեր Գլխին. Ինշալլահ» Յաջորդ օրը ուղեւորուեցինք Նորշէն գիւղ, որտեղ բնակւում է 6 հայ ընտանիք: Նրանցից մէկի տունը մտնելուց վայրկեաններ անց գիւղի բոլոր հայերը հաւաքւում են մեր շուրջը: Մեր ընկերներից մէկը դուրս է վազում ու մի քանի րոպէ անց վերադառնում տարեց մի պապիկի հետ.
– Ա՜յ, նայիր, նայիր, ինքը հայերէն գիտի, դէ խօսէք, խօսէք:
Պապիկը հետազօտող հայեացքով մեզ է նայում, փորձում հայերէն խօսել մեզ հետ, սակայն րոպէներ անց դադար է առնում.
– Հայերէն մոռցեր իմ, լաո՜…
Երեւում է, որ հայերէն վաղուց չի խօսել, դժուարանում է:
Ի վերջոյ մեզ համար հայերէն երգում է «Դերիկոյի երգը»:
Տանտէրը, տանից դուրս գալով, բանջարանոց է ուղեւորւում, որպէսզի ջրի ելակները, սակայն յայտնաբերում է, որ հարեւանները ջուրը կտրել են:
Գիւղում լուրերը շատ արագ են տարածւում, գիւղի քրտերը միանգամից տեղեկացան, որ Հայաստանից հիւրեր են եկել իրենց հարեւանների տուն: Երեւի հէնց այդ պատճառով դիտաւորեալ փորձում են հակամարտութեան մէջ մտնել հայերի հետ.
– Կեաւուրներին տալու ջուր չունենք:
Թէեւ այստեղի հայերը վաղուց մահմետական են, սակայն «կեաւուր» բառը միշտ հետապնդում է նրանց: Վէճը թէժանում է, լեզուակռիւը` երկարում: Ի վերջոյ տանից դուրս է գալիս պապիկը եւ բղաւում քրտերի վրայ.
– Ինչքան հայ կայ աշխարհում, այդքան քար թափուի ձեր գլխին. ինշալլահ:
Տան հարսը երեկոյեան թէյի սեղանի շուրջ մեզ զգուշացնում է.
– Այստեղի մարդկանց չվստահէք, Մուշի ժողովուրդը լաւը չէ: Ես շատ բան եմ տեսել: 8 երեխայ եմ ունեցել, 4-ն են կենդանի… Այս հարեւանները ամէն օր ինձանից ինչ-որ բան են ուզում, եթէ չտամ, շատ կը բարկանան: Երեխաներիս դպրոցում «ֆըլլա» (քրտերէն` հայ, քրիստոնեայ) են ասում: Ամենափոքր տղաս 4 տարեկան է, մի քանի օր առաջ ենք թլփատել: Եթէ չանենք, կամ մի քիչ ուշացնենք, միանգամից խառնւում են. «Այդ ինչո՞ւ չէք թլփատում»: Կարծես հարցնեն` «Դուք հո կեաւուր չէ՞ք»: Նախկինում մեզ գործ անգամ չէին տալիս, հիմա գոնէ ամուսինս աշխատում է, փառք Աստծոյ:
Տան տղամարդկանցից մէկը մեզանից հետաքրքրւում է.
– Իսկ հնարաւո՞ր է, որ գնանք Հայաստանում կնքուենք, բայց ոչ մի փաստաթղթում չնշուի, այստեղ` Թուրքիայում, գաղտնի մնա: Հա՞: Դէ ուրեմն ես այդպէս էլ կ՛անեմ:
Հրաժեշտից առաջ պայմանաւորւում ենք միւս տարի հանդիպել Հայաստանում. գալու են տան աւագ տղայի համար աղջիկ ուզելու: Տան մեծահասակները մեզ ճանապարհում են իրենց մոռացած հայերէնը վերյիշելով.
– Մնացէք բարով, էրթաք բարով, լաո՜:
«Ակունք»
ԱԶԴԱԿ, 25 Օգոստոս, 2015թ.
|
|