Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 13 дек 2017, 04:49

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 19 ]  На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 20:54 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մհեր Հակոբյան
Մանազկերտի 1071 թ-ի ճակատամարտը.
Մեծ կայսրության մահվան ժամը

(ռազմա-քաղաքական վերլուծություն)


«Ռոմանոս IV-ի բանակում գտնվող հայկական հետևազորը աչքի էր ընկնում բարձր մարտական հատկանիշներով»

Ա. Կաժդան


«Դա մեծ Բյուզանդայի մահվան ժամն էր… Հայաստանը և Կապադովկիան, նահանգներ որոնցից սերվել էին այնքան հայտնի կայսրեր ու ռազմիկներ և որոնք կազմում էին կայսրության հիմնական ուժը, ընդմիշտ կորան և թուրքը քոչվորի իր վրանը դրեց հինավուրց հռոմեական փառքի վրա»

Հ. Գելցեր


Ռազմա-քաղաքական համայնապատկեր


1060-ական թվականներին Բյուզանդական կայսրությունն ամենևին էլ լավ օրեր չէր ապրում։ Հետևում էին մնացել Հայկական (Մակեդոնական) գահատոհմի արքաների գահակալության փառահեղ տարիները, երբ կայսրության փառքը թնդում էր ողջ աշխարհում, իսկ Մերձավոր Արևելքում էլ վերջինիս հեղինակությունը համարվում էր անսասան ու անբեկանելի։ Այժմ, փայլուն այդ տասնամյակներից հետո, կայսրությունը մուտք էր գործել քաղաքական ու տնտեսական ցնցումների մի հարատև ժամանակաշրջան, որին վիճակված էր դեռ երկար շարունակվել։

Արևմուտքից կայսերական Իտալիան իրենց մանր հարձակումներով բզկտում էին նորմաները՝ Հյուսիսային Եվրոպայից ու «ֆրանկական աշխարհից» հավաքված այդ վարձկանները, որոնք այժմ արդեն դուրս էին եկել հսկողությունից և, ակտիվորեն սեփականացնելով Իտալիան, սահմանափակում էին կայսերական իշխանությունը Ապենինյան թերակղզում։ Մեծ հաշվով, իհարկե, նորմաններն իրենցից խոշոր ուժ չէին ներկայացնում և կայսրության լավ ժամանակներում նրանց սանձելը դժվարություն չէր ներկայացնի, բայց կայսրության լավ ժամանակներն արդեն, ինչպես ասվեց, հետևում էին, պաշտոնական Կոնստանդնուպոլիսն ի վիճակի չէր բավարար ուժեր կենտրոնցնել արևմտյան ուղղությամբ, դե իսկ տեղական բնակչության աջակցությունն էլ մեծ հաշով ամեն ինչ որոշում էր նորմանների օգտին։

Խաղաղ չէր նաև կայսրության բալկանյան սահմանը։ Հենց նոր նվաճված բուլղարները, ինչպես նաև հաղթված, սակայն չնվաճված սերբերն ու խորվաթները Հունգարական թագավորության աննկատ աջակցությամբ ստեղծում էին մի պատկեր, երբ կայսերական իշխանությունը Ադրիանապոլսից հյուսիս ընկած տարածքներում ոչ մի կերպ ամուր համարվել չէր կարող։ Այս ուղղությամբ վիճակը բարդանում էր նաև ղչփախների առկայությամբ։ 1049 թ-ին Արալյան ծովի հյուսիսային ու արևելյան ափերին բնակվող ղփչախները շարժվեցին դեպի արևմուտք և ծանր պարտության մատնեցին սկզբում օղուզներին, իսկ ավելի ուշ` արևելյան պածինակներին։ Արդյունքում Ղփչախական խանության սահմաններում հայտնվեցին Արալյան ծովի հյուսիսային ափերից մինչը Դոն ընկած հսկայական տարածքները, իսկ արևելյան պածինակները, ինչպես նաև օղուզների մի մասը ստիպված եղան անցնել Դոնը ու միանալ դեռևս 889 թ-ից Մերձսևծվյան տափաստաններում լիովին անկախ իշխող և Պածինակների խանությունը հիմնած արևմտյան պածինակներին։ Այս ամենի հետևանքով Պածինակների խանությունը, իր մեջ ընդունելով պածինակների խոշոր հատվածներ և դաշնակցելով օղուզների հետ, կտրուկ ուժեղացավ` վերածվելով Բյուզանդիայի չափազանց վտանգավոր ախոյանի և անվերջ սպանռանլիք կախելով Անդրդանուբյան տարածքների վրա։

Ամենամեծ սպառնալիքը, սակայն, որ կախված էր վասիլևսների լայնարձակ տերության գլխին, գալիս էր արևելքից։ Ղփչախների վերը հիշատակված տեղաշարժի արդյունքը եղավ նաև այն, որ օղուզների հիմնական մասը Կասպից ծովի արևելյան ափերով տեղաշարժվեց դեպի հարավ և, հաստատվելով հենց նոր ստեղծված Սելջուկյան սուլթանությունում ու ընդունելով իսլամը, կտրուկ ուժեղացրեց վերջինիս ռազմական պոտենցիալը` բոլոր պայմանները ստեղծելով սելջուկյան հետագա հսկայամասշտաբ արշավանքների համար։ Մեծ հաշվով ասած՝ դեռևս մինչ այս տեղաշաժն էլ էր Սելջուկյան սուլթանությունն իրենից ըստ էության ներկայացնում օղուզական մի տերություն՝ իսլամի հովանու ներքո, բայց այժմ, իր մեջ ընդգրկելով սեփական ցեղակիցների նոր խմբաքանակներ և հաջողությամբ «մարսելով» դրանց «իսլամական կաթսայում», Սելջուկյան սուլթանության հզորությունը հասավ ահռելի չափերի՝ մահացու սպառնալիքի տեսքով կախվելով արևելյան քրիստոնյաների և մասնավորապես Բյուզանդական կայսրության գլխին։ 1040-ական թվականների սկզբին վերջնականապես պարտության մատնելով Ղազնևիների սուլթանությանը ու դրանով իսկ հիմք դնելով աշխարհասասան մի տերության, Սելջուկյան սուլթանության առաջին սուլթան Տուղրիլ-բեկը (1033-1063) արագորեն կազմակերպեց նաև իր տերության ռազմա-քաղաքական համակարգը՝ միաժամանակ արդեն ավելի մեծ չափով շարունակելով նվաճողական և ավարառուական քաղաքականությունը առանց բացառության իր բոլոր հարևանների նկատմամբ։

1040-ական թվականների երկրորդ կեսին սկսվում են սելջուկյան արշավանքները դեպի արևմուտք ու մասնավորապես դեպի արևելյան քրիստոնյաների տիրապետության տակ գտնվող տարածքներ, սակայն այդ ժամանակ դրանք դեռևս ընդգծված հետախուզական և ավարառուական բնույթ ունեին։ 1050-ական թվականներին այս արշավանքներն ավելի մեծ չափերի են հասնում, իսկ արդեն 1060-ական թվականների սկզբից սկսած դրանք ստանում են բացահայտ նվաճողական բնույթ։ Հենց այս գործընթացի գագաթնակետն էլ հանդիսացավ Մանազկերտի 1071 թ-ի ճակատամարտը, որին վիճակված էր վճռորոշ դեր ունենալ տարածաշրջանի առանց բացառության բոլոր խաղացողների համար։

Տուղրիլ-բեկի տերության ռազմա-քաղաքական վերելքը համընկավ արևելքի գլխավոր քրիստոնյա խաղացողի՝ Բյուզանդական կայսրության, անկման դարաշրջանի հետ։ Հայկական գահատոհմի արքաների օրոք կայսրությունը կարողացել էր ըստ էության ոչ միայն լրջորեն սաստել ու սահմանափակել Բաղդադի Աբբասյաններին ու նրանց անունից փաստացի իշխող շիա պարսիկ Բուվայհյաններին, այլ նաև Կահիրեի շիա Ֆաթիմյաններին։ Այս ժամանակաշրջանում էր, սակայն, ընթանում նաև այն գործընթացը, երբ պաշտոնական Կոնստանդնուպոլսի դեմ իրար հետևից բռնկվում էին հսկայական չափերի հասնող նահանգային բանակաթեմային ազնվականության կողմից գլխավորվող ապստամբությունները։ Արդյունքում, արդեն 1020-ական թվականների երկրորդ կեսից սկսած, իշխող կայսրերի մոտ սկսեց գերակշռել այն մտայնությունը, որ իսլամական ագրեսիային մոտ 4 հարյուրամյակ հաջողությամբ դիմակայած բանակաթեմային համակարգը կայսրությանն արդեն ըստ էության այնքան էլ հարկավոր չէ՝ չկան լուրջ հակառակորդներ, իսկ բանակաթեմային համակարգն ու ազատ գյուղացիությունն էլ մշտական ապստամբությունների և հուզումների աղբյուր է։

Այսպիսով, ինչպես արդեն ասվեց, սկսած 1020-ական թվականների վերջից, կայսրության բանակը լրջագույն մի անկում ապրեց, ընդ որում գործընթացը երբեմն նույնիսկ փաստացի խրախուսվում էր Կոնստանդնուպոլսում իշխող կայսրերի կողմից։ Արդյունքում, արդեն 1030-ական թվականների սկզբից Բյուզանդական կայսրության ռազմական հեղինակությունը արևելքում սկսեց աստիճանաբար սասանվել։ Այսպես, 1030 թ-ի օգոստոսի 9-ից 10-ը ընթացած Ազազի խոշոր ճակատամարտում Հալեպի և Հյուսիսային Ասորիքի տեղական գահատոհմեր հանդիսացող Միրդասյանների և Նոմայրյանների էմիրություններին հաջողվեց խայտառակ պարտության մատնել Ռոմանոս III Արգիրոսի (1028-1034) գլխավորած բյուզանդական խոշոր բանակին ու, եթե սկզբում բոլորն այնպես էին ընկալում ու բոլորին այնպես էր թվում, թե դա սոսկ ընդամենը միայն մի պատահականություն էր, աստվածային զայրույթի կամ կայսեր անճարակության արդյունք, ապա հետագան ցույց տվեց, որ դա իրականում համընդհանուր քայքայման միայն առաջին ախտանշաններից մեկն էր, որն արդեն լիովին բացահայտ դարձավ այն բանից հետո, երբ 1040-ական թվականներին Տուղրիլ-բեկի ստեղծած ահարկու ռազմական մեքենան մոտեցավ կայսրության սահմաններին։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 20:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պետք է ասել, սակայն, որ նույնիսկ 1040-ական թվականների սկզբին էլ Կոնստանդնուպոլսում իշխող կայսրերը համառորեն չէին ուզում վերանայել ոչ բանակի նկատմամբ իրենց քաղաքականությունը, ոչ էլ արևելյան քաղաքականությունն ընդհանրապես։ Ավելին, նույնիսկ այն բանից հետո էլ, երբ 1044 թ-ին Բյուզանդիան հասավ իր արևելյան քաղաքականության մեծագույն հաջողություններից մեկին՝ վերացրեց և իր կազմի մեջ ընդգրկեց Անիի թագավորությունը, որդգերված կործանարար քաղաքականությունը շարունակվեց արդեն նաև հենց նոր նվաճված Անիի թագավորության ռազմական մեքենայի նկատմամբ, որի արդյունքում Բագրատունիների կողմից հատկապես իսլամական աշխարհի դեմ մղված մարտերում երկար հարյուրամյակների ընթացքում կոփված Հայոց ռազմական մեքենան բյուզանդական ակտիվ ջանքերի արդյունքում մի քանի տարում լիովին շարքից հանվեց։

Ինչպես արդեն ասվեց, 1040-ական թվականների երկրորդ կեսին արևելքում իսլամական վտանգը կայսրության համար կրկին ահագնացավ։ Արդեն 1048 թ-ին դեպի Հայաստան ու հարակից այլ երկրներ սկիզբ առավ իր մեծությամբ սելջուկյան բանակի աննախադեպ մի արշավանք, որին վիճակված էր փայլուն հաղթանակներով պսակվել կայսերական բանակի նկատմամբ, իսկ ձեռք գցված ավարն էլ գերազանցում էր նույնիսկ ամենահամարձակ երազանքները։ 1053 թ-ին արդեն անձամբ Տուղրիլ-բեկի գլխավորությամբ դեպի Հայաստան ու հարակից այլ երկրներ սկիզբ առավ իր մեծությամբ նույնիսկ արդեն նախորդին գերազանցող մեկ այլ արշավանք, որը տևեց մի քանի տարի և նախորդից ավելի խոշոր արդյունքներ գրանցեց։ Արդյունքում արդեն 1050-ական թվականների երկրորդ կեսին կայսրության իշխանությունը Հայաստանում զգալիորեն թուլացավ։ Այս առումով հետաքրքիր է նշել նաև այն մասին, որ նույնիսկ արդեն իսկ լիովին աղետալի տեսք ստացած այս պայմաններում էլ պաշտոնական Կոնստանդնուպոլիսը չէր գիտակցում արևելյան իր քաղաքականության ողջ սնանկությունը։ Իրոք, հարվածի տակ էին ընկնում հիմնականում քրիստոնյա միաբնակ՝ գերակշիռ մեծամասնությամբ հայերով բնակեցված շրջանները և կայսրության այդ հանգամանքը ոչ միայն չէր անհանգստացնում, այլև Կոնստանդնուպոլսի «հանճարեղ» տեսաբաններից ոմանք նույնիսկ դրա մեջ փորձում էին դրականը տեսնել՝ սելջուկյան արյունահեղ հարվածները նրանք ընկալում էին որպես միաբնակների գլխին պայթած աստվածային պատիժ, որը, ըստ իրենց, պետք է ուժեղացներ երկաբնակների՝ կայսրության պաշտոնական քաղկեդոնական դավանանքի, դիրքերը։

«Սրանից առաջ»,- հետագայում իր հուշերում անկեղծանում է իր ժամանակ ռազմա-քաղաքական գործիչ և պատմիչ Միքայել Աթալիատեսը,- «այլազգիների այսքան մեծ ուժն ու փքվածությունը, ինչպես նաև հռոմեական հպատակների կոտորածը համարվում էր Իբերիայում, Միջագետքում, մինչև Լիկանդոս ու Մելիտենե և կից Հայաստանում ապրող հերետիկոս բնակիչների` Նեստորի հրեադավան և Ակեֆալների հերձվածը պաշտողների, դեմ ուղղված աստծո ցասման հետևանք, քանզի այդ շրջանները վխտում են նման չարափառությամբ, բայց երբ փորձանքն սկսեց թափվել նաև ուղղափառների գլխին, բոլոր հունադավաններն ընկան տարակուսանքի մեջ, նրանք ենթադրում էին ու հավատացած, որ Ամովրացիների նման իրենց էլ գործած մեղքերի բաժակը լցվել է, իսկ ուղղափառ հավատքը դավանելը դեռ բավական չէ, անհրաժեշտ է նաև այդ հավատքին չհակասող ապրելակերպ։ Այդ պատճառով երկուսն էլ, այսինքն և հավատքի հարցում սխալվողը, և կյանքում կաղացողն ու թերացողը, նույն պատժին են արժանանում, իսկ արարողն ու վարդապետողը՝ ներբողվում ու փառավորվում»։ Տիպիկ այս մտածողությունը, դժբախտաբար, 1050-ականների երկրորդ կեսին դեռևս շարունակում էր իշխել կայսերական իշխանության բուրգի նույնիսկ ամենաբարձր օղակներում, իսկ այդ ժամանակ արդեն Տուղրիլ-բեկը, որը 1055 թ-ին տիրել էր Բաղդադին և սեփական սուլթանության բուն ուժերից բացի իր տնօրինության տակ ուներ նաև Արաբական խալիֆությանը ենթական մնացած ուժերը, օրստօրե իրենից ավելի ու ավելի մեծ սպառնալիք էր ներկայացնում։

Սելջուկյան արշավանքները դեպի Հայաստան ու հարակից այլ երկրներ շարունակվեցին նաև 1050-ական թվականների վերջին և 1060-ական թվականների սկզբին, ընդ որում երևի թե միայն մահն էր, որն ի վիճակի էր կանգնեցնել իր հզորության գագաթնակետին հասած Տուղրիլին, մահը, որն ահեղ այս տիրակալին հանդիպեց 1063 թ-ի սեպտեմբերի 4-ին։ Վիճակը, սակայն, էական փոփոխություն չկրեց, քանի որ Տուղրիլ-բեկին փոխարինած նրա եղբորորդի Ալփ-Արսլանը (1063-1072), լինելով իր հորեղբոր իրական շարունակությունը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը նաև տերության կառավարման բոլոր բնագավառներում։

1064 թ-ի ուշ գարնանը, գերազանցելով իր հորղեբորը արդեն նաև հարվածի ուժով, Ալփ-Արսլանը շարժի մեջ դրեց իր հզոր ռազմական մեքենան և 180.000-անոց հզոր մի բանակով հարված հասցրեց Հայաստանին ու Վրաստանին։ Հետագա իրադարձությունները և հատկապես Անիի ողբերգական անկումը , որն ի դեպ ասած, տեղի ունեցավ կրկին բյուզանդական անճարակ ռազմա-վարչարարության արդյունքում, բավականին հայտնի են և իմաստ չունի դրանք վերաշարադրելը։ Այս առումով ավելացնենք միայն, որ, եթե 1050-ական թվականների կեսերից կայսերական իշխանությունը Եփրատից արևելք, իսկ ինչ որ տեղ նույնիսկ արդեն արևմուտք ընկած Հայաստանի տարածքներում գոյություն ուներ մեծապես միայն ձևական մակարդակում, ապա այժմ, համենայն դեպս արդեն Եփրատից արևելք ընկած տարածքներում, այն լիովին վերացավ։ Իհարկե, կայսրությունը միանգամից չկորցրեց հիշատակված տարածքները, դե իսկ իր բնույթով տափաստանի մի իսկական զավակ հանդիսացող Ալփ-Արսլանն էլ ևս առանձնակի ջանքեր չգործադրեց ամրանալու հիշատակված տարածքներում, սակայն մեծ հաշվով արդեն իսկ պարզ էր՝ Եփրատից արևելք տարածվող Հայաստանի տարածքները 1064 թ-ի աղետից հետո վերածվել էին ըստ էության ոչ մեկին չենթարկվող և միայն տեղական ուժերի կողմից հարաբերականորեն կառավարվող մի շրջանի, որը Եփրատից արևմուտք ընկած տարածքները անվերջ հոշոտելու ձգտող Սելջուկյան սուլթանության համար իրենցից ներկայացնում էր ընդամենը միայն ապագա արշավանքների մի հարմար ցատկահարթակ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 20:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իրոք զարմանալ կարելի էր, բայց նույնիսկ այս աղետալի և սպառնալից դրությունն իսկ ի վիճակի չէր որևէ բան հասկացնել պաշտոնական Կոնստանդնուպոլսին, որի այդ ժամանակվա կայսր Կոնստանդին X Դուկասը (1059-1067) համառորեն շարունակում էր իր նախնիների որդեգրած հակաբանակային և, կարելի է ասել նույնիսկ, հակաարևելյան քաղաքականությունը. փակվել Կոնստանդնուպոլսում, անխնա շահագործել նահանգները, որպես վտանգավոր մայրաքաղաքի համար ճզմել այստեղ հայտնվող դիմադրության բոլոր օջախները և սպասել, սպասել ու սպասել այնքան ժամանակ, մինչև արևելյան փոթորիկը կանցնի՝ ահա այդ քաղքականության սեղմ էությունը։

Պետք է ասել, սակայն, որ Կոնստանդին X Դուկասի կառավարման վերջին տարիներին կայսրության աղետալի դրությունն արդեն այն աստիճանի էր հասնում, որ նույնիսկ կայսրության քաղաքական վերնախավում հայտնվում էին այլ կերպ մտածող մարդիկ, ինչն իր ժամանակի համար բացառիկ մի երևույթ էր։ Ընդհանրապես ասած, սկսած արդեն Վասիլ II-ի (963, 976-1025) մահվանից ժամանակից, կայսրության գահին իրար հաջորդած կայսրերն իրենցից ներկայացնում էին երկու սոցիալ-դասակարգային խմբավորումների ներկայացուցիչներ, որոնցից մեկը պայմանականորեն արտահայտում էր քաղաքային բյուրոկրատիայի, իսկ մյուսը՝ ռազմական ավագանու շահերը։ Այս երկու խմբավորումները, բնականաբար արտահայտելով իրենց դասակարգային շահերը, մշտապես սուր մրցակցության մեջ էին միմյանց հետ՝ ձգտելով գահի վրա հաստատել իրենց ներկայացուցչին կամ, եթե հակառակորդ խմբավորման ներկայացուցիչն էր գահին, գահընկեց անել վերջինիս։ Վասիլ II-ի մահվանից հետո ընկած չորս տասնամյակում հաջողությունը մեծապես քաղաքային բյուրոկրատիայի կողմում էր, որին հաջողվում էր, չնայած տարատեսակ ցնցումների, հիմնականում գահի վրա պահել սեփական այս կամ այն թեկնածուին։ Վերը հիշատակված Կոնստանդին X Դուկասն այս խմբավորման թերևս ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, որի օրոք էլ, ինչպես արդեն ասվեց, սելջուկյան վտանգը արդեն իրական սպառնալիք դարձավ նույնիսկ հենց իր՝ կայսրության, գոյության համար։

Կոնստանդին X Դուկասը մահացավ 1067 թ-ի մայիսի 22-ին և դրանից հետո կես տարին իսկ արդեն բավական էր, որ բոլորին պարզ լինի՝ հանգուցյալի 17 ամյա որդի Միքայել VII-ը (1067, 1071-1078) ոչ միայն սկզբունքորեն ի վիճակի չէ երկիր կառավարել, այլև հենց քաղաքական կուրսի անփոփոխությունն իսկ կործանարար է տերության համար։ Արդյունքում արդեն տարվա վերջում պատանի գահակալին մեղմորեն հեռացրին երկրի կառավարումից, որից հետո գահին բազմեց մինչ այդ հակակայսերական դավադրություն նյութած, բռնված ու դատական պատասխանատվության համար Կոնստանդնուպոլիս բերված Ռոմանոս Դիոգենեսը՝ գեղեցիկ ու ռազմունակ մի տղամարդ, որին, ի դեպ ասած, հաջողվեց գերել Միքայել VII-ի մայր Եվդոկիայի սիրտը և այդ ճանապարհով իր ու ռազմական ավագանու շահերը ներկայացնող սեփական խմբակցության համար ճանապարհ բացել դեպի կայսերական գայիսոնը։ Ռոմանոսն ու Եվդոիկան ամուսնացան տարվա ամենավերջին օրերին և արդեն 1068 թ-ի հունվարի 1-ին Բյուզանդիայի կայսր հռչակվեց Ռոմանոս IV Դիոգենեսը (1068-1071), որին վիճակված էր դառնալ մեր կողմից նկարագրվող պատմական այս ողբերգության գլխավոր մասնակիցներից մեկը։

Պետք է ասել, սակայն, որ Ռոմանոսն ի սկզբանե մեծ հույսեր էր ներշնչում։ Երիտասարդ, գեղեցիկ, ռազմունակ, մարդկանց հետ շփումներում իր նախորդների հետ համեմատած ավելի պարզ ու մատչելի մի մարդ, որն ի սկզբանե արդեն մեծ ուշադրություն էր դարձնում բանակին ու ռազմական գործերին՝ թվում էր, թե ստեղծված պայմաններում նրանից լավ թեկնածու ունենալ իրոք որ հնարավոր չէ։ Իհարկե, նոր կայսրն ուներ նաև թերություններ, սակայն սկզբում դրանք այնքան էլ նկատելի չէին, դե իսկ հետո էլ մարդիկ աշխատում էին դրանց վրա քիչ ուշադրություն դարձնել։ Իրոք, Ռոմանոսը, մինչև ուղնուծուծը լինելով դասական տիպի կայսերական մի ռազմիկ, քաղաքական հարցերում հաճախ դրսևորում էր անհեռատեսություն, երբեմն դոգմատիկության աստիճան համառ էր, դժվար էր ընկալում ամեն մի նորը և ուշ ու դժվար էր ըմբռնում իրավիճակի փոփոխությունները։ Կայսրը որոշակիորեն նաև վատ էր ճանաչում մարդկանց, իսկ մշտապես հրամաններ տալու դրությունն էլ, բնական կայսեր համար, ժամանակի հետ ավելի խորացրեց առկա թերությունները։ Եվ վերջապես կար նաև մեկ հանգամանք ևս, որը բյուզանդական վերնախավում նույնիսկ ամենահեռատեսները չէին նկատում, բայց որը ինքնին կարող էր խիստ իջեցնել կայսեր և նրա ռազմական մեքենայի արդյունավետությունը հատկապես արևելքում մղվող ռազմական գործողություններում՝ Ռոմանոս IV Դիոգենեսը, լինելով տոհմիկ քաղկեդոնական մի ազնվական, անչափ սառը, եթե ոչ նույնիսկ ատելության աստիճանի էր վերաբերվում հայերին, իսկ այն պարագայում էլ, երբ ընդհանրապես Բյուզանդիայի բանակում և հատկապես արևելքում տեղավորված կայսերական բանակային խմբավորումում հսկայական դեր ունեին հայ ռազմիկները, դե իսկ հաջող մարտական գործողությունների համար խիստ կարևոր տեղական քրիստոնյա բնակչության աջակցության գործում էլ նույն այդ բնակիչները իրենց մեծամասնությամբ կազմված էին հայերից, կայսեր կրոնական այս նեղմտությունը մեծապես ծանրացնելու էր նրա բանակի վիճակը ապագա ռազմական գործողություններում։

Այն, որ Հայաստանի ու հարակից երկրների համար մեծապես դեռևս անուղղակի միջոցներով ընթացող նախկին մրցակցությունը Բյուզանդական կայսրության և Սելջուկյան սուլթանության միջև թևակոխում է նոր ու վճռական ընդհարման մի կարևոր փուլ, լավ էին հասկանում նաև Սելջուկյան սուլթանությունում։ Ալփ-Արսլանն, ինչպես արդեն ասվեց, ամենից առաջ հենց լավ ռազմիկ ու զորավար էր, սակայն, ի տարբերություն Բյուզանդիայի, կայսեր կողքին կար նաև ազգությամբ պարսիկ մի տաղանդավոր վեզիր՝ խոսքը Նիզամի ալ-Մուլքի մասին է, որը հաջողությամբ լրացնում էր իր ռազմիկ-սուլթանին՝ արդյունքում ստեղծելով խիստ հաջող ռազմա-քաղաքական մի տանդեմ։
Պետք է ասել, սակայն, որ դեպի արևելք առաջանալիս իր խնդիրներն ուներ նաև Սելջուկյան սուլթանությունը։ Այսպես, Բաղդադի սուննի Աբբասյան խալիֆները, որոնք Տուղրիլ-բեկի աջակցությամբ 1055 թ-ին հաջողությամբ ազատվեցին ավելի քան մեկ դար իրենց անունից փաստացի իշխող շիա պարսիկ Բուվայհյաններից, ամենևին էլ անկեղծորեն չէին վերաբերվում Միջին Ասիայից եկած ռազմունակ և նույնիսկ իսլամն ընդունած սուննի օղուզներին ու նրանց սուլթաններին։ Աբբասյանները հույս ունեին կրոնական իշխանության հետ միաժամանակ վերստանալ նաև մի ժամանակ իրենց պատկանող քաղաքական իշխանությունը, իսկ այդ հանգամանքն էլ, սրված արաբ և թյուրք տարրերի մշտական մրցակցությամբ, որոշակի անկայունություն էր հաղորդում Սելջուկյան տերության ներքաղաքական դրությանը։ Վիճակը հանգիստ չէր նաև սահմանային շրջաններում։ Այսպես, հեռավոր արևելքում իրենից մշտական սպառնալիք էր ներկայացնում Ղարախանյանների խանությունը ու նրա ռազմական մեքենան, ընդ որում օղուզների հետ մեծ հաշվով նույն թյուրքական արմատներն ունեցող այս խանության բնակիչները, որոնց շարքերում իսլամը դեռևս այնքան էլ չէր արմատավորվել, վախով ու մրցակցության սուր զգացումով էին դիտարկում սելջուկների հաջողությունները։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 20:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ալփ-Արսլանի համար վիճակը կայուն չէր կարող համարվել նաև Բյուզանդիայի հետ պատերազմի ապագա թատերաբեմում։ Իրոք, թեև այստեղ մեծ հաշվով սուլթանության օգտին էին գործում տեղական մանր գահատոհմերը, սակայն սրանք ևս, մի կողմից ենթարկվելով պաշտոնական Բաղդադի աներևույթ դրդումներին, մյուս կողմից էլ սովոր լինելով սահմանային շրջանում և Բյուզանդական կայսրության ու իսլամական աշխարհի ուժերի բախման հավասարման կետում գոյություն ունեցող իրենց կիսաանկախ դրությանը, առանձնապես չէին այրվում սելջուկյան սուլթանին հնազանդվելու գաղափարով, մանավանդ որ արդեն բոլորին էլ պարզ էր՝ սելջուկյան հաջողության դեպքում հին գահատոհմերի իշխանությունը կամ գոնե համեմատական ինքնիշխանությունը գտնելու է իր վերջը։ Արդյունքում արաբական արմատներ ունեցող և մեծապես քոչվոր բեդվինական տարրի վրա հենվող Ուկայլյանների ու Նոմայրյանների էմիրները, որոնք իրենց փաստացի իշխանությունն էին տարածել Հյուսիսային ու Կենտրոնական Իրաքի, ինչպես նաև Հայաստանի ու Ասորիքի որոշ տարածքների նկատմամբ, ինչպես նաև արմատներով քրդական, սակայն արդեն արաբացած և Հալեպում իշխող Միրդասյանների էմիրները, մի կողմ թողնելով համաիսլամական միասնության իդեալիստական գաղափարը, ինչ որ տեղ նույնիսկ հակված էին դիմադրել իսլամն ընդունած օղուզներին։ Նույն տրամադրություններին էին տիրում նաև քրդերի մոտ, որոնց հայաստանյան երկու գլխավոր գահատոհմերն էլ, ի դեմս Մրվանյանների և Շադդադյանների էմիրությունների, զգուշորեն և նույնիսկ երկյուղով էին նայում իրենց երկրներում հայտնված վայրագ օղուզներին՝ կարծես յուրօրինակ կերպով կանխազգալով, որ սկիզբ է առնելով թյուրք-քրդական մի հազարամյակից էլ ավել տևող մրցակցություն, որտեղ թյուրքերը մշտապես ձգտելու են սահմանափակել քրդերի ազատությունները։ Եվ վերջապես քրիստոնյա պետական միավորները, ի դեմս Քարթլիի, Լոռու, Սյունիքի և Խաչենի թագավորությունների, ինչպես նաև Տարոնի իշխանության, մեծապես ձևականորեն ենթարկված լինելով Ալփ-Արսլանի տերությանը, բոլորի համար էլ պարզ է, սպասում էին միայն հարմար առիթի՝ Բյուզանդական կայսրության հաջող առաջխաղացմանը։

1060-ական թվականների վերջին և 1070-ական թվականների սկզբին Բյուզանդական կայսրության բանակն իրենից ներկայացնում էր բավականին տխուր մի տեսարան։ Արդեն անցյալի գիրկ էին անցել Հայկական գահատոհմի և հատկապես Վասիլ II-ի թողած բանակային հարուստ և արդյունավետ ավանդույթները, երբ նահանգային ռազմա-տոհմական ավագանու (տես նկ. 1) և ազատ գյուղացիներից հավաքագրվող ստրատիոտների (տես նկ. 2) համագործակցությունը ռազմա-վարչական բանակաթեմերում մշտապես ապահովում էր հիանալի իր արդյունքը։

Изображение
Նկար 1. Հայկական գահատոհմի բանակաթեմայի ծանր հեծյալներ


Изображение
Նկար 2. Հայկական գահատոհմի բանակաթեմային հետևազոր

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:00 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վերջին չորս տասնամյակներում, այդ թվում նաև մեծապես պաշտոնական Կոնստանդնուպոլսի ջանքերով, բայց նաև առկա օբյեկտիվ զարգացումների արդյունքում, ազատ գյուղացիությունը հիմնականում անկում էր ապրել, որի արդյունքում բնականաբար անկում էր ապրել նաև ստրատիոտների սոցիալական ինստիտուտը։ Լավ չէր նաև նահանգային ռազմա-ֆեոդալական ազնվականության դրությունը, որը, ինքնին լինելով քանակապես համեմատականորեն սակավաթիվ, բանակաթեմային համակարգի անկման պայմաններում ոչ մի կերպ չէր կարող ապահովել նախորդ դարաշրջանի կայսերական բանակի մարտունակությանը գոնե մոտ մի վիճակ։ Քննարկվող ժամանակաշրջանում կայսրության բանակում մեծ դերակատարություն էին ստացել վարձկան ուժերը, որոնց լայնորեն կիրառման արդյունքում էլ կայսրերը փորձում էին պահպանել բանակի մարտունակությունը։ Որպես վարձկաններ հանդես էին գալիս կայսրության հյուսիս-արևմտյան և հյուսիս արևելյան հարևան ազգերի ներկայացուցիչները, որպես կանոն քրիստոնյաներ, սակայն հազվադեպ չէին դեպքերը, երբ վարձկանների դերում հանդես էին գալիս հեթանոսները և նույնիսկ մահմեդականները։ 1068 թ-ի վիճակով Բյուզանդական կայսրությունը, ծայրահեղ կերպով լարելով իր բոլոր ուժերն ու լայնորեն կիրառության մեջ դնելով վարձկաններին, ի վիճակի էր մարտի դաշտ հանել մոտ 200.000-անոց մի բանակ՝ կազմված հեծելազորից և հետևակից։

Հեծելազորը ավանդականորեն հանդիսանում էր կայսերական բանակի հիմքն ու նրա հիմնական հարվածային ուժը, թեև քննարկվող ժամանակաշրջանում այն, ինչպես արդեն ասվեց, զգալի անկում էր ապրել։ Այսպես, իր փայլի ժամանակաշրջանում բյուզանդական հեծելազորն իրենից ներկայացնում էր տարբեր մակարդակի զինված և կուռ կարգապահությամբ գործող հեծյալների մի ամբողջություն, որոնք ի վիճակի էին տարբեր պայմաններում ընդհարվել տարբեր տիպի հակառակորդների հետ։ Այս հեծելազորի հիմքը բանակաթեմային ռազմա-ֆեոդալական ավագանին էր, որը քննարկվող ժամանակաշրջանում, ինչպես նշվեց վերևում, մեծապես արդեն քայքայվել էր, ինչն էլ իր ազդեցությունն էր գործել հեծելազորի մարտական հատկանիշների վրա։ Հեծելազորային ոչ վատ ուժերով էին ներկայացված վարձկանները, սակայն, հասկանալի է, մի կողմից նրանք հենց թեկուզ միայն մոտիվացման մակարդակով չէին կարող փոխարինել բանակաթեմային ուժերին, մյուս կողմից էլ առկա տարաբնույթ ու տարացեղ հեծելազորը ևս չէր մեծացնում բանակի մարտունակությունը։ Նորմանները և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի ներկայացուցիչները ներկայացնում էին հեծելազորը իր ծանր ու միջին մակարդակներում, սակայն սրանք զիջում էին իրենց բանակաթեմային նախորդներին ոչ միայն կարգապահությամբ, այլև, որ պակաս կարևոր չէր, Արևելքի յուրօրինակ պայմաններում մարտնչում էին ավելի վատ, քանի որ, այն ինչ կիրառելի էր Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի պայմաններում իրենց տիպի հակառակորդի դեմ ընդհարվելիս, այնքան էլ կիրառելի չէր Արևելքում՝ շարժունակ մահմեդականների դեմ։ Թեթև հեծելազորը ներկայացված էր հիմնականում Մեծ տափաստանի արևմուտքում բնակվող ցեղերով ու նրանց ներկայացուցիչներով, բայց սրանք էլ առանձնապես չէին այրվում ըստ էության իրենց ցեղակից հարազատները համարվող օղուզների դեմ պայքարելու գաղափարով։ Կայսերական հեծելազորում յուրօրինակ դեր ունեին արևելքի քրիստոնյան պետությունները՝ Քարթլիի, Լոռու, Սյունիքի և Խաչենի թագավորությունները, ինչպես նաև Տարոնի իշխանությունը, որոնք դաշնակից կամ վարձկանի կարգավիճակով իրենց մասնակցությունն էին բերում քննարկվող իրադարձություններին։ Նախորդ երկու խմբերի համեմատ սրանք ավելի պատրաստված ու մոտիվացված էին, բայց նրանց ուժերն էլ քանակապես քիչ էին։

Ի տարբերություն իր ժամանակի Արևմտյան ու Եվրոպական շատ երկրների՝ բյուզանդական բանակում քննարկվող ժամանակահատվածում զգալի դեր ունեև նաև հետևազորը, ընդ որում վերջինիս մարտավարական արժեքը անհամեմատորեն ավելի բարձր էր, քան իր ժամանակի այլ երկրներում էր, ու վերջինս գերազանցում էր նաև մահմեդական հետևազորին։ Բյուզանդական հետևազորի թույլ տեղը ավանդականորեն նետաձիգներն էին, որոնց պակասը փորձում էին լրացնել հարևան դաշնակից ուժերի և հատկապես էթնիկ հայկական զորաջոկատների հաշվին։
Քննարկվող ժամանակահատվածում կայսրության բանակը պահպանում էր իր հիմնական դոկտրինալ դրույթը՝ դաշտային ուղիղ և կանոնավոր ճակատամարտում վճռական պարտության մատնել հակառակորդին, որից հետո տիրել վերջինիս ամրություններին։ Այս տիպի ճակատամարտում կայսրության բանակն ընդունում էր խաչաձև մարտակարգ։ Բանակի հիմքը կազմում էր հետևազորը, որը տեղակայվում էր կենտրոնում և սովորաբար բացազատվում էր երկու շարքերում, որոնք էլ իրենց հերթին կազմված էին գծերից։ Հեծելազորային հիմնական ուժերը տեղաբաշխվում բանակի թևերում, ընդ որում դեպի հակառակորդն ուղղված առաջնագծում տեղավորվում էին թեթև հեծելազորային ուժերը, երբեմն էլ՝ նետողական մեքենաները, իսկ թիկունքում էլ գտնվում էին պահեստազորը և գումակային ուժերը։ Նկարագրված մարտակարգը իրենից ըստ էության ներկայացնում էր «բյուզանդական խաչ»-ը և, անկախ մարտնչող ուժերի քանակից, կայսրության զորավարները ձգտում էին խոշոր ճակատամարտերում պահպանել հիմնական այս մարտակարգը (տես նկ. 3)։

Изображение
Նկար 3. Բյուզանդական խաչ. Կապույտը՝ հակառակորդ, 1 և 2՝ ծանր և թեթև հետևակ, 3՝ պահեստազոր, 4՝ հեծելազոր, 5՝ հեռակա պահպանության ուժեր՝ թեթև հեծելազոր

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1060-ական թվականների վերջին և 1070-ական թվականների սկզբին Սելջուկյան սուլթանության բանակն իրենից ըստ էության ներկայացնում էր այն ամենայն դրական հատկանիշների ամբողջությունը, որը կարողացել էին ստեղծել Արևելքը, ինչպես նաև Քոչվոր ու Իսլամական աշխարհներն իրենց երկար զարգացման արդյունքում։

Սուլթանության բանակի հիմքը կազմում էր սուլթանական գուլյամների գվարդիան, որն ընդհանուր բանակի կազմում այնքան էլ մեծաքանակ չէր, բայց իրենից միջին ռազմիկի արդյունավետության առումով ավելի մեծ հարվածային ուժ էր ներկայացնում։ «Գուլյամ» տերմինը թարգմանաբար նշանակում է «ստրուկ», ինչն էլ ամենից լավ բնորոշում է այս խմբի անդամների սոցիալական կարգավիճակը։ Միաժամանակ, սակայն, քանի որ Արաբական խալիֆության անկումով պայմանավորված առաջացան բազում տեղական գահատոհմեր, որոնք կարիք ունեին տեղական ու կենտրոնական սոցիումի հետ չկապված ռազմական տարրերի, գուլյամների ինստիտուտը արդեն IX դարի կեսերից բուռն զարգացում ապրեց և իր այդ տեսքով գոյություն ունեցավ բավականին երկար։ Սելջուկյան գուլյամն իրենից ներկայացնում էր իր ժամանակի ռազմական հանդերձանքին համահունչ զինվածություն ունեցող որպես կանոն ծանր հեծյալ, որը, անձնապես պատկանելով և նվիրված լինելով իր անմիջական տիրակալին, քննարկվող դեպքում՝ սուլթանին, որոշակի իմաստով հանդիսանում էր վերջինիս սոցիալական կայունության հիմքը այնքանով, ինչքանով որ հանդիսանում էր ռազմականացված ստրուկ` իր դրական ու բացասական կողմերով։ Նշենք, սակայն, որ գուլյամները, մեկ անձի հաշվով բավականին թանկ արժենալով տիրակալի համար, հաշվի առնելով ուսուցման և ռազմական ապահովման հետ կապված ծախսերը, ընդհանուր բանակի թվաքանակի հետ համեմատած երբեք էլ մեծաթիվ չէին։

Այսուհանդերձ, սակայն, ցանկացած իսլամական պետական միավորում գուլյամների դերը միշտ էլ անչափ կարևոր էր, ինքան էլ դա թանկ ու ծանր արժենար ֆինանսական առումով, քանզի գուլյամները ունեին սոցիալական խիստ կարևոր նշանակություն։ Խնդիրն այն է, որ իսլամական բոլոր երկրներում էլ միշտ փորձեր եղել են ստեղծել կենտրոնացված միապետություններ, սակայն, քանի որ դրանցում միշտ և ավանդականորեն մեծ է եղել քոչվոր տարրի դերը (բեդվիններ, բերբերներ, տարաբնույթ թյուրքական քոչվոր ցեղեր և այլն), ամուր է եղել այն միապետի դիրքը, որը կարողացել է այս քոչվոր տարրին հակադրել որևէ այլ ռեալ ուժ։ Բանն այն է, որ պատմությունը միանշանակ ցույց է տվել, որ քոչվոր տարրն ինքնին դեստրուկտիվ է ցանկացած կենտրոնացված միապետության համար և միշտ էլ կգտնվեն տարբեր ցեղախմբերի ղեկավար կամ ղեկավարներ, որոնք, մի կողմից ձեռքի տակ ռազմունակ ուժեր կունենան, մյուս կողմից էլ` բավարար փառասիրություն, որ իրենք իրենց կամ իրենց հովանու տակ իշխող մեկին առաջ քաշելով կելնեն կենտրոնական իշխանության դեմ ու առնվազն կցնցեն այն։ Եվ այսպես, բոլոր ժամանակների իսլամական իշխանավորները, նույնիսկ եթե իշխանության եկած լինեն քոչվորների «սրերի ուժով», ձգտել են, հանուն իրենց իշխանության կայունության կտրվել նրանցից` ձեռքի տակ այլ իրական ուժ ունենալ։ Այս խնդիրը լուծելու համար իսլամի միջնադարյան պատմության ընթացքում ոչ մի այլ հաջող բան չի հորինվել, քան այն, որ իսլամական տիրակալները փորձել են քոչվոր տարրին հակադրել իրենց սեփական վարձկան ուժերին` ի դեմս ամենից առաջ գույլամների։ Գուլյամներն իրենցից ինչ որ իմաստով ներկայացնում էին պետական կամ արքունական բանակ։
Սուլթանության բանակի երկրորդ մասը ներկայացված էր այն ուժերով, որոնք հավաքվում էին և ներկայանում պատերազմական գործողությունների ըստ անհրաժեշտության։ Այս խմբում ամենից առաջ պետք է առանձնացնել թյուրքական քոչվոր աշխարհազորին, որի ներկայացուցիչները, վարելով մշտական քոչվոր ու ռազմական վտանգներով և վարժություններով լի կյանք, խիստ մարտունակ էին, ընդ որում հենց սրանք էին, որ, կազմելով սուլթանության բանակի հիմնական մասը, իրենցով իսկ պայմանավորում էին վերջինիս մարտավարական, իսկ հաճախ նույնիսկ ռազմավարական ձեռագիրը՝ խուսափում կանոնավոր ճակատամարտից, խուսափում ձեռնամարտից, աղեղնամարտի հստակ շեշտադրում, ձգտում դեպի անկանոն ճակատամարտ, հակառակորդին հյուծելու ձգտում և այլն։

Սուլթանական բանակի երկրորդ մասի մյուս խումբը ներկայացված էր տեղական, ինչպես նաև օղուզական ռազմա-ֆեոդալական ավագանու ներկայացուցիչներով։ Սրանք, լինելով տեղական ազգերի ներկայացուցիչներ՝ նստակյացության անցած օղուզներ, պարսիկներ, քրդեր, նստակյաց արաբներ և այլն, մարտնչում էին իրենց բնորոշ մեթոդներով ու միջոցներով և համեմատականորեն ավելի մոտ էին բյուզանդական բանակին և սուլթանական գուլյամներին, թեև, քանի որ սելջուկյան բանակի հիմքն ամեն դեպքում քոչվոր արագաշարժ հեծյալներն էին, նրանք ևս մեծ հաշվով ենթարկվում էին վերջինիս պարտադրած օրինաչափություններին։ Այս խմբին որոշակիորեն մոտենում էր նաև տեղական՝ բեդվինա-քրդական քոչվոր կամ կիսաքոչվոր, ինչպես նաև այս կամ այն մակարդակի պարսկական աշխարհազորը՝ հեծյալ կամ հետևակ վիճակում։ Սրանք որպես կանոն ավելի վատ էին զինված ու պատրաստված ի համեմատ նույն քոչվոր օղուզների, բայց բավականին մեծաքանակ էին և որպես կանոն այրվում էին մահեմդական եռանդի ուժեղ կրակով (տես նկ. 4)։

Изображение
Изображение
Նկար 4. Սելջուկյան սուլթանության բանակ՝ ձախից աջ՝ թեթև հեծյալ քոչվոր աշխարհազորային, ծանրազեն հեծյալ գուլյամ, պարսիկ հետևակային, սելջուկ աղեղնավոր


Սելջուկյան սուլթանության բանակը ուժերի լիակատար կենտրոնացման դեպքում Մելիք-Շահի (1072-1093) օրոք կազմում էր մինչև 400.000 ռազմիկ, ընդ որում Մելիք-Շահի տիրապետության ժամանակաշրջանը համարվում է սուլթանության ռազմա-քաղաքական հզորության գագաթնակետը։ Ալփ-Արսլանի օրոք սուլթանության բանակի ընդհանուր թիվը առայժմ հայտնի չէ, սակայն, եթե ընդունենք, որ Ալփ-Արսլանի օրոք սուլթանությունը որոշակիորեն դեռևս զիջում էր իր Մելիք-Շահի տերությանը ռազմա-քաղաքական հզորության մակարդակով (մասնավորապես, դեռևս հնազանդեցված չէր Ղարախանյանների խանությունը և Փոքր Ասիան Ասորիքի զգալի մասի հետ միասին), ապա Ալփ-Արսլանի օրոք սուլթանության բանակի ընդհանուր թիվը կարող է գնահատվել մոտ 300.000-ի սահմաններում ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վճռական պատերազմը


1068 թ-ը կողմերը հիմնականում օգտագործեցին ապագա վճռական բախմանը պատրաստվելու համար։ Այսպես, Ռոմանոս IV Դիոգենեսը, գործ մեջ դնելով խոշոր ֆինանսական միջոցներ, սկսեց ուժեղացնել բանակը և, քանի որ նախկին բանակաթեմային ուժերին պատշաճ ռազմական մակարդակի բերելու համար ժամանակը շատ քիչ էր, ամենից առաջ շեշտը դրեց վարձկան ուժերի քանակի կտրուկ ավելացման վրա։ Նախկինում գոյություն ունեցող վարձկաններին ավելացվեցին նորերը և արդյունքում մոտ մեկ տարվա ընթացքում կայսրը ստեղծեց իր քանակով հսկայական, բայց նաև իր տարացեղությամբ աչքի ընկնող մի մեծ բանակ։ Բյուզանդական բանակի կազմում, բացի կայսրության հպատակ ազգերից ու մասնավորապես հայերից, հիշատակվում են մեծաթիվ օղուզներ, պածինակներ, ղփչախներ, խազարներ, նորմաններ, ռուսներ, սլավոններ, բուլղարներ, ֆրանկներ, գերմանացիներ, վրացիներ և աբխազներ։

Վարձկանների առաջին խումբը, որում ընդգրկվում են թյուրքական ծագումով վարձկանները, կայսրության բանակ էին բերվել Մեծ տափաստանի արևմտյան հատվածից։ Սրանք տարացեղ են, բավականին ռազմունակ էին և իրենց զինվածությամբ ու մարտավարական հատկանիշներով առավել էին համապատասխանում Սելջուկյան սուլթանության տիպի հակառակորդի բանակի հետ ընդհարվելու նպատակին, բայց մյուս կողմից էլ՝ լինելով օղուզներին արմատներով շատ մոտ, սրանք ամենաանհուսալիներն էին, իսկ կայսրության շահերն էլ նրանց հետաքրքրում էին ամենաքիչը։ Վարձկանների մյուս խումբը ներկայացված էր եվրոպական տարբեր ազգերի ներկայացուցիչներով, որոնք կայսրության բանակ էին եկել ամենատարբեր մղումներից ելնելով։ Այսպես, սլավոններն ու բուլղարները կայսրության հպատակներն էին, այն դեպքում, երբ ռուսները, ֆրանկներն ու Հռոմեական «սրբազան» կայսրությունից ժամանած գերմանացիները հանդես էին գալիս որպես մաքուր վարձկաններ։ Եվրոպացիներից քիչ թե շատ կայսրության շահերի գիտակցությամբ էին տարված թերևս միայն նորմանները, այն էլ մեծապես արդեն հարաբերական չափով, քանի որ հենց քննարկվող ժամանաշրջանում էր, որ նորմանների հայրենակիցները բավականին հաջող պայքար էին մղում կայսրության դեմ և, չնայած իրենց տարացեղությանը, նորմանների մոտ արդեն սկսվել էր կայսրությունից հեռանալու գործընթացը։ Բալկանյան երկրներից եկած եվրոպացիները մեծապես գտնվում էին բյուզանդական ռազմական մեքենայի ազդեցության տակ, այն դեպքում, երբ եվրոպական այլ երկրներից եկածներն իրենցից ներկայացնում էին ծանր զինված հեծյալ ասպետական տիպի զորք, որը ուժեղ էր առաջին հզոր հարված հասցնելիս և ձեռնամարտում, սակայն հարատև մարտում այն շուտ էր հոգնում, քիչ շարժունակ էր, իսկ սելջուկյան հյուծման մարտավարության հետ հանդիպելիս էլ ի հայտ էին գալիս այս ռազմական մեքենայի լուրջ թերությունները ։ Վարձկան կամ նույնիսկ ինչ որ տեղ կարելի է ասել դաշնակից ուժերի մեջ ամենահուսալին աբխազներն ու վրացիներն էին, որոնք, վաղուց ի վեր ծանոթ լինելով ապագա մարտերի թատերաբեմին և իրենց հակառակորդին, բոլոր վարձկանների մեջ բյուզանդական բանակի ամենապատրաստված տարրերն էին։

Հայերը կայսրության բանակում հանդես էին գալիս երկու կարգավիճակով՝ որպես կայսրության հպատակներ և հայեր, որոնք այս կամ այն մղումից ելնելով, բայց չլինելով կայսրության հպատակներ, միացել էին քրիստոնյաների բանակին։ Կայսրության բանակը կազմող բոլոր էթնոսների մեջ թերևս միայն հայերն էին, որ ոչ միայն աչքի էին ընկնում իրենց բարձր մարտական հատկանիշներով , այլև, որ ոչ պակաս կարևոր էր, առավելագույնն էին շահագրգռված բյուզանդական զենքի հաղթանակով։ Արդեն մի քանի տասնամյակ էր, որ Հայաստանը տառապում էր սելջուկյան արյունոտ արշավանքներից և հայերը առավել, քան որևէ մեկը, շահագրգռված էին սելջուկյան վտանգի վերացումով։ Հայերն ունեին ուժեղ, առնվազն բյուզանդական լավագույն ժամանակներին բնորոշ հեծելազոր, սակայն հատկապես պետք է ընդգծել այն հանգամանքը, որ հայերը կայսրության բանակ էին բերել հիանալի որակի տեր իրենց հետևազորը, որի մեջ առավելապես աչքի էին ընկնում նետաձիգները՝ անչափ կարևոր մի զորատեսակ Սելջուկյան սուլթանության բանակի տիպի բանակի հետ ընդհարվելու ժամանակ և մի զորատեսակ, որի պակասը կայսրության բանակը զգում էր մշտապես։

Այսպես թե այնպես, սակայն Ռոմանոս IV Դիոգենեսին հաջողվեց ստեղծել 200.000-անոց գործող մի բանակ ։ Պետք է ասել, սակայն, որ այս բանակի ռազմական հզորությունը, կասկած էր հարուցում նույնիսկ ժամանակակիցների մոտ , ընդ որում այս բանակը կազմող ռազմիկների մի զգալի մասը թույլ էր մոտիվացված ապագա ռազմական գործողությունների հաջողության հարցում, առկա էին կրոնական լուրջ հակասություններ նույնիսկ քրիստոնյաների շարքերում, իսկ բուն բանակում էլ կար կառավարման արդունավետության լուրջ ճգնաժամ։

Իշխանության գլուխ կանգնելուց հետո Ռոմանոս IV Դիոգենեսը առաջնահերթ ուղղություն հռչակեց Արևելքը, ընդ որում ոչ Ռեջիոյի անկումը Իտալիայում , ոչ էլ նորմանական իշխանության հիմնադիր, Ապուլիայի դքսության դուքս Ռոբերտ Գվիսկարի (1056-1085) կողմից Բարիի երկարատև պաշարումը և կարևորագույն այդ քաղաքի վերջնական անկումը, որը տեղի ունեցավ 1071 ապրիլի 16-ին , չստիպեցին կայսեր նահանջել նախնական նպատակից՝ Արևելք ու միայն Արևելք, ամեն ինչ զոհելով այս ուղղությամբ էր առաջանալ տենչում Կոնստանդնուպոլսի գահին հայտնված զորական այս կայսրը՝ ինչ որ տեղ արդարացիորեն լինելով այն մտքին, որ Արևելքում հանգստություն ձեռք բերելուց հետո դժվար չի լինի վերատիրել նաև կորցրած դիրքերին Արևմուտքում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:07 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1068 թ-ին անգործ նստած չէր, սակայն, նաև Ալփ-Արսլանը։ Արագորեն հասկանալով, որ նոր կայսեր օրոք իր սուլթանությանը վիճակված է լինելու վճռական ընդհարման մեջ մտնել Բյուզանդական կայսրության հետ, գործունյա այս սուլթանը կյանքի կոչեց մի շարք ռազմա-քաղաքական միջոցառումներ։ Այսպես, շարունակելով դեռևս նախորդ տարիներին քրիստոնեաբնակ տարածքները բզկտելու իր քաղաքականությունը, արդեն 1067 թ-ի դեկտեմբերին սուլթանը ծանր հարված հասցրեց Քարթլիի թագավորությանն ու Կախեթիի քորեպիսկոպոսությանը՝ տիրելով նաև Տփղիսին։ Միաժամանակ վերջնականապես հնազանդվեց նաև Շադդադյանների քրդական էմիրությունը Ուտիքում ։ 1068 թ-ի գարնանը Ալփ-Արսլանի հարվածային ուժերը ոտնատակ տվեցին Մծբինի, Ամիդի և Եդեսիայի շրջակայքը ՝ ապահովելով Ուկայլյանների, Նոմայրյանների ու Մրվանյանների հնազանդությունը, ինչպես նաև լավ ավարով հարստանալով կայսրության բարեբեր շրջաններից մեկի հաշվին։

Այնուհանդերձ սուլթանի գործերում ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում։ Ամռանը ոտքի ելավ ծանր հարվածներ ստացած Քարթլիի թագավորությունը և, համագործակցելով հայերի հետ, Ալգետ գետի հովտում տեղի ունեցած Մուխրանիի ճակատամարտում ծանր պարտության մատնեց Տփղիսից առաջխաղացած և շրջակայքն ասպատակող Սելջուկյան սուլթանության ու Շադդադյանների էմիրության միացյալ 33.000-անոց բանակին, որից հետո Տփղիսը, Ռուսթավին, Շամշուլդե և Գավազնի ամրոցները, ինչպես նաև Գագ ու Սուրբ Գրիգոր բերդերը անցան Քարթլիի թագավորությանը ։ Այս ամենի հետևանքով նույն թվականի աշնանը Ալփ-Արսլանը ստիպված եղավ մեծապես արդեն տեղական ուժերով ևս մի արշավանք կազմակերպել Ուտիքի և Գուգարքի ուղղությամբ սակայն արդյունք ամեն դեպքում սպասվածը չէր և Քարթլիի թագավորությունը մնաց առնվազն սպառնալից դրության մեջ։

1069 թ-ի հունիսին, երբ երկու կողմերն էլ թվում է թե բոլոր պատրաստությունները տեսել են ապագա ընդհարման համար, Սելջուկյան սուլթանության խոշոր բանակներից մեկը ասպատակեց Նեոկեսարիան ու նրա շրջակայքը , սակայն ոչ ավել, քան մեկ ամիս անց Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ արշաված բյուզանդական գլխավոր բանակը հասավ և Սեբաստիայի մոտ հաղթեց ավարով նահանջող հակառակորդին ։ Հաստատվելով Եփրատի վերին հոսանքներում՝ բյուզանդական ռազմատենչ կայսրը որոշեց մարտական գործողությունները տեղափոխել գետի ափով դեպի հարավ՝ մաքրելով Եփրատի ողջ հունը և միայն դրանից հետո ավելի խորանալով հակառակորդի տարածքում։ Բյուզանդական տեսաբանները կարծես թե ամեն ինչ ճիշտ էին հաշվարկել, սակայն իրականում նրանք թերացել էին մի կարևոր հարցում։ Խաբված լինելով հակառակորդի կարծես թե բացակայությամբ և իրապես չպատկերացնելով սուլթանության բանակի մարտավարական որակները ու, մասնավորապես, տեղաշարժի արագությունը, նրանք, շարժվելով դեպի հարավ, բացեցին հարվածի ուղղությունը ուղիղ դեպի Փոքր Ասիայի խորքերը, ինչից էլ շտապեց օգտվել Ալփ-Արսլանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպես թե այնպես, սակայն 1069 թ-ի հոկտեմբերին կայսերական բանակը արշավանք սկսեց դեպի հարավ։ Սելջուկյան սուլթանության խոշոր բանակի հետ առաջին ընդհարումը Սեբաստիա-Կոկիսոն-Մարաշ-Տլուք երթուղով արշավող կայսերական հիմնական բանակի դեպի Մելիտե թեքված լրացուցիչ զորասյունն ունեցավ Մելիտեի մոտ ու, թեև բյուզանդական հեղինակները հստակ չեն արտահայտվում, սակայն միակարծիք են, որ կրած անհաջողությունն արդյունք էր հրամանատարական թերացումների ։ Այսպիսով արդեն իսկ ի հայտ էին գալիս կառավարման ոլորտում առկա լրջագույն թերություններ, որոնք հետո այնքան թանկ էին արժենալու կայսրության բանակին և Ռոմանոսին անձամբ։ Տիրելով Հյուսիսային Ասորիքում գտնվող Արտաք և Ղաթ ամրոցներին ՝ կայսրական բանակը նոյեմբերի սկզբին ասպատակեց Հալեպի շրջակայքը , իսկ ամսվա կեսերին էլ Միրդասյանների էմիրության բանակից պաշարեց Մեմբիջը (տես նկ. 5)։

Изображение
Նկար 5. Բյուզանդական բանակի 1069 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր արշավանքի երթուղին Սեբաստիա-Մեմբիջ (Сивас-Al-Rai) հատվածում


Հյուսիսային Ասորիքի կարևորագույն ամրացված կետերից մեկը հանդիսացող Մեմբիջի պաշարումը տարբեր հեղինակների կողմից նկարագրված է բավականին մանրամասն, ընդ որում բոլոր նկարագրություններում էլ պարզորեն երևում են կայսերական բանակի նույն այն թերությունները, որոնց մասին մի քանի անգամ խոսվեց՝ բանակի վատ կառավարում, կազմակերպչական և մարտավարական խնդիրներ, կրոնա-գաղափարական երկփեղկում, ռազմիկների մեծ մասի թույլ մոտիվացվածություն և այլն։ Կային, սակայն, նաև ռազմավարական ընկալումների լուրջ խնդիրներ, որոնք հենց այստեղ էլ ի հայտ եկան ամենայն սրությամբ։

Ալփ-Արսլանը աննկատ, բայց ուշադիր հետևում էր քրիստոնյաների բանակի տեղաշարժին և այն, որ նա լրջորեն չխոչընդոտեց Ռոմանոսի արշավանքին դեպի Ասորիք, իր բացատրությունն ուներ։ Արդեն մոտ կես դար Հալեպին և Հյուսիսային Ասորիքին տիրող Միրդասյաններն իրենց բավականին անկախ էին պահում շրջակա տիրակալների, այդ թվում նաև սելջուկյան հզոր սուլթանների նկատմամբ, ինչն էլ հենց ստիպեց Ալփ-Արսլանին թույլ տալ կայսերական բանակին Միրդասյաններին մի լավ ահաբեկել։ Հալեպի շրջակայքի ասպատակումը, ինչպես նաև մի քանի օր տևած Մեմբիջի պաշարումը և ամրացված այդ քաղաքի անկումը ի վերջո ստիպեց հպարտ Միդասյաններին դիմել սելջուկյան սուլթանի աջակցությանը, որը առաջ շարժեց իր բանակներից մեկը։ Արդյունքում, թեև Միրդասյանների և սելջուկների բանակի համատեղ հարձակումը Մեմբիջի ուղղությամբ վերջնական հաջողության չբերեց և քաղաքը մնաց կայսեր ձեռքում, սակայն նույն այդ հարձակումը լուրջ խնդիրներ առաջացրեց քրիստոնյաների համար, որոնք արդեն ի վիճակի չեղան առաջանալ։ Ալփ-Արսլանի օգտին էր նաև այն, որ ինչպես Միրդասյանները, այնպես էլ շրջակա այլ տիրակալներ, արդեն ոչ միայն «մահմեդական եղբայրության» ինչ որ տեղ իդեալիստական գաղափարախոսությունից դրդված, այլ նաև ավելի կոնկրետ՝ իրենց տիրույթները կորցնելու ահից առաջ մղվելով, վերջնականապես ենթարկվեցին հզոր սելջուկյանին։ Կար, սակայն, նաև մեկ այլ հանգամանք և հենց վերջին այդ հաղթաթուղթն էր, որ արդեն նոյեմբեր ամսվա ամենավերջին սեղանին նետեց Ալփ-Արսլանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:09 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Եվ այսպես, մինչ ծանրաշարժ ու դժվար կառավարվող կայսերական բանակը, ենթարկվելով հակառակորդի հյուծիչ հարվածներին, Հյուսիսային Ասորիքից ձմեռելու ու հանգստանալու համար կնահանջեր Կիլիկիա , Սելջուկյան սուլթանության խոշոր մի բանակ, անցնելով Հարավային Հայաստանի միջով ու գետանցելով Եփրատը, կարկտաբեր ու կործանիչ մի ամպի պես մտավ Փոքր Ասիա՝ հասնելով երկրամասի ամենախորքերը ։ Մահմեդականները գործում էին ամենայն դաժանությամբ և Փոքր Ասիան լիուլի տեսավ այն բոլոր աղետներն ու սարսափները, որոնք վաղուց ի վեր ճաշակում էին հայերը բուն Հայաստանի տարածքում, ընդ որում Կիլիկիայում գտնվող կայսրը, որն իր ծանրաշարժ բանակը հենց նոր հազիվ էր տեղավորել ձմեռոցներում, առժամանակ ի վիճակի չէր որևէ բան ձեռնարկելու (տես նկ. 6)։

Изображение
Նկար 6.Սելջուկյան բանակի 1069 թ-ի դեկտեմբեր - 1070 թ-ի փետրվար արշավանքի երթուղին Ամիդ-Իկոնա-Ամիդ (Диярбакыр-Конья- Диярбакыр) հատվածում


1070 թ-ի փետրվարի ապստամբություն բարձրացրին կայսերական բանակի եվրոպացի վարձկանների մի քանի հարյուրյակներ ։ Ապստամբները, մարտ ամսին Կրիսպինի և կոմս Ռասսել Բեյլիի գլխավորությամբ ոտնատակ տալով Շապին-Գարահիսարի շրջակայքը , նույն ամսվա 4-ին հաղթեցին իրենց դեմ ուղարկված Ռոմանոսի ջոկատներից մեկին , իսկ մի քանի օր անց էլ, ըստ էության պատահաբար հանդիպելով սելջուկյան ավարառու ջոկատներից մեկին, ոչնչացրին նաև այն ։ Եվրոպացիները, սակայն, որևէ հստակ ծրագիր չունեին, նրանք սեղմված էին երկու հզոր ուժերի միջև և շուտով աստիճանաբար ցրվեցին։ Եվրոպացի վարձկանների հատվածական այս ապստամբությունը վերջացավ, Կրիսպինը և Ռասսել Բեյլին ներում ստացան ու վերադարձան կայսերական ծառայության, սակայն արյունոտ տարին դեռ նոր էր սկսվում։

Ցանկանալով ինչ որ կերպ վերջ տալ Լեռնային Կիլիկիայից հյուսիս և հյուսիս-արևմուտք տարածվող սեփական տարածքներին ամայացմանը՝ 1070 թ-ի ապրիլին ի վերջո կրկին ուժերն ի մի բերած Ռոմանոսը մի խոշոր բանակով սկսեց առաջանալ Կիլիկիա-Կեսարիա երթուղով, ընդ որում թշնամու ուժերը, նահանջելով և ի մի գալով, քրիստոնյաների դեմ ելան Կեսարիայից հյուսիս-արևելք գտնվող Կապադովկիայի Լարիսա քաղաքի մոտակայքում։ 1070 մարտի կեսերին Արաբկիրից մոտ 105 կմ դեպի արևմուտք գտնվող Լարիսա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտը ինչ որ իմաստով կարող էր համարվել Ռոմանոսի հաղթանակ, քանզի թշնամին վերջին հաշվով նահանջեց , սակայն մյուս կողմից էլ դա հաղթանակ չէր այնքանով, որ իրականում թշնամին նահանջեց ըստ սեփական ծրագրի՝ առջևում քրիստոնյաների համար նախատեսելով օպերատիվ հերթական մի ծուղակ։ Այսպես թե այնպես, բայց 1070 թ-ի մայիս-հունիս ամիսներին Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ արշաված բյուզանդական հիմնական բանակը դանդաղորեն առաջացավ Լարիսա-Արաբկիր-Մելիտե-Խարբերդ-Ճապաղջուր-Խորձյան-Մուզուր-Եկեղյաց երթուղով՝ փորձել գալարաձև իր այդ տեղաշարժով գուշակել թշնամու հարվածի հիմնական ուղղությունը և առնել դրա դեմը (տես նկ. 7)։

Изображение
Նկար 7. Բյուզանդական բանակի 1070 թ-ի մայիս-հունիս արշավանքի երթուղին Կիլիկիա-Երզնկա (Адана-Erzinchan) հատվածում

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հետագան, սական, կրկին խառնեց Ռոմանոսի բոլոր ծրագրերը։ Բանն այն է, որ Եկեղյաց գավառի հարավային սահմաններում տեղի ունեցած մի քանի մարտերում սխոլերի դոմեստիկոս Փիլարտոս Վարաժնունու գլխավորած կայսերական բանակի վերջապահը պարտություն կրեց Ամիդից առաջխաղացող Սելջուկյան սուլթանության բանակի մանր հարձակումներից և դժվարությամբ միացավ հիմնական բանակին, որի արդյունքում կայսերական բանակը ըստ էության չկարողացավ ապահովել Եփրատի պաշտպանական գիծն ու առժամանակ փակվեց Եկեղյաց գավառում։ Փաստորեն, եթե 6 ամիս առաջ կայսրության բանակը պատսպարվել էր հարավում՝ Կիլիկիայում, և թշնամու հարվածի առաջ բաց էր թողել հյուսիսային օպերատիվ ուղղությունը, ապա այժմ էլ ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռոմանոսի բանակը պարփակվեց հյուսիսում ու հակառակորդի համար բաց թողեց արդեն հարավային օպերատիվ ուղղությունը։ Արդյունքում Սելջուկյան սուլթանության հիմնական բանակը, լիովին օգտվելով սեփական բարձր օպերատիվությունից և իր դիմաց չգտնելով Փոքր Ասիայի ուղղությունը փակող մի որևէ լուրջ դիմադրական ուժ, 1070 թ-ի ամռանը կրկին ներխուժեց Անդրեփրատյան Ծոփք ու Կապադովկիա՝ հասնելով մինչև Իկոնա ու ամայացնելով վերջինիս շրջակայքը ։ Կայսրը, որ պարփակվել էր Հայաստանի հյուսիսային լեռներում, մի կերպ կարգի բերեց իր ուժերը և կրկին ոտքի հանեց իր տանջված բանակը՝ փորձելով հասնել հակառակորդին։ Քրիստոնյաները, ընդհանուր ուղղություն ունենալով հարավ-արևմուտքը, փորձում էին փակել հակառակորդի վերադարձի ուղիները և, որ ամենակարևորն էր, թույլ չտալ Իկոնայի մոտ կուտակված և այնտեղից նահանջող մահմեդական ուժերին արևմուտքից մտնել Կիլիկիա։ Իրոք, նահանջի այլ ճանապարհ Սելջուկյան սուլթանության բանակի համար արդեն չկար, Կիլիկիայից հյուսիս ձգվող ուղությունը փակվել էր արևելքից առաջխաղացող Ռոմանոսի բանակի կողմից, սակայն արագությունը այս անգամ ևս փրկեց մահմեդականներին և նրանք կարողացան հասցնել անցնել Հերակլեա-Տարսոն-Ադանա-Մամեստիա երթուղով ։ Ուշացած քրիստոնյաները իրենք ևս թշնամու հետքերով արևմուտքից մտան Կիլիկիա, սակայն, այսպես թե այնպես, բյուզանդական բանակը ի վիճակի չեղավ հասնել հակառակորդին։ Արդյունքում Սելջուկյան սուլթանության բանակի հիմնական ուժերը, օպերատիվ արվեստում լիովին գերազանցելով հակառակորդին, արագ տեղաշարժով հարվածներ հասցնելով ամենաթույլ կետերին ու ստիպելով թշնամուն անարդյունք հետապնդում իրականացնել, ամենայն հաջողությամբ ապաստանեցին Հյուսիսային Ասորիքի իրենց դաշնակից Միրդասյաններին ենթակա տարածքներում (տես նկ. 8)։

Изображение
Նկար 8. Սելջուկյան բանակի 1070 թ-ի ամառային արշավանքի երթուղին Ամիդ-Հալեպ (Диярбакыр-Алеппо) հատվածում


Այս ընթացքում կայսերական բանակը, այն էլ միայն տեղական ուժերի հաշվին, կարողացավ գրանցել միայն երկու հաջողություն՝ Ապլղարիբ Արծրունու գլխավորած բանակը Տարսոնի մոտ դարանը գցելով ջախջախեց ավարով նահանջող Սելջուկյան սուլթանության բանակի մի ոչ փոքր ջոկատի , իսկ Մանուիլ Կոմնենոսի գլխավորությամբ Կապադովկիայում գործող բյուզանդական բանակն էլ կարողացավ մանր մարտերով երկրամասը մաքրել մահմեդականների ցրված ուժերից , չնայած վերջին դեպքում սրանք մեծ հաշվով արդեն իրենք որևէ ցանկություն չունեին մնալ տեղում և այդ պահին առավելագույնը որ ուզում էին, ավարով հեռանալն էր։

1070 թ-ի աշնան կեսերին, երբ Սելջուկյան սուլթանության բանակի հիմնական ուժերը հեռացան դեպի սեփական տիրույթների խորքերը և առժամանակ ցրվեցին, իր բանակը ձմեռոցներում ու հատկապես Սեբաստիայի շրջակայքում տեղավորելուց հետո մայրաքաղաք վերադարձավ նաև կայսր Ռոմանոսը։ Իհարկե, կայսերական քարոզչամեքենան ոչ մի ջանք չխնայեց ավելի քան մեկ տարի տևած ռազմական գործողությունները հօգուտ կայսեր ներկայացնելու համար ու թվում էր, թե դրա համար բոլոր հիմքերը կային, մասնավորապես թշնամին նահանջել էր կայսրության տարածքներից, սակայն դա ռազմական գործից հեռու և անտեղյակ մարդկանց համար էր, իսկ իրապես իրերի դրությունից տեղյակ մարդկանց ու հատկապես Ռոմանոսի համար պարզ էր՝ իրականում այդ ինքն ու իր բանակը չէին, որ դուրս էին մղել թշնամուն կայսերահպատակ տարածքներից, այդ ուղղակի թշնամին ինքն էր, հարստացած ավարով, ինչ որ մի պահի հարմար գտել հեռանալ ։ Ռոմանոս կայսրը բավականին հասկանում էր ռազմական գործից ու թերևս կարելի է ենթադրել, որ նա ինքը ևս գիտակցում էր օպերատիվ այն սխալները, որը թույլ էր տվել։ Իրոք, խաբված հակառակորդի կողմից, կայսրն ու նրա մերձավոր շրջապատը երկու անգամ անընդմեջ ըստ էության լիովին անպաշտպան էին թողել հարվածի հիմնական ուղղությունը, որի արդյունքում թշնամին ոտնատակ էր տվել կայսրության նույնիսկ այնպիսի հեռավոր շրջաններ, որտեղ թշնամական ուժեր չէին տեսել արդեն գրեթե երկու հարյուրամյակից էլ ավել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մանազկերտի ճակատամարտ


Մարտական գործողություններում առաջացած մոտ հնգամսյա դադարը կողմերը օգտագործեցին ըստ արժանավույն։ Ռոմանոս IV Դիոգենեսը, վերջնականապես ի մի բերելով բոլոր ուժերը, կայսրության փոքրասիական տիրույթներում կենտրոնացրեց 200.000-անոց մի հսկայական բանակ։ Հաշվարկն արվում էր առ այն, որ, նույնիսկ եթե չհաջողվի էլ հակառակորդին գլխավոր մարտ պարտադրել, գոնե ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ մի քանի գլխավոր ուղղությոններում տեղակայված այս ուժերը զուտ ֆիզիկապես խոչընդոտեն հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ թույլ չտալով նախորդ տարիների ներթափանցումների տիպի ներթափանցում դեպի սեփական տիրույթների խորքերը։ Թվում էր, թե ամեն ինչ ճիշտ է արվել, սակայն այնուհանդերձ թույլ տրվեցին քաղաքական բնույթի մի շարք սխալներ, որոնք էլ վերջին հաշվով կործանարար ազդեցություն ունեցան վերջնական արդյունքի վրա։

Ամենից գլխավոր սխալն այն էր, որ կայսրը, հրապուրված մեծաքանակ վարձկանների ուժով ու թվացյալ հզորությամբ, համառորեն ոչ միայն աչքաթող էր անում տեղացիներին ու նրանց ուժերին, խոսքն ամենից առաջ հայերի մասին է, այլև ամեն կերպ հալածում էր նրանց։ Տարված միակրոն տերություն ունենալու մարմաջով ու դրա մեջ տեսնելով սեփական տերության ապագա հզորության հիմքերից մեկը՝ կայսրն այնուհանդերձ գործում էր անչափ ուղղամիտ՝ իր դեմ հանելով սեփական բանակի կարևորագույն տարրերից մեկը կազմող միաբնակ հայերին։ Հնարավոր է, որ հայերին համառորեն չսիրելու խորքային և նույնիսկ գուցե ենթագիտակցական պատճառների մեջ առաջնային դեր ուներ նաև այն հանգամանքը, որ ժամանակին Ռոմանոսի հղացած և անհաջողությամբ ավարտված դավադրության մեջ վերջինիս մատնելու դերը ստանձնել էր ազգությամբ հայ մի անձնավորություն և կայսրը համառորեն չէր կարողանում մոռանալ այդ հանգամանքը, հնարավոր է կային նաև այլ պատճառներ, սակայն մի բան փաստ էր, որ հայերին հալածելու մշտական այդ մոլուցքը հանդիսացավ կայսեր ռազմական ձեռնարկումների ձախողման գլխավոր պատճառներից մեկը։ Պետք է ասել, սակայն, որ կայսեր առանձնապես սիրելու հիմքեր չունեին նաև եվրոպական վարձկանները, որոնք, հատկապես իտալական նորմանների հաջողությունների ու նախորդ տարիներին իրենց ականատես եղած կայսերական ռազմական մեքենայի անհաջողությունների ֆոնին, ավելի ու ավելի քիչ էին սկսում հարգել Ռոմանոսին ու նրա ռազմական մեքենան։ Վարձկանների սրտով չէր նաև կայսեր դրսևորած խստությունները, դե իսկ ինչ վերաբերվում է արմատներով թյուրք վարձկաններին, ապա սրանք, ընդհանրապես, տեսնելով իրենց հավատակիցների հաջողությունները, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ էին հակվում կայսրությանը հետագայում ևս ծառայելու մտքին։

1071 թ-ի՝ վճռական լինելուն կոչված այդ տարում, մարտական գործողությունների սկիզբը դրվեց մանր ընդհարումների տեսքով։ Արդեն հունվար ամսի վերջին Ալփ-Արսլանին ենթակա Շադդադյանների և Դերբենդի Հաշիմյանների էմիրությունների միացյալ բանակը գրավեց Մանազկերտը Հայկական բանակից` օգտվելով այն բանից, որ քաղաքի բյուզանդական կայազորը մինչ այդ դիմել էր ահաբեկված փախուստի ։ Քաղաքն ավերվեց, իսկ Կոնստանդնուպոլսում էլ հասկացան, որ սկիզբ է առնում նոր մի պատերազմաշրջան։ 1071 թ-ի փետրվար ամսին Սելջուկյան սուլթանության սահմանապահ բանակներից մեկը բյուզանդական բանակից գրավեց Թլմուխ և Թլթովրաթ սահմանային ամրոցները , որից հետո արդեն սուլթան Ալփ-Արսլանի գլխավորած Սելջուկյան սուլթանության խոշոր բանակը ասպատակեց Տիգրանակերտի, Ամիդի և Սևավերակ ամրոցի շրջակայքը՝ նահանջելով միայն խոշոր փրկագին ստանալուց հետո ։ Այսպիսով սուլթանը միաժամանակ և բավարություն էր տալիս իր բանակի ռազմիկների նյութական ձգտումներին, և ահաբեկում էր սահմանամմերձ տիրակալներին՝ ապագա մարտական գործողություններում նրանց հավատարմությունն ապահովելու նպատակով։

1071 թ-ի մարտի սկզբից ապրիլի վերջ Ալփ-Արսլանի գլխավորած Սելջուկյան սուլթանության հիմնական բանակը, դաշնակցած տեղական մահմեդական գահատոհմերի հետ, պաշարեց Եդեսիան ու Մեմբիջը ու, թեև երկուսն էլ չգրավեց, սակայն Մեմբիջի պաշարումը մեկ այլ հաջողության հիմք դարձավ, քանզի, թեև Սեբաստիայից առաջխաղացած կայսերական խոշոր բանակն ի վերջո ստիպեց թշնամուն մի քիչ նահանջել այս քաղաքից, սակայն օգտվելով այն բանից, որ հակառակորդի հիմնական ուժերը շարժվել են դեպի Մեմբիջ, Սելջուկյան սուլթանության բանակներից մեկը մոտեցավ Արևելքի դոմեստիկոս Մանուիլ Կոմնենոսի, Միքայել Տարոնեցու և Նիկեփոր-Մլեհ Հայի գլխավորությամբ արդեն հենց Սեբաստիային մոտ ճամբարած բյուզանդական բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (այդ թվում Թոռնիկ-Գոդերձ Հայը և Միքայել Բագրատունին), որից հետո հարձակումով ու կեղծ նահանջով առաջ քաշելով, գլխովին ջախջախեց կայսերական թիկունքային այդ ուժերին , ընդ որում Մանուիլ Կոմնենոսը, Միքայել Բագրատունին, Նիկեփոր-Մլեհը և Թոռնիկ Գոդերձը գերվեցին։ Պարտությունն այսպես թե այնպես լիակատար էր, իսկ այն, որ գերված կայսերական զորավարները կարողացան համոզել թշնամու առաջնորդին անցնել կայսրության կողմը, թողնել իր բանակը և գերիների հետ միասին փախչել Կոնստանդնուպոլիս, հազիվ թե կարող էր ստեղծված պայմաններում որևէ սփոփանք հանդիսանալ, մանավանդ որ, վերացնելով իրենց ուղին փակող ըստ էության միակ խոչընդոտը, Սեբաստիայի ջարդից կարճ ժամանակ անց Սելջուկյան սուլթանության բանակը, ինչպես և նախորդ տարիներին, կրկին ամայացրեց Անդրեփրատյան Ծոփքը, Կապադովկիան, Փռյուգիան, Պիսիդան, Ամորիոնը ու նրա շրջակայքը և նահանջեց միայն խոշոր ավար ձեռք բերելուց հետո ։ Փաստորեն այս անգամ ևս Սելջուկյան սուլթանության բանակը, մարտավարական առումով գերազանցելով կայսերական բանակին, կարողացավ լուրջ հաջողություն գրանցել և կրկին ներխուժել կայսրության թիկունքային շրջաններ՝ ըստ էության ցույց տալով Ռոմանոսի հղացած ռազմական համակարգի ողջ սնանկությունը։

1071 թ-ի ապրիլի 16-ին, մինչև վերջին պահը հայացքը ծովին հառած սպասելով օգնություն մայրաքաղաքից, նորմանների հարվածների տակ ընկավ Բյուզանդիայի իտալական տիրույթների սիրտը համարվող Բարին, սակայն նույնիսկ այդ քաղաքին օգնության հասնելու մշտական խնդրանքները, ինչպես նաև քաղաքի անկումով պայմանավորված իտալական տիրույթների ըստ էության կորուստը չէր կարող ստիպել որպես ռազմիկ, զորավար ու կայսր խորապես խոցված Ռոմանոսի IV Դիոգենեսին շարժվել Արևմուտքին օգնության։ Իրոք, կարծես մի խորը կրքով տարված խաղամոլ, որը ողջ խաղագումարը դրել է միայն մեկ և միակ հնարքի վրա, Ռոմանոսը, չմտածելով արդեն նույնիսկ օպերատիվ նրբությունների մասին, 1071 թ-ի հունիսի սկզբին ոտքի հանեց իր հսկայական բանակն ու շարժվեց Հայաստանի ուղղությամբ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:13 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
«Կայսերական հրամանով հռոմեական բանակը հավաքվեց Անատոլիկոն բանակաթեմում։ Այստեղ կարելի էր տեսնել մի ապշեցուցիչ բան. ողջ արևելքն ու արևմուտքը հպատակեցնող հռոմեական հռչակավոր մարտիկները շատ փոքրաթիվ էին, այն էլ թշվառությունից ու տառապանքներից գլխիկոր, անզրահ, առանց պատերազմական ձիերի և այլ անհրաժեշտ հանդերձանքի։ Նրանք անարի էին ու վախկոտ, անընդունակ որևէ սխրանքի, ինչի լուռ վկան էին անգամ նրանց կեղտոտ, կարծես ծխից մրոտված դրոշները, որոնց հետևում էին փոքրաթիվ ու խղճուկ զինվորները»,- չարագուշակ կանխատրամադրվածությամբ հայտնում է Հովհաննես Սիկլիցեսի Շարունակողը , իսկ կայսերական բանակի գործող զորավար Միքայել Աթալիատեսն էլ չի զլանում մանրամասն պատմել մի շարք չարագուշակ նախանշանների մասին, որին ուշադրություն դարձրեցին սնհավատությամբ պատված շատ մարդիկ ։ Փոքրի Ասիայի տարբեր ճանապարհներով, վերջնական հավաքակետ ունենալով Սեբաստիան, վարգում էին մեծաթիվ օղուզները, պածինակները, ղփչախներն ու խազարները, իրենց ծանր հանդերձների մեջ հպարտորեն արձանացած սեփական խոշոր նժույգներով ընթանում էին նորմանները, ֆրանկներն ու գերմանացիներ, սրանցից ամեն կերպ փորձում էին հետ չմնալ վարձկան ռուսները, ինչպես նաև կայսերահպատակ կամ վարձկան սլավոններն ու բուլղարները, իսկ հյուսիսից էլ՝ Տրապիզոնի կողմից, մոտենում էին վարձկան ու դաշնակից վրացիներն և աբխազները։ Եվ այսպես, նպատակ ունենալով վերջնականապես մաքրել կայսրության տարածքը Սելջուկյան սուլթանության բանակից և վերջ տալ նրա ասպատակություններին` ստեղծվեց մի մեծաքանակ, բայց բազմազգ, թույլ ու վատ կառավարվող բանակ և արշավանք սկսեց դեպի արևելք։

Բանակի ղեկավար կազմում էր ամենից առաջ կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը, որի մասին բավարար ասվեց։ Գլխավոր դերակատարներից էր նաև սխոլերի դոմեստիկոս Փիլարտոս Վարաժնունին, որը նախորդ ռազմական գործողություններում մեղմ ասած ամենևին էլ չէր փայլել, բայց որին կայսրը շարունակում էր գնահատել բավականին բարձր ամենից առաջ իր կազմակերպչական հմտությունների համար։ Առաջնային տեղ ուներ նաև իր ժամանակի լավագույն ռազմիկ զորավարներից մեկը հանդիսացող Արևմուտքի դոմեստիկոս Նիկեփոր Բրիեննոսը, որին այս դեպքերից մոտ 7 տարի անց վիճակված էր լինելու հերթական մի ապստամբություն բարձրացնել այդ պահին իշխող կայսր Նիկեփոր III Բոտինատեսի (1078-1081) դեմ, անհաջողության մատնվել ու զրկվել տեսողությունից` դրանից հետո չհեռանալով հանդերձ ռազմական գործից և որոշ դեպքերում շարունակելով աջակցելով իր երկրի պաշտպանությանը։ Հենց այս Բրիեննոսի թոռ ու նույնանուն Նիկեփորն էր, որ հետագայում Ալեքսեյ I-ի (1081-1118) արքունիքում հասնելու էր ամենաբարձր դիրքերի, դառնալու էր կայսեր դուստր Աննա Կոմնենոսի ամուսինը և, գրիչը վերցրած ձեռքը, պատմելու էր այդ թվում նաև իր պապի մասնակցությամբ տեղի ունեցած վճռորոշ այս իրադարձությունների մասին։ Բյուզանդական բանակի կազմում էր նաև մագիստրոս Հովսեփ Տարխանիատես Կատակալոնը , արմատներով Կատակալոնների հատնի ռազմական տոհմից սերող այդ բարձրաստիճան ազնվականը, որին, սակայն, վիճակված էր բավականին ոչ միանշանակ դեր խաղալ ապագա իրադարձություններում։ Այլ զորավարներից հայտնի էին կայսեր շքախմբի զորավարների թվին պատկանող Միքայել Աթալիատեսը, որը հետագայում այս ամենի մասին խիստ արժեքավոր հուշեր էր թողնելու, Թեոդորոս Ալիաթեսը, որը մինչև վերջ հավատարիմ էր մնալու Ռոմանոսին և նրա հետ միասին կուրացվելու էր, ինչպես նաև այլոք։ Եվրոպացի վարձկաններից հայտնի էր ամենից առաջ կոմս կոմս Ռասսել Բեյլին։ Այլոց պահով, թեև ուղղակի չի հայտնվում, սակայն ամենայն հավանականությամբ կայսեր բանակում են Կրիսպինը, ինչպես նաև՝ արդեն ծեր, սակայն երիտասարդական եռանդը պահպանած Հելվիուս Վրանգապոլը։

Արշավանքի ելած կայսր Ռոմանոսի բանակում ամենաընդհանուր գնահատականներով կային ազգությամբ կամ գոնե արմատներով հայ համարվող մոտ 50.000 ռազմիկներ, որոնցից Փիլարտոս Վարաժնունու և Հովսեփ Տարխանիատես Կատակալոնի մասին արդեն խոսվեց։ Այլ հայերից հայտնի է ամենից առաջ Կարինի դուքս Նիկեփոր Վասիլակի Հայը ։ Վերջինս ըստ Աննա Կոմնենոսի վկայության. «Արիական ու անվախ հոգու տեր մի մարդ էր, իսկ նրա ողջ պահվածքում, ընդհանրապես, ինչ-որ իշխանական մի բան կար։ Նա ուներ որոտի նմանվող ձայն, որը շփոթի էր մատնում ողջ զորքը, իսկ նրա գոռոցը ի վիճակի էր յուրաքանչյուր մեկին լքել քաջությունից։ Դա խոսքով անպարտելի մի մարդ էր, որը և կարողանում էր ռազմիկներին մարտի կոչել, և նրանց փախուստի մատնել» ։ Հենց այս մարդուն էր, որ, գուցե ինչ որ տեղ սեփական պապին մեծարելու, իսկ ինչ որ տեղ էլ գուցե նրան արդարացնելու համար, հետ չմնալով իր կնոջից, պատմիչ Նիկեփոր Բրիեննոսը բնորոշում էր որպես մի համարձակ ու ուժեղ, սակայն հանդուգն և պոռթքումների մեջ անզուսպ մի մարդու ։ Նիկեփոր Վասիլակիին, որպես մի քաջ ու պատերազմող մարդու, գիտեն նաև Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Սպարապետը ։ Հետագայում Նիկեփոր Վասիլակին Նիկեփոր Բրիեննոսի հետ գրեթե միաժամանակ, բայց նրանից անկախ, ապստամբեց Նիկեփոր III Բոտինատեսի դեմ, բայց իր հերթին պարտություն կրեց ու կուրացվեց։ Արշավող բանակում հայերից հայտնի էին նաև Եդեսիայի դուքս Պետրոս Հայը, որին հաջողվել էր բավականին հաջող կազմակերպել իր քաղաքի պաշտպանությունը հենց վերջերս, պրոտովեստարիոս Վասիլ-Մլեհ Հայը, այլոց հետ միասին վերջերս գերի ընկած ու գերությունի ազատված Թոռնիկ Գոդերձ Հայը, Լևոն Դավաթանոս Հայը, ինչպես նաև Խատապ Հայը, որին որպես մի քաջ ու պատերազմող մարդու են ճանաչում Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Սպարապետը ։ Ինչպես արդեն ասվեց, կայսերական բանակի արշավանքի կապակցությամբ ոտքի էր ելել նաև ողջ Հայաստանը։ Լոռու, Սյունիքի ու Խաչենի թագավորությունները, ինչպես նաև Տարոնի իշխանությունը, գտնվելով սուլթանության թիկունքում և զգուշանալով բացահայտ ու պաշտոնական աջակցություն ցույց տալ քրիստոնյաներին, այնուհանդերձ ոչ պաշտոնական մակարդակով զգալի ուժեր էին ուղարկել, որին գումարվեց նաև կայսերահպատակ հայերի ոգևորությունը։ Ոգևորված էին նաև Սեբաստիայում հաստատված Արծրունիները և համընդհանուր ոգևորություն չէր կիսվում թերևս միայն Անիի թագավորության վերջին արքա Գագիկ II-ի գլխավորած Ծամնդավի թագավորությունում, ընդ որում կյանքը ցույց տվեց, որ վերջին մոտեցման կողմնակիցներն էին հենց, որ ամենաշատը մոտ էին ռեալ իրականությանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով, տարբեր ուղիներով և մանր ու մեծ խմբերով առաջանալով Փոքր Ասիայի ու Հայաստանի ամենատարբեր մասերից՝ ուժերն ի մի բերող կայսերական բանակը սկսեց աստիճանաբար մոտենալ և հավաքվել Սեբաստիայում։ Իր հերթին, այս ամենի մասին ժամանակին տեղեկացած սուլթան Ալփ-Արսլանը սկսեց արագորեն կենտրոնացնել իր բանակը։ Արդյունքում արդեն հուլիս ամսին սելջուկների առաջապահը Սեբաստիայի մոտ հարձակման անցավ հակառակորդի առաջապահի վրա և կեղծ նահանջով առաջ քաշեց նրան, իսկ հետո, մարտի մեջ մտցնելով դարանում տեղադրված հիմնական ուժերը, ծանր պարտության մատնեց հակառակորդին։

Այս դեպքերից շատ կարճ ժամանակ անց, երբ կայսերական հիմնական բանակը հավաքվեց Սեբաստիայի շրջակայքում, իսկ քաղաքի հայերն էլ Ատոմ և Աբուսահլ Արծրունիների գլխավորությամբ եկան հարգանքի իրենց հավաստիքը մատուցելու հենց նոր քաղաք ժամանած Ռոմանոսին, վերջինս, ենթակա լինելով մի շարք քաղկեդոնականների ամբաստանությունների, թե Սեբաստիայի մոտ տեղի ունեցած վերջին պարտության մեջ մեղավոր են եղել հենց հայերը, մի շարք սպառնալիքներ տեղաց հայերի գլխին, իսկ հետո էլ հրամայեց իր բանակին ասպատակել քաղաքի շրջակայքը։ Ավելին, կայսրը նաև ավելի հեռուն գնաց և սպառնաց, որ արշավանքից վերադառնալուց հետո դավանափոխ է անելու բոլոր հայերին և դարձնելու է քաղկեդոնական ։ Այլ ավելի անհաջող միտք պատերազմական այդ դրության մեջ գտնվող բյուզանդական բանակում թերևս հնարավոր չէր արտահայտել, սակայն Ռոմանոսն այնուհանդերձ ոչ միայն արտահայտեց այդ միտքը, այլև՝ պնդեց իրենը ։

Ինչպես արդեն ասվեց, Սեբաստիայում ու հարակից շրջաններում կուտակվում էր մի աննախադեպ մեծության, բայց նաև խայտաբղետ ու վատ կառավարվող բանակ, որի ռազմիկների մեծ մասը հաջողության գործում մոտիվացված էր հիմնականում բավականին թույլ։ Արդեն Սեբաստիային մոտենալիս կար պարենամթերքի զգալի պակաս, որը, համապատասխան ռազմիկների թվի ավելացման, ավելի ու ավելի էր սրվում։ Այս կապակցությամբ բացատրական մի որևէ աշխատանք այդպես էլ չէր կատարվում, որպեսզի վարձկանները հասկանային, որ գտնվում են ոչ թե գրավված կամ թշնամական, այլ հենց կայսեր պատկանող երկրում։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ գերմանացի վարձկանները, որոնց հետ կայսրն առանձնակի հույսեր էր կապում, անցան բացահայտ թալանի և դրա հետևանքով կայսեր կողմից շնորհազրկվեցին ։ Այսպիսով առկա էին նաև ռազմական բնույթի այլ գործոններ ևս, որի արդյունքում Սեբաստիան տուժվեց, և կայսեր կրոնական դոգմատիկությունն ու հայատյացությունը չէին միայն, որ բերեցին Սեբաստիայի ու հարակից շրջանների ամայացմանը, բայց փաստը մնում է փաստ, որ կայսրության բանակի կարևորագույն տարրերից մեկը հանդիսացող հայերի հասցեին արտահայտվեցին լուրջ սպառնալիքներ, որոնք, մեղմ ասած, ոչ մի կերպ չէին կարող նպաստել Ռոմանոսի բանակի մարտունակության բարձրացմանը։ Գերմանացիները իհարկե արժանի պատիժ էին ստացել, սակայն այդ հանգամանքը խուլ դժգոհություն առաջացրեց եվրոպացի բոլոր վարձկանների շարքերում։ Կային նաև այլ խնդիրներ և ամենագլխավորը քաղաքականն էր՝ Դուկասները, որոնք փաստորեն հեռացվել էին կայսրության կառավարման ղեկից, բայց մնացել էին պետական ու ռազմական համակարգի բարձր օղակներում, հմտորեն օգտագործելով կայսեր դեմ առկա դժգոհությունները, դավադրության մի իսկական ցանց էին ստեղծել բանակում՝ նախատեսելով վճռական պահին ըստ էության թշնամուն հանձնել իրենց այդքան խանգարող կայսեր, կառավարման ղեկին կրկին դնել Միքայել VII-ին և կայսրությունը վերադարձնել իրենց խմբակցության իշխանությանը։

Հուլիս ամսվա սկիզբը Ռոմանոս IV Դիոգենեսը ծախսեց Սեբաստիայում հավաքվող իր բոլոր ուժերը ի մի բերելու վրա, որից հետո սկսեց արշավանքը դեպի Արևելք։ Բյուզանդական բանակի շտաբում Հայաստանից անդին տարածվող Արևելքի մասին պատկերացումները բավականին աղոտ էին, սակայն ընդհանուր միտքը պարզ էր՝ ուղղություն ունենալով արևելքը՝ հասնել Ռեյ և գրավել Սելջուկյան սուլթանության հիմնական տարածքները։ Հետաքրքիր է, որ, ինչպես մի ժամանակ Հերակլես I-ը (610-641), այս անգամ արդեն Ռոմանոսը IV Դիոգենեսը, իմանալով, որ Ալփ-Արսլանի հիմնական ուժերը տեղակայվել են Մեմբիջի մոտակայքում ու Հյուսիսային Ասորիքում, նախատեսել էր ոչ միայն թևանցումով ստիպել թշնամուն նահանջել, այլև՝ պատերազմն ավարտել հակառակորդի տերության հենց սրտում։

Եվ այսպես, ինչպես արդեն ասվեց, հուլիս ամսվա սկիզբը ծախսելով Սեբաստիայում ու նրա շրջակայքում սեփական բանակի կենտրոնացման վրա, նույն ամսվա կեսերին էլ մաս առ մաս առաջացող կայսերական բանակը սկսեց աստիճանաբար առաջ խաղալ Սեբաստիա-Երզնկա-Կարին երթուղով (տես նկ. 9)։ Կարինը, ինչպես իր ժամանակին Սեբաստիան, հռչակվել էր բանակի միջանկյալ կանգառի և ուժերի հերթական կենտրոնացման մի վայր, որտեղ Ռոմանոսի բանակը հավաքվեց հուլիսի երկրորդ կեսին։

Изображение
Նկար 9. Բյուզանդական բանակի 1071 թ-ի հունիս-հուլիսի արշավանքի երթուղին Սեբաստիա-Կարին (Сивас-Эрзрум) հատվածում

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Маназкерта: Час смерти великой империи...
СообщениеДобавлено: 17 авг 2016, 21:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այնուհետև, վերսկսելով առաջխաղացումը և չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության, քրիստոնյաների բանակը կտրուկ թեքվեց դեպի հարավ և արդեն հուլիսի վերջին տեղակայվեց Մշո դաշտավայրում (տես նկ. 10)։

Изображение
Նկար 10. Բյուզանդական բանակի 1071 թ-ի հուլիսի արշավանքի երթուղին Կարին-Մուշ (Эрзрум-Муш) հատվածում


Հետաքրքիր է նշել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայսրության բանակն արդեն դուրս էր գալիս քիչ թե շատ կայսրության ազդեցությանը ենթակա վայրերից ու նախատեսվում էր առաջանալ կայսերական պահեստարաններից արդեն հեռու, գործնականում անմարդաբնակ ու ավերակ դարձած տարածքներով, կարգադրվեց յուրաքանչյուր ռազմիկի համար վերցնել երկու ամսվա պարեն ։ Փաստորեն խոսքը գնում էր հսկայական քանակությամբ պարենամթերքի մի ծավալի մասին, որը, կայսրության տարբեր մասերից հավաքվելով Կարինում, պետք է բանակի հետքերով բերվեր վերջինիս շարժման ուղղությանը համապատասխան։ Հատկանշական է, որ կազմակերպչական մեծ ջանքեր պահանջող այս գործի համար կայսրն առանձնացրել էր 14.000 սայլ ։ Միաժամանակ, սակայն, մինչ բանակի կենտրոնական և վերջապահ մասերը տեղ կհասնեին, առաջապահ ուժերը, շարունակելով առաջխաղացումը դեպի արևելք, մոտեցան Խլաթին։ Խլաթի մոտ ծավալվող իրադարձությունների մասին կրճատ հայտնում է ալ-Բունդարին, ըստ որի 1071 թ-ի օգոստոսի 3-ին Սելջուկյան սուլթանության հիմնական բանակի առաջապահը, ամենայն հավանականությամբ տեղի Մրվանյանների աջակցությամբ, պարտության է մատնել կայսերական բանակի առաջապահին և հետ է շպրտել։

Հարկ է նշել, որ վտանգը գիտակցում էին նաև թշնամական կողմում, թեև պետք է ասել, որ բյուզանդական բանակի ահռելի չափերը, ինչպես նաև հարվածի ընդհանուր ուղղությունը սելջուկյան զորավարներին առաջին պահին որոշակիորեն անակնկալի էր բերել։ Իրոք, այն բանից հետո, երբ Ալփ-Արսլանն ու նրա շրջապատը տեղեկացան Սեբաստիայում կենտրոնացած հակառակորդի բանակի մեծաքանակության և հարվածի ընդհանուր ուղղության մասին, շփոթվեցին և ինչ որ տեղ նույնիսկ մատնվեցին խուճապի ։ Մինչ այդ սուլթանը երբեք էլ չէր մտածել Հայաստանում ամրապնդվելու մասին և առաջինն, ինչի մասին մտածեցին Ալփ-Արսլանն ու նրա շրջապատը, դա Ատրպատականը իրենց իշխանության տակ պահելն էր։ Մեծ արագությամբ հետ քաշվելով Հյուսիսային Ասորիքից՝ Ալփ-Արսլանը իր ուժերը կենտրոնացրեց Թավրիզի շրջակայքում, ընդ որում դրանից հետո, չհամարելով իր ընտանիքը բավարար անվտանգության մեջ նույնիսկ այստեղ, նա Նիզամի ալ-Մուլքի գլխավորությամբ ընտանիքի սեփական անդամներին և գանձարանն ուղարկեց ավելի հեռու՝ դեպի Համադան ։

Մեկ ամիսը, սակայն, սուլթանի համար կարծես թե բավարար եղավ, որ նա վերգտնի իրեն, իսկ կայսերական բանակի դանդաղ առաջխաղացումն էլ հիմքեր տվեց նոր լավատեսության։ Ալփ-Արսլանը, հիանալի գիտակցելով իր ու հակառակորդ բանակների ուժեղ և թույլ կողմերը, ամեն կերպ ձգտում էր խուսափել դաշտային ուղիղ և կանոնավոր ճակատամարտից՝ ձգտելով շեշտը դնել հյուծման մարտավարության վրա։ Մեծ հաշվով Հայաստանի ողջ տարածքը սելջուկյան իր ժամանակի ռազմական տեսաբանների համար դիտարկվում էր որպես պատերազմի մի լայնարձակ թատերաբեմ և, եթե Ռոմանոս կայսրը հենց թեկուզ իր ու կայսրության անվան համար ձգտում էր գրավել այն և պահել իր ձեռքում, ապա սելջուկների համար բավարար էր Հայաստանը թեկուզ միայն որպես պատերազմի թատերաբեմ ու մշտական ասպատակությունների վայր ունենալը և այս կապակցությամբ նրանք գործում էին ավելի ազատ։

1071 թ-ի օգոստոսի սկզբին, հերթական անգամ կուտակելով ուժերը արդեն Մշո դաշտավայրում, բյուզանդական բանակը վերսկսեց առաջխաղացումը դեպի արևելք և արդեն օգոստոսի կեսերին սկսեց մոտենալ պատմական Հայաստանի Հարք գավառին։ Խլաթի ուղղությամբ առաջխաղացման փորձը, ինչպես արդեն ասվեց, ձախողվել էր դեռևս օգոստոսի սկզբին, բայց այդ ուղղությամբ առաջխաղացումը այսպես թե այնպես համարվեց երկրորդական, քանի որ մի կողմից առաջխաղացման ուղին էր երկար, մյուս կողմից էլ և ճանապարհն էր ոչ այնքան հարմար։ Փոխարենը, ինչպես բավականին հիմնավոր կերպով եզրակացրին կայսերական զորավարները, կարելի էր, կտրելով անցնելով Մուշ-Մանազկերտ ճանապարհով, Մշո դաշտավայրից շարժվել հյուսիս-արևելյան ուղղությամբ և արդյունքում առկա հսկայական ուժերով բանակել Մանազկերտի մոտ տարածվող լայնարձակ հարթավայրում, ինչն իր հերթին շատ հարմար էր կայսերական հսկայաքանակ բանակին որպես ճամբար ծառայելու համար (տես նկ. 11)։

Изображение
Նկար 11. Բյուզանդական բանակի 1071 թ-ի հուլիս-օգոստոսի արշավանքի երթուղին Մուշ-Մանազկերտ (Муш-Malazgirt) հատվածում

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 19 ]  На страницу 1, 2  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB