Ամենից առաջ ավելորդ չեմ գտնում անել ընդարձակ մեջբերում Պատմահոր երկրի 2-րդ գրքի 1-ին գլխից, ընդ որում, պարզության համար, ես մեջբերումը որոշ դեպքում կլրացնեմ իմ սեղմ մեկնաբանություններով. <Այժմ քեզ գրում եմ այն առանձին գործերը, ինչ որ մեր երկրում են կատարվել, սկսելով երկրորդ գիրքս, կարգով պատմելով Ալեքսանդրի թագավորությունից մինչև քաջ ու սուրբ մարդու` Տրդատի, թագավորությունը, ինչ որ այստեղ քաջության և արիության, իմաստության ու բարեկարգության գործեր են կատարվել ամեն մի թագավորի ձեռքով, սկսած Պարսից Արշակ թագավորից և նրա Վաղարշակ եղբորից, որին թագավորեցրեց մեր երկրի վրա, ու մեր երկրի մյուս թագավորներից, որ նրանից հետո եղան նրա զարմից, որոնք, տերությունը որդին հորից առնելով, կոչվեցին Արշակունիներ` Արշակի անունից, որոնցից մեկն ըստ կարգի հաջորդում էր թագավորությանը, իսկ մյուսները՝ ավելորդները, աճում և բազմանում էին իբրև ցեղ: Բայց կարճառոտ գրում եմ այն, ինչ մեզ հարկավոր է, իսկ ավելորդները բաց եմ թողնում: Որովհետև ուրիշ ազգերի մասին այն, ինչ որ շատերից արդեն ասված էր, բավական է: Երբ բոլոր տիեզերքին տիրեց Ալեքսանդր Մակեդոնացին՝ Փիլիպպոսի և Ոլոմպիադայի որդին, քսանչորսերորդն Աքիլլեսից, ապա ինքը մեռնում է` իր տերությունը թողնելով շատ մարդկանց, կտակելով, որ բոլորի իշխանությունն էլ կոչվի մակեդոնական: Նրանից հետո Բաբելոնի վրա թագավորեց Սելևկիոսը (Սելևկյանների թագավորության հիմնադիր արքա Սելևկոս I Նիկատորը – Մ.Հ.), որ շատերից իշխանությունը խլեց ու պարթևներին մեծ պատերազմով հնազանդեցրեց, որի պատճառով և Նիկանովր` հաղթող, կոչվեց: Սա, երեսունմեկ տարի տիրելուց հետո, թագավորությունը թողնում է իր որդի Անտիոքին, որ Սոտեր էր կոչվում (Սելևկյանների թագավորության արքա Անտիոք I Սոտերը (մ.թ.ա. 281-261) – Մ.Հ.): Սա թագավորեց տասնևինը տարի: Սրան հաջորդեց Թևոս կոչված Անտիոքը (Սելևկյանների թագավորության արքա Անտիոք II Թեոսը – Մ.Հ.), որը տասը տարի իշխեց, իսկ նրա տասնմեկերորդ տարում (մ.թ.ա. 250 թ-ին – Մ.Հ.) պարթևներն ապստամբվում են և դուրս են գալիս մակեդոնացիների հպատակությունից: Ուստի թագավորում է Արշակ Քաջը (Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջը – Մ.Հ.), որ Աբրահամի սերունդից էր՝ Քետուրայի զավակներից, որով հաստատվում էր Աբրահամին ուղղված տիրոջ խոսքը, թե. <Քեզանից ազգերի թագավորներ կծնվեն>>[1],- հայտնում է Մովսես Խորենացին՝ ըստ էության շարադրելով առաջիկա գրքում իր անելիքն ու ևս մեկ անգամ ամրագրելով, որ Վաղարշակն եղբայրն էր <Պարսից Արշակ թագավորի>, իսկ վերջինիս հետ նույնացող ու մի քանի տող ներքև հիշատակվող <Արշակ Քաջ>-ն էլ այն տիրակալն է, որն ապստամբել է մ.թ.ա. 250 թ-ին՝ Անտիոք II Թեոսի իշխանության 11-րդ տարում: Այս առումով հարկ է նշել, որ, թեև <Պարսից Արշակ թագավորի> մատնանշումն առ Արշակ I Քաջ կարող է այնքան էլ միանշանակ չթվալ, սակայն, հաշվի առնելով պատումի ներքին տրամաբանությունը, երբ հեղինակը խոսում է Ալեքսանդր III Մեծից ու նրա հետնորդներից հետո առաջացած Պարթևական թագավորության մասին, այն հանգամանքը, որ այստեղ հիշատակվող <Արշակ>-ը ընկալվում է որպես անվանադիր նախահայր, ինչպես նաև մի քանի տող ներքև որպես միանշանակ Արշակ I Քաջ հիշատակվող <Արշակ Քաջ>-ի պարագան, կրկին հավանական է կարծել, որ խոսք հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի, այլ ոչ թե մի որևէ այլ՝ <շարքային>, արքայի մասին է:
<Պատմում են, թե Արշակ Մեծը` Պարսից և Պարթևների թագավորը, որ ինքն էլ ցեղով պարթև էր, ապստամբվեց մակեդոնացիների դեմ, թագավորեց ամբողջ Արևելքի ու Ասորեստանի վրա, Անտիոք թագավորին սպանեց Նինվեում և ամբողջ տիեզերքը հնազանդեցրեց իրեն: Սա իր եղբորը` Վաղարշակին, թագավորեցնում է Հայաստանի վրա, նպատակահարմար համարելով, որպեսզի իր թագավորությունն անխախտ մնա: Նրան մայրաքաղաք է տալիս Մծբինը և նրա համար սահմաններ է որոշում` Ասորիքի արևմտյան կողմից մի մասը, Պաղեստինը, Ասիան, ամբողջ Միջերկրայքը և Թետալիան Պոնտոս ծովից մինչև այնտեղ, ուր Կովկասը վերջանում է արևմտյան ծովի մոտ, նաև Ատրպատականը, և էլի` որքան քո միտքն ու քաջությունը կհասնեն, որովհետև, ասում են` քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է: Սա իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով` կամեցավ իմանալ, թե ովքեր արդյոք և ինչպիսի մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալ քաջերի տեղն է գրավում, թե ապիկարների: Նա գտավ մի ուշիմ ասորի, Մար Աբաս Կատինա անունով, քաղդեական և հունական գրության մեջ վարժ, և նրան ուղարկեց իր եղբոր` Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, խնդրելով բանալ նրա առաջ արքունական դիվանը>[2],- հերթական անգամ հայտնում է Մովսես Խորենացին: Այսպիսով առկա է ևս մեկ հստակ հաղորդում, որ Սելևկյանների տիրապետության դեմ ապստամբած <Արշակ Մեծ> անունով Պարթևական թագավորության մի արքա իր եղբայր Վաղարշակին հաստատել է Մեծ Հայքի թագավորության գահին, ընդ որում որևէ կասկած չկա, որ այս պարագայում, ինչպես նաև քիչ հետո, կապված Մար Աբաս Կատինայի հետ, խոսքը գնում է հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի մասին, որը գործել է մ.թ.ա. հենց III, այլ ոչ թե II հարյուրամյակում, և թագավորել է մ.թ.ա. 250-247 թվականներին: Իրոք, հենց Արշակ I Քաջն էր, այլ ոչ թե <Արշակ Մեծ>-ը, ով էլ նա լինի, որ. <…ապստամբվեց մակեդոնացիների դեմ>, այլ թեկնածու ուղղակի չի կարող լինել, ընդ որում հաստատ հենց Արշակ I Քաջին կարող էր վերագրվել հայտնի <քաջերի սահմանը նրանց զենքն է> արտահայտությունը:
Վերոհիշյալ թեզը իր հաստատում է գտնում «Հայոց պատմության» 2-րդ գրքի 2-րդ գլխում, երբ Պատմահայրը հայտնում է. <Ինչպես ասացինք, Ալեքսանդրի մահից վաթսուն տարի հետո պարթևների վրա թագավորում է Արշակ Քաջը` Բահլ Առավոտին կոչված քաղաքում՝ Քուշաների երկրում: Դաժան և սաստիկ պատերազմներ մղելով` նա գրավում է ամբողջ արևելքը, Բաբելոնից էլ հալածում է մակեդոնացիների իշխանությունը>[3]: Այսպիսով հերթական անգամ իր հաստատումն է ստանում այն հանգամանքը, որ, ըստ Պատմահոր տրամաբանության և իրական պատմական փաստերի, հենց Արշակ I Քաջն էր, այլ ոչ թե <Արշակ Միասնական>-ը, ում էլ որ մենք փորձենք տեսնել այս կերպարի տակ, որ ապստամբության դրոշ է բարձրացրել Սելևկյանների տիրապետության դեմ:
Հիշատակված սխեմայի օգտին ևս մեկ հաղորդում էլ Պատմահայրը տալիս է քիչ հետո, երբ հայտնում է. <Մակեդոնացիների հետ Արշակի պատերազմից հետո, երբ նա գրավեց Բաբելոնն և Ասորեստանից արևելք ու արևմուտք ընկած երկրները, Վաղարշակն էլ մեծ զորք գումարեց Ատրպատականից և Հայաստանի միջնաշխարհից` անվանի ու քաջ մարդիկ՝ վերը հիշված Բագարատին և նրա ձեռքի տակ եղած քաջերին, ծովեզերքի երիտասարդներին, որ սերված էին Գեղամից և քանանցիներից, ինչպես նաև Շարայի ու Գուշարի սերունդներից, նաև իրենց մերձավորներով նրանց մերձակա Սիսակյաններին ու Կադմյաններին, գրավեց գրեթե մեր երկրի կես մասը>[4]: Այս հաղորդման մեջ ևս ուղղակիորեն չի հստակեցվում, թե որ Արշակի հետ մենք գործ ունենք՝ Արշակ I Քաջի թե <Արշակ Միասնականի>, սակայն մեկ հանգամանք մեզ այնուհանդերձ օգնում է ընտրությունը կրկին կանգնեցնել Արշակ I Քաջի վրա, քանի որ, ըստ Պատմահոր, Արշակը Բաբելոնից հալածում է մակեդոնացիների իշխանությունը, իսկ ըստ Մովսես Խորենացու մեկ այլ հաղորդման՝ Բաբելոնից մակեդոնացիների իշխանությունը հալածեց հենց Արշակ I Քաջը[5], այն դեպքում, երբ, դրան հակառակ, <Արշակ Միասնական>-ը, լինի վերջինս Միհրդատ I-ը թե Հրահատ II-ը, Սելևկյանների հետ հերթական ընդհարման ժամանակ արդեն իսկ տիրում էր Բաբելոնին:
_________________________________ [1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 1: [2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 1, գլուխ 8: [3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 2: [4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 4: [5] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 2:
_________________ Приходите в мой дом...
|