Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 18 июл 2018, 11:48

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 95 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:26 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մ.թ.ա. 1 թ-ին Մեծ Հայքի և Պարթևական թագավորության հարաբերություններում կրկին առաջին պլան մղվեց իբերական կնճռոտ խնդիրը: Իր ժամանակին Տիգրան II Մեծին հաջողվել էր Իբերիայի թագավորության գահին հաստատել Մեծ Հայքի Արշակունիների կրտսեր մի ճյուղը, որն իր հերթին, ինչպես արդեն ասվեց, հեռացվել էր գահից մ.թ.ա. 35 թ-ին, որից հետո գահը կրկին հանձնվել էր Պարթևական թագավորության աջակցությունը վայելող, մինչև Իբերիայի թագավորության գահին Մեծ Հայքի Արշակունիների հայտնվելը այստեղ իշխած Փառնավազյանների գահատոհմին: Եվ ահա այժմ, օգտվելով Հրահատ V-ի քաղաքական թուլությունից, Աբգար V Մեծն և Տիգրան IV-ը հարմար գտան կրկին վերսկսել մրցակցությունը Իբերիայի թագավորության համար:

Իբերիայի թագավորության գահին Միհրան II-ին հաջորդել և մեր կողմից քննարկվող ժամանակաշրջանում գահը զբաղեցնում էր վերջինիս որդի Արշակ II-ը (մ.թ.ա. 20-1), իսկ նույն այդ ժամանակ Մեծ Հայքի թագավորությունում էր գտնվում Քատամ I-ի որդի Ադերկը: Պահը հարմար համարելով՝ մ.թ.ա. 1 թ-ին Ադերկի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը շարժվեց դեպի հյուսիս և ճամբարեց Թռեղքում, որից հետո վերջինիս մոտեցավ Արշակ II-ի գլխավորած Իբերիայի ու Պարթևական թագավորությունների միացյալ բանակը: Արյունահեղ ընդհարումից, սակայն, այս անգամ հաջողվեց խուսափել, քանի որ, այն բանից հետո, երբ երկօրյա մենամարտում Արշակ II-ը Ադերկի կողմից պարտության մատնվեց ու սպանվեց, վերջինիս բանակը դադարեցրեց դիմադրությունն և անցավ հաղթողի կողմը[1]: Ադերկը՝ հայտնի որպես Միհրդատ I[2] (մ.թ.ա. 1 - մ.թ. 25), հռչակվեց Իբերիայի թագավորության արքա:

Մեր պատմագրության կողմից ուշադրության չարժանացած այս տվյալները արժեքավոր տեղեկություններ են պարունակում Իբերիան իրենց ազդեցություն տակ ունենալու համար մղվող պայքարում Մեծ Հայքի և Պարթևական թագավորության մրցակցության հերթական դրվագի մասին: Բանն այն է, որ եթե նախորդ մի քանի տասնամյակներում Պարթևական թագավորության հովանավորությունը վայելող Փառնվազյանների օրոք այստեղ ուժեղացել էր պարթևական ազդեցությունը, ապա այժմ Ադերկի գահ բարձրանալով ոչ միայն Փառնվազյանների տոհմը վերջնականապես զրկվեց իշխանությունից ու Իբերիայի գահին հաստատվեց Վրաց Արշակունիների ճյուղը, այլև կրկին ուժեղացան Մեծ Հայքի թագավորության դիրքերը: Այսպիսով հյուսիսում Մեծ Հայքի թագավորության ազդեցություն կրկին վերականգնվեց, սակայն վատը եղավ այն, որ Իբերիայի նկատմամբ գերիշխանության վերահաստատումը բերեց ընդհարման Ալանական թագավորության հետ և արդյունքում 1 թ-ին Տիգրան IV-ը, թեև հաղթեց ու հետ շպրտեց Ալանաց դուռ լեռնանցքից ներխուժած և ասպատակող Ալանական թագավորության բանակին, սակայն ինքն էլ ընկավ մարտում[3]:

Տիգրան IV-ի զոհվելուց հետո Մեծ Հայքի թագավորության գահը փաստորեն անցավ Աբգար V Մեծին, որը, բացի այն, որ հսկայական հեղինակություն ուներ, նաև հանդիսանում էր արական ուղիղ գծով սպառված Մեծ Հայքի արքայական գահատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչը՝ ըստ էության հանդիսանալով Մեծ Հայքի թագավորության գահի ամենամոտիկ ժառանգորդը:

Աբգար V Մեծի՝ փաստացի Հայոց արքայի լիազորությունների տեր դառնալը ոչ մի կերպ չէր կարող բավարարել Հռոմին, որը, եթե ինչ որ տեղ պատրաստ էր համակերպվել Տիգրան IV-ի հետ, ապա Հայոց Միջագետքի հզոր տիրակալի հետ համակերպվել վերջինս ոչ մի կերպ չէր ցանկանում, մանավանդ որ Հայոց Միջագետքի թագավորության գահակալը հսկայական հեղինակության էր հասել նաև Պարթևական թագավորությունում, որտեղ Հրահատ V-ը, ընդհակառակը, բացարձակապես և ոչ մի հեղինակություն չուներ:

_________________________________
[1] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 47:
[2] Սույն աշխատանքը գրելիս ես ամենևին էլ խնդիր չեմ դրել պարզել Իբերիայի թագավորության արքաների անունների, հաջորդականության և թագավորելու տարիների հետ կապված խճճված խնդիրը, այլ հիմնականում առաջնորդվել եմ դասական ու շրջանառության մեջ գտնվող տեսակետներով: Այս առումով կոնկրետ դեպքում պետք է նշել, որ վրացական աղբյուրում այս արքան կրում է ՙԱդերկի՚ անունը, թեև գիտական գրականության մեջ շրջանառվում է նաև ՙՄիհրդատ՚ ձևը:
[3] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 55, գլուխ 10a:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
2 թ-ին Գայոս Կեսարի գլխավորած հռոմեական մի խոշոր բանակ մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք, ընդ որում միաժամանակ արևելքից առաջխաղացում իրականացրեց նաև Արիոբարզանես II-ի (մ.թ.ա 20 - մ.թ. 4) գլխավորած Ատրպատականի թագավորության բանակը: Աբգար V Մեծը, ի մի հավաքելով Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորության ուժերը, բայց միաժամանակ նաև խուսափելով ուղիղ ընդհարումից, ձեռնամուխ եղավ դիմադրության կազմակերպմանը:
Հետագա իրադարձությունները ավելորդ չեմ համարում դիտարկել առանձին մեջբերման տեսքով:

2 գարուն - սեպտեմբերի 9 – Արտագերս ամրոցի ճ-մ (Արարատ, Արշարունիք գավառ, Արաքսի ձախ ափից մոտ 5 կմ հյուսիս)[1]

Տիգրան IV-ի զոհվելուց հետո, նպատակ ունենալով Մեծ Հայքի թագավորությունը ենթարկեցնել Հռոմին, հռոմեական բանակը (մոտ 100.000), առաջխաղանալով Անտիոք-Կոմագենե-Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ Նիկոպոլիս-Սատաղ-Սինորա-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Զարեհավան-Մասյացոտն երթուղով և ենթարկվելով անկանոն հարվածների, մոտեցավ Ատոմ իշխանի գլխավորությամբ ամրոցի մոտ մարտակարգ ընդունած Մեծ Հայքի թագավորության բանակին (մոտ 50.000)
I փուլ – Հռոմեական բանակը անցավ հարձակման: Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ, որի արդյունքում Հայկական բանակը, ի վերջո կտրվելով թշնամուց, նահանջեց` շարունակելով մշտական սպառնալիքի տակ պահել հակառակորդին:
II փուլ – Գարնանն և ամռանը հռոմեական բանակը պաշարեց ամրոցը, սակայն առժամանակ որևէ հաջողության չհասավ, ընդ որում այդ ընթացքում բանակցության պատրվակով Գայոսին մոտեցած Ատոմը դաշույնահարելով ծանր վիրավորեց վերջինիս և կրկին ապաստանեց ամրոցում:
III փուլ – Սեպտեմբերի 9-ին թշնամին, ի վերջո հաղթահարելով Հայկական բանակի համառ դիմադրությունը, գրավեց ամրոցը, ընդ որում Ատոմը, դիմադրելով թշնամուն մինչև վերջ, գերության մեջ չհայտնվելու համար ինքնասպան եղավ:

Հայերը կորցրին մոտ 10.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր:

_________________________________
[1] Ֆլորիանոս «Համառոտագրություններ», գիրք 4, գլուխ 32; Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 55, գլուխ 10a; Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 100; Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4; Օգոստոս կայսեր կտակից, մաս 25-32; Ստրաբոն «Աշխարհագրություն», գիրք 11, գլուխ 14, մաս 6; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 19:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:30 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այս կամ այն կերպ տիրելով Մեծ Հայքի թագավորության տարածքին՝ հռոմեական կողմի որոշմամբ անձնական ունիայի սկզբունքով Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզանես II-ը, որը Մեծ Հայքի գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ իր հոր մայրը` Արիոբարզանես I-ի (մ.թ.ա մոտ 65-56) կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր: Ինչ վերաբերում է Աբգար V Մեծին, ապա վերջինս իրեն հավատարիմ և հակահռոմեական տրամադրվածություն ունեցող ուժերի հետ միասին հետ քաշվեց Հայոց Միջագետքի թագավորության տարածք՝ միաժամանակ չդադարեցնելով նաև անկանոն պայքարը Մեծ Հայքի թագավորությունում հաստատված օտար տիրապետության դեմ:

Աբգար V Մեծի մղած գաղտնի կամ բացահայտ պայքարի արդյունքում 4 թ-ին Արիոբարզանես II-ը սպանվեց, որից հետո պաշտոնական Հռոմը, կրկին մնալով անձնական ունիայի սահմաններում, Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց Ատրպատականի թագավորության նոր արքա, սպանվածի որդի Արտավազդ III-ին (4-5), սակայն 5 թ-ին սա ևս զոհ գնաց հայերի մղած պայքարին: Արտավազդ III-ի մահվանից հետո, հրաժարվելով Ատրպատականի տիրակալներից, հռոմեական կողմը Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց Տիգրան V-ին (5-6), որը Հուդայի տետրարխության տետրարխ Հերովդես I Մեծի թոռն էր և Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ իր մոր մայրը` Կապադովկիայի թագավորության արքա Արքելայոս I-ի (մ.թ.ա 36 - մ.թ. 17) կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր:

Մեծ Հայքի թագավորության գահը երջանկություն չբերեց նաև Տիգրան V-ին, որը սպանվեց 6 թ-ին: Փաստորեն 2-6 թվականների դրությամբ Մեծ Հայքի թագավորությունում առկա էր մի վիճակ, երբ, կենտրոն ունենալով Աբգար V Մեծի գլխավորած Հայոց Միջագետքի թագավորությունը, երկրում ծավալվում էր հզոր դիմադրական պայքար, որ արդյունքում ամբողջական քաղաքներ և ամրոցներ շարունակում էին դիմադրությունը: Ըստ էության ստեղծվել էր մի դրություն, երբ Վաղանցիկ արքաները փաստորեն տիրապետում էին միայն այն տարածքներին, որտեղ անմիջականորեն գտնվում էին սեփական կայազորային ուժերը, ընդ որում նույնիսկ այդ պարագայում էլ գրեթե ամեն տարի սպանվում էր մեկ Վաղանցիկ արքա[1]:

Ստեղծված իրավիճակը ի վերջո ստիպեց ինչպես հռոմեական կողմին, այնպես էլ Աբգար V Մեծին գնալ որոշակի փոխզիջման, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորության թագուհի հռչակվեց Տիգրան III-ի աղջիկ Էրատոն (6-12), ընդ որում բուն թագավորությունում շարունակում էր հսկայական մնալ Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ազդեցությունը: Իրավիճակը առժամանակ հանդարտվեց, սակայն դա կարճ էր տևելու:

Հռոմեական բարքերի տեր Հրահատ V-ը, մինչև վերջ ատելի մնալով պարթևական հասարակությանը, սպանվեց 4 թ-ին, որից հետո Պարթևական թագավորության արքա հռչակվեց Հրահատ IV-ի մեկ այլ կնոջից ծնված որդի Օրոդես III-ը (4-6), սակայն այս արքան ևս չընդունվեց պարթևական հասարակության կողմից և իր արտառոց դաժանության ու անիմաստ հրամանների պատճառով շուտով սպանվեց: Դրանից հետո Պարթևական թագավորության գահին հաստատվեց Հռոմում մեծացած Օրոդես III-ի եղբայր Վոնոն I-ը (6-12), սակայն, նա ևս, ունենալով ընդգծված հունա-հռոմեական վարքագիծ և խորթ լինելով պարթևական բարքերին, չընդունվեց պարթևական հասարակության կողմից: Փաստորեն, ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Պարթևական թագավորություններում շարունակվում էր զգալի ներքաղաքական անկայունության վիճակը, որը պայմանավորված էր, ինչպես արդեն նշվեց, իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմեական կայսրության հարևանությամբ, ընդ որում հռոմեական ուժն ու ազդեցությունն այնքան ուժեղ էին, որ հաճախ նույնիսկ ուղղակի միջամտության բացակայության պարագայում էլ վերջինիս հարևանները ներքաղաքական անկայունություն էին ապրում:

12 թ-ին Վոնոն I-ի դեմ բռնկվեց հերթական ապստամբությունը, որից հետո վերջինս, զրկված Պարթևական թագավորության գահից, նահանջեց Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ: Ինչպես արդեն ասվեց, Մեծ Հայքի թագավորության տարածքում Էրատոյի իշխանությունը մեծապես միայն անվանական էր և, հարմար առիթ գտնելով ու նաև վայելելով հռոմեական աջակցությունը, Վոնոն Պարթևը (12-16) հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա: Իր հերթին, Վոնոնի հեռանալուց հետո, Պարթևական թագավորության արքա հռչակվեց 6 թ-ից Ատրպատականի թագավորության գահը զբաղեցնող Արտավան III-ը (12-35, 36-38): Սույն աշխատանքի առաջ դրած խնդիրների շրջանակներում թերևս կարիք չէր լինի առանձնահատուկ անդրադառնալ պարթևական նոր գահակալին, սակայն կարծում եմ, որ այստեղ ևս որոշակիորեն նոր հայացքի կարիք կա և արժե մի քանի խոսք ավել ասել:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4; Օգոստոս կայսեր կտակից, մաս 25-32; Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 5:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:32 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Բանը կայանում է նրանում, որ Արտավան III-ը, սկզբնաղբյուրներում ներկայանում է որպես մի տիրակալ, որը, Արշակունի լինելով մոր կողմից[2], հորական կողմից սերում էր Դահ ցեղախմբից[1], որից էին նաև իրենք՝ Արշակունիները: Միաժամանակ հայտնի է, որ Արտավան III-ը, մինչև Պարթևական թագավորության գահին բազմելը, զբաղեցնում էր Ատրպատականի թագավորության գահը: Այս կապակցությամբ կարծում եմ, որ առկա է ճշգրտման որոշակի անհրաժեշտություն, երբ հավական է համարվում այն տարբերակը, որ Ատրպատականի թագավորության արքա Արտավազդ II-ի որդի Դարեհ II-ի (5-6) տղա Արտավան III-ը Ատրպատականի թագավորության գահին է հասել այն բանից հետո, երբ իր հայրը կարճ մի ժամանակահատված հաջորդել է կյանքից հեռացած սեփական եղբորորդի Արտավազդ III-ին[3]: Այսպիսով, թեև սկզբնաղբյուրները ընդգծում են, որ Արտավան III-ը Արշակունի էր միայն մորական կողմից, բայց այնուհանդերձ համարել, որ նա Արշակունի չէր հորական կողմից և արդյունքում սահմանափակ իրավունքներ ուներ Պարթևական թագավորության գահի նկատմամբ, ճիշտ չէ: Այս առումով պետք է ընդգծել նաև, որ քննարկվող դարաշրջանում Եփրատից արևելք տարածվող տարածքների վրա, ընդհուպ մինչև Միջինի Ասիա, բոլոր առաջատար պետական միավորների գլխին այսպես թե այնպես կանգնած էր Արշակունիների այս կամ այն ճյուղը: Արդյունքում քիչ հավանական է կարծել, որ Արտավան III-ի հայրը Արշակունի չէր, քանի որ մի կողմից Ատրպատականի թագավորության գահին ոչ Արշակունի գահակալի առկայությունը քիչ հավանական է, իսկ մյուս կողմից էլ իրենք՝ Պարթև Արշակունիները, դժվար թե իրենց տոհմից աղջիկ տային անհայտ կամ ստորին ծագումով մեկին: Իր հերթին, վերջին կարծիքները, որ Արտավան III-ի հայրը եղել է Ատրպատականի թագավորության արքա Դարեհ II-ը, որոշակիորեն լուսաբանում է իրավիճակը:

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ պետք է հստակորեն տարանջատել Պարթևական թագավորությունում իշխած Արշակունիների երկու սերունդները՝ Արշակ I Քաջի ուղիղ ժառանգորդները, որոնք թագավորության գահն իրենց ձեռքում պահեցին մ.թ.ա. 250 - մ.թ. 12 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Արտավան III-ի ուղիղ ժառանգորդները, որոնք թագավորության գահն իրենց ձեռքում պահեցին 12-224 թվականներին: Այսպիսով առաջարկում եմ Արշակ I Քաջի սերունդներին կոչել Պարթև Արշակունիների Առաջին, իսկ Արտավան III-ի ժառանգորդներին՝ Պարթև Արշակունիների Երկրորդ սերունդ: Արդյունքում կարելի է ամրագրել, որ Պարթևական թագավորությունում Արտավան III-ի գահ բարձրանալով նույն տոհմի սահմաններում տեղի ունեցավ իշխող գահատոհմի սերնդափոխություն, ընդ որում նույն այդ գործընթացը Վաղանցիկ արքաների դարաշրջանի ավարտից հետո տեղի ունեցավ նաև Մեծ Հայքի թագավորությունում:

Մինչև առաջ անցնելը, սակայն, հարկ եմ համարում անել ևս մեկ դիտարկում:

Իրոք, եթե Առաջին սերնդի Պարթև Արշակունիները, ի դեմս իրենց վերջին գահակալների, մարդկայնորեն և քաղաքականապես արդեն այլասերվել էին ու, հեղինակազրկվելով, կորցրել էին Պարթևական թագավորությունը կառավարելու բարոյական և նույնիսկ մտավոր ունակությունները, ապա Արտավան III-ի թագավորելով Պարթևական թագավորության գահի վրա կարծես թե փչում էր թարմացված արյան ուժեղ հոսանքն ու նոր այս գահակալի սերունդը, համենայն դեպս գոնե մտավոր և բարոյական մակարդակով, ավելի պատրաստ էր Պարթևական թագավորության կառավարմանը: Իհարկե, գահակալական պայքարն ու դրան ուղեկցող տարաբնույթ պարսավելի երևույթները չվերացան ու նաև չէին էլ կարող վերանալ, սակայն այսպես թե այնպես փաստ է, որ Արտավան III-ն և նրա անմիջական սերունդները ավելի բարձր բարոյական մակարդակի վրա էին գտնվում, քան Առաջին սերնդի Պարթև Արշակունիների վերջին գահակալները, ու նրանք ավելի լավ էին պատրաստված և ավելի պատասխանատու էին մոտենում Պարթևական թագավորության կառավարման հարցին:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 42:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 3:
[3] Տես՝ http://archiver.rootsweb.ancestry.com/t ... 0903422361:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:33 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոն Պարթևի հաստատվելը մի կողմից դրական, բայց մյուս կողմից էլ բացասական էր Աբգար V Մեծի և հայրենասեր ուժերի համար: Մի կողմից, այո, Վոնոն Պարթևն այնուհանդերձ Պարթևական թագավորության նախկին արքան էր ու դա ենթադրում էր որոշակի պրոպարթևական քաղաքական կողմնորոշում, բայց մյուս կողմից էլ լիովին հռոմեական բարքերին և կողմնորոշմանը տրված Վոնոնի առկայությունն, այնուհանդերձ ենթադրում էր նաև հռոմեամետ կողմնորոշում: Այս առումով կարելի է ենթադրել, որ Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոնի հաստատման ընթացքում Հայոց արքայի տիտղոսի փաստացի կրողը այսպես թե այնպես շարունակում էր մնալ Աբգար V Մեծը: Կարծում եմ, որ հենց այս ժամանակաշրջանին են վերաբերում Պատմահոր հաղորդումներն այն մասին, որ Աբգար V Մեծը իր մայրաքաղաքը Մծբինից տեղափոխում է Եդեսիա, որը, սպասելով հռոմեական հնարավոր ներխուժմանը, մեծապես ուժեղացնում է պաշտպանական կառույցներով[1]:

Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոն Պարթևի գահակալումն իր ավարտը գտավ 16 թ-ին, երբ, տեղեկանալով այն մասին, որ վերջինս չի վայելում հայերի աջակցությունն և տեղի տալով նրան գահընկեց արած Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի հարաճուն սպառնալիքներին, Հռոմի Տիբերիոս կայսեր (14-37) հրամանով Ասորիքի կուսակալը իր մոտ հրավիրեց այս տիրակալին ու գերեց[2]: Նույն թվականին էլ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Արտավան III-ի որդի Օրոդեսը՝ Օրոդես Պարթևը (16-18, 35): Զուտ իրավաբանորեն այս տիրակալը Մեծ Հայքի գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ իր հոր հոր հայր` Ատրպատականի արքա Արիոբարզանես II-ի հոր մայրը՝ Արիոբարզանես I-ի կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր, իսկ մյուս կողմից էլ նրանով, որ իր հոր հորեղբայրն ու հոր հորեղբորորդին թագավորել էին նաև Մեծ Հայքում:

Օրոդեսի հաստատվելը Մեծ Հայքի թագավորության գահին այստեղ կտրուկ ուժեղացնում էր Պարթևական թագավորության և Աբգար V Մեծի դիրքերը, իսկ այդ հանգամանքը իր հզորության գագաթնակետում գտնվող Հռոմեական կայսրությունը չէր կարող թույլ տալ: Արդյունքում կողմերի հարաբերությունները կրկին սրվեցին, սակայն բանը ուղղակի ռազմական բախման այնուհանդերձ չհասավ, քանի որ, փոխադարձ համաձայնությամբ, 18 թ-ին Մեծ Հայքի թագավորության նոր արքա հռչակվեց Արտաշես III-ը (18-34), որը Պոնտոսի թագավորության արքա Պոլեմոն I-ի (մ.թ.ա. 37-8) որդին էր և զուտ իրավաբանորեն Մեծ Հայքի գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ իր հոր պապը` Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը, ամուսնացած էր Տիգրան II Մեծի դստեր հետ, մյուս կողմից էլ նրանով, որ իր հոր հորաքույրը` Միհրդատ VI Եվպատորի որդի և Պոնտոսի թագավորության արքա Փառնակ II-ի (մ.թ.ա. 63-47) քույրը, Տիգրան II Մեծի կինն էր: Արտաշես III-ի գահակալումը տարածաշրջանում ուժերի ու շահերի փոխադարձ հավասարակշռության մի վիճակ ստեղծեց, որը պահպանվեց մինչև այս գահակալի մահը: 34 թ-ին, սակայն, սկիզբ առավ մրցակցության մի նոր փուլ:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 27:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 3, 4, 56; Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 2:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արտավան III-ը, որն իր գահակալման երկու տասնամյակներում բավականին նոր ուժեր էր հաղորդել Պարթևական թագավորությանն և մեծապես վերականգնել էր վերջինիս հզորությունը, որոշակիորեն թերագնահատելով հակառակորդին ու գերագնահատելով իր ուժերը, միայն հարմար մի առիթի էր սպասում Հռոմեական կայսրության հետ մղվող պայքարում կշեռքի նժարն իր կողմը թեքելու փորձ կատարելու համար: Իր դերն էր խաղում նաև այն հանգամանքը, որ Տիբերիոս կայսեր օրոք Հռոմն արևելքում իրեն որոշակիորեն պասիվ էր պահում ու թվում էր, թե կայսրությունը թուլացել է: Եվ վերջապես ծերունական տարիքի հասած Տիբերիոսն ինքն էլ հակված չէր ակտիվ գործողությունների: Այս առումով պետք է նշել, որ ապագայում սպասվելիք իրադարձություններում իր մասնակցությունն էր պատրաստվում բերել նաև մեկ այլ խաղացող ի դեմս Իբերիայի թագավորությանը, որտեղ Ադերկին հաջորդել էր նրա որդի Քարտամ II-ը (25-35), իսկ մեր կողմի նկարագրվող իրադարձություններից հենց առաջ էլ իրար դեմ մղված սուր գահակալական պայքարի արդյունքում Քարտամ II-ի կրտսեր որդի Փարսման I-ին (35-74) հաջողվել էր խլել գահը իր ավագ եղբայր Միհրդատից: Փարսման I-ը, տարաշածրջանում ներկայացնելով հռոմեական շահերը, թիկունքում ունենալով Ալանական ու Աղվանքի թագավորությունների աջակցությունն և համարելով իրեն Մեծ Հայքի Արշակունիների գահատոհմի հետնորդ, ցանկանում էր իրեն կամ յուրայիններից որևէ մեկին հաստատել Մեծ Հայքի թագավորության գահին ու դրանով իսկ մեծացնել սեփական իշխանությունը:

Արտաշես III-ի մահից հետո Վաղանցիկ արքաներից Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց Արտավան III-ի որդի Արշակ II-ը (34-35), սակայն ոչ լրիվ, քան մեկ տարի անց նա սպանվեց, որից հետո Մեծ Հայքի թագավորության գահի համար պայքարը ստացավ ակտիվ պատերազմական գործողությունների տեսք:

Հետագան հարմար եմ գտնում դիտարկել առանձին մեջբերման տեսքով:

35 ամառ – Արտաշատի ճ-մ[1]

Փարսման I-ի և Միհրդատի գլխավորած Իբերիայի, Աղվանքի և Ալանական (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը հյուսիսից ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք: Թշնամին առանց դիմադրության հանդիպելու շարժվեց Մծխեթ-Խաղխաղ (վերջինը` Ուտիք, Աղվե գավառ, Կուրի աջ վտակ Աղստևի զույգ ափերին) երթուղով, միացավ Աղվանքի թագավորության բանակին (մոտ 20.000) և, շարունակելով առաջխաղացումը դեպի հարավ, առանց դիմադրության հանդիպելու մտավ Արտաշատ: Ի պատասխան այս ամենի` կրկին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակված Օրոդեսի, գլխավորած Պարթևական թագավորության հեծելազորը (մոտ 40.000) հարավից մտավ Մեծ Հայք և, արշավելով Մարանդ-Նախիջևվան-Արած-Ուրծաձոր երթուղով, միավորվեց Արտաշատից նահանջած ու սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորությամբ գործող Հայկական հեծելազորի (մոտ 30.000) հետ: Դրանից հետո միացյալ պարթևական և Հայկական հեծելազորը բանակեց Արտաշատի մոտակայքում: Սակայն ստացվեց այնպես, որ վերջինս սկսեց պարենի սուր պակաս զգալ, որի պատճառով էլ, չնայած թշնամու թվական գերակշռությանը, ի վիճակի չեղավ հետաձգել մարտը:
Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Ընդ որում Օրոդեսը սխալ ընտրեց մարտի վայրը, քանի որ սեփական հեծելազորը լեռնային տեղանքում կորցնում էր իր առավելությունը, այն դեպքում, երբ հակառակորդի բանակը, թվական գերակշռությունից բացի իր կազմում ունենալով նաև հետևազոր, լեռնային տեղանքում ստանում էր հսկայական առավելություն: Սրանից զատ Օրոդեսը նաև ընտրեց սեփական հեծելազորի օգտագործման սխալ տակտիկա` չօգտագործելով հեռահար մարտում պարթևական և Հայկական հեծելազորի ակնհայտ առավելությունը թշնամու հիմնականում ծանր հեծելազորի նկատմամբ: Բացի այդ պարթևական արքայազնը սեփական հեծելազորը պահեց անշարժ վիճակում` դրանով իսկ թույլ տալով հակառակորդին ոչ միայն արշավի ողջ թափով հարվածել վերջինիս, այլև միանգամից անցնել մերձամարտի, որի պայմաններում բոլոր առավելություններն արդեն մերձամարտում հիանալիորեն գործող ծանր հեծելազորի կողմում էին:
I փուլ – Թշնամու հեծելազորը հարձակվեց պարթևական ու Հայկական հեծելազորի վրա և միանգամից անցավ մերձամարտի: Բռնկվեց համառ մարտ:
II փուլ – Իբերիայի ու Աղվանքի թագավորությունների հետևակը անցավ հակառակորդի թիկունք և թիկունքից հզոր հարված հասցրեց վերջինիս: Ընդ որում տեղի ունեցած մենամարտում Փարսմանը ծանր վիրավորեց Օրոդեսին, որի մահվան կեղծ լուրը լիովին բարոյալքեց պարթևներին:
III փուլ – Պարթևական և Հայկական միացյալ բանակը վերջնական պարտություն կրեց ու դիմեց փախուստի` ցրվելով և դժվարությամբ կտրվելով հակառակորդից:

Հայերը կորցրին մոտ 8.000, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 31-35; Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 4; Սվետոնիոս «Տասներկու կեսարների կյանքը, Տիբերիոս», մաս 41; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրների կյանքից և բարքերից», գլուխ 2; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:47 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով փաստորեն Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունները անսպասելի մի պարտություն կրեցին, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Փարսման I-ի եղբայր Միհրդատ Իբերացին (35-37, 47-50), իսկ Գուգարքի Գոդերձական գավառն էլ անցավ Իբերիայի թագավորությանը: Արտավան III-ն և Աբգար V Մեծը[1], ցանկանալով շտկել իրավիճակը, իրենց թագավորության հիմնական ուժերով շարժվեցին Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ, սակայն այս անգամ արդեն գործեցին հռոմեացիները:

Մ.թ.ա. 35 թ-ի ամռանը, նպատակ ունենալով շեղել Մեծ Հայքի թագավորության սահմաններում կենտրոնացող Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակին, Զևգմայի գետանցումով առանց դիմադրության անցնելով դեպի հարավ արշավեց Լուցիոս Վիտելլիոսի գլխավորած հռոմեական մի խոշոր բանակ՝ որպես ուղեկից ունենալով Պարթևական թագավորության արքա հռչակված Հրահատ IV-ի հերթական որդի Հրահատ VI-ին (35): Սրա հետ միաժամանակ Արտավան III-ի դեմ պայթեց վաղուց ի վեր կուտակված այն դժգոհությունը, որ կար նրա թագավորության ավագանու մեջ, ընդ որում ապստամբների գլուխ կանգնեց Պարթևական թագավորության արևելյան տարածքներում հսկայական իշխանություն ունեցող Աբդագասը: Արդյունքում, առանց լուրջ մարտերի գահընկեց հայտարարելով Պարթևական թագավորության հյուսիս-արևելյան տարածքներ նահանջած Արտավան III-ին, Վիտտելիոսը մինչ այդ մահացած Հրահատ VI-ի փոխարեն Պարթևական թագավորության արքա հռչակեց վերջինիս եղբայր Տրդատին` Տրդատ III-ին (35-36), որից հետո հետ քաշվեց Ասորիք:

Հենց այս նույն ժամանակ, երբ Եփրատ գետի մոտակայքում իրենց հարաբերություններն էին պարզում Հռոմեական կայսրությունն ու Պարթևական թագավորությունը, կարելի է կարծել Աբգար V Մեծի որոշակի դրդումներով բռնկվեց Կիլիկիայի IV ապստամբությունը: Ապստամբների գործողությունները, սակայն, իրենց բնույթով պաշտպանական էին ու այս անգամ ևս դուրս չեկան լեռների սահմաններից: Արդյունքում հռոմեական 1 լեգեոնից էլ քիչ կազմող ուժերը, ինչպես նաև Կապադովկիայի թագավորության բանակը Մարաշի թագավորության բանակից պաշարեցին Կադրա և Դաուրա բերդերը (Լեռնայի Կիլիկիայի արևելք), որոնք անհաջողությամբ ավարտված արտագրոհից հետո ի վերջո ջրի պակասի պատճառով դադարեցրին դիմադրությունն ու հանձնվեցին: Կիլիկիայի IV ապստամբությունը ճնշվեց, Մարաշի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն ընդգրկվեց Հռոմի Կիլիկիա պրովինցիայի կազմի մեջ[2]:

Վիտտելիոսի հեռանալուց հետո Արտավան III-ը խոշոր ուժերով հարձակման անցավ, փախուստի մատնեց Տրդատ III-ին, որից հետո արդեն շարժվեց Աբդագասի գլխավորած ապստամբների դեմ: Հունա-հռոմեական աղբյուրները, ամրագրելով Արտավան III-ի համար ընդհանուր առմամբ հաջող արդյունքը, զերծ են մնում մանրամասներից, որոնք, սակայն, հաջողությամբ լրացնում է Մովսես Խորենացին[3]: Պատմահայրը հայտնում է. <Աբգարն արևելք գնալով գտնում է, որ պարսից վրա թագավորել է Արտաշեսը, Արշավիրի որդին և եղբայրները նրան ընդդիմանում են, որովհետև նա կամենում էր ժառանգաբար նրանց վրա թագավորել, իսկ նրանք չէին համաձայնում: Ուստի Արտաշեսը նրանց պաշարել էր և մահվան սպառնալիք արել ու այս պատճառով զորքի և մյուս ազգականների մեջ մեծ երկպառակտություն ու հակառակություն էին ծագել: Որովհետև Արշավիր թագավորը երեք որդի և մի դուստր ուներ, մեկն ինքը, Արտաշես թագավորը, երկրորդը Կարեն, երրորդը Սուրեն, իսկ նրանց քույրը, որ Կոշմ էր կոչվում, կին էր ամբողջ արյաց զորավարին, որ նշանակված էր նրա հորից: Աբգարը նրանց համոզում է խաղաղվել և բոլորի մեջ այս կարգն է սահմանում – կթագավորի Արտաշեսը իր զավակներով հանդերձ, ինչպես մտադրվել էր, իսկ եղբայրները կկոչվեն Պահլավներ` իրենց քաղաքի և մեծ ու պտղաբեր երկրի անունով և կհամարվեն պարսից բոլոր նախարարությունների մեջ ամենապատվավորներն և առաջինները` ինչպես իսկական թագավորական սերունդներ: Նաև երդումով դաշինք է հաստատում Աբգարը նրանց միջև, որ եթե Արտաշեսի ցեղից տղամարդիկ սպառվեն, թագավորությունը նրանց կանցնի: Եվ նրա թագավորող ցեղից դուրս նրանց երեք ցեղերի պետք է բաժանել` անվանելով Կարենի Պահլավ, Սուրենի Պահլավ և քրոջը` Ասպահապետի Պահլավ, նրա ամուսնու տանուտերության անունով: Եվ ասում են, թե Սուրբ Գրիգորը Սուրենյան Պահլավից է և Կամսարականները Կարենյան Պահլավից: Բայց նրանց մեր երկիրը գալու հանգամանքներն իր կարգին կպատմենք, այստեղ միայն նրանց նշանակենք Արտաշեսի կողքին, որպեսզի ճանաչես, որ այս մեծ ցեղը հիրավի Վաղարշակի անունից է, այսինքն Վաղարշակի եղբոր` Արշակ Մեծի սերունդը: Այս այսպես կարգադրելով և դաշնագիրը իր հետ վերցնելով` Աբգարը ետ է դառնում ոչ առողջ, այլ չարաչար ցավերով հիվանդացած>:

Լիովի վերականգնելով իր իշխանությունը Պարթևական թագավորությունում՝ 36 թ-ի վերջում Արտավան III-ը շարժվեց հռոմեացիների դեմ, սակայն անմիջապես էլ հաշտություն կնքեց խոշոր ուժերով իր հերթին Զևգմայի գետանցումին մոտեցած Վիտելլիոսի հետ՝ ըստ էության հաստատելով հռոմեացիների ձեռքբերումները[4]:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 27:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 41:
[3] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 28:
[4] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 58, գլուխ 26, գիրք 59, գլուխ 27; Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 36:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 18:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
35-36 թվականների իրադարձությունները ծանր հարված հասցրեցին Պարթևական թագավորության հզորությանը, ընդ որում երկրի առաջ ծառացած ներքին մարտահրավերներից զատ իր բացասական դերն ունեցավ նաև այն, որ կտրուկ քչացան Արտավան III-ի դաշնակիցները: Այսպես, Մեծ Հայքի, Իբերիայի և Աղվանքի թագավորությունները ոչ միայն դուրս մղվեցին Պարթևական թագավորության արքայի դաշնակիցների շարքից, այլև բացահայտ թշնամական դիրք գրավեցին, ընդ որում դրան գումարվեց նաև այն, որ բարդացան հարաբերությունները նաև Հայոց Միջագետքի թագավորության հետ: Իր ժամանակին Աբգար V Մեծը չէր կարողացել խոչընդոտել հռոմեացիների անցմանը Զևգմայի գետանցումով, ինչն էլ մեծապես պայմանավորել էր Արտավան III-ի անհաջողությունների շղթան, իսկ այդ պարագան լրջորեն փչացրել էր երկու գահակալների հարաբերությունները: Պետք է ասել, սակայն, որ քննարկվող ժամանակաշրջանում Աբգար V Մեծն ինքն էլ որոշակիորեն մեղմել էր հարաբերությունները հռոմեացիների ու հատկապես վերջիններիս ենթակա իշխանությունների հետ և, մինչև առաջ անցնելը, չէր խանգարի մի քանի խոսքով անդրադառնալ նաև ուշագրավ այս իրադարձություններին:

Աբգար V Մեծի որոշակիորեն հռոմեամետ կողմնորոշում ձեռք բերելն ամենից առաջ պայմանավորված էր Արտավան III-ի վարքագծով: Անդուլ պայքար մղելով Պարթևական թագավորության հետաքրքրությունների շրջանակներում գտնվող կենտրոնախույս բոլոր ուժերի դեմ՝ Պարթևական թագավորության արքան անխուսափելիորեն ի վերջո պետք է հանգեր մի իրավիճակի, երբ պետք է սրվեին հարաբերությունները նաև իրեն բավականին ինքնուրույն զգացող Հայոց Միջագետքի թագավորության արքայի հետ: Չի բացառվում, որ իր դերը կարող էր ունեցած լինել նաև այն հանգամանքը, որ Աբգար V Մեծը ընկալվում էր որպես Պարթև Արշակունիների Առաջին սերնդի շառավիղ, իսկ Արտավան III-ը, ինչպես ասվեց, սկիզբ էր դրել Պարթև Արշակունիների Երկրորդ սերնդին, և այս առումով երկու գահակալների հարաբերություններում առկա էին որոշակի քաղաքական, մշակութային ու նույնիսկ հոգեբանական խնդիրներ: Պարթևական թագավորության արքային ակնհայտորեն չէր կարող հիացնել նաև այն հանգամանքը, որ Աբգար V Մեծը հավակնում էր Մեծ Հայքի թագավորության գահին: Եվ վերջապես սխալված չենք լինի կարծել, որ Արտավան III-ին ոչ մի կերպ չէր կարող դուր գալ նաև այն մեծ ազդեցությունը, որ Հայոց Միջագետքի թագավորության արքան ուներ բուն Պարթևական թագավորության ռազմա-քաղաքական ավագանու շրջանակում, ընդ որում կարելի է ենթադրել, որ վերջնական խզմանը հանգեցրել է հենց այն ակտիվ դերը, որը Աբգար V Մեծը ստանձնեց Արտավան III-ի ու նրա ապստամբած հպատակների հարաբերությունները կարգավորելիս:

36 թ-ին ամենատարբեր պատճառներով, որոնց քննարկման վրա կանգ չեմ առնի, սրվել էին Հռոմեական կայսրությանը ենթակա Նաբատայի թագավորության արքա Հարիաթ IV-ի (մ.թ.ա. 9 - մ.թ. 40) և վերջինիս նախկին փեսայի, Հուդայի տետրարխիության տետրարխ Հերովդես II Անտիպանոսի (մ.թ.ա. 4 - մ.թ. 39) հարաբերությունները: Բանը հասավ պատերազմական գործողությունների և այս պայմաններում Հարիաթ IV-ը աջակցության համար դիմեց Աբգար V Մեծին: Արդյունքում, մասնակցելով Ասորիքի հարավում տեղական թագավորությունների միջև ընթացող պայքարին, արդեն 36 թ-ի աշնանը Խոսրան Արծրունու գլխավորած Հայոց Միջագետքի և Հարիաթ IV-ի գլխավորած Նաբատայի թագավորությունների միացյալ բանակը Գամալիտադայի ճ-մ-ում հաղթեց Հերովդես II Անտիպանի գլխավորած Հուդայի տետրարխության բանակին[1]:

37 թ-ին Արտավան III-ի դեմ բռնկվեց հերթական մի ապստամբություն, որը հենց միանգամից այնպիսի ահեղ տեսք ընդունեց, որ, հույս չունենալով պահել դիրքերը, Արտավան III-ն իր մերձավորների հետ միասին հեռացավ Ադիաբենեի թագավորության տարածք: Նախորդ տարի Աբգար V Մեծը միջնորդի դեր էր խաղացել Արտավան III-ի ու ապստամբների միջև ու կարելի է կարծել, որ նոր այս ապստամբության պայթելը, որում Արտավան III-ն անպայման պետք է մեղադրեր Աբգար V Մեծին, վերջնականապես խաթարել էր երկու գահակալների հարաբերությունները, ընդ որում այդ ամենն այն բանի ֆոնին, երբ Հայոց Միջագետքի թագավորության արքան բավականին ակտիվ քաղաքականություն էր վարում Հռոմեական կայսրությանը ենթակա շրջաններում և որոշակիորեն ընկալվում էր որպես հռոմեացիների դաշնակից: Այս ամենը հաշվի առնելով՝ ամենևին էլ պատահական չէր, որ Արտավան III-ը հեռացավ հենց Ադիաբենեի թագավորության տարածք՝ փորձելով հենց վերջինիս միջոցով հակակշռել Հայոց Միջագետքի թագավորությանը:

Ժամանելով Ադիաբենեի թագավորության տարածք և անմիջապես ստանալով տեղի արքա Իզաատես I-ի (20-54) աջակցությունը, որն ինքն էլ մրցակցության մեջ էր Աբգար V-ի հետ, Արտավան III-ը վերջինիս նվիրեց Հայոց Միջագետքի թագավորության նախկին մայրաքաղաք հանդիսացող Մծբինը, ընդ որում, այն բանից հետո, երբ մինչ այդ մեծ չափերի հասած ապստամբությունը կարծես ինքն իրեն հանգեց և Արտավան III-ը վերահաստատվեց սեփական գահին, Պարթևական ու Ադիաբենեի թագավորությունների միացյալ բանակը, կյանքի կոչելով մինչ այդ ընդունված որոշումը, այնուհանդերձ գրավեց Մծբինը Հայոց Միջագետքի թագավորության կայազորից և միացրեց Ադիաբենեի թագավորությանը[2]: Սա եղավ Արտավան III-ի վերջին ձեռնարկումներից մեկն և 38 թ-ին նա այլևս կենդանի չէր:

_________________________________
[1] Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 5; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 35; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 6; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5:
[2] Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 20, գլուխ 3:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մծբինի խնդիրը լրջորեն փչացրել էր Աբգար V Մեծի ու Արտավան III-ի հարաբերություններն և արդյունքում Հայոց Միջագետքի արքան ավելի սերտացրեց հարաբերությունները Հռոմեական կայսրության հետ: Արդյունքում նույն 37 թ-ին Հռոմի Կալիգուլա կայսրը (37-41) գահընկեց արեց Մեծ Հայքի թագավորության արքա Միհրդատ Իբերացուն, որից հետո, նոր արքայի բացակայության պայմաններում, թագավորության կառավարումը փաստացի ստանձնեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանը[1]: Այս առումով թերևս սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ քննարկվող ժամանակաշրջանում Հայոց թագավոր տիտղոսի կրողը փաստացի կրկին հանդիսանում էր Աբգար V Մեծը:

41 թ-ին Հռոմի նոր կայսր Կլավդիոս I-ի (41-54) գահ բարձրանալուց հետո կրկին փոխվեց Հռոմեական կայսրության վերաբերմունքը Մեծ Հայքի թագավորության նկատմամբ և վարվող քաղաքականությունը կրկին խստացվեց: Որոշվեց ձևականորեն թափուր, իսկ փաստացի Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ազդեցության տակ գտնվող Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատել հռոմեամետ մի թեկնածուի: Արդյունքում Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած հռոմեական խոշոր բանակը, օգտվելով որոշ հայ նախարարների դավաճանությունից, հաղթեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակին, որից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Փոքր Հայքի թագավորության արքա Կոտիս Թրակիացին (38-54), որը Արտաշես III-ի քրոջ որդին էր և Մեծ Հայքի գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր հենց դրանով[2]: Արդյունքում, սակայն, հերթական այս Վաղանցիկ արքան ոչ մի կերպ չկարողացավ հասնել իրական իշխանության և ի վերջո 47 թ-ին Կլավդիոս I-ը գահընկեց արեց նաև նրան ու Մեծ Հայքի թագավորության արքա կրկին հռչակվեց Միհրդատ Իբերացին: Վերջինս, սակայն, ևս իրական իշխանություն չուներ և Մեծ Հայքի թագավորությունում շարունակվեց Վաղանցիկ արքաների դարաշրջանին բնորոշ անորոշ դրությունը:

49 թ-ին Հռոմեական կայսրությունը հերթական անգամ փորձեց միջամտել Պարթևական թագավորությունում զարգացող ներքաղաքական, գահակալական պայքարին: Արտավան III-ի մահից հետո նրան հաջորդել էր որդին՝ Վարդանը (38-48), որը, ընդհանուր առմամբ լինելով բավականին տաղանդավոր ու եռանդուն մի տիրակալ, այնուհանդերձ մշտապես ստիպված էր պայքարել իր եղբայր Գոտարզի դեմ, որի դեմ պայքարում էլ նա ի վերջո զոհ գնաց: Վարդանի մահից հետո Պարթևական թագավորության արքա դարձավ Գոտարզը՝ Գոտարզ II-ը (48-51), որի իշխանությունը ևս թույլ էր, հատկապես սկզբում: Հենց այս պայմաններում էր, որ Պարթևական թագավորության գահին իր դրածոյին ունենալու համար, ինչպես Հրահատ V-ի ու Վոնոն I-ի ժամանակներում էր, Հռոմեական կայսրությունը առաջ քաշեց Վոնոն I-ի որդի և Հրահատ IV-ի թոռ Միհրդատին: 49 թ-ին զգալի ուժերով ժամանելով Արևելք՝ Միհրդատը սկիզբ դրեց գահակալական մի պայքարի, որին անհրաժեշտ է անդրադառնալ առանձին մեջբերման տեսքով:

49 դեկտեմբեր – Կորմա գետի ճ-մ (Արբելայից հարավ)[3]

Պարթևական թագավորության արքա Գոտարզ II-ի դեմ գահակալական պայքար սկսած Միհրդատի գլխավորած հռոմեական (մոտ 10.000), Իզաատես I-ի գլխավորած Ադիաբենեի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000), ինչպես նաև Աբգար V Մեծի գլխավորած Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորության միացյալ բանակը, Գոտարզին գաղտնի աջակցող Աբգարի դրդումներով երկար ժամանակ հապաղելով Եդեսիայում, ի վերջո Զևգմայի գետանցումով շարժվեց դեպի հյուսիս-արևելք, իսկ հետո էլ, ուղղվելով դեպի Արբելլա, ճամբար զարկեց Արբելայի մոտակայքում` մարտի հրավիրելով Գոտարզ II-ի գլխավորած Պարթևական թագավորության բանակին (մոտ 20.000): Գոտարզը, սակայն, ամեն կերպ ձգձգելով մարտի մեջ մտնելը, ի վերջո կաշառքով և տարաբնույթ խոստումներով կարողացավ հասնել այն բանին, որ Իզաատես I-ը ու Աբգար V Մեծը, որոնք մինչ այդ էլ հակված էին անցնել իր կողմը, լքեն Միհրդատին և հեռանան:
I փուլ – Օգտվելով Միհրդատի բանակի թուլանալուց` Պարթևական թագավորության բանակը անցավ հարձակման, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
II փուլ – Կարենի գլխավորած Պարթևական թագավորության բանակի մի մասը թևանցումով դուրս եկավ հակառակորդի թիկունք, որի արդյունքում թշնամին ծանր պարտություն կրեց:

Հաղթողները կորցրին մոտ 1.500, պարտվողները` մոտ 6.000 զինվոր: Միհրդատը գերվեց և, ըստ Գոտարզի հրամանի, նրա ականջները կտրվեցին` ինչ վերջնականապես զրկեց վերջինիս պարթևական գահին հավակնելու հնարավորությունից:

Այսպիսով, ի դեմս Պարթևական թագավորությունում զարգացող գահակալական պայքարի հերթական փուլի, մենք ականատես եղանք Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ռազմա-քաղաքական գործունեության ևս մեկ, բայց թերևս արդեն վերջին արարին՝ ստիպված լինելով գործել Հռոմեական կայսրության կողմից նախանշված գործունեության ընդհանուր տիրույթում՝ Աբգար V Մեծն այնուհանդերձ կարողացավ հասնել նրան, որ տարածաշրջանում հռոմեական ազդեցությունը չմեծանա չափից շատ՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով այն խնդիրը, որի լուծմանն էլ նա ձևականորեն կոչված էր: Հատկանշական է, որ այս անգամ ևս Հայոց Միջագետքի թագավորության արքան կարողացավ այնպես անել, որ պահպանի և ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, և իր հեղինակությունը Պարթևական թագավորության ավագանու շրջանում:

50 թ-ին, երբ Վաղանցիկ արքաների դարաշրջանն ըստ էության արդեն մոտենում էր իր ավարտվին, մի քանի տարի չապրած մինչև նոր ու ավելի լուսավոր ժամանակներ, մահացավ հայ ժողովրդի քաղաքական կյանքում էական դեր ու նշանակություն ունեցած, բայց դժբախտաբար նաև մինչև այժմ բավարար գնահատական չստացած տաղանդավոր և գործունյա գահակալներից մեկը՝ Աբգար V Մեծը: Այս արքայի մահով էլ ըստ էության ավարտվեց Հայոց Միջագետքի թագավորության ազդեցության գագաթնակետի շրջանը, ընդ որում, օբյեկտիվորեն լինելով թույլ և իր ռազմա-քաղաքական հզորությամբ զիջելով հարևաններից շատերին, Հայոց Միջագետքի թագավորությունը սեփական հնարավորություններից ըստ էության բարձր արդյունք էր ցույց տալիս մեծապես միայն Աբգար V Մեծի եռանդի, շրջահայացության ու ջանքերի շնորհիվ:

Այսպիսով կարող ենք ըստ էության փաստել, որ Աբգար V Մեծի օրոք Հայոց Միջագետքի թագավորությունը մի իսկական նեցուկ հանդիսացավ Մեծ Հայքի թագավորությունը, իսկ տաղանդավոր այս տիրակալն էլ ըստ էության փաստացի, իսկ հաճախ նույնիսկ իրավաբանորեն, կրել է <Հայոց թագավոր> տիտղոսը՝ խոսքը վերաբերում է Աբգար V Մեծի կողմից չընդունվող Վաղանցիկ արքաների իշխանության շրջաններին:

_________________________________
[1] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 58, գլուխ 26, գիրք 59, գլուխ 27; Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 36; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 1:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 11, գլուխ 8, 9:
[3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 12, գլուխ 12-14:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:04 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 2
Աբգար VI (50) և
Սանատրուկ (50, 76-106՝ Մեծ Հայքում,
50-106՝ նաև Հայոց Միջագետքում)


Նույն 50 թվականին, երբ մահացավ իր հայրը, կառավարելով շատ կարճ, մահացավ նաև Աբգար V Մեծին հաջորդած նրա որդի Աբգար VI-ը[1], որը չէր հանդիսանում Հայոց թագավորի տիտղոսի կրողը ոչ իրավաբանորեն և ոչ էլ փաստացի: Մովսես Խորենացին հայտնում է. <Աբգարից հետո հայոց թագավորությունը երկու մասի է բաժանվում, որովհետև նրա Անանուն որդին թագադրվեց ու թագավորեց Եդեսիայում, իսկ նրա քեռորդին` Սանատրուկը թագավորեց Հայաստանում>: Այսպիսով, ինչպես հստակորեն արտահայտվում է Պատմահայրը, մինչ այդ անձնական ունիայի սկզբունքով ըստ էության միասնական թագավորություն հանդիսացող Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի թագավորությունները կրկին բաժանվում են, ինչպես իրավաբանորեն, այնպես էլ, կարելի է ենթադրել, փաստացի: Իրոք, եթե Աբգար VI-ը շարունակեց թագավորել Հայոց Միջագետքի թագավորությունում, ապա վերջինիս հորաքրոջորդի Սանատրուկն էլ[2] հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա:

Դատելով ըստ ամենայնի՝ դեռևս իր կենդանության օրոք Աբգար V Մեծը նախատեսել էր իրերի հենց այս դասավորությունը, երբ Հայոց Միջագետքի թագավորությունում պետք է թագավորեր իր որդին, իսկ Մեծ Հայքի թագավորությունում էլ պետք է հաստատվեր Հայ Արշակունիների մի նոր ճյուղը, ի դեմս իր քրոջ սերնդի, ու դրանով պետք է վերջ գտներ Վաղանցիկ արքաների դարաշրջանը: Իրականությունը, սակայն, չարդարացրեց Աբգար V Մեծ-ի այս վերջին հույսը, քանի որ հենց սկզբից էլ իրար սառը վերաբերվող Աբգար VI-ի ու Սանատրուկի հարաբերությունները Աբգար V Մեծ-ի մահից հետո բերեցին արդեն բացահայտ ընդհարման, երբ որևէ համագործակցության մասին խոսք գնալ բնականաբար չէր կարող[3]: Սկիզբ առած գահակալական պայքարը, սակայն, բացահայտ ռազմական բախմամբ այնուհանդերձ չավարտվեց, քանի որ, մինչ իրադարձությունները կզարգանային, Աբգար VI-ը դժբախտ պատահարի զոհ դարձավ ու մահացավ, որից հետո Հայոց Միջագետքի թագավորության արքա ճանաչվեց Սանատրուկը: Ամրապնդելով իր իշխանությունը Հայոց Միջագետքի թագավորությունում՝ Սանատրուկը նախապատաստվեց նաև փաստացի իր իշխանությունը տարածել Մեծ Հայքի թագավորության վրա՝ ձգտելով անձնական ունիայի սկզբունքով ի վերջո վերամիավորել երկու թագավորությունները: Այս մտայնությունը, սակայն, առժամանակ չհաջողվեց, քանի որ հենց նույն այդ ժամանակ Մեծ Հայքի թագավորության գահի համար մրցակցության մեջ մտան մի կողմից Հռոմեական կայսրության աջակցությունը վայելող Իբերիայի թագավորությունը, իսկ մյուս կողմից էլ գահակալական պայքարը հետևում թողած ու կրկին մեջքն ուղղող Պարթևական թագավորությունը: Իբերիայի թագավորության արքա Փարսման I-ին ինչ որ մի ժամանակահատվածում հաջողվեց Մեծ Հայքի թագավորության գահից հեռացնել իր եղբայր Միհրդատ Իբերացուն և նրա փոխարեն հաստատել իր որդի Հռադամիզդ Իբերացուն (50-51, 51-54), որին, սակայն, ի վերջո դուրս մղեց Գոտարզ II-ին հաջորդած Արտավան III-ի եղբայր Վոնոն II-ի (51) որդի, Պարթևական թագավորության արքա Վաղարշ I-ի (51-77) եղբայր, Մեծ Հայքի թագավորության արքա հռչակված Տրդատ I-ը (51, 54-59, 62-76):

Հետագա իրադարձություններին, որոնք կապված են Հռանդեայի հայտնի հաշտության կնքման հետ, ես, հավատարիմ սույն աշխատանքը գրելիս որդեգրած իմ սկզբունքներին, չեմ անդրադառնա: Այս առումով հարմար եմ համարում անդրադառնալ թերևս միայն Սանատրուկի գահակալման տարիներին, ինչպես նաև հռոմեական բանակի թվաքանակի հարցին Դոմիցիան Կորբուլոնի և Լուցիոս Պետոսի Արևելյան արշավանքների ժամանակ:

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 34:
[2] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 34:
[3] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 35; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 40; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 6; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 14; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ինչպես արդեն նշվեց, 50 թվականին Սանատրուկը եղել է սկզբում Մեծ Հայքի, իսկ հետո՝ Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ արքա: Միաժամանակ, սակայն, 50-51 թվականներին, որպես Մեծ Հայքի թագավորության արքաներ, միմյանց հետ մրցակցելով հանդես են գալիս Հռադամիզդ Իբերացին և Տրդատ I-ը, ընդ որում հաջողությունը մնում է վերջինիս օգտին: Տրդատ I-ի գահակալության վերջի հարցը անորոշ է, թեև հայտնի է, որ 75 թ-ին նա դեռևս ողջ էր: Այս առումով կարծում եմ, որ Տրդատ I-ի մահվան ու բնականաբար նաև գահակալման ավարտը կարող է թվագրվել 76 թվականով, որի օգտին առկա են որոշակի փաստարկներ: Այսպես, համաձայն որոշ աղբյուրների, 76 թ-ին ապագա կայսեր հայր և Ասորիքի կառավարիչ Մարկոս Տրայանոսը արժանացել է հաղթանշանների, թեև կոնկրետ ինչ համար, առայժմ հայտնի չէ[1]: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ասորիքի այս կառավարչի օրոք զսպվեց Վաղարշ I-ի հերթական ներխուժումը դեպի Ասորիք, կարելի է անկասկած համարել, որ գնահատվել էր Ասորիքի կառավարչի հաջողությունը հենց արևելյան ճակատում ձեռք բերված արդյունքների համար:

Արդյունքում կարծում եմ, որ սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ Մարկոս Տրայանոսի հաջողության արդյունքներից մեկն էլ ամենայն հավանականության եղել է այն, որ նա կարողացել է Տրդատ I-ի մահից հետո Մեծ Հայքի թագավորության գահին հաստատել Հայոց Միջագետքի թագավորության արքա Սանատրուկին, ընդ որում Ալանական թագավորության ծանր հարվածներին ենթարկված, ինչպես նաև ներքին անկայունության որոշակի շրջան մտած Պարթևական թագավորության արքա Վաղարշ I-ը փաստացի ստիպված է եղել համակերպվել փոխզիջումային հերթական այս որոշման հետ: Այս առումով հատկանշական է, որ հռոմեական աղբյուրները ընդգծված դրական են արտահայտվում Սանատրուկի վերաբերյալ[2], ինչն անուղղակիորեն կարող է վկայել այն մասին, որ վերջինս վայելել է կայսրության աջակցությունն և հանդես է եկել որոշակի հակապարթևական դիրքերից, ընդ որում Սանատրուկին տրված գնահատականի վրա կարող էր ազդել նաև Տրդատ I-ի հետ մրցակցության փաստը:

Վերևում ասվածի կապակցությամբ ամրագրենք, որ, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը թագավորել է 30 տարի[3], ընդ որում կարևոր է ընդգծել, որ այս ժամանակահատվածի հաշվարկը վարելիս պետք է հաշվի չառնել Հայոց Միջագետքի թագավորությունում նրա իշխելու ժամանակահատվածը, այլ այն պետք է հաշվել Տրդատ I-ի մահվան տարուց՝ 76 թ-ից: Այսպիսով կարելի է փաստել, որ Սանատրուկը Մեծ Հայքի թագավորությունում հաստատվելով 50 թվականին, հետագա 25 տարիներին <Հայոց թագավոր> տիտղոսը կրել է միայն ձևական մակարդակով, սակայն 76 թ-ին ի վերջո կարողացել է անձնական ունիայի սկզբունքով կրկին վերամիավորել Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունները՝ դրանից հետո կառավարելով ևս 30 տարի՝ մինչև 106 թ-ը: Փաստորեն Հայոց Միջագետքի գահակալների մղած այն հետևողական քաղաքականությունը, որի հիմքերը դրվեցին դեռևս Աբգար IV Սևի ժամանակ, իր ընթացիկ արդյունքն ապահովեց Վաղանցիկ արքաների դարաշրջանում և վերջնական հաջողության հասավ I դարի վերջին քառորդում:

_________________________________
[1] J. Bennett, Trajan. Optimus Princeps. A Life And Times, Londres, Routledge, 1997, p. 19:
[2] Արիանոս «Պարթևստանի պատմությունը»:
[3] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 36:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ռազմա-պատմական գրականության մեջ հստակ արտահայտված չէ իր հայտնի Արևելյան առաջին արշավանքի ժամանակ Կորբուլոնի գլխավորած հռոմեական բանակի թվաքանակը, որը ստորև կլուսաբանվի առանձին մեջբերման միջոցով: Ըստ մեզ հասած տվյալների 14-90 թվականներին հռոմեական բանակն ուներ 25 լեգեոն, որոնց կազմում («Օգոստոսյան լեգեոն»-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էին 170.650 լեգեոներներ, ինչպես նաև բավականին մեծ թվով դաշնակիցներ: Ընդհանուր հաշվով բանակի կազմում կար մոտ 300.000 ռազմիկ: Միաժամանակ հայտնի էր, որում 58 թ-ի վիճակով 8 լեգեոն գտնվում էր արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք), իսկ 1 լեգեոն՝ հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ: Այսպիսով, թեև սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված իր Արևելյան առաջին արշավանքի ժամանակ Կորբուլոնի բանակի թվաքանակը, սակայն առկա տվյալների վերլուծության արդյունքում այն հնարավոր է պարզել բավականին մեծ ճշգրտությամբ: Կորբուլոնի բանակի թվաքանակը պարզելու համար 58 թ-ին արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող հռոմեական 9 լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.

ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Կորբուլոնի բանակի կազմում.

1. III Gallica[1],
2. IV Scythica[2],
3. V Macedonica[3],
4. VI Ferrata[4],
5. X Fretensis[5],
6. XII Fulminata[6]:

բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք գտնվում էին արևելքում և կարող էին հայտնվել Կորբուլոնի բանակի կազմում.

1. III Augusta[7],
2. III Cyrenaica[8],
3. XXII Deiotariana[9]:

Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ Հռոմն ուներ 9 լեգեոն, որոնց կազմում ընդգրկված էր 61.434 լեգեոներ: Իմաստ չտեսնելով կրկնել վերևում Լուկոլլոսի ու Անտոնիոսի Արևելյան արշավանքների կապակցությամբ արված դիտարկումներն ու առաջարկելով ևս մեկ անգամ ծանոթանալ դրանց՝ առաջ անցնելով ենթադրենք, որ այս պայմաններում Կորբուլոնի տրամադրության տակ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 55.000 լեգեոներ:

Իր հերթին, սակայն, արտակարգ լիազորություններով օժտված Կորբուլոնը Հռոմի բոլոր «դաշնակից և բարեկամ»-ներից պահանջել է կատարել իրենց դաշնակցային պարտավորություններն ու սեփական բանակներով միանալ Մեծ Հայք ներխուժել պատրաստվող հռոմեական բանակին: Մասնավորապես Կորբուլոնին են միացել.

1. Իբերիայի թագավորության բանակը (մոտ 20.000 ռազմիկ),
2. Պոնտոսի թագավորության բանակը (մոտ 15.000 ռազմիկ),
3. Կոմագենեի թագավորության բանակը (մոտ 5.000 ռազմիկ),
4. Փոքր Հայքի թագավորության բանակը (մոտ 2.000 ռազմիկ),
5. Հեմսի թագավորության բանակը (մոտ 2.000 ռազմիկ),
6. Հենիոխների և մակրոնների բանակը (մոտ 1.000 ռազմիկ):

Այսպիսով կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած Կորբուլոնի բանակը կազմում էր մոտ 100.000 ռազմիկ, որից 55.000-ը լեգեոներներ և 45.000 դաշնակից բանակների ռազմիկներ:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 13, գլուխ 38:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[4] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 13, գլուխ 38:
[5] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 13, գլուխ 40:
[6] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 13, գլուխ 35:
[7] Մշտապես տեղաբաշխված էր Եգիպտոսում:
[8] Մշտապես տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[9] Այս ժամանակաշրջանում տեղաբաշխված էր Գալաթիայում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:09 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ռազմա-պատմական գրականության մեջ հստակորեն արտահայտված չէ նաև Արևելյան հերթական արշավանքը սկսած Պետոսի բանակի թվաքանակը, ընդ որում պետք է հաշվի առնել, որ փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում գտնվող հռոմեական լեգեոնները բաժանված էին երկու զորավարների՝ Կորբուլոնի և Պետոսի, միջև:

Ըստ Տակիտոսի Պետոսի բանակի կազմում 61 թ-ի աշնան վիճակով գտնվում էին հետևյալ լեգեոնները.

1. IV Scythica[1],
2. V Macedonica[2],
3. XII Fulminata[3]:

Սրանից բացի այս կամ այն չափով Պետոսին էր միացել նաև Հռոմի «դաշնակից և բարեկամ»-ների նույն այն բանակը, որն առկա էր դեռևս Կորբուլոնի արշավանքի ժամանակ: Այսպիսով կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Պետոսի հռոմեական բանակը 61 թ-ի աշնանը կազմում էր մոտ 60.000 ռազմիկ, որից մոտ 20.000-ը լեգեոներ և 40.000-ը դաշնակից բանակների ռազմիկներ:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Եվ վերջապես պետք է անդրադառնալ նաև Կորբուլոնի բանակի թվաքանակին իր Արևելյան երկրորդ արշավանքի ժամանակ: Այս անգամ ևս հռոմեական բանակի թվաքանակը պարզելու համար 64 թ-ի արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող հռոմեական լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Կորբուլոնի բանակի կազմում.

1. III Gallica[1],
2. III Cyrenaica[2],
3. IV Scythica[3],
4. V Macedonica[4],
5. VI Ferrata[5],
6. X Fretensis[6],
7. XII Fulminata[7],
8. XV Apollinaris[8]:

բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք գտնվում էին արևելքում և կարող էին հայտնվել Կորբուլոնի բանակի կազմում.

1. III Augusta[9],
2. VIII Augusta[10],
3. XXII Deiotariana[11]:

Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ Հռոմն արդեն ուներ 11 լեգեոն, որոնց կազմում ընդգրկված էր 75.086 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Կորբուլոնի տրամադրության տակ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մինչև 70.000 լեգեոներ, սակայն դրանից զատ Կորբուլոնին էր միացել նաև Հռոմի «դաշնակից և բարեկամ»-ների մոտ 40.000-անոց բանակը: Արդյունքում կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ 64 թ-ին Կորբուլոնի հռոմեական բանակը կազմում էր մոտ 110.000 ռազմիկ, որից 70.000-ը լեգեոներ և 40.000-ը դաշնակից բանակների ռազմիկներ:

_________________________________
[1] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 26:
[3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 26:
[4] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 26:
[5] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[6] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 6:
[7] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 26:
[8] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 25:
[9] Մշտապես տեղաբաշխված էր Եգիպտոսում:
[10] Այս ժամանակաշրջանում տեղաբաշխված էր Կապադովկիայում:
[11] Այս ժամանակաշրջանում տեղաբաշխված էր Գալաթիայում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 19:14 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23910
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գլուխ 3
Աշխադար (106-113) և Պարթամասիր (113-114)


Սանատրուկի մահից հետո Պարթևական թագավորության և Հռոմեական կայսրության փոխհամաձայնությամբ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Աշխադարը, ընդ որում նույն այս ժամանակ և արդեն վերջնականապես առանձին սկսեց հանդես գալ Սանատրուկի օրոք անձնական ունիայով Մեծ Հայքի թագավորությանը միավորված Հայոց Միջագետքի թագավորությունը: Աշխադարի մահից հետո հարաբերություններն Արևելքում կրկին սրվեցին, ընդ որում վերջնական խզման ձևական առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ Մեծ Հայքի թագավորության գահին, առանց կայսր Տրայանոսի հետ համաձայնեցման, Աշխադարի մահից հետո հաստատվել էր Պարթամասիրը:

Տրայանոսի Արևելյան արշավանքի հետ կապված իրադարձությունները բավականին հայտնի ու քննարկված են և, խոստանալով մանրամասն անդրադառնալ դրանց մեկ ուրիշ անգամ, այժմ միայն հերթական անգամ վերլուծության ենթարկենք հռոմեական բանակի թվաքանակը՝ բնականաբար առաջնորդվելով նույն այն սկզբունքներով, որոնք կիրառության մեջ տեսանք մինչ այս:

Ըստ մեզ հասած տվյալների 110-116 թվականներին բուն հռոմեական բանակը կազմված էր 30 լեգեոնից, որոնցից յուրաքանչյուրի կազմում կար 6.826 ռազմիկ: Այսինքն կարելի է հաստատված համարել, որ Հռոմի ողջ բանակն այս ժամանակաշրջանում կազմում էր մոտ 400.000 ռազմիկ (204.780 լեգեոներ և դրանից մի քիչ քիչ դաշնակից): Իր հերթին այս ժամանակաշրջանում հռոմեական բանակի զգալի մասը՝ 17 լեգեոն՝ մոտ 116.000 լեգեոների կազմով, տեղաբաշխված էր հյուսիս-արևելյան (Դանուբի սահման), արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ: Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ ըստ ընդունված կարծիքի, Տրայանոսի տրամադրության տակ կար ընդամենը 11 լեգեոն կամ մոտ 75.000 լեգեոներ: Կարելի է կարծել սակայն, որ այս անգամ ևս հռոմեական բանակի թվաքանակը, գրված լինելով հռոմեական զորավարներին գովերգելու և «իրենց քանակով մեծապես գերազանցող բարբարոսներին փոքրաթիվ ուժերով հաղթող հռոմեական քաղաքակիրթ, քաջարի և հմուտ զորավարի ու զինվորի» կերպարը փառաբանելու ոգով, որոշակիորեն քչացված է:

Տրայանոսի Արևելյան արշավանքում հռոմեական բանակի իրական թվաքանակը պարզելու համար այն կազմող լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 3 խմբում.

ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Տրայանոսի բանակի կազմում.

1. I Adiutrix,
2. II Trajana,
3. IV Scythica,
4. VI Ferrata,
5. VII Claudia,
6. X Fretensis,
7. XII Fulminata,
8. XIII Gemina,
9. XV Apollinaris,
10. XVI Flavia,
11. XXX Ulpia[1]:

բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք այդ ժամանակ գտնվում էին արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում և կարող էին հայտնվել Տրայանոսի բանակի կազմում.

1. III Augusta[2] ,
2. III Cyrenaica[3],
3. III Gallica[4],
4. XXII Dejotariana[5]:

գ) լեգեոններ, որոնք 113 թ-ին գտնվում էին հյուսիս-արևելյան ուղղությունում ու, թեև քննարկվող ժամանակաշրջանում սովորաբար չէին մասնակցում արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող մարտական գործողություններին, սակայն այս անգամ, կապված այն բանի հետ, որ Հռոմի կայսրն այս արշավանքի համար լարել էր կայսրության բոլոր ուժերն ու գրեթե մերկացրել դանուբյան սահմանը, անկասկած զգալի ուժեր էին ուղարկել Տրայանոսի բանակին.

1. I Italica[6],
2. II Adiutrix[7],
3. IV Flavia[8],
4. V Macedonica[9]:

Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում ընդհանուր արևելյան ուղղությամբ Հռոմն ուներ 19 լեգեոն՝ կամ մոտ 130.000 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Տրայանոսի տրամադրության տակ, մի կողմից կայսրության բոլոր ուժերը լարելու և դանուբյան սահմանը գրեթե մերկացնելու, իսկ մյուս կողմից էլ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային ու սահմանապահ ուժեր թողնելուց հետո անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 110.000 լեգեոներ: Իր հերթին Հռոմի պրովինցիաների վերածված կայսրության բոլոր նախկին «դաշնակից և բարեկամ»-ների տարածքներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 60.000 դաշնակից ռազմիկ: Այսպիսով կարելի է պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Տրայանոսի հռոմեական բանակը կազմում էր մոտ 170.000 ռազմիկ, որից մոտ 110.000 լեգեոներ և մոտ 60.000 դաշնակից:

_________________________________
[1] Մանրամասն տես՝ 312. Дибвойз Н. К. “Траян в Армении и Месопотамии”, http://www.roman-glory.com/debevoise-trayan
[2] 114 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում:
[3] 114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում:
[4] 114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում:
[5] 114 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում:
[6] 114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում:
[7] 114 թ-ին տեղաբաշխված էր Պանոնիայի հյուսիս-արևելքում:
[8] 114 թ-ին տեղաբաշխված էր Վերին Մեզիայում:
[9] 114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 95 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB