Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 1 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 7  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 23 дек 2017, 23:46 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
ՀՏԴ 94 (479.25)
ԳՄԴ 63.3 (5 Հ)
Հ 177
Գիրքը նվիրվում է Ապրիլյան պատերազմի հերոսներին


Հակոբյան Մհեր

Հ 177 Արշակունիներ (Առաջին սերնդի վեհությունը), Մ. Հակոբյան – Եր.: Հեղ. հրատ., 2017, Մաս I, – 62 էջ։

Գիրքը նվիրված է Մովսես Խորենացու <Հայոց պատմություն> 2-րդ գրքի վերլուծությանը: Սույն մասն ընդգրկում է մ.թ.ա. 331-95 թվականների միջև ընկած ժամանակահատվածի հետ կապված հարցեր:
Աշխատանքը կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Հայոց հնագույն պատմությամբ։

ՀՏԴ 94 (479.25)
ԳՄԴ 63.3 (5 Հ)


© Մ. Հակոբյան, 2017թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 23 дек 2017, 23:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Մաս I
Նախաբան


Հունա-մակեդոնական տերության հիմնադիր և միակ տիրակալ Ալեքսանդր III Մեծի նվաճումներով, ինչպես նաև Աքեմենյան տերության կործանումով պայմանավորված՝ Մերձավոր և Միջին Արևելքում սկիզբ առավ երկար հարյուրամյակներ տևած հելլենիզմի դարաշրջանը: Սա շատ բան տեսած Արևելքի համար թեև հերթական, բայց միաժամանակ նաև նոր և փայլուն մի էջ էր՝ կապված մեծ քաղաքակրթական ձեռքբերումների ու մշակութային թռիչքի, ինչպես նաև հզոր տերությունների, փառահեղ տիրակալների և ակնառու զորավարների մի ամբողջ համաստեղության գործունեության հետ:

Հելլենիզմի դարաշրջանը նոր էջ բացեց նաև Հայոց պատմության բազմադարյա մատենագրքում: Այս առումով թերևս կարելի է խորհրդանշական համարել նաև այն հանգամանքը, որ նախորդ դարաշրջանն ավարտվեց Հայկազունիների գահատոհմի վերջին տիրակալ Վահեի (մ.թ.ա. 351-331) մահով: Մարտունակ այս արքան ընկավ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ տրված ճակատամարտերից մեկում[1], որից հետո Հայկազունիների տոհմը սպառվեց և Մեծ Հայքի արքա հռչակվեց Գավգամելայի ճակատամարտում աչքի ընկած Երվանդը` Երվանդունիների արքայական գահատոհմի իրական հիմնադիրը[2]։ Այսպիսով, նախորդ դարաշրջանի հետ միասին պատմության գիրկն անցավ նաև ավելի քան երկու հազարամյակ Հայոց բարձրագույն իշխանությունն իր ձեռքում պահած և Հայկ Նահապետից սերող Հայկազունիների արքայատոհմը[3]: Ողջ Մերձավոր ու Միջին Արևելքի, այդ թվում նաև Հայաստանի վրա բացվում էր նոր դարաշրջանի առավոտը:

Հելլենիզմի դարաշրջանի Հայոց պատմությունն ուսումնասիրողների և ուսումնասիրությունների կարիք երբեք չի ունեցել: Ի տարբերություն նախորդների, այս դարաշրջանն իր վրա է բևեռել մասնագետների ուշադրությունը գործնականում արդեն վաղ միջնադարից: Խնդիրը մի կողմից պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս դարաշրջանն անխզելիորեն կապված էր հունա-հռոմեական քաղաքակրթության հետ, իսկ մյուս կողմից էլ առկա էր սկզբնաղբյուրների անհամեմատ ավելի մեծ քանակություն՝ ի համեմատ նախորդ դարաշրջանի:

XIX դարի երկրորդ կեսից, երբ դրվեցին ժամանակակից գիտական պատմագրության հիմքերը, հելլենիզմի դարաշրջանի Հայոց պատմության ուսումնասիրությանը ձեռք զարկեցին արդեն նաև այսպես կոչված <բուրժուական> պատմաբանները, որոնց գիտական դպրոցի գլուխգործոցն ու թագը հանդիսանում էր Լեոն (1860-1932): Վաստակաշատ այս գիտնականը կարծես ամփոփեց բոլոր այն ձեռքբերումները, որոնց հասել էր իր կողմից հիանալի կերպով ներկայացված գիտական դպրոցը՝ միաժամանակ իր մեջ կրելով նաև նույն այդ դպրոցին բնորոշ թերությունները[4]:

Դարաշրջանի ուսումնասիրությանը հետագայում նոր որակներ հաղորդեց այսպես կոչված <խորհրդային> պատմագիտությունը, որի արձանագրած արդյունքները մեծ հաշվով տպավորիչ էին: Իրոք, ժամանակակից ակադեմիական զինանոցի ողջ կիրառմամբ ըստ էության գիտական շարադրանքի ենթարկվեց դարաշրջանի լիակատար պատմությունը, ընդ որում ուրվագծվեցին հիմնական այն ուղենիշները, որոնցով մեծ հաշվով առաջնորդվում ենք նաև մենք հիմա: Պատմական այս դպրոցի հիմնադիրն ու ամենափայլուն ներկայացուցիչը Հ. Մանանդյանն (1873-1952) էր, որի հիմնարար աշխատանքներն ըստ էության հենասյուններ հանդիսացան խորհրդահայ ողջ պատմագիտության համար, այդ թվում նաև մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի առումով[5]: Այս պատմական դպրոցի գլուխգործոցը կարող է համարվել նաև Հայ ժողովրդի պատմություն ակադեմիական բազմահատորյակը, որը, մեծ հաշվով հիմք ունենալով Հ. Մանանդյանի ուղենիշները, միաժամանակ նաև դրանք լրացրեց ու հարստացրեց նորանոր փաստերով[6]:

_________________________________
[1] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31։ Այս կապակցությամբ արտահայտվել են տարբեր կարծիքներ և մասնավորապես մատնանշվել է Իսոսի ճակատամարտը, որոնք, սակայն, քննարկվող թեմայի տեսանկյունից էական չեն։ Մեր կարծիքով Հայկազունի վերջին արքան զոհվել է մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում։
[2] Գահատոհմը զբաղեցրել է Մեծ Հայքի թագավորության գահը մ.թ.ա. 331 - մոտ 247 և 212-201 թվականներին։
[3] Այս թեմայի վերաբերյալ տես իմ նախորդ աշխատանքը՝ Հակոբյան Մ.Ի. <Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ)>, Երևան 2012։
[4] Տես՝ Լեո <Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1, Երևան 1966։
[5] Տես՝ Մանանդյան Հ. Հ. <Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 1, Երևան 1977; հատոր 2, Երևան 1978; Մանանդյան Հ. Հ. <Տիգրան երկրորդն և Հռոմը», Երևան 1972 և այլն։
[6] Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971; մասնակիորեն՝ հատոր 2, Երևան 1984։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 23 дек 2017, 23:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Խորհրդահայ պատմական դպրոցին, սակայն, բնորոշ էին նաև մի քանի կոնցեպտուալ թերություններ, ընդ որում դրանք ավելի շատ ունեին գաղափարական բնույթ և իրենց արմատներով գնում էին դեպի խորհրդային վարչահրամայական համակարգը: Այսպես, այս պատմական դպրոցի գործնականում բոլոր աշխատանքները միանգամից մի քանի տեսանկյունից լիովին աղավաղում էին իրականությունն և տալիս էին խեղաթյուրված պատկերացում հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Մասնավորապես.

1. Դրանք բոլորը գրված էին այն ոգով, որ հայ ժողովուրդը մշտապես, ի սկզբանե եղել է թույլ, հալածված ազգ, և մշտապես կարիք է ունեցել ու թերևս այժմ էլ կարիք ունի (վերջին հանգամանքը հատկապես էր ընդգծվում ու կարևորվում) «Մեծ եղբոր» հովանավորության: Տառապելով հենց այս ոճով պատմությունը ներկայացնելու մարմաջով` մեր մասնագետները կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել Հայոց պետականության ձեռքբերումներին, կամ էլ ներկայացրել են դրանք խիստ աղքատիկ` ուշադրություն դարձնելով միայն այնպիսի փաստերի վրա, որոնք ուղղակի հնարավոր չէր չտեսնել: Մնացած փաստերը, որոնք երբեմն ուղղակի զարմացնում են ռազմական գործողությունների նկարագրման մանրամասնությամբ, այս մասնագետների թեթև ձեռքով հեշտությամբ հայտարարվեցին վիպական, որպես ժողովրդական բանահյուսություն նմուշներ, ասքեր, վեպեր, մի խոսքով ամեն ինչ, բացի իրական լինելուց: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա ապշեցուցիչ է, որ այս աղբյուրներում նշված հենց անհաջողություններն ու պարտություններն են ընդունվում առանց կասկածի, իսկ հաջողությունները ժխտվում են,

2.Դրանք գրեթե բոլորը գրված են խորը հոգեբանական կոմպլեքսով : Այս աշխատությունները կարծես ամեն կերպ ընդգծում են, որ Հայոց պետականության հաջողությունները կամ ընդհանրապես իրականության մեջ բացակայել են կամ էլ եղել են խիստ էպիզոդիկ, որպես բացառություն: Մեծամասամբ խոսվում է միայն Տիգրանյան Հայաստանի, այն էլ որպես մի թույլ պետության մասին: Հայոց պատմության այն դրվագների վերաբերյալ, որոնք արտոցոլում են որևէ աշխարհակալ կայսրության դեմ հաղթական մի պատերազմ կամ ճակատամարտ, կա խիստ թերհավատ մոտեցում և հաճախ այդ տվյալները հայտարարվում են <հնարովի ու վիպական>,

3. Դրանցում գերակշռում է որոշակի մակերեսայնությունը: Մասնավորապես առանց բացառության դեն են նետվում կամ էլ խիստ քննադատության և բացասական վերաբերմունքի են արժանանում այն փաստերը, որոնք չեն հաստատվում օտարերկրյա աղբյուրների կողմից և չեն տեղավորվում համաշխարհային պատմության կողմից գրված դասական սխեմաներում:

Գոյություն ունի ևս մի լուրջ հիմնահարց: Վերջին հարյուրամյակներում պատմագիտության մեջ գերակշռել է և մինչև այժմ էլ գերակշռում է «եվրոպակենտրոն» մոտեցումը: Համաձայն այս մոտեցման աշխարհում և հատկապես հին աշխարհում պատմության կերտողներն եղել են միայն հույներն ու հռոմեացիները, իսկ մնացած ու հատկապես արևելյան ազգերը հանդես են գալիս որպես երկրորդ տեսակի ազգեր, մի տեսակ վայրենիներ, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, բացի քանակական գերակշռությոնից, և միշտ էլ զիջել են եվրոպացիներին: Հետագայում այս տեսակետը մարքսիստական տեսանկյունից վերանայվեց, բայց այս անգամ էլ ուշադրության կենտրոնում մնաց Եվրոպան, իսկ Արևելքում ուշադրություն դարձվեց միայն այնպիսի պետությունների վրա ինչպիսիք են Իրանական լեռնաշխարհում տարբեր ժամանակներում ստեղծված պետությունները, Արաբական խալիֆությունն և Չինաստանը: Այս սահմանները նախանշեց մարքսիզմն և խորհրդային պատմաբանները ի վիճակի չէին դուրս գալ այս շրջանակից ու առաջ քաշել մի թեզ, որը կհակասեր նրան: Ավելին, ցանկացած նման փորձ շատ հեշտությամբ որակվում էր որպես ազգայնամոլություն կամ առնվազն ազգային սնափառություն: Ինչպե՞ս կարող էր խորհրդահայ պատմաբանը նշել III դարի երկրորդ քառորդում հաստատված Հայկական գերիշխանության մասին, եթե հունա-հռոմեական աղբյուրներն այդ մասին միանշանակ տեղեկություններ չեն հաղորդում,

4. Հայոց պատմության վերաբերյալ դրսևորվում է զարմանալի մակերեսային մոտեցում: Սովորաբար տարբեր գրքերում խոսվում է միայն միևնույն փաստերի մասին և նունիսկ նույն արտահայտություններով, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ և գուցե ավելի կարևոր իրադարձություններ հիշատակության և վերլուծության չեն արժանանում,

5. Խորհրդահայ պատմագիտական դպրոցի հայացքը կարծես մի անհաղթահարելի ուժով գամված է Մեծ Հայքի այն էլ ոչ թե լրիվ, այլ միայն կենտրոնական նահանգների պատմության վրա: Որպես հիմնաթեզ ընդունելով այն փաստը, որ «Հայաստան» հասկացությունն ընդգրկում է միայն Մեծ Հայքի 15 նահանգները, հայ պատմագիտությունը հիմնական ուշադրությունը սևեռում է միայն Հայաստանի կենտրոնական նահանգների պատմության վրա, այն դեպքում, երբ Հայաստանի ծայրամասային նահանգներում տեղի էին ունենում հաճախ ավելի կարևոր իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում ողջ երկրի ճակատագրի վրա: Ընդ որում գոնե մի աշխատության մեջ հստակորեն չի արտահայտվել այն միտքը, որ «Հայաստան» հասկացությունը ոչ թե հավասարժեք է Մեծ Հայքին, այլ Հայաստանը Մեծ Հայքի 15 նահանգներն են, ինչպես նաև Փոքր Հայքը, Հայոց Միջագետքն և Կիլիկիան` անկախ ցանկացած քաղաքական փոփոխությունից: Վերոհիշյալ 3 նահանգների, բացառությամբ Կիլիկիայի իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև Մեծ Հայքի ծայրամասային նահանգների պատմության մասին կամ տիրում է համակ լռություն, կամ էլ լավագույն դեպքում ընդհանուր խոսքերով արվում են մի քանի թեթև ակնարկներ: Արցախի, Ուտիքի և Փայտակարանի մասին գրելն ընդհանրապես համարվում էր վատ տոն, քանի որ դա կհակասեր «հայ և ադերբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամության» չարչրկվող թեզին: Գրեթե նույն պատճառով ուսումնասիրությունից հիմնականում դուրս է մնացել Գուգարք և Տայք նահանգների, իսկ մասամբ էլ նաև Բարձր Հայք նահանգի հյուսիսային գավառների պատմությունը: Կիլիկիան ընդհանրապես չի համարվել Հայաստանի նահանգ առանց բացառության և ոչ մի աշխատության մեջ, Հայոց Միջագետքը հիմնականում հիշատակվում է միայն 37 թվականի իրադարձությունների հետ կապված, իսկ Փոքր Հայքն էլի սկզբանե դիտվում էր կիսահայկական-կիսահունական տարածք մի և նրա պատմությունը խիստ վատ է ուսումնասիրված:

Այս ամենով հանդերձ, սակայն, այնուհանդերձ, կուզենայի ևս մեկ անգամ ընդգծել նույն խորհրդահայ պատմագիտության անուրանալի նվաճումները: Դրանցից նախ և առաջ պետք է մատնանշել իրականացված մեծածավալ թարգմանչական գործունեությունը, երբ իրոք շնորհաշատ մասնագետների կողմից հայերեն թարգմանվեցին, և, որ ոչ պակաս կարևոր է, հիմնականում բարձրորակ, թեև երբեմն տենդեցիոզ, Հայոց պետականությունն ու պետական կառույցները թերագնահատող և գաղափարական շտամպերով հագեցված, մեկնաբանություններով համեմվեցին մեծ թվով օտարալեզու աղբյուրներ Հայաստանի ու հայերի մասին: Միաժամանակ գրեթե բոլոր հիմնական հայկական սկզբնաղբյուրները գրաբարից թարգմանվեցին ժամանակակից հայերեն ու հրատարակվեցին` կրկին բարձրորակ, թեև դարձյալ հաճախ կոնցեպտուալ թերություններից ոչ զուրկ մեկնաբանություններով: Այս հանգամանքը մեծապես հեշտացնում է այդ աղբյուրների հետ ծանոթացումը: Անուրանալի են նաև առաջնակարգ գիտնականների կողմից իրականացված համեմատա-վերլուծական աշխատությունների դերը որևէ նեղ մի ժամանակաշրջանի կամ տարածաշրջանի վերաբերյալ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
XX դարում խորհրդային աշխարհաքաղաքական սահմաններից դուրս հայոց պատմագիտությունը, չնայած առանձին ձեռքբերումների, փայլուն արդյունքներ այնուհանդերձ չարձանագրեց՝ խորհրդահայ պատմագիտության համեմատությամբ բոլոր առումներով մնալով զիջող: Մերձավորարևելյան գաղութներում զարգացող պատմագիտությունը, ինչ որ տեղ ակնառու իր ժամանակի համար, XX դարի երկրորդ կեսից հայտնվեց լճացման վիճակում և անհուսալիորեն հետ մնաց իր ժամանակի գիտական մակարդակից: Այս առումով պետք է հատուկ նշել, որ Հայոց պատմության ընդհանուր պատմական հարցերին և մասնավորապես հելլենիզմի դարաշրջանին նվիրված ոչ մի լուրջ աշխատություն այս դպրոցում լույս աշխարհ այդպես էլ չեկավ[1]: Իր հերթին, Հայոց պատմագիտությունը, որի փայլուն հիմքերը դրեց Ն. Ադոնցը (1871-1942) արդեն եվրոպական քաղաքակրթության սահմաններում[2], չնայած առանձին փորձերի[3], արժանի հետնորդ ու զարգացում այդպես էլ չունեցավ նաև այստեղ:

Անկախության ձեռքբերումից ի վեր հելլենիզմի դարաշրջանի Հայոց պատմությունն արժանացավ նորանոր ուսումնասիրությունների, ընդ որում արձանագրված արդյունքներն իրոք ծանրակշիռ են[4]: Միաժամանակ, սակայն, չպարզաբանված և ոչ միանշանակ գիտական լուծման արժանացած հարցերի քանակն առայժմ զգալի է, ընդ որում ցավալի է այն հանգամանքը, որ, եթե իրոք հիշատակության արժանի որոշ ժամանակաշրջաններ ուսումնասիրված են բավականին խորությամբ, թեև այստեղ էլ կան առնվազն քննարկման արժանի մնացած շատ հարցեր, (օրինակ՝ Տիգրանյան ժամանակաշրջանը), ապա շատ և զգալի հետաքրքրություն առաջացնող այլ ժամանակաշրջաններ ու տարածաշրջաններ էլ մնացել են առանց հատուկ ուսումնասիրության (օրինակ՝ Հայոց Միջագետքի պատմությունը): Ուսումնասիրության կարոտ են մնացել նաև ինչպես հարցեր և խնդիրներ, որոնք ունեն մեծ ժամանակատարածային ընդգրկում, այնպես էլ հարցեր ու խնդիրներ, որոնք ունեն ավելի փոքր ընդգրկում: Առանձին քննարկման կարիք ունեն նաև որոշ ժամանակագրական հարցեր և վերջապես, միանշանակ վերաբերմունքի չեն արժանացել նաև պատմական սկզբնաղբյուրները:

Գիտական գործունեությանս գլխավոր զարդը հանդիսացող «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության վրա աշխատելու արդեն ավելի քան 20 տարվա ընթացքում տողերիս հեղինակն առիթ ունեցավ ուսումնասիրելու սույն դարաշրջանին վերաբերող շատ հարցեր ու դրանց վերաբերյալ ձևավորելու իր ուրույն մոտեցումը։ Ընդ որում առաջարկվող համակարգի հիմքում դրվում է մինչ այս «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատությունում լայն կիրառություն ստացած մեթոդը, որը կոչել եմ «Համադրման մեթոդ»[5]։ Իրոք, որևէ խնդիր ուսումնասիրելիս ես առաջնորդվել եմ օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները՝ դրանց քննարկման և համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում հասնել տրամաբանական ու հիմնավորված եզրահանգման։ Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ ու հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ և այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ՝ համաշխարհային հանրության աչքում արժեզրկելով ու ծիծաղելի դարձնելով մեր պատմությունը։ Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառն և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ` իր հերթին չընկնելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով։

Սույն աշխատանքը ստեղծելուն ինձ դրդեց հելլենիզմի դարաշրջանին վերաբերող հենց այս տարաբնույթ հարցերն ի վերջո խմբավորելու, դասակարգելու, դրանց վերլուծությունն ապահովելու և պատշաճ տեսքով ընթերցողներիս հետ կիսվելու ձգտումը, քանզի այդ ամենը վաղուց ի վեր հավաքվել է ձեռքիս տակ Տարեգրքիս վրա աշխատելու ընթացքում: Հարկ եմ համարում ավելացնել նաև, որ ընթերցողների դատին ներկայացվող սույն աշխատանքը յուօրինակ մի շարունակություն է հանդիսանում սրանից տարիներ առաջ հրատարակված իմ նախորդ աշխատանքին՝ <Հայկազունիներ>-ին[6], ընդ որում և այնտեղ, և այստեղ աշխատության հենքն ու այն բազան, որը հիմք ընդունելով էլ հիմնականում արվում են հետևություններ, հանդիսանում է հայ ժողովրդի մեծ Պատմահայր Մովսես Խորենացու հիմնարար <Հայոց պատմություն>-ը: <Հայկազունիներ>-ի պարագայում այդ հիմքն ըստ էության կազմված էր Պատմահոր աշխատանքի 1-ին գրքից, իսկ այս պարագայում ես հիմնականում նկատի կունենամ Մովսես Խորենացու երկի 2-րդ գիրքը: Այսպիսով, ամեն ինչից զատ, սա նաև տողերիս հեղինակի համեստ մի ներդրումը կհանդիսանա խորենացիագիտության զարգացած ոլորտում, ընդ որում ես հույս եմ հայտնում, որ արված աշխատանքը ոչ միայն օգտակար կլինի, այլև հիմք կհանդիսանա նորանոր գաղափարների և ուսումնասիրությունների համար:

Ընթերցողներիս դատին ներկայացվող սույն աշխատանքն ես դիտավորյալ չեմ կազմել խիստ ժամանակագրական հստակ համակարգով: Նույն կերպ դիտավորյալ՝ բաց են թողնվել կամ հպանցիկ են ներկայացվել նաև հայտնի իրադարձությունները կամ այն դեպքերը, որոնց կապակցությամբ որևէ նոր ասելիք, համենայն դեպս գոնե այս պահին, ես չունեմ: Միաժամանակ ես ելնում եմ այն կանխավարկածից, որ ստորև ներկայացվող աշխատանքին ծանոթացող անձնավորությունն արդեն ունի որոշակի բազային գիտելիքներ ինչպես ընդհանուր ու Հայոց պատմության, այնպես էլ այլ հարակից գիտությունների և ուղղությունների ոլորտներում: Արդյունքում, սահմանափակված լինելով զուտ ծավալի առումով և Հայոց ու համաշխարհային պատմության համակցված ուսումնասիրություն թողնելով մեկ այլ առիթի, ստորև ես, ընտրողական սկզբունքով, բայց այնուհանդերձ, պահպանելով ներքին տրամաբանական կապն ու համակցությունը կանդրադառնամ առանձին ուշագրավ մի շարք հարցերի:

_________________________________
[1] Տես մասնավորապես՝ Ալպօյաճեան Ա. Ա. <Հայ գաղթականության պատմություն>, Կահիրե 1941; Ալպօյաճեան Ա. Ա. <Պատմութւին Հայ Կեսարիոյ>, Կահիրե 1937 և այլն։
[2] Տես՝ Ադոնց Ն. <Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>, Երևան 1987; Ադոնց Ն. <Հայոց նախարարության ծագումը>, Բեյրութ 1949; Ադոնց Ն. <Հայոց պատմությունը>, Երևան 1972; Ադոնց Ն. <Պատմագիտական ուսումնասիրություններ>, Փարիզ 1948; Ադոնց Ն. <Տիգրան Մեծ>, Երևան 2010 և այլն։
[3] Հրանդ Ք. Արմեն <Մեծն Տիգրան>, Անթիլիաս 1947, Հրանդ Ք. Արմեն <Անկում Արտաշէսեան հարստութեան>, Բէյրութ 1967 և այլն։
[4] Տես՝ Հակոբյան Հ. Պ. <Տիգրան Մեծ>, Երևան 2005; Մանասերյան Ռ. Լ. <Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ>, Երևան 2007; Մովսիսյան Ա. Ե. <Տիգրան Մեծ>, Երևան 2010 և այլն:
[5] Տես` Հակոբյան Մ. Ի. <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>, Երևան, 2007, էջ 11-12։
[6] Տես` Հակոբյան Մ.Ի. <Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ)>, Երևան 2012։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:05 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Գլուխ 1
Աքեմենյան ժամանակաշրջան


Ընդունված է կարծել, որ մ.թ.ա. VI դարի կեսերից սկսած Հայոց թագավորությունում իշխանության է եկել մի տոհմ, որն անվանվել է «Երվանդունիներ» անունով։ Այս պնդումը, սակայն, իր հիմքում ունի թերևս միայն հայտնի հաղորդումն Երվանդ I Սակավակյացի (մ.թ.ա. 569 - մոտ 552, 565 - մոտ 552` ձևականորեն) տիրապետության մասին և հիմնված է այս արքայի զուտ անվան վրա։ Սակայն միայն այս հանգամանքը հիմք ընդունելով հետևություններ անել անձի տոհմական պատկանելիության մասին սխալ է։ Օրինակ, Ֆրանսիայում տիրել են «Լյուդովիկոս» («Լուի») անունով 18 արքաներ, որոնք, սակայն, պատկանել են արքայական չորս տարբեր գահատոհմերի։ Այսինքն զուտ «Երվանդ» անունով արքայի առկայության պարագայում խոսել գահատոհմի փոփոխության մասին կարծում ենք հիմնավոր չէ և այս պարագայում Խորենացու տեղեկություններն այն մասին, որ Հայոց թագավորությունում շարունակել են իշխել Հայկազունիները, արժանահավատ են[1]։

Երվանդունիների տոհմի պատմությունն իր մեջ ավելի շատ հարցեր է պարունակում, քան՝ պատասխաններ: Մասնավորապես հստակ հայտնի չէ, թե ինչ արմատներ է ունեցել այս տոհմն և ինչ կերպ ու երբ է հասել քաղաքական իշխանության: Արդեն ասվեց, որ մ.թ.ա. VI դարի կեսերին վերաբերող տեսությունն ըստ էության որևէ աղբյուրագիտական հիմք չունի: Միաժամանակ, սակայն, կան նաև զգալի տեղեկություններ, որոնք այնուհանդերձ հիմք են տալիս ասելու, որ արդեն Աքեմենյան դարաշրջանում այս տոհմն ունեցել է որոշակի քաղաքական իշխանություն: Այսպես, որպես Հայաստանի տիրակալներ, թեև այդպես էլ իշխանության չկոնկրետացվող ձևով և տարածական ընդգրկմամբ, նույն այդ Աքեմենյան դարաշրջանում հիշատակվում են մի շարք տիրակալներ, որոնցից ոմանք ակնառու դերակատարություն են ունեցել նույնիսկ Աքեմենյան պետական համակարգում: Մասնավորապես, մ.թ.ա. V դարի վերջին և IV դարի սկզբին հիշատակվում է Երվանդ անունով Հայաստանի մի տիրակալ, որն ամուսնացած էր Աքեմենյան տերության արքա Արտաքսերեքս II-ի (մ.թ.ա. 404-359) աղջկա հետ, այս արքայի օրոք զբաղեցնում էր ամենաազդեցիկ պաշտոններ, իսկ մ.թ.ա. 355-354 թվականներին էլ հենց մեծապես նրա դրդմամբ բռնկվեց փոքրասիական սատրապների հերթական ապստամբությունը[2]:

Չնայած ուղղակի տվյալների բացակայությանը՝ հիմքեր կան ենթադրելու, որ այս Երվանդը հայրն էր այն Երվանդի, որը գլխավորում էր Մեծ Հայքի թագավորության բանակը Գավգամելայի ճակատամարտում, իսկ հետո էլ զբաղեցրեց Մեծ Հայքի թագավորության գահը: Հայտնի այս Երվանդից զատ կան տեղեկություններ նաև այլ Երվանդունիների մասին, որոնք նախորդել են վերջինիս, ընդ որում այս տիրակալներն իրենց սերած էին համարում դեռևս Աքեմենյան տերության արքա Դարեհ I-ի (մ.թ.ա. 522-486) ժամանակ ապրած և այդ արքայի օրոք մեծ ազդեցություն ունեցած Հիդարնեսից՝ մեկից այն յոթ պարսիկների, որոնք օժանդակեցին Դարեհին տիրել Աքեմենյանների գահին[3]: Երվանդունիների տոհմի քաղաքական իշխանության սահմանները չեն հստակեցվում և այժմ գերիշխում է տեսակետը, որ նրանք եղել են Հայկական լեռնաշխարհի հիմնական մասն ընդգրկող աքեմենյան սատրապություններից ամենամեծի սատրապները, սակայն այս պնդումը որևէ ուղղակի ապացույցով չի հաստատվում:

Վերոգրյալի կապակցությամբ, հաշվի առնելով դեռևս <Հայկազունիներ>-ում իմ կողմից առաջ քաշած այն տեսակետը, որ Աքեմենյանների դարաշրջանում ենթադրաբար մ.թ.ա 520 թ-ին ստեղծված Մեծ Հայքի թագավորությունը, որպես հերթական համահայկական պետական միավոր, շարունակել են ղեկավարել Հայկազունիները, ես հավանական եմ համարում այն մոտեցումը, որ հենց այս ժամանակ էր, որ Մեծ Հայքից առանձնացվեց ու ստեղծվեց Փոքր Հայքի թագավորությունը, որը հանձնվեց Դարեհ I-ի մտերիմ շրջապատին պատկանող Հիդարնեսին: Վերջինիցս էլ հենց սերվեցին հետագայում աստիճանաբար հայացած նրա հետնորդներն, որոնց մենք արդեն գիտենք որպես Երվանդունիներ:

Ընդհանրացնելով վերոգրյալն ամրագրենք, որ մինչև 331 թ-ն Երվանդունիների որևէ արքայատոհմի առկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ այս տոհմի մասին այնուհանդերձ առկա տեղեկություններն էլ վերաբերում են Փոքր Հայքում իշխած սատրապական ժառանգական գահատոհմին:

_________________________________
[1] Այս առումով հատկանշական է, որ խոհրդահայ պատմագիտության պաշտոնական տեսակետն ու վերջին ձեռքբերումներն արտահայտող հայ ժողովրդի պատմություն ակադեմիական հրատարակության հեղինակներն ավելի քան զգույշ են արտահայտվում. <Նաև այն կարծիքն է արտահայտվել, թե Երվանդունիների դինաստիան իր ծագմամբ կապված է եղել մ.թ.ա. VI դարի Հայաստանի թագավորների հետ: Այդ տեսակետի օգտին վկայում է երկու դինաստիաներում Երվանդ անվան առկայության փաստը> (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 504), ընդ որում տողատակում հղում է կատարվում Ս. Երեմյանի աշխատանքներից մեկին (С. Т. Еремян, К вопросу об этногенезе армян, ВИ, 1951, № 7): Փաստորեն խնդիրն ըստ էության հանգեցվում է միայն մեկ գիտնական կարծիքի, իսկ իրենք՝ ակադեմիական հրատարակչության հեղինակները, ընդամենը զգուշորեն հիշատակում են այդ մասին:
[2] Դիոդորոս Սիկիլիացի <Պատմական գրադարան> գիրք 15, գլուխ 2; Քսենոփոն <Անաբասիս>, գիրք 3, գլուխ 5; Պոլիենոս <Ռազմական խորամանկություններ> գիրք 7, գլուխ 14, մաս 3, 4 և այլն:
[3] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 14, մաս 15:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Գլուխ 2
Երվանդ II (մ.թ.ա. 331-305)


Գավգամելայի ճակատամարտն, ինքնին շրջադարձային Մերձավոր ու Միջին Արևելքի համար, նույն նշանակությունն ունեցավ նաև Հայոց պատմության պարագայում և հենց այս ճակատամարտի կապակցությամբ է, որ առաջին անգամ հիշատակվում է Օրոնտես կամ Երվանդ անունով հայտնի մի առաջնորդ[1], որին հետագայում վիճակված էր լինելու գլխավորել Մեծ Հայքի թագավորությունը: Այս առումով կարծում եմ, որ, հաշվի առնելով Հայոց արքա Երվանդ I Սակավակյացի առկայությունը, ճիշտ է հենց այս, այլ ոչ թե մեկ այլ տիրակալի, կոչել Երվանդ II:

Երվանդ II-ի մասին հաղորդումները դժբախտաբար ընդամենն երկուսն են, որոնցից մեկի մասին, կապված Գավգամելայի հետ, արդեն նշվեց: Ինչ վերաբերում է երկրորդ հաղորդմանը, ապա այն թվագրվում է մ.թ.ա. 317 թ-ով, երբ դիոդոխների պատերազմի դրվագներից մեկում Երվանդը հիշատակվում է որպես անկախ և հզոր երկրի մի տիրակալ[2]:

Սրանք են այն երկու հաղորդումները, որոնցով էլ ըստ էության սպառվում է մեր տեղեկություններն Երվանդ II-ի մասին, ընդ որում, եթե այս արքայի իշխանության սկզբի պահը հնարավոր է քիչ թե շատ ճշտությամբ սահմանել, կապված Գավգամելայի ճակատամարտի հետ, ապա վերջինիս իշխանության ավարտի թվականի հարցը մեծապես մնում է անորոշ: Այս առումով որոշակի ժամանակագրական խարիսխ հանդիսանում է թերևս միայն այն հանգամանքը, որ մ.թ.ա. 301 թ-ին մենք գործ ունենք արդեն Մեծ Հայքի թագավորության այլ արքայի հետ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ որպես Երվանդ II-ի թագավորության վերջին ժամանակ կարելի է մատնանշել մ.թ.ա. մոտ 305 թ-ը:

_________________________________
[1] Արիանոս <Ալեքսանդրի արշավանքը>, գիրք 3, գլուխ 8։
[2] Դիոդորոս Սիկիլիացի <Պատմական գրադարան> գիրք 19, գլուխ 23; Պոլիենոս <Ռազմական խորամանկություններ> գիրք 4, գլուխ 8։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Գլուխ 3
Արտավազդ I (մ.թ.ա. 305-247)


Առկա տեղեկատվության ընդհանրացման արդյունքում կարելի է ասել, որ Երվանդունիների արքայատոհմի երկրորդ արքան եղել է Արտավազդ I-ը՝ մեր պատմագիտության մեջ որոշակիորեն անարժանիորեն ստվերում մնացած մի տիրակալ: Այս առումով մինչև առաջ անցնելն ուղղակի նշենք, որ, քանի որ այս արքային ավանդականորեն հաշվի չեն առել որպես Մեծ Հայքի թագավորության արքա, <Արտավազդ> անունը կրող հետագա արքաների թվագրումը պետք է մեկ նիշով առաջ տանել:
Մեզ հստակորեն հայտնի չէ, թե ինչ ընտանեկան կապ է եղել Երվանդ II-ի և Արտավազդ I-ի միջև, սակայն հավանական է կարծել, զուտ ենթադրության մակարդակով, որ Արտավազդն եղել է Երվանդի որդին:

Արտավազդ I-ի մասին տեղեկություններն ևս, ինչպես իր նախորդի պարագայում, սուղ են և ցրված են մի շարք սկզբնաղբյուրներում: Միաժամանակ, սակայն, առկա տեղեկատվության ամբողջությունն այնուհանդերձ հիմք է տալիս ասելու, որ մենք գործ ունենք տարածաշրջանային մակարդակով բավականին հզոր, ռազմունակ և ակտիվ արտաքին քաղաքականություն վարելուն հակված մի տիրակալի հետ: Ինչպես վերևում նշվեց, Արտավազդ I-ի գահակալման սկիզբն ենթադրաբար սահմանվում է մ.թ.ա. մոտ 305 թ-ի մոտակայքով, իսկ արդեն մ.թ.ա. 301 թ-ին էլ վերաբերում է առաջին հաղորդումն այս արքայի ռազմա-քաղաքական արտաքին գործունեության մասին:

Մ.թ.ա. 301 թ-ին Առաջավոր Ասիայում ստեղծվել էր մի վիճակ, երբ Ալեքսանդր III Մեծի հետնորդների միջև արդեն ավելի քան 20 տարի մղվող պատերազմը հասել էր իր գագաթնակետին ու, մեծապես նաև, ավարտին: Այսպես կոչված Մեծ Փռյուգիայի թագավորության հիմնադիր արքա Անտիգոնոսը (մ.թ.ա. 316-301), որը հետևողականորեն հանդես էր գալիս Ալեքսանդրի թողած Հունա-մակեդոնական տերության ամբողջության պահպանման օգտին, բնական է՝ իր հովանու ներքո, մահացու մրցակցության մեջ էր մտել Ալեքսանդրի այն հետնորդների դեմ, որոնք կողմ էին նույն այդ տերության բաժանմանն և առանձին թագավորությունների հիմնադրմանը: Վերջիններիս շարքում առաջատար դերերում էին Սելևկյանների թագավորության հիմնադիր արքա Սելևկոս I Նիկատորը (մ.թ.ա. 312-281), ինչպես նաև Ալեքսանդրի նախկին թիկնապահ, իսկ այժմ Թրակիայի արևելյան հատվածն ընդգրկող ոչ փոքր մի թագավորության տիրակալ Լիսիմաքոսը (մ.թ.ա. 306-281): Արդյունքում մ.թ.ա. 301 թ-ի ամռանն այս ուժերն իրար եկան Փոքր Ասիայի Իպսոս քաղաքի մոտակայքում, որտեղ տեղի ունեցած մեծ և վճռական ճակատամարտում էլ Անտիգոնոսը պարտություն կրեց ու սպանվեց, իսկ նրա տիրույթներն էլ իրար մեջ բաժանեցին Սելևկոսն և Լիսիմաքոսը: Հենց այս ամենի հետ կապված է հիշատակվում է Արտավազդ I-ը:

Խնդիրը կայանում էր նրանում, որ Աքեմենյանների տերության փլուզումից հետո Կապադովկիայում հռչակվել էր անկախ թագավորություն, որի արքա էր հռչակվել մինչ այդ տեղական սատրապ հանդիսացած Արիարաթես I-ը (մ.թ.ա. 331-322): Մ.թ.ա. 322 թ-ին, սակայն, Ալեքսանդրի տերության կառավարման ղեկը ժամանակավոր ստանձնած Պերդիկայի (մ.թ.ա. 323-321) հրամանով Կապադովկիայի սատրապ նշանակված Եվմենեսը (մ.թ.ա. 322-317) պարտության մատնեց Արիարաթես I-ին, գերեց վերջինիս և ենթարկեց մահապատժի: Այս պայմաններում Արիարաթես I-ի դժվարությամբ փրկված եղբորորդին ստիպված եղավ դիմել փախուստի և ապաստանել Մեծ Հայքի թագավորությունում[1]: Եվ ահա մ.թ.ա. 301 թ-ին, երբ հելլենիստական ուժերն իրենց հարաբերություններն էին պարզում Իպսոսի մոտակայքում, Արտավազդ I-ի գլխավորությամբ Կապադովկիա մտած Մեծ Հայքի թագավորության բանակը հաղթեց ու երկրից դուրս վտարեց Սելևկյանների թագավորության բանակին, որից հետո գահը հանձնեց օրինական արքա համարվող Արիարաթեսին՝ Արիարաթես II-ին (մ.թ.ա. 301-280)[2]: Սելևկոս I Նիկատորը, որի ազդեցության ոլորտն էր համարվում Կապադովկիան, որոշակի պատճառներից ելնելով չշարունակեց պայքարն այս երկրամասի համար և Արտավազդ I-ի ազդեցության ոլորտում գտնվող Արիարաթես II-ն ամրապնդվեց հայրենական գահին: Այսպիսով առկա տեղեկատվության ընդհանրացման արդյունքում մեզ ըստ էության հաջողվեց ամրագրել, որ, ի դեմս Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ I-ի, մենք գործ ունենք այնպիսի մի հզոր տիրակալի հետ, որն իրեն պատրաստ էր համարում ոտք մեկնել հելլենական աշխարհի և, մասնավորապես, վերջինիս ամենահզոր ներկայացուցիչներից մեկը համարվող Սելևկոս I Նիկատորի հետ՝ ընդ որում դա անելով ամենայն հաջողությամբ:

_________________________________
[1] Տեղեկատվությունը բավականին հայտնի է և քննարկված: Տես, օրինակ՝ Габелко О.Л. "К династической истории эллинистической Каппадокии: царский дом Ариаратидов" <Античный мир и археология>. Вып. 13. Саратов, 2009, стр. 99-100։
[2] Դիոդորոս Սիկիլիացի <Պատմական գրադարան>, գիրք 31, գլուխ 19:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Սելևկոս I Նիկատորի կողմից Կապադովկիայի համար մրցակցությունից հրաժարվելու պատճառներից մեկն էլ թերևս այն էր, որ նույն այն ժամանակ, երբ նոր աշխարհակարգի հիմքերն էին դրվում Իպսոսի մոտակայքում, անկախություն էր ձեռք բերել նաև Պոնտոսի թագավորությունը, ընդ որում իրավիճակը բարդանում էր նրանով, որ այստեղ իշխանության հասած թագավորության հիմնադիր արքա Միհրդատ I-ը (301-266) հանդիսանում էր Անտիգոնոսի մերձավորներից մեկն և մի կողմից հենց միայն այդ պատճառով իսկ ինքնին բավարար հիմքեր ուներ չսիրելու Սելևկոսին, իսկ մյուս կողմից էլ՝ սելևկյան տիրակալն ինքն էլ անհանգստանում էր փոքրասիական տարածքներում Միհրդատի ակտիվությունից: Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իրար հետ ինչ որ տեղ հեռակա կարգով, բայց այնուհանդերձ հակամարտող Սելևկյանների և Պոնտոսի թագավորությունների համար խիստ կարևորվում էր Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ I-ի դիրքորոշումը: Արդյունքում շահեց առավել ճկուն քաղաքականության հակված Սելևկոսը:

Իրոք, եթե Պոնտոսի նորընծա արքան միանգամից անհաշտ դիրք գրավեց հենց նույն այս ժամանակ իր անկախությունը հռչակած Իբերիայի թագավորության ու վերջինիս այդ ճանապարհին մեծապես աջակցած Արտավազդ I-ի նկատմամբ, ապա Սելևկոսը գերադասեց, աչք փակելով կապադովկիական խնդրի վրա, սիրաշահել հայերին ու վրացիներին: Արդյունքն եղավ այն, որ, երբ մ.թ.ա. 300 թ-ին Պոնտոսի թագավորության խոշոր բանակն անցավ հարձակման և, խորանալով Մեծ Հայքի թագավորության տարածքում, հասավ Արդահանին, հենց այդ ժամանակ էլ, ինչ որ տեղ նաև սելևկյանների աջակցությամբ, Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը ծանր պարտության մատնեց վերջինիս և հետ շպրտեց[1]: Վճռական այս ճակատամարտի արդյունքն եղավ այն, որ դրանից հետո Պոնտոսի նորաստեղծ թագավորության ագրեսիվ մղումները մեծապես սահմանափակվեցին, Փոքր Ասիայում Սելևկյանների ակտիվ հակառակորդները զգալիորեն թուլացան, Մեծ Հայքի թագավորությունն ավելի ամրապնդեց իր դիրքերը, իսկ վերջնականապես անկախացած Իբերիայի թագավորության գահին էլ հաստատվեց Արտավազդ I-ի ազդեցության ոլորտում գտնվող հերթական արքան՝ Իբերիայի թագավորության հիմնադիր արքա Փառնավազը (մ.թ.ա. 301-240): Այսպիսով մեզ հաջողվեց լուսաբանել Հայոց պատմության մեջ անարժանիորեն մեծապես ստվերում մնացած Արտավազդ I-ի ռազմա-քաղաքական ձեռնարկումներից ևս մեկը:

Արտավազդ I-ի թագավորության հետագա տարիները, զուտ աղբյուրների բացակայության պատճառով, մեծապես մնում են մթության մեջ, թեև, հիմք ընդունելով որոշակի տեղեկատվություն, կարելի է ասել, որ այս արքան իշխում էր դեռևս մ.թ.ա. 255 թ-ին: Հենց այս ժամանակ էր, որ գահակալական անհարթություններ ծագեցին Բյութանիայի թագավորությունում, որից հետո արքայական գահի օրինական հավակնորդ, արքայազն Զիաելասը, ինչպես մի ժամանակ Արիարաթեսը Կապադովկիայի պարագայում, ստիպված եղավ թողնել իր երկիրն ու ապաստանել Հայոց թագավորությունում: Այս անգամ, դժբախտաբար, Հայոց արքայի անունը չի հստակեցվում, սակայն հետագա իրադարձություններում հայերի գործողությունների ձեռագիրն ավելի քան նման է այն ամենին, ինչին մենք ականատես էինք եղել Կապադովկիայի թագավորության պարագայում մ.թ.ա. 301 թ-ին: Իրոք, այս անգամ ևս, ինչպես 46 տարի առաջ, Հայոց թագավորության բանակն եռանդուն աջակցություն ցույց տվեց գահազրկված առաջնորդին, որից հետո Զիաելասը (մ.թ.ա. 255-228) հռչակվեց Բյութանիայի թագավորության արքա[2]: Արդյունքում, թեև քննարկվող դեպքում սկզբնաղբյուրը չի հստակեցնում Հայոց արքաի անունը, սակայն, դատելով վարքագծի ընդհանրությունից, կարելի է հավանական համարել, որ այս անգամ ևս գործել է Արտավազդ I-ը: Այսպիսով կարելի է պարզված համարել Հայոց այս հզոր արքայի թագավորության դրվագներից ևս մեկը:

Գլխավոր գործերից մեկը, սակայն, որ այս արքային սպասում էր, այնուհանդերձ դեռ առջևում էր, ընդ որում ամեն ինչ տեղի ունեցավ Արտավազդ I-ի թագավորության արդեն վերջին տարիներին: Եվ հենց այստեղ էլ հենց անցում ենք կատարում հաջորդ խնդրին, որի լուսաբանումն անչափ կարևորում եմ քննարկվող դարաշրջանի Հայոց պատմության համար:

_________________________________
[1] <Քարթլիս-Ցխովրեբա>, Լեոնտիոս Մրովելի <Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը>; Վախուշտի Բագրատունի <Սամցխեի և Կղարջքի կյանքը>:
[2] Մեմնոն Հերակլեացի <Պոնտական Հերակլեայի պատմությունը>, մաս 14:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Գլուխ 4
Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)

(Արտաշեսյաններ… թե՞ Արշակունիներ)


Մ.թ.ա 250-ական թվականների Սելևկյանների թագավորությունը գտնվում էր բարդ արտաքին-քաղաքական դրության մեջ: Եգիպտոսում իշխող Պտղոմյանների թագավորության հետ սրված հարաբերություններն արդեն հանգեցրել էին Ասորիքյան երկու պատերազմների (մ.թ.ա. 274-271 և 260-253 թվականներ), որոնցից և ոչ մեկն էլ կողմերից որևէ մեկին վճռական հաջողություն չէր տվել: Իր հերթին, տարված Պտղոմյանների հետ մրցակցությամբ, Սելևկյան գահակալներն արևելյան տարածքներն աստիճանաբար սկսում էին դիտարկել զուտ որպես ռեսուրսների աղբյուր, իսկ այս պարագայում մի կողմից հիշատակված տարածքներում աճում էին կենտրոնախույս տրամադրությունները, իսկ մյուս կողմից էլ՝ այստեղ կենտրոնական իշխանությունն աստիճանաբար թուլանում էր:

Այս ամենի հետևանքով Սելևկյանները կորցրին իշխանությունը սկզբում Բակտրիայի նկատմամբ, հետո անկախացավ Սողդիանան, իսկ վերջում էլ ապստամբություն բռնկվեց արդեն Պարթևստանում: Հենց վերջին ելույթն էր, որ ամենավտանգավոր բնույթն էր կրում, քանի որ, եթե այլ պարագայում ապստամբներն ուղղակի ուզում էին անկախացնել սեփական երկրամասը, ապա վերջին պարագայում ապստամբությունն աստիճանաբար իրենց ձեռքը վերցրած քոչվոր և մարտունակ պարթևները Սելևկյանների նկատմամբ որդեգրեցին ավելի ագրեսիվ քաղաքականություն: Եվ ահա արդեն մ.թ.ա. 250 թ-ին Դահ ցեղի Ապար ցեղախմբի ներկայացուցիչ Արշակ I Քաջը (մ.թ.ա. 250-247) վերջնականապես գրավեց Պարթևստանն և դարձավ Պարթևական թագավորության առաջին ու հիմնադիր արքան[1]: Փաստորեն Սելևկյանների թագավորության արևելքում ստեղծվեց մի բավականին հզոր ուժ, որը, անհաշտ դիրքորոշում ունենալով Սելևկյան տիրակալների նկատմամբ, իրենից ըստ էության բնական մի դաշնակից էր ներկայացնում Սելևկյանների թագավորության բոլոր հակառակորդների համար:

Մ.թ.ա III դարի կեսերին բարդ արտաքին քաղաքական ընտրության առաջ էր կանգնած նաև Մեծ Հայքի թագավորությունը: Դատելով ըստ ամենայնի՝ ծերացած Արտավազդ I-ն ուղիղ ժառանգորդ չուներ, ընդ որում հելլենիստական վտանգը, ի դեմս ամենից առաջ Սելևկյանների թագավորության, դեռևս ամենևին էլ վերացած չէր: Ի վերջո բացառված չէր, որ մի որևէ եռանդուն արքայի ի հայտ գալու պարագայում Սելևկյանների թագավորությունը կարող էր ոտնձգություն իրականացնել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Ստեղծված պայմաններում Արտավազդ I-ն աստիճանաբար հանգեց այն մտքին, որ պետք է ստեղծել հայ-պարթևական խոշոր ու կայուն մի դաշնակցություն, ընդ որում այդ ճանապարհին հաջողության հասնելու ամենահաստատ եղանակը կլինի այն, որ Հայոց գահը զբաղեցնի Արշակ I Քաջի եղբայր Վաղարշակը: Այսպիսով Արտավազդ I-ն իրականացրեց իր վերջին ու, թերևս, ամենակարևոր ձեռնարկումներից մեկը՝ Մեծ Հայքում թագավորելու հրավիրելով Արշակ I Քաջի եղբայր Վաղարշակին ու ստեղծելով հայ-պարթևական հարատև մի դաշնակցություն:

Դատելով մեզ հասած տեղեկություններից՝ արդեն այն ժամանակ, երբ Արշակի ու նրա եղբայր, ապագա արքա Տրդատի գլխավորած պարթևները հակասելևկյան պայքարի դրոշ պարզեցին Սելևկյանների թագավորության արևելքում, նրանք ամենայն եռանդուն աջակցության են արժանացել հայերի և Մեծ Հայքի թագավորության կողմից: Այսպես, Մեծ Հայքի թագավորության ազդեցիկ տոհմերից մեկի նահապետը հանդիսացող Կյուրոս Արծրունին իր ակտիվ մասնակցությունը բերեց պարթևների մղած պայքարին տեղում[2], իսկ ոչ պակաս ազդեցիկ Բագրատունիների նախարար Բագրատն էլ ապահովում էր կապը Պարթևստանի ու Հայաստանի միջև՝ կարգավորելով գործերն արդեն Հայաստանում[3]:

Վաղարշակ I-ը, որի անվան թվագրումը տալով հաշվի եմ առել նաև Հայոց թագավորության համիշխան արքա Վաղարշակ II-ին (378), բուժուական և հատկապես խորհրդահայ պատմագիտության կողմից ավանդականորեն հռչակված է որպես վիպական կամ նույնիսկ «հավաքական կերպար» և նույն մոտեցումը գերիշխում է նաև այժմ, սակայն սեփական ուսումնասիրություններս ինձ հանգեցրել են հետևության, որ նա իրականում գոյություն ունեցած անձնավորություն է: Հարկ է միանգամից նշել, որ այս գաղափարը նոր չէ, ընդ որում ողջ միջնադարում Վաղարշակի իրականությունը որևէ կերպ կասկածի տակ չի դրվել և միայն նոր ժամանակներում էր, որ առաջ քաշվեց տեսակետ Վաղարշակի ոչ իրական լինելու վերաբերյալ: Ավելացնենք, սակայն, որ դրանով հանդերձ վերջնականապես չժխտվեց նաև հակառակ տեսակետը:

_________________________________
[1] Ստրաբոն <Աշխարհագրություն>, գիրք 11, գլուխ 9, մաս 3; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 2; Արիանոս <Պարթևստանի պատմությունը>; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 65; Եվսեբիոս Կեսարացի <Եկեղեցական պատմություն>, գիրք 9, գլուխ 8; Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 1, գլուխ 8, գիրք 2, գլուխ 2; Ուխտանես <Հայոց պատմություն>, գլուխ 26, 49; Սեբեոս <Պատմություն>, գլուխ 2; Թովմա Արծրունի <Պատմություն Արծրունյաց տան>, գիրք 1, գլուխ 6; Ստեփանոս Տարոնեցի <Տիեզերական պատմություն>, գիրք 1, գլուխ 4; Իսահակ Երեց <Ժամանակագրություն>, գլուխ 5; Սամվել Անեցի <Ժամանակագրություն>; Ավագ Սեբաստացի <Ժամանակագրություն>; Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>; Ներսես Պալիենց <Հայոց իշխանների ու թագավորնեի պատմություն>; Եսայի Հասան-Ջալալյան <Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի>, գլուխ 1; Միքայել Ասորի <Ժամանակագրություն> գիրք 5, գլուխ 5, 6:
[2] Թովմա Արծրունի <Պատմություն Արծրունյաց տան>, գիրք 1, գլուխ 6:
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 3; Ուխտանես <Հայոց պատմություն>, գլուխ 27; Սեբեոս <Պատմություն>, գլուխ 2 և այլն:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Այն բանի օգտին, որ Վաղարշակն եղել է իրականում գոյություն ունեցած անձնավորություն և իշխած արքա, վերջին հարյուրամյակներում արտահայտվել են մի շարք գիտնականներ, թեև միաժամանակ պետք է նշել նաև, որ այնուհանդերձ վիճելի է համարվել այս արքայի իշխանության գալու ժամանակը: Այսպես, Վաղարշակի գահակալության սկզբնատարվա համար ներքոհիշյալ հետևյալ գիտնականներն առաջարկել են հետևյալ տարիները.

1. Ա. Գարագաշյան - մ.թ.ա. 166 թ.,
2. Գուտշմիդ - մ.թ.ա. 153 թ.,
3. Գ. Սարգսյան - մ.թ.ա. 153, 137, 134 կամ 111 թթ.,
4. Սեն-Մարտեն - մ.թ.ա. 152 թ.,
5. Լ. Գաթրճյան - մ.թ.ա. 150 կամ 149 թթ.,
6. Միքայել Չամչյան - մ.թ.ա. 149 թ.,
7. Մկրտիչ Էմին - մ.թ.ա. 144 թ.,
8. Թ. Ավդալբեգյան - մ.թ.ա. 135 թ.,
9. Ք. Պատկանյան - մ.թ.ա. 132 թ.,
10. Ս. Մալխասյանց - մ.թ.ա. 132 թ.,

Այս տվյալները ի մի են հավաքված բազմավաստակ Լ. Շահինյանի կողմից[1], ընդ որում նույն Լ. Շահինյանն ինքը կողմ է մ.թ.ա. 134 թ-ին[2]: Իմ կողմից առաջարկվում է այլ տարբերակ, որի մասին կխոսվի ստորև: Այս հարցին, սակայն, մենք կանդրադառնանք իր տեղում, այստեղ միայն անենք ևս մեկ կարևոր դիտարկում:

Խորհրդահայ պատմագիտության շրջանակներում մի շարք փորձեր են կատարվել վերլուծելու և հասկանալու Մովսես Խորենացու ժամանակագրական համակարգը, սակայն, թող ներվի ինձ այս համարձակությունը, այդ փորձերից և ոչ մեկն էլ հաջողությամբ չի ավարտվել: Սույն աշխատանքի շրջանակներում բնակաբար նպատակ չունենալով մանրամասնել այս հարցն՝ ուղղակի ամրագրենք, որ խնդիրը կարևորվում է ամենից առաջ հենց Վաղարշակ I-ի իշխանության սկզբնատարին պարզելու տեսանկյունից, ընդ որում այս հարցն ինքը սերտորեն կապված է Պարթևական թագավորության հիմնադրման տարեթվի հետ, ինչն էլ հիմքն է կազմում խորենացիական ժամանակագրական համակարգի: Խնդրին ձեռք զարկած գիտնականներից էին մասնավորապես Ստ. Մալխասյանը[3], Թ. Ավդալբեգյանը[4], Գ. Սարգսյանը, Լ. Շահինյանը և այլոք: Այս առումով ավելորդ չէ նշել, որ, եթե գիտնականների մեծ մասն ուղղակի արտահայտում էր իր տեսակետը երևույթի մասին և հետագայում որևէ կերպ չէր զարգացնում այն կամ չէր պնդում դրա վրա, ապա Գ. Սարգսյանի և Լ. Շահինյանի պարագայում դա վերածեց մի իսկական <Շահինյանն ընդդեմ Սարգսյանի> գիտական բանավեճի: Ստորև, հետագայում պարզ լինելու համար, ավելորդ չեմ գտնում մի քանի խոսքով անդրադառնալ իր ժամանակի մասնագիտական նեղ շրջանակում բավականին հայտնի դարձած այդ բանավեճին, ինչի ֆոնի վրա իմ կողմից առաջարկվող լուծումն առավել հասկանալի կլինի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1965 թ-ին լույս տեսավ Գ. Սարգսյանի <Հայոց Պատմության ժամանակագրական համակարգը> աշխատությունը[5], որտեղ հեղինակն ըստ էության առաջին անգամ փորձ կատարեց ամփոփ կերպով վերականգնել Մովսես Խորենացու երկի ժամանակագրական համակարգը՝ տալով անհրաժեշտ բացատրություններ, անելով հնարավոր ուղղումներ և այլն: Սկզբունքորեն նույն խնդիրների լուծմանն էր ուղղված նաև նույն հեղինակի 1966 թվականին լույս ընծայած «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին» աշխատությունը[6]: Դրանից հետո, Գ. Սարգսյանի հետ ունենալով սկզբունքային անհամաձայնություն, 1966 թ-ին Լ. Շահինյանը հանդես եկավ առաջին գիտական հոդվածով[7], իսկ հաջորդ տարի էլ ըստ էության լրացրեց իր տեսակետը երկու նոր հոդվածներով[8]: Ի պատասխան արված մեծածավալ քննադատության՝ Գ. Սարգսյանը հանդես եկավ պատասխան հոդվածով, որը հրապարակվեց արդեն 1968 թ-ին[9]: Ակնհայտորեն նպատակ ունենալով երկու գիտնականներին էլ հնարավորություն տալ լիարժեք արտահայտվելու՝ 1971 թ-ին նույն հանդեսի մեջ լույս տեսան Լ. Շահինյանի և Գ. Սարգսյանի հերթական հոդվածները[10], որով էլ արդեն ըստ էության փակուղի մտած բանավեճն ավարտվեց: Տարիներ անց, արդեն 1989 թ-ին, Լ. Շահինյանը հրատարակեց իր ամփոփիչ բնույթ ունեցող մենագրությունը[11], որը, սակայն, ըստ էության լինելով կրկնությունը հեղինակի նախկինում հրատարակված տեսակետների, ևս բազում անպատասխան հարցեր թողեց: Այս առումով թերևս դիպուկ էին Գ. Սարգսյանի խոսքերը, թե. <Մեր վեճը դոփում է տեղում, առաջ չի շարժվում>[12]:

Ես պատահական չէր, որ այս չափ մանրամասն անդրադարձա խորհրդահայ պատմական դպրոցի շրջանակներում առանց որևէ արդյունքի ավարտված գիտական հիշատակված բանավեճին, քանի որ դրանով ամենից առաջ ակնհայտորեն պարզ եղավ, թե ինչ աստիճան խճճված խնդրի հետ է, որ մենք գործ ունենք: Կա, սակայն, ևս մեկ ու ավելի կարևոր մի հանգամանք:

Եվ Գ. Սարգսյանը, և Լ. Շահինյանը, փորձելով առաջ տանել իրենց առաջարկած համակարգերն ու ժխտել դիմացինինը, իմ կարծիքով անում էին մեկ սկզբունքային սխալ, որը միանգամից ի չիք էր դարձնում նրանց ջանքերի արդյունքները, իսկ սխալը կայանում էր նրանում, որ նրանք, որպես Վաղարշակ I-ի թագավորության սկզբնատարի, ընդունում էին, լայն իմաստով, մ.թ.ա. II դարը: Իհարկե, բազմավաստակ երկու հեղինակներն էլ դրել էին ավելի մեծ մի խնդիր, ի դեմս խորենացիական ժամանակագրական համակարգի վերականգման, սակայն, որպես ժամանակագրական ցատկահարթակ ունենալով այդ թվում նաև Վաղարշակ I-ի իշխանության գալու թվականը ու ի դեմս դրա, ինչպես արդեն ասվեց, տեսնելով մ.թ.ա. II դարը, նրանք ի սկզբանե զրկվում էին խնդրին պատշաճ լուծում տալու ցանկացած հնարավորությունից: Իրոք, ինչպես ակնհայտ է երկու գիտնականների աշխատանքների ուշադիր վերլուծությունից, երկու հեղինակներն էլ, պայքարելով միմյանց դեմ, ըստ էության գտնվում էին փակուղում: Արդյունքում ստեղծվեց մի վիճակ, երբ ոչ Գ. Սարգսյանը և ոչ էլ Լ. Շահինյանը չկարողացան ոչ լիարժեք հիմնավորել իրենց տեսակետները, ոչ էլ՝ ժխտել դիմացինի հակափաստարկները: Ամփոփելով ասվածը՝ ևս մեկ անգամ փաստենք, որ առաջացող հարցերին բավարար լուծում տալուն ի սկզբանե խանգարեց սխալ ժամանակագրական ցատկահարթակ ընտրելը, երբ մ.թ.ա. III դարի փոխարեն առաջարկվում էր մ.թ.ա. II դարը: Այս առումով կարծում եմ, որ իմ կողմից առաջարկվող լուծումը, լինելով սկզբունքորեն նոր, ի վերջո կօգնի բավարար լուծում տալ դեռևս խորհրդահայ պատմաբաններին զբաղեցրած այս ուշագրավ խնդրին:

_________________________________
[1] Շահինյան Լ. <Մովսես Խորենացի. պատմություն և ժամանակագրություն>, Երևան 1989, էջ 176:
[2] Շահինյան Լ. <Մովսես Խորենացի. պատմություն և ժամանակագրություն>, Երևան 1989, էջ 194:
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, աշխարհաբար թարգմ. և մեկնաբան. Ստ. Մալխասյան, Երևան, 1981:
[4] Ավդալբեգյան Թ. <Խորենացու <Պատմության> ժամանակաբանական սկզբնագիրը վերականգնելու նոր փորձ>, ՊԲՀ 1964, N 4:
[5] Սարգսյան Գ. Խ. <Հայոց պատմության> ժամանակագրական համակարգը>, Երևան, 1965:
[6] Սարգսյան Գ. Խ. <Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին>, Երևան, 1966:
[7] Շահինյան Լ. Փ. <Պարսից Արշակունի հարստության հիմնադրման տարեթիվն ըստ Խորենացու>, ՊԲՀ 1966, N 1:
[8] Շահինյան Լ. Փ. <Նորից Մովսես Խորենացու <Հայոց Պատմության> ժամանակագրության մասին>, ՊԲՀ 1967, N 4; Շահինյան Լ. <Ո՞րն է Խորենացու <Հայոց պատմության> ժամանակագրական համակարգը>, ԲՄ 1967, N 8:
[9] Սարգսյան Գ. Խ. <Խորենացու <Պատմության> ժամանակագրական համակարգի վերականգնման մասին>, ՊԲՀ 1968, N 1:
[10] Շահինյան Լ. Փ. <Մովսես Խորենացու ժամանակագրության մի քանի հարցերի մասին>, ՊԲՀ 1971, N 1; Սարգսյան Գ. Խ. <Դարձյալ Մովսես Խորենացու ժամանակագրական համակարգի մասին>, ՊԲՀ 1971, N 1:
[11] Շահինյան Լ. <Մովսես Խորենացի. պատմություն և ժամանակագրություն>, Երևան 1989:
[12] Սարգսյան Գ. Խ. <Դարձյալ Մովսես Խորենացու ժամանակագրական համակարգի մասին>, ՊԲՀ 1971, N 1:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Հարկ է նշել, որ Վաղարշակի գահակալության սկզբի համար մ.թ.ա. II դարի այս կամ այն թվականն ընդունելու հիմնական պատճառն այն է, որ, ըստ Մովսես Խորենացու, վերջինիս Մեծ Հայքի թագավորության արքա է դարձրել <Արշակ I Քաջի որդի և հաջորդ Արտաշեսի որդի ու հաջորդ Արշակը Մեծը>, որին այսուհետ, Արշակ I Քաջից տարբերելու և կարճության համար, կկոչենք <Արշակ Միասնական>: Եվ այսպես, ըստ Պատմահոր, Արշակ I Քաջի թոռ <Արշակ Միասնական>-ը հաղթել ու գերել է սելևկյան արքա <Դեմետրի որդի Դեմետրին>, ինչպես նաև հաղթել ու սպանել է վերջինիս եղբայր, «Անտիոք Սիդեացի» անունը կրող սելևկյան ևս մեկ արքայի, ընդ որում Վաղարշակի գահակալումը կապվում է հենց <Արշակ Միասնական>-ի հետ:

Տեսակետն առաջին հայացքից իրոք որ թվում է հիմնավոր, քանի որ, ըստ Պատմահոր. <...Սրանցից էր Արշակ քաջը, որ, մակեդոնացիներից ապստամբվելով, թագավորեց քուշանաց երկրում երեսունմեկ տարի. նրանից հետո նրա Արտաշես որդին՝ քսանվեց տարի, ապա՝ նրա Արշակ որդին, որ կոչվեց Մեծ, որ Անտիոքոսին սպանեց և իր եղբայր Վաղարշակին հայոց վրա թագավոր դրեց` իր երկրորդը դարձնելով: Իսկ ինքը չվելով Բահլ, այստեղ հաստատեց իր թագավորությունը հիսուներեք տարի, այս պատճառով նրա սերունդները պահլավ կոչվեցին, ինչպես և նրա եղբայր Վաղարշակի սերունդները նախնիի անունով կոչվեցին Արշակունի:>[1] Իր հերթին, լայնորեն հայտնի է, որ Սելևկյանների թագավորության արքա Դեմետրիոս I Սոտերի (մ.թ.ա. 162-150) որդի Դեմետրիոս II Նիկատորը (մ.թ.ա. 146-139, 129-126) պարտություն է կրել Պարթևական թագավորության արքա Միհրդատ I-ից (մ.թ.ա. 171-138), իսկ վերջինիս եղբայր Անտիոք VII Սիդեացին (մ.թ.ա. 138-129) էլ իր հերթին պարտություն է կրել պարթևների արքա Հրահատ II-ից (մ.թ.ա. 138-128), ընդ որում առաջինը գերվել է մ.թ.ա. 139 թ-ին, իսկ վերջինը զոհվել է մ.թ.ա. 129 թ-ին: Այս ամենի հիման վրա էլ հենց բխեցվել է, որ <Արշակ Միասնական>-ը Պատմահոր մոտ Միհրդատ I-ի և Հրահատ II-ի հավաքական մի ամբողջությունն է, <Դեմետրի որդի Դեմետրը> Դեմետրիոս II Նիկատորն է, իսկ «Անտիոք Սիդեացի»-ն էլ, բնականաբար՝ Անտիոք VII Սիդեացին: Ահա հենց այս հիմնաթեզն է, որ ընկած է վերոհիշյալ տեսակետի հիմքում և առավել ամբողջական արտահայտված է Լ. Շահինյանի ընդհանրացնող վերլուծության հիմքում[2]:

Իրականում, սակայն, Խորենացու աշխատանքի համապատասխան հատվածների ուշադիր ուսումնասիրությունը մեզ բերում է հետևության, որ, դատելով նկարագրվող պատկերից, խոսքը վերաբերում է ոչ թե Միհրդատ I-ին կամ Հրահատ II-ին, այլ Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջին: Հատկանշական է, որ այս արքան ևս ժամանակակից է Սելևկյան մի գահակալի, որը կրում էր «Անտիոք» անունը` խոսքը Սելևկյանների թագավորության արքա Անտիոք II Թեոսի մասին է (մ.թ.ա. 261-246), որի թագավորության ամենավերջում Սելևկյանները ծանր անհաջողություններ կրեցին իրենց արևելյան սահմաններում և դա բերեց Պարթևական անկախ թագավորության առաջացմանը: Այս առումով չի խանգարի առանձին առանձին դիտարկել ինչպես Պատմահոր հաղորդումները, այնպես էլ նրա երկի համապատասխան հատվածների ներքին կառուցվածքը:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 68:
[2] Շահինյան Լ. <Մովսես Խորենացի. պատմություն և ժամանակագրություն>, Երևան 1989, էջ 175-195:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Ամենից առաջ ավելորդ չեմ գտնում անել ընդարձակ մեջբերում Պատմահոր երկրի 2-րդ գրքի 1-ին գլխից, ընդ որում, պարզության համար, ես մեջբերումը որոշ դեպքում կլրացնեմ իմ սեղմ մեկնաբանություններով. <Այժմ քեզ գրում եմ այն առանձին գործերը, ինչ որ մեր երկրում են կատարվել, սկսելով երկրորդ գիրքս, կարգով պատմելով Ալեքսանդրի թագավորությունից մինչև քաջ ու սուրբ մարդու` Տրդատի, թագավորությունը, ինչ որ այստեղ քաջության և արիության, իմաստության ու բարեկարգության գործեր են կատարվել ամեն մի թագավորի ձեռքով, սկսած Պարսից Արշակ թագավորից և նրա Վաղարշակ եղբորից, որին թագավորեցրեց մեր երկրի վրա, ու մեր երկրի մյուս թագավորներից, որ նրանից հետո եղան նրա զարմից, որոնք, տերությունը որդին հորից առնելով, կոչվեցին Արշակունիներ` Արշակի անունից, որոնցից մեկն ըստ կարգի հաջորդում էր թագավորությանը, իսկ մյուսները՝ ավելորդները, աճում և բազմանում էին իբրև ցեղ: Բայց կարճառոտ գրում եմ այն, ինչ մեզ հարկավոր է, իսկ ավելորդները բաց եմ թողնում: Որովհետև ուրիշ ազգերի մասին այն, ինչ որ շատերից արդեն ասված էր, բավական է: Երբ բոլոր տիեզերքին տիրեց Ալեքսանդր Մակեդոնացին՝ Փիլիպպոսի և Ոլոմպիադայի որդին, քսանչորսերորդն Աքիլլեսից, ապա ինքը մեռնում է` իր տերությունը թողնելով շատ մարդկանց, կտակելով, որ բոլորի իշխանությունն էլ կոչվի մակեդոնական: Նրանից հետո Բաբելոնի վրա թագավորեց Սելևկիոսը (Սելևկյանների թագավորության հիմնադիր արքա Սելևկոս I Նիկատորը – Մ.Հ.), որ շատերից իշխանությունը խլեց ու պարթևներին մեծ պատերազմով հնազանդեցրեց, որի պատճառով և Նիկանովր` հաղթող, կոչվեց: Սա, երեսունմեկ տարի տիրելուց հետո, թագավորությունը թողնում է իր որդի Անտիոքին, որ Սոտեր էր կոչվում (Սելևկյանների թագավորության արքա Անտիոք I Սոտերը (մ.թ.ա. 281-261) – Մ.Հ.): Սա թագավորեց տասնևինը տարի: Սրան հաջորդեց Թևոս կոչված Անտիոքը (Սելևկյանների թագավորության արքա Անտիոք II Թեոսը – Մ.Հ.), որը տասը տարի իշխեց, իսկ նրա տասնմեկերորդ տարում (մ.թ.ա. 250 թ-ին – Մ.Հ.) պարթևներն ապստամբվում են և դուրս են գալիս մակեդոնացիների հպատակությունից: Ուստի թագավորում է Արշակ Քաջը (Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջը – Մ.Հ.), որ Աբրահամի սերունդից էր՝ Քետուրայի զավակներից, որով հաստատվում էր Աբրահամին ուղղված տիրոջ խոսքը, թե. <Քեզանից ազգերի թագավորներ կծնվեն>>[1],- հայտնում է Մովսես Խորենացին՝ ըստ էության շարադրելով առաջիկա գրքում իր անելիքն ու ևս մեկ անգամ ամրագրելով, որ Վաղարշակն եղբայրն էր <Պարսից Արշակ թագավորի>, իսկ վերջինիս հետ նույնացող ու մի քանի տող ներքև հիշատակվող <Արշակ Քաջ>-ն էլ այն տիրակալն է, որն ապստամբել է մ.թ.ա. 250 թ-ին՝ Անտիոք II Թեոսի իշխանության 11-րդ տարում: Այս առումով հարկ է նշել, որ, թեև <Պարսից Արշակ թագավորի> մատնանշումն առ Արշակ I Քաջ կարող է այնքան էլ միանշանակ չթվալ, սակայն, հաշվի առնելով պատումի ներքին տրամաբանությունը, երբ հեղինակը խոսում է Ալեքսանդր III Մեծից ու նրա հետնորդներից հետո առաջացած Պարթևական թագավորության մասին, այն հանգամանքը, որ այստեղ հիշատակվող <Արշակ>-ը ընկալվում է որպես անվանադիր նախահայր, ինչպես նաև մի քանի տող ներքև որպես միանշանակ Արշակ I Քաջ հիշատակվող <Արշակ Քաջ>-ի պարագան, կրկին հավանական է կարծել, որ խոսք հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի, այլ ոչ թե մի որևէ այլ՝ <շարքային>, արքայի մասին է:

<Պատմում են, թե Արշակ Մեծը` Պարսից և Պարթևների թագավորը, որ ինքն էլ ցեղով պարթև էր, ապստամբվեց մակեդոնացիների դեմ, թագավորեց ամբողջ Արևելքի ու Ասորեստանի վրա, Անտիոք թագավորին սպանեց Նինվեում և ամբողջ տիեզերքը հնազանդեցրեց իրեն: Սա իր եղբորը` Վաղարշակին, թագավորեցնում է Հայաստանի վրա, նպատակահարմար համարելով, որպեսզի իր թագավորությունն անխախտ մնա: Նրան մայրաքաղաք է տալիս Մծբինը և նրա համար սահմաններ է որոշում` Ասորիքի արևմտյան կողմից մի մասը, Պաղեստինը, Ասիան, ամբողջ Միջերկրայքը և Թետալիան Պոնտոս ծովից մինչև այնտեղ, ուր Կովկասը վերջանում է արևմտյան ծովի մոտ, նաև Ատրպատականը, և էլի` որքան քո միտքն ու քաջությունը կհասնեն, որովհետև, ասում են` քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է: Սա իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով` կամեցավ իմանալ, թե ովքեր արդյոք և ինչպիսի մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալ քաջերի տեղն է գրավում, թե ապիկարների: Նա գտավ մի ուշիմ ասորի, Մար Աբաս Կատինա անունով, քաղդեական և հունական գրության մեջ վարժ, և նրան ուղարկեց իր եղբոր` Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, խնդրելով բանալ նրա առաջ արքունական դիվանը>[2],- հերթական անգամ հայտնում է Մովսես Խորենացին: Այսպիսով առկա է ևս մեկ հստակ հաղորդում, որ Սելևկյանների տիրապետության դեմ ապստամբած <Արշակ Մեծ> անունով Պարթևական թագավորության մի արքա իր եղբայր Վաղարշակին հաստատել է Մեծ Հայքի թագավորության գահին, ընդ որում որևէ կասկած չկա, որ այս պարագայում, ինչպես նաև քիչ հետո, կապված Մար Աբաս Կատինայի հետ, խոսքը գնում է հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի մասին, որը գործել է մ.թ.ա. հենց III, այլ ոչ թե II հարյուրամյակում, և թագավորել է մ.թ.ա. 250-247 թվականներին: Իրոք, հենց Արշակ I Քաջն էր, այլ ոչ թե <Արշակ Մեծ>-ը, ով էլ նա լինի, որ. <…ապստամբվեց մակեդոնացիների դեմ>, այլ թեկնածու ուղղակի չի կարող լինել, ընդ որում հաստատ հենց Արշակ I Քաջին կարող էր վերագրվել հայտնի <քաջերի սահմանը նրանց զենքն է> արտահայտությունը:

Վերոհիշյալ թեզը իր հաստատում է գտնում «Հայոց պատմության» 2-րդ գրքի 2-րդ գլխում, երբ Պատմահայրը հայտնում է. <Ինչպես ասացինք, Ալեքսանդրի մահից վաթսուն տարի հետո պարթևների վրա թագավորում է Արշակ Քաջը` Բահլ Առավոտին կոչված քաղաքում՝ Քուշաների երկրում: Դաժան և սաստիկ պատերազմներ մղելով` նա գրավում է ամբողջ արևելքը, Բաբելոնից էլ հալածում է մակեդոնացիների իշխանությունը>[3]: Այսպիսով հերթական անգամ իր հաստատումն է ստանում այն հանգամանքը, որ, ըստ Պատմահոր տրամաբանության և իրական պատմական փաստերի, հենց Արշակ I Քաջն էր, այլ ոչ թե <Արշակ Միասնական>-ը, ում էլ որ մենք փորձենք տեսնել այս կերպարի տակ, որ ապստամբության դրոշ է բարձրացրել Սելևկյանների տիրապետության դեմ:

Հիշատակված սխեմայի օգտին ևս մեկ հաղորդում էլ Պատմահայրը տալիս է քիչ հետո, երբ հայտնում է. <Մակեդոնացիների հետ Արշակի պատերազմից հետո, երբ նա գրավեց Բաբելոնն և Ասորեստանից արևելք ու արևմուտք ընկած երկրները, Վաղարշակն էլ մեծ զորք գումարեց Ատրպատականից և Հայաստանի միջնաշխարհից` անվանի ու քաջ մարդիկ՝ վերը հիշված Բագարատին և նրա ձեռքի տակ եղած քաջերին, ծովեզերքի երիտասարդներին, որ սերված էին Գեղամից և քանանցիներից, ինչպես նաև Շարայի ու Գուշարի սերունդներից, նաև իրենց մերձավորներով նրանց մերձակա Սիսակյաններին ու Կադմյաններին, գրավեց գրեթե մեր երկրի կես մասը>[4]: Այս հաղորդման մեջ ևս ուղղակիորեն չի հստակեցվում, թե որ Արշակի հետ մենք գործ ունենք՝ Արշակ I Քաջի թե <Արշակ Միասնականի>, սակայն մեկ հանգամանք մեզ այնուհանդերձ օգնում է ընտրությունը կրկին կանգնեցնել Արշակ I Քաջի վրա, քանի որ, ըստ Պատմահոր, Արշակը Բաբելոնից հալածում է մակեդոնացիների իշխանությունը, իսկ ըստ Մովսես Խորենացու մեկ այլ հաղորդման՝ Բաբելոնից մակեդոնացիների իշխանությունը հալածեց հենց Արշակ I Քաջը[5], այն դեպքում, երբ, դրան հակառակ, <Արշակ Միասնական>-ը, լինի վերջինս Միհրդատ I-ը թե Հրահատ II-ը, Սելևկյանների հետ հերթական ընդհարման ժամանակ արդեն իսկ տիրում էր Բաբելոնին:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 1:
[2] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 1, գլուխ 8:
[3] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 2:
[4] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 4:
[5] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 2:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Այսպիսով ակնհայտ է հակասությունը՝ մի կողմից Պատմահոր հստակ հաղորդումների համաձայն Վաղարշակը եղբայրն է Պարթևական թագավորության հենց այն արքայի, որը ապստամբել է Սելևկյանների թագավորության դեմ, խոսքը Արշակ I Քաջի մասին է, իսկ մյուս կողմից էլ առկա է ոչ պակաս հստակ մեկ այլ հաղորդում, որ Վաղարշակը եղբայրն է <Արշակ Միասնական>-ի: Մինչև առաջ անցնելը ամրագրենք նաև ևս մեկ կարևոր հանգամանք՝ Պատմահայրը <Արշակ Մեծ> է կոչում ինչպես Արշակ I Քաջին, այնպես էլ <Արշակ Միասնական>-ին: Հիշենք այս ամենն ու շարունակենք դատողությունները:

Վերևում արդեն մանրամասն հիմնավորվեց, որ Մովսես Խորենացին Վաղարշակին ըստ էության համարում է հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի, այլ ոչ թե Միհրդատ I-ի և Հրահատ II-ի միասնական ամբողջությունն արտացոլող <Արշակ Միասնականի>-ի եղբայրը: Միաժամանակ, ինչպես ցույց կտրվի ստորև, Սելևկյանների թագավորության դեմ ապստամբած ու երբեմն <Արշակ Մեծ> կոչվող Արշակ I Քաջը Պատմահոր մոտ որոշ դեպքերում դժբախտաբար շփոթվել է <Արշակ Միասնական>-ի հետ, ընդ որում շփոթությունը հատկապես ակնհայտ է այն պարագայում, երբ մի դեպքում Վաղարշակը համարվել է Արշակ I Քաջի, իսկ մեկ այլ դեպքում՝ <Արշակ Միասնական>-ի եղբայր:

Իր երկի 2-րդ գրքի 2-րդ գլուխը նվիրելով Պարթևական թագավորության պատմության շարադրմանն ու խոսելով, ըստ իր տեսակետի, <Արշակ Միասնական>-ի հակամարտության մասին Սելևկյանների թագավորության արքաներ Դեմետրիոս II Նիկատորի և Անտիոք VII Սիդեացու հետ, Պատմահայրն ի վերջո, ինչպես արդեն նշվեց, մեզ է փոխանցում այլ աղբյուրներից բավականին հայտնի պատմությունն այն մասին, թե ինչպես է Դեմետրիոս II Նիկատորը հաղթվում ու գերվում Հրահատ II-ի կողմից, իսկ Անտիոք VII Սիդեացին էլ իր հերթին, երբ դրանից 10 տարի անց խոշոր բանակով դեմ է դուրս գալիս դեպի արևմուտք առաջխաղացող Պարթևական թագավորության արքա Հրահատ II-ին, ջախջախիչ պարտություն է կրում և ընկնում մարտի դաշտում:

Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը վերջնականապես ամրագրենք, որ Պատմահոր <Արշակ Միասնական>-ն իրականում Պարթևական թագավորության արքա Միհրդատ I-ի և Հրահատ II-ի միասնական արտացոլումն է, ընդ որում վերջինս ոչ թե Արշակ Քաջի թոռն էր, այլ՝ Արշակ Քաջի եղբայր և հաջորդ Տրդատ I-ի (247-211) թոռան որդին կամ թոռան թոռն է, այսինք այս հարցում Մովսես Խորենացին սխալվել է: Այսպիսով, չնայած <Արշակ Միասնական>-ի նախնիների հետ կապված սխալին, միանշանակ է, որ, ի դեմս վերջինիս, Պատմահայրը նկատի է ունեցել Միհրդատ I-ի և Հրահատ II-ի միասնական ամբողջությունը, իսկ իր երկի 2-րդ գրքի 2-րդ գլուխն էլ նա վերջացնում է՝ պատմելով մ.թ.ա. 129 թ-ի իրադարձությունների մասին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Եվ այսպես, իր երկի 2-րդ գրքի 2-րդ գլուխը նվիրելով Պարթևական ու Սելևկյանների թագավորությունների ռազմա-քաղաքական հարաբերությունների պատմությանը,՝ 3-րդ գլխում Պատմահայրը կրկին վերադառնում է իր հիմնական թեմային՝ Հայոց պատմությանը՝ ի վերջո ձեռնամուխ լինելով այն բանի շարադրմանը, որի մասին մի քանի անգամ ակնարկել էր մինչ այդ՝ Մեծ Հայքի թագավորության գահին Արշակունիների ու Վաղարշակ արքայի հաստատման հարցին: Միաժամանակ, սակայն, հենց այստեղ նույն այդ 3-րդ գլուխը Պատմահայրը սկսում է մի արտահայտությամբ, որն էլ հենց խորը շփոթության մեջ է գցել Վաղարշակի թագավորության տարիները պարզել փորձող հետագա գրեթե բոլոր հեղինակներին:

<Այն ժամանակ Հայաստանի վրա թագավորեցնում է իր Վաղարշակ եղբորը, նրան սահման տալով հյուսիսն ու արևմուտքը>[1],- հայտնում է Պատմահայրը՝ հետագա սերունդներին թողնելով մի իսկական հանելուկ[2], թե ի վերջո, իրոք, ո՞վ էր այն պարթևական տիրակալը, որ. <…Հայաստանի վրա թագավորեցնում է իր Վաղարշակ եղբորը>, ընդ որում սա մի հարց է, որի ճիշտ պատասխանից էլ մեծապես կախված կլինեն Վաղարշակի թագավորության տարիները:

Վերևում արդեն մանրամասն հիմնավորվեց, որ Մովսես Խորենացին Վաղարշակին ըստ էության համարում է հենց Պարթևական թագավորության հիմնադիր արքա, Սելևկյանների թագավորության դեմ ապստամբություն բարձրացրած Արշակ I Քաջի, այլ ոչ թե Միհրդատ I-ի և Հրահատ II-ի միասնական ամբողջությունն արտացոլող <Արշակ Միասնական>-ի եղբայրը: Միաժամանակ, սակայն <Հայոց Պատմության> 2-րդ գրքի 3-րդ գլխի սկզբի այդ անորոշ արտահայտությունը, գումարված մյուս հաղորդման հետ, որտեղ Վաղարշակը համարվում է <Արշակ Միասնական>-ի եղբայր, կարծես թե տեղ է թողնում այլ մեկնաբանության համար, քանի որ նախորդ գլխի շարադրանքը Պատմահայրն ավարտում է որպես գործող անձ ունենալով <Արշակ Միասնական>-ին կամ, այլ կերպ, ասած, կոնկրետ պարագայում, Հրահատ II-ին, ու թվում է, թե տրամաբանական է կարծել, որ <այն ժամանակ Հայաստանի վրա> իր եղբորը թագավորեցնողն ևս պետք է լինի նույն Հրահատ II-ը: Ասվածի կապակցությամբ հատկանշական է Լ. Շահինյանի մոտեցումը, որը, մեջբերելով Խորենացու երկի համապատասխան հատվածը, միջնամասում հատուկ անում է հեղինակային ընդմիջարկում և հաստատված համարում, որ խոսքը հենց <Արշակ Միասնական>-ի մասին է. <Այն ժամանակ մեր Հայոց աշխարհի վրա թագավորեցնում է (Արշակ Մեծը,- Լ. Շ.) իր Վաղարշակ եղբորը՝ նրան սահման տալով հյուսիսն ու արևմուտքը>:

Փաստորեն ստացվում է, որ մի դեպքում, մի քանի դրվագներում նկարագրելով Արշակ I Քաջի ռազմա-քաղաքական ակտիվությունը ի դեմս Սելևկյանների թագավորության դեմ վերջինիս ապստամբության, Պատմահայրը Վաղարշակ I-ին համարում է հենց վերջինիս եղբայրը, իսկ մեկ այլ պարագայում, ուղղակիորեն հիշատակելով <Արշակ Միասնական>-ին և հաստատ նկատի ունենալով հենց նրան, այլ ոչ թե Արշակ I Քաջին, Պատմահայրը Վաղարշակ I-ին համարում է արդեն <Արշակ Միասնական>-ի եղբայրը: Այսպիսով վերևում հիշատակված և աղբյուրագիտական ամուր հիմք ունեցող այն սխեման, որ հենց Արշակ I Քաջն է, այլ ոչ թե <Արշակ Միասնական>-ը, որ ապստամբության դրոշ է բարձրացրել Սելևկյանների տիրապետության դեմ, որից հետո արդեն, ըստ Պատմահոր, իր եղբայր Վաղարշակին հաստատել է Մեծ Հայքի թագավորության գահին, հակասության մեջ է մտնում նույն Պատմահոր այն հաղորդման հետ, որտեղ Վաղարշակը ուղղակիորեն կոչվում է Արշակ I Քաջի թոռ Արշակ Մեծի եղբայր:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 2, գլուխ 3:
[2] Գրաբարում արտահայտությունն ունի հետևյալ տեսքը. <Ի ժամանակին յայնմիկ թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ աշխարհիս Հայոց, զհիւսիսի և զարևմուտս տալով նմա սահմանս>:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 24 дек 2017, 00:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46611
Откуда: Армения, Ереван
Փորձելով որևէ կերպ լուծում տալ վերոհիշյալ հակասությանը՝ ամենից առաջ թույլ տանք մեզ կարծել, որ քննարկվող դեպքում կիրառելի չէ այն տրամաբանական-ժամանակագրական սխեման, որի մասին ասվեց քիչ առաջ: Բանն այն է, որ իրականում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Պատմահայրն իր երկի 2-րդ և 3-րդ գլուխները շարադրելիս առաջնորդվում է ոչ թե ժամանակագրական սկզբունքով (այսինքն, երբ 3-րդ գլխում նկարագրված իրադարձություններն եղել են 2-րդ գլխում նկարագրվածներից հետո), այլ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Մովսես Խորենացին 2-րդ գլխում ամփոփ կերպով խոսում է Պարթևական թագավորության պատմության մասին մոտ մեկդարյա կտրվածքով, իսկ 3-րդ գլխում էլ թողնում է այդ հարցի շարադրանքը, վերադառնում է ավելի քան մեկ դար հետ և սկսում է շարադրել քննարկվող ժամանակաշրջանի Հայոց պատմությանը: Այսպիսով մինչ այս կարծես թե ինքստինքյան հասկանալի թվացող տրամաբանական սխեման, որը թվում է թե ունի նաև աղբյուրագիտական ուղղակի հիմք ի դեմս Պատմահոր 2-րդ գրքի 68-րդ գլխում տրված հաղորդման, հանկարծ հայտնվում է անակնկալ կասկածի տակ, քանի որ, ինչպես արդեն նշվեց, մի կողմից այստեղ չի գործում ժամանակագրական սկզբունքը, իսկ մեկ այլ դեպքում էլ նույն Խորենացու մոտ առկա են մի քանի հստակ հաղորդումներ, որ Վաղարշակ I-ը եղբայրն է <Արշակ Մեծ> կոչվող Արշակ I Քաջի, ընդ որում <Արշակ Մեծ> կոչումը Պատմահայրը կիրառում է ինչպես Արշակ I Քաջի, այնպեսլ էլ <Արշակ Միասնական>-ի վերաբերյալ:

Գոյություն ունի ևս մեկ նրբություն, որին պետք է անդրադառնալ առանձին: <Պատմում են, թե Արշակ Մեծը` Պարսից և Պարթևների թագավորը, որ ինքն էլ ցեղով պարթև էր, ապստամբվեց մակեդոնացիների դեմ, թագավորեց ամբողջ Արևելքի ու Ասորեստանի վրա, Անտիոք թագավորին սպանեց Նինվեում և ամբողջ տիեզերքը հնազանդեցրեց իրեն: Սա իր եղբորը` Վաղարշակին, թագավորեցնում է Հայաստանի վրա, նպատակահարմար համարելով, որպեսզի իր թագավորությունն անխախտ մնա>[1],- հայտնում է Մովսես Խորենացին: Այս հաղորդմանը մենք արդեն անդրադարձել ենք, բայց այժմ դիտարկենք այն մեկ այլ տեսանկյունից: Փաստորեն այս դեպքում, ըստ Պատմահոր, <Արշակ Մեծ> հորջորջվող Արշակ I Քաջը, որն ապստամբություն էր բարձրացրել Սելևկյանների տիրապետության դեմ, սպանել է Սելևկյանների թագավորության արքա Անտիոք II Թեոսին, ընդ որում դա այն պարագայում, երբ այլ աղբյուրներ չեն հաստատում այս հանգամանքն և ըստ նրանց այս արքան ուղղակի թունավորվել է[2]: Միաժամանակ մենք գիտենք, որ, ինչպես վերևում ասվեց, Միհրդատ I-ը հաղթել և գերել է Դեմետրիոս II Նիկատորին, իսկ Հրահատ II-ն էլ հաղթել ու սպանել է Անտիոք VII Սիդեացուն, ընդ որում, սա ևս ասվեց, Խորենացու <Արշակ Միասնական>-ը հանդիսանում է Միհրդատ I-ի և Հրահատ II-ի միասնական ամբողջությունը: Ողջ վերոշարադրյալը կարող է հիմք տալ հետևության գալու, որ հենց այս հանգամանքն է ընկել Պատմահոր սխալի հիմքում, երբ, ամենայն հավանականությամբ, նա ուղղակի շփոթել է իրարից մեկ հարյուրամյակ ժամանակաշրջանով բաժանված, բայց նաև նույն անունները կրած և նման ռազմա-քաղաքական ճակատագիր ունեցած արքաներին` անհաջողության մատնված Անտիոք II Թեոսին ու մեծ հաջողության հասած Արշակ I Քաջին մի կողմից և կրկին անհաջողության մատնված Անտիոք VII Սիդեացուն ու ռազմա-քաղաքական մեծ հաջողության հասած և <Արշակ> տոհմանունը կրող Հրահատ II-ին մյուս կողմից: Այսպիսով կարող ենք ամրագրել, որ Մովսես Խորենացու մոտ <Արշակ Մեծ> են կոչվում ինչպես Արշակ I Քաջը, այնպես էլ <Արշակ Միասնական>-ը, ընդ որում Պատմահայրը փաստորեն մեկի գործողությունները մյուսին վերագրելու սկզբունքով շփոթել է ինչպես երկու այս տիրակալներին, այնպես էլ նրանց ժամանակակից Սելևկյան թագավորության նույն անունը կրող արքաներին: Արդյունքում Վաղարշակ I-ը մի դեպքում ուղղակիորեն համարվել է <Արշակ Մեծ> կոչվող <Արշակ Միասնական>-ի եղբայր, իսկ մի քանի այլ դրվագներում էլ այնուհանդերձ ներկայացվել է իր իրական տեղում՝ որպես Սելևկյանների թագավորության դեմ ապստամբություն բարձրացրած և իր հերթին <Արշակ Մեծ> հորջորջվող Արշակ I Քաջի եղբայր:

Եվ այսպես, ընդհանրացնելով ասվածը, կարծում եմ, որ Պատմահոր հաղորդումն առ այն, որ Վաղարշակ I-ը հանդիսանում է <Արշակ Միասնական>-ի եղբայրը, թյուրիմացության արդյունք է և իրականում նա եղբայրն էր Արշակ I Քաջի: Այս առումով հատկանշական է, որ, եթե <Արշակ Միասնական>-ի կերպարը մեծ հաշվով հեռու է մնում պատմականությունից, հանդիսանալով երկու արքաների արհեստական միասնություն, ապա Պատմահոր մոտ <Արշակ Մեծ> հորջորջվող Արշակ I Քաջի կերպարը լիովին համապատասխանում է իր պատմական նախատիպին: Իր հերթին, եթե Մովսես Խորենացու մոտ հիշատակվող Պարթևական թագավորության արքաները, բացառությամբ Արշակ I Քաջի և արքայացանկի վերջին երկու արքաների, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը, ապա հաղորդումները Արշակ I Քաջի մասին լիովին հաստատվում են պատմական այլ աղբյուրներով: Եվ վերջապես, եթե մ.թ.ա. II դարի կեսերի հայաստանյան պատմական իրողություններում Վաղարշակ I-ը որևէ կերպ չի տեղավորվում, ապա նա հիանալի կերպով իր տեղը գտնում է մ.թ.ա. III դարի կեսերի հայաստանյան պատմական իրողություններում:

_________________________________
[1] Մովսես Խորենացի <Հայոց պատմություն>, գիրք 1, գլուխ 8:
[2] Տես օրինակ՝ Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 65:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 1 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 7  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB