Մծբինի խնդիրը լրջորեն փչացրել էր Աբգար V Մեծի ու Արտավան III-ի հարաբերություններն և արդյունքում Հայոց Միջագետքի արքան ավելի սերտացրեց հարաբերությունները Հռոմեական կայսրության հետ: Արդյունքում նույն 37 թ-ին Հռոմի Կալիգուլա կայսրը (37-41) գահընկեց արեց Մեծ Հայքի թագավորության արքա Միհրդատ Իբերացուն, որից հետո, նոր արքայի բացակայության պայմաններում, թագավորության կառավարումը փաստացի ստանձնեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանը[1]: Այս առումով թերևս սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ քննարկվող ժամանակաշրջանում Հայոց թագավոր տիտղոսի կրողը փաստացի կրկին հանդիսանում էր Աբգար V Մեծը:
41 թ-ին Հռոմի նոր կայսր Կլավդիոս I-ի (41-54) գահ բարձրանալուց հետո կրկին փոխվեց Հռոմեական կայսրության վերաբերմունքը Մեծ Հայքի թագավորության նկատմամբ և վարվող քաղաքականությունը կրկին խստացվեց: Որոշվեց ձևականորեն թափուր, իսկ փաստացի Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ազդեցության տակ գտնվող Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատել հռոմեամետ մի թեկնածուի: Արդյունքում Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած հռոմեական խոշոր բանակը, օգտվելով որոշ հայ նախարարների դավաճանությունից, հաղթեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակին, որից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Փոքր Հայքի թագավորության արքա Կոտիս Թրակիացին (38-54), որը Արտաշես III-ի քրոջ որդին էր և Մեծ Հայքի գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր հենց դրանով[2]: Արդյունքում, սակայն, հերթական այս Վաղանցիկ արքան ոչ մի կերպ չկարողացավ հասնել իրական իշխանության և ի վերջո 47 թ-ին Կլավդիոս I-ը գահընկեց արեց նաև նրան ու Մեծ Հայքի թագավորության արքա կրկին հռչակվեց Միհրդատ Իբերացին: Վերջինս, սակայն, ևս իրական իշխանություն չուներ և Մեծ Հայքի թագավորությունում շարունակվեց Վաղանցիկ արքաների դարաշրջանին բնորոշ անորոշ դրությունը:
49 թ-ին Հռոմեական կայսրությունը հերթական անգամ փորձեց միջամտել Պարթևական թագավորությունում զարգացող ներքաղաքական, գահակալական պայքարին: Արտավան III-ի մահից հետո նրան հաջորդել էր որդին՝ Վարդանը (38-48), որը, ընդհանուր առմամբ լինելով բավականին տաղանդավոր ու եռանդուն մի տիրակալ, այնուհանդերձ մշտապես ստիպված էր պայքարել իր եղբայր Գոտարզի դեմ, որի դեմ պայքարում էլ նա ի վերջո զոհ գնաց: Վարդանի մահից հետո Պարթևական թագավորության արքա դարձավ Գոտարզը՝ Գոտարզ II-ը (48-51), որի իշխանությունը ևս թույլ էր, հատկապես սկզբում: Հենց այս պայմաններում էր, որ Պարթևական թագավորության գահին իր դրածոյին ունենալու համար, ինչպես Հրահատ V-ի ու Վոնոն I-ի ժամանակներում էր, Հռոմեական կայսրությունը առաջ քաշեց Վոնոն I-ի որդի և Հրահատ IV-ի թոռ Միհրդատին: 49 թ-ին զգալի ուժերով ժամանելով Արևելք՝ Միհրդատը սկիզբ դրեց գահակալական մի պայքարի, որին անհրաժեշտ է անդրադառնալ առանձին մեջբերման տեսքով:
49 դեկտեմբեր – Կորմա գետի ճ-մ (Արբելայից հարավ)[3]
Պարթևական թագավորության արքա Գոտարզ II-ի դեմ գահակալական պայքար սկսած Միհրդատի գլխավորած հռոմեական (մոտ 10.000), Իզաատես I-ի գլխավորած Ադիաբենեի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000), ինչպես նաև Աբգար V Մեծի գլխավորած Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորության միացյալ բանակը, Գոտարզին գաղտնի աջակցող Աբգարի դրդումներով երկար ժամանակ հապաղելով Եդեսիայում, ի վերջո Զևգմայի գետանցումով շարժվեց դեպի հյուսիս-արևելք, իսկ հետո էլ, ուղղվելով դեպի Արբելլա, ճամբար զարկեց Արբելայի մոտակայքում` մարտի հրավիրելով Գոտարզ II-ի գլխավորած Պարթևական թագավորության բանակին (մոտ 20.000): Գոտարզը, սակայն, ամեն կերպ ձգձգելով մարտի մեջ մտնելը, ի վերջո կաշառքով և տարաբնույթ խոստումներով կարողացավ հասնել այն բանին, որ Իզաատես I-ը ու Աբգար V Մեծը, որոնք մինչ այդ էլ հակված էին անցնել իր կողմը, լքեն Միհրդատին և հեռանան: I փուլ – Օգտվելով Միհրդատի բանակի թուլանալուց` Պարթևական թագավորության բանակը անցավ հարձակման, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: II փուլ – Կարենի գլխավորած Պարթևական թագավորության բանակի մի մասը թևանցումով դուրս եկավ հակառակորդի թիկունք, որի արդյունքում թշնամին ծանր պարտություն կրեց:
Հաղթողները կորցրին մոտ 1.500, պարտվողները` մոտ 6.000 զինվոր: Միհրդատը գերվեց և, ըստ Գոտարզի հրամանի, նրա ականջները կտրվեցին` ինչ վերջնականապես զրկեց վերջինիս պարթևական գահին հավակնելու հնարավորությունից: Այսպիսով, ի դեմս Պարթևական թագավորությունում զարգացող գահակալական պայքարի հերթական փուլի, մենք ականատես եղանք Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ռազմա-քաղաքական գործունեության ևս մեկ, բայց թերևս արդեն վերջին արարին՝ ստիպված լինելով գործել Հռոմեական կայսրության կողմից նախանշված գործունեության ընդհանուր տիրույթում՝ Աբգար V Մեծն այնուհանդերձ կարողացավ հասնել նրան, որ տարածաշրջանում հռոմեական ազդեցությունը չմեծանա չափից շատ՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով այն խնդիրը, որի լուծմանն էլ նա ձևականորեն կոչված էր: Հատկանշական է, որ այս անգամ ևս Հայոց Միջագետքի թագավորության արքան կարողացավ այնպես անել, որ պահպանի և ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, և իր հեղինակությունը Պարթևական թագավորության ավագանու շրջանում:
50 թ-ին, երբ Վաղանցիկ արքաների դարաշրջանն ըստ էության արդեն մոտենում էր իր ավարտվին, մի քանի տարի չապրած մինչև նոր ու ավելի լուսավոր ժամանակներ, մահացավ հայ ժողովրդի քաղաքական կյանքում էական դեր ու նշանակություն ունեցած, բայց դժբախտաբար նաև մինչև այժմ բավարար գնահատական չստացած տաղանդավոր և գործունյա գահակալներից մեկը՝ Աբգար V Մեծը: Այս արքայի մահով էլ ըստ էության ավարտվեց Հայոց Միջագետքի թագավորության ազդեցության գագաթնակետի շրջանը, ընդ որում, օբյեկտիվորեն լինելով թույլ և իր ռազմա-քաղաքական հզորությամբ զիջելով հարևաններից շատերին, Հայոց Միջագետքի թագավորությունը սեփական հնարավորություններից ըստ էության բարձր արդյունք էր ցույց տալիս մեծապես միայն Աբգար V Մեծի եռանդի, շրջահայացության ու ջանքերի շնորհիվ:
Այսպիսով կարող ենք ըստ էության փաստել, որ Աբգար V Մեծի օրոք Հայոց Միջագետքի թագավորությունը մի իսկական նեցուկ հանդիսացավ Մեծ Հայքի թագավորությունը, իսկ տաղանդավոր այս տիրակալն էլ ըստ էության փաստացի, իսկ հաճախ նույնիսկ իրավաբանորեն, կրել է <Հայոց թագավոր> տիտղոսը՝ խոսքը վերաբերում է Աբգար V Մեծի կողմից չընդունվող Վաղանցիկ արքաների իշխանության շրջաններին:
_________________________________ [1] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 58, գլուխ 26, գիրք 59, գլուխ 27; Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 36; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 1: [2] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 11, գլուխ 8, 9: [3] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 12, գլուխ 12-14:
_________________ Приходите в мой дом...
|