Մ.թ.ա. 52-38 թվականներին Ասորիքում ծավալված մարտական գործողությունները առանձին ուսումնասիրության թեմա են, քանզի այդ տարիներին Հռոմում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պայմաններում սկզբնաղբյուրների ուշադրությունը հիմնականում սևեռված էր մնում հենց այդ վճռական իրադարձությունների վրա, իսկ հեռավոր Ասորիք պրովինցիայի ճակատագիրն էլ, ընթացող կենաց ու մահու պայքարի պայմաններում, հանրապետության իշխող վերնախավին համեմատականորեն քիչ էր հետաքրքրում և այս մասին հիշում էին թերևս միայն իրենց հակառակորդների դեմ պայքարելիս: Միաժամանակ կարծում եմ, սակայն, որ հիշատակված դեպքերը, որպես Տիգրան II Մեծի գահակալության վերջին շրջանն արտացոլող փաստեր, կարիք ունեն առանձին լուսաբանման՝ որպես մեր այս մեծագույն արքայի իշխանության վերջին շրջանի կարևորագույն իրադարձություններ: Այս առումով կրկին անգամ, դեպքերի ժամանակագրական շարադրանքը հետաձգելով մեկ ուրիշ անգամի, ստորև առայժմ կսահմանափակվենք միայն մի քանի կոնկրետ դիտարկումներով:
Մ.թ.ա 52 թ-ի գարնանը Զևգմայի գետանցումի մոտ Կասսիոսին հաջողվեց պահել դիրքերը, սակայն հաջորդ տարի, երբ Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակին միացավ արդեն նա Պարթևական թագավորության բանակը, պրովինցիայի սահմանը պահելը դարձավ արդեն անհնար: Այս առումով ամենից առաջ անհրաժեշտ է անդրադառնալ պատմագիտական գրականության մեջ բացարձակապես ստվերում մնացած մի այնպիսի հարցի, ինչպիսին Կիլիկիայի բնակչության վերաբերմունք էր հայ-պարթևական առաջխաղացմանը:
Կիլիկիայի այն ապստամբությունները, որոնք ուղեկցում էին հայ-պարթևական առաջխաղացմանը, խորհրդահայ պատմագիտության կողմից ընդհանրապես ուշադրության չեն արժանացել, ինչի պատճառները միանգամից մի քանիսն են: Իր դերն ուներ ըստ երևույթին ամենից առաջ այն, որ Կիլիկիան ավանդականորեն չի ընկալվել որպես Հայաստանի մաս, բայց ոչ պակաս դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ նկարագրվող իրադարձությունների համար հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Ցիցերոնի գործերում նշում չկա կոնկրետ հայերի մասին, այլ խոսվում է ոչինչ չասող անուններով մարդկանց խմբերի մասին: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, սակայն, որ իրականում այդ անունները ոչ թե մարդկանց այդ խմբերի, այլ նրանց բնակության վայրերի անուններն էին, քանզի անտիկ հեղինակները (օրինակ` Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն և այլն) հաճախ էին նույն ժողովրդի տարբեր մասերին տարբեր անուններով կոչում ըստ նրանց բնակության վայրի և արդյունքում տպավորություն էր ստացվում, թե խոսքը տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մասին է: Այս դեպքում ևս խոսքը գնում է ոչ թե տարբեր ցեղերի կամ ժողովուրդների, այլ ուղղակի տարբեր գավառների կամ շրջանների բնակիչների մասին: Ասվածը ավելի ակնառու ներկայացնելու համար պատկերացնենք (հաշվի առնելով իհարկե մեր տեղեկացված դարաշրջանի և Հին աշխարհի աշխարհագրական պատկերացումների, մեղմ ասած, աղոտության տարբերությունը) Արցախով, Գեղարքունիքով, Երևանով և Շիրակով ճանապարհորդող հարգարժան անգլիացուն, որին ամեն մի մարզում տեղի հայերը ներկայանում են ոչ թե որպես հայեր, ինչն ըստ տեղացիների պետք է որ ինքնին հասկանալի լինի, այլ <ղարաբաղցիներ>, <քյավառցիներ>, <երևանցիներ> և <լենինականցիներ>: Արդյունքում, բավարար պարզաբանումներ չստացած օտարերկրացին իր երկիր վերադառնալով և հուշեր գրելով, կնկարագրի ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչությանը որպես տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մի ամբողջություն, իսկ մի քանի հազար տարի հետո նրա գրվածքը հիմք ընդունելու դեպքում ներկայիս Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքն օրինակ բնակեցված կլինի <լենինականցիներ> անվանումով տարօրինակ մի <ցեղով>: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Կիլիկիան հնագույն ժամանակներից ի վեր ուներ հոծ հայկական բնակչություն, իսկ Տիգրանյան դարաշրջանում էլ հայերի դերն այս երկրամասում ավելի էր ընդգծվել: Իհարկե, միամտություն կլիներ պնդել, թե սահմանային, իսկ հաճախ նույնիսկ ոչ միանշանակ հայկական իշխանություն ունեցող այս նահանգում միակ բնակիչները հայերն էին, սակայն այն, որ հայերն այստեղ ծանրակշիռ դեր ունեին, հատկապես մեր կողմում դիտարկվող ժամանակաշրջանում, կարծում եմ փաստ է:
Քննարկվող ժամանակահատվածում Կիլիկիան գտնվում էր ծովահենների իշխանության անկումից հետո ձևավորված տեղական մի թագավորության իշխանության տակ, որը ճիշտ եմ համարում կոչել Տարսոնի թագավորություն: Մ.թ.ա 65 թ-ին ստեղծված այս թագավորության գահակալների իշխանության տակ էր ողջ Կիլիկիան, ընդ որում Տարսոնի թագավորությունը, սկզբունքորեն գտնվելով Հռոմի ազդեցության և իշխանության ոլորտում, իրենից ըստ էության ներկայացնում էր մեկն այն բուֆերային ու կիսաանկախ թագավորություններից, որոնք Սելևկյանների և Պոնտոսի թագավորությունների, ինչպես նաև Տիգրանյան տերության անկումից հետո մանր ցանցով տարածված էին Փոքր Ասիայի արևելքից մինչև Եգիպտոս: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Տարսոնի թագավորության գահին բազմած էր թագավորության հիմնադիր արքա Տարկոնդիմոտոս I-ը (մ.թ.ա. 65-31), որը իրականացնում էր հռոմեա-հայ-պարթևական ուժերի միջև հավասարակշռություն պահպանելու բարդ մի քաղաքականություն: Եվ այսպես, մ.թ.ա. 51 թ-ի աշնան սկզբին, երբ Բակուր արքայազնի ընդհանուր հրամանատարությամբ գործող Պարթևական, ինչպես նաև սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ հեծելազորի մասերի բաժանված ջոկատները ասպատակեցին Ասորիքը[1] և մոտեցան Անտիոքին[2], ոտքի կանգնեց նաև Կիլիկիայի բնակչությունն ու սկսվեց Կիլիկիայի I ապստամբությունը (մ.թ.ա. 51-49): Այն բանից հետո, սակայն, երբ Անտիգոնիայի ճ-մ-ում հռոմեական բանակը դարանը գցեց ու անակնկալ հարվածով պարտության մատնեց հայ-պարթևական խոշոր մի բանակի, ընդ որում զոհվածների թվում էր նաև Վասակ Մամիկոնյանը[3], հաջողությունը երես թեքեց ապստամբներից նաև Կիլիկիայում: Նախորդ դեպքերից կարճ ժամանակ անց Եպիփանիայի ճ-մ-ում հռոմեական բանակը հետ մղեց ապստամբներին օգնելու նպատակով Կիլիկիա ներխուժել փորձող դաշնակիցների ևս մեկ բանակի[4], որից հետո նույն տարվա հոկտեմբերի 13-ին Ամանոսյան լեռներում տեղի ունեցած մեկ այլ ճակատամարտում Ցիցերոնի գլխավորած հռոմեական բանակը պարտության մատնեց արդեն Տարսոնի թագավորության բանակին` անհաջողությամբ ավարտված գիշերային գրոհից հետո հաջողության հասնելով արդեն լուսաբացին իրականացված գրոհի արդյունքում[5]: Մ.թ.ա. 51 թ-ի նոյեմբերի սկզբից դեկտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածում նույն Ցիցերոնի գլխավորած հռոմեական բանակը համառ մարտերով գրավեց Ամանոսյան լեռներում գտնվող Տարկոնդիմոտոս I-ի այնպիսի ամրություններ, ինչպիսիք էինք մինչև վերջ դիմադրած Արանը, Սեպիորեն, Կոմմորիդուն և Պինդենիսը[6]: Ստեղծված պայմաններում առավելագույնը, որ մնաց անելու Տարսոնի արքային, դա մ.թ.ա. 51 թ-ի դեկտեմբերի վերջին ինչ որ տեղ Ամանոսյան լեռներում Մարկոս Բիբուլոսի գլխավորած հռոմեական մի զգալի ջոկատի ոչնչացումն էր[7]: Մ.թ.ա. 50 թ-ին Տարկոնդիմոտոս I-ը, ամրացած լեռներում և սկզբունքորեն խուսափելով ճիշտ ընդհարումից, շարունակեց մնալ ապստամբական դրության մեջ, իսկ արդեն մ.թ.ա. 49 թ-ին էլ կրկին ինչ որ տեղ Ամանոսյան լեռներում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց իր դեմ գործող Մետելլոս Սցիպիոնի գլխավորած հռոմեական բանակին[8]: Արդեն պարզ էր, սակայն, որ հայ-պարթևական ուժերի հետ քաշման պայմաններում Տարկոնդիմոտոս I-ին չի մնում այլ բան, քան հերթական անգամ կարգի գցել հարաբերություն Հռոմի հետ և վերստին ընդունել վերջինիս գերիշխանությունը: Այսպիսով Կիլիկիայի I ապստամբությունը վերջացավ առանց որևէ փաստական արդյունքի:
_________________________________ [1] Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.18>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.1; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Ապպիոս Կլավդիոս Պուլխարիոսին 3.8>; Ապպիանոս <Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր>, գլուխ 51; Հովսեփ Ֆլավիոս <Հրեական հնախոսություն>, գիրք 14, գլուխ 7; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 4; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 28: [2] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 28, 29; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 13; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 17: [3] Դիոն Կասսիոս <Հռոմեական պատմություն>, գիրք 40, գլուխ 29; Վելլեյուս Պատերկուլոս <Հռոմեական պատմություն>, գիրք 2, գլուխ 46; Ֆրոնտին <Ստրատեգամներ>, գիրք 2, գլուխ 5, մաս 35; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մակրոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.21>; Հուստինոս <Ֆիլիպիկա>, գիրք 42, գլուխ 4; Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 83; Օրոսիոս <Պատմություն ընդդեմ հերետիկոսների> գիրք 6, գլուխ 13; Տիտոս Լիվիոս <Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած>, ցանկ; Ռուֆուս Սեքստուս <Կեսարների պատմությունը>, գլուխ 17: [4] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>: [5] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.1>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, կոնսուլներին, ընկերներին, ժողովրդական տրիբուններին և սենատին 15.2>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>: [6] Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մակրոս Ցելիոս Ռուֆոսին 2.10>; Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորցիուս Կատոնին 15.4>; Ցիցերոն <Նամակներ ընկերներին, Մարկոս Պորսիուս Կատոնին 15.4>; Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Ցիցերոն>, գլուխ 36; Ավրելիանոս Վիկտոր <Հայտնի մարդկանց մասին>, գլուխ 79: [7] Ցիցերոն <Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16>; Հուլիոս Կեսար <Նոթեր, Քաղաքացիական պատերազմ> գիրք 3, գլուխ 31; Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ>, <Ցիցերոն>, գլուխ 36: [8] Հուլիոս Կեսար <Նոթեր, Քաղաքացիական պատերազմ> գիրք 3, գլուխ 31:
_________________ Приходите в мой дом...
|