Մեծ Հայքի թագավորության սահմանների վերականգման հետ կապված Արտաշես I-ի ձեռնարկումները, որոնք կյանքի կոչվեցին սկսած արդեն մ.թ.ա. 189 թ-ից, բավականին քննարկված են և ես դրանց առանձին չեմ անդրադառնա: Միաժամանակ, սակայն, կարևոր եմ համարում անդրադառնալ Հայ-Ալանական պատերազմին՝ որպես մեր պատմագիտության մեջ բավարար չափով չլուսաբանված մի իրադարձության՝ հընթացս պարզաբանելով նաև վերջինիս թվականը:
Խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ տարածված տեսակետի, որն, ինչպես կտեսնենք ստորև, այնքան էլ հիմնավոր չէ, ալաններին սկզբնաղբյուրներն առաջին անգամ ֆիքսում են I դարում: Խոսքն ամենից առաջ վերաբերում է հունա-հռոմեական աղբյուրներին[1], թեև նաև հետաքրքիր է, որ չինական աղբյուրներն ևս ալաններին առաջին անգամ հիշատակում են հենց նույն ժամանակ՝ 25 թ-ին[2]: Վերոգրյալի հիման վրա էլ, առաջնորդվելով ավանդական եվրոցենտրիզմով, արվել է հետևություն, որ Մովսես Խորենացու տեղեկություններն ալանների մասին, որոնք վերաբերում են մ.թ.ա. II դարի առաջին կեսերին, չեն համապատասխանում իրականությանը, իսկ Պատմահայրն էլ ըստ էության տեղ է տվել <վեպերին և առասպելներին>: Այս կապակցությամբ պետք է նշել, որ, այո, Արտաշեսի և Սաթենիկի հայտնի պատմությունը շարադրեիս Պատմահայրն իրոք մեզ է փոխանցել մեր մինչքրիստոնեական մշակույթի արժեքավոր տարրերից մեկը, բայց միայն այս ամենի հիման վրա համարել Մովսես Խորենացու տեղեկությունները, իսկ արդյունքում նաև՝ Հայ-Ալանական պատերազմը, <հնարովի և վիպական>, ոչ մի կերպ ճիշտ համարվել չի կարող:
Բանն այն է, որ մ.թ.ա III դարի վերջին քուշանները, Մեծ տափաստանի արևելքում (Գոբիի անապատ և հարակից շրջաններ) համառորեն դիմադրելով հոներին, սակայն վերջին հաշվով մատվելով անհաջողության, աստիճանաբար սկսեցին նահանջել դեպի արևմուտք` իրենց հերթին գերիշխանության հասնելով Մեծ տափաստանի կենտրոնական մասում (Միջին Ասիա) մինչ այդ գերիշխող սակերի նկատմամբ: Արդեն մ.թ.ա. 209-205 թվականներին, դեռևս Անտիոք III Մեծի Արևելյան արշավանքի ժամանակ, Հունա-Բակտրիական թագավորության արքա Էվտիդեմ I-ը տագնապահար, բայց նաև սպառնալից տեսքով զգուշացնում էր սելևկյան տիրակալին, որ իր հետ հաշտության եզրեր չգտնելու պարագայում երկու կողմի վիճակն էլ կարող է կտրուկ ծանրանալ, քանզի. <… հենց սահմանի վրա կանգնած են քոչվորների հսկայական հորդաներ, որոնք իրենց երկուսին էլ սպառնում են հավասարապես, ընդ որում, եթե բարբարոսներն անցնեն սահմանը, ապա հավանաբար կնվաճեն ողջ երկիրը>[3]: Անտիոք III Մեծն, ինչպես հայտնի է, ի վերջո ականջ կախեց Էվտիդեմ I-ի զգուշացումներին և արդյունքում Քուշանական թագավորության բանակն ու նրանց ենթարկված սակերն առժամանակ սահմանափակեցին իրենց առաջխաղացումը Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերի ուղղությամբ, սակայն, քուշանա-սակական ճնշումը, սահմանափակված հարավ-արևմտյան ուղղությամբ, պահպանվեց և արդյունքում ավելի ուժեղացավ Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափերի ուղղությամբ, որտեղ գտնվում էին սարմատները, ընդ որում հենց նույն այս ժամանակ Մեծ տափաստանի արևմուտքում (Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններ) չափազանց թուլացել էին սկյութները: Այս ամենի հետևանքով, արդեն մ.թ.ա. 180-ական թվականների սկզբներին[4], քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան, խուսափելով Քուշանական թագավորության հետ հարևանությունից, անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց սկյութներին, որոնց փոքր մասը նահանջեց դեպի արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասն էլ ձուլվեց սարմատների մեջ և ավելի ուժեղացրեց վերջիններիս: Սրա արդյունքն եղավ այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց Ալանական հզոր թագավորությունը, որն իր անունը ստացավ սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների կամ, ինչպես մեկ այլ անունով է այս տոհմը հայտնի, ռոքսալանների անունից: Այս առումով հատկանշական է, որ <ռոքսալան> տերմինը հանդիպում է արդեն մ.թ.ա. 110 թվականի իրադարձությունների հետ կապված:
Մասնագիտական գրականության մեջ <ռոքսալան> անվանման հետ կապված արտահայտվել են տարբեր կարծիքներ, սակայն հարցը մինչև այժմ էլ հեռու է վերջնականապես լուծված լինելու վիճակից: Այսպես, Վ. Ի. Աբաևն առաջ է քաշում տեսակետ, ըստ որի <ռոքսալան> տերմինն առաջացել է իրանական (արիական) <roxs-alan> բառերից և թարգմանաբար նշանակում է <լուսավոր ալաններ>, ընդ որում <roxs>-ն առաջացել է հին իրանական <rauxšna> բառից, իսկ <alan>-ն էլ՝ <aryana> բառից[5]: Այս տեսակետի հետ համաձայն են նաև Մ. Ֆասմերն ու Վ. Ն. Տոպորովը[6]: Օ. Ն. Տրուբաչևը, սակայն, ժխտում է այս տեսակետը, թեև ինքն էլ առաջարկում է մոտ տեսակետ: Ըստ նրա <ruksą-> տերմինը հին հնդկական է և ունի նույն <լուսավոր> իմաստը: Այս ամենով հանդերձ իմ կողմից առաջարկվում է մեկ այլ լուծում, երբ <ռոքսալան> բառը կազմված է երկու տարրերից՝ իր արմատներով դեպի լատիներենը գնացող <rex> մասից, որը նշանակում է <արքա>, ինչպես նաև <ալան> էթնոնիմից, երբ երկու հասկացություններն իրար հետ միասին նշանակում են <արքայական ալաններ>, իսկ ավելի կոնկրետ՝ արտահայտությունը մատնանշում է սարմատների արքայական ցեղի անվանումն և (կամ) ցեղանվան վերածված տիտղոսը:
Արդյունքում, կարելի է ամենից առաջ ասել, որ հիմնազուրկ են այն պնդումները, որոնց համաձայն ալանները պատմության մեջ առաջին անգամ ֆիքսվում են I դարում, քանի որ, ինչպես տեսանք, ռոքսալանները հայտնի են դեռևս առնվազն մ.թ.ա. II դարի վերջից: Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը նշենք, որ իրականում թյուրիմացությունն առաջացել է այն բանի ազդեցության տակ, որ երբեք և ոչ մի գիտնականի կողմից ռոքսալանները չեն դիտարկվել որպես ընդամենը միայն արքայական մի տոհմ, որն իշխանություն է ունեցել սարմատների նկատմամբ և ղեկավարել է Ալանական թագավորությունը: Միաժամանակ հարկ է նաև ավելացնել, որ միայն ռոքսալաններով ևս չեն կարող սպառված համարվել հիշատակությունները ալանների մասին, քանի որ, ինչպես արդեն ասվեց, ռոքսալանները հանդիսանում էին Ալանական հզոր թագավորությունում իշխող արքայական մի տոհմ, որի հպատակների զգալի մասն էլ կազմված էր սարմատներից, որոնք իրենց հերթին հիշատակվում են արդեն մ.թ.ա. II դարի սկզբից:
_________________________________ [1] Տես՝ Луций Анней Сенека. Фиест. Перевод С. А. Ошерова // Луций Анней Сенека. Трагедии. М., 1983, стр. 202-232: [2] Տես՝ Бичурин [Иакинф] Н. Я. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. М-Л. АН СССР, Институт этнографии им. Миклухо-Маклая. 1950, стр. 229. [3] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 11, գլուխ 31: [4] Պոլիբիոս <Համընդհանուր պատմություն>, գիրք 25, գլուխ 1: Հիշատակված հեղինակը սարմատների արքային հիշատակում է մ.թ.ա. 179 թ-ի իրադարձությունների կապակցությամբ, սակայն հաղորդման կոնտեքստն այնպիսին է, որ, ակնհայտ է՝ այս արքան ու իր ժողովուրդը Մերձսևծովյան տափաստաններում էին գտնվում արդեն առնվազն կես տասնամյակ: [5] Абаев В. И. Осетинский язык и фольклор. М-Л.: Академия наук СССР, 1949. т. I. стр. 156; Абаев В. И. Историко-этимологический словарь осетинского языка. Л.: Наука, 1973, т. I. стр. 435-437. [6] Топоров В. Н. Прусский язык: Словарь. - М.: Наука, 1990. т. 5. стр. 186.
_________________ Приходите в мой дом...
|