Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ապրել են Հայկական լեռնաշխարհում: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն առաջին շումերական, աքքադական և էբլայական սեպագրերում: Արդեն մարդկության պատմության արշալուսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ գցել հայոց առաջին պետական միավորը՝ Արատտայի քրմապետությունը:
… “Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես քաղաքի (նկատի է ունեցվում Արատտայի մայրաքաղաք Մեծամորը – Մ.Հ.) պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան”,- տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները: Ի վերջո արշավանքը նախաձեռնած Ուրուկի կառավարիչ Էնմերքարը ստիպված եղավ նահանջի հրաման տալ…
Հայերը, հետագայում էլ բազմիցս հաջողությամբ ետ են մղել տարածաշրջանային գերիշխանության հասած այնպիսի պետությունների ոտնձգությունները, ինչպիսիք էին Աքքադը, Բաբելոնը, Ասորեստանը, Խեթթին, Եգիպտոսը, Մարաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Սելևկյան թագավորությունը, Պոնտական թագավորությունը, Պարթևական թագավորությունը, Հռոմը, Սասանյան Պարսկաստանը և այլն: Ընդ որում հաճախ, ետ մղելով գիշատիչ հարևանների ոտնձգությունները, հայերն իրենք են անցել հարձակման՝ այդ ընթացքում բազում անգամ իրենք հասնելով տարածաշրջանային գերիշխանության:
Գրեթե հնարավոր չէ գտնել նվաճումների ուղին բռնած եվրասիական որևէ մի ազգ, որը փորձած չլինի այս կամ այն ուժգնությամբ հարձակվել Հայաստանի վրա: Հայոց ռազմիկների քաջությանը, արքաների խիզախությանը և ժողովրդի քաջասրտությանը բախվելով հաճախ են փոշիացել այնպիսի հզոր քոչվորնրի հորդաներ, ինչպիսիք են ամորիացիները, կիմերները, սկյութները, սարմատները, (մասագետները), մազքութները, հոները, խազարները և այլն: Տարբեր ժամանակաշրջաններում Հայոց կանոնավոր բանակի թվաքանակը սովորաբար տատանվել է 100-120.000-ի շրջանակներում, սակայն հայրենական պատերազմների ժամանակ, իսկ հայ ժողովուրդը սովորաբար հենց այդպիսի պատերազմներ էր մղում, այն համալրվում էր ժողովրդական աշխարհազորով:
Հնագույն ժամանակներում ողջ աշխարհում թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Ինչ արժեն միայն հիշատակությունները “Կարդու”-ների, Բաբելոնի հզոր թագավորությունը տապալած ու տեղական աղբյուրներում որպես “Կասու” անվանված հայերի, դեպի արևելք տեղի ունեցած արիական արշավանքների կամ հզոր Եգիպտոսի ջախջախման մասին, մի ջախջախում, որն իրականացրեցին հայերը՝ եգիպտական աղբյուրներում հիշատակվող “Հայք”-երը: “…Այս ժամանակներում աստված չգիտես ինչու զայրացավ և արևելքի երկրներից մեր երկրի վրա անակնկալ հարձակվեցին անհայտ ծագումով, սակայն մեծ քաջության տեր մարդիկ”,- հայտնում է հինեգիպտական պատմիչ Մանեթոնը և ավելացնում է, որ հզոր զինվածություն ու մարտավարական բարձր հատկանիշներ ունեցող այս մարդիկ տիրեցին Եգիպտոսին բավականին երկար ժամանակ:
Հին և Միջին դարերում մեծ հարգանք էր վայելում Հայոց այրուձին, որն իր կազմում ուներ ծանր և թեթև զինված հեծյալներ: Հայոց ծանր հեծյալների մոտ հանդիպում է ծանր հանդերձանքի և ճկունության այն հիանալի համակցությունը, որը հնարավորություն էր տալիս մի կողմից կիրառել ծանր հեծյալի առավելությունները, մյուս կողմից էլ ՝ հնարավորինս զերծ մնալ վերջինիս բնորոշ թերություններից: Մասնավորապես Հայոց ծանր հեծյալերը ոչ այնպես անհեթեթորեն ծանր էին հանդերձավորված, ինչպես ասենք պարթևները, սակայն դրա փոխարեն նրանք ավելի ճկուն էին, որն էլ հնարավորություն էր տալիս հաջողությամբ կիրառել մ.թ.ա. I դարում նրանց սպառազինության մեջ հայտնված նետն ու աղեղը: Նույնիսկ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներն էին խոստովանում հայոց այս զորատեսակի արտասովոր ռազմական հատկությունները և իրենց զորավարների անհաջողությունները հաճախ բացատրում դրանով: Այսպես, ոչ անհայտ Կրասոսի և Անտոնիոսի արևելյան արշավանքների ձախողումը այս հեղինակները մեծապես պայմանավորում էին հենց նրանով, որ վերջիններս զրկված էին հայոց այրուձիու մարտական աջակցությունից:
Նույն ժամանակներում արժանի հարգանք էր վայելում նաև հայոց հետևազորը: Հայոց հետևակը հատկապես լավ էր կռվում լեռնային մարտերում, ինչպես նաև ամրոցների գրոհի կամ դրանց պաշտպանության ժամանակ: Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղել ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որը իր սպառազինության մեջ ուներ Հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:
Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում նաև հայոց այս զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով: Այսպես, Քսենոֆոնի գլխավորած հայտնի Բյուրաց նահանջի ժամանակ այդ պրոֆեսիոնալ ռազմիկը, որին ռազմական գործում դժվար էր որևէ բանով զարմացնել, այնուհանդերձ չթաքցվող զարմանքով իր օրագրում գրում է. “Թշնամին ուժեղ ճնշում էր գործադրում, իսկ քանի որ մեր ուղին անցնում էր կիրճերով, ապա նա, ընդհուպ մոտենալով, նետահարում էր մեզ աղեղներից...: Հենց այդ ժամանակ էլ ընկավ քաջարի լակոնիացի Լեոնիմոսը, կողից խոցված նետով, որը միջաթափանց անցել էր վահանի և կաշվե զրահի միջով, ինչպես նաև Բասիոս-արքադացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով”,- իսկ ավելի ուշ էլ զարմացախառն հիացմունքով ավելացնում. “Նրանց նետերը ծակում էին վահանները և զրահները, իսկ երբ հելլենները ձեռք էին բերում դրանցից, ապա, ավելացնելով դրանց գոտիներ, օգտագործում էին տեգերի փոխարեն”: “Եվ այսուհանդերձ թշնամիները որևէ վնաս չկրեցին”,- պատմելով մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ին Արածանիի ճակատամարտում Հայկական հեծելազորի կողմից Լուկոլլոսի բանակի ջախջախման մասին, վշտացած հայտնում է արդեն Դիոն Կասիոսը, ճշմարտախոսի համբավ վայելող հռոմեական ոչ անհայտ այդ հեղինակը, ,- “այլ նրանք ետ դառնալով և հետապնդողներին նետահարելով, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին: Ու վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը օգտագործում էին երկծայր նետեր, և ծայրերը այնպես էին իրար ագուցված, որ նետերը թե մարմնի որևէ մասում մնալու և թե դուրս քաշվելու դեպքում, արագորեն սպանում էին, որովհետև երկաթյա ծայրերից մեկը, որը չէր ամրացված, մնում էր վերքի մեջ”: Հատկանշական է, որ ծայրահեղ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներից նույնիսկ Ապպիանոսն է ստիպված լինում խոստովանել Հայկական բանակի բարձր մարտական հատկանիշները...
_________________ Приходите в мой дом...
|