Ռավադյան III պատերազմ
(990)
Ռավադյան II պատերազմում կրած անհաջողությունը անչափ կատաղեցրել էր Ռավադյաններին: Ընդ որում Աբուլ-Հաիջա Մուհամմեդին առանձնապես խոցել էին ոչ միայն իր ծրագրերի իրագործման մի քանի ձախողումները ու կրած լուրջ կորուստները, այլև այն, որ այս անհաջողությունները լուրջ հարվածի տակ էին դնում ղազիի` հավատի համար մարտնչողի, իր հեղինակությունը: Ու եթե նախկինում շրջակա գրեթե բոլոր մահմեդական իշխանությունները հավատով ու հույսով էին նայում այս էմիրին ու ընդունում նրան որպես իրենց առաջնորդ, ապա այժմ Ռավադյան էմիրի հեղինակությունը լրջորեն տրորվել էր: Սկսվում էր սասանվել նաև վերջինիս նկատմամբ Բուվայհյանների տածած կարծես թե անսասան թվացող վստահությունը. Վերջիններս մի գեղեցիկ օր կարող էին վերցնել ու հետ ուզել “հավատի” համար մղվող պատերազմի վարման նպատակով Ռավադյաններին հանձնած խալիֆի կանաչ դրոշը, ինչը Ռավադյանների խիստ փառասեր էմիրի համար մահվան պես մի բան էր:
Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ավելին, քան երբևէ, պետք էր հասնել ռևանշի: Այսպիսով ցանկությունը, հերթական անգամ փորձել Հայոց զենքի ուժը, մահմեդական այս էմիրի մոտ ոչ մի կերպ չէր վերացել: Պակասում էր միայն առիթը, այն էլ շուտով գտնվեց:
990 թ-ի գարնանը Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի (մոտ 10.000) և Վասպուրականի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը ազատագրեց
Մանազկերտը Մրվանյանների քրդական էմիրության կայազորից (մոտ 1.000): Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 600 զինվոր: Մանազկերտը և Ապահունիքը միացվեցին Արտանուջի թագավորությանը:
990 գարուն –
Խուանք գյուղի ճ-մ (Ապահունիք)
Մանազկերտը կորցրած Մրվանյանները համոզեցին Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ռազմական գործողություններ սկսել Անիի թագավորության դեմ և վերականգնել մահմեդականների իրավունքները: Այդ նպատակով Հերի մոտ կենտրոնացած Ռավադյանների, Շադադյանների, Մրվանյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 140.000) բաժանվեց երեք մասի և երեք զորասյուններով պատրաստվեց ներխուժել Անիի թագավորության տարածք: Ընդ որում այս անգամ թշնամին, ակնհայտորեն հաշվի առնելով ուղիղ Անիի վրա շարժվելու հետ կապված նախկինում ստացած դառը փորձը, նախատեսել էր Հայոց թագավորություն ներխուժել այլ ուղղությունից` հընթացս աջակցելով նաև Մրվանյաններին: Նախատեսված էր, որ ներխուժման պատրաստվող բանակի հյուսիսային (մոտ 60.000) և հարավային (մոտ 60.000) զորասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար
Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի ու
Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել
Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Աբուլ-Հաիջա Մուհամմեդի հիմնական բանակի (20.000) թևերը: Ընդ որում մինչ այս Ռավադյան էմիրը մի “դիվանագիտական կոչ” հղեց Արտանուջի արքա Դավիթ II Մեծին, որտեղ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, մասնավորապես ասվում էր.
“Մի՛ խաբեսցէ ոք զքեզ, ո՛վ այր դու Դաւիթ, ամենաքարշ եւ ժանդ եւ նեխեալ ալեօքդ, զի ահա՝ թէ ոչ վաղվաղակի առաքեսցես ինձ զհարկս տասն տարւոյ եւ ի պատանդ զորդիս ազատաց քոց եւ գիր ծառայութեան ինձ՝ այժմ հասեալ գամ ի վերայ քո մեծաւ զօրութեամբս իմով եւ ո՞վ իցէ այն, որ փրկեսցէ զքեզ ի ձեռաց իմոց, զի ահա չարաչար եւ դառն նեղութիւն ածից ի վերայ քո, պիղծ եւ դառն ալեւոր”: Հայերը չպատասխանեցին հայհոյախառն այս նամակին, որոշելով հանդուգն էմիրին իրական պատասխան տալ մարտի դաշտում:
Սակայն թշնամին կարողացավ հաջողությամբ իրագործել իր ծրագիրը. հյուսիսային ու հարավային շարասյուների երթի միջոցով նա թևերում կաշկանդեց Անիի թագավորության բանակի հիմնական մասին (մոտ 70.000), ինչը ապահովվեց Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած հիմնական բանակի հաջող երթը մինչև
Ապահունիք: Թշնամու հիմնական բանակը հասավ Խուանք գյուղին և ճամբարեց նրա մոտակայքում: Ստեղծված պայմաններում թշնամու ճանապարհը կարողացավ փակել միայն Գաբրիել սպարապետի, Գամրեկելի իշխանի, Վաչեի, Թևդատի և Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (5.500, որից 3.000 հետևակ նետաձիգներ):
Թշնամուն քանակապես զիջելու պատճառով Հայկական բանակը որոշեց հասցնել գիշերային անակնկալ հարված:
I փուլ – Գամրեկելի իշխանի գլխավորությամբ թշնամու ուղղությամբ շարժվող Հայկական բանակի առաջապահը (700) անակնկալ հանդիպեց հակառակորդի գիշերապահին (1.000): Բայց հայերը չշփոթվեցին և շեշտակի հարվածով պարտության մատնեցին հակառակորդին, որի մնացորդները սկսեցին փախչել իրենց հիմնական բանակի ուղղությամբ:
II փուլ – Հայկական հիմնական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեցին անխնա կոտորել անակնկալի եկած թշնամու ռազմիկներին: Միաժամանակ կազմակերպվեց նաև լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված: Գիշերային խավարում կայծակի ակնթարթային փայլատակումներով լուսավորվող այս տեսարանը ստեղծեց հսկայական բանակի հարձակման տպավորություն և վերջնականապես բարոյալքեց թշնամուն ու կոտրեց նրա դիմադրական ոգին: Թշնամին դիմեց խուճապահար փախուստի:
III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան, իսկ Գամրեկելին գերեց Մամլանի որդուն և կնոջը:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 16.000 զինվոր, որոնց թվում հատկապես շատ էին գերիները: Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հազիվ փրկվեց գերությունից: Հայերին բաժին հասավ նաև Ռավադյանների էմիրի մարտական ձին, խալիֆի կանաչ դրոշը և հարեմը:
990 գարուն –
Բանակի ճ-մ (Վասպուրական, Բուժունիք գավառ, Ոստանի մոտակայքում)
Նախորդ իրադարձությունների հետ միաժամանակ
Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Բուժունիք երթուղով Անիի թագավորության տարածքում խորացող թշնամու բանակի հարավային զորասյունը (մոտ 60.000), ենթարկվելով իր դեմ գործող Անիի թագավորության բանակի (մոտ 25.000) պարտիզանական հարվածներին, հասավ
Ոստան: Այստեղ Վասպուրականի իշխանաց-իշխան Ապլղարիբ Հավնունին, նեղացած լինելով Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունուց այն բանի համար, որ վերջինս բանակի հրամանատարությունը հանձնել է Սարգիս իշխանին, դավաճանեց իր բանակին և Հայրենիքին: Կապ հաստատելով թշնամու բանակի հրամանատարի հետ` Ապլղարիբը տեղեկացրեց նրան Հայկական հիմնական բանակից առանձին գործող Անձևացիքի իշխանության բանակի (մոտ 4.000) վիճակի մասին և մատնանշեց մի հարմար վայր, որտեղ թշնամին կկարողանա անակնկալ հարձակվել Հայկական բանակի վրա:
Օգտագործելով ստացած տվյալները` Ռավադյանների էմիրության բանակը գիշերային անակնկալ հարձակում կազմակերպեց ճամբարած Հայկական բանակի վրա և պարտության մատնեց նրան: Ընդ որում թշնամու ռազմիկները չհամարձակվեցին մոտենալ միայն Ապլղարիբի ու նրա կողմնակիցների վրաններին, քանի որ վերջիններս զինած էին ու պատրաստ դրմադրության:
Հայերը կորցրին մոտ 3.000 զինվոր, այդ թվում գերվեց Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունին, թշնամին` մոտ 700 զինվոր: Գերված հայերը բանտարկվեցին Բակեար ամրոցում:
990 գարուն –
Բակեար ամրոցի ճ-մԴավաճան Ապլղարիբ Հավնունին, նպատակ ունենալով որևէ կերպ քավել իր մեղքը, որոշեց ազատել հայ գերիներին: Այդ նպատակով Ապլղարիբ Հավնունու գլխավորած Հայկական բանակը (50) դարան մտավ ամրոցի շրջակայքում` նախատեսելով գերիներին ազատել այն ժամանակ, երբ պահակային ջոկատը (մոտ 200) նրանց կհանի զբոսանքի:
I փուլ – Ապլղարիբի գլխավորած մի քանի հեծյալներ հարձակվեցին գերիների պահակային ջոկատի վրա և դիմեցին կեղծ փախուստի: Այդ ընթացքում, մենամարտելով մի հաղթանդամ հակառակորդի հետ, Ապլղարիբը թրատեց նրան:
II փուլ – Դարանում գտնվող Հայկական բանակի հիմնական ուժերը հարվածեցին կեղծ նահանջը շարունակող հայ հեծյալներին հետապնդող հակառակորդին և գլխովին ջախջախեցին նրան: Դերենիկ Արծրունին ազատվեց:
III փուլ – Թշնամու մնացորդները հետապնդվեցին մինչև
Հեր: Ընդ որում որպես անձնական հաղթանակի նշան Ապլղարիբի հզոր ձեռքով Հերի դարպասին մխրճված տապարը երկար տարիներ մնաց այդպես էլ մխրճված:
Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 150 զինվոր: Թշնամու Հյուսիսային զորասյունը, այդպես էլ չմտնելով մարտական գործողությունների մեջ, նահանջեց:
Ռավադյան III պատերազմը ավարտվեց: Արդյունքում Մանազկերտը և Ապահունիքը անցան Արտանուջի, իսկ նրա միջոցով` Անիի թագավորությանը, սակայն հարավ-արևելքից սպառնացող վտանգը այս անգամ էլ չվերացավ: Հայկական բանակը թեև ջախջախել էր թշնամու գլխավոր զորասյուններից մեկը, սակայն մեկ հաղթանակ էլ բաժին էր հասել Ռավադյաններին: Բացի այդ Ռավադյանների հերթական անհաջողությունը իսկական մի խուճապ առաջացրեց իսլամական ողջ աշխարհում, որը համարեց իրեն խիստ վիրավորված և տենդագին կերպով սկսեց նոր պատերազմի պատրաստություններ տեսնել: