Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 6 ]
Автор Сообщение
 Заголовок сообщения: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 01:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ
(քաղաքական հարաբերությունների վերլուծություն)


Իբերիայի թագավորության հիմնադիր է համարվում Փառնվազ I Մեծը (մ.թ.ա. 300-240), որի գլխավորած նորահռչակ Իբերիայի և տարածաշրջանում հսկայական դերակատարություն ունեցող Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը մ.թ.ա 300 թ-ին պատմական Գուգարքի Արդահան քաղաքի մոտակայքում հաղթեց Պոնտոսի թագավորության բանակին[1] և ազատագրեց ներկայիս Վրաստանի տարածքը հույներից[2]։ Տաղանդավոր ու երկարակյաց այս արքայի օրոք էլ հենց վերջնականապես ձևավորվեց Իբերիայի թագավորությունը, որով ավելի հարավ գտնվող Մեծ Հայքի թագավորության հետ սկիզբ առավ վերջինիս բարդ ու հակասական հարաբերությունների պատմությունը[3]։ Հետաքրքիր է նշել, որ երկու պետությունների հարաբերություններում սկիզբը կարծես թե խոստանում էր ամենայն դրականը, սակայն Գուգարքի հետ կապված խնդիրը, որը առաջ եկավ հենց այս ժամանակ իսկ, հարևան թագավորությունների հարաբերություններում հենց ամենասկզբից էլ առաջացրեց առաջին և ամենալուրջ կնճիռը, որը հետագայում ևս երկար էր շարունակվելու:

Պատմական Հայաստանի Գուգարք նահանգը հնուց ի վեր եղել է հայերի էթնիկ, ինչպես նաև պատմական Հայաստանի աշխարհագրական սահմաններում: Մ.թ.ա. III-II հազարամյակներում Հայաստանի հյուսիսային շրջանների ու դրանց սահմանների մասին տեղեկատվությունը սեպագիր ավանդական աղբյուրներում, կապված դրանց հետաքրքրության շրջանակներից բավականին հեռու լինելու հանգամանքով, խիստ սուղ է, սակայն հայտնի տվյալների ամբողջությունն այնուհանդերձ հիմք է տալիս ասելու, որ հիշատակված տարածքներ գտնվելիս են եղել հայերի էթնիկ-աշխարհագրական ազդեցության ոլորտում: Այսպես, արդեն մ.թ.ա. 1111 թվականին Ասորեստանի արքա Թիգլաթպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077) արշավանքի կապակցությամբ հենց հայկական պետական և ցեղային միավորների համադաշնության կազմում են հիշատակվում Տայքն ու նրա տիրակալ (Ար)սենին[4]: Արդեն Արարատյան թագավորության ժամանակաշրջանում առկա են Վանի գահակալների բազում արձանագրություններ, որոնք վկայում են այն մասին, որ Գուգարքն ու նրա հարակից շրջանները եղել են Հայոց հողերը հերթական անգամ ի մի բերած Վանի գահակալների իշխանության ներքո[5], ընդ որում, դեպի հյուսիս իրականացված արշավանքների հետ միաժամանակ, արարատյան գահակալների հաճախ հաջողվել է այս կամ այն չափով իրենց գերիշխանությունը տարածել նաև Գուգարքից ավելի հյուսիս գտնվող, Արևմտյան Վրաստանն ընդգրկող Կոլխիդայի թագավորության վրա դեռևս VIII դարի առաջին կեսից սկսած[6]: Եվ վերջապես հարկ է նշել, որ բուն Իբերիայի թագավորությունը, ինչպես արդեն նշեցինք, առաջացել է մ.թ.ա. 300 թ-ին, այն դեպքում, երբ դրանից դեռ շատ ու շատ հարյուրամյակներ առաջ հայերը արդեն տիրում էին Գուգարքին և Տայքին:

Այսպես թե այնպես, սակայն Մեծ Հայքի հյուսիսային սահմանների մոտ ստեղծված Իբերիայի թագավորությունը իր ստեղծման իսկ պահից սկսեց որոշակի հավակնություններ դրսևորել պատմական Հայաստանի հյուսիսային շրջանների նկատմամբ, ինչն էլ հետագայում կազմելու էր այս երկու թագավորությունների հարաբերությունների գլխավոր առանցքը: Դեռևս Փառնվազի I Մեծը, հստակորեն ցույց տալով իր հավակնությունները Գուգարքի նկատմամբ, երկրի այլ մասերում նշանակված կառավարիչների հետ միասին հատուկ հրամանով կառավարիչներ նշանակեց նաև դեռևս ամենևին էլ իրեն չպատկանող Գուգարքում, թեև այդ մասով հիշատակված հրամանը այս արքայի օրոք այդպես էլ բնականաբար կյանքի չկոչվեց[7]:

Մ.թ.ա. 212 թ-ին, երբ մահացավ Հայոց Արշակունի երկրորդ արքան՝ Վաղարշակ I-ի (մ.թ.ա. 247-225) որդի Արշակ I-ը (մ.թ.ա. 225-212)[8], հաշվի առնելով Արտաշես արքայազնի մանկահասակությունը, նրա խնամակալ է նշանակվում իր ամենամոտիկ ազգականը՝ հորաքրոջորդին, որն էլ գահը վերջնականապես գրավելու համար կոտորում է քեռու բոլոր որդիներին և իրեն հռչակում Մեծ Հայքի արքա՝ Երվանդ III (մ.թ.ա. 212-201)։ Սակայն իր դաժանության և գահին բռնատիրելու պատճառով այս նոր արքան չի ընդունվում հայ նախարարների ու բանակի կողմից։ Երկրում ստեղծվում է խառը և կիսաապստամբական վիճակ, շատ նախարարներ հրաժարվում են ենթարկվել նոր արքային, իսկ ենթարկվողներն էլ առանձնապես հավատարիմ չէին և հարմար առիթի էին սպասում նրանից ազատվելու համար (օրինակ՝ հետևազորի հրամանատար Արգամ Մուրացյանը և գրեթե բոլոր կուսակալությունների հրամանատարները)։ Արդյունքում կազմալուծվում է բանակը և փլուզվում է Հայկական թագավորությունների փոխօգնության ավանդական դաշինքը։

___________________

[1] Ըստ սկզբանղբյուրի՝ «հունական զորք»-ին, սակայն այս ժամանակաշրջանում և տվյալ տարածաշրջանում միակ «հունական զորք»-ը, որը կարող էր ներխուժել հիշյալ տարածքներ և որոնց դեմ Սելևկյանները, Մեծ Հայքի թագավորությունը և Իբերիան կպայքարեին, կարող էր լինել միայն Պոնտոսի թագավորության բանակը։
[2]«Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»։
[3] Ստորև, սկզբնաղբյուրներից զատ, այսուհետ կտրվեն միայն խիստ անհրաժեշտ հղումները, քանզի աշխատանքը ծանրաբեռնել հղումներով զուտ հղումների համար, գտնում եմ միանգամայն անիմաստ։ Ընդհանուր պատմական աշխատանքներից վերևում թվարկվածներից բացի օգտվել եմ մասնավորապես սրանցից՝ Ադոնց Ն. «Տիգրան Մեծ», Երևան 2010, Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. 1, 2, Երևան 1977, 1978, Մանանդյան Հ. Հ. «Տիգրան երկրորդը և Հռոմը», Երևան 1940, Հակոբյան Հ. Պ. «Տիգրան Մեծ», Երևան 2005, Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, 2, Երևան 1968, 1984, Հարությունյան Բ. Հ. «Հայաստանի պատմության ատլաս. Ա մաս», Анчабадзе Э. В. “Дружба извечная, нерушимая”, Сухуми 1972; Анчабадзе Э. В. “Из истории средневекавой Абхазии”, Сухуми 1959; Анчабадзе Э. В. “Очерк этнической истории абхазского народа”, Сухуми 1972; Артамонов М. И. “История Хазар”, Ленинград 1962; Бердзишвили Н. А. “История Грузии”, Тбилисси 1962; Гумилев Л. Н. “Древние тюрки”, Москва 1967; Гумилев Л. Н. “Хунну”, Москва 1960 և այլն։
[4] Տես՝ Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր 1, Երևան 2007, էջ 106։
[5] Տես՝ Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր 1, Երևան 2007, էջ 106։ Տես մասնավորապես նաև Իշպուինիին ու Մենուային վերագրվող արձանագրությունը՝ http://annales.info/urartu/ukn/020.htm ¨ http://annales.info/urartu/ukn/127_1.htm, ինչպես նաև Խոռխոռյան արձանագրության համապատասխան հատվածները։
[6] Տես մասնավորապես Սարդուր II-ին վերագրվող արձանագրությունը` http://annales.info/urartu/ukn/155.htm:
[7] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»։
[8] Առաջին Արշակունիների մասին իմ տեսակետը շարադրված է այստեղ՝ Հայ ժողորդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5, էջ 26-30։
[9] Ըստ «Քարթլիս Ցխովրեբա»-ի (Լեոնտիոս Մրովելի), որը վրաց արքաների ցանկերը փոխանցում է զգալի խառնաշփոթություններով և անճշտություններով, այս ժամանակ Իբերիայում կային միաժամանակ կառավարող երկու եղբայր-արքաներ` Արզոկն ու Արմազելը։ Սակայն ներկայումս վրացագիտության մեջ ընդունված է, որ այս ժամանակ Իբերիայում իշխել է Միհրան I-ը (մ.թ.ա. 210-160)։ Այս կապակցությամբ կարծում եմ, որ խնդրի բանալին հետևյալում է։ Բանն այն է, որ Մովսես Խորենացու աշխատության Երկրորդ գրքի ժամանակագրական համակարգը պարունակում է մի լրջագույն ժամանակագրական սխալ, որի հետևանքով Պատմահայրը սխալմամբ Երվանդ III-ին, Արտաշես I-ին և Սմբատ Բագրատունուն մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածի փոխարեն տեղափոխել է և տեղակայել I դարի վերջում ու II դարի սկզբում։ Հարկ եմ համարում նշել, որ, ըստ իս, Պատմահոր թույլ տված սխալի հիմքում ընկել է այն հանգամանքը, որ վերջինս մեկ միասնական Արտաշես I-ի փոխարեն ընդունել է երկու Արտաշեսների գոյությունը, որոնցից մեկը (պայմանականորեն կոչենք Առաջին) իր տեղում է` մոտավորապես մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածում, իսկ մյուսը, որը իրականում գոյություն չի ունեցել (պայմանականորեն կոչենք Երկրորդ), Պատմահոր կողմից տեղակայվել է I դարի վերջում և II դարի սկզբում։ Առաջին Արտաշեսի մասին Խորենացին խոսում է շատ անորոշ` իրական Արտաշեսի հիմնական գործունեությունը կապելով Երկրորդի հետ, այսինքն սխալվելով արդեն երկրորդ անգամ։ Այս կապակցությամբ Պատմահոր սխալն ըստ իս բացատրվում է նրանով, որ Հայաստանի պատմության հնագույն շրջանի մասին նա իր հիմնական տեղեկությունները քաղել է Մար Աբբաս Կատինայից, որի աշխատանքը ավարտվում է հենց իրական Արտաշեսի թագավորության սկզբի ժամանակահատվածով` չհասած դրան, որից հետո Խորենացին, զրկվելով այնպիսի կարևոր տեղեկատվության աղբյուրից, ինչպիսին էր Մար Աբբաս Կատինան, մոլորվել է` ինչպես արդեն ասվեց, ամրագրելով երկու Արտաշեսների գոյությունը, ընդ որում իրական Արտաշեսի գործունեությունը գոնե Առաջին Արտաշեսի հետ կապելու փոխարեն, ինչը զգալիորեն կմեղմեր սխալը, անելով երկրորդ սխալը և այն կապելով Երկրորդի հետ։ Եվ այսպես վրաց Պատմահայր Լեոնտիոս Մրովելին, իր հերթին սեփական ժամանակագրական համակարգը կապելով Խորենացու Երկրորդ գրքում առաջարկված ժամանակագրական համակարգի հետ և հետևելով նրան, ալանական հարձակման հետ կապված իրադարձությունները տեղափոխել է I դարի վերջ ու II դարի սկիզբ, բայց միաժամանակ նաև, ձեռքի տակ ունենալով Իբերական թագավորության արքաների սեփական մի գահացանկ, անխուսափելի կերպով որպես դեպքերին ժամանակակից արքաներ խոսել է Արզոկի և Արմազելի մասին, որոնց թագավորության տարիները իրոք մոտավորապես համապատասխանում են հենց I դարի վերջին ու II դարի սկզբին։ Այս առումով խիստ հատկանշական է, որ Խորենացին որպես իրական` Առաջին, Արտաշեսի հակառակորդ այնուհանդերձ հիշատակում է (Գիրք 2, գլուխ 11) վերջինիս ժամանակակից Միհրանին։ Այս ամենի արդյունքում էլ հենց մենք ունենք մի իրավիճակ, երբ, փոխանակ հայտնվի Փառնվազյանների գահատոհմի երրորդ գահակալ Միհրան I-ի մասին, ժամանակագրական անախրոնիզմով խոսվում է վերջինիցս գրեթե երեք հարյուրամյակ ավելի ուշ ապրած Արզոկի և Արմազելի մասին։
[10] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
[11] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 43-46։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 01:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
Հենց նման պայմաններում էլ, ահա, փորձելով առաջին անգամ իրապես կյանքի կոչել Գուգարքի նկատմամբ իր պապի և հոր հավակնությունները Փառնվազ I Մեծ-ի որդի Սաուրմագ I-ի (մ.թ.ա. 240-210) տղա Միհրան I-ը (մ.թ.ա. 210-160)[9] մ.թ.ա. 209 թ-ին շարժի մեջ դրեց իր բանակը և մտավ Հայաստանի տարածք: Երվանդ III-ը, սակայն, որը մեծ հաշվով անհաջողակ տիրակալ էր այլ հարցերում, Գուգարքի հարցում գործեց ոչ միայն վճռականորեն, այլև ավելի հաջող, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորության սահմանները հյուսիսում վերստին ամբողջացվեցին[10]: Արդյունքում ոչ միայն ամբողջացվեց Մեծ Հայքի թագավորության հյուսիսային սահմանը, այլև անհաջողության մատնված Միհրան I-ը ընդունեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը և հետագայում, ի դեպ ասած, ի կատարումն իր վասալական պարտավորությունների, աջակցեց Երվանդ III-ին, երբ վերջինս պայքարում էր Արտաշեսի` ապագա Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-189՝ կառավարիչ, մ.թ.ա. 189-160՝ արքա), դեմ[11]։ Իբերիայի այս խորամանկ արքան, սակայն, սպասում էր ընդամենը հարմար մի առիթի, ինչն էլ շուտով ներկայացավ։

Մ.թ.ա 180-ական թվականներին[12] քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց մինչ այդ Մերձսևծովյան ու Նախակովկասյան տափաստաններին տիրող սկյութներին, որոնց փոքր մասը նահանջեց դեպի արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասը ձուլվեց սարմատների մեջ ու ավելի ուժեղացրեց վերջիններիս։ Սրա արդյունքը եղավ մասնավորապես այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների (արևմտյան աղբյուրներում` «ռոքսալաններ») գլխավորած Ալանական հզոր թագավորությունը, որը ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն էր վարում։ Ահա հենց այս հզոր ուժն էլ փորձեց օգտագործել Միհրան I-ը՝ մ.թ.ա. 184 թ-ին իր թագավորության, սարմատների և հյուսիս-կովկասյան լեռնականների միացյալ ուժերով հզոր հարված հասցնելով հայերին։

Այնուհետ ծավալված իրադարձությունները ամենից առաջ հայտնի են Արտաշես արքայի և Սաթենիկի գեղեցիկ պատմությամբ, թեև իրականում ավելի կարևոր էին այս իրադարձությունների ռազմա-քաղաքական հետևանքները, քանզի սարմատների, լեռնականների ու իբերների հիշատակված արշավանքը վերջացավ նրանց իսկ ջախջախիչ պարտությամբ[13]: Պատերազմից սարմատների ու լեռնականների դուրս գալուց հետո Միհրանի կազմակերպած դիմադրությունը նրան վերջին հաշվով ոչինչ չտվեց[14], քանզի արդյունքում Իբերիայի ու Ալանիայի թագավորությունների հետ կնքվեց հաշտություն, որից հետո Ալանական թագավորությունը դադարեցրեց Մեծ Հայքի թագավորության նկատմամբ վարվող թշնամական քաղաքականությունը, իսկ Իբերիայի թագավորությունն էլ, այլևս չունենալով այլ ելք, ընդունեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը:

Այս փուլում Իբերիայի արքայի հարձակումն ու նրա հետագա հուսահատորեն համառ դիմադրությունը Միհրանին վերջին հաշվով ոչինչ չտվեց, սակայն հետագա տասնամյակներում Մեծ Հայքի թագավորության մղած տևական ու ծանր պայքարը Սելևկյանների թագավորության դեմ հնարավորություն տվեց վերջինիս կատարել ևս մեկ փորձ։ Մ.թ.ա. 165 թ-ին Իբերիայի արդեն բավականին տարիքն առած արքան կրկին անցավ հարձակման և ոչ միայն գրավեց Ջավախքը, այլև գերեց արքայազն Զարեհին[15]։ 3 տարի անց, սակայն` մ.թ.ա. 162 թ-ին, Իբերիայի արքա Միհրան I-ը ծանր պարտություն կրեց Մեծ Հայքի թագավորության բանակից[16] ու ստիպված եղավ վերջնականապես հրաժարվել իր բոլոր հավակնություններից՝ ամրագրելով սեփական ծրագրերի լիակատար փլուզումը, ընդ որում Զարեհը ազատվեց գերությունից, Գուգարքի սահմանները ամբողջացվեցին, իսկ Իբերիայի թագավորությունը կրկին ընդունեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը և բավականին երկար ժամանակով հրաժարվեց Հայաստանի հյուսիսային նահանգների նկատմամբ հավակնություններից։

___________________

[9] Ըստ «Քարթլիս Ցխովրեբա»-ի (Լեոնտիոս Մրովելի), որը վրաց արքաների ցանկերը փոխանցում է զգալի խառնաշփոթություններով և անճշտություններով, այս ժամանակ Իբերիայում կային միաժամանակ կառավարող երկու եղբայր-արքաներ` Արզոկն ու Արմազելը։ Սակայն ներկայումս վրացագիտության մեջ ընդունված է, որ այս ժամանակ Իբերիայում իշխել է Միհրան I-ը (մ.թ.ա. 210-160)։ Այս կապակցությամբ կարծում եմ, որ խնդրի բանալին հետևյալում է։ Բանն այն է, որ Մովսես Խորենացու աշխատության Երկրորդ գրքի ժամանակագրական համակարգը պարունակում է մի լրջագույն ժամանակագրական սխալ, որի հետևանքով Պատմահայրը սխալմամբ Երվանդ III-ին, Արտաշես I-ին և Սմբատ Բագրատունուն մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածի փոխարեն տեղափոխել է և տեղակայել I դարի վերջում ու II դարի սկզբում։ Հարկ եմ համարում նշել, որ, ըստ իս, Պատմահոր թույլ տված սխալի հիմքում ընկել է այն հանգամանքը, որ վերջինս մեկ միասնական Արտաշես I-ի փոխարեն ընդունել է երկու Արտաշեսների գոյությունը, որոնցից մեկը (պայմանականորեն կոչենք Առաջին) իր տեղում է` մոտավորապես մ.թ.ա. 212-160 թվականների ժամանակահատվածում, իսկ մյուսը, որը իրականում գոյություն չի ունեցել (պայմանականորեն կոչենք Երկրորդ), Պատմահոր կողմից տեղակայվել է I դարի վերջում և II դարի սկզբում։ Առաջին Արտաշեսի մասին Խորենացին խոսում է շատ անորոշ` իրական Արտաշեսի հիմնական գործունեությունը կապելով Երկրորդի հետ, այսինքն սխալվելով արդեն երկրորդ անգամ։ Այս կապակցությամբ Պատմահոր սխալն ըստ իս բացատրվում է նրանով, որ Հայաստանի պատմության հնագույն շրջանի մասին նա իր հիմնական տեղեկությունները քաղել է Մար Աբբաս Կատինայից, որի աշխատանքը ավարտվում է հենց իրական Արտաշեսի թագավորության սկզբի ժամանակահատվածով` չհասած դրան, որից հետո Խորենացին, զրկվելով այնպիսի կարևոր տեղեկատվության աղբյուրից, ինչպիսին էր Մար Աբբաս Կատինան, մոլորվել է` ինչպես արդեն ասվեց, ամրագրելով երկու Արտաշեսների գոյությունը, ընդ որում իրական Արտաշեսի գործունեությունը գոնե Առաջին Արտաշեսի հետ կապելու փոխարեն, ինչը զգալիորեն կմեղմեր սխալը, անելով երկրորդ սխալը և այն կապելով Երկրորդի հետ։ Եվ այսպես վրաց Պատմահայր Լեոնտիոս Մրովելին, իր հերթին սեփական ժամանակագրական համակարգը կապելով Խորենացու Երկրորդ գրքում առաջարկված ժամանակագրական համակարգի հետ և հետևելով նրան, ալանական հարձակման հետ կապված իրադարձությունները տեղափոխել է I դարի վերջ ու II դարի սկիզբ, բայց միաժամանակ նաև, ձեռքի տակ ունենալով Իբերական թագավորության արքաների սեփական մի գահացանկ, անխուսափելի կերպով որպես դեպքերին ժամանակակից արքաներ խոսել է Արզոկի և Արմազելի մասին, որոնց թագավորության տարիները իրոք մոտավորապես համապատասխանում են հենց I դարի վերջին ու II դարի սկզբին։ Այս առումով խիստ հատկանշական է, որ Խորենացին որպես իրական` Առաջին, Արտաշեսի հակառակորդ այնուհանդերձ հիշատակում է (Գիրք 2, գլուխ 11) վերջինիս ժամանակակից Միհրանին։ Այս ամենի արդյունքում էլ հենց մենք ունենք մի իրավիճակ, երբ, փոխանակ հայտնվի Փառնվազյանների գահատոհմի երրորդ գահակալ Միհրան I-ի մասին, ժամանակագրական անախրոնիզմով խոսվում է վերջինիցս գրեթե երեք հարյուրամյակ ավելի ուշ ապրած Արզոկի և Արմազելի մասին։
[10] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
[11] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 43-46։
[12] Պոլիբիոս «Համընդհանուր պատմություն», գիրք 25, գլուխ 1։ Հիշատակված հեղինակը սարմատների արքային հիշատակում է մ.թ.ա. 179 թ-ի իարդարձությունների կապակցությամբ, սակայն հաղորդման կոնտեքստն այնպիսին է, որ, ակնհայտ է, այս արքան ու իր ժողովուրդը Մերձսևծովյան տափաստաններում էին գտնվում արդեն առնվազն կես տասնամյակ։
[13] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 50; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 8; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 42; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1։
[14] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»։
[15] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 53; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54։
[16] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 02:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա մոտ 95 թ-ին Տաշիրի ճ-մ-ում Մեծ Հայքի թագավորության բանակը, ընդառաջ գնալով իբերական իշխանների խնդրանքին, որոնք, գահընկեց անելով Փառանջոմին (մ.թ.ա. 160-95), Տիգրան II Մեծից[17] խնդրել էին իբերական արքայադստեր հետ ամուսնացած նրա որդի Արշակին կարգել իրենց թագավոր, շարժվեց դեպի հյուսիս և համառ մարտում ջախջախեց Փառանջոմի գլխավորած Իբերիայի թագավորության բանակին[18]։ Փառանջոմը սպանվեց, Իբերիայի թագավորության արքա հռչակվեց Արշակը` Արշակ I Հայը (մ.թ.ա. մոտ 93-90), և այս թագավորությունն արդեն ոչ միայն նախկինի պես ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ, այլև այնտեղ, հեռացնելով ավանդականորեն իշխող Փառնավազյաններին, սկսեց կառավարել Հայ Արշակունիների մի ճյուղը։ Այս ժամանակից սկսած էլ հենց մի քանի տասնամյակ Իբերիան ընդունում է Մեծ Հայքի գերիշխանությունը և Իբերիայի թագավորության բանակը Արշակ I Հայի (մ.թ.ա. մոտ 93-90) ու նրա որդի Արտակի (մ.թ.ա. մոտ 90-60) օրոք սկսում է գործել Մեծ Հայքի թագավորության բանակի կազմում։ Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի «դաշնակից և բարեկամ» հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց[19], սակայն արդեն նույն դարի կեսերին Մեծ Հայքի թագավորության միանշանակ գերիշխանությունը Իբերիայում սկսեց այնուհանդերձ սասանվել։

Մ.թ.ա. I դարի երկրորդ կեսին Մեծ Հայքի թագավորությունը ձգտում էր Իբերիայի գահի վրա պահել Տիգրան II Մեծի որդի Արշակ I Հայի սերնդին, ի դեմս վերջինիս թոռ ու Արտակի որդի Փառնվազ II-ի (մ.թ.ա. մոտ 60 - ուղ. 35) և սրա փեսա ու գահակից Քարտամ I-ի (մ.թ.ա. մոտ 38 - ուղ. 35), այն դեպքում, երբ Պարթևական թագավորությունը ցանկանում էր երկրի ղեկին տեսնել իր թեկնածուին` մինչև Արշակ I Հայը Իբերիայում իշխած Փառնվազյանների տոհմի հետնորդ, Փառանջոմի թոռ և հասկանալի պատճառներով Արշակ I Հային ու նրա սերնդին ատող Միհրանին։ Արդյունքում մ.թ.ա 35 թ-ի Դեբեդ գետի մոտ տեղի ունեցած ճ-մ-ում Իբերիայի և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը բռնկված խիստ համառ մարտում ծանր պարտություն կրեց[20]: Փառնավազ II-ը ու Քարտամ I-ը զոհվեցին, իսկ Իբերիայի արքա հռչակվեց Քարտամ I-ի այրու հետ ամուսնացած Միհրանը` Միհրան II-ը (մ.թ.ա. 35 - մոտ 20)։ Դրանից հետո մի քանի տասնամյակ Իբերիան դուրս եկավ Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտից և առավելագույնը, որ այդ պայմաններում կարողացան անել հայերը, դա Քարտամ I-ի որդուն ապաստան տալն ու մեծացնելն էր, ընդ որում կյանքը ցույց էր տալու, որ հայերի այս հույսերը ամենևին էլ անհիմն չէին:

Արդեն մեր թվարկության 16 թ-ին հայրական գահը վերագրավելու համար Մեծ Հայքից Իբերիայի թագավորության տարածք մտած Քարտամ I-ի որդի Միհրդատի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը Թռեղքի ճ-մ-ում հաղթեց Միհրան II-ի որդի և հաջորդ Արշակ II-ի (մ.թ.ա. 20 – մ.թ. 16) բանակին[21]։ Արշակ II-ը սպանվեց, իսկ Միհրդատը` Միհրդատ I-ը, հռչակվեց Իբերիայի թագավորության արքա[22]։ Սրանով ոչ միայն Փառնվազյանների տոհմը վերջնականապես զրկվեց իշխանությունից ու Իբերիայի գահին հաստատվեց Վրաց Արշակունիների ճյուղը, այլև այստեղ կրկին ուժեղացան Մեծ Հայքի դիրքերը։

Հաջորդ տասնամյակներում, սակայն, Մեծ Հայքում սկիզբ առած խառնաշփոթի պայմաններում Մեծ Հայքի թագավորության «իբերական» քաղաքականությունը առանձնակի հաջողություններ չկարողացավ արձանագրել և Իբերիայի արքաներն իրենք սկսեցին վարել բավականին անկախ ու հռոմեմատ քաղաքականություն, մի գործընթաց, որը հատկապես լայն թափ ստացավ Միհրդատ I-ի թոռ, խիստ գործունյա ու տաղանդավոր Փարսման I-ի (35-74) օրոք։ Այս պայմաններում Իբերիայի վրա ազդեցությունը պահպանելու և այս երկրում Հռոմի ազդեցությունը սահմանափակելու նպատակով Մեծ Հայքի ու Պարթևական թագավորությունները ստիպված էին միավորել ուժերը, իսկ իրենց հերթին Փարսման I-ի եղբայր Միհրդատը[23] և որդի Հռադամիզդն էլ[24], վայելելով հռոմեացիների աջակցությունը, մի քանի անգամ հաստատվեցին Մեծ Հայքի գահին, թեև այդպես էլ չկարողացան ամրանալ այս դիրքում։

I դարի երկրորդ և II դարի առաջին կեսին տարածաշրջանում ստեղծված քաղաքական հավասարակշռությունը հնարավորություն չտվեց որևէ մի երկրի միանշանակ գերիշխանություն ունենալ Իբերիայի վրա, թեև այս երկիրը այնուհանդերձ որոշակիորեն գտնվում էր Մեծ Հայքի և Պարթևական թագավորության քաղաքական ազդցության ոլորտում։ Իբերիայի դերը հատկապես կարևորվում էր այն հանգամանքով, որ վերջինս յուրօրինակ մի միջնորդ ու բուֆերային գոտի էր հանդիսանում իր հզորության գագաթնակետին հասած Ալանական թագավորության և մյուս երկրների միջև՝ իրեն պետք եղած պահին ի վիճակի լինելով կազմակերպել կամ արգելել սարմատների արշավանքները Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ։ Հենց այս ժամանակ էր նաև, որ վրացիները մասնակցեցին ընդդեմ Մեծ Հայքի ու Պարթևական թագավորության իրականացված Տրայանոսի 114-116 թվականների հայտնի արևելյան արշավանքին, ընդ որում այդ ընթացքում բավականին աչքի ընկան[25]: Արդյունքում հատկապես Փարսման II Խիզախի (120-150) օրոք վերելք ապրող և Հռոմեական կայսրության զգալի աջակցություն վայելող Իբերիան ավելի ու ավելի էր հակվում ինքնուրույն քաղաքականություն վարելուն և այս ձգտումը առժամանակ ապահովվեց որոշակի հաջողություն, սակայն հետագայում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը լրջորեն փոփոխվեց ու առաջ եկան նոր վերադասավորումներ։

___________________

[9][17] Այս իրադարձությունների մասին տեղեկացնում է «Քարթլիս Ցխովրեբա»-ն (Լեոնտիոս Մրովելի և Դավիթ Բագրատունի; Մրովելին որպես ճակատամարտի վայր նշում է Տաշիրը, իսկ Բագրատունին ավելի է կոնկրետացնում` Լոռիի մոտակայքում։ Իր հերթին Մրովելին Իբերիայի արքա Արշակ I Հային (մ.թ.ա. մոտ 93-90) ճանաչում է որպես Վաղարշակ I-ի (մ.թ.ա. 247-225), իսկ Բագրատունին` Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա) որդի, սակայն այս երկու հաղորդումներն էլ սխալ են։ Իրականում, հաշվի առնելով, որ Իբերիայում Արշակ I Հայի թագավորության ժամանակ Մեծ Հայքի արքան էր Տիգրան II Մեծը, կարելի է վստահորեն ասել, որ Արշակը հենց վերջինիս որդին էր։ Հետաքրքիր է, որ այս ժամանակից սկսած էլ հենց մի քանի տասնամյակ Իբերիան ընդունում է Մեծ Հայքի գերիշխանությունը և Իբերիայի բանակը սկսում է գործել Մեծ Հայքի բանակի կազմում։ Այլ աղբյուրներում լռության է մատնված, թե դա ինչպես է կատարվել և վրացական աղբյուրը մեծապես լրացնում է այդ բացը։
[18] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 41։
[19] Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ, Պոմպեոս», գլուխ 34-36; Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 36, գլուխ 54, գիրք 37, գլուխ 3-5; Տիտոս Լիվիոս «Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած», ցանկ; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 6 գլուխ 14; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 16; Ավրելիանոս Վիկտոր «Հայտնի մադկանց մասին», գլուխ 77; Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 42; Ֆլորիանոս «Համառոտագրություններ», գիրք 3, գլուխ 5; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսներիե գիրք 6, գլուխ 4; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 47; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1։
[20] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 44։
[21] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 47։
[22] Մեր պատմագրության կողմից ուշադրության չարժանացած այս տվյալները արժեքավոր տեղեկություններ են պարունակում Իբերիան իրենց ազդեցություն տակ ունենալու համար մղվող պայքարում Մեծ Հայքի և Պարթևական թագավորության մրցակցության հերթական դրվագի մասին։ Բանն այն է, որ եթե նախորդ մի քանի տասնամյակներում Պարթևական թագավորության հրվանավորությունը վայելող և մինչև Արշակ I Հայը (մ.թ.ա. մոտ 93-90) Իբերիայում իշխած Փառնվազյանների տոհմի հետնորդ Միհրան II-ի (մ.թ.ա. 35 - մոտ 20) և վերջինիս որդի Արշակ II-ի օրոք այստեղ ուժեղացել էր պարթևական ազդեցությունը, ապա այժմ Փառնվազ II-ի (մ.թ.ա. մոտ 60 - ուղ. 35) փեսա ու գահակից Քարտամ I-ի (մ.թ.ա. մոտ 38 - ուղ. 35) որդի և Փառնվազ II-ի թոռ, ժամանակին Մեծ Հայքում ապաստանած, այնտեղ մեծացած ու հասկանալի պատճառներով Միհրան II-ին և վերջինիս որդի Արշակ II-ին ատող Միհրդատ I-ի (16-25) գահ բարձրանալով ոչ միայն Փառնվազյանների տոհմը վերջնականապես զրկվեց իշխանությունից ու Իբերիայի գահին հաստատվեց Վրաց Արշակունիների ճյուղը, այլև կրկին ուժեղացան Մեծ Հայքի դիրքերը։ Իր հերթին այդ ժամանակ Մեծ Հայքի գահին գտնվող Վոնոն Պարթևը (12-16) դրանով նաև հարված հասցրեց Պարթևական թագավորության արքա և իր ոխերիմ թշնամի Արտաբանես III-ին։
[23] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 31-35, գիրք 12, գլուխ 44-48; Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 4; Սվետոնիոս «Տասներկու կեսարների կյանքը, Տիբերիոս», մաս 41; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 2; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1։
[24] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 12, գլուխ 44-48, 50, 51, գիրք 13, գլուխ 6, 7; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54։
[25] Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 20:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 02:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
Բանն այն է, որ Վաղարշ I-ից (117-144) հետո Մեծ Հայքի թագավորության արքա դարձավ Տիգրան VII Սոհեմոսը (144-161, 164-186), որը, գահ բարձրանալով Հռոմի աջակցությամբ, արդյունքում խզեց Մեծ Հայքի ու Պարթևական թագավորությունների ավանդական դաշինքը և սկսեց մեծապես դաշնակցել Հռոմի հետ։ Ստեղծված իրավիճակում փաստորեն հռոմեամետ կողմնորոշում որդեգրած Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունները լրջորեն սահմանափակեցին Պարթևական թագավորության ազդեցությունը Հայաստանում ու Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած շրջաններում։ Սրան Պարթևական թագավորությունը կարողացավ պատասխանել միայն Փարսման II-ի դավադիր սպանությամբ և իրեն նվիրված վերջինիս եղբայր Միհրդատին արքա կարգելով։ Միհրդատ II-ի (150-155) գահ բարձրանալով Իբերիայում մի քանի տարով խիստ ուժեղացավ Պարթևական թագավորության ազդեցությունը՝ ի վնաս Հռոմի և այդ ժամանակ նրա դաշնակից Մեծ Հայքի շահերի։ Այս պայմաններում 155 թ-ին գահի հռոմեա-հայկական թեկնածու, Միհրդատ II-ի որդի Համազասպի գլխավորած Իբերիայի ու Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը Հյուսիս-արևելյան Իբերիայում, Լիախվի գետի ափին գտնվող Ռեխի ճ-մ-ում հաղթեց Միհրդատ II-ի բանակին[26]։ Միհրդատ II-ը զոհվեց, իսկ Համազասպը՝ Համազասպ II-ը, հռչակվեց Իբերիայի թագավորության արքա։

Միհրդատ II-ի գահընկեց լինելով և Համազասպ II-ի (155-189) գահ բարձրանալով Իբերիայում կրկին ուժեղացան Հռոմի ու Մեծ Հայքի դիրքերը, սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ Համազասպ II-ը ևս իր հերթին հակվում է պարթևամետ քաղաքականության։ Այս պայմաններում 189 թ-ին իբերական գահի նոր թեկնածուի՝ Տիգրան VII Սոհեմոսի որդի ու Համազասպ II-ի քրոջ որդի Արևի գլխավորած Մեծ Հայքի թագավորության, հռոմեական, ինչպես նաև Իբերիայի ապստամբած իշխանների միացյալ բանակը ու ալանները ջախջախեցին արդեն Համազասպ II-ի բանակին[27]։ Համազասպ II-ը սպանվեց, իսկ Արևը` Ռևը, հռչակվեց Իբերիայի արքա։

Իբերիան Ռևի (180 - մոտ 210), նրա որդի Վաչե Արդարադատի (մոտ 210-225), Վաչեի որդի Բակուր I-ի (մոտ 225-235) և վերջինիս որդի Վարազ-Բակուր I-ի (մոտ 235-253) օրոք ոչ միայն գտնվում էր Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում, այլև, կառավարվելով Ծոփքի թագավորության վերջին արքա Արտանեսի (մ.թ.ա. մոտ 140 - ուղ. 94), իսկ վերջինիս միջոցով նաև Մեծ Հայքի Հայ Արշակունիների շառավիղը հանդիսացող Սոհեմոսյան արքայատան ներկայացուցիչների կողմից, հանդիսանում էր Մեծ Հայքի ամենահավատարիմ դաշնակիցը։

Դրանից հետո, սակայն, Մեծ Հայքի թագավորության արքա Խոսրով I Քաջի (216-252) և դրան կարճ ժամանակ անց հետևած Վարազ-Բակուր I-ի մահից հետո Մեծ Հայքի կտրուկ թուլացման պայմաններում Իբերիայի արքա հռչակվեց Սասանյանների Պարսից թագավորության արքա Շապուհ I-ի (243-273) մանկահասակ որդի Միհրանը` Միհրան III-ը (253-335), որի արդյունքում Իբերիայում հաստատվեց Սասանյան արմատներ ունեցող և հակաարշակունյան քաղաքականություն վարող արդեն երրորդ՝ Խոսրովյանների, արքայատոհմը։ Այս պայմաններում, սկսած III դարի կեսերից մինչև IV դարի կեսերը և հատկապես այն բանից հետո, երբ Մեծ Հայքի գահին Հռոմեական կայսրության աջակցությամբ հաստատվեց Տրդատ II Մեծը, Իբերիայի ու Մեծ Հայքի թագավորության հարաբերությունները սկսեցին խորը ճգնաժամ ապրել։

287 թ-ին Մեծ Հայքի թագավորության գահին հաստատվեց Տրդատ II Մեծը (287-330), որից հետո 288-291 թվականներին Գուգարքում և Իբերիայի թագավորության հարավային այլ տարածքներում փոխադարձ հարձակումների արդյունքում մի քանի անգամ փոփոխակի հաջողություններով բախումներ տեղի ունեցան հռոմեամետ Մեծ Հայքի և պարսկամետ Իբերիայի թագավորությունների միջև[28], որոնք, սակայն, որևէ էական արդյունքի չհանգեցրին։ Ավելին, այն բանից հետո, երբ Պարսից թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի մյուս որդին՝ Ներսեսը (292-302), որն ամենևին էլ հակված չէր աջակցել Միհրանին, վերջինս շտապեց կարգավորել հարաբերությունները հայերի և հռոմեացիների հետ, մանավանդ, որ Իբերիայի թագավորությանը հենց այդ ժամանակ հյուսիսից սկսել էր լրջորեն սպառնալ Հյուսիսային I պատերազմից (215-216) հետո կրկին մեջքն աստիճանաբար ուղղած Բասիլական թագավորությունը: III դարի կեսերից սկսած նոր ուժեր հավաքած Բասիլական թագավորությունը վերսկսել էր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Աղվանքի, ինչպես նաև Հայաստանի արևելյան տարածքների նկատմամբ, ընդ որում հենց այս ժամանակ Մեծ Հայքի թագավորության կտրուկ թուլացման պայմաններում Աղվանքի տարածքում սկսել էր որոշակիորեն գերիշխել Իբերիայի թագավորությունը[29], ինչն էլ հիմնականում հանգեցրեց հարաբերությունների կտրուկ սրացմանը:

313 թ-ին Իբերիայի թագավորության արքա Միհրան III Մեծը, որն ինքն էլ վաղուց արդեն երիտասարդ չէր ու երկար ժամանակ էր արդեն, որ, հաշտվելով Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ II Մեծի հետ ու ստանալով վերջինիս աջակցությունը, արդեն շատ տարիներ համառ ու փոփոխակի հաջողությամբ պայքար էր մղում հյուսիսից իր թագավորության վրա հարձակվող Բասիլական թագավորության դեմ, հենց այդ տարի անհաջողության մատնվեց ու, նահանջելով դեպի հարավ, պատսպարվեց Տրդատի տիրույթներում[30]։ Միհրանն իր հետ Հայաստան պատերազմ բերեց և հաջորդ երկու տարիներին Կովկասից հարավ ընկած տարածքներում փոթորկվում էր Հյուսիսային II պատերազմը (313-315), որն ի վերջո ավարտվեց Բասիլական թագավորության ջախջախիչ պարտությամբ։ Հենց այս իրադարձություններից հետո էր, ի դեպ ասած, որ, հետևելով Տրդատ II Մեծի օրինակին, 320-ական թվականների առաջին կեսին քրիստոնեությունը իր թագավորության համար որպես պետական կրոն ընդունեց նաև Միհրան III Մեծը:

___________________

[9][26] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»։
[27] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 57։
[28] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 63; Աբբաս-ղուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1։
[29] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»։
[30] Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 02:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
369 թ-ին Պարսից թագավորության դեմ մղվող ու Մեծ Հայքի թագավորության համար անչափ ծանր ընթացք ստացած պատերազմից օգտվելով Իբերիայի թագավորության հերթական արքա Վարազ-Բակուր I-ը (368-378՝ համիշխան, 378-394) գրավեց Գուգարքը, սակայն այս հաջողությունը ևս վերջնական չէր, քանզի Մեծ Հայքի թագավորության երիտասարդ արքա Պապի (368-374) խիստ հայրենանվեր սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի ջանքերով 370 թ-ին այս նահանգը կրկին Մեծ Հայքի թագավորության սահմաններում էր[31]։ Գուգարքը հայտնվեց Իբերիայի թագավորության սահմաններում միայն 387 թ-ից հետո, ընդ որում այս անգամ էլ արդեն Գուգարքի հայերը ապստամբեցին և, վայելելով Հռոմեական կայսրության աջակցությունը, Գուգարքի արևմտյան հատվածը կազմող Կղարջքը պոկեցին Իբերիայի թագավորությունից և մտցրին Հռոմի տիրապետության տակ[32]:

V դարի սկիզբը նշանավորվեց Կովկասյան լեռնաշղթայից հարավ գտնվող թագավորությունների ընդհանուր անկումով: Մեծ Հայքի թագավորությունն ընկավ 428 թ-ին, Մազքութական Աղվանքի թագավորությունը, որը դե-ֆակտո վաղուց արդեն գոյություն չուներ, դե-յուրե վերացվեց 460 թ-ին, սակայն ավելի լավ չէր նաև առժամանակ դիրքերը կարծես թե պահպանած Իբերիայի թագավորության վիճակը: Իբերիայի թագավորության բավականին ռազմունակ բնավորության տեր արքա Միհրդատ IV-ը (409-411) համառ պայքար մղեց Պարսից թագավորության դեմ[33], սակայն 411 թ-ին այնուհանդերձ պարտության մատնվեց ու գերվեց[34], իսկ նրա թագավորությունն էլ հսկայական կորուստներ կրեց: Պարսից թագավորության դեմ, օգտվելով վերջինիս ժամանակավոր անհաջողություններից ու դժվարություններից, քիչ ավելի հաջող գործեց Իբերիայի թագավորության հաջորդ ու ավելի զգուշավոր արքա Արչիլը (411-435), որը սկզբում 420 թ-ին Դեբետ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց Պարսից թագավորության բանակին[35] ու ոտնատակ տվեց Աղվանքի տարածքը, իսկ 427 թ-ին էլ՝ կրկնեց հարվածը: Այնուհանդերձ այս արքայի օրոք ևս Իբերիայի թագավորությունը շարունակում էր աստիճանաբար թուլանալ, իսկ նրա կախվածությունն էլ Պարսից թագավորությունից դարձել էր թերևս արդեն կայացած փաստ: Հետաքրքիր է, որ, սկսած այս ժամանակներից, չնայած մեծ Հայքի թագավորությունն արդեն չկար, սակայն բուն Իբերիայի թագավորությունն ինքն էլ այնքան էր թուլացել, որ Հայոց մարզպանության և Իբերիայի թագավորության տարածքը IV դարի վերջից մինչև VI դարի սկիզբը գրեթե հավասար կերպով էին ենթարկվում Պարսից թագավորությանը, ընդ որում առանձին հայ առաջատար նախարարներ երբեմն ըստ էության ավելի հզոր էին, քան Իբերիայի թագավորության այս կամ արքան։ Իրավիճակը չկարողացավ էականորեն փոխել նաև ռազմունակ ու պատերազմասեր Վախթանգ I Գորգասալը (446-491), որը իր բավականին երկարատև գահակալության ընթացքում Պարսից թագավորության դեմ պայքարելու գործում կարծես թե քամել էր իր թագավորության բոլոր կենսահյութերը և արդյունքում այս արքայի մահից հետո Իբերիայի թագավորությունը սկսեց անկում ապրել ավելի արագ տեմպերով։ Այսպիսով V դարի վերջին երկու թագավորություններն էլ փաստորեն արդեն ըստ էության չկային, սակայն հատկանշական է, որ այս պայմաններում Գուգարքի և Հյուսիսային Հայաստանի այլ շրջանների համար մղվող հինավուրց վեճը ի վերջո ստացավ անակնկալ և շատ հետաքրքիր մի լուծում:

523 թ-ին Իբերիայում բռնկվեց հերթական ապստամբությունը Պարսից թագավորության դեմ, որի պարտությունից հետո Իբերիայի արքա Դաչին (491-523) գահընկեց արվեց, իսկ Իբերիայի թագավորությունը կտրուկ ու վերջնականապես թուլացավ։ Արդեն Դաչիի որդի Բակուր IV-ը (523 - մոտ 540), վերջինիս որդի Փարսման V-ը (մոտ 540-558), սրա եղբոր տղա Փարսման VI-ը (մոտ 558-565) և վերջինիս որդի Բակուր V-ը (մոտ 565-570) տեղի կենտրոնախույս ֆեոդալական ուժերի հզորացման ու Պարսից թագավորության ահագնացող ճնշման պայմաններում ըստ էության զրկված էին որևէ իրական իշխանությունից։

___________________

[9][31] Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 5, գլուխ 15:
[32] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Ջիվանշիր Ջիվանշիրյան «Վախթանգ Գորգասալի կյանքը»։
[33] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Ջիվանշիր Ջիվանշիրյան «Վախթանգ Գորգասալի կյանքը»:
[34] «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Ջիվանշիր Ջիվանշիրյան «Վախթանգ Գորգասալի կյանքը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 69:
[35] «Քարթլիս-Ցխովրեբա», Ջիվանշիր Ջիվանշիրյան «Վախթանգ Գորգասալի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царства Великий Айк и Иберия: Северный сосед Армении...
СообщениеДобавлено: 27 окт 2019, 02:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25935
Откуда: Армения, Ереван
Միաժամանակ, սակայն, արդեն սկսած Բակուր IV-ի կառավարման սկզբից, Պարսից թագավորությունը սկսեց ավելի ու ավելի մեծ տեղ հատկացնել Տայք և Գուգարք նահանգներում հսկայական կալվածքների տեր Բագրատունիներին՝ ձգտելով ի դեմս նրանց ոչ միայն ուղղորդել Իբերիայի վերջին արքաների դեմ հանդես եկող կենտրոնախույս ուժերին, այլև Բագրատունիների միջոցով վերջիններիս դեմ ստեղծել հզոր մի հակակշիռ։ Այս պայմաններում VI դարի սկզբերից սկսած Բագրատունիները աստիճանաբար հասնում են մեծ հզորության` իրենց փաստացի ազդեցությունը տարածելով նաև Տայքից ու Գուգարքից հյուսիս ընկած Վրաստանի վրա, որտեղ սեփական արքաներից դժգոհ վրաց իշխանները ավելի շատ հակված էին ենթարկվել ոչ թե իրենցից բարձր դիրք ունեցող միապետին, այլ` թեև իրենցից հզոր, սակայն այնուհանդերձ ըստ էության իրենցից յուրաքանչյուրին հավասար կարգավիճակ ունեցող Բագրատունիներին։

Զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված տեղայնական ուժերի հզորացման և կենտրոնական իշխանության թուլացման անխուսափելի այս գործընթացը իր տրամաբանական վախճանին հասավ 570 թ-ին, երբ Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանը (531-579) գահընկեց արեց Իբերիայի թագավորության վերջին արքա Բակուր V-ին, սակայն միաժամանակ նաև, ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում չզգալով իրեն բավարար ամուր, Վրաստանի տարածքի կառավարումը թողեց տեղական իշխաններին։ Առաջացած իշխանության վակումի այս պայմաններում Վրաստանի էրիսմտավար (իշխանաց-իշխան) հռչակվեց Մովսես Խորենացու հովանավոր Սահակ Բագրատունու որդի Սմբատի (482 - մոտ 505) տղա, Վախթանգ I Գորգասալի (446-491) աղջկա հետ ամուսնացած Բագրատի (մոտ 505-515) որդի Գուրգեն-Գուարմի (527-532) տղա Բագրատի (532-568) որդի Գուրգեն-Գուարամը (568-595), որը դրա հետ միաժամանակ նաև Բյուզանդիայի կայսր Հուստինոս II-ից (565-578) ստացավ կյուրողապատի կոչում[36]։

Սրանով.
ա) դե-յուրե ամրագրվեց արդեն կես դարից ավել դե-ֆակտո գոյություն ունեցող վիճակը` Բագրատունիների առաջնայնության հաստատումը Վրաստանում։
բ) Բագրատունիների կրտսեր ճյուղը` Հյուսիսային Բագրատունիները, ձեռք բերեցին իրենց գլխավոր ճյուղին հավասար հզորություն։

Այսպիսով Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունների բարդ և հակասական իրադարձություններով լի հարևանության մի քանի հարյուրամյա դարաշրջանը ավարտվեց։ Հատկանշական է ու օրինաչափ նաև, որ այս դարաշրջանը ավարտվեց ոչ պակաս բարդ ու հակասական ձևով` Հյուսիսային Հայաստանի և Իբերիայի միավորումով Հայոց Բագրատունիների տիրապետության տակ։

___________________

[9][36] Համաձայն Ջիվանշիր Ջիվանշիրյանի. «Այդ ժամանակ կայսրը հարգեց վրաց իշխանների խնդրանքը և որպես արքա նրանց տվեց Վախթանգի հույն կնոջից ծնված Միհրդատ անունով որդու քրոջորդուն, որի անունը Գուարմ էր և որն իշխում էր Կղարջքում ու Ջավախքում»: Այսպիսով, ըստ այս հեղինակի, Գուարամը Վախթանգ Գորգասալի աղջկա որդին էր, քանի որ, ըստ հեղինակի, Գուարմը Միհրդատի քրոջ տղան էր, իսկ Միհրդատն էլ, ինչպես ասվեց, Վախթանգի որդին էր: Իր հերթին, Սմբատ Դավիթսիձեն գրում է. «Այս չորս (Բագրատունի – Մ.Հ.) եղբայրները ժամանեցին Քարթլի և նրանցից մեկին՝ Գուարմին, այստեղ ընտրեցին էրիսթավ: Հենց սա է, Քարթլիի այս էրիսթավը, որ Բագրատունիների նախահայրն է, քանզի բոլոր վրաց Բագրատունիները հանդիսանում են հենց նրա իսկ հետնորդները»: Արդյունքում փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ Գուարմը հոր կողմից Բագրատունի էր ու, քանի որ մոր կողմից էլ Վախթանգի որդի Միհրդատի քրոջորդին էր, դուրս է գալիս, որ Գուարմի հայրը ամուսնացած էր Վախթանգի աղջկա հետ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 6 ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB