Հայոց դյուցազնավեպում Սուրբ Նշանը տրվում է բացառապես հայոց դյուցազուններին և հենց այն ժամանակ, երբ նրանք լիարժեք իրենց վրա են վերցնում Հայոց Սրբազան Տիեզերական Առաքելության իրականացումը: Դյուցազնավեպում Արտատեր Պառավի հուշումը ստանալուց հետո Դավիթը Ձենով Հովանից պահանջում է այն ամենը, ինչ պատկանել է իր հորը՝ Մհերին: Հովանը նրան է տալիս Մհերի զենքն ու զրահը և անգամ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին: Դավիթը Հովանից ուզում է նաև Խաչ Պատերազմին. Ասաց.- Հրողբեր, Տուր ինձ Մհերի Խաչ Պատերազմին: Հրողբերն ասաց.- Ես չեմ կարնա տա. Թե արժան ես՝ կը գա քո թևին, Թե արժան չես՝ չի գա քո թևին: Էդտեղ Աստծու հրամանով Խաչ Պատերազմին իջավ վեր աջ թևին: (Սասունցի Դավիթ էպոսի համահավաք հրատարակություն, «Արևիկ», 1989թ., էջ 314) Ստացվում է, որ Խաչ Պատերազմին ստանում են արժանանալով: Թե ի՞նչ դպրոց է պետք անցնել և ի՞նչ փորձառություն ունենալ դրան արժանանալու համար՝ կարելի է հասկանալ Հայոց Տիեզերավեպի հետ հատուկ առաջնորդությամբ ծանոթանալով միայն: Պատումներից մեկում Քեռի Թորոսը Մարութա Վանքից Դավթին է բերում Սուրբ Նշանի նյութական օրինակներից մեկը. -Ես կերթամ Բանձրիկ Մարաթուկ, Մեկ Սըփ Նշան մի կա հոնի, հանիմ ու բերիմ: Սըփ Նշան էն տեղեն հանեց ու բերեց. Բերեց, տվեց Դավթին: Դավիթ համբուրեց, դրեց ծոց: (Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 74, պատմող՝ Ապարանցի Մուրադ) Այստեղ Սըփ Նշանը ստանալուց հետո Դավիթը մի կարևոր խոսք է ասում Քեռի Թորոսին. Քեռի Թորոսիկ հարցուց թե.- Դավի՛թ, Իմա՞լ կերթաս կռիվ Մսրամելիքի հետ: Ըսեց.- Քեռի՛ Թորոսիկ, Յոթ օր գառու միս, բրընձ-փլավ չուտիմ, Մսրամելիքի հետ կռիվ չըմ էնի: (Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 74, պատմող՝ Ապարանցի Մուրադ) Յոթ օր ինչ-որ բան անել-չանելը իհարկե պատահական չէ: Ակնհայտ է, որ Դավիթն արդեն իսկ որոշակի գիտելիք ունի Սըփ Խաչի և նրա հետ վարվելու կարգի մասին: Էպոսում թվերն ունեն որոշակի գաղտնի, բայց և հստակ օրենքների ենթարկվող նշանակություն: Յոթը «Է»-ի թվաբանական համարժեքն է, «Է»-ի համարը (տունը) հայոց Այբուբենում (նաև նախամաշտոցյան տառային համակարգում): Ի դեպ, 7 թիվը որոշակի ձևով դրսևորվում է ամեն անգամ, երբ խոսք է գնում Սուրբ Նշանի մասին: Էպոսի այս պատումում «Է»-ն կիրառելու կարգն իմանալու և այն պահելու շնորհիվ Դավիթը հաղթում է Մըսրա Մելիքին: Բայց ահա այլ է խնդիրը մեկ այլ պատումում: Խլաթցիները խոչընդոտում են Դավթին հասնել Սասուն, և Դավիթն առաջարկում է Սասունից հետ գալ և կռվել նրանց հետ. Ու ըդունք չհավտըցան: -Օր հըմալ է,- ասեցին,- Դե երդըվցի քո ծոցի Սուրբ Նշան, օր ավտանք: Դավիթ լե ձեռք զարկեց վըր սանդրին՝ Օր ուր խելքով զսանդր տ՛երդվեր, Ձեռք առ Սուրբ Նշանին: Ու Սուրբ Նշանի հունար լե էն էր, Օր զինք պիտի չերդվըներ: Ու Դավիթ առավ զԽանդուդ, Ու տարավ ի Սասնու բերդ: Ձեռք մտոից ի ծոցք, տեսավ, Օր Սուրբ Նշան էր ընկի ըն թարաֆի ծոցք. Ու ինք զէն էր էրդվըցե: Ասեց. «Էլ իմ բան բաթալ է, Էրթամ լե բոշ, չերթամ լե. Ըմա ախր տ՛երթամ»: (Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 43, պատմող՝ Տարոնցի Կրպո) Այն բանի համար, որ Դավիթը երդվում է Սուրբ Նշանով և խախտում է Սրբազան կարգը, նա սպանվում է: Այսինքն՝ ուժ ու հաղթանակ պարգևող «Է»-ն սխալ կիրառման դեպքում կարող է նաև մահաբեր լինել: Այս Սրբազան Օրենքի մասին ավելի ուշ հստակ խոսելու էր Հիսուսը. Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: Այլ ձեր խօսքը լինի՝ «այո»-ն՝ «այո», եւ «ոչ»-ը՝ «ոչ». որովհետեւ դրանից աւելին չարից է: (Մատթեոս 5:36-37) Երդվելն ինքնին չի խրախուսվում էպոսում, «Է»-ով երդվելն առավել ևս, իսկ երդվելն ու երդումը դրժելը պատժվում է ամենախիստ ձևով: Պատումներից մեկում Չմշկիկ Սուլթանը Դավթին հրավիրում է մենամարտելու և Դավթից երդում է պոկում, որ նա յոթ օրից գա և կռվի. Տը գաս սդա, իս տու կռիվ մ՛ենինք: Թե տու ըզզի սպանիցիր՝ Խանդութ խաթունի ծուց պառկի. Թե իս ըզքի սպանիցի՝ Իս ել, Խանդութ խաթուն ել թըղ կենանք վորբավարի: Դավիթ եսաց.- Ասոր մարդ կա խա ձի, Հարմատ կա խա ձի. Ընչ իմ յոթ որ լըմանա՝ գամ քու կռիվ: Չմշկիկ Սուլթան ասաց. -Խաչ Պատրազին հերդըվցի: Դավիթ եսաց. -Նա Խաչ Պատրազին, ընչ վար իմ աջ թևին՝ Իմ յոթ որ լըմանա՝ իս գամ քու կռիվ: Դավիթ գնաց, Խանդութ խաթունի ծուց պառկավ. Յոթ օր եր կավլ երի՝ գնաց յոթ տարի: (Սասնա Ծռեր, Ա հատոր, Երևան, 1936թ., էջ 99, պատմող՝ Մոկացի Խապոյենց Զատիկ) Հերիք չէ Դավիթը խախտում է «Է»-ով՝ Աստծո անունով չերդվելու կարգը, նա նաև խախտում է իր երդումը: Պատասխանը լինում է անողոք: Անցնում է ուղիղ յոթ տարի: Մի օր Դավթի աչքն ընկնում է իր աջին, և նա տեսնում է, որ Խաչ Պատրազին սևացել է: Խաչը սևանում է, և Դավթի վախճանն արդեն կանխորոշված է: Նա գնում է Չմշկիկ Սուլթանի մոտ խոստումը կատարելու և սպանվում է վերջինիս կողմից: Հասկանալու համար, որ Սուրբ Նշանը կամ Խաչ Պատերազմին հենց «Է»-ն է և ոչ այլ խորհրդանիշ, բերենք մի խիստ հատկանշական օրինակ: Էպոսի դրվագներից մեկում իրար են հանդիպում Սուրբ Սարգիսն ու Դավիթը: Նախ Սուրբ Սարգիսն է համբուրում Դավթի Սուրբ Նշանը, հետո նոր Դավիթը՝ Սարգսին: Դավիթն իր Սուրբ Նշանով ավելի աստվածային է, քան Սուրբ Սարգիսը: Քշեց, գնաց, շատ, քիչ՝ Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա: Էկավ, տեսավ օր Սըփ Սարգիսն է: Դավիթ գնաց, օր Սըփ Սարգսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց. -Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե: Հանեց Սըփ Նշան, համբուրեց Սըփ Սարգիս, էն լէ Սըփ Սարգսին համբուրեց: -Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին: (Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 86, պատմող՝ Ապարանցի Մուրադ) Այստեղ Սուրբ Սարգիսն ընդունում է Դավթի խորհրդանիշի գերակայությունը, և դժվար չէ գլխի ընկնել, թե որն էր Դավթի Նշանը և որը՝ Սուրբ Սարգսինը: Ի դեպ, հոգևոր առավելության նման դրսևորում նկարագրվում է Հին Կտակարանում, երբ հանդիպում են Մելքիսեդեկն ու Աբրահամը: Այդ դրվագում Սաղեմի արքա Մելքիսեդեկը ընդառաջ գալով Աբրահամին՝ նրան հաց ու գինի է հյուրասիրում, օրհնում և նրանից ստանում տասանորդը: Հայտնի է, որ օրհնություն տալիս է կարգավիճակով ավագը կրտսերին: Խիստ էական մի դրվագ ևս կարևորագույն հուշում է պարունակում իր մեջ: Այս դրվագը հանդիպում է էպոսի տարբեր պատումներում և մեզ է փոխանցում շատ կարևոր մի տեղեկություն: Ըսեց.- Բերեք, Մսրամելիք պառկըցունք, Ինչ խըդըր ձըզի թաղիս, կարպետ, փալաս կա, Լցեք վրեն, ու ես իմ մեկ դըրբ պըդի զարկիմ: Բերին, լցին վրեն: Ու Սըփ Նշան կանչեց, ու էկավ, զարկեց. Զարկելուն՝ կտրեց, մեկ գազ լե իջավ գետին: (Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 77, պատմող՝ Ապարանցի Մուրադ) Այստեղ Դավիթը կանչում է Սուրբ Նշանը: Իսկ ինչպե՞ս նա պետք է կանչեր այն, եթե այդ նշանը ձայնային, հնչյունային համարժեք չունենար: Ինչպե՞ս էր նա կանչելու, ասենք, խաչը, սվաստիկան կամ հավերժության նշանը: Հայերը, վաղեմի սովորությամբ, երբ բաժակ են բարձրացնում, խմելուց առաջ նայում են վեր, արտաբերում են «Է» ու նոր խմում: Դավիթը թրով Մելիքին զարկելուց առաջ պետք է տար Բարձրյալի անունը՝ կանչեր «Է» և հետո հարվածեր: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հայերը միակ ժողովուրդն են, ովքեր երբ խոսքեր չեն գտնում զգացածն արտահայտելու համար, ասում են՝ «Էէէէէէէէ»: «Է»-ն իր հոգևոր-կիրառական նշանակությունն ունեցել է նախահեթանոսական շրջանում, հեթանոսական շրջանում, այնուհետև այն պահպանել և այսօր էլ կրում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: «Է»-ի վերաբերյալ իրենց խիստ արժեքավոր հիշատակումներն ունեն տարբեր դարաշրջանների Հայ Եկեղեցու հայրերն ու պատմիչները: Մեր առջև այստեղ դրված խնդրի շրջանակներում ավելացնենք միայն, որ «Է»-ն իր կարևոր նշանակությունն ունի նաև այլ Հոգևոր Սրբազան Ավանդույթներում: «Է»-ն է մինչև օրս մեծագույն գաղտնիք հանդիսացող «Յոթնագրյանք» գրերի բացման բանալին, և միայն «Է»-ի խորհուրդն ու կիրառական նշանակությունը հասկանալով կարելի է հասկանալ «Յոթնագրյանքները»: Ավելացնենք նաև, որ ոչ այնքան պատահական զուգադիպությամբ «Է»-ն հանդիսանում է Արեգակից սկսած 7-րդ մոլորակ Երևակի (Սատուրնի) խորհրդանիշը (ђ): «Է»-ի և նրա հայելային պատկերի միացումից է գոյանում քրիստոնեական խաչը, իսկ «Է»-ի սիմետրիկ քառապատկումը ծնունդ է տալիս սվաստիկային: Այստեղ մենք խնդիր չունենք առավել մանրամասն պարզաբանելու նշված «զուգադիպությունները» և դրանց հարկ եղած դեպքում կանդրադառնանք հետագայում: Վերը բերվածներից բխող հետևությունն ակնհայտ է. «Է»-ն Բարձրյալ Աստծո գերագույն քահանայապետի՝ Մելիքսեթ քահանայի (Մելքիսեդեկի) հոգևոր բանալիներից է: Այն Արարչից տրված է որպես Աստծուն ճանաչելու, նրա հետ հարաբերվելու և նրան ծառայելու խորհրդանիշ: Հեռու չէ այն օրը, երբ Հայոց Սրբազան Առաքելությանը ծառայողները կսկեն կրել Հայ Եկեղեցու կողմից օրհնված «Է»-ն, և դա Հայոց Հոգևոր Համակարգի վերականգնման և ամրապնդման տեսանելի նախանշաններից մեկը կլինի:
|