«20 ժամվա ընթացքում «Ցվիկայի ջոկատը» (այդպես էր այն կանչվում ռադիոկապով), դիրքավորումը փոխելով և խուսավարելով, մարտնչում էր սիրիացիների դեմ` երբեմն միայնակ, երբեմն ավելի խոշոր ջոկատի կազմում` բազմաթիվ անգամներ փոխելով հրասայլերը, որոնք վնասվում ու շարքից դուրս էին գալիս: Նա վիրավոր էր` ստացել էր այրվածքներ, բայց չէր լքում շարքերը և անընդհատ հայտնվում էր ամենավճռորոշ պահին, ամենաանսպասելի ուղղություններից` այդկերպ փոխելով հարվածների ուղղությունը»[20]: Իր գործողությունների համար Ցվիկա Գրինգոլդը պարգևատրվել է Իսրայելի բարձրագույն զինվորական պարգևով` «Հերոսության համար» շքանշանով: Փաստորեն, շուրջ երեք օր իսրայելական բանակի ոչ լիարժեք օպերատիվ զորախումբը` կազմված երկու ոչ լիարժեք բրիգադներից, օգտվելով տեղանքից և մարտավարական հնարքներ կիրառելով, կարողացավ դիմակայել սիրիական բանակի հզոր ռազմավարական զորախմբին:
Պահեստազորայինների գալուն պես իրավիճակը Գոլանի բարձրավանդակում սկսեց արմատապես փոխվել: Համալրող զորքերին հաջողվեց սկզբում դանդաղեցնել, ապա` հոկտեմբերի 8-ից սկսած, կանգնեցնել սիրիական բանակի առաջխաղացումը: Լայն տարածությամբ աչքի չընկնող Գոլանի բարձունքն, իհարկե, չէր կարող ծառայել որպես բուֆեր, ինչպես Սինայի թերակղզին էր հարավում, սակայն այն բավական լուրջ մարտավարական ամրություն էր, որը թույլ չէր տալիս սիրիական ստորաբաժանումներին հրթիռակոծել ներքևում գտնվող իսրայելական բնակավայրերը: Իսրայելական զորքերի վճռական հակագրոհները իրենց նպատակին հասան. չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 10-ին, վերջին սիրիական միավորումը դուրս մղվեց «Կարմիր գծից»` մինչպատերազմյան հրադադարի սահմանագծից[21]:
Հոկտեմբերի 9-ին իսրայելական օդուժն սկսեց հարվածել Սիրիայի գլխավոր մարտավարական օբյեկտներին, նույն օրը «ջախջախվում է» սիրիական գլխավոր շտաբը[22]:
Իսրայելի ռազմական ղեկավարությունը կանգնած էր երկընտրանքի առջև` շարժվել առա՞ջ, այսինքն` գնալ հարձակման սիրիական տարածքում, թե՞ բավարարվել 1967թ. սահմանով: Հոկտեմբերի 10-ի ամբողջ օրը իսրայելական հրամանատարությունը քննարկում էր այդ հարցը: Զինվորականներից շատերը հարձակումը դադարեցնելու կողմնակից էին, քանի որ դա թույլ կտար ավելի շատ զորամիավորում տեղափոխել Սինայի թերակղզի, որտեղ դրանից երկու օր առաջ Խիզայոնի շրջանում Շմուել Հոնենը պարտություն էր կրել: Ոմանք էլ կողմ էին հարձակմանը Դամասկոսի ուղղությամբ: Նրանց կարծիքով` այդ քայլը դուրս կմղեր Սիրիային պատերազմից և կամրապնդեր Իսրայելի կարգավիճակը` որպես տարածաշրջանային գերտերության: Հարձակման հակառակորդները պնդում էին, որ սիրիական տարածքում կան բազմաթիվ հզոր պաշտպանական ամրություններ` հակատանկային խրամատներ, ականապատ դաշտեր, երկարաժամկետ կրակակետեր, ինչի պատճառով սիրիական բանակի հարձակումը վերսկսելու դեպքում ավելի հարմար կլինի պաշտպանվել` օգտագործելով Գոլանի բարձունքների առավելությունները, քան սիրիական հարթավայրային տեղանքը: Բանավեճի վերջակետը դրեց վարչապետ Գոլդա Մեյերը: Նրա կամային որոշումը քաղաքական էր և վերջնական` անցնել «Կարմիր գիծը»… Հարձակումը նախատեսած էր հաջորդ օրը` հինգշաբթի` հոկտեմբերի 11-ին:
Հոկտեմբերի 11-14-ը իսրայելական բանակը շարժվեց դեպի սիրիական տարածքների խորքը` գրավելով 32կմ2: Սակայն արաբական զորքերը կարողացան կազմակերպված ձևով նահանջել դեպի երկրորդ գիծը: Ծանր հրետանին այս նոր դիրքերից հնարավորություն էր ստանում ռմբակոծել ճակատից 40 կմ հեռավորության վրա գտնվող Դամասկոսը: Փաստորեն, սիրիական ճակատում իսրայելական բանակը ավելի ծանր մարտեր է մղել, սակայն ավելի շուտ է հաջողության հասել:
Երկու ռազմաճակատում էլ, տեղի ունեցած խոշոր տանկային մարտերի հետ զուգահեռ, իրականացվում էր ինտենսիվ հրատենային կրակ, ծավալվում էին տասնյակ ինքնաթիռների օդային և հակաօդային մարտեր: Լայնորեն կիրառվեցին ՀՏՂՀ-ներ և ՀՕՊ-ի հրթիռներ:
Արաբական ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, Դամասկոսի և Կահիրեի գրավելու վտանգը ստիպեց դադարեցնել մարտական գործողությունները: Իսրայելական տանկային դիվիզիաների հարձակումները շատ գրագետ էին և համագործակցված:
Արևմտյան (հիմնականում ամերիկյան) մոդելով կամաց-կամաց մարտի ծանրության կենտրոնը բարձրանում էր երկինք: Եվ այդ նոր մոդելի հաստատման գործում իրենց մեծ դերն էին խաղում նաև իսրայելական ՌՕՈՒ-ները: Խորհրդային մասնագետները համարում էին, որ ճիշտ հետևություն են կատարել նրանով, որ մեծացրել են ՑԶ-ի ՀՕՊ միջոցների խտությունը, ավելացրել են նշանակետերի ուղիները` դիվիզիաների համար հասցնելով մի քանի տասնյակի: Սակայն հիմնական սխալը մնում էր չուղղված:
1. Կործանիչները հիմնական դերակատար չէին դառնում` չնայած քանակի ավելացմանը:
2. Դրանց տեխնիկական և մարտական պատրաստության մակարդակը, ինչպես նաև ինքնուրույնությունը ցածր էին:
3. Համագործակցությունը ՀՕՊ-ի ցամաքային բաղադրիչների միջև, ինչպես նաև կործանիչների հետ շատ ցածր մակարդակի վրա էր:
4. Չկային մարտի վարման ավտոմատացված էլեկտրոնային համակարգեր, հատկապես` օդային:
Այս պատերազմում տեղի ունեցավ ցամաքային ՀՕՊ-ի կառուցման խորհրդային մոդելի վերջնական վիժում, սակայն ինչպես կերևա հետո, միևնույն է, խորհրդային գեներալները գնում էին ուրույն ճանապարհով: Թեև խորհրդային ԶՀՀ-ները և այլ զենիթային միջոցները արդեն բավականին շարժունակ էին և նախատեսված նաև զրահատեխնիկայի պաշտպանության համար, իրականում այդ խնդիրը չկարողացան լուծել: Եվ հետաքրքիրն այն էր, որ եգիպտացի գեներալներից որոշները դա հստակ գիտակցում էին: Հոկտեմբերի 14-ից սկսված` Սինայում եգիպտական նոր գրոհի ժամանակ ՑԶ-ները, զրկվելով գերհագեցած ԶՀՀ-ների աջակցությունից, հայտնվեցին իսրայելական օդուժի հարվածների տակ և մեծ կորուստներ կրեցին, եթե չասենք` ոչնչացվեցին: Դուրս գալով այդ գոտուց` եգիպտական ՀՕՊ միջոցների քանակը շեշտակի կրճատվեց, քանի որ ոչ բոլոր համալիրներն էին իրականում շարժունակ, իսկ կործանիչները ոչինչ անել չկարողացան: Այսինքն` եգիպտական բանակը արագաշարժ գործողությունների անպատրաստ էր, խորհրդային մեծաքանակ հակատանկային և ՀՕՊ միջոցները ոչինչ չտվեցին: Մասնավորապես` մեծաքանակ շարժական ՀՕՊ միջոցները չկարողացան ապահովել այն պաշտպանությունը, որի համար ստեղծվել էին: Նմանները այս պատերազմում հատկապես շատ էին` «Куб 2К12», «Стрела-2» և այլն: Կործանիչների մասին նորից խոսք չկա: Սակայն հետաքրքիրն այն է, որ իսրայելական բանակը, չունենալով նման մեծաքանակ շարժական ՀՕՊ միջոցներ, հարցը փայլուն լուծեց, քանի որ խնդիրը հիմնականում լուծում էին կործանիչները: Կրկին փաստվեց, որ ամենալավ ՀՕՊ միջոցը կործանիչն է: Այդ ճկուն մեքենաները, օդային գերակայություն ապահովելով միաժամանակ օդից, պատսպարում էին արագաշարժ իսրայելական տանկային դիվիզիաներին, որոնք ճեղքելով առաջ էին ընթանում` ունենալով քիչ հետևակ ու հրետանու մշտական պակաս: Բլիցկրիգը շարունակում էր իր հաղթարշավը:
ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվ միջամտության շնորհիվ` բախումը լուծման փուլ մտավ: Պատերազմը տևեց 19 օր: Կողմերը կորցրեցին 20 հազար սպանված, 2,7 հազար տանկ, 500 ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա:
Պատերազմը պատահական օր չէր, որ սկսվել էր: Հոկտեմբերի 6-ը հրեական Յոմ Կիպուր տոնի օրն էր, ինչը վկայում էր հանկարծակիության գործոնի դերի հետագա աճի մասին:
Չնայած նրան, որ եգիպտական և սիրիական բանակները խորհրդային ռազմագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչների կողմից երկար պատրաստվել ու պլանավորել էին պատերազմը, ժամանակի և միջոցների խնդիր չունեին և կարողացել էին լավ քողարկել իրենց պլանները, կրեցին պարտություն: Պարտությունը ուներ հստակ մի քանի պատճառ`
Զորքերի և հատկապես զորատեսակների դերակատարության սխալ մոտեցում, Գործողությունների վատ կառավարում, հատկապես զորատեսակների միջև, Նախաձեռնողականության զիջում, անհամարձակ կառավարում, Հրամանատարության ինքնուրույնության պակաս, Տեխնիկական հագեցվածության պակաս, հատկապես` կառավարման տեխնոլոգիաների: Արաբական երկրները օպերատիվ արվեստի առումով որևէ նոր նվաճում չունեցան, բոլոր լուծումներն ու մոտեցումները խորհրդային էին և բավականին վատ կատարմամբ: Զորքերն ու զորամիավորումները կիրառվում էին մեծ խտությամբ, երկար նախապատրաստությունից հետո, մեծ էշելոնացվածությամբ, դանդաղ, հզոր կրակային աջակցության պարագայում և հրամանատարների թույլ ինքնուրույնությամբ: Բանակներն ու բանակախմբերը կիրառվում էին երկու և ավելի շարակազմերով: Ճեղքման համար նախատեսված զորամիավորումները գործում էին առաջին շարակազմում, լավ հագեցած էին, սակայն ինքնագնաց հրետանու և հատկապես դրա կառավարման խնդիր ունեին: Հարձակման արագությունը բավականին դանդաղ էր, օդային դեսանտի կիրառությունը` սահմանափակ:
Իսրայելի այս հաղթանակը ճակատագրական եղավ ամբողջ արևմտյան ռազմական մտքի համար: Վիետնամական պատերազմում ունեցած ծանր պարտությունից հետո ամերիկյան ռազմական միտքը գտնվում էր որոշակի հոգեբանական անկման մեջ, և այս հաղթանակն ուղղակի փրկության պես մի բան էր նրանց համար, ովքեր շարունակում էին պնդել, որ Վիետնամում նրանք համակարգային պարտություն չեն կրել խորհրդային ռազմական համակարգից, և հնարավոր է կանգնեցնել խորհրդային տանկային լավաները: Այս պատերազմի փորձի ուսումնասիրությունից էր նաև, որ Դ. Սթարրիի, Դ. Մորելլիի, Ջ. Բոյդի և այլոց հեղինակությամբ ծնվեցին ամերիկյան նոր օդացամաքային ռազմագործողությունների տեսությունը և, որպես արդյունք, բոլորովին այլ մակարդակի պատերազմներն ու հաղթանակները[23]: 1973թ. հաղթանակը, իհարկե, անկանոն մի բան չէր. այդ նույն արևմտյան ռազմական մտքի հաղթանակն էր, որը նոր թափ ու խորություն հաղորդեց ռազմական տեսական մտքին:
Լավ դաս քաղելով 1973թ.-ից` ինը տարի հետո Իսրայելը նորից բռնեց կանխարգելիչ հարվածների ռազմավարության ճանապարհը և Լիբանանի տարածքում այդ մոտեցմամբ կրկին պարտության մատնեց Սիրիային և, ըստ էության, նրան աջակցող ԽՍՀՄ-ին:
Զուտ պաշտպանական մարտական գործողություններ վարելով` 1999-2000 թթ. պարտությունից չխուսափեց նաև Եթովպիան, որը, ժամանակին փոխելով իր գործողությունները, կրկին անցավ հարձակման և շտկեց իրավիճակը: Պատերազմը ավարտվեց եթովպիական բանակի հաղթանակով, սակայն եղան ծանր կորուստներ պաշտպանական փուլի ժամանակ:
_________________ Приходите в мой дом...
|