Պարոն Պողոսյանի արդեն իսկ հիշատակված հոդվածի կապակցությամբ հատուկ քննարկման է արժանի վերջին 20-30 տարիների ըթացքում ՀՕՊ-Օդուժ պայքարի մասին թեզը:
Ամենից առաջ ասեմ, որ սա ընդամենը հնացած ու մաշված մի երգ է: Իրականում վերջին 20-30 տարում ամերիկյան և իսրայելական օդուժը առնվազն մի քանի անգամ կոտրել են Սիրտի, Բեքքայի, Բաղդադի և Սերբիայի լավագույն ՀՕՊ համակարգերն իրենց լավագույն մարտավարական լուծումներով, համակարգեր, որոնց կրակի խտությունը զիջում էր միայն ԽՍՀՄ-ՌԴ Մոսկովյան օկրուգի հագեցվածությանը: Եվ առհասարակ, 1967-1968 թվականներից սկսած ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը, միջինը 10 հրթիռի ծախսով մեկ թիրախի վրա, կազմում է 2-3 տոկոս: Սա բարդ է ընդունելը, բայց ինչպես ասում են թվերը զորեղ են, իսկ փաստերը՝ համառ: Այս խնդրի կապակցությամբ հիմնական տեղեկատվությունը կրկին ամփոփել եմ արդեն իսկ հիշատակված գրքումս և առիթի դեպքում պատրաստ եմ շարունակել այս քննարկումը գրքումս բերված օրինակների հիման վրա:
Իրական պատերազմը դա զորավարժություն չէ, երբ ՀՕՊ միջոցը մեկ-երկու հրթիռով թիրախ է խոցում: Պետք է հասկանալ, որ իրական պատերազմի դեպքում մենք մտնում ենք այլ դաշտ: Պարոն Լ.Պողոսյանը բերում է տարատեսակ ՀՕՊ համակարգերի պարամետրեր և այլն: Կարճ ասեմ, դրանք բոլորը հետաքրքիր են, սակայն ռազմի գործը միշտ առաջ են տանում հարձակման միջոցները: Ավելին, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք զուտ կոնցեպտուալ հարթության մեջ, ապա թվարկվածները բոլորը պատասխաններ են, ոչ թե մարտահրավերներ: Ռազմական գործում հայտնի կանոն է, որ հաղթում է միայն մարտահրավեր ստեղծողը, իսկ պատասխան տվողը կարող է առավելագույնը հույս ունենալ միայն հավասարակշռության պահպանման վրա: Ի դեպ ասեմ, որ իրականում Ադրբեջանը 18 հատ “Ս-300ՊՄՈւ-2 (С-300ПМУ-2)” զենիթա-հրթիռային համալիր չունի:
Նույն հոդվածում պարոն Պողոսյանը սխալ թվեր է ներկայացնում նաև կործանիչի շահագործման արժեքի և օդաչուների պատրաստման մասով: Այդպիսի թվեր ուղղակի չեն կարող լինել նույնիսկ զուտ տեսականորեն: Իրոք, եթե հիմնվենք հեղինակի թվերի վրա, ապա կստացվի որ ՌԴ օդուժում եղած մոտավորապես մոտ 550 միավոր “T-10C” պլատֆորմի ինքնաթիռների երկու անձնակազմ ունենալու դեպքում միայն թիռչքների կազմակերպման համար ծախսերը, չհաշված ոչ մի այլ ծախս, կազմում են ավելի քան 5 միլիարդ դոլար: Հասկանալի է, որ սա անհնար է, քանի որ ՌԴ օդուժում կան թվով եռակի անգամ ավելի շատ այլ ինքաթիռներ, օրինակ ավելի թանկարժեք սպասարկվող “МиГ-31”-երը, ծանր ռմբակոծիչները և այլն, որոնց փաստացի շահագործումը, սպառազինության կիրառությունը ոչ պատերազմում և այլն կարող են դառնալ մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Իրականում ՌԴ ողջ օդուժի բյուջեն չի գերազանցում երկու տասնյակ միլիարդ դոլարը, որը բաշխվում է ավելի քան 1.100 միավոր մարտական ինքնաթիռների և նույնքան մարտական ուղղաթիռների միջև՝ չհաշված տրանսպորտային ավիացիան, ռազմաբազաները ու բազում այլ սպասարկման ծախսերը: Ավելին, այս զորատեսակում միայն 150.000 զինծառայող ստանում է միջինը 40-50 հազար ռուբլի աշխատավարձ: Դժվար չէ հաշվելը թե սա որքան գումար է կազմում:
Պարոն Պողոսյանի բերված 5 միլիարդի մասին պնդումը չի հիմնավորվում նաև հարցը մեկ այլ կողմից դիտարկելիս: Իրոք, ամերիկյան հինգերրորդ սերնդի “F-22”-ի մեկ ժամվա թռիչքային ծախսը կազմում է 19.750 դոլար: Պարզ է, չէ՞, որ ամերիկյան նոր սերնդի կործանիչի շահագործումը ավելի թանկ է, քանի որ այն նոր սերնդի մեքենա է, ավելի քիչ է արտադրվել, հագեցած է ավելի թարմ սարքավորումներով, շահագործվում է ավելի լայն տիրույթներում, ընդ որում օգտագործելով օդային լիցքավորման կետեր, և այլն: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան կործանիչի քանակը կազմում է 190 միավոր, իսկ “Սու-30”-երի քանակն աշխարհում անցնում է 1000-ից, եթե չհաշվենք, որ շարժիչների ու այլ ծախսատար սարքավորումների հիման վրա ստեղծված “T-10C” պլատֆորմների ընդհանուր քանակը անցնում է մի քանի հազարը: Եվ վերջապես նշենք, որ “Սու-30ՍՄ”-ը 7-8 տոննա վառելիքը ծախսում է ոչ թե մեկ ժամում այլ՝ չորս-հինգ անգամ ավելի ժամանակահատվածում, ընդ որում նա կարող է թռչել ավելի քան երկու հազար կմ: Ինչ վերաբերվում փոքր տարածքի խնդրին, որը հեղինակը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության պարագայում, ապա դա առհասարակ ծիծաղելի է: Նշված կործանիչի կտրուկ շրջադարձի շառավիղը կազմում է մի քանի հարյուր մետր, իսկ ոչ կտրուկ շրջադարձինը՝ երեք-չորս հազար մետր:
Ողջ վերոգրյալի կապակցությամբ ուզում եմ ավելացնել նաև հետևյալը: Միանշանակ է, որ Սու-30ՍՄ-ները չեն գործելու միայնակ, այլ դրանք պետք է կիրառվեն օդային այլ միջոցների հետ միասին մեկ համակարգում: Այսպես և ճիշտ է, և ապահովվում է անհրաժեշտ ճկունություն, և այս ուղին ավելի քիչ ծախսատար է: Իրոք, ի դեմս Սու-30ՍՄ-ների, լավագույն հարվածային միջոցներով հակառակորդի ռազմական մեքենայի մեջքը կոտրելուց ու օդային ամուր գերակայություն հաստատելուց հետո մենք կարիք կունենաք գրոհիչների և նույնիսկ հարվածային ուղղաթիռների, որոնք ավարտին կհասցնեն հակառակորդի ջախջախումը: Այս առումով հատկանշական է, սակայն, որ ոչ մի գրոհիչ, առավել ևս՝ հարվածային ուղղաթիռ, չի կարող արդյունավետ գործել առանց օդային հստակ գերակայության հաստատման, քանզի հակառակ պարագայում այդ մեքենաները հակառակորդի կործանիչների համար ուղղակի շարժական թիրախներ կդառնան:
Այսպիսով անկասկած է, ու սա հստակորեն արտահայտված է ՀՀ զինված ուժերի զարգացման հայեցակարգում, որ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ևս պետք է կատարելագործվեն ու թարմացվեն, սակայն ամբողջ խնդիրն կրկին նրանում է, որ, եթե ունես նման մարտական սարքեր, ապա դրանց արդյունավետ կիրառման համար հարկավոր է գլխավոր շարակազմի մարտական պահապանման ապահովումն ի դեմս բազմաֆունկցիոնալ-կործանիչի, առանց որի բոլոր այլ սարքերը դատապարտված են: Եվ վերջապես պետք չէ, մոռանալ, որ մեր հակառակորդը ևս կործանիչներ ունի:
Որպես վերջաբան կրկին նշենք, որ պարոն Պողոսյանի ողջ հոդվածը հիմնված է Լյուդենդորֆյան “պատրաստվել անցած պատերազմին” և Օգարկովյան “պատասխան կործանարար հարվածի” հայեցակարգերի խառնուրդի վրա: Այդ հոդվածում ոչ մի խոսք չկա այն մասին, որ պետք է զարգացնել համալիր գործիքակազմ, միավորել օդուժն ու ՀՕՊ-ը, այնտեղ չի խոսվում այն մասին, որ ԱԹՍ-ները պետք է զարգանան և, ցանցահարթակակենտրոն կիրառմամբ, այլ հարձակման միջոցների հետ միասին ենթարկեցվեն օդային գերակայության թագավորներին ի դեմս ապագա պատերազմների գլխավոր հարվածային հերոսի՝ բազմաֆունկցիոնալ կործանիչի: Այդ հոդվածում նաև ոչ մի խոսք չկա այն մասին, որ ՌԷՊ-ը վաղուց արդեն ընդամենը միայն մարտական ապահովում չէ, այլ առանձին մարտի մի տեսակ և, եթե այն չի իրականացվում վերևից ներքև, ապա քիչ արդյունավետ է: Պարոն Պողոսյանի մոտ նաև ոչ մի խոսք չկա համակարգային զարգացման մասին, չի ասվում, որ ակտիվ նախաձեռնողական ռազմավարությունը ենթադրում է նաև ցամաքային զորքերի այլ մոդել, որի կիրառությունը իր հերթին փոխում է շատ բան: Ցավոք նման բաներ պարոն Պողոսյանի մոտ չկան և չէին էլ կարող լինել, քանի որ դրա համար պետք է լինել համապատասխան մասնագետ:
Վերջում ավելացնեմ, որ, բնականաբար պետական գաղտնիքի պահպանման պայմանների ապահովմամբ, ՀՀ ՊՆ-ը միշտ բաց է նմանատիպ քննարկումների համար՝ ականջալուր լինելով և առնվազն պատրաստ լինելով քննարկել ՀՀ զինված ուժերի հզորացմանը միտված ամեն մի ողջամիտ առաջարկ:
_________________ Приходите в мой дом...
|