*- Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Մռավի լեռնանցքի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է ու ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Հերքումում մասնավորապես ասվում է. "Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության չակերտավոր մարտական ոգին՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը": Այս ամենի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները արդեն երեկ հաղորդել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախման հետևանքով ադրբեջանական զինված ուժերի զինվորներ են զոհվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական զինված ուժերը ընդամենը հակադարձել են ադրբեջանական կողմի կրակահերթերին, պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին և ներկայումս էլ շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց մարտական խնդիրները: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի` հայկական կողմը կորցրել է մեկ սպանված և երկու վիրավոր, իսկ հակառակորդը` ութ սպանված և մեկ վիրավոր…,- ցածրացրի հեռուստացույցի ձայնն ու դարձա Մենեսին, երբ հաջորդ օրը երեկոյան արդեն երևանյան իմ բնակարանում էինք:
- Կարծես թե մեր մասին խոսք չկա, չէ՞, դա լավ է,- ժպտացի ես:
- Պայթյունի մասին էլ չի ասվում,- գլխով արեց բարեկամս,- ու կարծում եմ, որ այս գործից դուք ահագին շահած դուրս եկաք, քանի որ ռումբը ոչ միայն չպայթեց, այլև գրեթե սարքին վիճակում բաժին հասավ ձեզ ու…
- … ու կպայթի արդեն մեր ուզած ժամանակ և մեր ուզած վայրում,- ծիծաղելով բարեկամիս լրացրեցի ես:
- Չէ, Հայկ, բայց ամեն դեպքում հավատս չի գալիս, ո՞նց դու կարողացար այս ամենը սենց կազմակերպել, հը՞,- հարցրեց Մենեսը ու վրաս նայեց,- համ Մահմեդին չեզոքացրիր, համ ռումբը վնասազերծեցիր,- սկսեց հաշվել բարեկամս,- համ Մարինեին փրկեցիր, համ սահմանը պահեցիր, տո… տո համ էլ եսիմ էլ ինչ չոռ ու ցավ արեցիր: Ո՞նց կարողացար, հը՞:
- Չգիտեմ, ստացվեց,- ժպտացի բարեկամիս,- ես գիտեի, որ մեր մեքենայի վրա Վարդանյանը ժուչոկ է տեղադրել: Ամենապարզ մոտեցումը թվում էր թե այն կլիներ, որ անվտանգության մեր տղերքին ուղղակի խաբար անեինք և նրանք փորձեին բռնել Մահմեդին: Բայց ես լրջորեն կասկածում էի, որ այդ դեպքում մենք Մարինեին ողջ չէինք տեսնի, ինչը, ինքդ էլ ես հասկանում, ուղղակի անընդունելի տարբերակ էր…
- Իհարկե,- համաձայնեց Մենեսը,- ինչ երջանիկ տեսքով նոր քաղաք իջան այդ ջահելները: Գիտե՞ս, Հայկ, իրենց որ նայում եմ, հոգիս փառավորվում է,- ուրախ ժպտաց բարեկամս:
- Իմն էլ, Մենես ջան, երևի թե ապագան իրոք որ արդեն իրենցն է, այլ ոչ թե մերը…
- Էլ մի՜…,- կեղծ նեղացած տոնով վրաս նայեց Մենեսը,- ստեղ հենց նոր դու այնպիսի մի շախմատային պարտիա խաղարկեցիր, որ Շերլոկ Հոլմսի բերանը բաց կմնար, Գասպարովինն էլ հետը, իսկ դու ասո՜ւմ ես…,- Մենեսը նեղացած տեսք ընդունեց ու վրաս նայեց:
- Դե լա՜վ, այ քուրմ,- ծիծաղեցի ես,- քո դպրոցն է, ի՞նչ կարող եմ անել:
- Այ դա ուրի՜շ բան, Հա՜յկ,- հռհռաց Մենեսը,- այ նո՜ր ճանաչեցի՜ քեզ: Հա, հասկանալի է, դու գիտեիր, որ ժուչոկը մեր մեքենայի վրա է դրված ու նպատակ ունեիր ընդամենը հետաձգել, բայց ոչ բացառել մեր հայտնվելը Մահմեդի մոտ…
- Ըհը,- գլխով արեցի ես,- դրա համար էլ դու ստիպված եղար "Նիվա" վարել սովորել, իսկ ես ու Վահեն էլ աննկատ լքեցինք մեքենան ու անվտանգության մեր տղերքից շուտ հասանք Մարինեի մոտ: Ես գիտեի, որ դու կգտնես, մեր այն սուր զգացումով կզգաս ու կգտնես մեզ և Վարդանյանին էլ իր տղերքի հետ ուղիղ այդ լեռնահովիտը կբերես: Կարծում եմ ես չսխալվեցի ու դա այդ լավ աղջկան կյանք արժեցավ,- ժպտացի ես,- Վահեին դիրքավորեցի հարմար մի վայրում, ինքս էլ առաջ անցա: Հաշվի չէի առել միայն այդ դիվերսանտներին, բայց դե սրանց էլ, մալադեց էլի Վարդանյանը, ինքը վնասազերծեց…
- Պարիսի պես մի բան, պարզ է,- գլխով արեց Մենեսը,- բայց կեցցե Վահեն, ինչ դիպուկությո՜ւն, է՜, ուղիղ կրնկին կպավ…
- …ու շարքից հանեց Մահմեդին,- ժպտացի ես:
- Անխոցելի Մահմեդին, Հայկ, անխոցելի Մահմեդին,- ցուցամատը ժխտողական օդում օրորեց Մենեսը,- դու ինձնից լավ գիտես, որ դրան հաջողվեց փրկվել` իր ջիպով անցնելով ձեր դիրքերը և ապաստանելով թուրքական կողմում: Կարծում եմ, որ այս հարցում ձերոնք ամեն դեպքում մի քիչ թերացան…
- Դե հա՜,- գլխով արեցի ես,- ամեն օր չէ, որ թիկունքիցդ մի "ՋԻ-55" է սլանում քո խրամատների վրա և հատում շփման գիծը, համաձայն եմ, մերոնք մի քիչ թերացան, բայց դե ընդունիր, բարեկամս,- ժպտացի ես,- ռումբը ունենք,- սկսեցի ծալել մատներս ու հաշվել ես,- աղջկան փրկեցինք, Մահմեդի անխոցելիությունը վերացրինք, Սևակի համար հասանք արիության մեդալի ու արտահերթ մայորության, մեզ համար էլ անվտանգության տղերքի մեջ տենց մի կարգին ընկեր ճարեցինք… քիչ չի, չէ՞:
- Չէ, չէ, քիչ չի, այ փաստաբան,- ծիծաղեց Մենեսը,- մի խոսքիս հազարով ես պատասխանում, ծերացել ես, է՜, ծերո՜ւկս:
- Դե գնա ստեղից, դավադիտ արիր արդեն,- հռհռացի ես ու սկսեցի բարձերը շպրտել Մենեսի ուղղությամբ,- կյանքս կերար, է՜լի, գնա ստեղից…
Ես սկսեցի բարձերով հարվածել Մենեսին, որը կեղծ հուսահատ տեսքով կուչ եկավ ու պաշտպանողական դիրք ընդունեց: "Սահմանը պահված է, Վահեն ու Մարինեն երջանիկ են, կարևոր դա է, մնացածը` հե՜չ",- վերջին անգամ անցավ մտքովս այն ժամանակ, երբ ես ձեռքիս տակ ընկած ամենամեծ բարձով սկսեցի քոթակել իրեն վարակած սրտաբուխ ծիծաղից ուժասպառ լինող Մենեսին…
Վ Ե Ր Ջ...
Երևան
20.10.2006-28.08.2011