Փորձեցի աչքերս բացել, սակայն ուժեղ լույսը միանգամից կուրացրեց ինձ: Այդ հետագայում զգացի, որ լույսը ամենևին էլ ուժեղ չէր. սովորական սենյակի լուսավորություն էր: Բայց այդ պահին այն ինձ թվաց հազար արևներից պայծառ…
Որոշ ժամանակ աչքերս փակ պառկելուց հետո կրկին բացեցի աչքերս, ու այս անգամ կամքի մեծագույն լարումով ու աչքերս կկոցելով փորձեցի հարմարվել շրջապատին: Ու մինչ ես այս տվատյանքների մեջ էի. - Լավ, մեր տղա, թե ուզում էիր գլուխդ ուտեիր, միանգամից բաղնիքում երակդ բացեիր էլի…, - լսեցի մի ձայն՝ տարիքից ու երևի հիվանդություններից թուլացած, սակայն առույգությունը բավականին պահպանած, - թե չէ այ քեզ ձև… համ կոկորդիդ ես խփում համ էլ քեզ կամրջից ես գցում:
Դժվարությամբ շուռ եկա՝ խոսքերի հեղինակին տեսնելու հույսով: Մի վաթսունի մոտ մարդ էր՝ սպիտակած մազերով ու նիհար՝ ասես ոսկորների պարկ լիներ: Սակայն հետաքրքիրը նրա հայացքն էր՝ երիտասարդ ու եռանդով լի: - Ասում եմ, - շարունակեց նա,- ախր ջահել էլ տղա ես, ինչ ես կորցրել կամ ինչ չես գտնում էս կյանքում, հ՞ը, ապրեք էլի… մերը պիտի լիներ, է՜է՜է՜, հասել ենք էս տարիքին, հիվանդանոցներից աչք չենք բացում, բայց էլի ուզում ենք ապրել…: Չէ՜է՜է, էս ջահելությանը հասկանալ չի լինի…:
Անծանոթը տնքտնքալով ելավ տեղից ու սկսեց անկողինը հարդարել: Պարզ երևում էր. մի կողմից հոգնել է երկար պառկելուց, մյուս կողմից էլ վառվում է հետաքրքրությունից ու մի քիչ էլ լեզուն է քոր գալիս: Ես փորձեցի պատասխանել, սակայն կոկորդիս մոտ միանգամից մի սուր-անհամ զգացում ունեցա: Մեխանկորեն ձեռքս տարա կոկորդիս, ու նոր զգացի, որ ողջ վիզս բինտերի մեջ է… - Հանգիստ պառկիր, - շարունակեց անծանոթը,- քեզ չի կարելի խոսել, անունս Համլետ է՝ Համո,- սիրալիր ժպտաց, փաթաթվեց ծածկոցի մեջ ու տեղավորվեց անկողնուն,- քո անունը չեմ հարցնում… երևի չես էլ ուզում որ սրանք իմանան,- խորամանկորեն աչքով արեց: Ես փակեցի աչքերս: Փորձեցի ուղեղումս վերականգնել երեկվա իրադարձությունները… Ամեն ինչ խառնվում էր, սակայն նման վիճակ ես մի քանի անգամ ունեցել էի կյանքումս, դրա համար էլ աստիճանաբար կարողացա ինձ հավաքել…
… Արդեն ուշ երեկո էր, երբ լսվեց հեռախոսի զանգը: Ձայնը ինչքան ծանոթ էր, նույնքան էլ գարշելի. - Արմեե՜ն, չես կարծո՞ւմ, որ մենք մի փոքր ու չվերջացած գործ ունենք: Ասում են այս քաղաքում գիշերները զարմանալի սիրուն են: Թե ուզում ես տեսնես… տեսնես վերջին անգամ, երկու ժամից սպասում եմ Երևանյան լճի կամրջի վրա…, - ռուսերենով ֆշշացրեց ձայնը: - Կլինեմ,- կարճ պատասխանեցի ես:
… Ես սթափվեցի խոհերիցս ու անդրադարձա Համոյին: Սա նստել էր անկողնում ու սպասողական հայացքը հառել էր ինձ: Ինքն էր ասել, որ ինձ խոսել չի կարելի, բայց վառվում էր հետաքրքրությունից: - Ե՞րբ են ինձ այստեղ բերել, ո՞վ,- հարցրի դժվարությամբ բերանս բացելով,- ես բան չեմ հիշում… - Քեզ երեկ բերին, ուշ գիշերով… մի անծանոթ բոմժ էր զանգել շտապ օգնություն… Լսիր տղա ջան, լրիվ ջուր ու արյուն էիր ախր: Միանգամից շորերդ հանեցին ու հայդա՝ ռեանիմացիա: Մոլոդեց Մարգարյան, է՜, է՜… ոսկե ձեռքեր ունի: Էդ ինքն է քեզ…,- Համոն աչքով արեց՝ ակնարկելով վզիս վիրակապը: - Ժամը քանի՞սն է,- չանդրադառնալով Համոյի պատմածին՝ հարցրի ես: - Իննից հինգ պակաս: Հեսա շուտով բժիշկների այցելության ժամն է: “Բժիշկների այցելության ժամն է: Էդ էր պակաս մենակ՝ բժիշկների այցելությունը… Ախր ոչ միայն բժիշկներն են այդ ժամին գործի գալիս…”: Ես արագորեն վեր կացա անկողնուց, մտա հիվանդանոցային մաշիկների մեջ ու վրաս քաշեցի աթոռին դրված խալաթը՝ միաժամանակ որսալով Համոյի զարմացական հայացքը: Ախր իր կարծիքով ես այնքան արյուն պիտի կորցրած լինեի… - Համո ջան, էլ չեմ կարողանում պառկել… չե՞ս ասի էն “զրո-զրոն” որտեղ է: Երևի երեկ շատ եմ ջուր խմել,- ցանկանալով որևէ կերպ բացատրել շտապողականությունս՝ դիմեցի զրուցակցիս: - Հաաա՜…,- ծոր տվեց Համոն,- էդ ոչինչ, կարելի է… դուրս ես գալիս միջանցք, աջի վրա՝ երրորդ դուռը, կգտնես: - Շնորհակալ եմ,- արդեն դռան մեջ ասացի ես:
Լավ ենք ապրում… խալաթով դեռ հիվանդանոցի բակում կարելի է ման գալ, բայց քաղաքում… Դե լավ, ոչինչ, հիմա կարևորը այստեղից հեռու լինելն է, թե չէ ես գիտեմ: Արդեն մի քանի րոպեից այստեղ կլինեն մեր ճարպիկ տղերքը: Իսկ նրանց հետ հանդիպումը հակառակի պես իմ պլանների մեջ ընդհանրապես չի մտնում…: Սկսեցի արագորեն իջնել աստիճաններով, սակայն ներքևի հարթակներից մեկում աչքովս ընկավ մի բավականին հաղթանդամ կերպարանք, որը ընդունարանում հրամայական ձայնով տեղեկություններ էր հավաքում երեկ գիշեր հիվանդանոց բերվածների մասին: Ապրեք տղերք, արագ եք աշխատում: Արդեն հնարավոր էլ չէր ետ դառնալ: Ես հնարավորինս խորը փաթաթվեցի խալաթիս մեջ ու աշխատեցի ինչքան կարելի է աննկատ, սակայն ինքնավստահ տեսքով ներքև իջնել: Իսկ հաղթանդամ անծանոթը սկսեց մեծ-մեծ քայլերով բարձրանալ աստիճաններով: Հասնելով ինձ՝ նա մի թռուցիկ հայացք գցեց վրաս ու շարունակեց բարձրանալ:
Վատ չէր… անցավ: Լա՜վ նման բաներ եմ տեսել…: Հիվանդանոցի բակում, մինչ փորձում էի ընտելանալ վառ արևին, ինձ ու հատկապես խալաթս սկսեց կասկածելիորեն երկար հայացքով չափել դարպասների մոտի պահակը, բայց մի “ԲՄՎ” այդ պահին սկսեց դուրս գալ դարպասներից, ու պահակը շեղվեց՝ հերթական հարյուր դրամանոցի ակնկալիքով…:
Արդեն Աբովյան փողոցի վրա էի, երբ աչքիս ծայրով տեսա աստիճաններից տառացիորեն հիվանդանոցի բակ թռած հաղթանդամ անծանոթին՝ որը սկսեց խուզարկու հայացքով շուրջը նայել: Ես սկսեցի արագ քայլերով բարձրանալ Աբովյանով վերև՝ փորձելով Աբովյանի հրապարակի շրջադարձում կորցնել հետքս: - Սպասի՜ր գի՜ժ… հե՜յ…, կտանե՜մ…: - Ըհը, ապրես ես էլ հենց քեզ էի սպասում…,- գցեցի ինձ կողքիս արգելակած մգացված ապակիներով “Նիվա”-ն, որը շարժվելով՝ դանդաղորեն մտավ արձանի մոտի շրջադարձը: Աբովյան փողոցով ներքև իջնելիս նկատեցի արդեն դարպասներին հասած շնչասպառ անծանոթիս, որը սկսեց հայացքով չափել փողոցը վերից վար, սակայն ինձ արդեն կորցրել էր… - Լսիր, Հայկ, դու հո իսկականից քեզ չե՞ս կորցրել, կորում ես աստված գիտի երբ, ստիպում ես անհանգստանալ… Դու գիտե՞ս, որ գիշերվանից քաղաքի բոլոր հիվանդանոցները տակն ու վրա եմ արել,- միանգամից լրջանալով՝ նեղացած տոնով սկսեց Վահեն: - Լա՜վ Վահե ջան, դու հո գիտես, եթե պետք էր, ուրեմն պետք էր… ես այնքան շտապ դուրս եկա, որ չկարողացա քեզ զգուշացնել… Դե բջջայինդ էլ գիտես, աստված մեր երկրին կապ տվել, չի խնայել,- փորձեցի արդարանալ ես: - Լավ էդ հասկացանք, բա էդ խալաթով մասկարադս որն է… մի քիչ սպասեիր, կգայի էլի… չէի՞ր կարող հանգիստ պառկել,- արդեն մի քիչ հանգստացած շարունակեց Վահեն: Ես կողքից հայացք գցեցի Վահեի վրա: Չէ իսկապես, էս մեկի հարցում չեմ սխալվել… - Չէի կարող, տղերքը արդեն գալիս էին հետևիցս, մեկից հազիվ պոկվեցի… գիտես էս վերջերս ինչ որ չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ: - Վերջե՜րս… Գիտենք ձեր “վերջերը”… Երևի երեսնականներից սկսած մեկի դեմ քեն ես պահել, մինչև հիմա հիշում ես… Ախր քեզ ինչքան ասեմ, Հայկ ջան, ժամանակները փոխվել են, մարդիկ փոխվել են, բոլորը չէ, որ վատն են… Նրանց մեջ էլ կան կարգին, էս երկրի ցավով ապրող տղերք…,- մի քիչ նեղացած սկսեց Վահեն: Հիշում ես… ախր ոնց չհիշեմ ու որը չհիշեմ… Այն ամենից, ինչ ինձ մնացել է, ինչ իմն է եղել երբևէ, երևի ամենամնայունը հիշողությունն է… - Գիտեմ Վահե ջան, գիտեմ… քի՞չ եմ նմաններին տեսել: Արտաքինից կարծես ոչինչ, տիպիկ ժամանակի պտուղներ են, բայց իրականում դա հաճախ դիմակ է լինում, ու երբ գալիս է պահը, հերոսանում են, պատրաստ են պետության ու ընկերոջ համար հոգի տալ… գիտեմ,- շարունակեցի ես,- բայց դե ամեն դեպքում պետք չէր… - Լավ էդ հասկացանք…, մի կարգին ասա, թե երեկ ինչ է եղել, ու որտեղից ես էդ վաստակել,- գլխով ցույց տալով վզիս վիրակապը, հարցրեց Վահեն: Ես չպատասխանեցին, այլ ավելի հարմար տեղավորվելով ու աչքերս փակելով, փորձեցի վերականգնել երեկվա իրադարձությունները...
_________________ Приходите в мой дом...
|