… Մենեսի զրնգուն ծիծաղն ինձ իրականություն վերադարձրեց: - Հը՞, Հայկազունի Հայկ, տարա՞ն քեզ հիշողությունները, եղբայր, կտրեցի՞ն քեզ իրականությունից: - Ինչ-որ իմաստով` այո: Ես քեզ նորովի ճանաչեցի, այսինքն թերևս ինձ էլ…: Մենես, ես զգում եմ, որ արդեն նախկինի պես ապրել չեմ կարող: Մի խոսքով, ոնց որ մի ժամանակ դու էիր Եգիպտոսում ձանձրանում: Իրոք, ժամանակն է, որ ես գործեմ… - Գործելը կգործես, բայց նախ անհրաժեշտ է պարզել, թե ինչ ես ուզում: Դրանից հետո պետք է ծրագիր ունենալ, իսկ ծրագիր ունենալու համար էլ անհրաժեշտ է պատկերացնել իրավիճակը: Ես զարմացած նայեցի Մենեսին: Իրոք, իմ բարեկամը չափազանց հստակ էր խոսում:
- Լավ, այդպես մի նայիր,- ծիծաղեց նա,- առանձնապես բան չասացի: Ուղղակի կիսվեցի իմ աշխատանքային սկզբունքներից մեկով…: Ի դեպ հենց այս ամենը հաշվի առնելով էր, էլի, որ ես խոսք բացեցի մեր Լուգալզագիսի մասին: Նա ինչ-որ իրեն արդեն շատ մեծ է սկսել երևակայել… - Ահ՜ա՜, հասկացա...: Դու երևի ուզում ես մի ձևով թուլացնե՞լ նրան: - Իհարկե, սակայն, Հայկ ջան, գլխավորը այդ չէ: Ողջ Միջագետքում տիրող վիճակի վերլուծությունն ինձ ավելի տագնապալի հետևությունների է բերում: - Ինչ է եղե՞լ, որ,- զարմացա ես:
- Հասկանո՞ւմ ես, Հայկ, այս Լուգալզագիսի բարձրանալը պատահական չէ: Սա ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում մարդիկ փոփոխություններ են ուզում: Բոլոր քաղաքներում աճում է դժգոհությունը տեղի լուգալների դեմ: Բնակիչները նաև ծայրահեղ դժգոհ են տեղի քրմերից, քանզի սրանք առանց որևէ օրենք հաշվի առնելու պլոկում են հասարակից ինչ հնարավոր է: Առևտուրն անկում է ապրում միացյալ չափ ու կշռի բացակայության, համատարած ապօրինի հարկերի և անօրինականության պայմաններում: Սա անկման է հասցնում նաև արհեստները: Իսկ բնակչությունը շատանում է,- շարունակեց Մենեսը,- և, որ ամենագլխավորը,- Մենեսը ձայնն իջեցրեց,- Միջագետքում շատանում են Անապատի որդիները, որոնք չունեն տեղացիների հոգևոր մակարդակը, սակայն դրա փոխարեն կորցնելու էլ քիչ բան ունեն, ավելի ուժեղ են, վճռական ու ամեն ինչ պատրաստ…: Ունիսիի [1] օրոք Անապատի որդիների հսկայական, թեև անկազմակերպ հորդան փորձեց ներխուժել Եգիպտոս: Ու թեև փարավոնը մի լավ ջարդեց նրանց ու հետ շպրտեց, սակայն ինքն էլ կարճ ժամանակ անց մահացավ կատաղի մարտում ստացած վերքերից: Դրանցից վրեժ լուծելու համար Պեպիին [2] իր հերթին վերջերս մի խոշոր արշավանք ձեռնարկեց դեպի Մեծ Անապատի հյուսիս-արևմտյան եզրերը: Մենք արշավի էինք հանել մեր ողջ մշտական բանակը, աշխարհազորը, Քուշի [3] վարձկաններին, ընդհանուր առմամբ մոտ տաս բյուր ռազմիկ, ու թեև հաջողությունը ի վերջո մեր կողմում եղավ, սակայն պետք է ասել նաև, որ դա մեզ վրա էլ էժան չնստեց, քանի որ Անապատի որդիները մարտի մեջ խիստ կատաղի են և ուժեղ: Հատկապես այդ արշավանքի ընթացքում ես կարողացա մոտիկից ճանաչել դրանց ու կարող եմ ասել, որ միջագետքիցիները այս պայմաններում դժվար թե կարողանան Անապատի որդիների դեմ դուրս գալ, չհաշված դեռ այն, որ դրանք իրենց թվով արդեն երևի չեն էլ զիջում տեղացիներին: Հեռու գնալ պետք չէ, դու միայն դուրս արի փողոց ու շուրջդ նայիր: Ահա,- գլխով արեց բարեկամս,- այս ամենն է ինձ անհանգստացնում:
- Լավ, ես չհասկացա քո անհանգստության հիմքը: Քո ասածի հիման վրա հետևություններ անելով պետք է ենթադրել, որ հենց Լուգալզագիսի բարձրացումն է, որ քեզ ձեռք է տալիս: Առնվազն ձեռք է տալիս որոշ ժամանակ: Չէ՞ որ նա Ումմայի ժառանգական և տոհմիկ ազնվականներից է, պաշտպանում է տեղացիների շահերն ու հզորացնելով իր պետությունը, ինչ-որ տեղ պայքարում է նաև Անապատի որդիների դեմ: Դու ինքն էլ գիտես, թե նրա իշխանության սահմաններում Անապատի որդիներին ինչպես են հալածում և բոլոր պայմանները ստեղծում, որ նրանք վերադառնան Անապատ: - Դու մասսամբ ճիշտ ես: Հենց այդ պատճառով է, որ ես դեռևս ակտիվ չեմ գործում: Եթե նույնիսկ նա վերջնական հաջողության էլ հասնի, նրա պետությունը չափազանց թույլ կլինի և այնքան տարված կլինի իր ներքին պրոբլեմներով, որ ի վիճակի չի լինի արտաքին որևէ սպառնալիքի: Սակայն ես ավելի հավանական եմ համարում, որ նրա պետությունը երկար կյանք չի ունենա և շուտով կկործանվի, քանի որ Լուգալզագիսը որևէ մի էական փոփոխություն չի կատարում երկրում: Նա ընդամենը մի հերթական լուգալ է, որը օգտվում է մյուսների թուլությունից, բայց ինքն էլ ուժեղ չէ… - Ասացիր էլի, հենց նոր Քիշին հաղթեց, իսկ դո՞ւ…,- զարմացա ես: - Հաղթելը հաղթեց, բայց նվաճե՞ց: Ահա սա է հարցը: Քիշում Անապատի որդիները թվով ամենաշատն էին ու հենց դրա համար էլ Քիշի բնակիչների բանակը պարտվեց: Սակայն այնտեղ լիակատար տիրելու համար պետք է տիրել Անապատի որդիներին…: Իսկ դա արդեն բարդ գործ է:
Ես սկսեցի զգալ, թե Մենեսն իրոք ինչ խորն է տիրապետում իրավիճակին ու ծառայեցնում այն իր երկրի շահերին: Հանկարծ մտքովս անցավ, որ ինչ-որ տեղ դա նաև Հայաստանի շահերից էլ է բխում և Մենեսը պայքարում է նաև Հայաստանի համար, քանզի ուժեղ Միջագետքը ձեռք չի տալիս նաև իմ երկրին: Մեսիլիմի օրինակը վկա: Այս ամենի լույսի տակ ես ինքս ուզեցի օգնած լինել Մենեսին… - Լավ այս ամենը պարզ է,- ասացի ես,- իսկ հիմա ի՞նչ ես առաջարկում անել: - Ամենից առաջ շատ տեղեկություններ ունենալ: Սա այնպես, որպես մի ընդհանուր նպատակ: Ավելի կոնկրետ…: Այ իմ մտքով անցնում է, որ Լուգալզագիսը, որ առաջ էլ էր մոտիկ ինձ հետ, Ուրուկ վերադառնալուց հետո կանխիկ միջոցների մեծ կարիք կունենա և կցանկանա դրանք թեկուզ և պարտքով, վերցնել իմ նմաններից ու հատկապես ինձնից: Այս ամենի քողի տակ ես ավելի կմտերմանամ նրա հետ և իրադարձությունների զարկերակը մատներիս տակ կպահեմ: Դեռևս միայն այսքանը: Մնացածը հետո կերևա: Հա, մոռացա ասել: Հայկ ջան, հատկապես հիմա մեզ պետք է անձնապես լավ մարտական վիճակում լինել, քանի որ առջևում փոթորկալից ժամանակներ են: Դու ո՞նց ես: - Հիանալի, ի՞նչ է, մոռացել ե՞ս մեր վերջին խաղամարտը,- ընկերոջս գոնե թեթևակի զայրացնելու հույսով սկսեցի գլուխ գովել ես: - Հիշում եմ, հիշում եմ,- ծիծաղեց Մենեսը,- ծեր մարդ էիր տեսել, հա՞: - Իհարկե, ժամանակն է, որ ծերուկներդ ճանապարհ տաք երիտասարդներին: - Կտանք, կտա՜նք…,- ուրախ աչքով արեց Մենեսը, իսկ հետո անակնկալ լրջանալով ավելացրեց,- հա, մոռացա ասել, Հայկ, Անապատի որդիների մեջ մեր նման մեկը կա…: Դեռ չեմ պարզել ով և ինչ,- ժպտաց նա,- …բայց սա հենց այնպես…, իմիջայլոց:
Այդ պահին դուռը թակեցին: Մի րոպեից Էնենին մտավ մեր սենյակ. - Տեր իմ,- դառնալով ինձ` ասաց նա,- հենց նոր սուրհանդակ եկավ Էնլիլիի մեծն էնսի [4] Լուգալզագիսից և հայտնեց, որ վաղն իր տերը կլինի քաղաքում և հրավիրում է ձեզ իր պալատ` խնջույքով նշելու իր հաղթանակը:
_____________________
[1] Ունիսի (մ.թ.ա. 2396-2345): Եգիպտոսի V գահատոհմի վերջին փարավոնը: [2] Պեպի I (մ.թ.ա. 2332-2283): Եգիպտոսի VI գահատոհմի փարավոն: [3] Մեր նկարագրած ժամանակներում` Եթովպիայի անվանումը: [4] Լուգալզագիսի պաշտոնական տիտղոսը: Էնլիլին շումերների գլխավոր աստվածն է, իսկ “էնսի” կոչել են կառավարիչներին:
_________________ Приходите в мой дом...
|