Մինչ այդ ես ու գլխավոր Հետախույզն արդեն ի մի էինք բերել մեր ձեռքի տակ եկած տվյալներն ու այժմ, Հայկազունի Պարետի համաձայնությամբ, ես կրկին ոտքի կանգնեցի.
- Քո թույլտվությամբ, տեր սպարապետ,- սկսեցի ես, որին ի պատասխան սպարապետ Վահեն գլխով արեց, իսկ ես շարունակեցի,- ես ու Հայկազունի Պարետը ի մի ենք բերել մեր ձեռքի տակ եղած տվյալները և ահա թե ինչ պատկեր է ստացվել: Սկզբում ասեմ, որ այս Շարուքենը ոչ մի կապ չունի մինչ այդ իշխած որևէ մի լուգալի հետ: Ավելին, նա լրիվ ուրիշ ժողովրդի զավակ է, դրա համար էլ նրա ստեղծած պետությունը, հետևապես նաև բանակը, լրիվ այլ տեսակի է, քան մինչ այս մենք գիտենք: Կարելի է համարել, որ միջագետքյան քաղաք-պետությունների բանակները մենք արդեն երբեք չենք ունենա որպես հակառակորդ: Մեր հակառակորդն այժմ այլ է,- շարունակեցի ես,- և կռվում էլ է այլ կերպ: Շարուքենն իր բանակի հինքում դրել է անձնապես իրեն նվիրված, կատաղի, հզոր և իր համար ամեն ինչի պատրաստ իր Հատուկ գունդը, որը կազմված է հինգհազարչորսհարյուր մշտական ռազմիկից, որոնց նա ինքն է հատուկ ընտրում Անապատի իր ցեղակիցներից: Սրանք մշտապես բնակվում են այն քաղաքի շրջակայքում, որտեղ գտնվում է Շարուքենը և պատրաստ են նրա առաջին իսկ հրամանով կտոր-կտոր անել ցանկացածի: Առայժմ Շարուքենը բնակվում է Քիշում, սակայն մենք տեղեկություններ ունենք, որ շուտով նա իր նստավայրն է դարձնելու Քիշից մի քիչ հյուսիս գտնվող Աքքադը [1]: Հետևաբար նրա գունդն էլ շուտով կլինի Աքքադում: Շարուքենի բանակի երկրորդ, ավելի վատ պատրաստված, սակայն խիստ բազմաքանակ մասն է կազմում Անապատի զավակներից կազմված աշխարհազորը: Սրանք գրեթե չունեն ռազմական կարգավորվածություն: Մարտի մեջ են մտնում տոհմերով ու խառնիխուռն: Սրանց գլխավորում են իրենց տոհմապետերը, որոնք ինչպես նաև Անապատի հասարակ զավակները, ուղղակի պաշտում են Շարուքենին և պատրաստ են կատարել նրա ցանկացած հրամանը: Շարուքենի ունի նաև քիչ քանակությամբ մարտակառքեր, որոնց մենք վաղուց ծանոթ ենք միջագետքյան նախկին բանակներից: Սրանք նոր բան չեն և այնքան էլ շատ չեն: Մի խոսքով նրա բանակը սա է: Իսկ այժմ այն մասին, թե ինչպես է կռվում այս բանակը: Ի տարբերություն նախկին բանակների, որոնց մասին դուք բոլորդ բավականին տեղյակ եք, այս բանակը հենց ճակատամարտի սկզբից ձգտում է խուսափել մերձամարտից, սակայն դրա փոխարեն հակառակորդի շարքերի վրա է թափում նետերի և քարերի մի ամբողջ հեղեղ: Նրա գրեթե բոլոր ռազմիկները ունեն աղեղներ, որոնք չեն հասնի մեր աղեղներին, քանի որ դրանց համար օգտագործվող փայտը անորակ է, այնուհանդերձ…: Բավականին շատ են նաև պարսատիկավորները: Այս բանակին սեղմում ես, այն նահանջում է, սակայն շարունակում է քեզ վրա նետերի և քարերի հեղեղ թափել: Սակայն սրա թերությունն էլ այն է, որ եթե բանը հասցրեցիր ձեռնամարտի, այն բավականին թույլ է դառնում և այդ դեպքում իր միակ հույսը մնում է Անապատի զավակների ուժը, կատաղությունը և նվիրվածությունը: Բարեբախտաբար Անապատի զավակները սովորաբար վատ են զինված լինում, նրանց մոտ չափազանց քիչ են երկաթե զենքերը, զրահները կամ վահանները: Բացի այդ, որ ավելի կարևոր է, նրանք սովոր են իրենց տոհմական կարգերին և դժվար են ենթարկվում կարգապահության կամ էլ խմբովի որևէ գործողության: Դրա համար էլ ես առաջարկում եմ այս բանակի հետ ընդհարվելու դեպքում հաշվի առնել այս ամենը, որ համ մենք ավելորդ կորուստներ չտանք, համ էլ դրանց քիթը ոնց որ պետք է տրորենք:
- Ինձ թվում է` դրանք չպիտի կարողանան դիմադրել նիզակակիրներիս մերձամարտում,- ոտքի կանգնեց գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արբակը,- Մեծամորի երկաթաձուլարաններում ընտիր երկաթներից կռած մեր զրահները, վահանները, թրերը ու նիզակածայրերը մեզ այդ դեպքում մեծ առավելություն կտան… սակայն դա մերձամարտում, իսկ մինչև դրանց մոտենալը… - Մինչև մոտենալն էլ իմոնք դրանց մի լավ կտրորեն,- առաջ եկավ գլխավոր Աղեղնավոր Հայկազունի Գլակը,- իմոնց խոշոր աղեղներից արձակած երկաթե նետերի ծայրակալները ծակում են նույնիսկ որոշակի հաստության երկաթներ, էլ չասած կաշվե զրահների մասին…: Իսկ դրանց մեջ դժվար թե զրահավորները կամ վահանավորները շատ լինեն…
- Իրոք,- խոսեց սպարապետ Վահեն,- չհաշված արիների` երկաթեղենով հանդերձավորված լինելու հանգամանքը, որը թշնամու համեմատ մեզ հատկապես ձեռնամարտում խոշոր առավելություն է տալիս, ինչքան ես հասկացա մենք ևս մի լուրջ առավելություն ունենք, որը չունեին միջագետքյան բանակները և որոնք հենց այդ պատճառով էլ պարտվեցին: Դրանց պարտության բերեց իրենց ծանրաշարժությունը և աղեղնավորների ու տեգավորների պակասը: Մնում է դրանց թվական շատությունը, որը իրոք հարց է: Ինչքա՞ն ուժեր կարող է մեր դեմ հանել Շարուքենը:
- Շատ դժվար է ասել,- ոտքի կանգնեց Հայկազունի Պարետը,- Մեծ Անապատի ծայրը դեռևս ճշգրիտ հայտնի չէ, սակայն մի բան հայտնի է, որ այն մեծ է ողջ Միջագետքից...: Մեծ է նաև Եգիպտոսից: Կարելի է ենթադրել, որ առիթի դեպքում Շարուքենը կկարողանա մեր դեմ հանել մոտավորապես տասնհինգ-քսան բյուր զորք: - Մեր մշտական բանակը այժմ հազիվ հինգ բյուր է,- ծանրորեն ոտքի կանգնեց սպարապետ Վահեն, նայեց մեզ և ավելացրեց,- ասենք մի հինգ բյուր էլ կհավաքենք երկրի տղամարդկանցից: Ամեն դեպքում քիչ է, դրա համար էլ մենք պետք է գործի դնենք գլուխներս: Ահա թե ինչ կասեմ ես ձեզ, տղերք, պետք է ճիշտ կռվելով հաղթենք թշնամուն...
Եվս մի քանի մանրամասներ քննարկելուց հետո, արդեն ուշ գիշերով մենք հեռացանք սպարապետի զորակայանից և ես վերադարձա Հայկաշենում իմ վարձած բնակարանը, որտեղ պարապությունից հորանջելով ինձ էր սպասում Մենեսը: - Հը՞,- ծանրորեն հորանջելով հարցրեց նա,- ի՞նչ որոշեցիք, ասա, մի երկու բառով հայտնեմ մերոնց, էլի,- փորձեց կատակել Մենեսը: - Հետո կերևա,- ծիծաղեցի ես,- հլը թող մի քո այդ "հիրավի արքան" քիթը խոթի այս կողմերը, այդ ժամանակ կերևա,- Մենեսից ոչ պակաս լայնաբերան հորանջեցի ես…
_____________________ [1] Աքքադ պետության մայրաքաղաքը, որը գտնվում էր Եփրատի ձախ ափին` ներկայիս Բաղդատից մոտ 80 կմ հյուսիս:
_________________ Приходите в мой дом...
|