…- Դեհ, պատմիր, ինչ կա չկա,- ժպտալով հարցրեց ալեհեր բարեկամս, երբ մենք բավականին պինդ ընթրելուց հետո մեկնվեցինք գահավորակների վրա: - Ես կպատմեմ, ես մի կողմ, թանկագին բարեկամ, ավելի լավ է դու ասա ի՞նչ, ո՞նց: Ոնց որ տեսնում եմ, Կորճայքում ամեն ինչ կարգին է, տեղը տեղին ու դու էլ ամեն ինչի տերն ես քո երկաթե ձեռքով… - Չէ մի՜, Հայկ ջան,- տխուր ժպտաց Պերճը,- իմը վաղուց է անցել: Քո համար եմ այս ամենն անում, մեկ էլ նրա համար, որ այլ կերպ չեմ կարող… հասկանո՞ւմ ես, ես ուրիշ ժամանակների մարդ եմ, ես տեսել եմ Կադմոսի ժամանակները: Է՜է՜է,- ձեռքը թափ տվեց նա,- ինչ ուզում ես ասա, այն չի էլի…, հիմա այն չի: Ողջ Արարտան այնպես հանգիստ է ապրում, կարծես մեր երկիրը մենակ մի թշնամին ուներ, այն անպետք Բելն էր, որին շանսատակ արեցինք, ու վերջ, դրանով վերջացավ: Բայց չէ՜է՜, Հայկ ջան, ես շատ ծեր եմ, ինձ քիչ է մնացել, բայց դո՜ւ, այ դու՜ կտեսնես, որ ծերունի Պերճը չի սխալվել… - Դե լա՜վ, ծեր եմ,- բարեկամիս ուսին թփթփացրի ես,- ասացիր էլի… դու դեռ շատ ունես: Հլը պատմի, այդ ի՞նչ է եղել, ո՞վ է մեր Հայկազունիների ամենահավատարիմ ռազմիկներից մեկին նեղացրել, հը՞,- հարցրի ես: - Նեղացրել…, այդ էր պակաս,- հպարտորեն գլուխը բարձրացրեց Պերճը,- ծերը ծեր եմ, բայց դեռ կարողանում եմ ինձ նեղացնողի մռութին այնպես շրխկացնել, որ հետո հատ-հատ կհաշվի, թե ձեռքի մեջ քանի ատամ ունի հավաքած… - Դե լավ է էլի, էլ ի՞նչ է եղել: - Գիտե՞ս, Հայկ ջան,- լուրջ հայացքով ինձ նայեց Պերճը,- դեռ լավ է, որ Սպարապետ Վահեն լրիվ իմ ու իմ նման մի քանիսի կողմն է պահում, թե չէ երկիրը կքայքայվեր: Ձգվել է Հայկ Նահապետի երկիրը Արևելքի Մեծ ծովից [1] մինչև Արևմուտի Մեծ ծով [2], Վերին Մեծ ծովից [3] մինչև Միջագետքի հարթավայրեր ու ապրում է այնպես, կարծես աշխարհի անցուդարձը հեչ իրեն չի վերաբերվում…: Չգիտեմ լսել ես թե չէ, բայց մեր նոր Մեծ քուրմը` Արեգ Սլկունին, լրիվ տարվել է իր քրմական գործերով, իսկ երկրի կառավարումը թողել է աստված գիտի ում…: Գլուխն է մտցրել, թե Մեծ Աղեղնավորը, առիթի դեպքում կիջնի աստղերից և կրկին կսպանի Արարտայի վրա հարձակված ցանկացած թշնամու: Գիտե՞ս չէ, Հայկ ջան, որ ինձ համար չկա, չի եղել և չի լինի այլ աստված, քան Մեծ Աղեղնավորն է` մեր փառահեղ Հայկը, բայց ես վստահ եմ…, այ էս իմ սպիտակ մազերը կարող եմ դնել, որ նա հիմա դժգոհ է այս երկրի կառավարումից, դժգոհ է, որ արիները իրենց հույսը երկնքի վրա են դրել…: Այսինքն չէ, իհարկե բոլոր հայերը չեն, որ երկինք են նայում, ես նույնիսկ կասեի որ մեծ մասը չէ, բայց դե այս քրմերը… Է՜է՜է, եղբայր, թե ես ու իմ նիզակակիրները չլինեինք, ինչ թափթփուկ ասես այս կողմից Արարտա չէր մտնի: - Պատկերացրու նիզակակիրներդ վատը չեն,- ժպտալով հիշեցի ես,- հատկապես դուրս եկավ մեկը…, էն, որ գայլի մորթի ուներ վրա գցած, է… - Հա՜ա՜, Սևակս,- ժպտաց իշխանը և գլխով արեց,- ես նրա վրա մեծ հույսեր եմ դնում, իսկական արիա է…: Չնայած դեռ իրեն այդ մասին չեմ ասում, բայց դե գայլի մորթով եմ պարգևատրել, դա էլ քիչ չի…: Իրոք արժանի ռազմիկ է, հարավի ամենալավ պահապաններից մեկն է…: Դեռ կճանաչես նրան: - Մի թեթև արդեն շփվել ենք,- ժպտացի ես: - Է՜է՜է, բան ասացիր, շփվել ենք: Ես լավ գիտեմ Սևակի շփվելը հարավից Արարտա մտնող միջագետքցիների հետ: Քաղաքավարի զուսպ, չէ՞: Բայց գիտե՞ս ինչ սիրտ ունի: Պատրաստ է Հայաստանի հասցեին մի ծուռ խոսք ասողի կոկորդը ատամներով կրծել: Մի խոսքով, Հայկ ջան, կարելի է ասել բախտդ բերել է,- ծիծաղեց Պերճը,- լա՜վ հանկարծ չնեղանաս, գիտեմ, որ դու էլ պակասը չես: - Պերճ ջան, քեզնի՞ց նեղանամ: Իմ ազնիվ բարեկամ, դու, որ այստեղ ամեն ինչ պատրաստել ես ինձ համար… դու, որ այսպես լավ, հարազատ ու վաղուց կորցրած հորս քնքշությամբ ես ինձ վերաբերվում…
Ծերունի ռազմիկի աչքերում արցունքներ նկատեցի. - Է՜հ՜է՜,- մի կողմն նայելով և ձեռքի աննկատ շարժումով արցունքը թափ տալով կրկին վրաս նայեց Պերճը,- շնորհակալ եմ Մեծ Աղեղնավորից, շնորհակալ եմ որ տարիների գործս գնահատող եղավ, շնորհակալ եմ որ գործս շարունակող կլինի, շնորհակալ եմ… որ ծերությանս օրոք զավակ ունեցա, քեզ պես զավակ,- Պերճը չդիմացավ և գրկեց ինձ,- արդեն ուշ է, որդիս, ուշ: Ես հրամայել եմ լավ անկողին պատրաստել քեզ համար: Արի քնենք, իսկ վաղը դուրս կգանք զբոսնելու, համ կալվածքներին կծանոթացնեմ, համ էլ ինչքան ասես կխոսենք…
Պերճը հոր քնքշությամբ գրկեց ինձ և ուղեկցեց ինձ համար նախատեսված սենյակը…
_____________________ [1] Նկատի է ունեցվում Կասպից ծովը: [2] Նկատի է ունեցվում Միջերկրական ծովը: [3] Նկատի է ունեցվում Սև ծովը:
_________________ Приходите в мой дом...
|