Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6 ... 29  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Առավոտյան սովորությանը հակառակ ես շուտ վեր կացա, պատրաստեցի նախաճաշը և արթնացրեցի Մենեսին: Լվացվելուց հետո մենք նստեցինք նախաճաշելու.
- Մենես, ես գիշերը մտածեցի այս ամենի մասին ու գտնում եմ, որ ճիշտ կլինի, որ ես հեռանամ այս քաղաքից, գնամ այստեղից:
- Համաձայն եմ,- ժպտաց Մենեսը,- ճիշտ որոշում է: Եվ ուր ե՞ս պատրաստվում ուղղություն վերցնել:
Ես կարոտով ժպտացի` հիշելով մեր աննման լեռները: Մենեսը հասկացած գլխով արեց.
- Իրոք, Հայկ, ինչքան գիտեմ այն ժամանակից ի վեր Հայաստանում չես եղել: Թունդ կարոտած կլինես երկրիդ:
- Էհ՜հ՜հ, Մենես ջան, չես պատկերացնի ոնց եմ կարոտել Հայաստանը, ոնց եմ կարոտել մեր լեռները: Գիտե՞ս ինչքան հաճախ եմ երազումս տեսնում Հայկաշենը [1] …: Վաղուց էի ուզում վերադառնալ, հիմա էլ իսկը ժամանակն է: Մի բանի համար է սիրտս կախ, որ մենք բաժանվում ենք ու ես քեզ մենակ եմ թողնում այս վճռական ժամանակների նախաշեմին:
- Ոչինչ, Հայկ, հո հավետ չենք բաժանվի: Ոնց էլ լինի մի օր հյուր կգամ ձեր կողմերը: Թե՞, այ լեռնեցի, ձեր գովերգված հյուրասիրությունը միայն խոսքեր են ու դու չես ուզի որ ես գամ,- կատակեց նա:
- Պահ, ասացիր էլի, մենակ դու մի օր մեր կողմերն երևա, այնպես կպահեմ քեզ, որ քո բուրգերը կմոռանաս,- ծիծաղեցի ես:

Սակայն մեր ծրագրերին վիճակված չէր այդքան հեշտորեն իրականանալ: Նախաճաշից հետո Մենեսը կրկին պալատ գնաց, իսկ ես սկսեցի մարմնական ու թրավարժություններով զբաղվել: Դրանից հետո պառկեցի քնելու: Արթնացա բավականին ուշ: Տանը մութ էր և Մենեսը դեռ չկար: Ես սկսեցի անհանգստանալ ու հենց այդ պահի տան երդիկից ինչ-որ բան ներս ընկավ: Ես մոմը վառեցի ու փորձեցի պարզել, թե ինչ է դա: Միանգամից տեսա, որ ուղիղ սեղանի մոտ` գետնին, ընկած է կավի մի կտոր: Նրա վրա ինչ-որ նշաններ կային: Դրանց փոխադարձ տեղադրությունից ես հասկացա կավի կտորի վրա քերծվածքների իմաստը: Կավի այդ կտորը Բառնամատռայից էր, որը տեղեկացնում էր, որ Մենեսից իմացել է իմ գտնվելու վայրը և ներողություն խնդրելու համար ինձ հրավիրում է պալատ` երկրորդ հարկում գտնվող իր սենյակը: Ես բավարարված շուրջս նայեցի, լվացվեցի, արագորեն հագա իմ ամենալավ շորերը և, գոտիկից կապելով թուրս ու քսակս, ամեն ինչ մոռացած դուրս նետվեցի տանից: Ուշադրություն չդարձնելով քաղաքում տիրող անհանգիստ վիճակին` ես արագորեն հասա Ուր-Զաբաբայի պալատ և իմ սովորության համաձայն ծառերի և պատերի վրայով ներս մտա: Բարձրանալով երկրորդ հարկի քիվի վրա` բավարարվածությամբ տեսա, որ լիովին ճիշտ եմ: Ես կանգնած էի Բառնամատռայի պատուհանների կիսաբաց փեղկերի դիմաց: Ես հրեցի դրանք և ներս մտա:
Մեջքով դեպի ինձ նստած և գլուխն ափերի մեջ առած Բառնամատռան շուռ տվեց գլուխը և ուրախության ճիչը զսպելով նետվեց գիրկս` համբույրներով պատելով երեսս: Ես էլ սկսեցի համբուրել նրան: Սակայն Բառնամատռան մի պահ փախավ գրկիցս և անցնելով սեղանի մյուս կողմը, հմայիչ ժտալով հարցրեց.

- Իմ հսկա, իմ քաջ լեռնեցի, անցած անգամ ինչո՞ւ կոտրեցիր քո գեղեցկուհու սիրտը:
- Դե լա՜վ,- կատակեցի ես,- դու դեռ հիշում ե՞ս: Այ ես արդեն մոռացել եմ…
- Դու արդեն մոռացե՜լ ես,- հեգնախառն ժպիտով նետեց նա,- իսկ ես դեռ հիշում եմ: Պահապաններ,- հանկարծ բարձր ձայնով կանչեց նա:

Նույն պահին դռները բացվեցին և սենյակ խուժեցին պալատի հսկայամարմին պահապանները` նիզակներն առաջ ուղղած: Ուղիղ կրծքիս ուղղված նիզակի հարվածից դժվարությամբ խույս տվեցի, որից հետո վայրկենապես մերկացրեցի թուրս և սկսեցի արագորեն գործել: Հակառակորդներիս նիզակներին կոթերին մի քանի հաջող հարվածներից հետո դրանք վերածվեցին դագանակների: Սակայն սենյակ էին մտնում նորանոր ռազմիկներ: Հանկարծ ես լսեցի մեկի ծանոթ-հեգնական ձայնը.
- Ահա՜ թե ով է մեզ հյուր եկել,- երկար և կեռ թուրը մերկացրած իր ռազմիկների թիկունքից առաջ եկավ Շարուքենը,- ողջույն քեզ, բարի գալուստ…: Բայց միայն այդքանը: Քեզ այստեղից արդեն կտանեն,- հեգնախառն նետեց նա:
- Ու դու, այ լեռնեցի,- արհամարհանքով նետեց Բառնամատռան,- սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում վիրավորել իմ պես կանանց: Գոնե Շարուքենի կես քաջությունն ունենայիր,- փարվելով վերջինիս կրծքին` հեգնեց նա,- գոնե նրա պես սիրեիր ինձ` հիմա ողջ կմնայիր:

Նման դեպքերում պետք էր գործել կայծակնային արագությամբ: Ես հարվածեցի սեղանին և այն կպավ Բառնամատռային: Նրա ճիչը մի պահ շեղեց Շարուքենի ուշադրությունը, որից էլ օգտվելով ես նետվեցի դեպի պատուհանը: Շարուքենը, տեսնելով դա, թողեց Բառնամատռային և հսկային վայել երկու թռիչքով հասավ ինձ.
- Ո՜չ լեռնեցի, դու կմեռնես հենց այստե՜ղ,- ասաց նա ու իր թրի հարվածն ուղղեց վզիս:

Ես հետ ընկա, ու, չկարողանալով հավասարակշռությունս պահել, այդ է, պիտի դուրս ընկնեի պատուհանից, եթե վերջին պահին ձախ ձեռքով չկախվեի վարագույրներից` արդեն դրսի կողմից խփվելով պատուհանի փեղկերին ու շենքի պատերին: Շարուքենը կրկնեց հարվածը, սակայն այս անգամ ես արդեն իմ թրով հետ մղեցի այն և պատասխան հարվածով կպա նրա աջ այտին: Շարուքենը մռնչալով ներս քաշվեց, իսկ ես այդ պահին նկատեցի, որ բակում գտնվող պահապաններից մի քանիսը նկատեցին ինձ և գոռալով նետվեցին օգնության կանչելու: Թանկ էր ամեն պահը: Ես դժվարությամբ կանգնեցի քիվի վրա և, խույս տալով Շարուքենի հերթական հարվածից, ցատկեցի բակ, պպզեցի, արագորեն ոտքի թռա և տապալելով դռների մոտ կանգնած պահակներին, դուրս եկա քաղաք:

____________________
[1] Հայկ Նահապետի հիմնած քաղաքը Տուրուբերան նահանգի Հարք գավառում և Արարտայի քրմապետության երկրորդ մայրաքաղաքը` մ.թ.ա. մոտ 2493-1970 թթ.:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Արդեն դրսում լսեցի ողջ պալատը բռնած Շարուքենի գոռգոռոցը, որը պահանջում էր անհապաղ ջոկատներ կազմել և բռնել ինձ` կենդանի կամ մեռած: Լավ էր` քսակս մոտս էր, իսկ ավել բան ինձ պետք էլ չէր: “Վատ չի՜…, շան որդին պալատի լրիվ տեր ու տնօրենն է”,- այդ պահին անցավ մտքովս, բայց միայն մի քիչ ուշ պիտի հասկանայի, թե այդ պահին ինչ մոտ էի ճշմարտությանը:

Իսկ մինչ այդ ես շնչասպառ, սակայն աշխատելով չնկատվել, սկսեցի վազել դեպի քաղաքի դարպասները, խույս տալով փողոցով վազող Անապատի որդիների մեծաթիվ, սակայն պատահական ամեն ինչով զինված ջոկատներից, որոնք ինձ վրա ուշադրություն չդարձնելով սուրում էին դեպի պալատ` հնազանդ պալատի կտուրից հնչող թմբուկի ձայնին: Ճանապարհին ես մի պահ անցա մեր տան մոտով, սակայն արդեն հեռվից նկատեցի, որ այն այրվում է: Մենեսի մասին ուժեղ անհանգստությունը սրտումս ես ուղղություն վերցրի դեպի դարպասները: Միակ հույսս այն էր, որ նա ինձանից ոչ պակաս ճարպիկ ու ուժեղ լինելով, հաստատ դուրս կպրծներ որտեղից ասես: Դեռ քաղաք մտնելիս ես դարպասների մոտի պարսպի մեջ մի ճեղք էի նկատել և հույս ունեի դրանով դուրս գալ: Ճեղքին մոտենալիս ես մի սուր զգացում ունեցա ու նկատեցի, թե ինչպես մի ծանոթ կերպարանք ճարպկորեն անցավ դրանով և դուրս եկավ քաղաքից: “Ըհը, լավ է, այս էլ մեր քուրմը”,- ուրախացա ես և, հետևելով նրան, դուրս եկա ճեղքից: Իր հետևում աղմուկ լսելով ծանոթ կերպարանքը մերկացրեց թուրը…

- Տո այ քուրմ, ես եմ, ես, պահիր թուրդ,- շունչս տեղը բերելով մոտեցա նրան և մենք ուժեղ գրկախառնվեցինք,- իսկ ես անհանգստանում էի քեզ համար:
- Ես էլ, Հայկ,- պատասխանեց Մենեսը,- փախչելիս անցա մեր տան մոտով, որն արդեն այրվում էր: Միակ հույսս քո ճարպկությունն էր: Հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ նորմալ է: Ո՞նց դուրս պրծար տանից:
- Տո ի՞նչ տուն,- ծիծաղելով սկսեցի պատմել ես,- պալատից եմ գալիս: Մեր մատռվակ-այգեպանը զարմանալի ցանկություն ուներ ինձ տեսնելու և դրա համար էլ օգտագործել էր մի պոռնիկի…: Ես դրա ինչն եմ ասել,- չկարողանալով զսպել ինձ` եռհարկանի մի լավ խոսքով նախշեցի նախկին սիրուհուս:
- Հա՜ա՜ա, այ դա ուրիշ բան է,- ծիծաղեց Մենեսը,- ես էլ կարծեցի, թե իմ պես անարժան մեկի համար անհանգստությունն է քեզ պալատ տարել…
- Է՜է՜է՜, այ քուրմ, իբր չգիտես, հա՞, թե քեզ ոնց եմ սիրում: Ես քնով էի ընկել, արթնացա ուշ երեկոյան ու արդեն սկսում էի անհանգստանալ քեզ համար, երբ երդիկից ներս ընկավ կավի մի կտոր, որի վրայի նշանները տեղեկացնում էին, որ Բառնամատռան ինձ պալատ է կանչում: Դե ես էլ մտածեցի, որ եթե այնտեղ են քեզ ուշացրել, մի կերպ կտեսնեմ: Դրա համար էլ սուրացի պալատ, բայց դե այնտեղ ինձ արդեն սպասում էին…: Մի խոսքով, ստիպված մեր հիրավի արքայի մյուս այտին էլ մի նշան թողեցի ու… հիմա քեզ մոտ եմ: Քեզնից պատմիր, դո՞ւ ոնց, ի՞նչ…:
- Հայկ, դու անուղղելի ես, հիմա մեր հիրավի արքան քեզ կրկնակի է պարտք: Լավ չի, լավ չի՜…: Չի կարելի արքաների հետ այդպես…
- Դե լա՜վ, արքա՜…: Այդ դուրսպրծուկին դեռ շատ կա, մինչև արքա դառնալը,- ծիծաղեցի ես:
- Սխալվում ես, Հայկ ջան,- մռայլված ասաց Մենեսը,- արդեն առանց չափազանցության և ճշգրիտ կարելի է այդ խոսքը կիրառել նրա նկատմամբ: Շարուքենը Քիշի հիրավի արքան է, եթե ոչ ավելին:
- Բա Ուր-Զաբաբա՞ն,- զարմացա ես:
Մենեսը ձեռքը թափ տվեց:
- Ուր-Զաբաբան արդեն չկա: Նրան վաղուց կտոր-կտոր են արել և նետել շներին: Ես մի կերպ դուրս պրծա: Այն էլ կարելի է ասել բախտս բերեց: Մենք նստած քեֆ էինք անում ու զրուցում էինք, երբ մեզ վրա տվեցին Շարուքենի մարդիկ: Պատկերացնո՞ւմ ես, Հայկ, ողջ պալատում մի հավատարիմ մարդ չգտնվեց, որ պաշտպաներ Ուր-Զաբաբային: Նրանք միանգամից վրա տվեցին և սկսեցին հարվածել: Լավ էր, որ խառնաշփոթի մեջ մարխերը ընկան հատակին և շուրջը մթնեց, որից էլ օգտվելով ես փախա: Ի դեպ, քո այդ պոռնիկը կանգնել էր դռան մոտ և հանգիստ հետևում էր, թե Շարուքենն ու իր մարդիկ ոնց են կտրատում դեռևս կենդանի Ուր-Զաբաբային…: Չէ՜է՜է, Հայկ, հենց նոր շատ լուրջ բան եղավ ու սա դեռ մեծ հետևանքներ կունենա,- հառաչեց բարեկամս:
- Լավ, դրա մասին դեռ կմտածենք, հիմա արի մտածենք, թե ոնց պոկվենք այս հրեշային քաղաքից:
- Հայկ, պետք է արագորեն ուղղություն վերցնել դեպի Ուրուկ,- ասաց Մենեսը:
- Ճիշտ ես, բայց ոչ հիմա: Տես թե ինչ եմ ասում, հիմա դեռ գիշեր է և շատ շուտով Շարուքենը իր ոհմակը դուրս կթողնի քաղաքից` մեզ գտնելու համար: Սակայն առավոտյան նա արդեն ուրիշ հոգսեր կունենա, քանի որ քաղաքացիները կարթանան և նա ստիպված կլինի իր ուժերի մեծ մասը պահել քաղաքում: Դրա համար արի հիմա թաքնվենք պարիսպների տակի այս թփերի մեջ, հիմա դա ամենաապահով տեղն է, իսկ առավոտյան հանգիստ հեռանանք:
- Համաձայն եմ, վատ ծրագիր չի,- ժպտաց Մենեսը:

Մենք մտանք թփերի տակ: Մի քանի րոպեից քաղաքի դարպասները բացվեցին և վառվող մարխերը ձեռքերին ու զինված Անապատի որդիների բազմաթիվ մանր ջոկատներ մեկնեցին քաղաքից տարբեր ուղղություններով: Արդեն լուսադեմին մենք նկատեցինք նրանց ետ դառնալը և քաղաք մտնելը:
- Ահա և վերջ, հիմա արդեն կարելի է հեռանալ,- ասացի ես,- չնայած խղճում եմ այս քաղաքի բնակիչներին: Այս հեղաշրջումից հետո Շարուքենը նրանց կյանք չի տա…
Մենք արագորեն դուրս եկան թփերի տակից, մի քիչ ներքև լողալով անցանք Եփրատը և շուտով արդեն Բաբելոնում [1] էինք` մի երկրորդական ու անշուք քաղաքում…

____________________
[1] Քաղաք Եփրատի աջ ափին, որը մեր նկարագրված ժամանակներում դեռևս մի երկրորդական քաղաք էր և իսկական ծաղկման հասավ միայն հաջորդ հազարամյակում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Բաբելոնում ամեն ինչ դեռ խաղաղ էր և ամեն ինչից երևում էր, որ տեղացիները դեռևս տեղյակ չեն Քիշում ծավալված իրադարձություններից: Մենք տեղավորվեցինք տեղական պանդոկներից մեկի հարմարավետ սենյակում: Հաջորդ օրն առավոտյան մենք սկսեցինք քննարկել մեր հետագա քայլերը:

- Ահա և փոթորիկը պայթեց, Մենես ջան,- ասացի ես,- ի՞նչ ես մտադիր հիմա անել:
- Ես կվերադառնամ Ուրուկ, կտեղեկացնեմ Պեպիին այս ամենի մասին, իսկ հետո կերևա…: Դո՞ւ ինչ պիտի անես:
- Ես արդեն հաստատ որոշել եմ, Մենես ջան: Կվերադառնամ Արարտա: Միջոցներ, փառք աստծո, արդեն շատ ունեմ: Արդեն հասցրել եմ մի փոքրիկ հողակտոր ձեռք բերել Արարտայի հարավում` Նպատականի լեռներում: Ես պատրաստվում եմ մեր թաքստոցներում պահած գանձերի իմ մասը տեղափոխել այնտեղ, հաստատվել լեռներում ու դառնալ տեղի իշխանը: Ազատ համայնականների կհավաքեմ ձեռքիս տակ, կամրացնեմ շրջանը ինչպես հնարավոր է…: Շուրջս կհավաքեմ որբ, անտուն-թափառական երեխաների, կվարժեցնեմ նրանց ռազմական գործին, քո կառույցի պես մի կառույց կստեղծեմ, աստիճանաբար կդառնամ իմ երկրի ուժեղ ռազմիկ-իշխաններից մեկը և ամեն միջոցով կպատրաստեմ երկիրս հարավային փոթորիկներին: Դեռևս այսքան մի բան,- ոգևորված շարադրեցի ես,- հա, մոռացա ասել,- ծիծաղեցի,- եթե կուզենաս տեսնել ինձ, կգաս այդ կողմերն ու կհարցնես տեղի իշխան Հայկին, մոտակա յոթանասուն-ութանասուն տարին այդ անվան տակ կլինեմ, դե հետո էլ… չնայած դժվար, էլի, որ այդ ընթացքում իրար հետ կապնված չլինենք:
- Վատ չի, Հայկ ջան: Աստված տա ծրագրերդ կարողանաս իրականացնել…:Միայն հաշվի առ քո վիճակը և մարդկանց հետ կարճ կամ երկար շփվելուց մի մոռացիր, որ դու չես ծերանում…: Դու ինձ հասկանում ես…: Իսկ եթե դու կուզենաս ինձ հետ կապվել` Ուրուկի շուկայի քեզ հայտնի վաճառատանը միշտ կկարողանաս իմ մասին տեղեկանալ` ցույց տալով ահա այս ճարմանդը,- ժպտաց Մենեսը և իր թիկնոցից պոկելով` ինձ տվեց իր գեղեցիկ ճարմանդներից մեկը…

Վճարեցինք տիրոջը և դուրս եկանք պանդոկից: Հանկարծ պանդոկի առջև ես ու Մենեսը անվճռական կանգ առանք: Երկար տասնամյակներում առաջին անգամ մենք պետք է գնաինք տարբեր ուղղություններով: Մենեսը պետք է բռներ դեպի Բաբելոնի հարավային, իսկ ես` հյուսիսային դարպասը տանող ճանապարհը: Նայեցի ընկերոջս ու նրա մտախոհ դեմքից ևս զգացի, որ նրան էլ նույն զգացմունքներն են փոթորկում: Առանց ավելորդ խոսքերի ամուր գրկախառնվեցինք և շարժվեցինք հակառակ ուղղություններով:

Կյանքն անորոշ ժամանակով բաժանեց մեզ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Քաղաքի շուկայից գնեցի մի էշ և ուղղություն վերցրի դեպի հյուսիս: Ես ու Մենեսը վաղուց, հաշվի առնելով կյանքի անակնկալները, մեր միջոցները թաքցրել էինք մի քանի վայրերում: Ես Եփրատի աջ ափով շարժվելով հասա Սիպպար [1] և կամրջով անցա Եփրատը: Այստեղ մեր գաղտնարաններից մեկից վերցրեցի որոշ քանակության գումար, և դրանով ձեռք բերեցի քսան էշ: Դրանից հետո ես դրանք բարձեցի ցորենի պարկերով, դրանց մեջ թաքցրեցի ինձ պատկանող ոսկին, արծաթը և թանկարժեք քարերը, ինչպես նաև տեղի մեր առևտրական ծանոթների միջոցով վարձեցի ստուգված պահապանների:

Մի քանի օրից իմ քարավանը Տիգրիսի ափով արդեն ուղղություն էր վերցրել դեպի հյուսիս: Երրորդ օրվա կեսօրին մենք Աշշուրում [2] էինք, իսկ հաջորդ օրվա վերջում հանգստի տեղավորվեցինք Նինվեում [3]: Այդ օրը ես ոչ մի կերպ չկարողացա աչք կպցնել: Պառկել էի անկողնում ու մտածում էի արդեն շատ մոտիկ հյուսիսում գտնվող լեռների, իմ հարազատ լեռների մասին: Ինչքա՞ն ժամանակ է` ես չեմ եղել այնտեղ, չեմ տեսել հպարտորեն վեր խոյացող նրանց գագաթները, չեմ տեսել խելքահան անող պատերով գլխապտույտ խորություն ունեցող կիրճերը: Անընդհատ աչքիս առաջ հառնում էին թավ անտառները և ես կրկին, կարծես հին ժամանակներում վազող մի սովորական պատանի, նիզակը ձեռքիս, աղեղը ուսիս և նետերի կապարճը կողիս սլանում էի դրանցով: Այս ամենից զատ պատկերացնում, ավելի շուտ հիշում էի հարազատներիս և ընկերներիս: Իհարկե, նրանցից ոչ մեկին արդեն չեմ տեսնի: Չէ՞ որ նույնիսկ հայրս, որը անհավանական երկար կյանք էր ապրել, մահացել էր սրանից դեռ հարյուր տարի առաջ: Ոչ պակաս երկարակյաց Կադմոսի մահվան լուրը հերթական վաճառականը բերեց սրանից երևի մոտ ութանասուն տարի առաջ: Ես ծածկոցով փաթաթված կարոտով հառաչեցի: Ի՞նչ է կատարվել Արարտայում այս ընթացքում: Կադմոսի մահվան լուրը ստանալուց հետո կարծես թե այնտեղ այլևս ոչ մի լուրջ իրադարձություն տեղի չէր ունեցել: Հեռվից-հեռու ականջիս էր հասել, որ արիների Ավագների ժողովի որոշմամբ նրա մահից հետո իշխանությունը կրկին անցել էր մինչև հորս իշխանության գալն Արարտայում իշխած քրմերի տոհմին: Լսել էի նաև, որ Հայկազունիները առանձնապես չէին էլ ընդվզել դրա դեմ, քանզի իրենք իրենց ավելի հարազատ էին համարել բանակը և երկրի տնտեսական կյանքի ղեկավարումից մի կողմ էին քաշվել: Դե իհարկե, պատերազմի ժամանակ է միայն, որ ազգը զգում է իր ռազմիկների կարիքը: Ինչ ուզում են թող ասեն` խաղաղությունը բթացնում է մարդկանց զգուշավորությունը, քանզի նրանց սկսում է թվալ, թե այլևս երբեք պատերազմ չի լինի և ռազմիկների կարիք կարծես այնքան էլ չի լինի: Սակայն այդպես կարող էին մտածել այլ իշխաններն ու տոհմապետերը, որոնք իրենց ամրոցներում ամուր փակված առևտուր էին անում Միջագետքի հետ և կարծես մեկուսացած էին ամեն ինչից: Սակայն ուրիշ էին Հայկազունիները: Դե իհարկե, դա իմ տոհմ էր և իմ աչքին ամեն ինչից բարձր էր: Սակայն մի բան անվիճելի է: Չնայած ամեն ինչին` Հայկազունիները Արարտայի բանակը պահում էին բարձր մարտական պատրաստվածության վիճակում:

Ես ծիծաղեցի…: Ե՞րբ էր, որ Մենեսի վաճառատանը Արարտայից հենց նոր վերադարձած մի վաճառականի հետ նստած զրուցելիս նրանից լսեցի, թե նա ինչպես էր զարմացած պատմում, որ Արարտայի երկրի տիրակալն ունի մի տեսակ ծառայություն, որը նա չգիտես ինչու կոչեց արշավանքի տուն: Այն գտնվում էր Հայկաշենին շատ մոտ` մի տարածքում, որն ամբողջովին պատված էր բարձր պարիսպներով, շրջապատված էր ջրով լցված խորը խանդակով և որտեղ տեղավորված էին արիների ռազմական առաջնորդները: Հիշում եմ, թե ինչպես սիրտս թրթռաց…: Ախր նա խոսում էր հենց հարազատներիս մասին: Իսկ զրուցակիցս, կարծես ոչինչ չնկատելով, շարունակում էր պատմել, որ պարիսպները պահպանվում էին չափազանց խիստ, որ միակ դարպասի առաջ մշտապես կանգնած էին զրահապատված, կլորավուն միջակ մեծության վահանները և նիզակները ձեռքներին, ծանր թրերը մեջքներին ու երկկողմանի տապարները կողքերը խրած երկու հաղթանդամ ռազմիկներ, իսկ մի քանիսն էլ մշտապես երթևեկում էին պարիսպների երկայնքով: “Այդ երկրի ոչ բոլոր իշխանները կարող են ներս մտնել այդ դարպասներից, այն էլ բացառիկ դեպքերում և ռազմական առաջնորդի հատուկ թույլտվությամբ, ուր մնաց օտարները”,- հառաչեց զրուցակիցս,- “թեև հետաքիքիր կլիներ տեսնել, թե ինչ կա ներսում”: Հիշում եմ, թե այդ ժամանակ ես ինչպես ինքս ինձ ծիծաղեցի և չթաքցնեմ էլ, մի քիչ հպարտացա տոհմակիցներովս…: Բա՜ա՜ա, Մենես, սա քո գործակալների համար Քիշը կամ Ուրուկը չի, է՜, որ ոնց ուզենան մտնեն, ոնց ուզենան դուրս գան: Այ այդպես, իմ քուրմ եղբայր, դեռ շա՜տ կարգելակվես Հայկազունիների առջև…: Ես ծածկոցի մեջ փաթաթված կրկին ծիծաղեցի: Այո՜ո՜ո, վատ չէ՜ր, տղերք: Սակայն ես էլ դեռ կամ, ինձ էլ մի հանեք ձեր հաշիվներից: Այ հիմա կվերադառնամ, կհաստատվեմ Կորճայքում [4] ու այն ժամանակ ավելի թափով կգործենք: Արդեն լուսադեմին էր, որ կարճատև քուն մտա…

_____________________

[1] Քաղաք Եփրատի ձախ ափին` Քիշից մոտ 50 կմ հյուսիս-արևելք:
[2] Քաղաք Հյուսիսային Միջագետքում` Տիգրիսի աջ ափին:
[3] Քաղաք Հյուսիսային Միջագետքում` Տիգրիսի ձախ ափին:
[4] Հայաստանի հարավային նահանգներից մեկը` որը, հարավում ունենալով Հյուսիսմիջագետքյան հարթավայրերը, սկսվում էր Ուրմիա լճի հարավային կեսից մոտ 60 կմ արևմուտքից և վերջանում Տիգրիսի ափին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
… Հաջորդ օրը վաղ առավոտյան իմ քարավանը արդեն ճանապարհին էր: Ճիշտ ասած այս ամենի մասին ես ժամանակին չէի ասել Մենեսին: Չէ, ոչ թե նրա համար, որ չէի վստահում նրան, այլ մի կողմից հարմար առիթ չէր եղել, մյուս կողմից էլ ես շատ էի ուզում առիթի դեպքում իմ ընկերոջն անակնկալ մատուցել, ցույց տալ, որ իր ընկեր Հայկն իրականում ոչ փոքրիկ տիրույթների տեր է: Սրանից երևի մի տասնիհինգ-քսան տարի առաջ էր, որ Ուրուկում հյուրընկալված Կորճայքի զառամյալ և անզավակ իշխան Պերճից ես դրանք գնեցի` պայմանավորվելով, որ նա կշարունակի այնտեղ իշխել մինչև իր մահը, իսկ ես ամեն տարի նրան կուղարկեմ որոշակի գումար: Եվ ահա հիմա ես պատրաստվում էի հյուրընկալվել Արևելյան Խաբուր գետի վերին հոսանքներում` անմատչելի ժայռերի վրա թառած ծերունի Պերճի հզոր Ալկիքար [1] ամրոցում: Այս Պերճ իշխանը Հայկազունիների փառահեղ ժամանակները հիշող հավատարիմ և իր ժամանակի հզոր ռազմիկներից էր: Հավատարիմ ծառայության համար Կադմոսը նրան էր նվիրել Կորդրիքը [2] և նա միաժամանակ նշանակվել էր Կորճայքի իշխան: Սակայն կյանքը Պերճին հնարավորություն չէր տվել ընտանիք կազմել: Եվ երբ մենք պատահաբար հանդիպեցինք Ուրուկի շուկայում, ես սկզբում որպես մի պատվարժան հայի, մի լավ հյուրասիրեցի նրան: Սակայն ընթացքում պարզելով, թե ով է նա, ես այնքան ջերմությամբ սկսեցի հարցուփորձ անել նրան անցած ժամանակների մասին, որ իշխանը հուզվեց և, զգալով, թե ես որչափ եմ սրտիս մոտ ընդունում Հայկազունիներին, կարծես սիրեց ինձ որդու պես: Եվ ահա հիմա ես պատրաստվում էի սկզբի համար տեղավորվել Պերճի ամրոցում:
Ես այս խոհերով էի տարված, իսկ իմ քարավանը անշեղ կերպով ընթանում էինք Տիգրիսի ափով դեպի հյուսիս և տեղանքը աստիճանաբար դառնում էր ավելի քարքարոտ: Հայտնվեցին մանր բլրակներ, որոնք աստիճանաբար ավելի խոշորացան: Շուտով մենք տեսանք Տիգրիսի Արևելյան վտակներից մեկը` Արևելյան Խաբուրը: Այստեղից դեպի արևելք` վտակի աջ ափից հյուսիս սկսվում էր Կորդրիքը` Կորճայքի հիմնական գավառներից մեկը:

Իմ քարավանը սկսեց գետի ափով ընթանալ` արդեն դեպի արևելք: Ես գիտեի, որ այս գետը ինձ տանում է ուղիղ դեպի Ալկիքար: Սակայն ինձ փոքրիկ անակնկալ էր սպասում…: Մի նեղ ու քարքարոտ վայրում ասես գետնի տակից քարավանիս շուրջը բուսնեցին նիզակներով զինված մոտ հիսուն ռազմիկներ: Միաժամանակ ես հասցրեցի նկատել նաև, որ բարձրունքից դեպի մեզ ուղվեցին բազմաթիվ լարված աղեղներ: “Ապրես, Պերճ”.- ուրախացա ես,- “սկզբի համար վատ չէ, եթե ողջ նահանգն ես այսպես պաշտպանում…”: Այս ընթացքում նիզակակիրների առաջնորդը` գայլի մորթին վրան գցած հսկայամարմին և հաղթանդամ մի երիտասարդ, մոտեցավ մեզ և հայտարարեց.

- Զենքերը հանգիստ թողեք: Դուք գտնվում եք Արարտայի տարածքում: Սա այս տարածքի կառավարիչ Պերճի ջոկատն է,- ասաց նա և ի հաստատումն այս խոսքերի առաջ եկավ դրոշակակիրը ու ծածանեց Պերճի լազուր կապույտ դրոշը` վրան ատամներով նետը բռնած կարմիր մի առյուծ,- ես ջոկատի ղեկավար` հարյուրապետ Սևակն եմ,- շարունակեց նա,- ո՞վ է ձեր առաջնորդը, ի՞նչ նպատակով եք դուք եկել մեր երկիր:

Ես ճանաչում էի իմ ալևոր բարեկամի զինանշանը, դրա համար էլ առաջացա և հայերենով պատասխանեցի.
- Հարգելի հարյուրապետ, այս քարավանը ցորեն է բերում Արարտա և հույս ունի այնտեղից մայրիների որոշակի քանակ ձեռք բերել: Իսկ նրա առաջնորդը ես եմ` ուրուկցի վաճառական Մեսխին:
- Հարգարժան վաճառական,- թեթևակի խոնհարվեց երիտասարդը,- մենք միշտ ուրախ ենք մեր երկրում ընդունել վաճառականներին, սակայն քեզ պետք է հայտնի լինի, որ ոչ մի զինված ջոկատ իրավունք չունի ներս մտնել մեր երկիր` առանց քուրմ-արքայի թույլտվության: Ես կարող եմ ճանապարհ տալ միայն քո քարավանը և էշապաններին, միայն և միայն նրանց, իսկ նրանք,- երիտասարդը ցույց տվեց իմ վարձած պահապաններին և հաստատ ձայնով ասաց,- պետք է հետ դառնան: Եթե դու որոշես շարունակել ուղիդ` քո անվտանգությունը լիովին կապահովենք մենք:
- Իհարկե հարգելի Սևակ,- ժպտացի ես,- ես չեմ էլ կասկածում քո և քո ռազմիկների քաջասրտությանը և, որ հատկապես կաևոր էր մեր ժամանակներում` ազնվությանը:

Սևակը զուսպ գլխով արեց, սակայն նրա ջոկատը, հնազանդ իր հրամանին, շարունակեց մեզ պահել լարված հսկողության տակ: Ես դարձա դեպի պահապաններս, մոտիկ կանչեցի նրանց ղեկավարին և տվեցի նրանց պայմանավորված գումարը` բարեխիղճ ծառայության համար դրան ավելացնելով նաև փոքրիկ նվերներ: Պատվիրելով անշեղորեն վերադառնալ եկած ճանապարհով` ես նրանց ազատ արձակեցի ու կրկին դարձա Սևակին: Այդ ընթացքում հարյուրապետ Սևակը մոտիկ վազած մի զինվորի ականջին արագորեն ինչ-որ բան շշնջաց և վերջինս գլխապատառ վազելով հեռացավ: Ես ցույց տվեցի, թե չեմ նկատել դա և դարձա Սևակին.
- Դեհ ինչ, հարգելի հարյուրապետ, հուսով եմ հիմա բավարարված ես,- ժպտացի ես,- իսկ այժմ ինձ անհրաժեշտ է լինել Ալկիքարում:
Սևակը կրկին զուսպ գլխով արեց և իր ջոկատի մեկ տասնյակ նիզակակիրների ինձ ուղեկից կարգելով` սիրալիր կերպով բարի ճանապարհ մաղթեց: Այս տասնյակի առաջնորդը` Հրաչը, երևի մոտ քսանհինգ տարեկան միջին բոյի և նիհար մի երիտասարդ էր, որն արագորեն առաջ եկավ և ողջունեց ինձ:
- Ես անպայման կհայտնեմ իշխան Պերճին քո բարեխիղճ ծառայության մասին,- ձեռքս թափ տալով հրաժեշտ տվեցի ես:

__________________________
[1] Ամրոց Կորճայք նահանգի Կորդրիք գավառի հյուսիսում` Արևելյան Խաբուրի աջ ափին:
[2] Կորճայքի խոշոր գավառներից մեկը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Իմ նոր ուղեկիցների պաշտպանության տակ քարավանս գետի ափով շարունակեց իր ուղին: Արդեն երեկոյան գետը կտրուկ թեքվեց դեպի հյուսիս: Այստեղ մենք ճամբարեցինք և պատրաստվեցինք գիշերային հանգստի: Աչքի պոչով նկատեցի, որ ինձ ուղեկցողների ղեկավար-տասնապետը արագորեն հերթապահության ժամանակ սահմանեց իր ջոկատի անդամների համար: Ես որոշեցի խոսեցնել իմ տասնապետին և թարմ տեղեկություններ ստանալ: Դրա համար թեժացրի կրակը և տասնապետին հրավիրեցի նրա մոտ.

- Բ՜ռ՜ռ,- փաթաթվելով թիկնոցիս մեջ և ավելի մոտ գալով կրակին` սկսեց ես,- տարվա այս եղանակի համար ինչ-որ չափազանց ցուրտ չի՞ այս լեռներում,- հարցրի ես:
- Եղանակ է էլի,- ժպտաց Հրաչը,- մենք սովոր ենք:
- Իհարկե, իհարկե,- ծիծաղեցի ես,- բայց անցյալ տարի ես այս ժամանակներում այս կողմերում էի և ոնց-որ մի քիչ տաք էր, հը՞,- հարցրի ես:
- Անցած տարի, հա՞,- կարծես մռայլվեց Հրաչը,- ուրեմն դու անցած տարի այս կողմերում եղել ես, բայց առավոտյան չգիտեի՞ր մեր երկիր մտնելու կարգը:
“Վատ չի, վատ չի՜… մեր տասնապետը կարծես թե գլուխ ունի”,- քմծիծաղեցի ես, սակայն նրա հարցը ականջիս հետև գցեցի.
- Կարգ է էլի, չէիր ասի դու: Ես ի՞նչ հիշեմ: Ողջ տարի հազար ու մի երկրում եմ եղել: Հետաքիքիր է, այս կողմերում բոլոր տեղերո՞ւմ է այսպես,- զգուշորեն հետաքրքրվեցի ես:
- Ի՞նչ կարևոր է որտեղ ոնց,- կրկին խուսափեց զրուցակիցս,- կարևորը, որ կառավարիչ Պերճի ողջ տարածքում այսպես է:
- Չէ ես բան չեմ ասում, ուղղակի հետաքրքիր էր…: Ախր հնարավոր է, որ մեկ ուրիշ անգամ էլ այլ ճանապարհով ձեր երկիր գամ:
Զրուցակիցս անորոշ գլխով արեց: Տեսնելով որ նա դժվար է բացվում` ես էշիս վրայից բերեցի գինուս կիսալիքը տիկը, խմեցի և զրուցակցիս էլ առաջարկեցի: Հրաչը զգուշարեն մի քանի կում արեց:
- Բայց լսիր, ամեն դեպքում դուրս եկավ ձեր հարյուրապետը: Չէ, իրոք, կարծես լավ ռազմիկ էր ու իր գործն էր լավ գիտեր,- շարունակեց ես:
- Կառավարիչ Պերճը վատ զինվորի չի պահի,- բերանը սրբելով պատասխանեց Հրաչը:
- Լսիր, ես մի բան չհասկացա: Ես ինչքան լսել եմ, ձեր երկրում ասենք մի գավառի գլխին կանգնած է լինում իշխան, տոհմապետ կամ վերջին հաշվով` գոնե մի տանուտեր…: Իսկ դու կառավարիչ, հա կառավարիչ…,- իբր զարմացա ես,- բա ձեր իշխանն ո՞վ է, ու՞ր է կորել:
- Մեր իշխանը ոչ մի տեղ էլ չի կորել,- պատասխանեց Հրաչը,- ուղղակի նա արդեն երկար ժամանակով բացակայում է…: Իսկ նրա բացակայությամբ գավառը կառավարում է կառավարիչ Պերճը:
- Իսկ ո՞վ է ձեր իշխանը,- հարցուփորձս շարունակեցի ես:
- Ես նրան չեմ տեսել, սակայն գիտեմ, որ նրա անունը Հայկ է: Ժամանակին կառավարիչ Պերճը նրան հոգեորդի է ճանաչել և այդ ժամանակից էլ ուղարկել է աշխարհ տեսնելու, ճանապարհորդելու, սովորելու և ճանաչելու:
- Հետաքիքիր է՜,- ճակատս քորեցի ես,- լսիր, բայց այդ դեպքում ասա ձեր իշխանը հենց կառավարիչ Պերճն է էլի:
- Ս՜ս՜ս,- մատը շրթունքներին դնելով ու անհանգստացած շուրջ նայելով ասաց Հրաչը,- քեզ որպես մի օտարականի կարող է ներեն, սակայն ինձ…: Ես դեռ փոքր երեխա էի, որ կառավարիչ Պերճը հրամայեց բոլորին իրեն միայն կառավարիչ կոչել, միայն ու միայն կառավարիչ Պերճ, և սպառնաց, որ ճիպոտի հարյուր հարված կհասցնի նրան, ով այս ամենն իմանալով իրեն իշխան կկոչի: Այստեղի իշխանը միայն մեր երիտասարդ տերն է,- պատմեց Հրաչը, որի լեզուն գինին կարծես մի քիչ բացել էր,- ու ճիշտն ասած մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրան, քանի որ կառավարիչ Պերճը վաղուց է հարյուրն անցել և շուտ-շուտ է հիվանդանում…

Ինձ հուզեց ալևոր իշխանի հոգատարությունը: Փաստորեն նա վաղուց է հոգում իմ վերադարձի և ապագա հպատակներիս հետ իմ հարաբերությունների ամրության մասին:
- Այո՜ո՜ո, հետաքրքիր բաներ ես ասում…,- ասացի ես,- լավ արդեն ուշ է, արի քնենք…: Հա, ի դեպ, ջոկատդ գիշերը…
- Հանգիստ եղիր,- ընդհատեց ինձ տասնապետը,- մեր մոտ այդ ամենը շատ խիստ է, ոչ ոք չի ուզենա կառավարիչ Պերճի պատժի համը տեսնել: Նա ինչքան առատ է պարգևատրում, նույնքան էլ խիստ է պատժում ռազմական բնույթի ցանկացած թերացման համար:

Մենք գնացինք քնելու, սակայն ես դեռ երկար ժամանակ արթուն պառկած մտածում էի Կորճայքի փառահեղ և ազնվասիրտ զավակի, հոգով իսկական իշխան Պերճի մասին, որը հանուն տված խոսքի պահանջում է, այն էլ այս տարիքում և այն էլ այս երկրամասի համար այսքան բան անելուց հետո, որ իրեն կոչեն ընդամենը “կառավարիչ Պերճ”…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Առավոտյան շուտ արթնացա: Որոշել էի ինչ գնով էլ լինի, հենց այսօր հասնել Ալկիքար և տեսնել իմ ազնիվ “կառավարիչ Պերճին”: Ժպտացի` հիշելով տասնապետ Հրաչի պատմածները: Մենք կրկին ուղղություն վերցրինք գետի հունը և շարժվեցինք արդեն ուղիղ դեպի հյուսիս: Գետը հաճախ էր գալարվում, կտրուկ ոլորաններ տալիս, սակայն նրա ընդհանուր ուղղությունը հյուսիսն էր: Օրվա կեսին արդեն գետի հունի շուրջը լեռներն ավելի բարձրացան, իսկ կիրճերը` ավելի նեղացան: Դե ես իհարկե սովոր էի այս ամենին, ու միայն հաճելի հուշերով տարված էի դիտարկում լեռները, որոնք պատված էին թավ անտառներով: Իսկ իմ ուղեկից շումեր էշապանները ակնհայտ երկյուղով էին նայում դրանց: Ախր խեղճ մարդկանց հայացքը սովոր է անապատ-տափաստանների, երբ հայացքդ կորում է անծայրածիր հեռուներում և վերջը չի գտնում, իսկ այստե՞ղ…: Մի քանի ժամից գետը թեքվեց դեպի արևելք: Տասնապետ Հրաչը մոտ կանչեց իր ռազմիկներից մեկին և ականջին ինչ-որ բան շշնջաց: Վերջինս արագորեն վազեց գետի հունով դեպի վերև և շուտով կորավ մեր տեսադաշտից: Ես դա էլ չնկատելու տվի: Անցնելով հերթական շրջադարձը` հանկարծ մայրամուտի վերջին շողերի մեջ նշմարեցի լեռների ծայրին թառած մի հզոր ամրոց, որը արդեն իրոք պետք է որ Ալկիքարը լիներ: Բանն այն է, որ հենց իր դիրքի` կարծես մի ամբողջական ժայռի վրա տեղավորված լինելու համար նրա անվան վերջին ավելացրել էին մեր սրտին այնքան հարազատ “քար”-ը…

- Ըհը,- ուրախ նայեցի Հրաչին,- կարծես թե հասանք:
- Հասնելը հասանք, բայց ուշացել ենք,- գլուխն օրորեց վերջինս,- մայրամուտից հետո արգելված է ամրոց ցանկացած տեսակի մուտք ու ելք` առանց կառավարիչ Պերճի հատուկ թույլտվության: Ստիպված պիտի գիշերենք ամրոցի տակի այ այն գյուղակում:
- Դա լավ չի՜…, բայց լսիր, եղբայր, ես շատ շտապ ու անհրաժեշտ ապրանքներ եմ բերել կառավարիչ Պերճի համար: Իմ կարծիքով նա կուզենար հնարավորինս շուտ տեսնել դրանք:
Հրաչը թարս-թարս նայեց վրաս:
- Բա որ ծանոթ էիր կառավարիչ Պերճի հետ, ինչո՞ւ այնտեղ չասացիր:
- Դե լա՜վ, եղբայր,- թփթփացրի նրա ուսին,- ոնց կասեր ինձ ահագին դուր եկած իմ ծանոթ տասնապետներից մեկը “ինչ կարևոր է որտեղ ոնց”, հ՞ը,- ծիծաղեցի ես,- արի մի ձևով տեղեկացնենք ամրոց, որ գյուղում հյուր ունենք…

Հրաչը ոչինչ չասաց և մենք մոտեցանք գյուղին, որի վրա կարծես թառել էր լեռան կատարին գտնվող ամրոցը: Սակայն դեռ գյուղ չմտած մենք հանդիպեցինք նիզակն ուսին դրած մի բավականին տարիքով մարդու: Սա մոտեցավ տասնապետ Հրաչին և մի քանի խոսք ասաց: Հրաչը ժպտադեմ դարձավ ինձ.
- Հարգելի Մեսխի, ամրոցում արդեն տեղյակ են, որ դու ժամանել ես: Այս գյուղացուն հրամայված է իր պահեստարանում տեղավորել քո ցորենը, իսկ ախոռներում` քո էշերը: էշապանների մասին ևս հոգ կտարվի, իսկ քեզ կառավարիչ Պերճը հրավիրում է իր հետ ընթրելու…
- Վատ չի՜, տղերք,- գլուխս քորեցի ես,- ուրեմն այն զինվորին դրա համար էիր, հա՞, ուղարկել,- ժպտացի ես:

Մենք մտանք գյուղ, մեզ ուղեկցող գյուղացու պահեստում տեղավորեցինք իմ ցորենը, էշերին կապեցինք ախոռներում: Էշապաններին տարան հատուկ նման դեպքերի համար նախատեսված հյուրանոցը: Ես, մնալով մենակ, դարձա ուղեկցիս.
- Բա դո՞ւ ինչ պիտի անես:
- Մի բան կանեմ,- ժպտաց տասնապետ Հրաչը, շարեց իր ջոկատը և դարձավ ինձ,- դեհ հաջողություն, հարգելի վաճառական, մյուս անգամ չմոռանաս մեր երկիր մտնելու ձևը,- ձեռքը մեկնելով և խորամանկ ժպտալով ասաց նա:
- Հաջողություն, հաջողություն, հարգելի տասնապետ,- սեղմեցի Հրաչի ձեռքը,- չնայած չգիտես ինչու ինձ թվում է, որ մենք դեռ էլի կտեսնվենք…

Ես և իմ ուղեկից գյուղացին շարժվեցինք դեպի ամրոց: Այստեղ դատելով ամեն ինչից մեզ սպասում էին և նախապես տեսել էին, քանի որ մի փոքրիկ դռնակ անաղմուկ բացվեց և մեզ ներս առնելով պինդ փակվեց: Մենք հայտնվեցինք մի ոչ այնքան լայն բակում: Ես սկսեցի դիտարկել բակի կենտրոնում կառուցված և մեջքը հյուսիսային պարսպին դեմ արած աշտարակը, որի վրա ծածանվում էր լազուր կապույտ դրոշը: Այդ պահին դեպի աշտարակի երկրորդ հարկը տանող աստիճանի հարթակի վրա հայտնվեց պատկառազդու մի կերպարանք: Բոլորը խոնհարվեցին, որից հետո ես լսեցի իշխան Պերճի ձայնը.
- Համեցեք վերև, հարգելի հյուր, վայել չէ ձեզ սպասել բակում:

Ես բարձրացա վերև: Իշխան Պերճը ինձ թողեց առաջ: Ես մտա մարխերով լուսավորված մի սենյակ և տեսա արդեն պատրաստի ընթրիքի սեղանը…: Իմ հետևից եկող իշխանը փակեց դուռը: Ես շուռ եկա: Բարեկամիս հուզված դեմքից տեսա, որ նա վաղուց ճանաչել է ինձ: Մենք ուժեղ գրկախառնվեցինք և երկար ժամանակ բաց չէինք թողնում իրար…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
…- Դեհ, պատմիր, ինչ կա չկա,- ժպտալով հարցրեց ալեհեր բարեկամս, երբ մենք բավականին պինդ ընթրելուց հետո մեկնվեցինք գահավորակների վրա:
- Ես կպատմեմ, ես մի կողմ, թանկագին բարեկամ, ավելի լավ է դու ասա ի՞նչ, ո՞նց: Ոնց որ տեսնում եմ, Կորճայքում ամեն ինչ կարգին է, տեղը տեղին ու դու էլ ամեն ինչի տերն ես քո երկաթե ձեռքով…
- Չէ մի՜, Հայկ ջան,- տխուր ժպտաց Պերճը,- իմը վաղուց է անցել: Քո համար եմ այս ամենն անում, մեկ էլ նրա համար, որ այլ կերպ չեմ կարող… հասկանո՞ւմ ես, ես ուրիշ ժամանակների մարդ եմ, ես տեսել եմ Կադմոսի ժամանակները: Է՜է՜է,- ձեռքը թափ տվեց նա,- ինչ ուզում ես ասա, այն չի էլի…, հիմա այն չի: Ողջ Արարտան այնպես հանգիստ է ապրում, կարծես մեր երկիրը մենակ մի թշնամին ուներ, այն անպետք Բելն էր, որին շանսատակ արեցինք, ու վերջ, դրանով վերջացավ: Բայց չէ՜է՜, Հայկ ջան, ես շատ ծեր եմ, ինձ քիչ է մնացել, բայց դո՜ւ, այ դու՜ կտեսնես, որ ծերունի Պերճը չի սխալվել…
- Դե լա՜վ, ծեր եմ,- բարեկամիս ուսին թփթփացրի ես,- ասացիր էլի… դու դեռ շատ ունես: Հլը պատմի, այդ ի՞նչ է եղել, ո՞վ է մեր Հայկազունիների ամենահավատարիմ ռազմիկներից մեկին նեղացրել, հը՞,- հարցրի ես:
- Նեղացրել…, այդ էր պակաս,- հպարտորեն գլուխը բարձրացրեց Պերճը,- ծերը ծեր եմ, բայց դեռ կարողանում եմ ինձ նեղացնողի մռութին այնպես շրխկացնել, որ հետո հատ-հատ կհաշվի, թե ձեռքի մեջ քանի ատամ ունի հավաքած…
- Դե լավ է էլի, էլ ի՞նչ է եղել:
- Գիտե՞ս, Հայկ ջան,- լուրջ հայացքով ինձ նայեց Պերճը,- դեռ լավ է, որ Սպարապետ Վահեն լրիվ իմ ու իմ նման մի քանիսի կողմն է պահում, թե չէ երկիրը կքայքայվեր: Ձգվել է Հայկ Նահապետի երկիրը Արևելքի Մեծ ծովից [1] մինչև Արևմուտի Մեծ ծով [2], Վերին Մեծ ծովից [3] մինչև Միջագետքի հարթավայրեր ու ապրում է այնպես, կարծես աշխարհի անցուդարձը հեչ իրեն չի վերաբերվում…: Չգիտեմ լսել ես թե չէ, բայց մեր նոր Մեծ քուրմը` Արեգ Սլկունին, լրիվ տարվել է իր քրմական գործերով, իսկ երկրի կառավարումը թողել է աստված գիտի ում…: Գլուխն է մտցրել, թե Մեծ Աղեղնավորը, առիթի դեպքում կիջնի աստղերից և կրկին կսպանի Արարտայի վրա հարձակված ցանկացած թշնամու: Գիտե՞ս չէ, Հայկ ջան, որ ինձ համար չկա, չի եղել և չի լինի այլ աստված, քան Մեծ Աղեղնավորն է` մեր փառահեղ Հայկը, բայց ես վստահ եմ…, այ էս իմ սպիտակ մազերը կարող եմ դնել, որ նա հիմա դժգոհ է այս երկրի կառավարումից, դժգոհ է, որ արիները իրենց հույսը երկնքի վրա են դրել…: Այսինքն չէ, իհարկե բոլոր հայերը չեն, որ երկինք են նայում, ես նույնիսկ կասեի որ մեծ մասը չէ, բայց դե այս քրմերը… Է՜է՜է, եղբայր, թե ես ու իմ նիզակակիրները չլինեինք, ինչ թափթփուկ ասես այս կողմից Արարտա չէր մտնի:
- Պատկերացրու նիզակակիրներդ վատը չեն,- ժպտալով հիշեցի ես,- հատկապես դուրս եկավ մեկը…, էն, որ գայլի մորթի ուներ վրա գցած, է…
- Հա՜ա՜, Սևակս,- ժպտաց իշխանը և գլխով արեց,- ես նրա վրա մեծ հույսեր եմ դնում, իսկական արիա է…: Չնայած դեռ իրեն այդ մասին չեմ ասում, բայց դե գայլի մորթով եմ պարգևատրել, դա էլ քիչ չի…: Իրոք արժանի ռազմիկ է, հարավի ամենալավ պահապաններից մեկն է…: Դեռ կճանաչես նրան:
- Մի թեթև արդեն շփվել ենք,- ժպտացի ես:
- Է՜է՜է, բան ասացիր, շփվել ենք: Ես լավ գիտեմ Սևակի շփվելը հարավից Արարտա մտնող միջագետքցիների հետ: Քաղաքավարի զուսպ, չէ՞: Բայց գիտե՞ս ինչ սիրտ ունի: Պատրաստ է Հայաստանի հասցեին մի ծուռ խոսք ասողի կոկորդը ատամներով կրծել: Մի խոսքով, Հայկ ջան, կարելի է ասել բախտդ բերել է,- ծիծաղեց Պերճը,- լա՜վ հանկարծ չնեղանաս, գիտեմ, որ դու էլ պակասը չես:
- Պերճ ջան, քեզնի՞ց նեղանամ: Իմ ազնիվ բարեկամ, դու, որ այստեղ ամեն ինչ պատրաստել ես ինձ համար… դու, որ այսպես լավ, հարազատ ու վաղուց կորցրած հորս քնքշությամբ ես ինձ վերաբերվում…

Ծերունի ռազմիկի աչքերում արցունքներ նկատեցի.
- Է՜հ՜է՜,- մի կողմն նայելով և ձեռքի աննկատ շարժումով արցունքը թափ տալով կրկին վրաս նայեց Պերճը,- շնորհակալ եմ Մեծ Աղեղնավորից, շնորհակալ եմ որ տարիների գործս գնահատող եղավ, շնորհակալ եմ որ գործս շարունակող կլինի, շնորհակալ եմ… որ ծերությանս օրոք զավակ ունեցա, քեզ պես զավակ,- Պերճը չդիմացավ և գրկեց ինձ,- արդեն ուշ է, որդիս, ուշ: Ես հրամայել եմ լավ անկողին պատրաստել քեզ համար: Արի քնենք, իսկ վաղը դուրս կգանք զբոսնելու, համ կալվածքներին կծանոթացնեմ, համ էլ ինչքան ասես կխոսենք…

Պերճը հոր քնքշությամբ գրկեց ինձ և ուղեկցեց ինձ համար նախատեսված սենյակը…

_____________________
[1] Նկատի է ունեցվում Կասպից ծովը:
[2] Նկատի է ունեցվում Միջերկրական ծովը:
[3] Նկատի է ունեցվում Սև ծովը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Առավոտյան աչքերս բացեցի և տեսա Պերճին, որը պատուհանի մոտի աթոռին նստած բակ էր նայում` մեկ-մեկ հայացք գցելով վրաս: Ես քաղցր ձգվեցի հարմար անկողնու մեջ:

- Բարի լույս,- ջինջ ժպտացին բարեկամիս աչքերը,- վեր կաց, վեր այ թամբալ, տաշտերն արդեն պատրաստել եմ տվել: Լվացվիր ու…: Այսօր այնքա՜ն գործեր ունենք:
- Տո այ Պերճ ջան, երեկ այնքան քաղցր խոսք ու զրույցով ընկանք, որ մոռացա ասել: Ախր հետս բերածը է՜, էն որ գյուղացու պահեստում թողեցինք, մի խոսքով էլի, էդ ցորենը… ախր էդ միայն ցորեն չէր…
- Պա, պա, պա… սրա՜ն տեսեք; Տո այ վաճառական, ուրեմն դու իսկականից կարծում էիր, հա՞, որ կարող ես էշերի վրա բարձած պարկեր մտցնել Կորճայք ու ես չիմանամ, թե դրանց մեջ ինչ է՞,- ծիծաղեց Պերճը:
- Վայ ես քո ինչն եմ ասել, հա՜, տասնապետ Հրաչ, դեռ սպասիր ձեռքս ընկնես… մի լավ պարգևատրելու եմ բարեխիղճ ծառայության համար:
- Իհարկե: Իմ ամենալավ հետախույզներից է, շատ է սիրում տասնապետի անվան տակ պտտվել Սևակի ջոկատում, հետո էլ պահապան կարգվել: Բայց դե մի վատ սովորություն ունի, ով ինչ մտցրեց Կորճայք, չէ՞, անպայման պիտի մեջը նայի, բա՜ա՜, չեմ կարողանում այդ տղային հետ վարժեցնել… հանգիստ եղիր, բոլոր պարկերդ արդեն ամրոցի նկուղի ամենալավ փակվող…, հա՜ա՜ մոռացա ասել,- բարեկամս մատը տնկեց վերև և հազիվ ծիծաղը զսպելով ասաց,- գլխավորը` չոր, չոր սենյակներից մեկում են: Բա՜ա՜, հանկարծ ցորենդ ծիլ չտա,- ծիծաղեց բարեկամս:

Ես արագորեն վեր թռա անկողնուց: Հին զինվորականին վայել համեստությամբ կահավորված Պերճի լոգարանից դուրս գալուց, հագնվելուց, թեթևակի նախաճաշելուց ու բակ իջնելուց հետո ինձ մեծ, մի շատ մեծ անակնկալ էր սպասում: Խոստովանում եմ, որ ողջ իմ երկար կյանքի ընթացքում ես երբեք այդպես չէի զարմացել: Ասենք հետո էլ, քիչ բան է եղել, որ կարողացել է ինձ նման ձևով զարմացնել: Ամեն ինչ սկսեց դեռ աստիճանահարթակից: Հենց այստեղ հանկարծ ականջիս մի տարօրինակ ձայն հասավ: Կարծես երկաթե շատ նուրբ շղթաներ էին իրար դիպչում: Պերճը մտավ թևս.
- Հայկ, արի սկսենք ախոռներից: Հո ոտքով չե՞նք պտտվելու:
- Իրոք,- որոշեցի գլուխ գովել ես,- այ, Պերճ ջան, Բաբելոնում այնպիսի մի էշ եմ ձեռք բերել, որ տեսնես, չէ՜… պա՜ա՜ա, կարող է ամրոցդ առաջարկես փոխարենը, չհամաձայնվեմ…
- Իհարկե, իհարկե, Հայկ ջան,- խորամանկ ժպտաց Պերճը:

Մենք սկսեցինք քայլել դեպի ախոռը: Ձայնը նորից կրկնվեց: Ես սկսեցի շուրջս նայել, հույսով, որ կգտնեմ ձայնի աղբյուրը:
- Ասում ես ամրոցս տամ, էշդ չես տա, հա՞,- հարցրեց Պերճը:
- Չէ, ոչ մի դեպքում,- մի քիչ ցրված պատասխանեցի ես` փորձելով ամեն դեպքում հասկանալ, թե ինչ աղբյուրից է գալիս կրկին լսվող այդ տարօրինակ ձայնը:
Մենք մտանք ախոռ և.
- Ինձ սկի պետք էլ չի քո էշը, Հայկ ջան,- ձեռքն ուսիս դնելով,- դու նման բան տեսե՞լ ես:

Մենք կանգնել էին ախոռի բաժիններից մեկում և ես զարմանքից համրացել էի: Ինչ-որ մի տարօրինակ կենդանի այդ տարօրինակ ձայնն էր արձակում և թափ էր տալիս գեղեցիկ բաշով գլուխը: Թերևս կարելի էր այն նմանեցնել էշի, սակայն վերջինիս համեմատ սա այնքան գեղեցիկ ու նրբագեղ էր, որ բերանս բաց էր մնացել: Հանկարծ այդ կենդանին նայեց ինձ իր գեղեցիկ աչքերով և ես տեսա դրանց փայլը.
- Օ՜ աստված,- դժվարությամբ ուշքի եկա ես ու նայեցի Պերճին,- սա ի՞նչ է:

Բարեկամս ուրախ ծիծաղեց.
- Հայկ, ամեն դեպքում գուցե համաձայնության գանք, հա՞, էշիդ հարցով:
- Պերճ,- զրուցակցիս ուսին կռթնեցի ես,- սա՜… ի՞նչ է:
- Սա, որդիս, մենք որսում ենք հեռու-հեռավոր լեռների մոտից: Որսում ենք և վարժեցնում: Սրանք այնքան հեշտ են վարժեցվում, չես պատկերացնի: Սա կոչվում է ձի: Անչափ օգտակար մի կենդանի է տնտեսության ու…,- Պերճը իջեցրեց ձայնն ու գրեթե անլսելի շշնջաց ականջիս, - … մենք, Հայկ ջան` ես ու Վահեն, կարծում ենք նաև ռազմական գործի մեջ: Դեռ չենք որոշել, թե կոնկրետ ինչպես ենք կիրառելու, սակայն Վահեն արդեն կարգադրել է Հերում մի լայն տարածք ցցապատել և մենք, խիստ գաղտնիության պայմաններում, այնտեղ փորձարկում ենք այս կենդանիների բազմացման և մարտական կիրառման տարբերակները…
- Ա՜յ քեզ հրաշք,- շարունակեցի զարմանալ ես:
- Իսկ առայժմ, Հայկ ջան, սրանցից մի քանի հատ Վահեի թույլտվությամբ ես բերել եմ Կորճայք և ինքս եմ փորձում բազմացնել: Երբեմն նաև ման եմ ածում հատկապես արժանի հյուրերիս…

Պերճը հրամայեց ձիերը հանել ախոռներից: Դրանք թամբեցին էշերի թամբերին նման, բայց մի քիչ ձևափոխված թամբերով: Պերճը ճարպկորեն ցատկեց իր ձիու վրա և նայեց ինձ:
- Հը, Հայկ, բարդ բան չի, համարյա նման է էշ հեծնելուն, ուղղակի սա ավելի զգայուն կենդանի է: Հա, մոռացա ասել, հետևի կողմից երբեք չմոտենաս սրան, երբեք…, շատ ուժեղ քացահարում է…

Ես բարձրացա իմ ձիու վրա: Սկզբունքորեն վատ չստացվեց: Մի քանի անգամ բակում հետ ու առաջ գնալուց հետո ես արդեն զգացի, որ ոչինչ, վատ չի ստացվում: Որոշ ժամանակ բակում պտույտ տալուց հետո մենք թողեցինք ձիերն ամրոցում և, արդեն անցնելով մեր էշերին, որոնք նախկինների համեմատ աչքիս շատ անշուք երևացին, դուրս եկանք ամրոցից…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Մենք ուղղություն վերցրին դեպի հարավ` ամրոցից ձգվող գետի ափով: Լուսավոր և արևոտ օր էր: Ես ընբոշխում էի հայրենի բնության վաղուց մոռացած բույրերը: Հանկարծ Պերճը թեքվեց ճանապարհից, իջավ իր էշից և սկսեց խուզարկու հայացքով շուրջը նայել: Ես էլ հետևեցի նրան, դեռևս չկարողանալով հասկանալ, թե բարեկամս ինչ է փնտրում: Հանկարծ Պերճը մի առանձնահատուկ ձևով սուլեց: Ի պատասխան դրան` ուղիղ մեր դիմացից, կարելի է ասել ոտքերի տակից դուրս եկավ վրայի մորթիներին խոտեր կապած մի ռազմիկ և, ողջ հասակով մեկ ձգվելով, ասաց.
- Հատուկ գնդի երկրորդ հարյուրյակի չորրորդ տասնյակի ռազմիկ Վարդգես:

Պերճը վերից վար զննեց նրան և կարծես գոհ մնաց ամեն ինչից: Նա ժպտաց և դարձավ մեր առջև արձանացած ռազմիկին.
- Ազատ: Ո՞նց է ծառայությունը, ամեն ինչ նորմա՞լ է:
- Փառք Աղեղնավորին,- պատասխանեց մեր առջև ձգված ռազմիկը,- ամեն ինչից էլ գոհ եմ: Իմ տարածքում ամեն ինչ սովորականի պես` անց ու դարձ են անում շինականները և ոչ մի օտարական:
- Ապրես, որդիս,- բարեկամս թփթփացրեց ռազմիկի ուսին,- շարունակիր ծառայությունդ…

Մենք նորից մոտեցանք հիմնական ուղուն և շարունակեցին ճանապարհը: Այս ամենը կրկնվեց մի քանի անգամ: Ի վերջո Պերճը դարձավ ինձ.
- Սրանք, Հայկ ջան, Հատուկ գնդի իմ ռազմիկներն են, որոնք աննկատ հերթապահություն են իրականացնում բոլոր ճանապարհների վրա: Ի դեպ, Հատուկ գունդը իմ առանձնահատուկ հպարտությունն է, ասեմ քեզ,- ժպտաց բարեկամս,- աշխատիր, որ ինձնից հետո էլ այն չկորցնի իր որակները…
- Իհարկե, Պերճ ջան, մի էլ կասկածիր…: Ի դեպ, ինչքան հասկացա երեկ բոլոր այս դիտարկուները նկատել էին, հա՞, իմ քարավանը…
- Այդ էր պակաս չնկատեին,- խստացավ բարեկամիս դեմքը,- այդ դեպքում նրանք ճիպոտի տասական հարված կստանային, և, որ երևի ավելի կարևոր է, նրանք կզրկվեին այն ամենից, ինչ ես նրանց, իրենց հասանելիք վճարից բացի, որպես պարգևատրում տալիս եմ ամեն ամսվա վերջում` որոշակի քանակությամբ գյուղատնտեսական մթերքներ…

Մենք շարունակեցինք մեր ուղին և երեկոյան հյուրընկալվեցինք գյուղերից մեկում: Հաջորդ օրը մենք կրկին ճանապարհ ընկանք և արդեն գետի հունի հետ թեքվեցինք դեպի արևմուտք: Շուտով բարեկամս ծիծաղելով դարձավ ինձ.
- Ասում ես Սևակիս հետ մի քիչ շփվել ես, հա՞: Հիմա հետը ավելի մոտիկից կծանոթանաս:

Մենք կրկին շեղվեցինք հիմնական ուղուց և ուղղություն վերցրինք դեպի լեռները: Շուտով տեսնաք ցցապարիսպներով շրջապատված մի բավականին լայն զորակայան: Մենք ուղիղ մոտեցանք դարպասներին, սակայն մինչ այդ արդեն դիտաշտարակի վրայից նկատել էին մեզ և զարկում էին թմբուկը: Երբ մենք արձանացած պահապանների մոտով ներս մտանք դարպասներից, ընդառաջ վազեց սուրը մեջքին կապած մի բավականին տարիքով ռազմիկ, հանդերձների վրայից գցած հովազի մորթի և, արձանանալով մեր առջև, սեղմ տոնով ասաց.
- Կառավարիչ Պերճ, Հատուկ գունդը շարված է: Գնդի հրամանատար, Հազարապետ Վարագ:

Մենք առաջ անցանք, բարձրացանք հատուկ դրա համար պատրաստված պատվանդանը, որի վրա, հատուկ պատվանդանի վրա դրված, վեր էր խոյանում մի մեծ և գեղեցիկ աղեղ:
Ես հայացք գցեցի հրապարակին և տեսա զգաստ շարված ռազմիկների հավասար շարքերը: Նրանք կանգնած էին ըստ հարյուրյակների: Ես հասցրեցի նկատել նաև, որ հարյուրյակների ռազմիկները զինված էին միանման զենքերով և արագորեն հաշվեցի, որ հարյուրյակներից հինգի ռազմիկները զինված էին նիզակներով, ուսերին գցած ունեին վահաններ, իսկ կողերից կախված էին երկար և ուղիղ թրեր: Զրահավորումը ևս վատը չէր: Նրանք գլխներին ունեին կոնաձև սաղավարտներ, հագել էին դաբաղած հաստ կաշվե հանդերձներ, որոնց վրա մարմնի ավելի խոցելի մասերում կարված էին երկաթե կտորներ: Մյուս հինգ հարյուրյակը նետաձիգներ էին, զինված մարդաբոյ աղեղներով, կողերից կապած կապարճներ` լցված նետերով: Նկատեցի նաև, որ սրանք, ձեռնամարտի համար ունեին կարճ սրեր և դաշույններ: Մեր` պատվանդանին հայտնվելուն պես հրապարակը մեկ մարդու պես որոտաց.
- Փա՜ռք Մե՜ծ Աղեղնավորի՜ն:
Պերճը ձեռքով արեց, իսկ ռազմիկները կրկին որոտացին.
- Փա՜ռք կառավարի՜չ Պերճի՜ն:
Պերճը կրկին ձեռքով արեց և հրամայեց.
- Հարյուրապետերը` ինձ մոտ:

Իրենց հարյուրյակների կողքին կանգնած հարյուրապետները վազելով մոտեցան պատվանդանին և ձգված շարվեցին նրա առաջ` Հազարապետի հետևում: Նրանց մեջ հատկապես աչքի էր ընկնում հաղթանդամ Սևակը` վրան գցած գայլի մորթին:
- Ազատ,- հրամայեց Պերճը և ինձ առաջ կանչեց,- հարգելի Հազարապետ, հարգելի հարյուրապետեր և ռազմիկներ…: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ որդուն` Հայկին: Որդիս վերադարձել է երկարատև ճանփորդությունից և այժմ ստանձնում է իր կալվածքների լիակատար ղեկավարությունը: Այսուհետ դուք պետք է անշեղորեն կատարեք նրա և միայն նրա հրամանները: Հավատարմորեն ծառայեք նրան, ինչպես ծառայել եք ինձ:
- Փա՜ռք իշխա՜ն Հայկի՜ն,- որոտաց Հազարապետը:
- Փա՜ռք իշխա՜ն Հայկի՜ն,- նրան կրկնեցին հարյուրապետերն ու ռազմիկները:
- Լավ է, շատ լավ է,- գոհացավ բարեկամս,- Վարագ, ռազմիկներն ազատ են: Իսկ քեզ և հարյուրապետերիդ տաս րոպեից սպասում եմ խրճիթում` հետներդ խոսելու էլի բաներ ունեմ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մենք ուղևորվեցինք դեպի Վարագի խրճիթը, իսկ Հազարապետ Վարագը հարյուրյակներին ազատ հրամանը տվեց: Կրկին իրենց տեղը գրաված հարյուրապետերի հրամանով հարյուրյակները շարժվեցին դեպի իրենց զորակայանները: Մենք տեղավորվեցինք Վարագի խրճիթում: Ծառաներն անմիջապես գինի բերեցին: Պերճը դարձավ ինձ և Վարագին.
- Որդիս, Վարագը իմ հին ընկերն է, մենք իրար հետ շատ բան ենք տեսել…: Վարագ ջան, սա էլ Հայկս է, որդիս… իմ երկար սպասված որդին: Բոլորս ապրում ենք այս երկնքի տակ ու եթե ինձ մի բան լինի… ոնց որ ինձ, տենց էլ նրան:
Մենք իրար ձեռք սեղմեցինք: Վարագը սիրալիր նայեց ինձ և ժպտաց.
- Չկասկածես, Պերճ ջան, չնայած դու դեռ պինդ ես, այ հինավուրց կաղնի,- ծիծաղեց նա:

Այդ պահին դուռը բացվեց և ներս մտավ Սևակը: Նա մի թռուցիկ հայացք գցեց վրաս, սակայն անմիջապես դարձավ Պերճին և հավուր պատշաճի ողջունեց նրան:
- Արի, արի, Սևակ ջան, նստիր, մի քաշվիր,- ասաց Պերճը և ժպտալով դարձավ ինձ,- սա էլ մեր Սևակը: Ես իր մասին քեզ արդեն պատմել եմ…: Սևակ ջան, սա իմ որդին է` Հայկը…: Չնայած դուք պիտի որ ծանոթ լինեք…
Ես զգացի, որ Սևակը շփոթվում է, դրա համար էլ որոշեցի նրան օգնության հասնել.
- Իհարկե, հայր, ծանոթ ենք,- ծիծաղելով հիշեցի ես,- ասեմ նաև, որ ինձ շատ դուր եկավ այն, թե ինչպես է Սևակը պահպանում Կորճայքի հարավը: Խեղճ պահապաններիս ահագին վախեցրեց…
Ես ոտքի կանգնեցի և ձեռքս մեկնեցի Սևակին.
- Ապրես, Սևակ ջան, այդ միջագետքցիները թող միշտ էլ վախով մտնեն մեր լեռները:

Սևակն ինքն էլ ոտքի կանգնեց, ուղիղ նայեց աչքերիս, ժպտաց և ասաց.
- Համաձայն եմ, իշխան Հայկ, այդ հարցում արդեն ինձ վստահիր…
- Որդիներս, դուք եք այս երկրամասի ապագա ղեկավարները,- բավարարված ժպտաց Պերճը,- հավատարիմ եղեք և ուս-ուսի տված պահեք իրար, ինչպես ձեր ծերուկները ժամանակին…
- Իհարկե, հայր,- համաձայնվեցի ես,- ու սկզբի համար, Սևակ ջան, խնդրում եմ նման մոտիկ շրջապատում էլ ոչ մի իշխան Հայկ: Ռազմիկների մոտ կամ ուրիշներին ներկայությամբ` հասկանալի է, բայց նման դեպքերում` ուղղակի Հայկ,- ժպտացի ես,- հա, ի դեպ, Սևակ ջան մի հարց…: Այն զինվորին մեզնից գաղտնի ի՞նչ ասացիր…
- Պատվիրեցի երկու տասնյակ վերցնել և հետևել, որ քո վարձած պահապանները առանց չարությունների հեռանան Արարտայից,- պատասխանեց Սևակը:
- Ա՜ա՜ա, այդպես էլ կարծում էի,- ծիծաղեց ես:

Սևակը կրկին սիրալիր ժպտաց: Այդ պահին ներս մտան մյուս հարյուրապետերը և մենք սկսեցինք քննարկել ընդհանուր թեմաներ: Հանկարծ դուռը բացվեց և հայտնվեց ևս մի ծանոթ.
- Ա՜ա՜ա, ահա և մեր աչքն ու ականջը,- ողջունեց Պերճը ներս մտնող Հրաչին,- ես էլ քեզ էի սպասում: Ծանոթացիր, կրկին ծանոթացիր քո վաճառական Մեսխիին, իսկ իրականում երկար սպասված որդուս` Հայկին:
Մենք իրար ձեռք սեղմեցինք ու ժպտացինք.
- Ապրես, Հրաչ ջան, վատ չպահպանեցիր ինձ,- բազմանշանակ նայեցի նրան ու ժպտացի,- չնայած գիտես, էն անտեր ցորենը մի քիչ ծլել էր…
- Ի՞նչ անեմ, իշխան, իմ գործը մեջը նայելն էր, բայց ծլելը…
Մենք ծիծաղեցինք:
- Լավ, լավ դեռ կծանոթանաք,- ուրախ ժպտաց Պերճը,- իսկ հիմա մենք մի կարևոր գործ ունենք: Վարագ, Հրաչ, պատրա՞ստ է:
- Այո,- պատասխանեց Հազարապետ Վարագը,- գոհ կլինես…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մենք ոտքի կանգնեցինք և անցանք մյուս սենյակը: Այստեղ մի ցածրիկ սեղանի վրա կարծես մի անձև հողակույտ էր լցված: Համենայն դեպս առաջին տպավորությունս այդ էր, սակայն ավելի ուշադիր նայելուց հետո ես նկատեցի, որ դրա մեջ որոշակի համակարգ կա: Այդ ընթացքում Վարագը մի երկար ու բարակ փայտ վերցրած առաջ եկավ.
- Տեր իշխան, ի կատարումն քո հրամանի մենք կազմել ենք Կորճայքի հողապատկերը: Ահա,- նա փայտը պտտեցրեց հողապատկերի վրա,- այստեղ հնարավորին ճշգրտութամբ արտացոլված են մեր բոլոր լեռները և կիրճերը, հիմնական գետերն ու նրանց վտակները: Այս կարմիր փայտիկներով ցույց են տրված մեր հիմնական դիտակետերը, կապույտներով` պահեստային դիտակետերը, որոնցում ռազմիկները երբեմն փոփոխում են իրենց դիրքերը: Մեր զորակայանը սա է,- Վարագը իր բարակ փայտով ցույց տվեց փոքրիկ չոփիկներով պատված մի կլոր տարածք,- սա Ալկիքարն է, իսկ այս կետագծիկներով ցույց են տրված մեր պարեկային հարյուրյակների տեղաշարժերի ուղղությունները:
- Ապրես, Հազարապետ Վարագ, ես գոհ եմ քո աշխատանքից: Սա քեզ կօգնի ավելի լավ հսկել մեր Կորդրիքը, ինչու չէ, նաև ողջ Կորճայքն ու Արարտայի հարավը: Դու կարծես թռչյունի թևերով միշտ կտեսնես ամեն ինչ վերևից…: Լավ է, դուք բոլորդ ազատ եք: Մենք հիմա մի քիչ կշրջենք զորակայանում, իսկ հետո դուրս կգանք:

Ես ու Պերճը դուրս եկանք Վարագի խրճիթից և սկսեցին քայլել զորակայանում: Ամեն տեղ եռուզեռ էր: Մենք մոտեցանք նետահրապարակին: Այստեղ նետաձիգները վարժվում էին նետաձգության մեջ: Մեկ այլ վայրում հարյուրյակը սովորում էր շարքը պահել և վահանների հետևում ամուր պաշտպանական դիրք գրավել: Երրորդ հրապարակում ես տեսա մի խումբ մարտիկների, որոնք փափուկ մորթե գլխարկներով գլուխները և մարմնի այլ խոցելի մասերը պատած, այնուհանդերձ բավականին լուրջ բռնցքահարում էին իրար: Ես հիշեցի Քիշը և ինքս ինձ ուրախացա, որ իմ հայրենակիցները բնիկ միջագետքցիների նման փափկասուն չեն դարձել: Իհարկե, առիթի դեպքում Անապատի զավակների ոսկորները դեռ բավականին կճտճտան հայերի հարվածներից: Իրոք էլի, Քիշի և այլ քաղաքի բնիկները ինձ միշտ էլ թվացել էին մի տեսակ թույլ, կարծես մեռնող մի ժողովուրդ: Այդ տպավորությունը ուժեղացել էր հատկապես վերջին իրադարձություններից հետո կապված և ես հոգուս խորքում վախենում էին նույն պատկերը տեսնել նաև Արարտայում: Բարեբախտաբար այստեղ լրիվ այլ տեսարան էր: Միակ բանը, որ ինձ անհանգստացրեց, դա բնակավայրերի սակավաթվությունն էր:

- Սակավաթի՞վ,- ծիծաղեց Պերճը,- ախր Հայկ ջան, դու փաստացի եղել ես միայն Կորդրիքում, այն էլ քեզ Հրաչը բնականաբար այն ուղով է տարել, որ հնարավորինս քիչ բան տեսնես: Իսկ մեր Կորդրիքը մի տեսակ ամրացված ու ռազմականացված շրջան է, որը դեռ Հայկ Նահապետի ժամանակներից ստեղծվել է հենց ռազմական նպատակներով: Հանգիստ եղիր, իրական երկիրը, իրական Արարտան, իր տաճարներով, իր շքեղություններով, իր ճղճղացող ճստիկներով ու բազմանդամ ընտանիքներով, գտնվում է հյուսիսում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրը մենք վերադարձանք Ալիկքար, որտեղ մեզ արդեն սպասում էին նահանգի տանուտերերն ու տոհմապետերը: Ըստ հավուր պատշաճի Պերճը ինձ նրանց էլ ներկայացրեց, որից հետո մի լավ խնջույք կազմակերպելուց հետո բաց թողեց:

Աստիճանաբար ամեն ինչ սկսեց հունի մեջ մտնել, սակայն ես ընթացքում սկսեցի նկատել, որ բարեկամս հաճախ է հազում, իսկ մի քանի անգամ էլ արյուն թքեց: Այդ ամենի դեմ մասսամբ օգնում էին տեղական տարաբնույթ թուրմերը, սակայն դրանք միայն դանդաղեցնում էին անխուսափելին: Իսկ մի օր տեղի ունեցավ այն, ինչից ես շատ էի վախենում…

Առավոտյան արթնանալուց հետո ես ամրոցի բակում չտեսա սովորաբար շուտ վեր կացող ու տարաբնույթ հոգսերով տարված Պերճին: Արագորեն շորերս վրաս գցեցի և նետվեցի նրա սենյակ: Բարեկամս գունատված ու դժվար շնչելով պառկած էր անկողնում:
- Որդիս,- ինձ տեսնելով սիրով շշնջաց նա,- Աղեղնավորն ինձ արդեն երկինք է կանչում: Ես շատ բան չունեմ քեզ ասելու… ամեն ինչ արվել և ասվել է…: Ես գնում եմ,- դժվարությամբ շնչելով շարունակեց նա,- շարունակիր գործս, արժանի եղիր երկրին, ավել բան չունեմ ասելու,- բարեկամս նայեց ինձ տանջալից հազաց, հետո ձեռքի ափով շոշափեց դեմքս և կարոտով ժպտաց,- ի՜նչ նման ես Կադմոսին…

… Կորճայքի ազնվասիրտ իշխանի մահվան լուրը, որը արագավազ էշերի վրա տեղավորված Հատուկ գնդի սուրհանդակներս անմիջապես տարածեցին երկրում, ցնցեց ողջ Արարտան: Ալկիքարը կարծես դարձել էր երկրի կենտրոնը: Հենց նույն օրը ես Հատուկ գնդի երկու նետաձիգ և երկու նիզակակիր հարյուրակ տեղափոխեցի Ալիկքար` կարգ ու կանոն պահպանելու համար: Միաժամանակ հրամայեցի հատուկ պատրաստված սեղաններ տեղադրել ներքևում տարածվող գյուղում ու մարդիկ կարգեցի, որ հետևեն նրա վրա ուտելիքի և գինու անպակասությանը: Թող բոլորն էլ գան, թող բոլորն էլ խմեն իմ բարեկամի հոգեհանգստի համար և ճաշակեն նրա հոգեհացը: Ես քիչ մահեր չէի տեսել, սակայն ոչ մի անգամ էլ չէի համակերպվել դրա հետ: Ախր երբ ինքդ չես մահանում, իսկ քո կյանքի ուղեկիցները աստիճանաբար հեռանում են…: Դա մի աննկարագրելի տխրություն է բերում վրադ: Իսկ այս դեպքում ես կարծես երկրորդ անգամ էի որբացել: Ես ժամանակին Ուրուկում շատ էի սգացել հորս` Հայկի մահը, սակայն ոչ մի կերպ հնարավորություն չէի ունեցել ներկա գտնվել նրա թաղմանը: Դրա համար էլ այս անգամ ես որոշել էի ամեն ինչ կազմակերպել տեղը տեղին:

Իրենց հարգանքի հավաստիքը մատուցելու եկան Հատուկ գնդի Հազարապետն ու հարյուրապետերը, Կորդրիքի, իսկ հետո ողջ Կորճայքի տանուտերերն ու տոհմապետերը, շատ հասարակ մարդիկ, որոնք լավ էին հիշում իրենց իշխանի վերաբերմունքը, որը հասարակի հետ իրեն հասարակ և շատ սիրալիր էր պահում: Շուտով սկսեցին ժամանել նաև իշխաններ մոտակա և հեռավոր նահանգներից, ինչպես նաև քրմեր: Ես սկսեցի աստիճանաբար ծանոթանալ Արարտայի աշխարհիկ և հոգևոր ղեկավարության հետ: Ի վերջո մի օր իր շքախմբի հետ ժամանեց նաև սպարապետ Վահեն: Նախապես տեղեկացված լինելով այդ մասին` ես նիզակակիրների և նետաձիգների հարյուրյակները երկու շարքով շարեցի ամրոցի առջև, հրամայեցի զարկել թմբուկը, իսկ ինքս թուրը կողքիցս կապած և ամբողջովին սև հանդերձների մեջ, նրանց շարքերի միջով ընդառաջ քայլեցի սպարապետին, նրա թիկնազորին և բանակի բարձրագույն ղեկավարությանը: Իմ հուզմունքին չափ չկար…: Ախր Արարտայից հեռանալուցս հետո ես տոհմակիցներիս չէի տեսել, իսկ հիմա, ահա: Սակայն ես ինձ արագորեն հավաքեցի:

- Փա՜ռք Աղեղնավորին,- ողջունեցին իմ հարյուրյակները սպարապետ Վահեի մոտեցած շքախմբին:

Ես մոտեցա սպարապետին: Նա կլիներ մոտ վաթսունի մոտ, լրիվ սպիտակամորուս էր, սակայն այնքան ամուր կազմվածք ուներ և այնպես թեթևորեն էր շարժվում, որ միայն սպիտակ մազերն էին մատնում նրա տարիքը: Նա հագել էր լրիվ սև, իսկ կողքից կապված էր ծանր թուրը: Նա սաղավարտը ձախ ձեռքով կրծքին հենած մոտեցավ ինձ և մենք ողջունեցինք իրար:

- Հարգարժան սպարապետ,- ասացի ես,- ցավալի լուրը քեզ բերեց Ալկիքար, քանզի կյանքից հեռացավ հարավի հզորագույն պահապաններից մեկը: Ես, իշխան Պերճի հոգեորդի Հայկն եմ, որը արժանի կլինի նրան: Այսուհետ ևս Արարտայի հարավը հուսալիորեն պահպանված կլինի,- ես ծալեցի մի ծունկս:

Սպարապետ Վահեն մի պահ նայեց ինձ, սաղավարտը դրեց գլխին, մերկացրեց թուրը, դրեց այն ուսիս և հանդիսավոր տոնով հայտարարեց.

- Իշխան Հայկ, Մեծ Աղեղնավորի զորությամբ, արիների բարձրագույն կամքով և Արարտայի քուրմ Արեգի բարեհաճությամբ ես քեզ կարգում եմ Կորճայքի պահապան:

Ես ոտքի կանգնեցի և մենք շարժվեցինք դեպի ամրոցի բակը, որտեղ հատուկ ամպհովանու տակ դրված էր բարեկամիս դիակը: Մենք մոտեցանք, սակայն մի պահ հետ մնացինք: Պատշաճ էր, որ սպարապետը առանձին հրաժեշտ տար իր մարտական ընկերոջը: Մի քանի րոպեից սպարապետը հեռացավ բարեկամիս դագաղից` այնտեղ թողնելով մաքուր երկաթից պատրաստված մի ընտիր դաշույն:

Դրանից հետո ես, սպարապետ Վահեն, Հազարապետ Վարագը և բանակի ուրիշ Հայկազունիներ ուսերիս առանք Կորճայքի փառահեղ զավակի դագաղը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Արարողությունը հավուր պատշաճի իրականացնելուց և բարեկամիս հոգահացը տալուց հետո ես սպարապետ Վահեին, բանակի մյուս ղեկավարներին և Հազարապետ Վարագին հրավիրեցի ամրոցի հյուասիրության սենյակը` խորհրդակցելու մեր հետագա անելիքների մասին: Սպարապետ Վահեն առաջինը խոսեց.
- Իշխան Հայկ, նախ ցանկանում եմ ներկայացնել քեզ այն անձանց, որոնց հետ այսուհետ դու առավելապես շփում կունենաս` ստանձնածդ պաշտոնի բերումով:

Ես ոտքի կանգնեցի.
- Գլխավոր Նիզակակիր` Հայկազունի Արբակ,- ներկայացրեց սպարապետ Վահեն,- նա Արարտայի բոլոր նիզակակիրների հրամանատարն է:
Հայկազունի Արբակը, որը քառասունի մոտ մի միջահասակ և ամուր կազմվածքով մարդ էր, ոտքի կանգնեց և մենք իրար ձեռք սեղմեցինք:
- Գլխավոր Աղեղնավոր` Հայկազունի Գլակ,- շարունակեց ներկայացնել սպարապետ Վահեն,- նա Արարտայի բոլոր նետաձիգների հրամանատարն է:
Հայկազունի Գլակը, երեսունի մոտ մի նիհար և բարձրահասակ երիտասարդ, ոտքի կանգնեց.
- Գլխավոր Հետախույզ` Հայկազունի Պարետ, որն ապահովում է մեզ անհրաժեշտ տեղեկություններով:
Ոտքի կանգնեց երևի մոտ երեսունհինգ տարեկան մի փոքրամարմին, սակայն խուզարկու ու սրատես հայացքով մի զորական և մենք ներկայացանք:
- Գլխավոր Ջորեպան` Հայկազունի Վստամ և գլխավոր Մթերապետ` Հայկազունի Ամբակ:
Ես ծանոթացա ևս երկու զորականների հետ: Երբ այս արարողությունը վերջացավ, սպարապետ Վահեն նստեց: Ես ոտքի կանգնեցի.

- Սպարապետ Վահե,- ասացի ես, երբ հյուրերս արդեն հարմար տեղավորվել էին գահվորակներին,- քո թույլատվությամբ առաջինը ես կարտահայտվեմ, քանզի կարևոր իրադարձություններ են հասունանում հարավում, որոնց մասին, վստահ եմ,- ես նայեցի Պարետին,- դուք պետք է որ տեղյակ լինեք: Միջագետքը գրեթե միավորվել է Լուգալզագիսի իշխանության տակ, որը կառավարում է հին սովորույթներով: Նա ստեղծել է մեծ մի պետություն, որը սակայն առայժմ այնքան էլ վտանգավոր չէ: Սակայն Քիշում տեղի են ունեցել ավելի կարևոր իրադարձություններ, որոնց ես մասսամբ ականատես եմ եղել: Տեղի լուգալ Ուր-Զաբաբան սպանվել է պալատական հեղաշրջման արդյունքում և այնտեղ իշխանության է եկել ծագումով Անապատի որդի Շարուքենը: Նա իր շուրջն է հավաքել ցեղակիցներին և պատրաստվում է սկսել շրջակայքի նվաճումները:
- Մենք Լուգալզագիսի մասին տեղյակ ենք,- պատասխանեց Վահեն,- սակայն Քիշի մասին դու նոր բան ասացիր:
- Թույլ տուր, սպարապետ,- միջամտեց Պարետը,- մենք արդեն ճանապարհին էինք, երբ իմ գործակալից լուր ստացա:
Պարետը կողից կախված պայուսակից հանեց կավե մի սալիկ և տվեց սպարապետին:
- Այստեղ ասված է Ուր-Զաբաբայի սպանության և պալատական ինչ-որ աղմուկի մասին, սակայն ոչինչ չի կոնկրետացվում…,- շարունակեց նա,- իսկ հիմա արդեն շատ բան պարզվեց:
- Տեր սպարապետ,- կրկին խոսք վերցրի ես,- այս ամենը հաշվի առնելով ես ցանկանում եմ ներկայացնել քեզ և Արարտայի բարձրագույն ռազմական ղեկավարությանը այն միջոցառումների ցանկը, որ պատրաստվում եմ իրականացնել` հույս ունենալով ստանալու քո համաձայնությունը
- Իշխան Հայկ,- գոհունակությամբ գլխով արեց սպարապետը,- ես ուրախ եմ, որ Կորճայքում իշխան Պերճին փոխարինել է քեզ նման մի իշխան, որը իր կառավարման առաջին իսկ օրից ոչ միայն տիրապետում է շրջակա երկրներում տիրող իրավիճակին, այլև ունի գործողությունների ծրագիր: Մենք ուշադրությամբ կլսենք քեզ:

Ես նշան արեցի Հազարապետ Վարագին և նա արագորեն դուրս եկավ: Գրեթե անմիջապես էլ երկու ռազմիկներ ներս բերեցին փոքր սեղանի վրա հավաքված Կորճայքի հողապատկերը և դրեցին զրուցակիցներիս առաջ:

- Տեր սպարապետ,- ասացի ես,- սա Կորճայքի հողապատկերն է, որը կազմել է տվել դեռ հանգուցյալ հայրս: Այստեղ ցույց են տրված հիմնական գետերը, նրանց վտակները, լեռները, կիրճերը և այլն: Վերջերս ես հրամայեցի սրանից երկրորդը սարքել և տեղադրել Ալկիքարում, որից հետո հաճախ եմ այն ուսումնասիրում: Տեսեք, մեր Կորճայքը բնականից պաշտպանված է լեռներով, որոնք բաժանում են խոշոր կիրճերը: Երևի հենց այդ պատճառով է, որ հները այն կոչել են Կորճայք [1]: Այս նահանգը կարծես ի վերուստ նախատեսված է պաշտպանության համար և իզուր չէր, որ ժամանակին հայր՜…հայ…, ը՜ը՜…այսինքն ուզում էի ասել Հայկ Նահապետը,- արագորեն ինձ հավաքեցի ես,- այստեղ հիմնադրեց առաջին ամրացված շրջանը` Միջագետքից կատարվող ներխուժումների դեմ: Սակայն այն ժամանակ ժամանակը դեռ քիչ էր և նա չհասցրեց ինչպես հարկն է ամրապնդել Կորճայքը, որի հետևանքով բելի հրոսակները համեմատաբար հեշտությամբ թափանցեցին դեպի հյուսիս: Հինք ընդունելով այս ամենը, ահա թե ինչ եմ առաջարկում: Դեպի հյուսիս` երկրի խորքը տանող բոլոր հիմնական կիրճերում իրականացնել լայն կառուցողական աշխատանքներ: Նախկինում Միջագետքից միայն առանձին մարդիկ կամ մանր ավազակախմբեր էին Կորճայք թափանցում և մեր շարժական դարանները լիովին բավարար էին: Սակայն իմ կարծիքով մենք շուտով գործ կունենանք ավելի կազմակերպված, ուժեղ, իսկ գլխավորը,- հառաչեցի ես,- ավելի մեծաթիվ թշնամու հետ և այս համակարգը կարող է արդեն բավարար չլինել: Դրա համար ես առաջարկում եմ յուրաքանչյուր կիրճում ստեղծել ամրոցաշինական մի համակարգ` մանր բերդերի մի շղթա: Յուրաքանչյուր բերդ կպաշտպանի ռազմիկների մի հիսնյակ կամ տասնյակ, սակայն,- ժպտացի ես,- այս բերդերը շատ կլինեն և թշնամուն դրա գրավելու վրա բավականին ուժասպառ կլինի: Միաժամանակ նա չի էլ կարողանա դրանք անտեսել և առաջ շարժվել, քանզի նախ դրանք նրա ճանապարհը կփակեն, հետո էլ նա կվախենա իր թիկունքում մեր ուժերը թողնել: Դրա համար էլ ամեն դեպքում ստիպված կլինի պայքարել նրանց դեմ և այդ ընթացքում անխուսափելի կորուստներ կկրի: Սակայն թշնամուն ուժասպառ անելուց հետո էլ, նույնիսկ այն դեպքում, երբ բերդի պատերն արդեն գրավված կլինեն, մեր կայազորը, ես դա էլ եմ մտածել, դատապարտված չի լինի կործանման, այլ գաղտնուղով կհեռանա: Արդյունքում թշնամին կորուստներ կկրի, սակայն ոչնչի չի հասնի: Այսպես նա ուժասպառ կարվի…: Իսկ կիրճի ամրոցաշինական համակարգի ամենավերջում ես առաջարկում եմ կառուցել արդեն ավելի խոշոր ու հատկապես անառիկ մի ամրոց, մոտավորապես Ալկիքարի պես: Այստեղ կտեղավորվի կիրճի ամրոցային համակարգի կայազորի ղեկավարը և այն հատկապես ուժեղ կկանգնի թշնամու կոկորդում:

_______________________
[1] Նկատի է ունեցվում “Կորճայք” բառի ստուգաբանումը որպես “Կիրճայք”` այսինքն “Կիրճեր”:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
- Հետաքրքիր է,- առաջ եկավ սպարապետ Վահեն,- իշխան Հայկ, դու առաջարկեցիր լեռնային պայքարի շատ հետաքրքիր ձև: Մենք էլ մինչ այս,- Վահեն արտահայտիչ նայեց իր զորականներին,- մտածում էինք նման մի բան ստեղծելու մասին, սակայն դու արդեն ներկայացրիր ամեն ինչ ավելի համակարգված և կարծես պատրաստի: Իսկ քանի՞ ամրոցաշինական այդպիսի համակարգ պետք կգա:

Ես ոգևորվեցի փորձառու ռազմիկի գովեստից և շարունակեցի.

- Նայիր, տեր սպարապետ,- ես վերցրեցի բարակ փայտը և սկսեցի հողապատկերի վրա ցույց տալ,- սկսենք արևելքից: Սա Տարոնո գետն [1] է, որը սկիզբ է առնում Կորճայքի արևելյան այս լեռնաշղթայից միջին մասից, որը տեսնո՞ւմ ես, սկսվում է դեռ Վասպուրականի հյուսիսից և ուղիղ գծով իջնում է դեպի հարավ` մինչև Միջագետք: Ահա, ես առաջարկում եմ առաջին ամրոցաշինական համակարգով պատել նրանից մի քիչ հյուսիս գտնվող այս երկու երկար կիրճը, իսկ համակարգի վերջում, այ այստեղ, Տարոնո գետի վերին հոսանքի մի անառիկ վայրում, որտեղ իրար զուգահեռ ձգվող այս կիրճերը մոտենում են իրար, կառուցել մեծ ամրոցը, որ կանվանենք Աղի [2],- ժպտացի ես,- թող արդեն այստեղ թշնամին Կորճայքի աղիությունը զգա: Վասպուրականի լեռնաշղթայից արևմուտք Նպատականի լեռնաշղթան է, տեսնում ես, սա է, որ սկսվում է Միջագետքի հարթություններից հետո…: Այս կիրճում, որտեղով հոսում է Աղբակ գետի ձախ վտակը, կկառուցենք ամրոցաշինական երկրորդ համակարգը, որի գլխավոր ամրոցը կլինի այստեղ, որտեղից այն կհսկի հարավային և արևելյան ուղիները, և կանվանենք Սրինգ [3],- ժպտացի ես,- քանզի այս ամրոցը, բնականաբար կհասցնի մի քիչ ուշ մտնել մարտի մեջ և կտեղեկացնի` կսրնգահարի, հարձակման մասին: Նրանից արևմուտք, ահա այս կիրճը պաշտպանելու համար կկառուցենք ամրոցների երրորդ` ամենահզոր և արդեն եռաստիճան համակարգը: Առաջին համակագը կվերջանա Աղբակ գետի ափին գտնվող այս ամրոցով, որը ձեր թույլտվությամբ կկոչենք Սմբատաբերդ [4], նրանից հետո կսկսվի երկրորդ համակարգը, որը կվերջանա մեծ ամրոցով, որը կկոչենք Ջլմայր [5], իսկ նրանից հետո արդեն կսկսվի երրորդ աստիճանը, որը կվերջանա արդեն բոլորիս հայտնի Հադամակերտով [6], որը ուժեղ կամրացնենք և կվերածենք մեծ ամրոցի: Այս հզոր եռաստիճան ամրոցներից դեպի արևելք դուք արդեն տեսնում եք Արևելյան Խաբուրի արևելյան վտակի վերին հոսանքում գտնվող Ալկիքարը, որն արդեն պատրաստ է: Մնում է միայն նրա մատույցներով դեպի հարավ ձգվող այս կիրճը ամրացնել մանր ամրոցներով և մի համակարգ ևս պատրաստ է: Մնաց նահանգի արևմտյան մասը: Այստեղ, ինչպես տեսնում եք, գրեթե անանցանելի լեռների մի համակարգ է: Թշնամու հավանական ներխուժման ուղին պետք է անցնի Տիգրիս գետի հունով, այլ ճանապարհ ուղղակի չկա: Դրա համար ես առաջարկում եմ այստեղ պաշտպանվել հետևյալ կերպ: Տիգրիսի արդեն այս մասում, որտեղ լեռները սկսում են սեղմել գետը, կկառուցենք գետի ջրերով պաշտպանված մի հզոր ամրոց, կոչելով այն Սապփա [7], որը պաշտպանական համակարգ կկազմի ավելի հյուսիս գտնվող Բզաբդե ամրոցի [8] հետ: Նրանից հյուսիս կգա մանր բերդերի շղթան, որը կվերջանա արդեն հայտնի Փյունիկ քաղաքով, որն ամուր ամրոցի կվերածենք: Ինձ գրեթե բան չմնաց ասելու: Թշնամին այս համակարգում մեծապես կթուլանա, սակայն եթե նույնիսկ հաղթահարի էլ այն ու շարժվի հյուսիս, դեմ կառնի ահա այս կիրճին, որը ևս կպատենք մանր բերդերի շարանով, իսկ վերջում, հենց այ այս նեղլիկ լեռնանցքում, կկառուցեն մեծ ամրոցը, որը կանվանենք Ձորա Պահակ [9], քանզի հենց այն է կոչված լինելու այս ուղղությամբ վերջնական և ամուր հսկողություն իրականացնելու: Այստեղից թշնամին չի կարողանա առաջ անցնել: Այստեղից եթե նա որոշի Տիգրիսի այ այս` արևելյան վտակի` Ջերմի ափով դեպի արևելք շարժվել` դեմ կառնի մանր բերդերի հերթական շղթային, որը կվերջանա մեծ բերդով: Այն կկոչենք Զռայլ [10], քանզի այստեղ հաստատ արդեն նրա զռռալը կգա,- ծիծաղեցի ես,- իսկ դրանից հետո, որպես համենայն դեպս էլի, ապահովություն մեր զռռացող թշնամուց, գալիս է բերդերի երկրորդ աստիճանը, որի մեծ բերդը կլինի այստեղ Մոկաց նահանգի [11] կենտրոնական քաղաքում: Դե իսկ եթե Ձորա Պահակից թշնամին որոշի շարժվել դեպի արևմուտք, այսինքն գնա Տիգրիս գետի հունով, ապա դեռ երկար ստիպված կլինի արշավել այ այս լեռնաշղթայի եզրերով: Իսկ այդ ընթացքում մենք մեր հարձակումներով ուժասպառ կանենք նրան, և, որ ամենագլխավորը, մեր Արարտայի Միջնաշխարհը, ներքին գավառները նա չի կարողանա մտնել: Ահա այսքան բան…

_______________________
[1] Գետ, որը սկսվում է Կորճայքի Կոռի Նիխորական լեռներից և հոսելով դեպի արևելք, թափվում է Ուրմիա լիճը:
[2] Աղի (Այլի) Բերդաքաղաք Պարսկահայքի Այլի գավառում` Տարոնո գետի վերին հոսանքներում:
[3] Բերդ կորճայքի արևելքում գտնվող Մոթողանք գավառի հյուսիսում` Մեծ Զաբ գետի վերին հոսանքում:
[4] Բերդ Կորճայքի Փոքր Աղբակ գավառում` Աղբակ գետի ձախ ափին:
[5] Ամրոց Կորճայքի Փոքր Աղբակ գավառում` Աղբակ գետի աջ ափին` Սմբատաբերդից հյուսիս:
[6] Բերդաքաղաք Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառում:
[7] Ամրոց Հայոց Միջագետքի Ծավդեք գավառում՝ Տիգրիսի աջ ափին:
[8] Ամրոց Հայոց Միջագետքի Ծավդեք գավառում՝ Սապփային շատ մոտիկ` դեպի հյուսիս, Տիգրիսի աջ ափին:
[9] Բերդ, հետագայում բերդաքաղաք, որը հայտնի դարձավ Բաղեշ անունով, Աղձնիքի Սոլնոձոր գավառի Ձորա պահակ լեռնանցքում:
[10] Բերդ Վասպուրականի Առնոտոյն գավառի հարավ-արևմուտքում:
[11] Մոկք: Վանա լճից հարավ տարածվող Հայաստանի նահանգ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6 ... 29  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB