Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Пленник вечности: Сага о вечном путнике...
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=48&t=288
Страница 1 из 27

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:45 ]
Заголовок сообщения:  Пленник вечности: Сага о вечном путнике...

Это воспоминания уникального человека, Айказуни (Айкида) Айка, бессмертного, который родился в 2520-ом году д.н.э. и живет до сих пор. Однажды Айк инкогнито передал мне свои воспоминания и дал разрешения мне публиковать их в социальных сетях. Айк, бессмертный, который не стареет и не умирает. Он может умереть только если потеряет свою голову. Айк близко знаком с Дунканом Мак-Лаудом, дружил с Конором Мак-Лаудом, но особо в близких отношениях с Менесом (Метес). В общем, это воспоминание уникального человека, армянина, сына патриарха армян Айка Наапета, человек, который прожил с своим народом долгие тысячелетия, радовался и горевал, отчаивался и вновь обретал надежду. Айказуни Айк, бессмертный - это история о нем!

Книга на армянском, оно не издана и только выставлена в сети. Идея книги есть некая часть Вселенной Горца - есть армянский бессмертный, Айк Айказуни, который родился в 2520-ом году д.н.э. и является сыном легендарного патриарха армян Айка Нахапета (в книге это реальный персонаж). Айк дожил до наших дней. Первая часть кнгии охватывает период жизни Айка в отрезке 2520-1180 года - Айк живет с своим народом, борется за нее, ликует и огорчается, любит и страдает. На фоне описание жизни Айка (книга построена от первого лица, в виде воспоминании самого Айка) развиваются такие всемирные явления, как нашествие аккадцев, походы ариев, падение Трои, а таже другие явление, в той или иной степени связанные с историей Армении. У Айка свои друзья среди бессмертных - прежде всего египтянин Менес (Метес), евреи Аврам (с ным сложные отношения), женщина-бессмертная Шами(рам) и свои враги Аждахак, Мехмед Чопаногли, Курган, 3 Всадника и тд. В общем, если знаете армянский, прочтет, не пожалейте :)

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:45 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Վաղուց էի ուզում հանրության դատին հանձնել դիտավորության, թե պատահականության արդյունքում ձեռքումս հայտնված փաստաթղթերը, բայց դրանց չափազանց անհավատալի, իսկ երբեմն էլ հավանական գաղտնի բնույթը ամեն անգամ գոնե վերջին պահին արգելում էր ինձ նման քայլի դիմել: Որոշումը, սակայն, արդեն ընդունված է և հուսանք, որ հասարակությունը շատ բուռն չի արձագանքի և առնվազն գոնե անչափ խստորեն չի դատապարտի ինձ այս դժվար քայլին դիմելու համար: Կուզենայի, որ հիշատակված նյութերին ծանոթ լինեն նաև ակումբցի իմ ընկերները և, ինչու չէ նաև, մեր հասարակության առավել լայն խավերը, քանի որ դրանք ինչքան հետաքրքիր են, այնքան էլ ուսանելի:

Եվ այսպես, ամառային մի երեկո, երբ տանը համակարգչիս դիմաց նստած ես թափառում էին ինտերնետային անծայրածիր տարածքում, դռան թակոց լսեցի: Դուռը բացելուց հետո պարզեցի, որ դրա հետևում արդեն ոչ-ոք չկա: Փոխարենը, սակայն, դռան բռնակից կախված տեսա սովորական մի տոպրակ, որը պարունակում էր Հավերժության դատապարտվածի նոթերը կամ էլ գուցե հուշերը:

Ամառային այդ երեկո ինձ համար սկիզբ առավ զարմանալի մի պատմություն, որը այս կյանքում դեռ երկար էր ինձ ուղեկցելու…

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:46 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Փորձեցի աչքերս բացել, սակայն ուժեղ լույսը միանգամից կուրացրեց ինձ: Այդ հետագայում զգացի, որ լույսը ամենևին էլ ուժեղ չէր. սովորական սենյակի լուսավորություն էր: Բայց այդ պահին այն ինձ թվաց հազար արևներից պայծառ…

Որոշ ժամանակ աչքերս փակ պառկելուց հետո կրկին բացեցի աչքերս, ու այս անգամ կամքի մեծագույն լարումով ու աչքերս կկոցելով փորձեցի հարմարվել շրջապատին: Ու մինչ ես այս տվատյանքների մեջ էի.
- Լավ, մեր տղա, թե ուզում էիր գլուխդ ուտեիր, միանգամից բաղնիքում երակդ բացեիր էլի…, - լսեցի մի ձայն՝ տարիքից ու երևի հիվանդություններից թուլացած, սակայն առույգությունը բավականին պահպանած, - թե չէ այ քեզ ձև… համ կոկորդիդ ես խփում համ էլ քեզ կամրջից ես գցում:

Դժվարությամբ շուռ եկա՝ խոսքերի հեղինակին տեսնելու հույսով: Մի վաթսունի մոտ մարդ էր՝ սպիտակած մազերով ու նիհար՝ ասես ոսկորների պարկ լիներ: Սակայն հետաքրքիրը նրա հայացքն էր՝ երիտասարդ ու եռանդով լի:
- Ասում եմ, - շարունակեց նա,- ախր ջահել էլ տղա ես, ինչ ես կորցրել կամ ինչ չես գտնում էս կյանքում, հ՞ը, ապրեք էլի… մերը պիտի լիներ, է՜է՜է՜, հասել ենք էս տարիքին, հիվանդանոցներից աչք չենք բացում, բայց էլի ուզում ենք ապրել…: Չէ՜է՜է, էս ջահելությանը հասկանալ չի լինի…:

Անծանոթը տնքտնքալով ելավ տեղից ու սկսեց անկողինը հարդարել: Պարզ երևում էր. մի կողմից հոգնել է երկար պառկելուց, մյուս կողմից էլ վառվում է հետաքրքրությունից ու մի քիչ էլ լեզուն է քոր գալիս: Ես փորձեցի պատասխանել, սակայն կոկորդիս մոտ միանգամից մի սուր-անհամ զգացում ունեցա: Մեխանկորեն ձեռքս տարա կոկորդիս, ու նոր զգացի, որ ողջ վիզս բինտերի մեջ է…
- Հանգիստ պառկիր, - շարունակեց անծանոթը,- քեզ չի կարելի խոսել, անունս Համլետ է՝ Համո,- սիրալիր ժպտաց, փաթաթվեց ծածկոցի մեջ ու տեղավորվեց անկողնուն,- քո անունը չեմ հարցնում… երևի չես էլ ուզում որ սրանք իմանան,- խորամանկորեն աչքով արեց:
Ես փակեցի աչքերս: Փորձեցի ուղեղումս վերականգնել երեկվա իրադարձությունները… Ամեն ինչ խառնվում էր, սակայն նման վիճակ ես մի քանի անգամ ունեցել էի կյանքումս, դրա համար էլ աստիճանաբար կարողացա ինձ հավաքել…

… Արդեն ուշ երեկո էր, երբ լսվեց հեռախոսի զանգը: Ձայնը ինչքան ծանոթ էր, նույնքան էլ գարշելի.
- Արմեե՜ն, չես կարծո՞ւմ, որ մենք մի փոքր ու չվերջացած գործ ունենք: Ասում են այս քաղաքում գիշերները զարմանալի սիրուն են: Թե ուզում ես տեսնես… տեսնես վերջին անգամ, երկու ժամից սպասում եմ Երևանյան լճի կամրջի վրա…, - ռուսերենով ֆշշացրեց ձայնը:
- Կլինեմ,- կարճ պատասխանեցի ես:

… Ես սթափվեցի խոհերիցս ու անդրադարձա Համոյին: Սա նստել էր անկողնում ու սպասողական հայացքը հառել էր ինձ: Ինքն էր ասել, որ ինձ խոսել չի կարելի, բայց վառվում էր հետաքրքրությունից:
- Ե՞րբ են ինձ այստեղ բերել, ո՞վ,- հարցրի դժվարությամբ բերանս բացելով,- ես բան չեմ հիշում…
- Քեզ երեկ բերին, ուշ գիշերով… մի անծանոթ բոմժ էր զանգել շտապ օգնություն… Լսիր տղա ջան, լրիվ ջուր ու արյուն էիր ախր: Միանգամից շորերդ հանեցին ու հայդա՝ ռեանիմացիա: Մոլոդեց Մարգարյան, է՜, է՜… ոսկե ձեռքեր ունի: Էդ ինքն է քեզ…,- Համոն աչքով արեց՝ ակնարկելով վզիս վիրակապը:
- Ժամը քանի՞սն է,- չանդրադառնալով Համոյի պատմածին՝ հարցրի ես:
- Իննից հինգ պակաս: Հեսա շուտով բժիշկների այցելության ժամն է:
“Բժիշկների այցելության ժամն է: Էդ էր պակաս մենակ՝ բժիշկների այցելությունը… Ախր ոչ միայն բժիշկներն են այդ ժամին գործի գալիս…”: Ես արագորեն վեր կացա անկողնուց, մտա հիվանդանոցային մաշիկների մեջ ու վրաս քաշեցի աթոռին դրված խալաթը՝ միաժամանակ որսալով Համոյի զարմացական հայացքը: Ախր իր կարծիքով ես այնքան արյուն պիտի կորցրած լինեի…
- Համո ջան, էլ չեմ կարողանում պառկել… չե՞ս ասի էն “զրո-զրոն” որտեղ է: Երևի երեկ շատ եմ ջուր խմել,- ցանկանալով որևէ կերպ բացատրել շտապողականությունս՝ դիմեցի զրուցակցիս:
- Հաաա՜…,- ծոր տվեց Համոն,- էդ ոչինչ, կարելի է… դուրս ես գալիս միջանցք, աջի վրա՝ երրորդ դուռը, կգտնես:
- Շնորհակալ եմ,- արդեն դռան մեջ ասացի ես:

Լավ ենք ապրում… խալաթով դեռ հիվանդանոցի բակում կարելի է ման գալ, բայց քաղաքում… Դե լավ, ոչինչ, հիմա կարևորը այստեղից հեռու լինելն է, թե չէ ես գիտեմ: Արդեն մի քանի րոպեից այստեղ կլինեն մեր ճարպիկ տղերքը: Իսկ նրանց հետ հանդիպումը հակառակի պես իմ պլանների մեջ ընդհանրապես չի մտնում…: Սկսեցի արագորեն իջնել աստիճաններով, սակայն ներքևի հարթակներից մեկում աչքովս ընկավ մի բավականին հաղթանդամ կերպարանք, որը ընդունարանում հրամայական ձայնով տեղեկություններ էր հավաքում երեկ գիշեր հիվանդանոց բերվածների մասին: Ապրեք տղերք, արագ եք աշխատում: Արդեն հնարավոր էլ չէր ետ դառնալ: Ես հնարավորինս խորը փաթաթվեցի խալաթիս մեջ ու աշխատեցի ինչքան կարելի է աննկատ, սակայն ինքնավստահ տեսքով ներքև իջնել: Իսկ հաղթանդամ անծանոթը սկսեց մեծ-մեծ քայլերով բարձրանալ աստիճաններով: Հասնելով ինձ՝ նա մի թռուցիկ հայացք գցեց վրաս ու շարունակեց բարձրանալ:

Վատ չէր… անցավ: Լա՜վ նման բաներ եմ տեսել…: Հիվանդանոցի բակում, մինչ փորձում էի ընտելանալ վառ արևին, ինձ ու հատկապես խալաթս սկսեց կասկածելիորեն երկար հայացքով չափել դարպասների մոտի պահակը, բայց մի “ԲՄՎ” այդ պահին սկսեց դուրս գալ դարպասներից, ու պահակը շեղվեց՝ հերթական հարյուր դրամանոցի ակնկալիքով…:

Արդեն Աբովյան փողոցի վրա էի, երբ աչքիս ծայրով տեսա աստիճաններից տառացիորեն հիվանդանոցի բակ թռած հաղթանդամ անծանոթին՝ որը սկսեց խուզարկու հայացքով շուրջը նայել: Ես սկսեցի արագ քայլերով բարձրանալ Աբովյանով վերև՝ փորձելով Աբովյանի հրապարակի շրջադարձում կորցնել հետքս:
- Սպասի՜ր գի՜ժ… հե՜յ…, կտանե՜մ…:
- Ըհը, ապրես ես էլ հենց քեզ էի սպասում…,- գցեցի ինձ կողքիս արգելակած մգացված ապակիներով “Նիվա”-ն, որը շարժվելով՝ դանդաղորեն մտավ արձանի մոտի շրջադարձը:
Աբովյան փողոցով ներքև իջնելիս նկատեցի արդեն դարպասներին հասած շնչասպառ անծանոթիս, որը սկսեց հայացքով չափել փողոցը վերից վար, սակայն ինձ արդեն կորցրել էր…
- Լսիր, Հայկ, դու հո իսկականից քեզ չե՞ս կորցրել, կորում ես աստված գիտի երբ, ստիպում ես անհանգստանալ… Դու գիտե՞ս, որ գիշերվանից քաղաքի բոլոր հիվանդանոցները տակն ու վրա եմ արել,- միանգամից լրջանալով՝ նեղացած տոնով սկսեց Վահեն:
- Լա՜վ Վահե ջան, դու հո գիտես, եթե պետք էր, ուրեմն պետք էր… ես այնքան շտապ դուրս եկա, որ չկարողացա քեզ զգուշացնել… Դե բջջայինդ էլ գիտես, աստված մեր երկրին կապ տվել, չի խնայել,- փորձեցի արդարանալ ես:
- Լավ էդ հասկացանք, բա էդ խալաթով մասկարադս որն է… մի քիչ սպասեիր, կգայի էլի… չէի՞ր կարող հանգիստ պառկել,- արդեն մի քիչ հանգստացած շարունակեց Վահեն:
Ես կողքից հայացք գցեցի Վահեի վրա: Չէ իսկապես, էս մեկի հարցում չեմ սխալվել…
- Չէի կարող, տղերքը արդեն գալիս էին հետևիցս, մեկից հազիվ պոկվեցի… գիտես էս վերջերս ինչ որ չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ:
- Վերջե՜րս… Գիտենք ձեր “վերջերը”… Երևի երեսնականներից սկսած մեկի դեմ քեն ես պահել, մինչև հիմա հիշում ես… Ախր քեզ ինչքան ասեմ, Հայկ ջան, ժամանակները փոխվել են, մարդիկ փոխվել են, բոլորը չէ, որ վատն են… Նրանց մեջ էլ կան կարգին, էս երկրի ցավով ապրող տղերք…,- մի քիչ նեղացած սկսեց Վահեն:
Հիշում ես… ախր ոնց չհիշեմ ու որը չհիշեմ… Այն ամենից, ինչ ինձ մնացել է, ինչ իմն է եղել երբևէ, երևի ամենամնայունը հիշողությունն է…
- Գիտեմ Վահե ջան, գիտեմ… քի՞չ եմ նմաններին տեսել: Արտաքինից կարծես ոչինչ, տիպիկ ժամանակի պտուղներ են, բայց իրականում դա հաճախ դիմակ է լինում, ու երբ գալիս է պահը, հերոսանում են, պատրաստ են պետության ու ընկերոջ համար հոգի տալ… գիտեմ,- շարունակեցի ես,- բայց դե ամեն դեպքում պետք չէր…
- Լավ էդ հասկացանք…, մի կարգին ասա, թե երեկ ինչ է եղել, ու որտեղից ես էդ վաստակել,- գլխով ցույց տալով վզիս վիրակապը, հարցրեց Վահեն:
Ես չպատասխանեցին, այլ ավելի հարմար տեղավորվելով ու աչքերս փակելով, փորձեցի վերականգնել երեկվա իրադարձությունները...

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:46 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

… Դնելով խոսափողը՝ ես մոտեցա պահարանին ու հանեցի թուրս՝ իմ հավատարիմ ընկերոջը: Ինչեր ենք անցել իրար հետ, ինչեր ենք տեսել, բայց դու ոչ մի անգամ ինձ չդավաճանեցիր: Եղել է բաժանվել ենք, բայց մի զարմանալի հոտառությամբ գտել ենք իրար ու շարունակում ենք ապրել իրար հետ: Անթիվ անգամներ, Եվրոպայի ու Ասիայի հարուստ տիրակալներն ու փառաբանված ասպետները, իշխաններն ու հասարակը ինչ ասես որ չեն առաջարկել քեզ համար… բայց դու իմն ես, կաս ու կմնաս: Ես պատյանից հանեցի թուրը, ստուգելու համար, թե արդյոք չի դժվարանում, ու նորից տեղը դրեցի: Դրանից հետո այն տեղավորեցի հատուկ դրա համար միշտ մոտս պահող սպորտային մեծ պայուսակի մեջ ու, թեթև-սպորտային ոճով հագնվելով, իջա բակ: Արագորեն նստեցի առաջին իսկ պատահած տաքսին, որը ինձ հասցրեց Երևանյան լճի մոտ: Կամրջի մյուս ծայրում միանգամից նկատեցի մայթին քայլող միայնակ, մուգ կերպարանքը: Այն, չնայած բավականին տաք եղանակին, փաթաթված էր երկար թիկնոցի մեջ: Ես դանդաղորեն մոտեցա կամրջից ներքև կռացած ու ասես ջրերի մեջ ինչ-որ բան փնտրող կերպարանքին…

- Հաաա՜… եկա՜ր, արմե՜ն…,- մի քիչ խռպոտ ու ցածր, սակայն ինքնավստահ ձայնով սկսեց նա,- վաղո՜ւց էր պետք…
- Ճիշտ ես, Մահմեդ, վաղուց էր պետք մեր հաշիվները վերջացնել…: Ու կարիք էլ չկար այսքան ձգելու,- նետեցի ես ու պատյանից հանեցի թուրս:
- Շտապո՜ւմ ես արմեն, շտապո՜ւմ ես…, ես քեզ այնքան երկար ման չեմ եկել, որ այսպես միանգամից բաժանվեմ,- չարախնդորեն ժպտաց:
Այդ ժպիտը… ինչքան ծանոթ էր ու ինչքան նողկալի: Այդ ժպիտը դեմքին ես այնքան անգամ էի տեսել Մահմեդին ամենանողկալի գործեր անելիս, որ սարսռացի:
- Մարդիկ չկան, մեքենաներ չեն անցնում, շատ հարմար ժամանակ է մեր հին խոսակցությունը շարունակելու,- ասացի ես:
- Իսկապես…,- ասաց Մահմեդը:
Ես գիտեի իմ հին ծանոթի սովորությունները, դրա համար էլ ինձ համար անակնկալ չէր, երբ կայծակի արագությամբ շողաց նրա յաթաղանը…
… - Հա՜ա՜յկ,- սթափվեցի ես,- եղբայր, ի՞նչ է եղել, քեզ հետ խոսում եմ, իսկ դու չգիտես ուր ես:
- Մտքերով ընկա… ինչ ես ասո՞ւմ,- հարցրի ես:
- Ասում եմ ի՞նչ է եղել քեզ հետ երեկ ու ինչո՞ւ ես դու այսօր այս վիճակում:
- Ուրվականի եմ հանդիպել…,- չկարողացա հեգնանքս թաքցնել ես,- գիտե՞ս Վահե, ամենասարսափելի ուրվականներն այն ուրվականներն են, որ անցյալից են գալիս:
- Լսիր, դու հո չե՞ս գժվել, ի՞նչ ուրվական, ի՞նչ բան,- հոնքերը վեր քաշեց Վահեն,- ի՞նչ է պատահել քեզ հետ:
- Այն ինչ պատահել է Բրուտոսի հետ Ֆիլիպպեի ճակատամարտից [1] առաջ… Ես ուրվական տեսա, Վահե, և այդ ուրվականն ինձ ասաց, որ հերիք է, ինչ ապրեցի այս աշխարհում …
- Լավ, ես ձեր էդ հին պատմությունների հետ գլուխ չունեմ, մի կարգին բան ասա հասկանամ,- կտրեց Վահեն:
- Մահմեդի հետ եմ հանդիպել…

Վահեն հազիվ պահեց մեքենան, որ չխփի մոտիկից անցնող “Մերսեդես”-ին, որից հետո դժվարությամբ կրկին տիրապետելով մեքենային, արգելակեց մայթի մոտ:
- Մահմեդի, էն Մահմեդի՞…,- հազիվ շունչը տեղը բերելով հարցրեց Վահեն:
- Հա:
- Լսիր, բա դու ասում էիր, որ նա…,- Վահեն մատները քսեց վզին:
- Ես էլ էի արդպես կարծում, բայց տեսար… Քշիր, քշիր…, տուն հասնենք, մի բան կմտածենք:
Վահեն դանդաղորեն պոկեց մեքենան ու կրկին մտավ երթևեկության մեջ:
- Այոոո՜… այ քեզ բա՜ն…: Լսիր, ես հիմա նոր եմ հասկանում…: Երեկ քո հասցեով էլեկտրոնամակ էր եկել, ես չհասցրի քեզ ասել: Մինչև էլ նորից տուն եկա՝ արդեն գնացել էիր:
- Ի՞նչ նամակ,- հարցրի ես:
- Նամակ, սովորական էլեկտրոնային նամակ:
- Տեսնենք…

Վահեն մտավ Ամիրյան փողոց, հետո անցավ Մաշտոցի պողոտա ու մի քիչ էլ շարժվելով, կանգ առավ հարմար մի վայրում: Մենք իջանք մեքենայից: Մի քանի րոպեից տանն էինք: Ես փոխվեցի, արագորեն միացրեցի համակարգիչս ու միացա էլեկտրոնային փոստին: Սակայն այնտեղ այն չէր, ինչ սպասում էի…
Նամակը ամերիկյան “Խաղաղ աշխարհ” կազմակերպությունից էր, որի ներկայացուցիչը առաջարկում էր ընդունել իրեն՝ պնդելով, որ մի շատ կարևոր գործ ունի ինձ հետ:
“Խաղաղ աշխարհ”… լա՜վ եք փոխում ձեր անունները: Լավ կհանդիպենք: Ես պատասխանեցի նամակին, առաջարկելով երեկոյան լինել իմ տանը: Դիտավորյալ հասցես չնշեցի: Վստահ էի, որ գիտեն…
- Հայկ, ո՞նց էս քեզ զգում,- խոսելով սենյակ մտավ Վահեն,- թուլություն շատ ունե՞ս:
- Չէ լավ է, Վահե ջան, արդեն լավ եմ… է՜է՜է՜ եղբայր, սենց բաներ եմ տեսել, Հունանի ճակատամարտից [2] հետո նիզակը կողումս ու նետերի մի ամբողջ խուրձ վրաս պառկել էի, բայց հետո ոչինչ: Հաջորդ օրն արդեն նորմալ էի…,- ժպտացի ես:
- Լավ, լա՜վ…,- ժպտաց Վահեն,- չեմ եղել, դու էլ ինչ ասես կպատմես…,- կատակելով շարունակեց նա,- այ իմ տեղը պիտի լինեիր, է, տեսնեմ ինչ կանեիր… Նիզակ ու նետ չեմ տեսել, բայց Մարտակերտի տակ [3] որ մինը պայթեց ուղիղ կողքս… կուզենայի համեմատել քո նիզակների հետ:
- Էդ էլ եմ տեսել, էդ էլ մի բան չի:
- Գիտեմ որ տեսել ես, ե՞ս չիմանամ,- միանգամից լրջացավ Վահեն ու մի պահ լռեց:
Մարտակերտի տակ… ես նայեցի Վահեի մի քիչ տխրած դեմքին, ու հիշեցի անցած գնացած օրերը… ե՞րբ էր, որ մարտերով մտնում էինք Մարտակերտ…

________________

[1] Նկատի է ունեցվում Հուլիոս Կեսարին սպանած և Հռոմում հանրապետական կարգերը վերահաստատելու համար պայքար սկսած Բրուտոսի և այլ հանրապետականների բանակի տված ճակատամարտը Կեսարի կողմնակիցներ Անտոնիոսի և Օգոստոսի բանակի դեմ մ.թ.ա. 42 թ-ի աշնանը Ֆիլիպպեի դաշտում: Ըստ ավանդության հանրապետականներին վերջնական պարտության բերած այս ճակատամարտից առաջ Բրուտոսին է այցելել է մի ուրվական` նրա "չար ոգի"-ն, և Բրուտոսին կանխագուշակել պարտություն ու կործանում
[2] Նկատի է ունեցվում 1221 թ-ի հունվարին Գուգարքի արևելքում` Կուրի աջ ափին գտնվող Հունան քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտը Անդրկովկաս ներխուժած մոնղոլական նվաճողների բանակի և Հայ-վրացական ուժերի միջև, որտեղ մոնղոլները դարանից հարվածելով պարտության մատնեցին քրիստոնյաներին և ասպատակելով հեռացան:
[3] Նկատի են ունեցվում 1993 թ-ի հունիսից հուլիսը ընթացած Արցախի Մարտակերտ քաղաքի ազատագրության համար մղված մարտերը, որոնք ի վերջո հայկական կողմին բերեցին հաջողություն:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:47 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Դեռ հարձակումից առաջ ես ուշադրություն դարձրի հաղթանդամ այդ տղային, որի հայացքից կարծես լավատեսություն էր կաթում…: Գնում էր կռվի՝ ասես հարսանիք: Կռվի ոգին էր: Ասում էին՝ որբ տղա է, իր ուժերով ընդունվել է բժշկական ինստիտուտի վիրաբուժական բաժինը, սակայն վերջին կուրսից դուրս է եկել ու միացել է մեր կռվին: Ու հենց այդ ժամանակ զգացի, որ նա սովորական մարդ չէ: Հետո հիշում եմ արյունը, պայթյունների ու թշնամու գնդակների հեղեղը… ու նրա զարմացական հայացքը, երբ զգաց, որ դեպի հոսպիտալ տանելու փոխարեն իրեն անտառ եմ քարշ տալիս…

Ես հարմար տեղավորեցի նրան խոտերից պատրաստված անկողնու վրա: Վահեն ուշքի եկավ հաջորդ առավոտ: Ես նստած էին նրա կողքին: Վահեն անմիջապես չհասկացավ ինչ է եղել: Կարծեց, թե սովորական արթնացում է, սակայն երբ տեսավ իր պատառոտված ու արյունոտված համազգեստը՝ նախորդ օրվա իրադարձությունները միանգամից կենդանացան ուղեղում:
- Լա՜ավ կռիվ էր… ոնց որ էլ մի թեթև կպել է, հա՞,- հարցական ինձ նայեց Վահեն,- ապրես եղբայր, կյանքս քեզ եմ պարտական, եթե դու չլինեիր, գուցե ինձ հիմա… անունդ ո՞նց է:
- Սկզբի համար ինձ ասա Հայկ, հետո կտեսնենք,- խուսափեցի ես:
- Ո՞նց թե, լսիր, դու իմ կյանքը փրկես ու ես փրկարարիս անունը չգիտենա՞մ,- մի քիչ լարվեց Վահեն:
- Գիտես Վահե, հաճախ ամենապարզ հարցերն էլ բարդ պատասխաններ են ունենում…. մենք երկար խոսելու բան ունենք:
- Լավ, արի գնանք մեր դիրքերը, ճամփին կխոսենք:
- Չէ, չէ, սպասիր, մի շտապիր,- կանգնեցրի ես,- Վահե ես քեզ պիտի մի նորություն հայտնեմ, բայց խնդրում եմ, միանգամից հետևություններ չանես…
- Լավ, ասա,- խոտերին հանգիստ տեղավորվելով ասաց Վահեն:
- Դու ուզեցիր իմ անունը իմանալ: Ասեմ: Ես Հայկն եմ, Հայկազունիների ցեղից: Ես Հայկ Նահապետի [1] որդին եմ ու ծնվել եմ Քրիստոսից առաջ 2520 թվականին: Վահե, ես անմահ եմ: Ես չեմ ծերանում ու չեմ մահանում և դատապարտված եմ հավերժ ապրելու: Սակայն ես միայնակ չեմ: Աշխարհում էլի կան նման մարդիկ ու դու նրանցից մեկն ես…
- Լսիր, դու հո կանտուզիա չե՞ս տարել,- վախեցած հարցրեց Վահեն:
- Չէ, եղբայր, ես նորմալ եմ, դու էլ ես նորմալ, չնայած… արդեն այնքան էլ չէ: Գիտես, դու մահացար որպես մահկանացու, սակայն կրկին կյանքի եկար ու հիմա ապրում ես:
- Լավ, լավ, պա՜րզ է…,- տխրեց Վահեն,- գնանք դիրքերը, կխոսենք… արի, արի՜:
- Էխ դու՜ու, չհավատացիր էլի ինձ…,- ես ելա տեղիցս:
- Չէ, ինչո՞ւ, հավատացի… գիտես, ես բժշկականի վերջի կուրսից եմ դուրս եկել ու այստեղ եկել: Կարելի է ասել վիրաբույժ եմ ու շատ եմ լսել երկար ապրողների մասին… Գնա՜նք…, կխոսե՜նք…, հոսպիտա՜լ կերևանք…, կհանգստանա՜նք… կանցնի կգնա:
- Լավ նայիր…,- ասացի ես ու ակնթարթորեն “ՏէՏէ”-ս դեմ տվի կրծքիս:
- Սպասիր, եղբայր, մի արա այդ բանը, մենք դեռ ջահել ենք, կյանք ունենք ապրելու, վերջը մեր կռիվն ունենք կռվելու,- այդ պահին առաջին անգամ Վահեի աչքերում արցունք տեսա… ու հավատացի նրան:
- Ամեն ինչ կարգին է,- ասացի ես ու կրակոցով խոցեցի ինձ:

Ընկնելիս հիշում եմ Վահեի ճիչը ու դեպի ինձ նետվելը: Ուշքի եկա այն բանից, որ մի քիչ հեռու, մեջքով դեպի ինձ, չոքել է Վահեն ու հեկեկալով գերեզման է փորում:
- Լսիր, չե՞ս ափսոսում ջանքերդ, գոնե խրամատ փորիր, ինչո՞ւ ես իզուր հող փորում,- սկսեցի ես:
Վահեն շուռ եկավ, ու բահն ընկավ ձեռքից: Մի քանի վայրկյան նա քարացած ինձ նայեց, հետո ուշքի եկողի ձայնով սկսեց.
- Լսիր, դու շատ բախտավոր տղա ես… ա՜յ քեզ բան… ես նման բան չեմ տեսել, բայց կարդացել եմ…: Ոչ զարկերակդ էր խփում, ոչ սիրտդ կար: Լսիր, գնդակները շոշափելով անցել են կաշվիդ վրայով: Սպասիր, երևի հենց դրանից էր արյունը: Չէ մի րոպե, ես ստուգեցի, սիրտդ չէր աշխատում, զարկերակդ չկար…
- Վահե, Վահե սպասիր… դու ամեն ինչ ճիշտ ես արել,- ժպտացի ես:
- Բայց այդ դեպքում ո՞նց…,- սկսեց կասկածել նա:

________________

[1] Հայկ Նահապետ (մ.թ.ա. 2492-2411): Արատտայի քրմապետության զորավարներից, որը վճռական ճակատամարտում հաղթանակ տանելով երկիր ներխուժած միջագետքյան նվաճողների դեմ և դրանից հետո փոխարինելով ավանդականորեն կառավարող քրմերին, դարձավ Արատտայի առաջին քուրմ-արքան: Հետագայում նա աստվածացվեց, իսկ հայերի հավատալիքների մեջ մնաց որպես հայ ժողովրդի ավանդական նախնի, որից սերում և որի անունից էլ հայերը ստացել են իրենց անունը:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:47 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

- Լսիր, ասեցիր ու չասեցիր,- վերսկսեց խոսակցությունը Վահեն,- վերջը ո՞նց եղավ Մահմեդի հետ:
- Հանդիպեցինք, զրուցեցինք, հետո քաղաքականության շուրջը վիճեցինք… ու վերջը տեսնում ես,- կատակեցի ես:
- Ես լուրջ եմ ասում…
- Լուրջ… ասածիս միայն վերջին մասն էր լուրջ. վերջը տեսնում ես,- լրջացա նաև ես:
- Տեսնելը տեսնում եմ, բայց չեմ կարողանում հավատալ ու պատկերացնել… Դու, հազարավոր մարտերի մասնակիցդ, դու փորձված թրամարտիկդ, որ անցած տարի մեծ գումարով գրազ եկար ու հաղթեցիր աշխարհի թրասուսերակիրների չեմպիոնին… ու հանկարծ այս վիճակո՞ւմ:
- Գիտես Վահե, հարցը փորձը չեր… հավատա եղբայր, ես ինքս քանի անգամ զգացի, թե ինչպես իմ թուրը հասավ նրան…: Բայց իմ հարվածները կարծես չէին ազդում: Գիտե՞ս, մենք բավականին երկար կռվեցինք, ու ի վերջո… հասկանում ես, պատահական մի ճիչ, սովորական մի մարդու ճիչ, որը տեսել էր կամրջի վրա թրերով կռվող երկու հոգու, շեղեց ուշադրությունս ու ես բաց թողեցի հարվածը: Լավ էր, որ վերջին պահին կարողացա թափով ետ ընկնել, ու Մահմեդի յաթաղանը ընդամենը անցավ կոկորդիս վրայով…: Ես հետ ընկա կամրջի բազրիքի վրա, հավասարակշռությունս կորցրի ու ընկա ջուրը…: Դե սա անցած լինի…,- պատմեցի ես, ու պոկեցի վիրակապը,- սրանից նույնիսկ սպի չի մնա:
- Լսիր, ինչպե՞ս կարող է նման բան լինել… Դու ինքդ էլ քանի անգամ պատմել ես, ու հավատացրել, որ թեև հարվածները մեր մարմնի վրա չեն ազդում, բայց մենք դրանցից աստիճանաբար թուլանում ենք…
- Չգիտեմ, Վահե, ես ինքս էլ չգիտեմ: Ի դեպ…,- կտրուկ թեման փոխեցի ես,- թուրս փորձե՞լ ես գտնել:
- Է՞լ ինչ կասես, իհարկե… Գիտես, քո կորելուց հետո ես միացա ոստիկանության ռադիոհաճախականությանը ու երբ տեղեկացա կամրջի վրայի կռվի մասին, անմիջապես գնացի այնտեղ: Քեզ արդեն տարել էին… պատկերացրու թուրդ ընկած էր ջրերի մոտ, հենց ափին, իսկ պայուսակդ ու թրի պատյանը՝ կամրջի վրա էին: Վերցրու,- Վահեն ինձ մեկնեց թուրս:
- Լավ է, թե չե առանց սրա չի լինի, իսկ գտնելը ժամանակ էր:
- Ի՞նչ նամակ էր,- թեման փոխեց Վահեն:
- “Խաղաղ աշխարհ” կազմակերպությունից էր: Նրա ներկայացուցիչը ուզում է հանդիպել ինձ հետ:
- Ա՞յդ ինչ սատանա է…,- տարակուսեց Վահեն,- երևի աղանդավորնե՞ր են:
- Չէ, չէ, Վահե ջան, ես դրանց մասին մոտավորապես գիտեմ, աղանդավորներ չեն հաստատ:
- Բա ի՞նչ են:
- Լսիր, արի մի կտոր բան ուտենք, երեկվանից բերանս բան չեմ դրել, ընթացքում կխոսենք:
- Լավ: Լսիր, երեկ Մարինեին հրավիրել էի մեր տուն, նստեցինք, խոսեցինք, հետո նա սկսեց եփ ու թափ անել…: Ի՜ նչ աղջիկ է, չես պատկերացնի ինչ համով բաներ է թողել երեկվանից…,- քաղցր հիշողություններից շողալով պատմեց Վահեն:
- Լավ է, լավ է… բայց Վահե ջան, դու նրան շատ տոն մի տուր, գիտես էլի… մեր նմաններին չի կարելի ընտանիք ունենալ:
- Գիտեմ, գիտեմ,- մթնեց Վահեն ու լռեց:
- Լավ եղբայր, դու մի տխրիր… մի բան կանենք:
Վահեն լռեց ու մտովի երևի նորից տեղափոխվեց Մարտակերտ, հիշեց մեր առաջին հանդիպումը…

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:47 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

- Լավ, եթե քեզ հավատանք, ուրեմն մեզ սպանել հնարավոր չէ՞,- շարունակեց զրույցը արդեն ուշքի եկած Վահեն:
- Հնարավոր է, սակայն շատ դժվար գործ է: Մեզ սպանելու համար պետք է անպայման մեր նմանի գլուխը կտրել:
- Լավ, հիմի ես որ իմ “ԱԿաԷմ”-ի մագազինը վրես թողնեմ, ինձ բան չի լինի՞:
- Չէ, բայց խորհուրդ չեմ տալիս փորձել,- ժպտացի ես:
- Ինչու՞:
- Ես ասացի, որ այդ դեպքում դու չես մահանա… բայց ցավ կզգաս:
- Լսիր, ամեն դեպքում գլխիս մեջ չի տեղավորվում… չէ, ուղղակի չեմ հասկանում, չի կարող պատահել նման բան:
- Հը՜ը՜, բժշկի հոգին խոսեց մեջդ…, լավ սպասիր, արդեն տղերքի ձեներն են լսվում: Արի պայմանավորվենք, դու այս ամենի մասին ոչ մեկին ոչ մի խոսք… Գիտե՞ս իմ ու քո շահերից չի բխում, որ հասարակությունը իմանա մեր մասին… կսկսվեն հարցումները, գիտական փորձերը, հասարակությունը կսկսվի վարակվել անմահության հոգեկան ախտով: Մի խոսքով՝ խելագարություն կսկսվի: Դրա համար արի այս գիշեր, եթե հարմար լինի, կհանդիպենք ու հանգիստ կզրուցենք, իսկ հիմա, ժպտա, ընկերներիդ շնորհավորանքներին պատասխանիր… տես մարդիկ անկեղծ ուրախացել են, որ քեզ ողջ են տեսնում… Մեկ-մեկ էլ խոսքի մեջ կարող ես ինձ գովել,- կատակով ավելացրի ես ու սեղմեցի նրա ուսը:
… Երեկոյան Վահեն առաջինն եկավ իմ վրանը: Բարեխիղճ զինվոր. նախապես պարզել էր, որ այդ գիշեր ոչ մի լուրջ գործողություն չի նախապատրաստվում, դրա համար էլ եկել էր:
- Լավ էր որ եկար: Գիտես, ուրախ եմ քեզ այսպես հանգիստ տեսնելու: Ոչ բոլորի մոտ է ստացվում այսպես միանգամից համակերպվել այս գաղափարի հետ…,- ժպտալով ողջունեցի ես:
- Դե դա մենք դեռ կտեսնենք համակերպվել ենք թե չէ…: Լսիր, մի կողմից հավատս չի գալիս, բայց մյուս կողմից էլ՝ ախր աչքովս տեսա: Ողջ բժշկական փորձս կարող եմ դնել… քո սիրտն ու զարկերակը չէին խփում…
- Լավ, լավ մի հուզվիր… նստիր, այս պահածոն սկսիր անուշ անել… ողջ գիշեր խոսալու բան կունենանք…
- Ես արդեն ասացի իմ անունը,- սկսեցի ես,- այո, Վահե, ես Հայկն եմ, Հայկազունիների ցեղից: Ես Հայկ Նահապետի որդին եմ ու ծնվել եմ Քրիստոսից առաջ 2520 թվականին… սակայն այդ հետագայում ես սկսեցի հաշվել ու տարիների հաշիվը պահել: Իսկ այն ժամանակ ես ուրիշ էի, մարդիկ ուրիշ էին, աշխարհն էր ուրիշ… Գիտե՞ս, Վահե, հարյուրամյակներն անցնում են և նույնիսկ իմ հիշողությունից է շատ բաներ ջնջվել… սակայն շատ բաներ էլ հիշում եմ…

Հիշում եմ հորս՝ արիների [1] ցեղի հզոր Նահապետին: Արդեն մի քանի տարեկան երեխա էի, երբ սկսեցի գիտակցել ու զգալ, թե ով է հայրս: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս իր գահվորակին նստած ընդունում մյուս ցեղապետերին ու նրանք միասին լուծում էին պետության համար կարևորություն ներկայացնող հարցերը: Այն ժամանակ ես դեռ փոքր էի, սակայն հայրս ինձ միշտ իր հետ տանում էր այդ հավաքներին: Ավագների խոսքերից ես շատ բան չէի հասկանում, սակայն հիշում եմ, տպավորվել է մեջս, այն խորին հարգանքն ու ակնածանքը, որ բոլորին ներշնչում էր հայրս…: Արդեն այն ժամանակ շատերը նրան կենդանի աստված էին համարում, սակայն ինձ համար նա միայն հայր էր, սիրելի հայր, որի հետ կարելի էր ազատ օրերին զբոսնել, գետում լողալ, ձուկ որսալ: Ես դեռ մանուկ էի, երբ հայրս առաջին անգամ տվեց իմ ձեռքն իր թուրը և ասաց.
- Բռնիր սա, որդիս, պինդ բռնիր ու զգա նրան: Սա զենք է որդիս, սակայն ավելին է, քան զենքը: Սրա մեջ կա խորը իմաստնություն: Սա ապրելու կամք է, հաճախ նաև՝ իրավունք: Սա թույլերին ոգի է տալիս, ուժեղներին՝ ավելի հզորացնում: Սա մեր՝ արիներիս, անբաժան ընկերն է…:
Այո՜…: Ես ոգևորված ըմբոշխնում էի հորս խոսքերը, որոնց իմաստը հետագայում էի խորը հասկանալու:
Գիտե՞ս Վահե, հիշում եմ նաև մորս՝ համեստ ու առաքինի մի կնոջ, որը հորս կյանքի հավատարիմ ուղեկիցն էր, ու ապահովում էր նրա թիկունքը: Այո, թիկունքը ընտանեկան կյանքում, որը իսկական տղամարդու համար շատ կարևոր է: Հիշում եմ եղբայրներիս, որոնց հետ ժամերում թափառում էինք ու մարզվում…

Իսկ հետո հայրս, իր երևելի ցեղապետների ու երկրի ընտիր ռազմիկների հետ մի գունդ կազմեց ու մեկնեց: Ես շատ էի ուզում, որ նա ինձ իր հետ վերցնի, սակայն նա մերժեց: Ու թողեց ինձ դայակիս՝ իր հավատարիմ Արամի խնամքի տակ: Արամը ժամեր էր անցկացնում ինձ հետ, մարզում ձեռնամարտի, թրամարտի, նիզակամարտի ու նետաձգության գործում, պատմում պատմություններ անցած-գնացած օրերի ու հերոսների մասին: Բացի դրանից ես, արդեն բավականին հասուն պատանի, դայակիս հետ թափառում էին մեր աննման անտառներում ու լեռներում՝ ուր մենք ականջալուր էինք հեռվից եկող լուրերին: Իսկ դրանք խառն էին և հակասական: Ասում էին, որ հարավում՝ սրբազան Եփրատ և Տիգրիս գետերի միախառնման վայրից ոչ հեռու գտնվող քաղաքում, հորս հեռավոր ազգականներից մեկը՝ Մեսիլիմ բելը [2] , որոշել էր աշխարհ տիրել…

Սակայն մի օր կատարվեց այն, ինչ հետագայում խորը հետք էր թողնելու իմ կյանքում: Այժմյան իրադարձությունների բարձրունքից նայելով կարող եմ ասել՝ դա Քրիստոսից առաջ 2493 թվականի աշնանն էր…: Հերթական առավոտյան դայակիս հետ մեկնեցի որսի: Եղնիկներից մեկին ոգևորված հետապնդելիս ես ինքս դարձա որս ու ընկա մի խորը փոսի մեջ: Ուշքի եկա այն բանից, որ գտնվում եմ մի փակ սենյակում…: Ինձ հետ էին նաև իմ հասակակից տղաներ, սակայն նրանք ուրիշ ազգերից էին և մենք իրար լեզու չէինք հասկանում…: Պարզվեց Վահե, որ մեզ գերել են ուրիշ մոլորակների բնակիչներ ու մենք նրանց դղյակներից մեկում ենք: Մեզ բոլորիս նրանք ինչ որ հատուկ դեղ սրսկեցին, որից հետո մենք բոլորս քուն մտանք: Արթնացա նույն փոսի մեջ: Արդեն երեկո էր: Ես սկզբում ոչ-ոքի չպատմեցի տեղի ունեցածի մասին, համարելով դա հարվածի հետևանքով տեսած մի երազ, դե իսկ հետագայում արդեն պատմելու ժամանակը չէր…

Իրադարձությունները սկսեցին հեղեղի նման սրընթաց զարգանալ: Պարզվեց, որ Մեսիլիմ բելը որոշել է իր քաղաքում մի հսկայական պալատ-աշտարակ կառուցել՝ նպատակ ունենալով հասնել երկինք ու միանալ աստվածների ընկերակցությանը: Աստվածները, սակայն, չհանդուրժեցին այդ և հզոր երկրաշարժով փլուզեցին այն՝ հազարավոր զոհեր պատճառելով վախից խենթացած մարդկանց: Դրանից հետո, այլևս չցանկանալով գտնվել Հայրենիքից հեռու, հայրս վերադարձավ: Հիշում եմ հորս մթամած դեմքը…: Նա եկավ ու իր ցեղապետների հետ անմիջապես էլ սկսեց պատերազմի պատրաստվել:

Բայց նույնիսկ այդ զբաղվածության թոհ ու բոհի մեջ նա չէր մոռանում ինձ: Հաճախ ազատ ժամանակ գտնելով՝ նա ինձ էր փոխանցում բազում մարտերում թրծված իր զորավարական գիտելիքները, ռազմիկի հատկությունները և կյանքի կենսափորձը: Մենք իրար հետ մեկնում էին զբոսանքի և հայրս հաճախ էր կրկնում.
- Հիշիր, որդիս, մարդկության դժբախտությունները գալիս են նրանից, որ մարդիկ որոշում են տիրել միմյանց վրա: Ազատությունն ամենամեծ արժեքներից մեկն է, որ մարդ ունի այս կյանքում: Սակայն քո Հայրենիքի ու ցեղի ազատությունն ավելին է, քան նույնիսկ քո անձնական ազատությունը: Ու եթե կարիք լինի, Հայկ, առանց երկմտելու զոհիր քո ազատությունը հանուն Հայրենիքի ու ցեղի ազատության: Մենք՝ արիներս, այս լեռների բնիկ տերերն ենք: Աստվածներն այս անկյունը տվեցին մեզ ապրելու և մենք ապրեցինք ու բազմացանք այստեղ: Մենք ստեղծեցինք տաճարներ աստղերը դիտարկելու համար և մեր քրմերի գիտելիքներին այժմ կնախանձեն նույնիսկ հեռավոր Եգիպտոսում: Մենք սկսեցինք զբաղվել մարդկանց հիվանդությունները ամոքելով և մեր բուժակների փառքը այժմ զրնգում է բոլոր երկրներում: Աստվածներն ասացին, որ արիները ընտրյալ ցեղ են և պարտավոր են մարդկությանը տանել լույս, փոխանցել այլ ցեղերին իրենց գիտելիքները՝ հանուն համընդհանուր ու համաշխարհային բարօրության: Սակայն հիշիր, որդիս, մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս հողի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու: Մենք՝ արիներս, առաջ ենք անցել այլ ազգերից բնության գաղտնիքների ճանաչման գործում, սակայն դա պետք է ծառայի միայն համընդհանուր ու համաշխարհային բարօրությանը…
Եվ գիտե՞ս Վահե, այդ ամենը գումարելով մինչ մեկնելը արվող վարժություններին, տալիս էին իրենց հիանալի արդյունքները: Չեմ գլուխ գովում, սակայն արդեն այն ժամանակ քչերը կարող էին ինձ հավասարվել ռազմական արվեստում և մենամարտում՝ հատկապես թրերով մենամարտում…

_________________

[1] Արիական արմատներ ունեցող հայերը մարդկության պատմության արշալույսին իրենց ավելի հաճախ կոչել են արիներ: Միայն հետագա հազարամյակներում նրանց մեջ սկսեց արմատավորվել “Հայ” ինքնաանվանումը, իսկ օտարների մեջ` “Արի”-ին համարժեք "Արմեն"-ը:
[2] Մովսես Խորենացու հայտնած “Բել”-ի անվան տակ հանդես է գալիս իրական պատմական անձնավորություն` Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմը (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492), որը, օգտվելով երկարատև պայքարի հետևանքով միջագետքյան քաղաքների թուլացումի, իրականացրեց պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումը` Էլամի հովանու ներքո:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:48 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Իսկ հետո եղավ մեծ ճակատամարտը, Վահե՝ Հայոց ձորի ճակատամարտը [1]: Այո, եղբայր, դա իմ կյանքի առաջին ճակատամարտն էր և բացի այդ, դա նաև իմ նոր ծննդյան օրն էր՝ Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ը: Ինչպե՜ս էինք մենք կռվում… հորս թիկունքը պահում էին ամենաընտիր ռազմիկները, Կադմոսը ղեկավարում էր ձախ, իսկ ես՝ աջ թևը: Նահապետի հայտնի ճեղքման ժամանակ էր, որ ես ու Կադմոսը, ցանկանալով օժանդակել նրան, մեր թևերը սրընթաց հարձակման տարանք: Մենք թափով, հենց ընթացքից ընկանք ուղիղ թշնամու վրա ու միանգամից սկսվեց ձեռնամարտ հսկաների` ընտիր ռազմիկների հետ: Ես մերոնց առաջին շարքում վազելով այնպես էի թափ հավաքել, որ թշնամու հետ ընդհարման առաջին պահին ուղղակի տապալեցի բավականին մարմնեղ մեկին մարմնիս հարվածով՝ իսկ մյուսի ուսերի վրայով էլ պտույտ տվեցի ու մեջքի կողմից խոցեցի: Դրանից հետո հակառակորդ դուրս եկավ մի բարձրահասակ ու ջլուտ ռազմիկ: Ես ճարպկորեն կռացա ու խույս տալով նրա սրից և կտրող հարվածով թրատելով նրան որովայնից, առաջ անցա, թրիս վրա ընդունեցի երկրորդի նիզակի հարվածը ու սրան էլ թրատեցի մեջքից: Զգացի երրորդի մոտենալը կողքից՝ պատասխան հարվածից նա կողից խոցված ընկավ: Մի հանգիստ պահ որսալով՝ հայացք գցեցի մարտադաշտին: Համառ ձեռնամարտը եռում էր իմ թևում, իսկ հեռվից աղաղակելով մոտենում էին թշնամու նոր ռազմիկներ:

Այդ պահին ես ետ մղեցի մեկի գուրզի հարվածն ու թրի կոթով հարվածեցի գլխին: Հաջորդ պահին նա արդեն կենդանի չէր: Ուղիղ հարվածով կիսեցի ևս մեկի գլուխը: Սակայն տեղ հասան թշնամու նոր ռազմիկները և մարտը բավականին երկարեց: Թշնամին սկսեց սեղմել իր քանակով ու ուժով: Ընկնում էին արիներից արիները…: Այդ պահին, երբ թվում էր, թե բոլոր հույսերը մարում են, աչքս ընկավ այն բլրակին, որտեղ ամրացել էր Մեսիլիմ բելը… և օ՜ հրաշք… ես տեսա հորս հզոր ճեղքումը, հսկայամարմին Մեսիլիմ բելի օրորվելն ու տապալվելը, իսկ հետո… ծնկիս ստացված սուր հարվածից չկարողացա ոտքի վրա մնալ ու չոքեցի մյուս ծնկիս վրա: Պարզվեց, որ վիրավոր ու գետին ընկած թշնամիներից մեկն է դաշույնով հարվածել: Պատասխան հարվածով նրան մեխեցի գետնին, սակայն այդ պահին թշնամու երեք ռազմիկներ հարձակվեցին վրաս: Մեկի սաղավարտին ջարդեցի թուրս ու նրա պատասխան հարվածից կողից խոցվեցի: Ես ոլորեցի նրա ձեռքն ու սեփական թրով գլխատեցի: Սակայն այդ ժամանակ նիզակի հարվածը ստացա ուսիս ու թուրն ընկավ ձեռքիցս: Կրկին հարվածել փորձող թշնամու վրա նետեցի դաշույնս ու նա ընկավ՝ կոկորդից խոցված… այդ պահին ուժեղ ցավ զգացի թիակներիս միջև… և արդեն ոչինչ չեմ հիշում…

Արթնացա մեր տոհմական դամբարանում՝ սալին պառկած, շուրջ բոլորս տոհմակիցներիս դիակները: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ու առանց հասկանալու ոտքի կանգնեցի և դուրս եկա: Բլրակի վրա գտնվող դամբարանից պարզորեն երևում էին տոհմակիցներիս հաղթական պարերը, գետինը դղրդում էր միահամուռ Կոչ-արիից` արիների հզոր այդ կոչից, որոնվ նրանք աշխարհին ավետում էին իրենց հաղթանակը: Ես տեսնում էի արիների խրախճանքը, լսում երգն ու ծիծաղը: Այո Վահե, արիներն այդ օրը մեծ, պատմականորեն մեծ հաղթանակ էին տարել, մի հաղթանակ, որ դեռ երկար պիտի խոսվեր դարերում…

Ես օրորվելով ուղևորեցի նրանց կողմը, սակայն, այդ պահին կարծես մի մշուշ իջավ վրաս ու ինձ տարավ երկինք: Պարզվեց, որ ես կրկին այն հին դղյակում եմ, որտեղ մի անգամ եղել Էի: Այս անգամ, սակայն, ես արդեն մենակ էի: Ինձ մոտեցավ մի մարդանման էակ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ: Նա չխոսեց ինձ հետ լեզվով, սակայն ես հստակորեն հասկացա նրա ասածը.
- Դու առաջնածիններից ես: Դու` Հայկազունի Հայկ, չես ծերանա և չես մահանա, մինչև քո ժամը չհասնի: Դու պարտավոր ես ապրել ու պայքարել: Սակայն դու միայնակ չես լինի, քեզ նման պայքարողներ էլի կան: Ձեզնից ամեն մեկը կընտրի պայքարի իր ձևը և հավատարիմ կմնա նրան: Դուք կհանդիպեք իրար, կընկերանաք կամ կթշնամանաք, կսիրեք կամ կատեք, սակայն դուք չեք կարողանա այլ կերպ սպանել իրար, բացի իրար գլխատելով…

Ես լսում էի, ու չէի հասկանում…: Արթնացա անտառի բացատում, արդեն մի քանի օր անց: Շարժվեցի դեպի մոտակա աղբյուրը ջուր խմելու և իմ կամքից անկախ մահու չափ վախեցրի ջրի համար եկած մի խումբ աղջիկների, որոնք ինձ ճանաչում էին: Նրանք ճչալով փախան, իսկ ես հասկացա, որ վերջ. նրանց ու բոլոր ինձ ճանաչողների համար ես արդեն մեռած եմ…

Մի քանի օր թափառեցի անտառում, հույսով, որ կհանդիպեմ հորս: Այդպես էլ եղավ և ես հարմար պահ որսալով, մոտեցա նրան: Հայրս, տեսնելով ինձ, մեղմորեն ժպտաց և ասաց.
- Հայկ, ես գիտեի, որ դու այստեղ կլինես: Որդիս, դու նոր կյանք ես մտել` ընտրյալների կյանք: Դու արդեն չես վերադառնա հնին: Աշխատիր արժանի լինել նորին: Բարձր պահիր քո տոհմի և իմ անունը: Ծառայիր քո ցեղին ու հավատարիմ եղիր նրան՝ ուր էլ որ լինես: Ոչինչ՝ նույնիսկ կյանքդ, չխնայես նրա համար: Քո առաջ բացվել է աշխարհը, Հայկ, ճանաչիր այն և իմաստնացիր: Ես գիտեմ, որ դա արժանի կլինես հորդ անվանը, իսկ այս թուրը, որդիս, վերցրու և թող այն հավատարիմ ընկեր լինի քեզ: Երբեք չբաժանվես նրանից, քանզի այն պատրաստված է ընտիր երկաթից…: Գնաս բարով:

Վերջին խոսքերի հետ նա ինձ մեկնեց մի թուր, ամուր գրկեց և արագորեն հեռացավ: Ես կարոտով նայեցի հորս հետևից, կարծես կանխազգալով, որ այլևս երբեք չեմ տեսնի նրան: Ուշքի գալով` սկսեցի զննել հորս նվերը: Գիտե՞ս, Վահե, մինչ այդ ես չէի տեսել նման գեղեցկության զենք: Բացի այդ, այն նաև հիանալի հատկություններ ուներ: Թեթև էր, սակայն հարվածը տապալում էր ցլին, չէր ժանգոտվում և չէր բթանում, իսկ պետք եղած դեպքում էլ մետաղագործական ոչ բարդ վարժություններից հետո այն փոխում էր իր տեսքը… այն հիմա էլ ինձ հետ է…

Ես ընդհատեցի պատմությունս և պայուսակից հանելով, ցույց տվեցի Վահեին իմ թուրը կամ ավելի ճիշտն ասած՝ ներկայացրի իմ մարտական ընկերոջը:

… Դրանից հետո պատմելու և շատ բան կա, և քիչ: Ճանապարհվեցի դեպի հարավ՝ որոշ ժամանակ ինձ մոռացության տալու համար: Բացի այդ ուզում էի տեսնել այն քաղաքը, որտեղ կառուցվել էր այդ անիծյալ պալատ-աշտարակը և որից սկսվեց այս ամենը: Քաղաքն այդպես էլ չգտա, իսկ վախեցած մարդիկ համառորեն խուսափում էին խոսել նրա մասին…: Հետո հանդիպեցի Մենեսին: Հանդիպումը պատահական եղավ, սակայն նա միանգամից ինձ ճանաչեց և ներկայացավ: Միայն հետո իմացա, որ մեր նմանները իրար մոտենալիս մի սուր զգացում են ունենում, որը հուշում, ինչու չէ, նաև հաճախ զգուշացնում է հանդիպման մասին: Պարզվեց, որ նա էլ է իմ պես, սակայն այդ վիճակում է արդեն մոտ հինգհարյուր տարի: Այո, Վահե, նա այն քչերից է, գուցե և միակը, որ տարիքով մեծ է ինձնից…: Մենեսի հետ ես անցա Եգիպտոս և նա ծանոթացրեց ինձ իր ուսումնասիրություններին: Պարզվեց, որ մեզ բոլորիս այնպիսի մի նյութ են ներարկել, որից մենք ոչ միայն չենք ծերանում կամ մահանում, այլև մեր բոլոր վնասվածքները շատ արագ լավանում են: Իմ աչքի առաջ նա մի հարվածով թռցրեց իր դաստակը, որը հաջորդ օրն արդեն տեղում էր: Բացի այդ մենք չենք հիվանդանում և ընկալունակ չենք մարդկային շատ ու շատ հիվանդությունների: Ըստ նրա ուսումնասիրությունների մենք այնքան էլ շատ չէինք աշխարհում, բայց քիչ էլ չէինք: Նրան նույնիսկ հաջողվել էր մի փոքրիկ ցուցակ կազմել: “Սակայն”,- ավելացրեց այդ ժամանակ Մենեսը,- “նախ սա ամբողջը չէ, և հետո, հնարավոր է, որ հետագայում նորերն էլ ի հայտ գան”:

Այսքան մի բան: Հետագա իմ կյանքը կիմանաս հետագայում: Եղել եմ և արքա և քուրմ, և իշխան և ռազմիկ, և հասարակ գյուղացի և առևտրական, ամեն ինչ էլ փորձել եմ, սակայն ամեն ինչ և միշտ իմ ուժերի շրջանակներում ուղղված է եղել Հայկյան ցեղի բարօրության ապահովմանը…

___________________

[1]Նկատի է ունեցվում մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկ Նահապետի գլխավորությամբ հայկական բանակը վճռական հաղթանակ տարավ, իսկ Հայկը մահացու նետահարելով սպանեց թշնամիների առաջնորդ, Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմ բելին:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:49 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

- Ասում ես ինչ է այդ “Խաղաղ աշխարհ”-ը՞,- խոսակցությունը վերսկսեց Վահեն:
- Ես դեռևս ամենևին էլ վստահ չեմ, սակայն եթե դրանք իմ իմացածներն են, հաստատ աղանդավորներ չեն:
- Լավ, Հայկ, հետքրքիր մարդ ես, մի կարգին բան ասա հասկանամ,- բողոքեց Վահեն:
- Լավ, ժամանակն է, որ դու այդ էլ իմանաս,- ես ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ,- դրանք, Վահե, դիտորդների պես մի բան են, հասկանո՞ւմ ես, Նրանց կողմից կազմակերպված դիտորդներ: Չէ, մի մտածի, սրանք մեզ պես սովորական մարդիկ են, ուղղակի ֆինանսավորվում ու կազմակերպվում են Նրանց կողմից: Սրանց ողջ առաքելությունը կայանում է նրանում, որ հետևեն մեր վարքին, հետևեն ու արձանագրեն՝ բայց չխառնվեն մեր գործերին:
- Էս պահին մենակ էդ դիտորդներն էին պակաս,- զարմացավ Վահեն:
- Իսկ դրանց գալը ինձ ընդհակառակը, պետք է: Հասկանո՞ւմ ես, Մահմեդի հետ պատահածից հետո ես շատ եմ ուզում նրանցից որոշ բաներ պարզել:
- Լսիր Հայկ, համ ասում ես, թե այդ դիտորդները չեն խառնվում մեր գործերին, համ էլ մեզ հյուր են գալիս:
- Գիտե՞ս, սրանց հայաստանյան ներկայացուցչին ես չեմ ճանաչում, սակայն էլեկտրոփոստով շատ եմ շփվել հետը: Վատ մարդ չի…: Ես նրա հետ շփվում եմ ավելի շատ ներքին կարգով: Կամ էլ ո՞վ գիտի, գուցե Նրանց մտադրությունը փոխվել է և Նրանք որոշել են արդեն շփվել մեզ հետ:
- Լավ, թող գան տեսնենք ինչ պտուղներ են…: Լսիր, դու մի քիչ պառկիր, հանգստացիր, ես դուրս գամ քաղաք, տեսնվեմ տղերքի հետ: Տեսնեմ քո հարցով ինչ նորություն կա…,- ուղվեց դեպի դուռը Վահեն, սակայն ետ դարձավ,- լսրի Հայկ, վստա՞հ ես, որ Մահմեդը այստեղ քեզ չի գտնի:
- Գրեթե,- պատասխանեցի ես,- սակայն ամեն դեպքում պատրաստ կլինեմ:
- Զգույշ եղիր, Հայկ ջան, քանի դեռ չես պարզել այդ տականքի գաղտնիքը, զգույշ եղիր: Երեկոյան տանը կլինեմ՝ դիտորդներին դիմավորելու:
- Դու էլ ուշադիր եղիր, կտեսնվենք,- ասացի ես:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:49 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Երեկոյան ես ու Վահեն շախմատի տախտակի առաջ ժամանակ էինք անցացնում, երբ դուռը թակեցին: Վահեն գնաց դուռը բացելու, իսկ ես հյութի բաժակը ձեռքիս ուղղվեցի բազմոցի վրա: Սակայն իմ հյուրն անսպասելի էր:
- Համո՞,- աչքերիս չհավատացի ես:
- Հա, հենց ինքը, դու էլ մեր Հայկն ես, ողջ ու առողջ,- ժպտաց նա ու ձեռքը մեկնեց,- լսիր բայց լավ հեռացար…, խեղճ տղան կես ժամ քեզ էր ման գալիս:
- Ի՞նչ անեի, հո կյանքս չէ՞ի պատմի…, բայց դու նստիր, նստիր, մի քաշվիր:
Համոն տեղավորվեց իմ դիմացը ու ես նոր նկատեցի, որ նրա ձեռքին նոթբուկ կար:
- Գիտե՞ս, Հայկ ջան, ես չէի երևա ու դու ինձ չէիր էլ տեսնի, բայց բացառիկ հանգամանքները ստիպեցին ինձ այսպես գործել…
Այդ պահին վերջապես ներս մտավ Վահեն: Համոն մի հայացք գցեց նրա կողմը:
- Ծանոթացեք,- ձեռք մեկնելով ներկայացրի ես,- Վահե՝ իմ ընկերը, սա էլ Համոն է:
- Մի քիչ ծանոթ եմ,- խորամանկ ժպիտը դեմքին ասած Համոն, սեղմեց Վահեի ձեռքը ու գործնական տեսքով ավելացրեց,- լավ, անցնենք գործի, ժամանակը առանց այդ էլ քիչ է:

Համոն սեղանին դրեց նոթբուկը և միացրեց:
- Նայիր Հայկ, սա մեր կազմակերպության ստեղծած տեղեկատվական բազան է ձեր բոլորիդ վերաբերյալ: Այստեղ կաք բոլորդ՝ առաջին իսկ օրից մինչ այսօր: Տես, քարտեզի վրա ցույց է տրվում յուրաքանչյուրիդ մոտավոր գտնվելու վայրը: Իսկ այստեղ ամեն մեկիդ մասին անհատական ինֆորմացիա է հավաքված՝ կյանքի առաջին իսկ օրից: Սա Մենեսն է…,- շարունակեց Համոն, բացելով նորանոր էջեր,- ըհը, սա էլ դու, Հայկազունի Հայկդ՝ հասակը՝ 183, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև-շագանակագույն մազեր, համաչափ դիմագծեր, տիրապետում է թրասուսերամարտին, չնայած սրան համարյա բոլորդ էլ տիրապետում եք, ջիու-ջիցու մարտարվեստի առաջնակարգ վարպետ է, ընդհարվել է 150 անմահների հետ, սպանել 148-ին… ծնվել է Վանա լճի արևելքում…: Մի խոսքով…: Իսկ սա էլ քո հին ու լավ ծանոթն է, չնայած մենք ամենքս էլ նրա հետ հաշիվ ունենք:

Ես նայեցի մոնիտորին ու տեսա Մահմեդին: Իսկ Համոն շարունակեց.
- Մահմեդ Չափան-օղլի, հասակը՝ 185, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև, երկար մազեր, խորը նստած աչքեր, կամային ծնոտ…, ծնվել է Ամու-Դարյա գետից հյուսիս ընկած տարածքներում, տիրապետում է թրասուսերամարտին, քունկ-ֆուի սև գոտի…, ահա և ինչն է հատկապես հետաքրքիր…
Համոն նայեց ինձ ու շարունակեց.
- Ընդհարվել է 450 անմահների հետ ու սպանել 450-ին՝ ընդ որում՝ մեծ մասին վերջին մի քանի տարում…
Համոն փակեց նոթբուկը ու դարձավ ինձ.
- Գիտե՞ս, Հայկ, սրան հայտնի են դարձել ինչ-որ գաղտնի հնարքներ, կամ էլ սա ձեռք է բերել ինչ-որ մի գաղտնի ուժ… դու միայն թե տեսնես, թե ովքեր կան նրա հաղթանակների շարքում,- Համոն գլուխն օրորեց ու ավելի հարմար տեղավորվեց աթոռին,- մեր կազմակերպությունն անհանգստացած է նրա վարքագծով և մենք ողջ աշխարհով մեկ զգուշացնում ենք անմահներին՝ զգույշ մնալ նրանից: Չնայած դա դեմ է մեր կանոններին, բայց դե ի՞նչ արած՝ սա բռնել է բոլորին ոչնչացնելու ուղին: Ես էլ հատկապես քեզ եմ խնդրում, Հայկ ջան, վիզդ օղակը չմտցնես, մինչև պարզենք` ինչ է լինելու…
- Լավ, Համո ջան, մի բան կանենք, առաջինը չի, փառք աստծո, վերջինն էլ չի լինի, իսկ քեզ ամեն դեպքում շնորհակալություն: Ի դեպ, եթե պետք լինես, որտե՞ղ գտնեմ քեզ,- հարցրի ես:
- Մի անհանգստացի, ես տուն ունեմ այստեղ մոտիկ՝ Աբովյան փողոցի վրա, ահա այս հասցեում,- Համոն ինձ մեկնեց այցեքարտը, ոտքի կանգնեց ու շարժվեց դեպի դուռը:
- Հա, ի դեպ, երիտասարդ,- դարձավ նա Վահեին,- ձեզ ևս խորհուրդ կտայի զգույշ լինել՝ Մահմեդը ոչ ոքի չի խնայում:
Վահեն Համոյին ուղեկցեց մինչև դուռը, խնամքով փակեց այն ու ետ դարձավ:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:49 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Վերադառնալով հյուրասենյակ՝ Վահեն սպասողական նայեց ինձ:
- Հայկ, դու երևում է որոշել ես լռության համաշխարհային ռեկորդ սահմանել:
- Չէ, եղբայր, ուղղակի ուզում եմ հասկանալ ու, որ ավելի կարևոր է, պատկերացնել մեր անելիքները:
- Լսիր, ի՞նչ կա դրա մեջ բարդ…: Դու քանի անգամ ես հաղթել սրանց, այս թուրքի՞ց վախեցար…: Ի՞նչ է, լեռնանցքի կռիվը այդ տականքի հետ մոռացե՞լ ես:
Լեռնանցքի կռի՜վը: Այդ էր պակաս մոռանայի...

1994 թվականի մայիսի 12-ի լուսնյակ գիշերն էր: Ադերբեջանական բանակը վաղուց սպառել էր իր բոլոր ռեսուրսները: Չէր ուզում, թերևս արդեն չէր էլ կարողանում կռվել: Ուղղակի սպառնալիք էր կախվել Կուրի աջափնյա ողջ տարածքների վրա: Թշնամին հաշտություն խնդրեց: Ու սկսեցին նշել հաղթանակը մերոնք՝ ուժեղների հաղթանակը, արդար ու վաստակած հաղթանակը…

Ես արդեն դուրս էի գալիս բլինդաժից, երբ ռադիստը ինձ մեկնեց ընկալուչները:
- Կամանդիր, քեզ են ուզում, թուրք է…
- Ի՞նձ,- զարմացա ես:
- Հա, հենց նոր միացան, ուզում են խոսել Առյուծի հետ՝ քո ռադիոկոչն է:
- Լավ, տեսնենք…: Լսիր, եղբայր,- դիմեցի ռադիստին,- հոգնած կլինես երկար հերթապահելուց: Քանի ես այստեղ եմ, դուրս արի, մի կտոր բան կեր, տղերքին շնորհավորիր…
- Շնորհակալ եմ,- ուրախացավ ռադիստը, ու թողնելով ընկալուչներն ինձ, դուրս եկավ բլինդաժից:
- Առյուծ, Առյուծ, Առյուծը լսում է…,- սկսեցի ես ռուսերեն:
- Ա՜ա՜ա՜, արմե՜ն, այդ ո՞ր օրվանից առյուծ դարձար… չգիտե՞ս, որ առյուծները լեռներում գործ չունեն,- երկար տարիների ընդմիջումից հետո ռուսերենով լսեցի Մահմեդի ծանոթ ձայնը,- մոռացե՞լ ես 20-ի Կարսը [1] … լա՜վ առյուծ էիր, խոսք չկա՜,- հեգնեց նա:
- Հիշում եմ Մահմեդ, շատ լավ եմ հիշում… հանգիստ եղիր, մենք դեռ դրան էլ կանդրադառնանք…, իսկ առյուծն ամեն տեղ էլ առյուծ է…
- Կասկածու՜մ եմ…, արմենների լեռների առյուծները տափաստանի գորշ գայլերին հակառակորդ չե՜ն,- ֆշշացրեց նա:
- Լսիր, Մահմեդ, քո այդ գորշերին հավաքիր ու ռադ եղիր և աշխատիր այլևս հայ առյուծների թաթի հարվածի համը չտեսնել…
- Հա՜ա՜ա..,- չարախնդաց նա,- Մարաղայի դեպքերը [2] մոռացե՞լ ես, առյուծ:
- Լավ եմ հիշում, տականք, խաղաղ բնակչության հետ ինչեր էիք անում: Տո դուք գայլ էլ չեք, դուք պարզ շնագայլեր եք, բորենիներ… ձեզ հատ-հատ ճզմել է պետք,- չդիմացա ես:
- Հը՜ը՜, արմե՜ն, արյունդ խաղա՞ց… լսիր, ես այստեղ մի հայ աղջիկ ունեմ, երևի մի 10-12 տարեկան է, բայց զգում եմ, լավն է, արդեն կին եմ նկատում մեջը… գիտե՞ս մեծ ցանկություն ունեմ գիշերը կարճելու…
- Լսիր, Մահմեդ, աղջկան ձեռք չտաս, թե չէ որտեղ էլ լինես, կգտնեմ, գլուխդ կպոկեմ…
- Ինձ այնքան էլ բարդ չի գտնելը. ասում են դու արիա ես քեզ հռչակել, հա՞,- թեման կտրուկ փոխելով՝ հարցրեց Մահմեդը:
- Մահմեդ, արիա չեն հռչակվում: Արիա կոչվելու պատվին արժանանում են, դրան հասնում են…
- Լավ, լավ այդ ամենը ինձ քիչ է հետաքրքրում… այ ասում են արիաները տված խոսքը պահել գիտեն: Եթե խոստանաս ինձ ձեռք չտալ, կես ժամից աղջկան ձեր դիրքեր կբերեմ: Բայց հիշիր, նրան կհանձնեմ քեզ, միայն ու միայն քեզ: Դու պետք է մենակ լինես…
- Խոստանում եմ Մահմեդ… խոստանում եմ, որ դու ինչպես եկել ես, այնպես էլ կվերադառնաս:
- Լավ, հավատում եմ… կհանդիպենք մեր խրամատների միջև գտնվող այն միակ բլրի վրա, որի վրա դեռ ձյուն կա…
Ես դուրս եկա բլինդաժից ու գտա ուրախությունից խենթացած Վահեին: Մի քանի խոսքով բացատրեցի իրադրությունը:
- Լսիր, դու դրան հավատում ե՞ս,- զարմացավ Վահեն:
- Չէ, բայց ինքն է մոտենալու…
- Հետաքրքի՜ր է…, չէ, բայց այստեղ մի բան կա: Լսիր Հայկ, ես կգամ քո հետ, գիշերային նշանանոցով “ԷսՎէԴէ”-ս էլ կվերցնեմ, մեկ էլ տեսար պետք եղավ…
- Լավ, բայց տես, քեզ ցույց չտաս, ինձ էլ խայտառակ չանես:
Քսան րոպեից ես, գիշերային նշանանոցով տեղանքը լավ զննելուց հետո, բլրի վրա էի: Ինչքան էլ զարմանալի է, շուտով տեսա ներքևից մոտեցող երկու հոգու՝ մի մուգ ու բարձրահասակ և մի փոքրիկ կերպարանք:

__________________
[1] Նկատի է ունեցվում 1920 թ-ի հունիսի 18-ից դեկտեմբերի 5-ը ընթացած Հայ-թուրքական II պատերազմի ընթացքում հայկական բանակի կողմից հոկտեմբերի 31-ին թույլ տրված` բոլոր դիմադրելու միջոցներն ունեցող Կարսի ամրոցի հանձնումը, որը տեղի ունեցավ տեղի կայազորի կազմալուծման և հոգեբանական անկման պատճառով:
[2] 1992 թ-ի ապրիլի 10-ին մարտերով Մարաղա մտած ադրբեջանական բանակը դաժան բռնություններ իրականացրեց գյուղի հայ բնակչության նկատմամբ: Դաժան ձևով սպանվեց 57 հայ, իսկ 50-ը` գերվեց:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:50 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

- Սալամ արմեն… չէի կարծում, որ կգաս,- մոտենալով ասաց մութ կերպարանքը:
- Ես էլ չէի կարծում, որ երեխային կբերես,- պատասխանեցի ես:
- Իզուր… առ, վերցրու:
Նա երեխային հրեց իմ կողմը: Վերջինս սկսեց վախեցած քայլերով մոտենալ:
- Բայց իմացիր, արմեն, ես քեզ հետ դեռ մի գործ ունեմ՝ գայլի ու առյուծի պատմությունը,- չարախնդաց նա, և, մի ոստյունով հասնելով հեռացող երեխային, ձախ ձեռքում վայրկենապես շողացող դաշույնով խոցեց նրան:
Երեխան ճչաց ու ընկավ: Մահմեդի աջում վայրկենապես փայլեց յաթաղանը:
- Արի տեսնեմ քո քաջությունը, առյուծ,- արհամարհանքով նետեց Մահմեդը և սկսեց մոտենալ:
- Շնագայլերի հետ ընկերություն արած ու լեշեր լակած տափաստանային գայլ, ես քեզ կուղարկեմ դժոխքի ծոցը,- նետեցի ես և ոչ պակաս արագությամբ հանեցի թուրս:

Մահմեդը մի կարճ քրքջոց արձակեց և կտրուկ հարվածներով սկսեց մենամարտը: Սակայն դրանք ինձ համար անակնկալ չէին: Նախկին ենիչերու մենամարտելու ոճը ինձ ծանոթ էր: Որսալով հարմար պահը՝ ես հետ հրեցի նրա ձեռքն ու ձախով մի ծանր հարված իջեցրի ուղիղ ծնոտին: Մահմեդը հետ ընկավ մեջքի վրա, սակայն արագորեն ոտքի ցատկեց:
- Վատ չէ՜էր, արմեն,- նետեց նա ու կրկին անցավ հարձակման:
Մահմեդը հարվածեց յաթաղանով, ես բավականին դժվարությամբ հետ մղեցի կտրուկ հարվածը, սակայն նույն պահին էլ զգացի դաշույնի սահումը կրծքիս վրայով: Կուրծքս տաքացավ և թուլության ալիք եկավ վրաս:
- Ես էլ պարտքի տակ մնացող չեմ…,- պաշտպանողական դիրք ընդունելով ասաց Մահմեդը,- այս հարվածով ես Նիկոպոլի տակ [1] երկինք ուղարկեցի ֆրանկների հզոր ասպետներից մեկին,- չարախնդաց նա:

Սակայն կրկին հարձակվել ես թույլ չտվեցի: Յաթաղանի հերթական սահող հարվածից հետ թռչելով՝ ես շուռ եկա ու կտրող հարված հասցրի: Մահմեդը այն հետ մղեց դաշույնով, սակայն հարվածի ուժով այն թռավ նրա ձեռքից մի քանի քայլ հեռու: Չթողնելով ուշքի գալ՝ ես կրկնեցի հարվածը ու խոցեցի նրա ազդրը: Մահմեդը հետ ընկրկեց, այնուհետև լրիվ պտույտ կատարեց իր առանցքի շուրջը և ոտքով ճարպկորեն փորձեց հարվածել: Նորություն չէր այդ հնարքը՝ ես կռացա ու տակից կրկին հարվածեցի: Այս անգամ կպա փորին: Մահմեդը ցնցվեց, ու սկսեց նահանջել: Ես սկսեցի ավելի ուժեղացնել ճնշումը՝ անընդհատ տարաբնույթ հարվածներ հասցնելով: Ի վերջո Մահմեդը նահանջելով հասավ տափարակի ծայրին. նահանջելու տեղ այլևս չկար: Ես մի քանի ուղիղ հարված հասցրի, որոնք նա դժվարությամբ, սակայն հետ մղեց: Բայց դրանք շեղող հարվածներ էին:
- Իսկ այս հարվածով, Մահմեդ, ես Օմարի վրա դժոխք ուղարկեցի տափաստանային շնագայլին, - նետեցի ես, ու պատրաստվեցի իրականացնել հնարքի երկրորդ մասը՝ կտրուկ հարված մարմնի ներքին մասին, սակայն թրի ծայրը ուղղված դեպի թշնամու կոկորդը:

Զգացի, թե ինչպես թրիս ծայրը խրվեց Մահմեդի կոկորդը: Ես այն դուրս քաշեցի ու արդեն պատրաստվում էին հորիզոնական հարվածով գլխատել նրան, երբ մի սուր ծակոց զգացի կրծքումս, հաջորդ պահին՝ ևս մեկը: “Ա՜խ շան ծնունդ, սնայպերներով ես խաղում…”: Թուլությունը սկսեց պատել մարմինս: Այնուհանդերձ ես փորձեցի հարվածը իրականացնել, սակայն Մահմեդը արդեն որսացել էր ակնթարթը: Նա հետ ընկավ ու լանջի բարձրունքով սկսեց գլորվել դեպի իրենց դիրքերը: Ես տեսա իմ կողմը վազող Վահեին:
- Զգույշ, Վահե, սնայպերը,- գոռացի ես:
- Շա՜ն ձագ…, ես դրան ընենց ծակեցի, որ ողջ կյանքը կհիշի… ասենք չէ, դժվար թե կյանք մնա, որ հիշի,- վազելով մոտենալով՝ խոսեց Վահեն,- հ՞ը, ո՞նց ես, ի՞նչ կա:
- Երեխան, երեխային նայիր, թե կարելի է, մի բան անենք… թե չէ ես հեչ, նորմալ եմ…
Մի քանի վայրկյանից Վահեն վազում էր դեպի մեր դիրքերը՝ գրկած մի փոքրիկ ու արյունաքամ լինող մարմին: Հետո իմացանք, որ այդ երեխայի անունը Մարինե է…

… - Չէ, Վահե, չեմ մոռացել,- ժպտացի ես,- ուղղակի իմ բավականին երկար կյանքը ինձ սովորեցրել է զգուշություն: Գիտե՞ս, անզգուշությունը հաճախ ոչ թե քաջություն է, այլ հիմարություն, իսկ զգուշությունը՝ ոչ թե վախկոտություն, այլ կանխատեսում…: Ես նոր բան զգացի Մահմեդի մոտ: Համոն էլ հաստատեց: Մինչև չպարզենք հարցն ինչ է, մենք պետք է խուսափենք նրանից:
Վահեն հետաքրքրված նայեց ինձ ու մոտեցավ տախտակին:
- Լսիր եղբայր, չգիտեմ թե քո բավականին երկար կյանքը քեզ ոնց, սակայն այստեղ, որ դիրքդ անհուսալի է: Արի ընդունիր պարտությունդ՝ գնանք քնենք:
- Այ այդ մի բանը չպիտի ասեիր…, ուրեմն ես 19 տարի Երնջակը [2] պաշտպանեմ Լենկ-Թեմուրի կեսմիլիոնանոց բանակից ու պարտությունս չընդունեմ, այստեղ պիտի՞ ընդունեմ,- ծիծաղեցի ես:
- Էլի սկսեցի՞ր: Լավ, ի՞նչի վրա ես հույսդ դրել:
- Ոչ թե ինչի, այլ ում…: Հույսս դրել եմ ինձ վրա: Ու քանի ես պայքարում եմ, ուրեմն չեմ պարտվել, ուրեմն հաղթելու հույս կա: Այ նայիր, քեզ թվում է, թե զինվորդ անցնում է թագուհի, չէ՞: Համաձայն եմ: Իմ ձին կտրուկ հարվածում է քո այս զինվորին, դու քո մյուս զինվորը վերածում ես թագուհու: Շնորհավորում եմ, դու հսկայական առավելություն ստացար: Սակայն մարտի դաշտում ոչ միշտ է հաղթում ռազմական տեսակետից ուժեղը: Կարևոր է ոգին: Իսկ ոգին իմ այ այս փոքրիկ զինվորի մեջ է, որը իմ ձիու՝ քո արքային սպառնացող այս մահապարտ ինքնազոհաբերությունից հետո մոտենում է քո արքային ու մահացու հարված հասցնում նրան: Վերջ, Վահե, քո զորավար արքան սպանվեց: Քո բանակը մնաց առանց հրամանատարի, իսկ առանց հրամանատարի, գիտե՞ս Վահե, նույնիսկ Լենկ-Թեմուրի կեսմիլիոնանոց բանակը շատ շուտ փոշիացավ,- ժպտացի ես:

Վեր կացա տախտակի առջևից ու նայեցի հիացած Վահեին:
- Գնանք քնենք, գնա՜նք…, լույսը կգա, բարին էլ հետը,- թփթփացրի նրա ուսին:

__________________
[1] 1396 թ-ի սեպտեմբերի 25-ի Նիկոպոլիսի ճակատամարտում սուլթան Բայազիդ I-ի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը, շնորհիվ առավել լավ կազմակերպվածության ու հատկապես ենիչերիների հաջող գործողությունների, վճռական հաղթանակ տարավ խաչակրաց արշավանքը սկսած եվրոպական ասպետական բանակի նկատմամբ, որի կազմում գերակշռում էին ֆրանսիական ասպետները, և ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց նրան: Հաղթանակից հետո կատաղած սուլթանի հրամանով գերի ընկած եվրոպացիների մեծագույն մասը, մոտ 10.000 մարդ, մահապատժի ենթարկվեցին, ինչը հսկայական հոգեբանական ցնցում առաջացրեց “ասպետական” վարքագծին և գերիներին փրկագնի դիմաց բաց թողնելու սովոր եվրոպացիների շրջանակում:
[2] Անառիկ ամրոց Սյունիքի Երնջակ գավառում: 1386-1405 թվականներին նրա կայազորը համառորեն դիմադրեց Լենկ-Թեմուրի բանակին և այդպես էլ չգրավվեց:

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:51 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Ես առավոտները սովորաբար շուտ եմ արթնանում: Արագորեն հագնվեցի և իջա ներքև: Առանձնապես ցանկություն չկար, բայց պետք էր: Տարիների ընթացքում արմատացած սովորությանս հավատարիմ, այս անգամ էլ պետք է անցնեի հերթական կիլոմետրերը: Երբ վերադարձա տուն՝ Վահեն արդեն թեյում էր:
- Բարի լույս, եղբայր, ինչ կա՞,- հարցրի ես:
- Վազու՞մ էիր, լա՜վ սովորություն է… զարմանում եմ, թե դու ինչպես ես կարողանում առավոտները այդ գործով զբաղվել: Այ ես կարող եմ ժամերով կուլտուրիզմի դահլիճում լինել, գիշերներն էլ կիլոմետրեր վազել, բայց առավոտները՝ չեմ կարողանում, ուղղակի չեմ սիրում, էլի: Նստիր, թեյը արդեն պատրաստ է,- ժպտալով աթոռը մոտ քաշեց Վահեն:
- Ապրես: Գիտես երբեմն կյանքում լինում են իրավիճակներ, երբ մենք մարտի մեջ ենք մտնում ոչ մեր ուզած վայրում և հատկապես ոչ մեր ուզած ժամանակ: Դրա համար էլ պիտի ամեն ինչին էլ պատրաստ լինենք: Քեզ էլ խորհուրդ կտայի ֆիզիկականդ չմոռանալ:
- Է՞լ ինչ…, օրական երկու ժամ ռինգում, մնացած ժամանակ լողավազանում ու երկաթների հետ: Իհարկե, գլուխ կա ուսերիս,- երկիմաստ կատակեց Վահեն:
- Լավ է որ գլուխ կա, մեր գործում կարևորը “գլուխ պահելն է”,- բռնեցի նրա կատակը օդում,- բայց դու ամեն դեպքում վազքն ու թրամարտն էլ մի մոռացիր: Ի դեպ, թուրդ ի՞նչ վիճակում է:
- Վատ չի, ճիշտ է, դեռևս մարտական մկրտություն չի ստացել, բայց դե ոչինչ, դիմանում է:
- Մի շտապիր, դրա ժամանակն էլ կգա:
- Չեմ կասկածում: Լսիր Հայկ, ի՞նչ ես մտադիր անել,- երեկվա թեմային անդրադառնալով՝ հարցրեց Վահեն:
- Մեզ պետք է ժամանակավոր հեռանալ քաղաքից, Վահե,- ասացի ես,- կգնանք քաղաքից դուրս, մի հարմար վայրում կտեղավորվենք, մաքուր օդ կշնչենք, կօդափոխվենք…
- Համաձայն եմ, իրոք այս եղանակին քաղաքում մնալը հանցագործություն է: Ո՞ւր ես ուզում գնալ:
- Գիտե՞ս, զարմանալի ցանկություն կա Սյունիքի կողմերը մեկնելու, ես այնտեղ մի հարմար հողամաս ու մի փոքրիկ տուն ունեմ,- ժպտացի ես:
- Գիտե՜մ քո փոքրիկ տները… երևի մի եկրհարկանի պալատ է, չէ՞:
- Է՜է՜է՜, Վահե, տուն է էլի, տուն…, հիմա ի՞նչ կարևոր է, թե ինչ տուն, կարևորն այն է՝ որտեղ:
- Ի՞նչ մի առանձնահատուկ տեղում է որ,- զարմացավ Վահեն:
- Տունը, Վահե, անձեռնամխելի տարածքի վրա է… երկրագնդի վրա կան տարածքներ, որտեղ մեզ արգելված է իրար սպանել…
- Աաա՜ա, ախր ես գիտեմ, որ դու միամիտ բան չես անի: Լսիր, բայց ո՞նց թե արգելված է: Ասենք այնտեղ մեկի հետ մենամարտեցիր ու գլխատեցիր, ի՞նչ կլինի որ,- հարցրեց Վահեն:
- Հենց բանն էլ այն է, որ չես կարող: Այդ տեղերը ուժեղ էներգոդաշտի պես մի բան ունեն, մի խոսքով, տեղում կհասկանաս: Հիմա գալիս ե՞ս թե չէ…,- կատակախառն հարցրի ես:
- Ճարս ինչ, քո ձեքից պրծնե՞լ կլինի:
- Լավ, այդ դեպքում կես ժամից դուրս ենք գալիս: Վերցրու միայն ամենաանհրաժեշտ իրերդ: Ես այնտեղ բավականին հարմարություններ եմ ստեղծել…

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:51 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Վահեի “Նիվա”-ն արագորեն պոկվեց քաղաքի երթևեկություն թոհուբոհից ու Արտաշատի մայրուղու վրա սկսեց “իրեն ցույց տալ”: Մի քանի ժամից մենք թեքվեցինք մայրուղուց, խորացանք սարերի մեջ ու վերջապես հասանք ամառանոցիս՝ ինչպես ես կատակով կոչում էի իմ տունը:
- Վատ չի՜, Հայկ…, մի քանի տարի առաջ լիներ, կհարցնեի, թե այդ ինչ անաշխատ եկամտով ես կառուցել այս շքեղությունդ, բայց ափսո՜ս, հիմա էլ այդ ժամանակները չեն,- մեքենան բակ մտցնելով ու դարպասները վրա բերելով, ասաց Վահեն:
- Անաշխատ եկամուտո՞վ: Մոռացել ե՞ս քանի տարի է անմահության թոշակ եմ ստանում: Պատկերացնո՞ւմ ես, մի քանի հազարամյակ կուտակածս է,- կատակեցի ես,- գնանք ներս:
Մենք սկսեցինք բարձրանալ երկրորդ հարկի աստիճաններով:
- Վատ չի՜, ոչինչ, մենք էլ դրան կհասնենք…: Լսիր, Հայկ…,- ուզեց խոսել Վահեն, սակայն լռեց՝ տարօրինակ զգացումով համակված:
Ես էլ էի նույնը զգացել: Մի՞թե Մահմեդն էր…
Դարպասի վրայի դուռը բացվեց ու բակ մտավ թիկնոցի մեջ փաթաթված մի երկար կերպարանք: Վահեն մի շարժում արեց: Ես բռնեցի նրա թևը:
- Սպասիր, եղբայր, սա ուրիշ հաշիվ է:
- Հայկազունի՜ Հա՜յկ… չես կարծո՞ւմ, որ հին բարեկամներին դիմավորելու համար պատվոշքերթ կանգնելը մի քիչ շա՜տ է,- ասաց անծանոթն ու վրայից գցեց թիկնոցը:
- Մե՜նես,- հաճելի անակնկալից ուրախացա ես,- ի՞նչ քամին է քեզ բերել մեր կողմերը: Քեզ նման բարեկամի համար երկու հոգանոց պատվոշքերթն էլ է քիչ, մի ամբողջ բանակ պիտի շարվի…
- Արի մոտ տեսնեմ, արի՜, ինչքան ժամանակ է չե՜նք տեսնվել:
Մենք պինդ ողջագուրվեցինք: Իհարկե՜, ինչպե՞ս միանգամից չճանաչեցի իմ լավ բարեկամին: Ինչե՜ր ենք անցել իրար հետ…
- Լավ է, շատ լավ է, ուժդ տեղն է մնացել,- սկսեցի ես՝ զգալով բարեկամիս պինդ գրկախառնությունը:
- Ուժդ տեղն է մնացել, ասացիր էլի… կարելի է ասել ծերությունից հալ չի մնացել վրաս,- սկսեց կատակով բողոքել Մենեսը:
- Ըհը, հիշում եմ… քարանձավի դռան քարը հրելիս էլ հալ չկար վրադ, չէ՞: Խեղճ արաբի ծնոտը զարմանքից դուրս ընկավ,- կատակով հիշեցրի ես:
- Դե լա՜վ, դա ի՞նչ ուժի բան էր… ուղղակի ես գիտեի` որտեղ սեղմել: Դե գիտես էլի, այդ բուրգերը ժամանակին ոնց եմ քրքրել:
- Գիտեմ, գիտեմ…: Լսիր, արի ներս գնանք, ի՞նչ ենք դուրսը կանգնել: Սա իմ ընկերն է՝ Վահեն: Ծանոթացեք: Վահե ջան սա էլ Մենեսն է, դու գիտես: Ես նրա մասին քեզ շատ եմ պատմել…
- Շատ ես պատմել, ու երկու անգամ էլ լավը, չէ՞,- սեղմելով Վահեի ձեռքը՝ անդրադարձավ ինձ Մենեսը:
- Այ դու եգիպտական բուրգի քուրմ… ինչ-ինչ, բայց սուր լեզուդ քոնն է մնացել:
- Բա ի՞նչ անեմ, ամեն մեկը մի ձևով է հաց վաստակում: Այդ խեղճ փարավոններին պետք էր, չէ՞ մի բանով զբաղեցնել: Մարդիկ պարապությունից չորանում էին…: Ի դեպ, չորանում էին ինչպես իմ լեզուն հիմա բերանիս մեջ…
- Լավ լավ, հասկացանք, արի ներս, հիմի այնպես հյուրասիրեմ, որ միանգամից տեղը կգաս…

Автор:  Lion [ 21 июн 2012, 22:52 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Մենք ներս մտանք: Տեղավորելով իրերը՝ արագորեն մեքենայից տուն տարանք անհրաժեշտ մթերքները: Մենեսը աննման խոհարար էր, ես էլ՝ ոչինչ…
Մի քանի ժամից մենք երեքով պատշգամբի հարմար թիկնաթոռներին ընկած հիանում էինք դիմացը բացվող տեսարանով:
- Վատ տեղ չի տունդ, Հայկ: Կարևորը, որ բարեկամներդ կարողանում են քեզ հեշտ գտնել:
- Դա իհարկե լավ է: Չնայած ես կարծում էի, որ իմ բարեկամներից ոմանք հիմա Մոնտե-Կառլոյի խաղատներում իրենց մատների և ուղեղի նրբություններն էին ցույց տալիս եվրոպական արքայազններին ու միլիոնատերերին:
Մենեսը խորամանկ քմծիծաղով ինձ նայեց:
- Ե՞ս, մատների հմտությու՞ն, լա՜վ Հայկ, հերիք է չափազանցեցնես,- չքմեղացավ Մենեսը:
- Հա դու, բա ո՞վ: Էն խեղճ կոմսին այնպես փողաթափ արեցիր, մինչև կյանքի վերջը երևի ուշքը գլուխը չեկավ,- հիշեցրի ես:
- Հա՜ա՜, Սեն-Ժերմենը…, վատ չէ՜ր, վատ չէ՜ր…, բայց դե դու էիր մեղավոր: Կպել էիր, թե փող է պետք, հա փող է պետք: Գլուխս էիր տանում, թե այդ կեղծ կոմսը տիրացել է Նադիր-շահի [1] գանձարանին ու քեզ պետք է դրան մի լավ թափ տալ: Տեսեք-տեսեք, զենք պիտի առնեիր: Տո այ զենքի առևտրական, երևի միլիոններ դիզեցիր, չէ՞, դրա վրա…
- Է՜է՜է՜ Մենես, երևի հենց զենքն էլ քիչ առանք… կամ ուրիշ պատճառ կար,- ծանր հիշողությունները պատեցին ինձ:
- Լավ, լավ, Հայկ ջան, մի տխրիր…,- ասաց Մենեսն ու կարեկցական հայացքով ինձ նայեց,- մենք երկար կյանք ենք ապրել… շատն էլ ենք տեսել, քիչն էլ և մեր խաղը դեռ շարունակվում է…,- բարեկամիս հայացքում այնքան ջերմություն, անկեղծ սեր ու ընկերություն կար, որ տրամադրությունս աստիճանաբար սկսեց բացվել,- ի դեպ,- թեման փոխեց Մենեսը,- այ ինչն եմ սիրել ձեր հայերիդ մեջ այս երկար հազարամյակների ընթացքում: Կընդունեք ձեր տանը բարեկամի, տո թեկուզ անծանոթի, կհարգեք, կպատվեք, բայց կես բերան էլ չեք հարցնի, թե ի՞նչ գործ է նրան ձեր տուն բերել…
- Ի՞նչ հարցնեմ: Ես իհարկե չափազանց վաղուց քեզ գիտեմ: Չնայած վստահ եմ, որ լեզվիդ տակ մի բան կա, սակայն նույնքան էլ վստահ եմ, որ ուղղակի ուզում էիր հին ընկերոջդ տեսնել…
- Իհարկե,- ժպտաց Մենեսը,- չէ, ինչ ուզում ես ասա, կարոտել էի քեզ: Մարդ իսկականից հոգնում է էդ կոմսերի ու բարոնների սառը քաղաքավարությունից: Խոսում են հետդ, ժպտում, բայց զգում ես էլի էն չի…, էն չի ու վերջ: Բայց ճիշտն ասած ուրիշ գործ էլ ունեմ:
Մենեսն ուղղվեց թիկնաթոռին ու քննախույզ հայացք գցեց վրաս:
- “Խաղաղ աշխարհ”-ից քեզ մոտ եկե՞լ են,- հարցրեց նա:
- Այո, երեկ երեկոյան խոսեցի նրանց հայաստանյան ներկայացուցչի հետ,- պատասխանեցի ես:
- Ի՞նչ կա, իրե՞նք ինչ կարծիքի են այս ամենի մասին:
- Որոշակի բան չասացին: Կամ չգիտեին, կամ էլ չցանկացան կիսվել:
- Հայկ, ինձ հետ նրանք խոսեցին հեռախոսով, չնայած մինչ այդ որոշ բաներ արդեն հասցրել էի նկատել: Մի երկու շաբաթ առաջ էր՝ Մոնտե-Կառլոյում: Խաղատնից դուրս եկա և մեքենայիս մոտենալիս հանդիպեցի մեր հին ծանոթին: Էն թուրքին, էլի: Չգիտեմ հիմա իրեն ոնց է կոչում:
- Մահմեդ,- լրացրի ես:
- Հա, Մահմեդին: Մի խոսքով, մեր այս ենիչերու հետնորդը առանց երկար-բարակ խոսելու յաթաղանը հանեց ու հարձակվեց վրաս: Դե ես էլ հո ձեռքերս ծալած չէ՞ի նստելու: Ես էլ իմ թրով սկսեցի պաշտպանվել: Բայց Հայկ, ինձ մեծ անակնկալ էր սպասում: Իմ ոչ մի հարվածը նրան վնաս չէր տալիս: Մենամարտեցինք բավականին երկար: Լավ էր, որ մեր լավ բարեկամն այնքան էլ հարմար տեղ չէր ընտրել մենամարտելու համար ու մեր բարձրացրած աղմուկից շուտով երևաց ոստիկանական պարեկը: Մահմեդը ճարպկորեն կորավ մթության մեջ: Պարեկից պոկվելը ինձ համար էլ բարդ չէր:
- Գիտեմ, Մենես: Ես էլ եմ նրա հետ ընդհարվել: Ես նույնպես բան չեմ հասկանում: Ի՞նչպես կարող է նման բան պատահել: Նա քայլող մեքենա՞ է, ի՞նչ է: Հետո հիշեցի, որ ժամանակին ես ու դու նման մի բանի հանդիպել ենք: Հիշու՞մ ես, այն ժամանակ ես հազիվ փրկվեցի…
- Հա, սկզբում իմ մտքով էլ դա անցավ: Սկսեցի հին գրառումներս քրքրել: Գիտես էլի, բավականին հարուստ արխիվ ունեմ: Պահում եմ սև օրվա համար: Պատկերացնո՞ւմ ես, պետք եկավ: Գիտե՞ս քանի տարի է, որ մեր նմանները գոյություն ունեն հողի վրա: Շուտով հինգ հազար տարին կլրանա: Դեռ մեր հանդիպումից առաջ էր, Հայկ՝ Քրիստոսից առաջ 2638 թվականին: Այդ ժամանակներում մեր մասին ճշմարտությունը պարզելու նպատակով ես փորփրում էին ժամանակի բոլոր առաջնակարգ գրադարանները և փորձում էի տեղեկություններ հավաքել ու հասկանալ: Իսկ գրադարաններում դրանք ցրված էին, պատված լեգենդների մշուշապատ քողով: Ուրուկ քաղաքի գրադարանում ես առաջին անգամ հանդիպեցի հիշատակություն անմահների մասին: Սակայն արդեն այն ժամանակ Միջագետքում այդ ամենը սկսել էր լեգենդների տեսք ստանալ՝ անմահություն հյուսիսային լեռնոտ երկրում՝ աստվածների օրրանում…: Ես շարունակեցի պրպտումներս եգիպտական փարավոնների գրադարաններում: Այստեղ իմ գտածը գերազանցեց բոլոր սպասելիքները: Ահա նայիր:
Մենեսը ինձ մեկնեց մի բավականին դեղնած թուղթ:
- Սա եգիպտական փարավոններից մեկի՝ Կեբխիի [2] , պատմածն է, որ նա հանձնել է պապիրուսին՝ աստվածների հետ տեսակցությունից հետո:
Ես կարդացի:
“… Եվ ստեղծեցինք մենք առաջնածիններից անմահներին, որ ապրեն ու կառավարեն աշխարհը: Ու տվեցինք նրանց անմահություն, սակայն ոչ հավերժ կյանք: Քանզի նրանք այս աշխարհի ծնունդն են և շնչել են այս օդը՝ նրանց հնարավոր կլինի կյանքից զրկել ու նրանք շատ չեն տարբերվի այլ մարդկանցից: Սակայն մեկին, միակին մենք փակեցինք բուրգի մեջ ու նրան տվեցինք հավերժություն և կատարելություն: Ու կգա նա աշխարհ ամեն հազար տարին մեկ ու կփորձի վերջ տալ անմահների ժամանակին: Եվ միակ անձը, որ գուցե կարողանա դիմադրել նրան, կլինի Քարից դուրս եկած ռազմիկը…”:
- Եվ ի՞նչ,- հարցական նայեցի Մենեսին:
- Ես դեռ այն ժամանակ բավականին ճշգրիտ հաշվեցի, թե երբ է եղել այս մարգարեությունը: Դա տեղի է ունեցել Քրիստոսից առաջ 2992 թվականին: Շուտով կլրանա հերթական հազար տարին…
- Եվ դու հավատո՞ւմ ես սրան,- հարցրի ես Մենեսին:
- Ես սրանով չեմ սահմանափակվել: Սա քաղվածք է ինտերպոլի և եգիպտական ոստիկանության նախորդ տարվա գաղտնի հաշվետվություններից: Նայիր այս կետը, բուրգերի տակով ասես հողմ է անցել: Կարծես մի ողջ ավազակախումբ կողոպտել է դրանց ստորգետնյա հարստությունների մնացորդները, փորփրել թունելները: Բոլոր նշանները ցույց են տալիս, Հայկ, որ ինչ-որ մեկն արթնացրել է Նրան ու Նա տիրել է արթնացնողին: Ես կարծում եմ, որ դա եղել է հենց ամենաիշխանության տենչով վարակված մեր լավ ծանոթը…
- Լավ Մենես, իսկ ո՞վ է այդ “Նա”-ն, որին անունով չես կոչում, բայց որից նույնիսկ մեր այլմոլորակային “աստվածները” վախեցել են, թեև իրենք են ստեղծել Նրան:
- Դա դեռ ճշգրիտ չգիտեմ, սակայն կարելի է ենթադրել, որ դա ոչ թե էակ է, այլ մի մտածող նյութ, որը մեծ հնարավորություններ է տալիս այն տիրապետողին:
- Եվ այս ամենից ինչ է բխո՞ւմ,- հարցրեց Վահեն, որ մինչ այդ լուռ ունկընդրում էր մեր զրույցը:
- Զգուշություն՝ ամենից առաջ զգուշություն,- նրան դառնալով պատասխանեց Մենեսը:
- Մենես, ինձ հետաքրքրեց գուշակության վերջին մասը՝ Քարից ելած ռազմիկի մասին:
- Ես ևս մտածել եմ այդ տողերի մասին, սակայն առայժմ դա շատ անորոշ է…
Մենք լռեցինք: Դրսում իջնում էր մեղմ երեկոն: Թռչյունների խաղաղ երգն ու գեղեցիկ մայրամուտը ոչ մի կերպ չէին տրամադրում մռայլ խոհերի…

___________________
[1] Նադիր-շահ (1736-1747): Իրանի շահը, որը ոտքի կանգնեցրեց վերջին Սեֆյանների օրոք ծայրահեղ քայքայման վիճակի հասած պետությունը և կրկին նրան նախկին փայլը հաղորդեց: Գրավեց Հնդկաստանը և հսկայական հարստությամբ լցրեց շահական գանձարանը, սակայն իր մահից հետո գանձարանը թալանվեց: Նադիր-շահի գանձարանի հետագա ճակատագիրը մինչև այժմ էլ անհայտ է: Կա կարծիք, որ լրիվ կամ, որ ավելի հավանական է` մասնակիորեն, այն բաժին է հասել հայտնի ավանտյուրիստ կոմս Սեն-Ժերմենին (1696-1784):
[2] Եգիպտոսի I դինաստիայի վերջին փարավոնը, որն իշխել է մ.թ.ա. 3016-2990 թվականներին

Страница 1 из 27 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/