Հաջորդ օրը Հրաչի կառույցի բոլոր աշխատողները հավաքված էին ինձ մոտ: Ես նրանց տեղեկացրեցի, որ այսուհետև իրենք կստանան կրկնակի բարձր աշխատավարձ և ծանոթացրի իրենց առջև դրված խնդիրներին. - Դուք պետք է ավելի ակտիվ գործեք: Այսուհետև դուք իմ աչքերն ու ականջներն եք: Զգուշացնում եմ` ես շատ հետաքրքրասեր եմ և բավականին ուժեղ, որ ինձ թույլ տամ իմանալ ինչ ցանկանում եմ: Դուք բոլորդ,- ես հայացքով չափեցի հավաքվածներին,- այսուհետև ենթարկվում եք ինձ: Ուշադրություն դարձրեք հատկապես այս հանգամանքի վրա` միայն և միայն ինձ: Դուք ոչ ոքի չեք ենթարկվում ողջ աշխարհում, ինձնից բացի: Ես կանգնած եմ ձեր թիկունքին և ցանկացած գործողության համար, որը կարվի իմ կամ ձեր բարեխիղճ շահերից, դուք իմ կողմից կարժանանաք անպատճառ և եռանդուն պաշտպանության: Ասեմ ձեզ նաև, որ իմ մոտ ստեղծված է խրախուսանքների և պատիժների մի ամբողջ համակարգ: Խրախուսանքները սահման չունեն ու կկիրառվեն ըստ արժանավույնի: Պատիժները ինձ մոտ իրականացվում են արագ և անաղմուկ: Մեղանչած և մահվան դատապարտված անձնավորությանը ոչ մի հրապարակային պատիժ չի լինի: Նրան ուղղակի կգտնեն գետում խեղդված, կիրճի ծայրից գլորված, արջի կողմից պատառոտված և այլն, կամ էլ,- ես նայեցի ներկաներին,- չեն գտնի երբեք: Ես երբեք չեմ ների դավաճանությունը և ինձ հետ կրկնակի խաղ խաղալը: Իմացեք, որ ես բավականին փորձ և խելք ունեմ, որ դա հասկանամ: Իմ միակ նպատակը Կորճայքի և հետևապես նաև ողջ Արարտայի ապահովությունն է: Եղեք արժանի ռազմիկներ, անտեսանելի ճակատամարտերի ռազմիկներ, բարեխիղճ կատարեք ձեր գործը, հոգացեք մեր Հայաստանի մասին, հոգի դրեք ձեր գործի մեջ և շռայլորեն կպարգևատրվեք: Ես խոստանում եմ ձեզ, որ նույնիսկ ձեր մահվան դեպքում ձեր կանայք և երեխաները մինչև իրենց մահը կլինեն իմ հոգածության ներքո ու կստանան ձեր աշխատավարձը: Սա կարող եք չկասկածել: Իսկ այժմ ավելի կոնկրետ: Ինձ պետք է մանրամասն տեղեկացված լինել Միջագետքում և հատկապես այնտեղի քաղաքներում տիրող իրավիճակի մասին: Հրա՞չ:
Հրաչի նշանով առաջ եկան արտաքինով և հագուկապով միջագետքցիներին նման, նրանց լեզվով խոսող և հատկապես ստուգված ու Հրաչի կողմից երաշխավորված մի քանիսը: Ես դարձա նրանց. - Ձեզնից յուրաքանչյուրը կտեղավորվի իմ մատնանշած քաղաքներից մեկում և մշտապես կտեղեկացնի ինձ այնտեղ տիրող իրավիճակի մասին: Ինչպես կտեղավորվի, ինչ կանի, վաճառական կլինի թե դարբին, դա իր գործն է և ես չեմ միջամտում: Ինձ միայն պետք է մշտապես տեղեկացված լինել: Դուք,- ես հայացքս բևեռեցի նրանց վրա,- գնում եք աշխատելու ամենավտանգավոր տեղում: Դրա համար դուք արդեն կստանաք քառապատիկ ավել և միաժամանակ ձեզ միջոցներ կտրամադրվի գոյատևելու համար: Ձեր աշխատավարձը կհավաքվի ինձ մոտ և ըստ հնարավորինս կփոխանցվի ձեզ կամ ձեր մատնանշած անձին: Անկախ ամեն ինչից գոյատևման համար միջոցներ ձեզ կտրվեն, սակայն ասեմ, որ ես հատկապես կգնահատեմ նրանց, որոնք կկարողանան այնքան իրենց տեղը գտնել այդ քաղաքներում, որ կսկսեն ապրել տեղական միջոցների հաշվին, որպես ասենք մի դարբին կամ հյուսն: Հասկանում եք իհարկե, որ ես սա անում եմ ոչ թե միջոցներ խնայելու, այլ այն բանի համար, որ դուք հնարավորինս ձեզ գտնեք այդ քաղաքներում և արտաքնապես լինեք ընդամենը այդ քաղաքի բնակիչներից մեկը:
Իմ ընտրած անձիք նստեցին և Հրաչի նշանով առաջ եկավ մեկ այլ խումբ: - Նախկիններին ասածները մասսամբ ձեզ էլ է վերաբերվում: Սակայն դուք պետք է գործեք երկրի ներսում: Ես ձեր մեջ կբաժանեմ գործողությունների ոլորտները և դուք կմեկնեք համապատասխան քաղաքներ կամ գյուղեր: Ես ձեզնից պահանջելու եմ լուրեր Արարտայի ներսում տեղի ունեցող ամեն ինչի մասին` լինի դա իշխանի, քրմի, վաճառականի, թե հասարակի մասին: Դուք բոլորդ, ամեն ամիս ինձ կտեղեկացնեք ձեր պատասխանատվության տարածքներում աչքի ընկնող իրադարձությունների մասին, իսկ բացառիկ դեպքերում կամ իմ կողմից հանձնարարական ստանալիս` անմիջապես: Նորից եմ կրկնում, ես պետք է իմանամ ձեր պատասխանատվությանը հանձնված տարածքում տեղի ունեցող բոլոր աչքի ընկնող իրադարձությունների մասին` լինի դա իշխանների գզվռտոց, թշնամու ներխուժում, հատկապես դաժան սպանություն, խոշոր կողոպուտ, անբնական երեխաների ծնունդ, բնական աղետներ և այլն: Մի խոսքով ամեն ամեն ինչի մասին, որը շեղում է հանդիսանում սովորականից: Որպես հատուկ, սակայն, ուշադիր եղեք, խիստ կարևոր հանձնարարություն,- ես խստացրեցի ձայնս և նայեցի նրանց,- դուք պետք է մշտական, սակայն անտեսանելի, կրկնում եմ անտեսանելի հսկողության տակ պահեք ձեր տարածքներում գտնվող մանկատները: Դրանց մասին մանրամասները Հրաչը կասի ձեզ: Կրկնում եմ, մանկատները պետք է պահեք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կենտրոնում ու ես միշտ պետք է տեղեկանամ որևէ մի առանձին մանկատանը տիրող վիճակի մասին:
Հետախույզների այս խումբն էլ նստեց և Հրաչի նշանով կանգնեց վերջին խումբը: - Նախկիններին բոլոր ասածներս վերաբերվում է նաև ձեզ: Սակայն ձեր գործը նախկինին ավելի նման է լինելու: Դուք պետք է մշտական հսկողության տակ պահեք Կորճայքի բոլոր ճանապարհները: Ձեր պատասխանատվության տարածքները, հրամանատարին և հերթապահության կարգը կորոշի Հրաչը: Ես պետք է ամեն օրվա վերջում տեղեկացված լինեմ, թե ով է գնում և գալիս: Դուք պետք է զեկուցեք ամեն քիչ թե շատ աչքի ընկնող իրադարձության մասին: Ավելորդ էլ է ասել, որ անմիջապես, կրկնում եմ, անմիջապես, ես պետք է իմանամ ցանկացած քարավանի կամ օտարականի մուտքի մասին: Տեսեք,- զգուշացրի ես,- իշխան Պերճի ժամանակ այս հարցը խիստ էր, հիմա` առավել ևս: Ցանկացած անակնկալի դեպքում, երբ դուք բաց կթողնեք որևէ օտարականի կամ որևէ քարավան` լինի դա մարդկանց թե կենդանիների քարավան, կանցկացվի առանձին քննություն և մեղավորները խստորեն կպատժվեն: Ինձ չի հետաքրքրում` ինչպես կիրականացնեք հսկողությունը: Մուրացիկի տեսքով կնստեք ճանապարհներին, դարան կմտնեք, թե կընդունեք թափառաշրջիկի կերպարանք, դա ձեր գործն է, ինձ պետք է արդյունք: Իհարկե ավելորդ էլ է ասել, որ ես պետք է իմանամ օրինակի համար, թե որևէ մի կոնկրետ քարավան ինչ ապրանք է տանում: Դե սրա մասին իհարկե արդեն գիտեք, ուղղակի ասում եմ, որ այս հանգամանքին հատկապես ուշադրություն դարձնեք: Հարցեր կա՞ն:
Ես մի քանի հարցերի լրացուցիչ պարզաբանումներ տվեցի և դարձա Հրաչին. - Բոլոր կազմակերպչական հարցերը լուծիր: Հինգ օրից առավոտյան բոլորը կհավաքվեն այստեղ և պետք է պատրաստ լինեն իրենց տեղերը մեկնելու, իսկ ճանապարհները` հսկողության տակ դրվելու:
Ես բաց թողեցի հետախույզներիս և նայեցի Հրաչին: Սա անմիջապես դուրս եկավ և ներս եկավ Հազարապետ Վարագի ուղեկցությամբ. - Հազարապետ Վարագ, Հրաչ, ասեմ ձեզ, որ Հատուկ գունդը շուտով դառնալու է Կորճայքի բանակի հիմքը: Ես ձեզնից պահանջելու եմ, որ այն լինի մշտապես մարտունակ վիճակում: Գնդի մարտունակության հետ կապված ցանկացած թերացում խստորեն կպատժվի: Չնայած գիտեմ, որ դեռ հորս ժամանակից ձեր գնդում ամեն ինչ տեղը տեղին է, սակայն չեմ զլանում կրկնել այս ամենը: Մարտունակություն և միայն մարտունակություն: Առայժմ այսպես` ամեն շաբաթվա վերջում, Հազարապետ Վարագ, դու ինձ պետք է զեկուցես գնդի մասին: Իսկ դու, Հրաչ, այսուհետև քո մարդկանց միջոցով պետք է խստորեն հետևես և ապահովես գնդի անվտանգությունը թշնամու լրտեսներից և հետախույզներից: Ձեզ վրա նաև դնում եմ երկու կարևոր խնդիր: Առաջին` գնդի կազմում ստեղծեք մի հարյուրյակ` հատուկ ստուգված, նվիրված և պատրաստված ռազմիկներից, որոնց խնդիրը պետք է լինի պատերազմի ժամանակ թափանցել թշնամու ճամբար, անցնել նրա թիկունք և մեզ ապահովել տեղեկություններով թշնամու մասին: Այս հարյուրյակը կկրի "Աղվես" անունը: Բացի սրանից ստեղծեք ևս մի հարյուրյակ, որը պատրաստված կլինի հատուկ գործողություններ իրականացնելու համար` լինի դա աննկատ թշնամու թիկունք անցնել և գերիներ բերել, թշնամու քնած ռազմիկներ մորթել, պալատներ թափանցել, ծառերի, պարիսպների վրա մագլցել կամ…,- ես նայեցի նրանց,- …տո կամ էլ հենց ուղիղ գետնի տակն անցնել,- ծիծաղեցի ես,- մի խոսքով դուք ինձ հասկացաք: Այդ հարյուրյակը այսուհետև կկրի "Դաշույն" անունը և պետք է արժանի լինի մի հազարյակի, իսկ նրա ամեն մի մարտիկը պետք է ի վիճակի լինի կռվել առնվազն երկու սովորական ռազմիկի դեմ: Այս երկու հարյուրյակների ռազմիկները կվարձատրվեն կրկնակի բարձր, որը կստիպի այլ ռազմիկներին բարձրացնել իրենց արհեստավարժությունը` նրանց շարքերն անցնելու համար: Ձեզ մեկ ամիս ժամանակ` ռազմիկների ընտրության և այլ հարցերի համար: Մեկ ամսից գալու եմ ստուգելու: Ի դեպ, Հազարապետ, թույլ կտաս, չէ՞, որ մի փոքրիկ հարցով միջամտեմ գնդիդ ներքին գործերին:
Հազարապետը անմիջապես ծնկի եկավ. - Տեր իշխան, հրամայիր: - Վեր կաց, վեր,- ծերունի ռազմիկի թևից բռնելով ոտքի կանգնեցրի ես,- ցանկությունս շատ համեստ է,- ծիծաղեցի ես,- ուղղակի կուզենայի, որ "Դաշույն"-ի հրամանատար նշանակվեր մեր փառահեղ Սևակը… Հազարապետ Վարագն ու Հրաչը, խոնհարեցին գլուխները: Ես բոլորին ազատ արձակեցի և միայնակ մնալով սկսեցի խորհել. "Փառք Աղեղնավորին, կարծես թե սկիզբը գնաց: Մնացածը ընթացքում կերևա…":
_________________ Приходите в мой дом...
|