Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Пленник вечности: Сага о вечном путнике...
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=48&t=288
Страница 4 из 29

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:07 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

- Վատ ծրագիր չի՜,- մտախոհ գահվորակի վրա ձգվեց սպարապետ Վահեն և շոյեց մորուքը,- սակայն այն միջոցներ կպահանջի: Բայց ոչինչ,- վճռականորեն ասաց նա,- մենք կհաշվենք, թե ամեն մի համակարգը ինչքան նյութական միջոցների և աշխատող ձեռքի կարիք կզգա և կհամոզենք Մեծ քրմին: Հը՞, ի՞նչ կարծիքի եք,- դարձավ նա իր զորականներին:

Վերջիններս համաձայնվեցին:
- Ես կարծում եմ, իշխան Հայկ,- որ այս գործը պետք է սկսվի` ինչքան շուտ, այնքան` լավ: Դու շատ շուտով կստանաս շինարարական միջոցներ և աշխատող ձեռքեր` սկզբում բանակային, իսկ շուտով` արդեն պետական միջոցներից…
- Տեր սպարապետ,- կրկին խոսք վերցրեցի ես,- ես մի քանի այլ մտահաղացումներ էլ ունեմ: Քո թույլտվությամբ…
- Ասա, իշխան Հայկ,- պատասխանեց սպարապետ Վահեն:
- Առաջինը, ես այստեղ կստեղծեմ գլխավոր Հետախույզի կառույցի նման մի բան, որը մեզ տեղեկություններ կապահովի հատկապես հարավի գործերի մասին: Երկրորդ, մի առաջարկ ունեմ, որը կարող է ձեզ մի քիչ տարօրինակ թվալ, սակայն ես այն շատ եմ կարևորում և նրա ծախսերը լիովին վերցնում եմ ինձ վրա,- նայեցի զրուցակիցներիս հետաքրքրված դեմքերին և շարունակեցի,- ես գիտեմ, որ մեր երկրում, հատկապես քաղաքներում, լինում են դեպքեր, երբ մայրը որևէ պատճառով հրաժարվում է հենց նոր ծնած իր երեխայից: Ես առաջարկում եմ Արարտայի բոլոր նահանգներում և մեծ քաղաքներում բացել հատուկ մանկատներ, որոնք կընդունեն նման երեխաներին` թե աղջիկ, թե տղա, և մարդկանց բացատրել նրանց նշանակությունը: Տարեկան երևի մոտ մի հինգհարյուր երեխա կհավաքվի: Բոլոր այդ երեխաներին ես կհավաքեմ ինձ մոտ, հատուկ մայրացուներ և բժիշկ-դաստիարակներ կկարգեմ, որոնք կմեծացնեն երեխաներին: Իսկ երբ նրանք դառնան ասենք հինգ-վեց տարեկան, կսկսենք նրանց աստիճանաբար վարժեցնել ձեռնամարտի, մարտական վարժությունների ու զենքերի գործարկմանը և, որ հատկապես կարևորում եմ, որևէ մի արհեստի: Երբ նրանք չափահաս կդառնան, նրանք ազատ կլինեն հեռանալու կամ մնալու: Հեռանալու դեպքում նրանք կկարողանան իրենց արհեստով զբաղվել, սակայն ցանկացած դեպքում կլինեն վարժված ռազմիկներ: Իսկ ով կցանկանա, նա կշարունակի ռազմական ծառայությունը: Վերջիններս, որպես արդեն պատրաստի ու արհեստավարժ ռազմիկներ միշտ մեր ձեռքի տակ կլինեն և պետք կգան երկրին: Ավելացնեմ նաև, որ միաժամանակ էլ դրանով մենք կլուծենք անտուն երեխաների հարցը…

- Վատ չի՜,- ժպտաց սպարապետ Վահեն,- սակայն ես այդ գործը չեմ թողնի միայն քեզ վրա և ցանկացած դեպքում տարեկան որոշ չափի միջոցներ կփոխանցեմ քեզ այդ գործի համար, հը՞, Մթերապետ Ամբակ, կկարողանանք չէ՞,- շուռ գալով դեպի իր զորականը` հարցրեց նա
- Ինձ թվում է պետք է որ կարողանանք,- տնտեսներին հատուկ զգուշավորությամբ պատասխանեց վերջինս:
- Լավ՜, լա՜վ, եթե իմ Ամբակն ասաց, ապա հարցը համարենք լուծված: Սակայն իշխան Հայկ, ես էլ քեզ ասելիք ունեմ,- նա ձայնը ցածրացրեց և մոտեցավ ինձ,- գիտես չէ՞, Ալկիքարի ախոռներում ինչ ունենք: Ես մինչ այս ուզում էի դրանք վերցնել, սակայն այժմ գտնում եմ, որ դրա կարիքը չկա: Սակայն սա խիստ գաղտնի է և ոչ մի դեպքում օտարները չպետք է իմանան այդ մասին..., գոնե մինչև առաջին մարտը, հասկանո՞ւմ ես:
- Իհարկե, տեր սպարապետ, կարող եք հանգիստ լինել, դրանք հուսալի ձեռքերում են,- հավաստիացրի ես:
- Ասելու բան ունե՞ք,- դարձավ սպաապետը իր զորականներին:
- Քո թույլտվությամբ…,- ոտքի կանգնեց գլխավոր Հետախույզ Պարետը,- իշխան Հայկ, ես կապ կպահպանեմ քեզ հետ և մենք մեր կառույցների գործունեությունը կհամակարգենք, առիթի դեպքում կօգնենք կամ կփոխլրացնենք իրար:
- Անպայման,- նա ձեռքը սեղմեցի ես:
- Իշխան Հայկ, դու այսուհետ մուտք ունես ինձ մոտ օրվա որ ժամին էլ որ լինի, իսկ քո ուղարկած սուրհանդակը անպայման առաջնություն կունենա մյուսների նկատմամբ: Դեհ,- ոտքի կանգելով ասաց սպարապետ Վահեն,- կարծես թե ամեն ինչ խոսեցինք:
Սպարապետ Վահեի զորականները ևս ոտքի կանգնեցին ու դուրս եկանք սենյակից: Արդեն մութ էր: Մենք իջանք բակ: Հյուրերը հեծնեցին իրենց էշերը և արագորեն դուրս եկան դարպասից:

Հանկարծ այդպես միանգամից դատարկված ամրոցում ես ինձ խիստ միայնակ զգացի: “Դեհ, Հայկ եղբայր”,- քթիս տակ ծիծաղեցի ես` հիշելով միջագետքցի վաճառականների մոտ տարածված մի արտահայտություն,- “պարկը ուսիդ վերցրիր, դա հեշտ է, իսկ հիմա` զոռ տուր”…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:07 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Եվ սկսեցին հոսել արտաքնապես հանգիստ, գավառային կյանքով լի օրերը: Ես միանգամից հասկացա, որ այս ծավալի գործ միայնակ ի զորու չեմ լինի անելու, դրա համար էլ որոշեցի հավաքել խելքը գլխին օգնականներ: Բարեբախտաբար խելքը գլխին, և որ պակաս կարևոր չէ, հավատարիմ և ճշգրիտ չափած ապրելուն սովոր օգնականներ ես գտա Հատուկ գնդում:

Հենց հաջորդ առավոտյան ես ինձ մոտ կանչեցի Հրաչին և բացատրեցի, թե ինձ ինչ տեսակ մարդիկ են պետք: Մի քանի օրից Հրաչը ներկայացավ Ալկիքար մի մեծ խմբով, որի ուղիղ կեսը կանայք էին: Ես բոլորին հրավիրեցի ամրոցի մեծ սենյակը: Սկսեցի նրանից, որ մանրամասն հարցուփորձ արեցի կանանց: Պարզվեց, որ նրանց մեծ մասը գյուղական ամուրի կանայք են, որոնց գրեթե ոչ մի բան չի կապում տեղում:

Ես նրանց առաջարկեցի ըստ իրենց ցանկության աշխատանքային զույգեր կազմել: Ստացվեց երեսուն զույգ: Դրանից հետո նրանք ընտրեցին իրենց ղեկավար` հիսունին մոտ մի չամուսնացած, առողջ-գյուղական կին` Նվարդ անունով: Ես բացատրեցի, որ Նվարդը պետք է մնար այստեղ` Կորճայքում, հանդիսանար իմ օգնականը և պարբերաբար հսկողության տակ պահեր ողջ երկրում ցրված մանկատները:

Դրանից հետո ես ներկայացրեցի նրանց վիճակը, բացատրեցի, որ ամեն մի զույգ պետք է մեկնի Արարտայի լայնատարած նահանգներից որևէ մեկը, ինձնից ստացած միջոցներով տուն ձեռք բերի և աշխատողներ վարձի և բոլոր մարդաշատ վայրերում, հատկապես շուկաներում, տեղեկացնի իրենց գործունեության մասին.
- Ընդ որում,- ավելացրի ես,- ձեզ հասանելիք աշխատավարձից, երեխաների պահման ծախսերի համար ամեն ամիս ձեզ տրվող միջոցներից բացի, ուշադիր լսեք սա, ամեն մի երեխայի համար, որ դուք կուղարկեք, դուք կստանաք սահմանված չափի պարգևատրում: Ինձ թվում է, որ դրանից հետո դուք կձգտեք լավ աշխատել: Ես, կամ իմ օգնականը պարբերաբար կշրջենք և կստուգենք ձեր աշխատանքը: Տեսեք,- ես խստորեն նայեցի նրանց,- դուք ստանում եք մի աշխատանք, որի մասին ձեր համագյուղացիները միայն կերազեին: Հրաչը բոլորիդ երաշխավորել է, սակայն վայն եկավ նրան տարավ, ում աշխատանքը դուրս չի գա: Ես լայն լիազորություններ ունեմ սպարապետից և նման մարդը խստագույնս կպատժվի: Դրան հակառակ ես գնահատել գիտեմ ազնվությունը և գործին նվիրվելը: Ոչ մի անօրինական բան, աստված չանի, որ երեխաներից որևէ մեկը, այն ընթացքում, երբ կլինի ձեր մոտ, որևէ մի նեղություն կրի: Ամեն մի երեխայի հանձնման փաստը կվկայվի նաև տեղի իշխանի, տոհմապետի կամ տանուտիրոջ կողմից, որոնք հատուկ կտեղեկացվեն ձեր գործունեության մասին: Ասեմ ձեզ, որ իմ կողմից անմիջապես մահվան կդատարապրտվի այն անձը, որը, աստված փրկի նրան ինձնից այդ դեպքում, կփորձի երեխաների առուվաճառք իրականացնել, կհափշտակի երեխային կամ նրանց կօգտագործի որևէ մի զազրելի նպատակով: Խստորեն կպատժվի անազնվությունը, անմաքրությունը, երեխաների սպասարկման համար ցանկացած թերացումը` լինի դա սննդի հարցով, ստնտուի թե բժշկի: Դուք երեխաների կհավաքեք, կխնամեք, կկրթեք, իսկ երբ նրանք բավականին կմեծանան, կդառնան չորսից վեց տարեկան տարեկան, ես հատուկ մարդիկ կուղարկեմ, որոնք երեխաներին կհասցնեն Կորճայք…: Տեսեք, ես ձեզ ընտրել եմ որպես մի նորմալ մարդկային զույգի: Դուք պետք է իրար հետ ապրեք, դրա համար էլ այս գլխից ասում եմ, որ եթե համաձայն չեք` ասեք,- ես նայեցի հավաքվածներին, որոնցից պատասխան չեղավ,- դուք կարող եք ամուսնանալ, ձեր երեխաներն ունենալ, կարող եք նաև ազատ սիրել իրար, սակայն կրկնում եմ, աստված փրկի իմ ձեռքից նրան, կին կլինի թե այրմարդ, ով որևէ հակաբնական կամ հակաբարոյական բարք կդրսևորի երեխաների նկատմամբ: Դուք ինձ հասկացաք, եղեք նորմալ հայ մարդիկ և այդ դեպքում դուք հազար շնորհի կարժանանաք իմ կողմից, ես դա խոստանում եմ, իսկ հակառակ դեպքում…,- ես բազմանշանակ լռեցի, մոտիկ կանչեց Հրաչին և ասացի,- ասուհետ Հրաչը լուրերի հարցով իմ օգնականն է և նա կամ նրա գործակալները մշտապես, սակայն ձեզ համար աննկատ կշրջեն երկրով մեկ, կլսեն և կտեղեկանան, թե մարդիկ ինչ են խոսում ձեր հաստատության մասին: Այդ տեղեկությունը կստուգվի արդեն իմ կողմից: Նորից եմ կրկնում` եղեք արժանի հայեր և կապրեք ու կծերանք որպես արժանի հայեր,- ժպտացի ես,- իսկ հիմա ձեզ տաս օր ժամանակ, մեկնեք ձեր գյուղերը, լավ մտածեք այս ամենի մասին, քննարկեք այս ամենը ձեր հարազատների հետ: Ուղիղ տաս օրից առավոտյան ես կրկին սպասում եմ ձեզ Ալկիքարում: Դուք հենց այստեղից արդեն համապատասխան միջոցներով կմեկնեք ձեր համար նախանշած վայրերը և կսկսեք ձեր գործունեությունը…

Ես ճանապարհեցի Հրաչի բերած մարդկանց, որից հետո նրան կրկին կանչեցի մոտս.
- Հրաչ, ես քեզ բավականին ճանաչել եմ, դրա համար էլ վստահում եմ: Դու այսուհետ կլինես իմ առաջին օգնականը: Հաշվիր, որ այսօրվանից դու ստանում ես երկու անգամ ավել, քան քեզ վճարում էր իշխան Պերճը: Հետագայում ըստ հանգամանքների,- ժպտացի ես,- քո աշխատավարձը ավելի կբարձրանա:
Հրաչը լուռ առաջ եկավ և ծունկի գալով համբուրեց ձեռքս:
- Իսկ այժմ, Հրաչ ջան, կրկին գործի անցնենք: Ես պատրաստվում եմ ավելի հզորացնել Հատուկ գնդի քո հետախուզական կառույցի գործունեությունը: Այսուհետ դու ողջ Կորճայքի հետախուզության պետն ես, իսկ Հատուկ գնդում կնշանակես խելքը գլխին մեկին: Հուսով եմ աչքի տակ ունե՞ս հարմար մադկանց: Հրաչ ջան,- նայեցի նրան,- ես այս հարցը քեզ վաղուց պիտի տայի, բայց դե կներես, գլուխս խառն էր: Ընտանիքդ մե՞ծ է:
- Տեր իմ, ես որբ եմ և միայնակ եմ աշխարհի երեսին: Հազարապետ Վարագն էր, որ ինձ վերցրեց Հատուկ գունդ,- հուզված շշնջաց Հրաչը, իսկ հետո ավելացրեց,- տեր իմ, հենց դրա համար, էլի, երեխաների հետ կապված այս գործը հատկապես սրտիս մոտիկ եկավ: Կարծես իմ մանկությունը լինի…
- Սրանից հետո, Հրաչ ջան, հաշվիր, որ միայնակ չես,- թփթփացրի Հրաչի ուսին,- դու վաղը քո բոլոր հետախույզներին և օգնականներին հավաքիր ամրոցում, իսկ դրանից առաջ ինձ մանրամասն տեղեկացրու, թե ով ինչ կարող է անել…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:07 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Հաջորդ օրը Հրաչի կառույցի բոլոր աշխատողները հավաքված էին ինձ մոտ: Ես նրանց տեղեկացրեցի, որ այսուհետև իրենք կստանան կրկնակի բարձր աշխատավարձ և ծանոթացրի իրենց առջև դրված խնդիրներին.
- Դուք պետք է ավելի ակտիվ գործեք: Այսուհետև դուք իմ աչքերն ու ականջներն եք: Զգուշացնում եմ` ես շատ հետաքրքրասեր եմ և բավականին ուժեղ, որ ինձ թույլ տամ իմանալ ինչ ցանկանում եմ: Դուք բոլորդ,- ես հայացքով չափեցի հավաքվածներին,- այսուհետև ենթարկվում եք ինձ: Ուշադրություն դարձրեք հատկապես այս հանգամանքի վրա` միայն և միայն ինձ: Դուք ոչ ոքի չեք ենթարկվում ողջ աշխարհում, ինձնից բացի: Ես կանգնած եմ ձեր թիկունքին և ցանկացած գործողության համար, որը կարվի իմ կամ ձեր բարեխիղճ շահերից, դուք իմ կողմից կարժանանաք անպատճառ և եռանդուն պաշտպանության: Ասեմ ձեզ նաև, որ իմ մոտ ստեղծված է խրախուսանքների և պատիժների մի ամբողջ համակարգ: Խրախուսանքները սահման չունեն ու կկիրառվեն ըստ արժանավույնի: Պատիժները ինձ մոտ իրականացվում են արագ և անաղմուկ: Մեղանչած և մահվան դատապարտված անձնավորությանը ոչ մի հրապարակային պատիժ չի լինի: Նրան ուղղակի կգտնեն գետում խեղդված, կիրճի ծայրից գլորված, արջի կողմից պատառոտված և այլն, կամ էլ,- ես նայեցի ներկաներին,- չեն գտնի երբեք: Ես երբեք չեմ ների դավաճանությունը և ինձ հետ կրկնակի խաղ խաղալը: Իմացեք, որ ես բավականին փորձ և խելք ունեմ, որ դա հասկանամ: Իմ միակ նպատակը Կորճայքի և հետևապես նաև ողջ Արարտայի ապահովությունն է: Եղեք արժանի ռազմիկներ, անտեսանելի ճակատամարտերի ռազմիկներ, բարեխիղճ կատարեք ձեր գործը, հոգացեք մեր Հայաստանի մասին, հոգի դրեք ձեր գործի մեջ և շռայլորեն կպարգևատրվեք: Ես խոստանում եմ ձեզ, որ նույնիսկ ձեր մահվան դեպքում ձեր կանայք և երեխաները մինչև իրենց մահը կլինեն իմ հոգածության ներքո ու կստանան ձեր աշխատավարձը: Սա կարող եք չկասկածել: Իսկ այժմ ավելի կոնկրետ: Ինձ պետք է մանրամասն տեղեկացված լինել Միջագետքում և հատկապես այնտեղի քաղաքներում տիրող իրավիճակի մասին: Հրա՞չ:

Հրաչի նշանով առաջ եկան արտաքինով և հագուկապով միջագետքցիներին նման, նրանց լեզվով խոսող և հատկապես ստուգված ու Հրաչի կողմից երաշխավորված մի քանիսը: Ես դարձա նրանց.
- Ձեզնից յուրաքանչյուրը կտեղավորվի իմ մատնանշած քաղաքներից մեկում և մշտապես կտեղեկացնի ինձ այնտեղ տիրող իրավիճակի մասին: Ինչպես կտեղավորվի, ինչ կանի, վաճառական կլինի թե դարբին, դա իր գործն է և ես չեմ միջամտում: Ինձ միայն պետք է մշտապես տեղեկացված լինել: Դուք,- ես հայացքս բևեռեցի նրանց վրա,- գնում եք աշխատելու ամենավտանգավոր տեղում: Դրա համար դուք արդեն կստանաք քառապատիկ ավել և միաժամանակ ձեզ միջոցներ կտրամադրվի գոյատևելու համար: Ձեր աշխատավարձը կհավաքվի ինձ մոտ և ըստ հնարավորինս կփոխանցվի ձեզ կամ ձեր մատնանշած անձին: Անկախ ամեն ինչից գոյատևման համար միջոցներ ձեզ կտրվեն, սակայն ասեմ, որ ես հատկապես կգնահատեմ նրանց, որոնք կկարողանան այնքան իրենց տեղը գտնել այդ քաղաքներում, որ կսկսեն ապրել տեղական միջոցների հաշվին, որպես ասենք մի դարբին կամ հյուսն: Հասկանում եք իհարկե, որ ես սա անում եմ ոչ թե միջոցներ խնայելու, այլ այն բանի համար, որ դուք հնարավորինս ձեզ գտնեք այդ քաղաքներում և արտաքնապես լինեք ընդամենը այդ քաղաքի բնակիչներից մեկը:

Իմ ընտրած անձիք նստեցին և Հրաչի նշանով առաջ եկավ մեկ այլ խումբ:
- Նախկիններին ասածները մասսամբ ձեզ էլ է վերաբերվում: Սակայն դուք պետք է գործեք երկրի ներսում: Ես ձեր մեջ կբաժանեմ գործողությունների ոլորտները և դուք կմեկնեք համապատասխան քաղաքներ կամ գյուղեր: Ես ձեզնից պահանջելու եմ լուրեր Արարտայի ներսում տեղի ունեցող ամեն ինչի մասին` լինի դա իշխանի, քրմի, վաճառականի, թե հասարակի մասին: Դուք բոլորդ, ամեն ամիս ինձ կտեղեկացնեք ձեր պատասխանատվության տարածքներում աչքի ընկնող իրադարձությունների մասին, իսկ բացառիկ դեպքերում կամ իմ կողմից հանձնարարական ստանալիս` անմիջապես: Նորից եմ կրկնում, ես պետք է իմանամ ձեր պատասխանատվությանը հանձնված տարածքում տեղի ունեցող բոլոր աչքի ընկնող իրադարձությունների մասին` լինի դա իշխանների գզվռտոց, թշնամու ներխուժում, հատկապես դաժան սպանություն, խոշոր կողոպուտ, անբնական երեխաների ծնունդ, բնական աղետներ և այլն: Մի խոսքով ամեն ամեն ինչի մասին, որը շեղում է հանդիսանում սովորականից: Որպես հատուկ, սակայն, ուշադիր եղեք, խիստ կարևոր հանձնարարություն,- ես խստացրեցի ձայնս և նայեցի նրանց,- դուք պետք է մշտական, սակայն անտեսանելի, կրկնում եմ անտեսանելի հսկողության տակ պահեք ձեր տարածքներում գտնվող մանկատները: Դրանց մասին մանրամասները Հրաչը կասի ձեզ: Կրկնում եմ, մանկատները պետք է պահեք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կենտրոնում ու ես միշտ պետք է տեղեկանամ որևէ մի առանձին մանկատանը տիրող վիճակի մասին:

Հետախույզների այս խումբն էլ նստեց և Հրաչի նշանով կանգնեց վերջին խումբը:
- Նախկիններին բոլոր ասածներս վերաբերվում է նաև ձեզ: Սակայն ձեր գործը նախկինին ավելի նման է լինելու: Դուք պետք է մշտական հսկողության տակ պահեք Կորճայքի բոլոր ճանապարհները: Ձեր պատասխանատվության տարածքները, հրամանատարին և հերթապահության կարգը կորոշի Հրաչը: Ես պետք է ամեն օրվա վերջում տեղեկացված լինեմ, թե ով է գնում և գալիս: Դուք պետք է զեկուցեք ամեն քիչ թե շատ աչքի ընկնող իրադարձության մասին: Ավելորդ էլ է ասել, որ անմիջապես, կրկնում եմ, անմիջապես, ես պետք է իմանամ ցանկացած քարավանի կամ օտարականի մուտքի մասին: Տեսեք,- զգուշացրի ես,- իշխան Պերճի ժամանակ այս հարցը խիստ էր, հիմա` առավել ևս: Ցանկացած անակնկալի դեպքում, երբ դուք բաց կթողնեք որևէ օտարականի կամ որևէ քարավան` լինի դա մարդկանց թե կենդանիների քարավան, կանցկացվի առանձին քննություն և մեղավորները խստորեն կպատժվեն: Ինձ չի հետաքրքրում` ինչպես կիրականացնեք հսկողությունը: Մուրացիկի տեսքով կնստեք ճանապարհներին, դարան կմտնեք, թե կընդունեք թափառաշրջիկի կերպարանք, դա ձեր գործն է, ինձ պետք է արդյունք: Իհարկե ավելորդ էլ է ասել, որ ես պետք է իմանամ օրինակի համար, թե որևէ մի կոնկրետ քարավան ինչ ապրանք է տանում: Դե սրա մասին իհարկե արդեն գիտեք, ուղղակի ասում եմ, որ այս հանգամանքին հատկապես ուշադրություն դարձնեք: Հարցեր կա՞ն:

Ես մի քանի հարցերի լրացուցիչ պարզաբանումներ տվեցի և դարձա Հրաչին.
- Բոլոր կազմակերպչական հարցերը լուծիր: Հինգ օրից առավոտյան բոլորը կհավաքվեն այստեղ և պետք է պատրաստ լինեն իրենց տեղերը մեկնելու, իսկ ճանապարհները` հսկողության տակ դրվելու:

Ես բաց թողեցի հետախույզներիս և նայեցի Հրաչին: Սա անմիջապես դուրս եկավ և ներս եկավ Հազարապետ Վարագի ուղեկցությամբ.
- Հազարապետ Վարագ, Հրաչ, ասեմ ձեզ, որ Հատուկ գունդը շուտով դառնալու է Կորճայքի բանակի հիմքը: Ես ձեզնից պահանջելու եմ, որ այն լինի մշտապես մարտունակ վիճակում: Գնդի մարտունակության հետ կապված ցանկացած թերացում խստորեն կպատժվի: Չնայած գիտեմ, որ դեռ հորս ժամանակից ձեր գնդում ամեն ինչ տեղը տեղին է, սակայն չեմ զլանում կրկնել այս ամենը: Մարտունակություն և միայն մարտունակություն: Առայժմ այսպես` ամեն շաբաթվա վերջում, Հազարապետ Վարագ, դու ինձ պետք է զեկուցես գնդի մասին: Իսկ դու, Հրաչ, այսուհետև քո մարդկանց միջոցով պետք է խստորեն հետևես և ապահովես գնդի անվտանգությունը թշնամու լրտեսներից և հետախույզներից: Ձեզ վրա նաև դնում եմ երկու կարևոր խնդիր: Առաջին` գնդի կազմում ստեղծեք մի հարյուրյակ` հատուկ ստուգված, նվիրված և պատրաստված ռազմիկներից, որոնց խնդիրը պետք է լինի պատերազմի ժամանակ թափանցել թշնամու ճամբար, անցնել նրա թիկունք և մեզ ապահովել տեղեկություններով թշնամու մասին: Այս հարյուրյակը կկրի "Աղվես" անունը: Բացի սրանից ստեղծեք ևս մի հարյուրյակ, որը պատրաստված կլինի հատուկ գործողություններ իրականացնելու համար` լինի դա աննկատ թշնամու թիկունք անցնել և գերիներ բերել, թշնամու քնած ռազմիկներ մորթել, պալատներ թափանցել, ծառերի, պարիսպների վրա մագլցել կամ…,- ես նայեցի նրանց,- …տո կամ էլ հենց ուղիղ գետնի տակն անցնել,- ծիծաղեցի ես,- մի խոսքով դուք ինձ հասկացաք: Այդ հարյուրյակը այսուհետև կկրի "Դաշույն" անունը և պետք է արժանի լինի մի հազարյակի, իսկ նրա ամեն մի մարտիկը պետք է ի վիճակի լինի կռվել առնվազն երկու սովորական ռազմիկի դեմ: Այս երկու հարյուրյակների ռազմիկները կվարձատրվեն կրկնակի բարձր, որը կստիպի այլ ռազմիկներին բարձրացնել իրենց արհեստավարժությունը` նրանց շարքերն անցնելու համար: Ձեզ մեկ ամիս ժամանակ` ռազմիկների ընտրության և այլ հարցերի համար: Մեկ ամսից գալու եմ ստուգելու: Ի դեպ, Հազարապետ, թույլ կտաս, չէ՞, որ մի փոքրիկ հարցով միջամտեմ գնդիդ ներքին գործերին:

Հազարապետը անմիջապես ծնկի եկավ.
- Տեր իշխան, հրամայիր:
- Վեր կաց, վեր,- ծերունի ռազմիկի թևից բռնելով ոտքի կանգնեցրի ես,- ցանկությունս շատ համեստ է,- ծիծաղեցի ես,- ուղղակի կուզենայի, որ "Դաշույն"-ի հրամանատար նշանակվեր մեր փառահեղ Սևակը…
Հազարապետ Վարագն ու Հրաչը, խոնհարեցին գլուխները: Ես բոլորին ազատ արձակեցի և միայնակ մնալով սկսեցի խորհել. "Փառք Աղեղնավորին, կարծես թե սկիզբը գնաց: Մնացածը ընթացքում կերևա…":

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:08 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Հաջորդ օրը ես ինձ մոտ կանչեցի Կորճայքի Մթերապետ Վրույրին: Դեռ Պերճի կենդանության օրոք ես շփվել էի նրա հետ, սակայն վերջին օրերի հոգսերը մի տեսակ ժամանակ չէին թողել նրան անդրադառնալու: Ես գտա, որ այժմ իսկը ժամանակն է:

- Վրույր,- դարձա ես նրան,- դու իշխան Պերճի օրոք հավատարմորեն ես ծառայել և հայրս քո ծառայությունից գոհ էր: Այժմ դու ծառայում ես ինձ,- Մթերապետը խոնհարվեց, իսկ ես շարունակեցի,- ես կրկնակի բարձրացնում եմ քո աշխատավարձը, սակայն ասեմ նաև, որ մեզ նորանոր գործեր են սպասում: Սակայն մինչ դրանց անցնելը…: Վրույր, դու իմ տնտեսության ղեկավարն ես: Հայրս բարձր էր արտահայտվում քո ազնվության մասին: Մի քանի բան էլ ես եմ ուզում ավելացնել: Հավատա, ես բավականին ծանոթ եմ վաճառականների և տնտեսների գործին ու խելքս բավականին հասնում է: Դրա համար ես քո աշխատանքի գլխավոր պայման եմ համարում քո ազնվությունը: Որպես ամեն մի տնտես, դու բնականաբար մեղր վաճառելիս մատդ կլպստես, սակայն այդքանը և միայն այդքանը: Դու ստանալու ես ամսեկան կրկնակի բարձր աշխատավարձ և այլն…, սակայն ոչ ավել այդ "և այլն-"ից: Դու ինձ հասկացա՞ր:

Վրույրը գլխով արեց իսկ ես շարունակեցի:
- Ինձ նաև պետք է, որ դու լինես քո գործին տեղյակ մարդ: Ինձ թվում է հայրս չի սխալվել քո հարցով: Ընթացքում կերևա…: Ես գնահատում եմ ազնվությունը, նվիրվածությունը և հատկապես իր գործը լավ իմանալը: Այդ դեպքում քո աշխատավարձը էլի կբարձրանա: Առայժմ այսքանը, իսկ այժմ անցնենք կոնկրետ գործերին: Ինչքա՞ն պարենամթերք ունենք ամբարած, որտե՞ղ և ի՞նչ վիճակում է այն պահվում:
- Տեր իշխան, մեր այս տարվա ցորենը կհերիքի, որ մենք մեկ տարվա ընթացքում կերակրենք հինգ հազար մարդու, նույնն էլ գինու և այլ մթերքների հարցով: Իշխան Պերճը գտնում էր, որ սա անհրաժեշտ միջինն է: Պարենամթերքները պահված են այստեղ` Ալկիքարի մոտ գտնվող գյուղակի պահեստներում: Պահվում են ըստ պահանջի:
- Լա՜վ,- գոհացա ես,- շուտով կգամ պահեստարաններդ նայելու: Իսկ ընդհանրապես, Վրույր, պատկերացնո՞ւմ ես, քանի մարդ է ապրում Կորդրիքում և ընդհանուր Կորճայքում ու ասենք ինչքա՞ն հասուն տղամարդ, ինչքա՞ն կին, ինչքա՞ն ծերունի կամ երեխա ունենք:
- Տեր իշխան,- գլուխն օրորեց Մթերապետս,- ճշգրիտ չեմ կարող ասել…
- Այդ դեպքում, Վրույր, քո առջև առաջնային խնդիր եմ դնում` պարզել այս հանգամանքը: Հավաքիր քո մոտ տանուտերերին և խոշոր տոհմապետերին ու թող ամեն մեկն ասի, թե ինչքան մարդ ունի` ինչքան տղամարդ, կին, երեխա, ծերունի և այլն: Հասկանալի՞ է: Քեզ մեկ ամիսը հերիք կլինի այդ աշխատանքները կազմակերպելու համար: Մեկ ամսից տեղեկությունները լինեն ձեռքիս տակ:

Վրույրը խոնհարվեց, իսկ ես շարունակեցի.
- Վրույր, քեզ վրա ևս մի կարևոր խնդիր եմ դնում: Դու պետք է վարես իմ աշխատավարձների գործը: Այսօրվանից սկսած իմացած եղիր, որ հետախույզները վճարվում են այլ կերպ: Դրա մասին Հրաչը կասի: Երևի նաև տեղյակ ես, որ ստեղծվել է մանկատների ցանց, որոնց ղեկավարությունն իրականացնում է ալկիքարցի մի կին` Նվարդ անունով: Դու նրան ճանաչո՞ւմ ես:
- Ճանաչում եմ, տեր իշխան,- պատասխանեց Վրույրը:
- Այդ դեպքում այսուհետ մշտապես կապի մեջ եղիր նրա հետ և կարգավորիր մանկատներին հասանելիք միջոցների տրամադրումը, բաշխումը, դրանց չափի պահպանումը և դրանց նկատմամբ հսկողությունը: Հասկանալի՞ է: Այժմ այս հարցով ավելի կոնկրետ: Յոթ օրից ինձ պետք է գալու վաթսուն էշ և երեսուն քսակ ոսկի…

Ես ևս մի քանի պարզաբանում տվեցի և Մթերապետիս ևս ուղարկեցի գործելու: Կարծես այլևս շտապ գործ չմնաց: Դե սրանք հիմնականում լուծելի հարցեր են, իսկ այ ամրոցաշինությունը…

Այդ պահին ինձ տեղեկացրին, որ սպարապետից սուրհանդակ է եկել:

Ես հրավիրեցի նրան ամրոցի մեծ սենյակը: Մոտ հիսունի մոտ, բավականին լիքը, աշխույժ հայացքով մի մարդ էր, որը ներկայացավ Հորակ անունով: Պարզվեց, որ նա սպարապետի ամենալավ շինարարներից է, որը եկել է Կորճայք ամրոցաշինության գործը ղեկավարելու համար: Նրա ասելով անհրաժեշտ նյութերով քարավանները արդեն պատրաստվում են և մի տաս-տասնհինգ օրից կլինեն անհրաժեշտ վայրերում.
- Իսկ ինձ, տեր իշխան,- ավելացրեց նա,- սպարապետն ուղարկեց քեզ մոտ, որ կոնկրետ որոշենք ամեն մի բերդի կամ ամրոցի կառուցման տեղը և հատակագիծը: Շուտով կժամանեն նաև իմ օգնականները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի ամեն մի առանձին համակարգի կառուցման համար,- Հորակը նայեց ինձ և սրտաբաց ժպտաց:

Այս մարդը ինձ միանգամից դուր եկավ: Նրա մեջ զգացվում էր շինարար հայի եռացող արյունը, որը ոգևորվել էր նման մեծության գործից: Ես անմիջապես սուրհանդակ ուղարկեցի Հատուկ գունդ և հրամայեցի Հազարապետ Վարագին ու Հրաչին գնդի հրամանատարությունը և ընթացիկ գործերի ղեկավարումը հանձնել հարյուրապետ Սևակին ու անմիջապես գալ ինձ մոտ խորհրդակցության: Մենք պետք է որոշեինք ամրոցաշինության կարևորագույն հարցը…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:08 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Կյանքը կարծես աստիճանաբար սկսեց հունի մեջ մտնել: Շուտով Հրաչի հետախույզներն անցան գործի: Դրանից հինգ օր հետո իրենց աշխատանքի վայրերը մեկնեցին նաև մանկատների ղեկավար զույգերը: Ես մինչ այդ, հաշվի առնելով բնական պայմանները, լայնատարած Արարտան բաժանել էի երեսուն մասի և յուրաքանչյուր զույգի մանրամասն բացատրել էի նրա պատասխանատվության տարածքը` պատվիրելով տեղավորվել իրենց տարածքի որևէ մեծ քաղաքում հարմարավետ մի տանը: Մի քանի օրից Վրույրը ինձ ներկայացրեց տվյալներ Կորճայքի բնակիչների մասին: Պարզվեց, որ ողջ նահանգում կա մոտ քսան բյուր բնակիչ: Մեծամասնություն էին կազմում հասուն տարիքի տղամարդիկ և կանայք: Մինչև քսան տարեկան մարդիկ ևս քիչ չէին: Իրենց թվով վերջին տեղում էին յոթանասունից բարձր մարդիկ: Ես գոհ մնացի այս ամենից: Կարևորը, որ, ինչպես մի ժամանակ Մենեսն ասաց, երեխաներ ծնվում են բավարար թվով, իսկ օտարականներ ուղղակի չկան: "Դեհ",- գահվորակի վրա ընկնելով քմծիծաղեցի ես,- "այս ծերուկների մեջ Վրույրը մոռացել է նշել ինձ, բայց դե ոչինչ, դա ներելի թերացում է"…

Իսկ մի քանի օրից եռուզեռը սկսվեց: Տեղ հասան սպարապետի ուղարկած քարավանները և Հորոյի ու նրա օգնականների ղեկավարությամբ կիրճերում սկսվեցին շինարարական աշխատանքները: Առանց իմ ցուցումների էլ զգացվում էր, որ շինարարները բավականին հրահանգավորված են, քանի որ կառուցում էին հիմնավորապես, այնպես, որ դրանից լավ ցանկանալ չէր էլ կարելի:

Ընթացիկ գործերը սկսեցին աստիճանաբար կլանել ինձ: Ես ստանում էի կավե սալիկների վրա գծված հաշվետվություններ, շփվում էի մարդկանց հետ ու լսում նրանց: Ժամանակ գտնելով սկսեցի աստիճանաբար զբաղվել նաև իմ առողջական և մարտական վիճակով…
Երբեմն գնում էի ախոռները և հետաքրքրվում ձիերի հարցով: Սրանց բազմացման գործը մի տեսակ առաջ չէր գնում: Կարծես թե այս կենդանիները հրաժարվում էին սերունդ տալ անազատության մեջ: Սրանից զատ ամեն ինչ ընթանում էր իմ ուզածով:

Այժմ միջագետքյան իմ կյանքը ինձ թվում էր որպես մի հեռավոր ու անհասկանալի անցյալ: Կարծես այն ժամանակ ես ուրիշ մարդ էի, որ կարող էր թեթևամտորեն վազվզել Բառնամատռայի հետևից կամ էլ կռիվ սարքել քաղաքի պանդոկներում: Այժմ հիշելով այդ ամենը ծիծաղս գալիս էր, սակայն միաժամանակ ես նաև ինձ լավ էի զգում, քանի որ իրոք արդեն համարում էի, որ կյանքս իզուր չի անցնում և ես իզուր չեմ ապրում: Պետք է ասել նաև, որ միջագետքյան երկարատև կյանքն ինձ բավականին օգտակար հատկություններ էլ էր տվել…

Արդեն մի քանի քարավաններ մեկնել էին Կորճայքից դեպի Միջագետք և իմ սկսած առևտրական գործունեությունն արդեն տվել էր իր առաջին պտուղները: Այն հետագայում խոստանում էր ավելի զարգանալ` դառնալով իմ սկսած ձեռնարկումների նյութական ապահովման հիմքը…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:08 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Արդեն արժեր մտածել նաև Արարտան տեսնելու մասին: Իմ ստեղծած համակարգը, շնորհիվ օգնականներիս գործունեության արդեն սկսել էր անխափան գործել, դրա համար էլ ես կարող էին նաև ժամանակավորապես բացակայել: Պետք էր մտածել նաև ավելի հարմար տեղավորվելու մասին: Ես մասնակի վերափոխումների մի ծրագիր կազմեցի, ըստ որի պետք է իրականացվեր ամրոցի բնակելի մասի վերափոխումը, որից հետո վերցնելով բավականին միջոցներ, ծպտվեցի և իմ լավագույն էշերից մեկով դուրս եկա շրջագայության:

Արարտան մի լայնատարած պետություն էր և այնքան էլ հեշտ չէր այն արագորեն դիտարկելը: Ճանապարհորդությունն ինձնից խլեց բավականին ժամանակ, մանավանդ, որ ես հաճախ էի կանգ առնում տեղեկություններ հավաքելու համար: Հատկապես հետաքրքրում էին մանկատներս: Սկզբում շարժվեցի դեպի արևմուտք, եղա հարավային և հարավ-արևմտյան նահանգներում: Այստեղ եռում էր կյանքը, գնում-գալիս էին առևտրական քարավաններ, գործում էին արհեստավորները և անհանգստանալու ոչ մի հիմք չկար: Նույն պատկերն էր նաև կենտրոնական, հյուսիսային և արևելյան նահանգներում: Ճամփորդությանս ընթացքում ես հաճախ էի կանգ առնում պանդոկներում, տեղական արհեստավորներից և մանր վաճառականներից հարցուփորձ անում նորությունների մասին: Միաժամանակ այցելում էի նաև Հրաչի գործակալներին, որոնց տվյալները ես ունեի:

Այդ ամենը համեմելով համեղ հյուրասիրությամբ` ես հաճախ էի ստանում հետաքրքիր տվյալներ: Մասնավորապես պարզվեց, որ բոլոր քաղաքներում էլ հետաքրքրված են երեխաներին մանկատներում տեղավորելու դեպքերով: Այն դարձել էր լայն քննարկման առարկա: Բոլորն իրենց պարտք էին համարում կարծիք արտահայտել դրա նպատակների մասին, սակայն նրանցից ոչ մեկն էլ նույնիսկ մասսամբ չէր գուշակում իրական նպատակը: Գոհունակությամբ տեղեկացա նաև, որ առայժմ մանկատներում որևէ արտակարգ դեպք չի պատահել: Արդեն կային առաջին ճստիկները, որոնք ապահովության մեջ ապրում էին իրենց դաստիարակների խնամքի ներքո:

Ես եղա նաև Հայկաշենում ու դա իմ ճամփորդության ամենահուզիչ պահերից մեկն էր: Տեսա հորս պատվին կառուցված շքեղ տաճարը, որը արդեն դարձել էր ուխտատեղի և Հայկազունիների տոհմական դամբարան: Ես օրերով չէի կարողանում կտրվել հորս հանգստարանից, սակայն մի օր կարծես արթնացում եկավ վրաս…

… Այցելեցի քաղաքից դուրս տեղավորված սպարապետ Վահեի նստավայրը և հաճույքով տեսա, որ իրոք ժամանակին այդ ամենի մասին ինձ պատմած վաճառականը չի չափազանցեցրել: Սպարապետին տեղեկացրի ընթացիկ գործերի մասին, որից հետո ավարտելով շրջագայությունս հյուսիսային և արևելյան նահանգերի ուսումնասիրությամբ, ի վերջո վերադարձա Ալկիքար:

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:08 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Այստեղ ամեն ինչ ընթանում էր իր հունով և կարծես կյանքիս ռիթմը մի թեթև ընկավ: Սկսեցի կարոտել պարզ մարդկային ուրախություններին, սկսեցի հիշել, թե ինչ բուռն ու անհոգ կյանք էի վարում նախկինում: Եթե այժմ կողքիս լիներ վաղեմի բարեկամս` Մենեսը, անպայման կծիծաղեր և կպնդեր, որ անկողինս տաքացնել է պետք…: Դե սկզբունքորեն ես էլ իհարկե դեմ չէի լինի այդ ամենին, սակայն իմ նոր կարգավիճակը ինձ պարտավորեցնում էր ավելի շրջահայաց լինել: Ախր ես էլ նախկին թռի-վռին չէի, որ մի կնոջից ձաձրանալուց հետո թողնեի նրան և անցնեի մյուսին: Այժմ ես Կորճայքի մեծ իշխանն էի, որը պետք է միշտ իր տեղում լիներ և պետք է օրինակ ծառայեր իր հպատակներին: Բացի այդ իմ առջև կանգնեց ևս մի խնդիր: Ախր առաջ ես երկարատև չէի հանդիպում ոչ մի կնոջ հետ, քանի որ տարիները նրան փոխում էին, իսկ ինձ` ոչ: Այժմ առավել ևս, չէ՞ որ կողքիս եղած կինը կմեծանա, իսկ ես կմնամ նույնը…

Այս հարցերն էին ինձ հաճախ տանջում, երբ ընթացիկ գործերի մեջ հարմար պահեր գտնելով ես դուրս էի գալիս զբոսնելու: Ու մի անգամ էլ նկատեցի գետակի մեջ երկար փեշերը ծնկներից վերև հավաքած լվացք անող մի գեղեցիկ կնոջ: Ես հնարավորինս փոշոտեցի հագուստներս ու մազերս, հագուստներիս ծալքերում թաքցրի թուրս, և մոտեցա նրան.

- Բարի լույս, գեղեցկուհի,- սկսեցի ես սովորական տոնով,- չե՞ս հուշի արդյոք մոլորված օտարականին, թե ինչպես հասնել Ալկիքար,- հարցրի ես:
- Մոլորված օտարականը,- թարս-թարս վրաս նայելով` գետի միջից խոսեց կինը,- ամեևին էլ Ալկիքարը չի փնտրում, քանի որ ինչքան կարելի է դատել նրա եկած ուղղությունից, նա հենց Ալկիքարից է որ գալիս:
- Իրո՞ք,- կեղծ զարմացա ես,- մի՞թե դա էր Ալկիքարը:

Գեղեցկուհի մի անգամ էլ հայացք գցեց վրաս և, քանի որ արդեն վերջացրել էր գործը, փեշերը հավաքեց ձեռքում և, մերկացնելով խելքամաղ անող ծնկները, սկսեց դուրս գալ գետից:

Նա կլիներ հազիվ մի քսան տարեկան: Ուներ համաչափ դիմագծեր, սև, երկար մազեր, գեղեցիկ կուրծք և նուրբ իրան: Գետից դուրս գալուց հետո նա սկսեց հավաքել քարերին փռած շորերը մի մեծ կողովի մեջ: Դե բնականաբար ես չէի կարող անտարբեր մնալ և սկսեցի լուռ օգնել նրան, որի համար արժանացա մի հմայիչ ժպիտի: Դրանից հետո ես կողովը վերցրի ձեռքս և պատրաստվեցի ուղեկցել նրան:

- Ի՞նչ ես անում,- զարմացավ նա,- ես ինքնս կտանեմ կողովը,- ասաց և փորձեց ձեռքիցս վեցնել այն:
- Գեղեցկուհի ջան, այն մեծ սիրալիրությունից հետո, որը դու ցուցաբերեցիր իմ նկատմամբ, երբ ինձ ցույց տվեցիր Ալկիքարը, ինձ ուղղակի այլ ելք չի մնում, քան օգնել քեզ,- սիրալիր ժպտացի ես:
- Ախր չի կարելի…, գյուղում ի՞նչ կասեն:
- Ոչինչ էլ չեն ասի: Ի դեպ,- հարցրի ես, երբ մենք արդեն ուղղություն էինք վերցրել դեպի մոտակա գյուղը,- քո անունն ինչպե՞ս է:
- Նունե,- պատասխանեց նա:
- Իմ անունն էլ Հայկ է, ես մանր առևտրական եմ և մանրուքների առևտուր եմ անում: Ասում են այստեղի իշխանը լայն գործունեություն է ծավալել, ես էլ որոշեցի, որ գուցե իմ ապրանքն էլ նրան պետք կգա: Հատկապես նրա կնոջը…
- Հա՜ա՜,- ծիծաղեց նա,- վատը չի մեր իշխանը, բայց կնոջ հարցով սխալվել ես: Ասում են նա միայնակ է ապրում:
- Պահո՜ո՜ո,- կեղծ տխրեցի ես,- լսիր, նա հո հիվանդ չի, հը՞, կամ կարող է այնքան էլ չի սիրում կանանց…
- Չէ, չէ, նորմալ, առողջ, ես նույնիսկ կասեի հմայիչ տղամարդ է,- ծիծաղեց Նունեն,- մի անգամ տեսա, հոր թաղումին էր…: Ճիշտ է հեռվից էի նայում և դեմքը չհասցրի նկատել, բայց դե ոչինչ, վատը չէր: Նմանների մասին հայերն ասում են,- ծիծաղելով շարունակեց նա,- որ եթե միայն կնոջ կողքից էլ թափով անցնի` կինը հաճույք կստանա…

Մենք արդեն մոտենում էինք գյուղին: Ես ծիծաղելով հարցրի.
- Իսկ դո՞ւ ինչ ես մտածում այդ ամենի մասին:
- Առանձնապես ոչինչ,- պատասխանեց Նունեն, խորամանկորեն նայեց վրաս ու ծիծաղեց,- երևի մերոնք ամեն դեպքում մի քիչ չափազանցեցնում են, քանի որ արդեն քանի ժամանակ է, մենք խոսելով գալիս ենք, բայց ես ոչ մի բան էլ չզգացի, տեր իշխան…
Մինչ ես ուշքի կգայի, Նունեն խլեց ձեռքիս զամբյուղը և փախավ: “Այ՜ քեզ բա՜ն, հետո էլ գլուխ կգովամ, թե երկուհարյուրչորս տարեկան եմ”-, գլուխս քորեցի ես,- “տեսա՞ր…, չէ, դու տեսա՞ր դրան…”:

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:09 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Այս զվարճալի իրավիճակի վրա մտքումս ծիծաղելով ես վերադարձա Ալկիքար: Կարճ ժամանակ անց Հրաչը զեկուցեց, թե ով է Նունեն: Պարզվեց, որ նա տասնութ տարեկան է, ծնվել է Ալկիքարում և երկու տարի առաջ ամուսնացել է իրենց գյուղի որսորդներից մեկի հետ: Սակայն շատ շուտով արջը որսի ժամանակ պատառոտել է ամուսնուն և հիմա նա միայնակ ապրում է իր տնակում ու վաստակում է համագյուղացիների համար լվացք անելով.

- Մեկ էլ, տեր իշխան,- զգուշորեն վրաս նայելով շարունակեց Հրաչը,- ավելացնեմ, որ ըստ ինձ հասած տվյալների ոչ մի այրմարդու հետ կապ չի ունեցել ամուսնու մահից հետո, չնայած որպես թեկնածու կանգնած են շատերը:
- Ի՞նչ ես կարծում, Հրաչ եղբայր, չարժե՞ մի քիչ զվարճանալ,- կատակեցի ես:
- Ի՞նչ նկատի ունի իմ իշխանը,- թեթևակի մռայլվելով հարցրեց Հրաչը:
- Դե լա՜վ, Հրաչ հոպար,- կատակով հրեցի զրուցակցիս կրծքին,- միթե դու չես ճանաչում քո իշխանին ու կարծում ես, թե նա իշխանին ու արիական ռազմիկին անվայել արարք թույլ կտա:

Հրաչը կարմրեց և տեղն ու տեղը ծնկի եկավ.
- Տեր իշխան… ես, չէի մտածում…, այսինքն մտածում էի, բայց ուրիշ կերպ… չէ, այսինքն այն կերպ, ինչ դու էիր մտածում, բայց հակառակը… այսինքն… ը՜ը՜… քո առաջին մտածածի հաջորդածին հակառակը…,- սկսեց ինչ-որ անհասկանալի բաներ թոթովել ազնիվ Հրաչը:
- Գիտե՞ս, Հրաչ ջան, դու չափազանց լավ աշխատող ես, որ միայն բառերի հերթականությունը խառնելու համար ես քեզ գործից հանեմ, ախր չեմ կարող, չէ՞, ես առանց լավ աշխատողների…: Դրա համար էլ ես համբերատար կսպասեմ, մինչև դու կրկին բառերը իրենց տեղը կդնես ու կհարցնես, թե լա՜վ, էս իմ տեր իշխանը վերջը ի՞նչ նկատի ուներ,- ծիծաղեցի ես:
- Ներիր տեր իշխան,- իրեն հավաքեց Հրաչը,- ես քեզ ուշադիր լսում եմ:
- Ահա, հիմա արդեն կարելի է խոսել: Ասում եմ, Հրաչ հոպար, արի մի լավ խաղ խաղանք մեր գեղեցկուհու գլխին, հը՞: Ազնիվ, պարզ մանկական մի խաղ, բարդ բան չի կազմակերպելը: Նայիր, դու հավաքում ես մի քանի բարի դմբոների ու հենց վաղը, երբ մեր գեղեցկուհին լվացք անելուց կվերադառնա, քո դմբոները իբր կհարձակվեն նրա վրա և կցանկանան նեղել կնոջը…: Մի խոսքով հասկանում ես էլի…: Ոչ մի լուրջ բան, Հրաչ,- լրջացա ես,- կրկնում եմ, այդ կնոջ գլխից մի մազ իսկ չպիտի պակասի, այլ ուղղակի ցուցադրական ներկայացում: Դե իսկ վերջում հայտնվում եմ ես, իբր մի լավ ջարդ եմ տալիս քո դմբոներին և գեղեցկուհուն ուղեկցում եմ տուն: Հասկանալի՞ է:
- Պարզ է տեր իշխան,- թեթևացած ծիծաղեց Հրաչը,- հանգիստ եղիր հենց վաղը կկազմակերպենք: Առավոտ շուտ կգամ ու կտեղեկացնեմ…

… Հաջորդ օրն առավոտյան Հրաչը տեղեկացրեց, որ ընտրել է չորս հաղթանդամ ու բարի տղամարդկանց, որոնց դարան է մտցրել գյուղի մոտ: Մենք մեկնեցինք այնտեղ և Հրաչը ինձ ցույց տվեց, թե տղամարդիկ որտեղ են թաքնվել: Դրանից հետո ես բարձրացա հարմար մի ծառի վրա և սկսեցինք սպասել: Շուտով ես տեսա, թե ինչպես Նունեն կրկին հավաքեց գետափի քարերին փռված շորերը և դարսելով իր մեծ կողովի մեջ, ուղղություն վերցրեց դեպի գյուղ: Նունեն սկսեց մոտենալ այն տեղին, որտեղ իբր նրա վրա պիտի հարձակվեին, ես թռա ծառից, և այն է, արդեն պիտի վազեի նրա կողմը, մեկ էլ…

Ա՜յ քե՜զ բա՜ն: Տո Նունե, չէ, ասա մի կրակ: Դեռ առաջին տղամարդը մի քանի բառ չէր ասել, էս մեր Նունեն տարավ բերեց ու ոտքով շրմփացրեց խեղճի ոտքերի ուղիղ արանքը` գոտկատեղից մի քիչ ներքև: Սա տապալվեց և սկսեց ցավից գալարվել: Այդ ընթացքում մյուսն իբր ուզեց հետևից գրկել նրան, բայց Նունեն բռունցքով այնպիսի մի հարված իջեցրեց նրա աչքին, որ սա ևս աչքը բռնած միացավ գետնին թավալվող իր ընկերոջը: Ախր բանն այն էր, որ սրանք խիստ հրաման ունեին և չէին կարող որևէ բան անել: Իսկ այդ ընթացքում Նունեն շառաչուն մի ապտակ նվիրեց երրորդին ու ոտքի թաթով հարվածեց չորրորդի ուղիղ ծնկին: Դրանից հետո իմ դմբոներից մեկը ծունկը բռնած սկսեց ցատկոտել սկյուռիկի նման, իսկ մյուսը թուշը բռնած այնպես վախեցած նայեց, կարծես Նունեն կին չէր, այլ հսկա մի արջ:

Ես նման բան չէի տեսել: Չէ, ուղղակի ի վիճակի չէի զսպել ինձ: Նունեն, գետնին թավալվող երկու հաղթանդամ դմբո, ոտքը բռնած ու սկյուռիկի պես ցատկոտող ևս մեկը և թուշը բռնած ու վախեցած հայացքով Նունեին նայող չորրորդը: Բան չէր մնում անելու… ես էլ փորս բռնեցի և սկսեցի թավալվել ծառի տակ: Ա՜յ քե՜զ Նունե՜…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:09 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Երեկոյան Հրաչը կրկին եկավ մոտս ու մենք մի լավ ծիծաղեցինք` վերհիշելով այդ ամենը: Այս անգամ, սակայն ես որոշել էի գործել այլ կերպ: Հաջորդ օրը հագա իմ ամենալավ շորերը և կրկին իջա գետափ: Ես ողջունեցի արդեն գետից դուրս եկած Նունեին.

- Ա՜ա՜ա, հարգելի վաճառական,- ծիծաղեց Նունեն,- ինչ շուտ հարստացար:
- Գիտե՞ս, Նունե ջան, ախր հեչ ծիծաղելու տեղը չէ, է,- տխուր տեսք ընդունեցի ես,- իմ լավ բարեկամներիցս մեկը, մի խոսքով մարդ, որին ես սիրում եմ կարծես ինքս ինձ, ծանր հիվանդացել է,- սկսեցի ես:
- Ինչ է եղե՞լ, որ,- անհանգստացավ Նունեն:
- Հենց բանն էլ այն է, որ մինչև վերջերս չգիտեինք` նրա հետ ինչ է կատարվում: Քայլում է, կարծես թե նորմալ է, սակայն տխրում է, զրկվել է քնից և նիհարել է: Ես վախենում, եմ, որ եթե այսպես շարունակվի…,- ես տխուր տեսքով օրորեցի գլուխս:

Նունեն դուրս եկավ գետից, քամեց փեշերն ու անհանգստացած նայեց ինձ: Ես շարունակեցի.
- Տասնյակ բժիշկներ են քննել նրան, սակայն ոչինչ չկարողացան ասել, և ահա միայն մեկը երեկ ի վերջո որոշեց նրա հիվանդությունը և ասաց, թե որտեղից դեղը ձեռք բերեմ, ավելի ճիշտ մատնանշեց, թե ում մոտ կարող է լինել այդ դեղից:
- Եվ ում մո՞տ,- հետաքրքրված ավելի մոտեցավ Նունեն:
- Մի րոպե հիշեմ…: Ուրեմն բժիշկն ասաց այսպես… Ես ընդամենը փոխանցում եմ նրա խոսքերը, հասկանո՞ւմ ես:
- Դե…,- չդիմացավ Նունեն:
- Մի խոսքով, բժիշկն ասաց,- լուրջ-սգավոր տեսքով շարունակեցի ես,- որ այդ դեղը կարող է գտնվել միայն… չէ՜, չեմ կարող բարձրաձայն ասել ում մոտ է այդ դեղը և ինչպիսին: Արի մոտիկ ականջիդ ասեմ…

Նունեն մոտեցավ ինձ: Ես նրա ականջին շշնջացի.
- Բժիշկն ասաց, որ այդ երիտասարդը նետահարվել է մի չքնաղ գեղեցկուհու անտեսանելի նետով և հիմա միակ բուժումը այդ գեղեցկուհու մոտ է: Անհրաժեշտ է, որ այդ գեղեցկուհին ուղղակի շփի իմ բարեկամի մեջքը…

Նունեն խայթվածի պես հետ թռավ:
- Ինչպե՞ս չես ամաչում,- շրթունքները նեղացրած ուռեցրեց նա:
- Չէ, ես ճիշտ եմ ասում,- նույն տոնով շարունակեցի ես,- հա, մոռացա ասել…: Բժիշկը, կարծես նախատեսելով, որ հնարավոր է այդ գեղեցկուհին չցանկանա միանգամից իրականացնել բուժումը, սկզբի համար առաջարկեց յոլա գնալ գոնե նրանով, որ այդ գեղեցկուհին իմ սրտին այդքան հարազատ երիտասարդի հետ… չէ, չէ, շատ բան չէ՜,- ծիծաղեցի ես` տեսնելով, թե ինչպես Նունեն արագորեն ձեռքն առավ զամբյուղը,- իսկականից եմ ասում, շատ բան չէ…: Հասկանո՞ւմ ես, ուղղակի այս մեր երիտասարդը վախենում է սկյուռիկի որսի գնալ և ահա… իմաստուն բժիշկը առաջարկեց, որ նրան այդպես հզոր կերպով նետահարած գեղեցկուհին ուղղակի ուղեկցի այս երիտասարդին որսի ընթացքում: Շատ բան չի, չէ՞,- մի կերպ ծիծաղս պահելով` սակայն հավատարիմ մնալով իմ տոնին ասացի ես,- Նունե ջան, եթե ընդունեիր նրա հրավերը, չէ՜, նրանից երջանիկ մարդ աշխարհում չէր լինի…
- Դե լա՜վ,- ծիծաղեց Նունեն,- եթե միայն որսի և եթե միայն այդ վախկոտ երիտասարդին ուղեկցելու համար…: Լա՜վ, քո խաթր միայն, համաձայն եմ:
- Այդ դեպքում, գեղեցկուհի Նունե, վաղը առավոտյան շուտ, արևը ծագելուն պես այդ երիտասարդը կլինի այստեղ` աղեղով և նետերով:
- Ես էլ դատարկաձեռն չեմ գա,- ծիծաղեց Նունեն,- զգուշացրեք այդ երիտասարդին, որ իմ նետերը շատ սուր են: Այսինքն նա պետք է, որ մի անգամ արդեն զգացած լինի…

Մենք ծիծաղեցինք: Ես ուղեկցեցի Նունեին մինչև գյուղի ծայրը և վերադարձա Ալկիքար:

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:09 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Հաջորդ օրը ծեգը ծեգին վեր կացա, հագնվեցի պատշաճ կերպով, ընտրեցի աղեղներիցս ամենալավը, նետերի կապարճը կապեցի աջ կողքիցս և ուղևորվեցի դեպի ժամադրավայր: Արևածագի հետ միաժամանակ երևաց նաև Նունեն: Այս անգամ նա ինձ ընդհանրապես չքնաղ թվաց: Առաջ ես տեսել էի նրան միայն սովորական ու թրջված շորերով և մազերն անփույթ հավաքած: Իսկ այժմ ամեն ինչից զգացվում էր, որ նա ըստ արժանավույնի է պատրաստվել հանդիպմանը: Չէ, նրա գեղեցկությունից ես իրոք մնացել էի շլացած: Այս անգամ Նունեն էլ իրեն ավելի լուրջ էր պահում:

Մենք ողջունեցինք իրար և շարժվեցինք դեպի անտառները: Ես կարծես թե մոռացել էի մեր զբոսանքի նպատակը: Նայում էի Նունեին և չէի կարողանում կշտանալ նրա գեղեցկությունից: Կողքիցս կարծես քայլում էր երկնքից իջած Աստղիկ աստվածուհին, իր աղեղով և նետերի կապարճով, ինչպիսին ես նրան պատկերացնում էի դեռևս այն ժամանակ, երբ մի անփորձ պատանի էի: Իսկ Նունեն միայն ծիծաղում էր, ժպտում իր հմայիչ աչուկներով և երբեմն պատասխանում մի քանի բառով: Մենք զբոսնեցինք բավականին երկար, իսկ հետո ես ի վերջո մի նապաստակ նետահարեցի և մենք տեղավորվեցինք ճաշելու: Նունեն արագորեն մաշկեց նապաստակը: Շուտով այն արդեն պատրաստ էր…
Օրվա երկրորդ կեսին մենք մոտեցանք մի ճահճոտ տեղանքի, որտեղ շատ էին բադերը: Ես առանց դժվարության նետահարեցի մեկին, սակայն այն ընկավ շատ անհաջող` ուղիղ հեռավոր եղեգների մեջ: Ես պատրաստվեցի ջուրը մտնել:

- Մի գնա,- հանկարծ անհանգստացած տոնով ձեռքս բռնեց Նունեն,- այստեղ վտանգավոր ճահիճներ են: Վերջերս մեր որսորդներից մեկը ջուրը մտավ և խեղդվեց: Իսկ ով որ ծանոթ չի այս ջրերին, նա հաստատ դեպի մահ կգնա:
- Դե լա՜վ, Նունե ջան,- ծիծաղեցի ես,- սա ի՞նչ է…
- Չէ, չէ, մի գնա,- կրկին ուսիցս կախվեց Նունեն,- մի գնա, հա՞, փոքրիկ խնդրանք է, մի՞թե քեզ համար դժվար է իմ փոքրիկ խնդրանքը կատարել:
- Չէ, իհարկե չէ, Նունե ջան, ես չեմ գնա,- հետ կանգնեցի ես:
- Մի անհանգստացիր, քո բադը վաղն առավոտյան արդեն ամրոցումդ կլինի,- հանգստացած ծիծաղեց Նունեն:

Մենք հեռացանք ճահիճներից: Հանկարծ Նունեն լարեց աղեղը և նետ արձակեց ծառի վրա վազվզող սկյուռիկի վրա: Սակայն նա վրիպեց և նետը կորավ սաղարթների խորքում: Նունեն դարձավ դեպի ինձ:
- Նետիս ծայրակալը երկաթից էր, ափսոս է, մի քիչ սպասիր գտնեմ գամ, հա՞:
- Պետք չի,- ծիծաղեցի ես,- ես քեզ հարյուրավոր նետեր կտամ, ի՞նչ կարիք կա…,- զարմացա ես:
- Չէ, ես իմն եմ ուզում, արի գտնենք, էլի՜,- Նունեն այնպես թախանձագին էր նայում աչքերիս, որ ես համոզվեցի:

Մենք սկսեցինք ծառի շուրջը փնտրել կորած նետը և ես նույնիսկ բարձրացա ծառի վրա` այն գտնելու հույսով: Նետը իրոք իր համար հանգիստ խրված էր ծառի բնին: Ես վերցրեցի այն և իջա ներքև, սակայն Նունեն չկար: Ես սկսեցի սպասել, քանի որ անիմաստ էր անտառում նրան որոնել: Զգալով, որ սպասումս երկարում է, ես սկսեցի դիտարկել ծառերի շուրջը ցրված մեր հետքերը: Ի վերջո գտա Նունեի հեռացող հետքը և այն է, պատրաստվում էին գնալ դրանով, երբ հանկարծ լսեցի.
- Դու ինչ որ բա՞ն ես կորցրել:

Ես ուղղվեցի և տեսա Նունեին, որը թեթևակի կարմրել էր, իսկ մազերը թաց էին: Նունեն ձեռքին բռնել էր իմ խփած բադը: Ես զարմացած նրան մեկնեցի իր նետը.
- Այ դու նետաձիգ Աստղիկ,- արագորեն ուշքի եկա ես,- ուրեմն ամենևին էլ նետդ չէր, հա՞, մտահոգությունդ:
- Իհարկե, սա ի՞նչ է,- ծիծաղեց Նունեն` անփութորեն նետը խրելով կապարճը,- ուղղակի այստեղի ճահիճները իրոք շատ վտանգավոր են և չիմացող մարդը հեշտությամբ կքաշեն…
- … և քո նպատակը միայն ինձ ջրից հեռացնե՞լն էր:
- Իհարկե,- ծիծաղեց Նունեն,- ի՞նչ է, քո աչքի առա՞ջ պիտի հանվեի: Հոսանքը մի քիչ ներքև անվտանգ է, այնտեղից էլ հասա քո բադին,- ժպտաց Նունեն,- բարդ բան չէր:
- Վայ ափսո՜ս…, ինչ բաց թողեցի: Այ թե մի հետքերովդ գայի, ինչ աննման տեսարան կտեսնեի,- ծիծաղեցի ես:
- Դե լա՜վ,- կարմրեց Նունեն:
- Չէ, իրոք, նետդ արդեն գտել էի ու գալիս էի,- շարունակեցի Նունեի հետ խաղալ, սակայն հոգուս խորքում գոհ էի, որ Նունեն այդպես հոգացել էր իմ մասին:
- Վերջ տուր, Հայկ,- աչքերիս նայելով շշնջաց Նունեն:

Ինձ նայող այդ հայացքում այնքան սեր, հոգատարություն և կանացի քնքշանք կար, որ ես ինձնից անկախ, կարծես մի անհաղթահարելի ուժից մղվելով շոյեցի Նունեի մազերը, որոնք խռնվել էին և թափվում էին դեմքի վրա: Նունեն չդիմադրեց, այլ կարծես ավելի ամուր սեղմվեց ձեռքիս և կամացուկ դողղաց: Ես երկու ձեռքով վերցրեցի նրա գլուխն ափերիս մեջ, նայեցի եղնիկի աչուկների պես հմայիչ աչքերին և համբուրեցի դրանք: Արդեն մոտենում էր արևամուտը: Ես դողղացող Նունեին առա գիրկս և պառկեցրեցի փափուկ մամուռների վրա: Նունեի հայացքը կարծես աղաչում էր, որ ես իրեն հագիստ թողնեմ, սակայն կանացի բնույթը նրան ստիպում էր դողղալ և ավելի սեղմվել երեսը շոյող իմ ձեռքերին: Ի վերջո իմ ձեռքերն իջան ներքև, հետո ավելի ներքև…: Նունեն սկսեց արագ-արագ շնչել և նրա հայացքի պաղատանքն աստիճանաբար կորավ: Դրա փոխարեն հայտնվեց սիրելու և սիրվելու, սիրած տղամարդուն իր սերը պարգևելու և նրանից սեր ստանալու, սիրելիին երջանկացնելու և նրանից երջանկություն ստանալու մի զուտ կանացի փայլ, որն այդ սևուկ աչուկներին աննկարագրելի մի հմայք տվեց: Ես նետեցի վրայիս հանդերձները և անհագուրդ կերպով սկսեցի վայելել արդեն լիովին մերկ վիճակում մամուռների պառկած և սիրո կրքին հանձնված Նունեի չքնաղ մարմինը: Ժամանակը կարծես թե կանգ առավ…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:11 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Ալիկքարում ընթացող իմ կյանքը լցվեց նոր գույներով, քանի որ հենց հաջորդ օրը Նունեն տեղափոխվեց ամրոց: Ամրոցի պարզ և ռազմական ճամբարի նմանվող կյանքը աստիճանաբար սկսեց վերափոխվել: Նունեի հայտնվելով այն լցվեց գույներով, կյանքի հորձանքով և ուրախությամբ: Ես վարձեցի նաժիշտններ, որոնք պետք է սպասարկեին նրան: Մեր համատեղ կյանքի ընթացքում ես ավելի ու ավելի էի սկսում սիրել իմ Նունեին: Ախր իմ երկարատև կյանքի ընթացքում ես երբեք չէի զգացել կանացի հոգատարություն, չէի իմացել, թե ինչ հաճելի բան է, երբ սիրածդ կինը հոգ է տանում քո մասին:

Իսկ այժմ իմ կյանքը կարծես լիովին նոր հուն էր մտել և ես վայելում էի նրա` նախկինում ինձ անծանոթ, սակայն խիստ հաճելի բույրերը: Պետք է ասել նաև, որ ամրոց տեղափոխվելուց հետո Նունեն իրոք գտավ իրեն: Նա կարծես նախատեսված էր հենց այս կյանքի համար:

Նունեի բնածին խելք ու կանացի դիտողականությունն ինձ մի յուրօրինակ օժանդակություն էին, քանի որ ես, որպես տղամարդ, հաճախ ուշադրություն չէի դարձնում բազմաթիվ մանրուքների վրա, որոնք սակայն նկատում էր նա: Նունեն կարգի բերեց իմ հանդերձարանը, պատրաստել տվեց, իսկ մասսամբ էլ ինքը պատրաստեց գեղեցիկ հանդերձներ, հատուկ պատվարժան հյուրերի համար ձեռք բերեց արժանավայել սպասքեղեն և կահավորել տվեց ամրոցի սենյակները: Մի խոսքով, Նունեն դարձել էր իմ հարազատ կողակիցը և իմ սիրելի օգնականը բոլոր կենցաղային հարցերով: Պետք է ասել նաև, որ նա արագորեն սկսեց յուրացնել իշխանուհուն պատշաճ վարքուբարքը և ինքն իր վրա մշտապես աշխատելով, շուտով, ես վստահ էի դրանում, գերազանցեց շատ տոհմիկ իշխանուհիների…

Իսկ ես ինքս ինձ հատկապես ուրախանում էի նրանով, որ չնայած այս ամենին, չնայած նրան, որ Նունեն պահպանում էր իշխանուհուն վայել վարքագիծ և երբեք թույլ չէր տա, որ մեր տունը դառնա յուրաքանչյուրի համար հասանելի կամ սովորական մի տարածք, այնուհանդերձ շարունակում էր սիրալիր կերպով շփվել ծառաների հետ, իսկ երբեմն էլ ցերեկներն իջնում էր գյուղ…: Հատկապես հպարտ էի ևս մի բանի համար: Ես հաճախ էի բացակայում ամրոցից կամ նույնիսկ ընդհանրապես` նահանգից, և այս դեպքում արդեն կարող էի Նունեիս լրիվ հանգիստ թողնել իմ փոխարեն: Նա հիանալի կառավարում էր ամրոցը և կալվածքները…

Այսպես անցավ որոշ ժամանակ: Սկսվեց աշունը և ես ողջ նահանգում պատշաճ կերպով կազմակերպեցի բերքահավաքի ու հարկահավաքի աշխատանքները: Իսկ հետո եկավ Կորճայքի խստաշունչ ձմեռը, երբ փակվեցին բոլոր ճանապարհները և կյանքը կարծես ինքն էլ սառեց: Գարնանը ողջ թափով վերսկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք այդ ժամանակ ահագին առաջ էին գնացել: Ես ուրախանում էին… իմ հողապատկերի վրա արդեն քանիերորդ փոքրիկ բերդն էի ամրացրել, որոնց շարքը վերջանում էր մեծ ամրոցով…: Իհարկե, սա շատ լավ էր…: Այս ձևով շարունակելու դեպքում հաջորդ տարի արդեն կարելի կլիներ կայազորները տեղադրել բերդերում և ամրոցներում:

Գարնան հետ սկսեցին գալ նաև նորանոր լուրեր` հետաքրքիր, սակայն հաճախ նաև անհանգստացնող: Ինձ հասնող տվյալներն ասում էին, որ հենց վերջերս Լագաշում [1] իշխանության է եկել և լուգալ է դարձել ոմն Ուրուինիմգինա [2]: Սա սկսել է կիսատ պռատ վերափոխումներ իրականացնել` նպատակ ունենալով թեթևացնել իր հպատակների վիճակը և ուժեղացնել իր պետությունը: Սակայն դեռ դրանք չվերջացրած, այս Ուրուինիմգինա շտապել էր պատերազմ հայտարարել Լուգալզագիսին…

__________________
[1] Քաղաք հարավային Միջագետքում` Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան ափին:
[2] Լագաշի լուգալը, որը կառավարեց մ.թ.ա. 2316-2311 թթ.:

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:11 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Անցավ ևս երկու տարի: Իմ կալվածքներում տիրում էր կարգ ու կանոն և գործերը հիանալի էին ընթանում: Արդեն վաղուց վերջացել էր ամրոցաշինությունը և փոքր բերդերում ու մեծ ամրոցներում տեղավորվել էին կայազորներ` փորձառու և ստուգված հրամանատարների ղեկավարությամբ: Ես կամ իմ ուղարկած մարդիկ ամեն ամիս շրջագայում էին բերդերի համակարգերում և ստուգում, որ ամեն ինչ նորմալ լինի: Երբեմն նույնն էին անում նաև սպարապետ Վահեի ուղարկած մարդիկ…

Ես մշտական կապ էի պահպանում սպարապետ Վահեի հետ և նրան տեղեկացնում ինձ մոտ տիրող իրավիճակի և Միջագետքից հոսող լուրերի մասին:

Մանկատներում ևս իրավիճակը սպասվածից լավ էր: Հակառակ իմ վատատեսական պատկերացումների` բոլոր զույգերն էլ արդարացրեցին իրենց վրա դրված հույսերը: Շուտով կարելի կլիներ արդեն երեխաներին բերել Կորճայք: Ես նրանց համար, որպես մարզման և տեղակայման վայր, որոշել էի տրամադրել Ջլմայր բերդի շրջակայքը: Իհարկե, հետագայում ես այդ բերդում իրականացվող ծառայությունը լիովին կհանձնեմ նրանց: Ընդհանրապես ես պատրաստվում էի այդ երեխաների մեծանալուց հետո նրանցից ստեղծել Կորճայքի մշտական մի բանակ: Տարիների փորձը ցույց տվեց, որ իրոք, տարեկան մանկատներում հավաքվում է մոտ հինգհարյուր երեխա` աղջիկ և տղա: Այսպես շարունակելու դեպքում մի քանի տասնամյակ հետո կարելի կլինի արդեն հավաքել, հաշվից հանելով աղջիկներին, որոնք ամեն դեպքում չէին կիրառվի ուղղակի ռազմական նպատակներով, ինչպես նաև հեռացողներին և այլ հանգամանքներ, մոտ մեկ բյուր ընտիր ռազմիկների, որոնք ամեն տարի կհամալրվեն նորերով...

Ես խիստ ուշադրության կենտրոնում էի պահում նաև Հատուկ գունդը, քանի որ առայժմ այն էր Կորճայքի իմ բանակի հիմքը: Ես հաճախ էի գնում Հատուկ գունդ և ստուգում նրա մարտունակությունը: Նրա թիվը ես շատացրել էի և հասցրել երկուհազարի: Արդեն հավուր պատշաճի գործում էին նաև հարյուրյակները` “Դաշույն”-ը և “Աղվես”-ը: Ես բավարարված էի նրանց մարտիկների մարտական վիճակով և պատրաստվածությամբ: Գոհ էի նաև այն բանից, որ Սևակի հարցում իրոք չեմ սխալվել: Խիստ և պահանջկոտ իր ռազմիկների նկատմամբ` նա երբեք ավելորդ խստությունների չէր դմում և ռազմիկները նրան շատ էին սիրում: Հատկապես նրան հարգում էին այն բանի համար, որ Սևակը երբեք չէր պահանջի իր ռազմիկներից այն, ինչ ինքը ի վիճակի չէր անելու: Չնայած իմ “Դաշույն”-ում հավաքված էին ամենաճարպիկ, ուժեղ և նվիրված ռազմիկներս, սակայն մի բան անվիճելի էր: Նրանց ղեկավարում էր իմ լավագույնների լավագույն ռազմիկը` Սևակը: Ես անկեղծորեն կապվեցի ու սիրեցի Սևակին` նրա անկեղծության, պարզ հայրենասիրության, նվիրվածության, ազնվության և քաջության համար: Ժամանակի և բավարար ծառայությունների համար ես արդեն պատրաստ էի նրան արիայի կոչում շնորհել, բայց դա արվում էր միայն պատերազմի ժամանակ: Իսկ առայժմ սահմաններում հանգիստ էր և ոչ մի ընդհարման մասին խոսք լինել չէր կարող, թեև ապագան ավելի ու ավելի սպառնալից էր դառնում…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:11 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Շուտով սկսեցին լուրեր հասնել, որ Ուրուինիմգինան, ցանկանալով վերջ տալ մանր պատերազմին, խոշոր բանակ է հավաքել և արշավանք է սկսել Լուգալզագիսի դեմ: Սկզբում հաջողությունը նրա կողմն էր, սակայն արդեն հաջորդ տարի Լուգալզագիսը պատասխան հարվածով նրան հետ շպրտեց մինչև Լագաշ: Իսկ արդեն մյուս տարի Լուգալզագիսը խոշոր ուժերով մոտեցավ Լագաշին և, հենց նրա պատերի տակ գլխովին ջախջախելով Ուրուինիմգինային, մտավ քաղաք ու հիմնովին ավերեց այն: Ուրուինիմգինան, որն իրեն սիրում էր հորջորջել "Գիրսուի բարի տիրակալ" տիտղոսով, ըստ ամենայնի զոհվել էր, այսպիսով իր անմիտ կառավարմամբ կործանման հասցնելով սեփական պետությունը:

Պետք է ասել, որ իմ գործակալներն այս պատերազմի ժամանակ ինձ մանրամասն զեկուցում էին նաև կողմերի ռազմական մարտավարության մասին: Ես առաջ էլ մի քիչ պատկերացում ունեի այդ ամենի մասին, իսկ այժմ, ստացված տվյալների լույսի տակ, ամեն ինչ ավելի հասկանալի էր դառնում:

Պարզվեց, որ միջագետքյան քաղաք-պետությունների բանակները սովորաբար կիրառում են միատեսակ մարտավարություն: Նրանց հետևակ բանակը շարվում էր մի մեծ ուղղանկյան ձևով, որի առաջին շարքերում, շարվում էին իմ` Ուրուկում տեսած հսկայական վահանների նման վահաններով զինված և կարճ նիզակներ ու թրեր ունեցող հաղթանդամ ռազմիկներ: Սրանց հետևում էին աստիճանաբար երկարող նիզակներով նիզակակիրների շարքերը: Այս արհեստավարժ ռազմիկների հետևում տեղավորվում էր անկանոն աշխարհազորը, իսկ թևերից ընթանում էին էշեր լծված քառանիվ մարտակառքերը, որոնցից իրականացվում էր նետաձգություն և տեգահարում:

Այս բոլորը պարզելուց հետո էր, որ ես մեկնեցի Հայկաշենի մոտ գտնվող սպարապետի ռազմակայան և զեկուցեցի սպարապետ Վահեին և նրա զորականներին այս ամենի մասին` չմոռանալով մատնանշել նման բանակի ակնհայտ թերությունները.

- Նման մարտակարգը,- ասացի ես` ցույց տալով սեղանին շարված մանր և նկարագրված ձևով շարված զինվորիկներին,- նախատեսված է հարթավայրերում ուղիղ մարտ վարելու համար և բարեբախտաբար այնքան էլ պիտանի չէ մեր լեռներում կիրառելու համար: Սրա ուժեղ կողմը հակառակորդի շարքերին հզոր-ճակատային հարված հասցնելու մեջ է, սակայն թուլությունն էլ, որ բխում է հենց դրանից, կայանում է նրանում, որ սրանք խիստ անշարժունակ են և անպաշտպան հատկապես թևային հարվածներից:
- Իրոք,- ինձ ընդհատեց սպարապետ Վահեն,- նայեք,- նա դարձավ իր զորականներին,- մենք այս մասին խոսել ենք…: Եթե նույնիսկ փոքրիկ մի ստորաբաժանում հարվածի սրանց թևից, օրինակ այս կողմից, այն իր ողջ կազմով կկռվի միայն շարք կանգնած հակառակորդի մի քանի ռազմիկների դեմ ու մինչև այս շարքը,- սպարապետ Վահեն ցույց տվեց առաջին շարքի վահանավորներին,- կարողանա ճակատային մասով ուղղվել թևից մոտեցած թշնամու դեմ, չնայած ես կասկածում էլ եմ, որ կկարողանա, սակայն նույնիսկ այդ դեպքում էլ արդեն բավականին կորուստներ կրած կլինի:
- Մասսամբ նման հանգամանքեր հաշվի առնելով է, տեր սպարապետ,- շարունակեց ես,- որ թևերում տեղավորվում են մարտակառքերը, սակայն դա ևս լիովին չի լուծում խնդիրը: Ասեմ նաև,- շարունակեցի ես,- որ սրանց բանակի թուլությունն է նաև նետողական ստորաբաժանումների գրեթե լիակատար բացակայությունը, որը բացատրվում է նրանով, որ Միջագետքում անհրաժեշտ փայտանյութը աղեղների համար խիստ սակավ է և թանկ: Նետաձիգներ և տեգավորներ կան միայն մարտակառքերի վրա ու հատուկենտ վիճակում` անկանոն աշխարհազորի մեջ: Սակայն դա ակնհայտորեն հերիք չի: Օրինակ իմ Հատուկ գնդում նետաձիգները կազմում եմ ռազմիկների ուղիղ կեսը և սրանց հետ ընդհարվելու դեպքում իմ նետաձիգներն ի վիճակի կլինեն մի լավ հասցնել սրանց մռութին,- ծիծաղեցի ես:
- Շատ լավ է, իշխան Հայկ,- գոհունակությամբ գլխով արեց սպարապետ Վահեն,- մենք ևս մասսամբ ապահովված ենք տեղեկատվությամբ, սակայն դու շատ հստակ ու համակարգված ես ներկայացնում ամեն ինչ: Շարունակիր նույն կերպ: Ի դեպ, ինչպե՞ս են ձիերը:
- Վատ են, տեր սպարապետ,- տխրությամբ գլուխս օրորեցի ես,- ոչ մի կերպ չի հաջողվում ստիպել դրանց սերունդ տալ: Կարծես ազատության համար ստեղծված այդ կենդանիները անազատության մեջ չեն ուզում բազմանալ: Ես հետս բերել եմ իմ ամրոցում եղած զույգը և ցանկանում եմ այն հաձնել քեզ: Գուցե քո ձիապանները կարողանան ինչ-որ բան անել,- ձեքերս պարզեցի ես:
- Լավ, մենք դեռ կտեսնենք` ինչ կարելի է անել,- գլուխն օրորեց սպարապետը…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:11 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

*

Ես վերադարձա իմ կալվածքները և նորից խորամուխ եղա ընթացիկ գործերի մեջ: Շուտով սկսվեցին ստացվել հսկայական կարևորություն ունեցող լուրեր: Իմ գործակալները ինձ հայտնեցին, որ Շարուքենը մի շքեղ պատգամավորություն է ուղարկել Լուգալզագիսի մոտ և առաջարկել է նրան իրեն կնության տալ Լուգալզագիսի աղջիկներից մեկին ու փոխօգնության դաշինք կնքել: Սա արդեն շատ լուրջ էր, եթե հանկարծ այս երկու պետությունները միավորվեին, կստացվեր չափազանց ուժեղ մի պետություն: Ես արդեն պատասխան միջոցների մասին էի մտմտում:

Այս հոգսերի մեջ էի, երբ ինձ զեկուցեցին, որ մի միջագետքցի վաճառականի քարավան է մտել Կորդրիք: Դրան անմիջապես հաջորդեց մեկ այլ լուր: Վաճառականին կոչում են Էնենտարզի, իսկ քարավանը գաղտնի կերպով տեղափոխում է ցորենի պարկերի մեջ պահված մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Ես հրամայեցի ուշադիր ուղեկցել քարավանը և Ալկիքար հասնելուց հետո այն տեղավորել գյուղակի պահեստներում, իսկ վաճառականին բերել ամրոց: Երեկոյան կողմ ինձ հայտնեցին, որ վաճառականն արդեն գյուղակում է: Ես դուրս եկա աստիճանահարթակ: Շուտով խփեցին թմբուկը և ամրոցի փոքրիկ դուռը բացվեց: Ես սովորական սուր զգացումն ունեցա, որը լինում էր, երբ ես ու Մենեսը մոտենում էինք իրար: Իրոք էլի.

- Մենե՜ս,- ուրախացած բացականչեցի ես,- այ ում էի կարոտում այսքան ժամանակ:
Բարեկամս արագորեն բարձրացավ աստիճանահարթակ և մենք ուժեղ գրկախառնվեցինք:
- Հայկ ջան,- ձայնն իջեցնելով շշնջաց Մենեսը,- իմ քարավանը… ախր այնտեղ միայն ցորեն չէր…
- Տո այ քուրմ,- ծիծաղեցի ես,- մի՞թե դու լրջորեն կարծում էիր, թե կարող ես մի ամբողջ քարավան մտցնել իմ տիրույթները և ես չիմանամ, թե մեջն ինչ կա,- ես թփթփացրի բարեկամիս ուսին,- մի անհանգստացիր, հենց այս գիշեր ցորենդ կլինի ամրոցիս ամենալավ փակվող և… հա՜,- ծիծաղեցի ես` հիշելով ազնվասիրտ Պերճին,- չմոռանամ նշել` ամենաչոր սենյակներից մեկում: Մի անհանգստացիր, ցորենդ չի ծլի…

Արդեն ուշ էր, իսկ բարեկամս էլ բավականի հոգնած: Ես հրամայեցի մի լավ բաղնիք պատրաստել, որից հետո Մենեսին տեղավորեցի պատվարժան հյուրերիս համար նախատեսված սենյակում…

Հաջորդ առավոտյան ես վաղ արթնացա և իջա ամրոցի բակ: Ընթացիկ գործերով էի զբաղված, երբ աստիճանահարթակի վրա երևաց Մենեսը: Ես վերջին հրահանգները տվեցի, որից հետո բարձրացա նրա մոտ.
- Բարի լույս, եղբայր,- ժպտացի ես,- ո՞նց ես քնել գիշերը:
- Հիանալի, վաղուց այսքան հարմար անկողիններ չէի տեսել: Հաստատ կարող եմ ասել, որ սրանք քո ձեռքի գործը չեն:
- Իհարկե, ես ինչպես և առաջ, հեռու եմ նման բաներից: Այստեղի տիրուհին է նման հարմարություններ ստեղծում իմ և իմ հյուրերի համար: Երեկ արդեն ուշ էր, սակայն այսօր ես առիթը բաց չեմ թողնի ներկայացնելու քեզ իմ Նունեին:
- Այ տղա, ինչ-որ շուտ մոռացար Բառնամատռային,- ծիծաղեց Մենեսը:
- Ս՜ս՜ս,- ձայնս իջեցնելով ծիծաղեցի ես,- իմ մութ անցյալն այստեղ ոչ-ոքի հայտնի չէ: Արի բարձրանանք աշտարակը, ես այնտեղ մի լավ ամպհովանի ունեմ, արդեն հրամայել եմ նախաճաշն այնտեղ տալ: Այնտեղից շրջակայքի հիանալի տեսարան է բացվում…

Автор:  Lion [ 21 июн 2012, 23:12 ]
Заголовок сообщения:  Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Մենք արդեն սկսել էինք նախաճաշը, երբ ներս մտավ Նունեն: Ես իհարկե նախապես տեղեկացրել էի նրան ուշ գիշերով ժամանած հյուրի, որպես իմ լավագույն բարեկամի մասին: Ինչպես միշտ իր անթերի հանդերձների մեջ շողալով և փայլելով իր հմայքով ու գեղեցկությամբ` ներս մտավ Նունեն և նրբագեղորեն ողջունեց մեզ: Ես ոտքի կանգնեցի.
- Մենես ջան, ուզում եմ քեզ ներկայացնել իմ կնոջը, հավատարիմ կողակցիս և կյանքիս անփոխարինելի ուղեկցին, իմ թանկագին Նունեին: Նունե ջան, սա էլ իմ ընկեր Մենես է: Ես նրա մասին պատմել եմ… ժամանակին իրար հետ շատ ենք չափչփել Միջագետքը,- ծիծաղեցի ես:

Նունեն թեթևակի և նրբագեղորեն խոնհարվեց: Ինչ վերաբերվում է Մենեսին, ապա սա այնպիսի մի փքուն, զուտ եգիպտա-միջագետքյան պալատներում հղկված շարժուձևով և հումորով խոնհարվեց ու ներկայացավ, որ Նունեն ծիծաղեց: Մենեսը ևս չկարողացավ պահել լրջությունը:
- Լավ է, լավ,- ես էլ ծիծաղեցի,- իրականում, Մենես ջան, մեզ մոտ ամեն ինչ ավելի պարզ է:
- Հայկ ջան,- դարձավ ինձ Նունեն,- եթե դեմ չես լինի, ես ձեզ մենակ կթողնեմ, մանր-մունր գործեր ունեմ: Իսկ դուք կարող եք ձեզ ազատ զգալ:
Նունեն իջավ ներքև, իսկ ես դարձա Մենեսին.

- Դեհ, եղբայր, պատմիր տեսնենք, ի՞նչը քեզ բերեց մեր կողմերը:
- Ինչը ինձ բերե՜ց,- մտախոհ վրաս նայելով ձգեց Մենեսը,- կարևոր իրադարձությունները, Հայկ, շատ կարևոր իրադարձություններն էին, որ ինձ ստիպեցին ուղղություն վերցնել դեպի հյուսիս: Հիշո՞ւմ ես, մի քանի տարի առաջ ինչ էինք մենք մտածում այս ամենի մասին: Դժբախտաբար այդ ամենը ճիշտ դուրս եկավ և Ուրուկում իմ մնալն արդեն դարձավ աննպատակահարմար: Ես էլ հիշեցի, որ ժամանակին մի լեռնեցի մեծ-մեծ խոստումներ էր տալիս…
- Հա՜ա՜,- ընկերոջս նայելով ձգեցի ես,- իրո՜ք, որոշ բաներ ականջիս հասել է, բայց դե ես հեռու՜, իմ համար լեռներում նստած, ի՞նչ իմանամ` ինչ է կատարվում հարավում,- չքմեղացա ես:
- Տո այ լեռնեցի,- թարս-թարս նայեց վրաս Մենեսը,- դու ես, հա՞, քեզ համար անտեղյակ նստած: Ինչ գիտեմ, բոլորը խոսում են Կորճայքի իշխան Հայկի մասին…
- Եվ ի՞նչ են ասում բամբասել այդքան սիրող մարդիկ,- նույն տոնով շարունակեցի ես:
- Առանձնապես ոչինչ, ուղղակի ասում են, որ Կորճայքի երիտասարդ իշխանը ամրացնում է իր նահանգը և սրում է իր թրերն ու նիզակածայրերը,- ծիծաղեց Մենեսը:
- Չհավատաս, եղբայր,- ալարկոտ տոնով հորանջելով` ասացի ես ու գլուխս թափ տվեց,- չհավատաս, հաստատ բան եմ ասում: Ես ապրում եմ ամենասովորական մի գավառացու պես, իսկ զենքերից էլ պահում եմ ընդամենը միայն ծառից կտրված հաստ մի դագանակ…

Այս խոսքերս ու երևի հատկապես դեմքիս միամիտ արտահայտությունն այն աստիճան զվարճացրին բարեկամիս, որ նա պայթեց հզոր մի հռհռոցով: Չկարողանալով ինձ զսպել` ես էլ հետևեցի նրան.
- Լավ, կատակը իհարկե կատակ,- մի կերպ ուշքի եկա ես,- բայց հիմա ավելի լուրջ: Իրոք, Մենես, ես ամրացնում եմ նահանգը և կարգի եմ բերում իմ զինական ուժերը, քանի որ ուժե՜ղ, ու՜ու՜ու՜, ի՜նչ ուժեղ քամի եմ զգում հարավից: Ու սովորականին հակառակ, քամին այս անգամ շատ սառն ու տհաճ է լինելու...
- Այ դա ուրիշ բան է, այ նոր ճանաչեցի քե՜զ, թե չէ գավառացի՜, դագանա՜կ…: Լսիր, Հայկ, տեղյակ ե՞ս վերջի իրադարձությունների մասին:
- Մասամբ,- պատասխանեցի ես,- լսել եմ որ Շարուքենը Լուգալզագիսին առաջարկել է դաշինք կնքել: Մեր մեջ ասած դա ինձ խիստ անհանգստացնում է և ես առայժմ չգիտեմ, թե ինչպես կարելի է դրան խանգարել:
- Ինձ էլ էր անհանգստացնում, Հայկ ջան, քանի որ այդ դեպքում կստեղծվեր մի ուժեղ և լայնածավալ պետություն, բայց առայժմ այդ սպառնալիքը վերացված է:

Страница 4 из 29 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/