Անտեսանելի մարդը
…Ասում են, թե ավետարանական Թովման, կույր այդ ծերունին, սովորական պատանու տեղ է դրել այն հրեշտակին, որը եկել է իրեն տեսողություն պարգևելու: Ու հրեշտակը ստիպված է եղել ցուցանել իր աստվածային զորությունը, որ ընկալելի լինի Թովմայի համար…
Հին ու տարօրինակ պատմություն է, որը երևի ես չէի էլ հիշի, եթե այսօր անցնելիս չլինեի Ամիրյան փողոցով:
Փողոց էի մտել Մաշտոցի պողոտայի կողմից ու գնում էի “Վիվա-Սել”-ի սպասարկման կենտրոնի ուղղությամբ` հեռախոսիս ամսեկան վճարը մուծելու: Արդեն փողոցի կեսերում էի ու արագ քայլերով առաջ էի ընթանում, երբ մոտեցա տարօրինակ արտաքինով մի ծերունու: Արտաքինն իրոք որ տարօրինակ էր. նիհար, երկար մորուքով, հնաոճ ու ասես վաթսունականներից մնացած գլխարկով, գլխարկի վրայի հաստ թելով, շագանակագույն, հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարով: Ու քանի որ ուշանում էի, արագ քայլերով անցա ծերունու կողքով և հասցրեցի ընդամենը մտածել. “Ծերությունը մարդկանց տանում է, ցնդվում են: Հա, էլի ծերացեք, բայց ինչ պարտադիր է այս նախահեղափոխական գլխարկը և դրա վրայի թելը քաշել գլխին ու փոշոտված և ցեխոտ շալվարով դուրս գալ Ամիրյան փողոց”,- անցավ մտքովս, բայց հետո էլ շարունակեցի,- “Երևի տուն չունի և աստված էլ գիտի, թե որտեղ է քնել: Շալվարը դրա համար է այդ վիճակում: Կամ էլ երևի տանը տաք ջուր չունի, որ իրեն կարգին տեսքի բերի, իսկ այդ տարիքում սառը ջրով չես լողանա: Մարդ է, էլի, հիմի ի՞նչ անի, որ այդ տարիքում ցնդվել է ու հայտնվել այդ վիճակում”,- սպասարկման կենտրոնի ամենամոտակայքում էի, երբ անցավ ուղեղումս ու ես ներս մտա:
Սպասարկման կենտրոնում հակառակի պես հերթ էր: Վերցրեցի կտրոնը դրա համար նախատեսված ապարատից, նայեցի շուրջս և, այլ ելք չտեսնելով, տեղավորվեցի ապակեպատ պատուհանի մոտ տեղադրված բազմոցին ծայրին: Կողքի բազմոցին նստած էր սիրունիկ մի կին: Պարապությունից աչքի պոչով մի քիչ ուսումնասիրեցի նրան, իսկ հետո….: Իսկ հետո դուռը բացվեց ու ներս մտավ արդեն իսկ հիշատակածս ծերունին: Ընդ որում ոչ միայն ներս մտավ, այլ ներս մտավ` ձեռքին բռնած “Վիվասել-ՄՏՍ”-ի հեռախոսներից մեկը: Բայց ոչ միայն հեռախոսն էր նրա ձեռքին, այլ` դրան միացրած լիցքավորման ապարատը: Մինչ ես փորձում էի ընտելանալ այս իրավիճակին, ծերունին վստահ քայլերով մոտեցավ վճարման ապարատին ու սկսեց ուսումնասիրել սրա… հոսանքի միացման բնիկը: “Հիմա կանջատի սարքը, որ իր սարքը միացնի ու ապարատը կթքի”,- անկեղծ ասած սենց մի բան անցավ մտքովս ու արդեն սկսել էի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կլինի կենտրոնում, երբ վերջին պահին աչքովս ընկավ, որ կոքին մեկ ուրիշ և ազատ բնիկ էլ կա: Բայց ծերունին, ի տարբերություն ինձ, վաղուց էր նկատել այդ բնիկը: Իր տարիքի համար անսովոր թեթևությամբ նա կռացավ, միացրեց լիցքավորման սարքը բնիկին, հեռախոսը դրեց գետնին և ուղղվեց: Նկատելով, որ իրեն եմ նայում, ծերունին զարմանալիորեն ջինջ ու, ինչպես ինձ թվաց, երիտասարդ աչքերում պարունակվող հայացքը հառեց ուղիղ դեմքիս և խոսեց.
- Տարօրինակ բան է կյանքը, երիտասարդ,- լսեցի ես:
Իհարկե, միտքն առանձնապես օրգինալ չէր, բայց դե որ ասեինք, թե սովորական էր, դա էլ սուտ կլիներ: Միտքը ամեն դեպքում մտքի նման էր և ես գլխի դրական շարժումով համաձայնեցի:
- Տարօրինակ է, երիտասարդ, տարօրինակ,- շարունակեց ծերունին,- իննսուն տարի պահում է ու հետո… թաղում հողի տակ:
Երկրորդ միտքը իրոք, որ վատ չէր: Ու ընդհանրապես, սիրում եմ օրգինալ մարդկանց հետ զրուցել ու երբեք էլ նման մտքերից անակնկալի չեմ գալիս:
- Մարդ կա, որին իննսուն տարի էլ չի պահում,- պատասխանեցի ես ու զարմանալու հերթը այս անգամ կարծես թե զրուցակցինս էր:
Առայժմ ասելու բան չգտնելով, նա փոքրիկ մի շրջան կատարեց և սկսեց մոտենալ բազմոցին: “Հիմա բազմոցը կկեղտոտի”,- ինչ մեղքս թաքցնեմ, այնուհանդերձ սա անցավ մտքովս: Իսկ այդ ընթացքում ծերունին նստեց բազմոցի մյուս ծայրին ու կրկին դարձավ ինձ.
- Կյանքը պայքար է, երիտասարդ, պայքար է ծննդյան ու մահվան միջև,- շարունակեց ծերունին,- մարդը ծնվելու իր իսկ պահից պայքարում է մահվան դեմ, ողջ իր կյանքում դիմադրում է մահվանը:
Զրուցակիցս մի պահ լռեց ու զգալով, որ այնուհանդերձ լսում եմ իրեն, շարունակեց.
- Բայց կասե՞ս, երիտասարդ, ո՞վ է ի վերջո հաղթանակ տանում:
- Ի վերջո հաղթում է մահը,- պատասխանեցի ես` հընթացս որսալով սիրունիկ կնոջ տարօրինակ հայացքը, որը երևի զարմացել էր, որ իր փոխարեն ուշադրությունս կլանել է այս տարօրինակ ծերունին: Իսկ սա, նայելով վրաս իր վճիտ աչքերով, շարունակեց.
- Ես իննսուն տարեկան եմ, երիտասարդ, իննսուն տարեկան եմ ու պայքարում եմ մահվան դեմ,- հպարտություն զգացի զրուցակցիս խոսքերում,- Ռեյգանը, գիտես Ռեյգանին, ժամանակին Գարբաչովին էր խեղճացնում,- շարունակեց զրուցակիցս և, որսալով դրական արձագանքս առ այն, որ այնուհանդերձ տեղյակ եմ, թե ով է Ռեյգանը, շարունակեց,- յոթանասունութ տարեկանում հիվանդացավ ու այլևս ոչինչ չէր հասկանում: Մահացավ իննսուներեք տարեկանում, իսկ ես, ահա…
Գլխով արեցի, իսկ զրուցակիցս շարունակեց.
- Հաճելի դեմք ունես, երիտասարդ,- նախկին թեման սպառված համարելով, այս անգամ արդեն ինձ անդրադարձավ ծերունին,- նման մարդիկ հազվադեպ են հանդիպում…
- Որոշ աղջիկներ այդ կարծիքին չեն,- չկարողանալով զսպել ինձ` պատասխանեցի ես ու ինձնից անկախ հիշեցի հերթական աղջնակին, վերջին զարգացումների հետ կապված այդ դեպքը, երբ մեջտեղի կուրսերում սովորող աղջիկներից մեկը ինձ համարեց. “տարիքով իրենից ահագին մեծ” ու հրաժարվեց կյանք կապել ինձ հետ:
- Մեջդ ինչ-որ եվրոպական բան կա, դիմագծերդ… երևի,- շարունակեց զրուցակիցս:
- Ինձ էլի էին դա ասել,- անհամեստ չերևալու, բայց նաև որևէ բան ասած լինելու համար պատասխանեցի ես:
- Հիմա քսամեկերորդ դարն է, երիտասարդ, իմ դարը վաղուց է անցել; Ես այս դարի մարդ չեմ, ինձնից ու իմ կյանքից այժմ արդեն ոչինչ չի մնացել: Ինչ ես գիտեի, հիմա չկա, իսկ իմ տարեկիցների մեծ մասն արդեն մահացել է: Ամեն ինչ ուրիշ է, աղջիկս ապրում է Ռիգայում ու ոչ մի պայմանով չի ուզում Հայաստան գալ: Բայց հողը քաշում է, իմանո՞ւմ ես, քաշում է ու, երբ ինքը ծերանա, անպայման, անպայման հետ կգա….
Տարօրինակ իրավիճակ էր, բայց այս անգամ ևս ես չէի կարող չհամաձայնել զրուցակցիս խոսքերի հետ: Աստիճանաբար սկսեցի ափսոսալ, որ չեմ ձայնագրում այս խոսակցությունը…
- Կներես ինձ, երիտասարդ, կներես, որ խլեցի քո ժամանակը ու ստիպեցի զրույց վարել սովորական մի ծերունու հետ: Ուղղակի հեռախոսս էր անհանգստացնում, բայց հիմա այն կարծես թե արդեն պետք է որ նորմալ լինի,- ժպտաց տարօրինակ ծերունին ու սկսեց ոտքի կանգնել:
“Դեմքի արտահայտությունը ու դիմախաղը, ինչ զարմանալի երիտասարդական են”,- հատկապես վերջին խոսքերի հետ կապված փայլատակեց ուղեղումս, իսկ ծերունին արդեն հեռախոսի մոտ էր: Կռացավ, վերցրեց այն գետնից, անջատեց գրեթե գետնին հավասար գտնվող հոսանքի բնիկից միացրած լիցքավորման սարքը և ուղղվեց: Կտրոնիս վրա գրված հերթիս թիվը վաղուց էր անցել ու հոգս էլ դա չէր,, բայց, բարեբախտաբար, այդ պահին օպերատորի մոտ այլ մարդ չկար: Օպերատորն ինձ արագ սպասարկեց, իսկ այդ ընթացքում ես աչքի պոչով հասցրեցի նկատել, որ ծերունին արդեն վերջացնում է վճարման ապարատի էկրանի ուսումնասիրումը: Արդեն դուրս էի գալիս, երբ վերջին պահին տեսա բազմոցի ուղիղ կենտրոնում տեղավորված ծերունուն: Ճիշտն ասած արդեն չէի էլ նկատում նրա հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարը և տարօրինակ, ասես վաթսունականների սկզբից մնացած գլխարկն ու վրայի հաստ թելը: “Հետո էլ կասեն, ցնդած է…”,- անցավ մտքովս ու միայն արդեն դրսում ես ստիպված եղա ինքս ինձ խոստովանել, որ տարօրինակ այդ ծերունուց “ցնդած” որևէ միտք ես այդպես էլ չլսեցի…
…Ասում են, թե Աթիլլային, մարդկության այդ դահճին, ազգերը սկզբում ընկալել են ընդամենը որպես հերթական մի նվաճող: Ու միայն այն բանից հետո, երբ Աթիլլան թափել է մարդկության արյունը ավելի շատ, քան դա արել է որևէ մեկը իրենից առաջ, մարդիկ զգացել են, որ գործ ունեն ոչ թե սովորական նվաճողի, այլ աստծո իսկական մուրճի հետ…
Երևան
07.10.2010 թ.