Պարտված երջանկությունը
Ամառային այդ երեկոն պետք է նման լիներ նախորդ բոլոր երեկոներին: Ինչպես գրեթե ամեն անգամ, այս անգամ էլ ես պետք է դուրս գայի աշխատանքից, հաղթահարեի կազմակերպության մեքենայով տուն գնալու տխուր, սակայն խիստ հարմարավետ առաջարկը և մտախոհ քայլերս ուղղեյի Աբովյան փողոցով դեպի վեր: Պետք է մի քիչ զբոսնեի, մտնեի Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող իմ սիրած այգին ու հանգստանայի նրա գեղեցկությունով՝ դիտելով սիրահարված զույգերի լուռ և գեղեցիկ ճեմումը: Դրանից հետո հերթական անգամ, պարտված միայնությունը հաղթահարելու իմ անիմաստ ճիգերից, մենակ և տխուր քայլերս պետք է ուղղեի դեպի տուն: Կարող էր լինել նաև այլ կերպ. ի սկզբանե ինձ կհաղթեր կազմակերպության մեքենայով հարմարավետ տուն գնալու գայթակղությունը ու ես, հարմար տեղավորվելով նրա մեջ և ուրախ տեսք ընդունելով, միանգամից կհասնեի տուն, վերջացնելով ըստ էության դեռևս չսկսված իմ օրը ու ինձ հանձնելով հեռուստացույցի օգնությամբ մենակությունը փարատելու անօգուտ գործին…: Իսկ գործն իրոք որ անօգուտ էր, քանզի բոլոր հարցերի լուծումը ես շատ վաղուց գիտեի: Մենակություն կոչված հիվանդությունից ինձ կարող էր բուժել միայն այն Մեկը, որի մաքուր հայացքն ու աննման գեղեցկությունը վերջերս գերեց ինձ այդ այգում: Գերեց, ստիպեց ինձ սիրել իրեն, սիրել առաջին հայացքից, հոգու ողջ ուժով և կարողությամբ, ստիպեց միանգամից երազել որպես իմ կին տեսնել իրեն… ու միանգամից էլ անհետացավ: Մինչև հիմա էլ հիշում եմ, թե այդ օրը որքան վազվզեցի այգում ու նրա շրջակայքում՝ փորձելով գտնել ինձ ընդառաջ եկող երիտասարդների ուրախ խմբի մեջ մի պահ երևացած համեստ այդ աղջկան ու մտքումս անիծելով ըստ էության ոչ մի մեղք չունեցող ծերունուն, որի հարցին պատասխանելու համար մի պահ շեղել էի ուշադրությունս և կորցրել Նրան…
…Սակայն այդ երեկոն դասավորվեց այլ կերպ: Այս անգամ չգիտեմ ինչ ուժ ինձ ստիպեց քայլերս ուղղել Աբովյան փողոցով դեպի ներքև: Աբովյան-Թումանյան խաչմերուկի վրա հանկարծ նկատեցի ծանոթ կերպարանք: Ընկերս էր՝ կուրսի Արմենը, որը ինքն էլ էր դուրս եկել աշխատանքից և ուրախ, թեև նաև շփոթված տեսքով ինչ-որ տեղ էր շտապում:
- Կարեն,- ուրախացած բարևեց նա,- ի՞նչ կա, ո՞նց են գործերդ:
- Ոչինչ էլի, կամաց-կամաց, առանձնապես ոչինչ չկա: Քո մոտ ի՞նչ նորություն կա,- հարցրեցի ես:
- Ոչ մի բան: Չնայած գիտե՞ս, ինտերնետով մի աղջկա հետ եմ ծանոթացել, հիմա գնում եմ հանդիպման, Երիտասարդականի մուտքի մոտ ենք պայմանավորվել, - ուրախ տոնով սկսեց Արմենը, հետո մի քիչ տեմպը գցեց,- չնայած ոնց որ, մի տեսակ… որ ասեմ առանձնապես ցանկություն էլ չկա…, այսինքն չէ, ցանկություն կա, բայց, ինչ-որ չի ստացվում…, այսինքն ուզում եմ ասել…
Ես վաղուց գիտեի Արմենի մի քիչ ամաչկոտ բնավորությունը: Ըստ էության պարզ և ազնիվ տղա լինելով, նա քաշվում էր անծանոթ աղջկա հետ հանդիպման գնալու հեռանկարից: Մեր մեջ ասած նման բաները ինձ միշտ էլ ծիծաղելի են թվացել. քաշվել աղջկանից, այ քեզ բան…
- Այ տղա, մի կարգին բան ասա հասկանամ, ի՞նչ ես ծամծմում,- ինձ չհասկացողի տեղ դնելով՝ միամիտ տոնով հարցրեց ես:
- Դե ի՞նչ ասեմ, արդեն մի քանի ամիս է ինտերնետով ծանոթացել եմ մի աղջկա հետ, վերջը… հիմա գնում եմ հանդիպման:
- Է հետո՞,- նույն միամիտ տոնով շարունակեցի ես:
- Դե ի՞նչ հետո,- նորից թելը կորցեց ընկերս,- մի խոսքով գնում եմ…: Լսիր,- հայտնագործություն արածի պես հանկարծ ասաց Արմենը,- արի իրար հետ գնանք: Կհանդիպենք, կնստենք մի հանգիստ տեղ, կզրուցենք:
Ճիշտն ասաց մի քիչ ծիծաղելի թվաց ընկերոջս գտած պաշտպանության միջոցը, բայց մի կողմից էլ այնքան տաղտկալի երեկո էր սպասվում, ընկերս այնպես թախանձագին էր նայում աչքերիս, իսկ մյուս կողմից էլ ես էլ այդ պահին ոչ մի կերպ չկարողացա մի կարգին բան հորինել, այնպես որ համաձանվեցի: Այսինքն այն ժամանակ ինձ թվաց, որ հենց այս պատճառներով եմ ես համաձայնվում նրա առաջարկին, սակայն հետագայում դրանում ես կսկսեմ ավելի խորը դրդապատճառներ փնտրել: Նույնիսկ կսկսեմ ճակատագրի պես հիմար բաների մասին մտածել…
- Հ՞ը, գալիս ե՞ս,- շարունակեց խնդրել Արմենը:
- Լսիր, չե՞ս կարծում, որ մի աղջկա հետ երկու տղայով հանդիպման գնալը ամեն դեպքում մի քիչ շատ կլինի,- համենայն դեպս տարակուսեցի ես:
- Է՜Է՜Է, դատարկ բաներ էս ասում, ո՞ր թիվն է…: Արի, արի՜, գնացի՜նք:
Մենք արագորեն բարձրացանք Աբովյան փողոցով և մոտեցանք Երիտասարդականի մուտքին: Մի թռուցիկ հայացքն էլ բավական էր տեսնելու համար, որ մեզ դեռևս սպասող չկա: Մենք տեղավորվեցինք մուտքի պատի մոտ և սկսեցինք սպասել: Ես սկսեցի աչքի պոչով հետևել մետրոյի մուտքի մոտ գուշակություններով զբաղվող գույնզգույն շորերով ծեր գնչուհուն, որը, իր շերտավոր հանդերձերի մեջ նազելիորեն շորորալով, փորձում էր ապագայի գաղտնիքի թանձր քողը բարձրացնել դա ցանկացողների համար: Ինչ լավ է, որ ես վաղուց նման բաների չեմ հավատում…
- Լսիր, Արմեն, գոնե նկարը տեսե՞լ ես,- անդրադառնալով ընկերոջս՝ սկսեցի նրա հոգու հետ խաղալ ես:
- Չէ, կարելի է ասել կույրի պես ենք հանդիպում:
- Բա որ հանկարծ շատ տգեղ լինի, ի՞նչ պիտի անենք,- շարունակեցի ես
- Հա, ասեցիր էլի, ինչի՞ պիտի տգեղ լինի:
- Ե՞ս ինչ իմանամ ինչի, լինի ու վերջ: Ախր դու ոչ մի բան չգիտես նրա մասին: Լսիր, ինտերնետում ծածկանունը ո՞նց էր:
- Նի՞կը, ''Հմայիչ աղջիկ'',- պատասխանեց Արմենը և հույսով նայեց ինձ:
Ես արդեն ուզում էի պատասխանել, որ դա ընդհանրապես փաստարկ չի, պետք չի նիկերին հավատալ ու այս ամենին լուրջ վերաբերվել և ընդհանրապես նման բաները միայն զվարճանալու համար են, սակայն որսալով Արմենի անհանգստացած հայացքը, որը կարծես նայում էր իմ միջով, թեթևակի շուռ եկա: Մի աղջիկ բարձրացել էր էսկալատորով և մոտենալով մետրոյի մուտքին, փնտրող հայացքով շուրջն էր նայում…
- Կար, Կար, նայիր, սա պետք է որ ինքը լինի,- հուզված շշնջաց Արմենը և համենայն դեպս սկսեց ավելի հարմար տեղավորվել իմ դիմաց՝ հանկարծ չերևա,- երևում է, որ ինչ-որ մեկին է սպասում:
- Հնարավոր է, բայց ավելի շուտ ոչ թե սպասում է այլ փնտրում,- աչքի տակով ետ նայելով՝ պատասխանեցի ես,- չէ Արմեն ջան, հաստատ ինքն է…: Դե քեզ տեսնեմ, մոտեցիր, հարցրու:
- Ո՞վ, ե՞ս,- չգիտես ինչու մահու չափ վախեցավ Արմենը,- ի՞նչ մոտենամ, ո՞նց հարցնեմ…, բա որ ինքը չլինի՞:
- Հա ինքը չեղավ, չեղավ, աղջիկ է էլի, հո քեզ չի ուտի…,- հորդորներս շարունակեցի ես,- մոտենում ես, քաղաքավարի ժպտում ես…
- Լսիր, մեր կողմն է նայում, հաստատ մտածում է, որ մենք ենք,- ընդհատեց ինձ Արմենը,- Կար մի բան արա, խայտառակ եղանք...
Իրոք իրավիճակը սկսում էր հիմար բնույթ ստանալ: Երկու երիտասարդ կանգնել են աղջկանից մի քանի մետր հեռու և որոշում են իրենց անելիքը: Դե լավ, ինչ արած, այս անգամ էլ պիտի գործենք: Նման դեպքերում ես սովորաբար որևէ բան նախապես չեմ պլանավորում: Շատ-շատ առաջին բառերը, ժեստերն ու ժպիտները, ոչ ավել: Մնացածը թողնում եմ ինտուիցիայի հույսին: Այն ինձ սովորաբար չի դավաճանում: Ես շուռ եկա, թողեցի Արմենին իմ հետևում և դանդաղ ու վստահ քայլերով սկսեցի մոտենալ սպասողական հայացքն ինձ հառած աղջկան: Այդ մի քանի վայրկյանի ընթացքում ես փորձում էի հասկանալ և ընկալել, թե ինչ մարդ է իմ առջև կանգնած՝ միաժամանակ փորձելով չընկնել նրա անակնկալ հմայքի ազդեցության տակ… ''Նու, սկզբունքորեն չես չափազանցեցրել նիկիդ հարցով'',- հասցրեցի մտածել ես, իսկ խոսակցությունն արդեն սկսվել էր…
- Բարև ձեզ,- սկսեցի ես, աշխատելով ձայնիս տալ հանգստություն ու մի քիչ էլ հանդիսավորություն: Չգիտես ինչու այդ պահին հիշեցի ընկերներիցս մեկին, որը նույնիսկ ամենասովորական բառերը այնքան հանդիսավոր տոնով էր արտասանում, կարծես դատարանի նիստերի դահլիճում դատավճիռ էր կարդում: Հիշեցի ու նայելով աղջկա աչքերին՝ ժպտացի,- դուք երևի պայմանավորվել եք և այստեղ ձեր ծանոթի՞ն եք սպասում…
- Այո,- հմայիչ ժպտաց նա,- ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ես Գայանեն եմ:
Այդ մի քանի բառերը փոխանակելու ընթացքում ես հասցրեցի դիտարկել Գայանեին: Կլիներ երևի մոտ 19-20 տարեկան, և ինչպես իր տարիքին և ընդհանրապես մեր երիտասարդության մեծ մասին վերջերս համակած տենդեցի, շատ նուրբ էր և սլացիկ: Երկար, մուգ շագանակագույն մազերը թափվում էին ուսերի վրա և մի առանձնահատուկ կերպով ընդգծում իրանի գեղեցկությունը: Ոտքերը, որոնք ձգված էին սովորական ջինսի մեջ, ևս վատ հույսեր չէին ներշնչում: Սակայն այդ աղջկա մեջ հիանալին և անզուգականորեն կախարդականը նրա աչքերն էին. նշաձև աչքերը եզերված էին գեղեցիկ թարթիչներով և սաթի պես սև էին: ''Նման հայացքի մեջ կարելի է ընկնել, ընկնել ինչպես մի անհատակ ջրհորի մեջ և վերջին չհասնել'',- մի պահ անցավ մտքովս…: Չգիտեմ ինչու, այդ պահին հիշեցի իմ այգու գողտրիկ անկյուններից մեկը, որտեղ մի պատվանդան էր հայտնվել ու որի վրա հայտնի չէ թե ինչ քանդակագործ ինչ արձան էր կագնեցնելու…
- Գիտեք, ընդհանրապես ճիշտն ասած դուք երևի ինձ չէ, որ սպասում եք,- ուշքի եկա ես,- դուք պայմանավորվել եք Արմենի հետ,- ես ձեռքս ուղղեցի ընկերոջս կողմը:
Արմենը արագորեն մոտեցավ և Գայանեն իր ուշադրությունը սևեռեց նրա վրա: Այդ հետագայում, երբ ես կվերհիշեմ այդ ամենը, ինձ կթվա, որ Գայանեի հայացքով մի պահ, ընդամենը մի պահ, կայծակի մի ակնթարթ, հիասթափության ստվեր անցավ: Սակայն գուցե և դա այդպես չէր, գուցե և ես ինքս ցանկալին կներկայացնեմ որպես իրականություն…
… Արմենը մոտեցավ և անվճռականորեն կանգ առավ Գայանեի մոտ՝ համառորեն հայացքը փախցնելով նրանից: Այ քեզ վիճակ, հիմա փոխանակ իրենք խոսեն, ես պիտի իրենց խոսեցնեմ…:
- Լավ ի՞նչ ենք կանգնել այս սկվազնյակի մեջ,- իրադրությունը լիցքաթափելու համար կատակի տվեցի ես,- ծեր մարդ եմ, կարող է հիվանդանամ, անկողին ընկնեմ…: Եկեք դուրս գանք, նստենք մի տաք անկյունում…
Արմենն ու Գայանեն թեթևացած ծիծաղեցին և մենք դուրս եկանք մետրոյի մուտքից: Արմենը համառորեն լռություն էր պահպանում: Ըստ երևույթի աղջկա դերին հարմար չգտնելով դա՝ Գայանեն նույնպես չէր ցանկանում սկսել խոսակցությունը: Տարօրինակ և իր տարօրինակության մեջ լուռ քայլող եռյակ: Մենակ սա էր պակաս …
- Երիտասարդներ, կյանքի ծաղիկներ, թույլ տվեք գուշակեմ,- իր ծորուն լեզվով խոսելով՝ մեր դիմացը դուրս եկավ գնչուհին,- շատ չեմ ուզում, թանկ չեմ ուզում…: Առջևում ապագան է, ապագան կյանք, կյանքը՝ սեր, սերը՝ տառապանք, տառապանքից ելքը՝ իմ մոտ…,- իրենց բնորոշ սովորական տոնով սկսեց համոզել գնչուհին:
- Է՜Է՜Է՜, մայրիկ,- նման դեպքերում իմ հիասթափված կատակի տոնին անցնելով՝ պատասխանեցի ես,- մեր առջևում ընտանիք է, նրա հետևում սեր, իսկ դրանից հետո դու,- նայեցի նրա աչքերին,- հ՞ը, կարող ե՞ս գուշակել այս հանելուկը:
- Իմ գործը տղա ջան, հենց հանելուկներ գուշակելն է,- եղավ անակնկալորեն հստակ պատասխանը, որից նույնիսկ ես զարմացա. ախր նման դեպքերում շատ-շատերն էին շփոթվում իմ նման անիմաստ բառերից ու թողնում հեռանում,- ու եթե մի օր չկարողանաս լուծել քո հանելուկներից որևէ մեկը, որդիս, կգաս ինձ մոտ և մենք իրար հետ կմտածենք…,- կախարդական ժպիտով ուղիղ աչքերիս նայելով՝ ասաց ծեր գնչուհին ու ճանապարհ տվեց: