Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 3   [ Сообщений: 33 ]
На страницу Пред.  1, 2, 3
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:51 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24623
Откуда: Армения, Ереван
Մեկ քայլ


…Իսկ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր…

Զարմանալի մի բան է կյանքը ու լի է տարօրինակ շրջադարձերով: Շրջադարձերով` կտրուկ ու ամենակուլ այդ տատանումներով, որոնցից և ոչ մեկն էլ երբեք չես իմանա, թե քեզ համար իր հետ ինչեր կբերի: Կար ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալու համար ես ժամերով կանգնում էի ձեր ինստիտուտի կամ ձեր տան դիմաց, կար ժամանակ, երբ ամեն անգամ ձեր տան պատուհանի մոտից անցնելիս ես հայացք էի գցում այդ նույն տան պատուհանին ու հույսով սպասում, որ կտեսնեմ այնքան սիրելի դարձած քո սիլուետը: Այո, կար, եղել է այդպիսի ժամանակ…

Փողոց, կամ, ավելի ճիշտ, պողոտա` Մաշտոցի պողոտա` զբոսնելուս ամենասիրած վայրերից մեկը: Մարդկային անվերջանալի հոսք ու աղմուկ: Փողոց, ըստ էության սովորական մի վայր, որտեղ կյանքում մենք լինում ենք անթիվ անգամներ:

Բայց պե՞տք է հենց այդպես ստացվեր, որ ես, ես, որ արդեն տարիներ էի անցկացրել այն բանից հետո, երբ ինձ արդեն չէր հուզում ձեր տան պատուհանին նայելը, պե՞տք է որ այդպես հենց ստացվեր, որ այդ նույն փողոցում ես հանդիպեի, դեմ-դիմաց դուրս գայի քեզ,, երբ մեր շուրջը այդ պահին զարմանալի կերպով նույնիսկ մարդիկ էլ չկային…

Ասում են, թե սիրուց ատելություն մեկ քայլ է, ուղիղ մեկ, սովորական մի քայլ: Ու հիմա ես նոր եմ միայն զգում, թե կյանքի հնոցով անցած իմաստնության ինչ մեծ պաշար է կուտակված թվում է թե արտաքինից պաթետիկ ու սովորական դարձած այդ խոսքերի մեջ: Սիրուց ատելություն, մեկ, ուղիղ մեկ քայլ: Մենք հանդիպեցինք իրար, պատահական կերպով անցանք միմյանց կողքով ու հենց նույն այդ պահին էլ ես ցավով զգացի, որ, ավա¯ղ, վաղուց արդեն արել եմ այդ մեկ ու ճակատագրական քայլը…

Այդ օրը ես հոգնած ու ձանձրացած դուրս էի եկել աշխատանքիս վայրից և, տուն գնալուց առաջ որոշել էի ընդամենը գոնե մի քիչ զբոսնել: Եվ, հավատա, ամենաքիչը, որ այդ պահին մտածում էի, դու էիր: Ասենք վերջին տարիներին դու գրեթե տեղ էլ չունեիր իմ մտքերում, իսկ այն քիչն էլ, որ պատկանում էր քեզ, կազմված էր ընդամենը մեր վերջին խոսակցությանը վերաբերվող տգեղ հուշերից ու ավազե փշրված տիկնիկի մասին զարմանալի մտորումներից…

Բայց այժմ տեղի ունեցավ զարմանալին` Մաշտոցի հսկայական պողոտայում մենք հանդիպեցինք իրար այնպիսի ճշտությամբ, որը կյանքիկոչել ունակ է թերևս միայն Պատահականություն կոչվող այդ զարմանալի աճպարարը: Մենք, երկուս, մոտեցանք իրար, ամենավերջին պահին նկատեցին միմյանց, մեր հայացքները հանդիպեցին ու մենք… չբարևելով էլ նույնիսկ իրար, որպես իսկական անծանոթներ, անցանք միմյանց կողքից:

Ասում են, սիրուց ատելություն մեկ քայլ է: Ճիշտ են ասում: Ճիշտ խոսք է ու երևի հենց դրանում է կայանում բացատրությունը այն տխուր առեղծվածի, որին արդեն քանիերորդ անգամ հանդիպում եմ ես և որը իմ իմաստուն ընկերները հաճախ են ինձ երեսով տալիս: Հրապուրվել ու հիասթափվել, հիանալ ու զզվել, սիրել, վերջում էլ… ատել : Զարմանալի բան է կյանքը ու ասում են, թե իրապես ատել կարող են միայն այն մարդիկ, որոնք իրապես էլ սիրել են…

Ես շատ թշնամիներ եմ ունեցել իմ կյանքում, շատերն ունեմ նաև հիմա: Իրենք ինձ չեն սիրել ես էլ իրենց, իրենք ինձ են հարվածել, միշտ էլ պատասխան են կերել, իրենք ինձ են ատել, ես էլ` իրենց: Կյանք է, բնական ու սովորական կյանք, սակայն… Մաշտոցի ու Թումանյանի խաչմերուկում, երբ արդեն իմ հետևում էի թողել քեզ ու արյունս պղտորած այդ անակնկալ ալիքից մթագնած ուղեղով Թումանյան փողոցով թեքվել էի դեպի Հյուսիսային պողոտա, հենց այդ պահին ու այդ վայրկյաններին էլ ես հանկարծ զգացի, որ իմ թշնամիներից և ոչ մեկին էլ ես երբեք այնքան խորը չեմ ատել, ինչպես որ ատում եմ հիմա քեզ…

Զարմանալի բան է կյանքը… բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ թեկուզ և քո մեկ հայացքին արժանանալը ինձ համար անսահման երջանկություն էր …

Երևան
29.05.2010 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24623
Откуда: Армения, Ереван
Թալանվածը


Բայց նա վաղուց ամուսնացել է,
Եվ ունի շատ երեխաներ
Եվ ունի շատ երեխաներ…

Ռ. Հախվերդյան


Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, գրեթե... ամեն ինչ: Իրոք, վաղուց էր, որ նա ամուսնացավ… ու թերևս միակ անհամապատասխանությանը երգի բառերին այն էր, որ նա ունի ընդամենը մի երեխա` մեկ աղջիկ…

Երեկ ես հանդիպեցի նրան` հանդիպեցի լրիվ պատահաբար: Սովորությանս համաձայն զբոսնում էի իմ այս սիրած քաղաքի փողոցներում, երբ հեռվում հանկարծ նկատեցի ծանոթ սիլուետին, ժամանակին ինձ համար այնքան հարազատ ու ձգողական եղած այդ սիլուետին: Ինքն էր... Դեռ ուսանողական տարիներին էր, որ ես սիրահարված էի նրան: Հետո չստացվեց: Չէ, ոչ մի առանձնահատուկ բան, այդպես էլ է լինում: Ես մտադրություն չունեի ամուսնանալ, դիմացս բանակ կար ու տասնյակ չլուծված հարցեր, ինքը… երևի ինքն էլ մտադրություն չուներ:

Հետո մեր ուղիները բաժանվեցին ու նա ամուսնացավ: Ես փորձեցի խեղդել իմ մեջ այն ամենը, ինչը երբևէ զգացել էի նրա նկատմամբ: Ստացվեց, համենայն դեպս ինձ էր այդպես թվում: Երբ բանակից եկա, երբեմն գործի բերումով շփվում էի նրա հետ, հիմնականում հեռախոսով ու ահա երեկ… հանդիպեցինք, պատաբար: Փխրուն աղջնակը դարձել էր գեղեցիկ ու ուժերով լեցուն կին, իսկ ձայնում զգացվող ու տարիների հետ էլ ավելի կանացիացած երանգները առավել էին ընդգծում նրա հմայքը:

Փոխվել էին միայն աչքերը, այդքան կրակոտ ու կենսախինդ նրա աչքերը, որոնց մեջ այս անգամ, ինչքան էլ չէի ուզում, բայց ինձնից անկախ զգացի տխրություն ու ցավ, թախիծ… իսկ գուցե նաև ափսոսանք:

“Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին” – երեկվանից այս բառերն են նաև, որ պտտվում են ուղեղումս: Կյանքը, իմ մշտական այդ ուղեկիցն ու հակառակորդը այս անգամ ևս հավատարիմ էր մնացել իրեն` իր համար արդեն սովորական դարձած ձևով վարվելով երբեմնի սիրած իմ աղջնակի հետ. որպես անհողորդ մի ավազակ` մարդկային ճակատագրի այս մեծագույն հափշտակիչը անգութ կերպով տարել էր մի ժամանակ պաշտածս էակի գեղեցիկ աչքերի կրակոտ բոցավառումը…

Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, ամեն ինչ… գրեթե… ամեն ինչ:

Երևան
21.08.2010 թ

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24623
Откуда: Армения, Ереван
Անտեսանելի մարդը


…Ասում են, թե ավետարանական Թովման, կույր այդ ծերունին, սովորական պատանու տեղ է դրել այն հրեշտակին, որը եկել է իրեն տեսողություն պարգևելու: Ու հրեշտակը ստիպված է եղել ցուցանել իր աստվածային զորությունը, որ ընկալելի լինի Թովմայի համար…

Հին ու տարօրինակ պատմություն է, որը երևի ես չէի էլ հիշի, եթե այսօր անցնելիս չլինեի Ամիրյան փողոցով:

Փողոց էի մտել Մաշտոցի պողոտայի կողմից ու գնում էի “Վիվա-Սել”-ի սպասարկման կենտրոնի ուղղությամբ` հեռախոսիս ամսեկան վճարը մուծելու: Արդեն փողոցի կեսերում էի ու արագ քայլերով առաջ էի ընթանում, երբ մոտեցա տարօրինակ արտաքինով մի ծերունու: Արտաքինն իրոք որ տարօրինակ էր. նիհար, երկար մորուքով, հնաոճ ու ասես վաթսունականներից մնացած գլխարկով, գլխարկի վրայի հաստ թելով, շագանակագույն, հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարով: Ու քանի որ ուշանում էի, արագ քայլերով անցա ծերունու կողքով և հասցրեցի ընդամենը մտածել. “Ծերությունը մարդկանց տանում է, ցնդվում են: Հա, էլի ծերացեք, բայց ինչ պարտադիր է այս նախահեղափոխական գլխարկը և դրա վրայի թելը քաշել գլխին ու փոշոտված և ցեխոտ շալվարով դուրս գալ Ամիրյան փողոց”,- անցավ մտքովս, բայց հետո էլ շարունակեցի,- “Երևի տուն չունի և աստված էլ գիտի, թե որտեղ է քնել: Շալվարը դրա համար է այդ վիճակում: Կամ էլ երևի տանը տաք ջուր չունի, որ իրեն կարգին տեսքի բերի, իսկ այդ տարիքում սառը ջրով չես լողանա: Մարդ է, էլի, հիմի ի՞նչ անի, որ այդ տարիքում ցնդվել է ու հայտնվել այդ վիճակում”,- սպասարկման կենտրոնի ամենամոտակայքում էի, երբ անցավ ուղեղումս ու ես ներս մտա:

Սպասարկման կենտրոնում հակառակի պես հերթ էր: Վերցրեցի կտրոնը դրա համար նախատեսված ապարատից, նայեցի շուրջս և, այլ ելք չտեսնելով, տեղավորվեցի ապակեպատ պատուհանի մոտ տեղադրված բազմոցին ծայրին: Կողքի բազմոցին նստած էր սիրունիկ մի կին: Պարապությունից աչքի պոչով մի քիչ ուսումնասիրեցի նրան, իսկ հետո….: Իսկ հետո դուռը բացվեց ու ներս մտավ արդեն իսկ հիշատակածս ծերունին: Ընդ որում ոչ միայն ներս մտավ, այլ ներս մտավ` ձեռքին բռնած “Վիվասել-ՄՏՍ”-ի հեռախոսներից մեկը: Բայց ոչ միայն հեռախոսն էր նրա ձեռքին, այլ` դրան միացրած լիցքավորման ապարատը: Մինչ ես փորձում էի ընտելանալ այս իրավիճակին, ծերունին վստահ քայլերով մոտեցավ վճարման ապարատին ու սկսեց ուսումնասիրել սրա… հոսանքի միացման բնիկը: “Հիմա կանջատի սարքը, որ իր սարքը միացնի ու ապարատը կթքի”,- անկեղծ ասած սենց մի բան անցավ մտքովս ու արդեն սկսել էի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կլինի կենտրոնում, երբ վերջին պահին աչքովս ընկավ, որ կոքին մեկ ուրիշ և ազատ բնիկ էլ կա: Բայց ծերունին, ի տարբերություն ինձ, վաղուց էր նկատել այդ բնիկը: Իր տարիքի համար անսովոր թեթևությամբ նա կռացավ, միացրեց լիցքավորման սարքը բնիկին, հեռախոսը դրեց գետնին և ուղղվեց: Նկատելով, որ իրեն եմ նայում, ծերունին զարմանալիորեն ջինջ ու, ինչպես ինձ թվաց, երիտասարդ աչքերում պարունակվող հայացքը հառեց ուղիղ դեմքիս և խոսեց.

- Տարօրինակ բան է կյանքը, երիտասարդ,- լսեցի ես:

Իհարկե, միտքն առանձնապես օրգինալ չէր, բայց դե որ ասեինք, թե սովորական էր, դա էլ սուտ կլիներ: Միտքը ամեն դեպքում մտքի նման էր և ես գլխի դրական շարժումով համաձայնեցի:
- Տարօրինակ է, երիտասարդ, տարօրինակ,- շարունակեց ծերունին,- իննսուն տարի պահում է ու հետո… թաղում հողի տակ:
Երկրորդ միտքը իրոք, որ վատ չէր: Ու ընդհանրապես, սիրում եմ օրգինալ մարդկանց հետ զրուցել ու երբեք էլ նման մտքերից անակնկալի չեմ գալիս:
- Մարդ կա, որին իննսուն տարի էլ չի պահում,- պատասխանեցի ես ու զարմանալու հերթը այս անգամ կարծես թե զրուցակցինս էր:
Առայժմ ասելու բան չգտնելով, նա փոքրիկ մի շրջան կատարեց և սկսեց մոտենալ բազմոցին: “Հիմա բազմոցը կկեղտոտի”,- ինչ մեղքս թաքցնեմ, այնուհանդերձ սա անցավ մտքովս: Իսկ այդ ընթացքում ծերունին նստեց բազմոցի մյուս ծայրին ու կրկին դարձավ ինձ.
- Կյանքը պայքար է, երիտասարդ, պայքար է ծննդյան ու մահվան միջև,- շարունակեց ծերունին,- մարդը ծնվելու իր իսկ պահից պայքարում է մահվան դեմ, ողջ իր կյանքում դիմադրում է մահվանը:
Զրուցակիցս մի պահ լռեց ու զգալով, որ այնուհանդերձ լսում եմ իրեն, շարունակեց.
- Բայց կասե՞ս, երիտասարդ, ո՞վ է ի վերջո հաղթանակ տանում:
- Ի վերջո հաղթում է մահը,- պատասխանեցի ես` հընթացս որսալով սիրունիկ կնոջ տարօրինակ հայացքը, որը երևի զարմացել էր, որ իր փոխարեն ուշադրությունս կլանել է այս տարօրինակ ծերունին: Իսկ սա, նայելով վրաս իր վճիտ աչքերով, շարունակեց.
- Ես իննսուն տարեկան եմ, երիտասարդ, իննսուն տարեկան եմ ու պայքարում եմ մահվան դեմ,- հպարտություն զգացի զրուցակցիս խոսքերում,- Ռեյգանը, գիտես Ռեյգանին, ժամանակին Գարբաչովին էր խեղճացնում,- շարունակեց զրուցակիցս և, որսալով դրական արձագանքս առ այն, որ այնուհանդերձ տեղյակ եմ, թե ով է Ռեյգանը, շարունակեց,- յոթանասունութ տարեկանում հիվանդացավ ու այլևս ոչինչ չէր հասկանում: Մահացավ իննսուներեք տարեկանում, իսկ ես, ահա…
Գլխով արեցի, իսկ զրուցակիցս շարունակեց.
- Հաճելի դեմք ունես, երիտասարդ,- նախկին թեման սպառված համարելով, այս անգամ արդեն ինձ անդրադարձավ ծերունին,- նման մարդիկ հազվադեպ են հանդիպում…
- Որոշ աղջիկներ այդ կարծիքին չեն,- չկարողանալով զսպել ինձ` պատասխանեցի ես ու ինձնից անկախ հիշեցի հերթական աղջնակին, վերջին զարգացումների հետ կապված այդ դեպքը, երբ մեջտեղի կուրսերում սովորող աղջիկներից մեկը ինձ համարեց. “տարիքով իրենից ահագին մեծ” ու հրաժարվեց կյանք կապել ինձ հետ:
- Մեջդ ինչ-որ եվրոպական բան կա, դիմագծերդ… երևի,- շարունակեց զրուցակիցս:
- Ինձ էլի էին դա ասել,- անհամեստ չերևալու, բայց նաև որևէ բան ասած լինելու համար պատասխանեցի ես:
- Հիմա քսամեկերորդ դարն է, երիտասարդ, իմ դարը վաղուց է անցել; Ես այս դարի մարդ չեմ, ինձնից ու իմ կյանքից այժմ արդեն ոչինչ չի մնացել: Ինչ ես գիտեի, հիմա չկա, իսկ իմ տարեկիցների մեծ մասն արդեն մահացել է: Ամեն ինչ ուրիշ է, աղջիկս ապրում է Ռիգայում ու ոչ մի պայմանով չի ուզում Հայաստան գալ: Բայց հողը քաշում է, իմանո՞ւմ ես, քաշում է ու, երբ ինքը ծերանա, անպայման, անպայման հետ կգա….
Տարօրինակ իրավիճակ էր, բայց այս անգամ ևս ես չէի կարող չհամաձայնել զրուցակցիս խոսքերի հետ: Աստիճանաբար սկսեցի ափսոսալ, որ չեմ ձայնագրում այս խոսակցությունը…
- Կներես ինձ, երիտասարդ, կներես, որ խլեցի քո ժամանակը ու ստիպեցի զրույց վարել սովորական մի ծերունու հետ: Ուղղակի հեռախոսս էր անհանգստացնում, բայց հիմա այն կարծես թե արդեն պետք է որ նորմալ լինի,- ժպտաց տարօրինակ ծերունին ու սկսեց ոտքի կանգնել:
“Դեմքի արտահայտությունը ու դիմախաղը, ինչ զարմանալի երիտասարդական են”,- հատկապես վերջին խոսքերի հետ կապված փայլատակեց ուղեղումս, իսկ ծերունին արդեն հեռախոսի մոտ էր: Կռացավ, վերցրեց այն գետնից, անջատեց գրեթե գետնին հավասար գտնվող հոսանքի բնիկից միացրած լիցքավորման սարքը և ուղղվեց: Կտրոնիս վրա գրված հերթիս թիվը վաղուց էր անցել ու հոգս էլ դա չէր,, բայց, բարեբախտաբար, այդ պահին օպերատորի մոտ այլ մարդ չկար: Օպերատորն ինձ արագ սպասարկեց, իսկ այդ ընթացքում ես աչքի պոչով հասցրեցի նկատել, որ ծերունին արդեն վերջացնում է վճարման ապարատի էկրանի ուսումնասիրումը: Արդեն դուրս էի գալիս, երբ վերջին պահին տեսա բազմոցի ուղիղ կենտրոնում տեղավորված ծերունուն: Ճիշտն ասած արդեն չէի էլ նկատում նրա հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարը և տարօրինակ, ասես վաթսունականների սկզբից մնացած գլխարկն ու վրայի հաստ թելը: “Հետո էլ կասեն, ցնդած է…”,- անցավ մտքովս ու միայն արդեն դրսում ես ստիպված եղա ինքս ինձ խոստովանել, որ տարօրինակ այդ ծերունուց “ցնդած” որևէ միտք ես այդպես էլ չլսեցի…

…Ասում են, թե Աթիլլային, մարդկության այդ դահճին, ազգերը սկզբում ընկալել են ընդամենը որպես հերթական մի նվաճող: Ու միայն այն բանից հետո, երբ Աթիլլան թափել է մարդկության արյունը ավելի շատ, քան դա արել է որևէ մեկը իրենից առաջ, մարդիկ զգացել են, որ գործ ունեն ոչ թե սովորական նվաճողի, ալ աստծո իսկական մուրճի հետ…

Երևան
07.10.2010 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 3 из 3   [ Сообщений: 33 ]
На страницу Пред.  1, 2, 3



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB