Մեծ Հայքի և Աղվանքի թագավորություններ
(քաղաքական հարաբերությունների վերլուծություն)
Ընդունված է համարել, որ Աղվանքի թագավորությունը հիմադրվել է
մ.թ.ա. 331 թ-ին: Սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ
չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական համակարգ: Մ.թ.ա. IV դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբը տարաբնույթ ցեղային միություններից կազմված Աղվանքի թագավորությունը հիմնականում գտնվում էր ավելի հարավ տարածվող Ատրպատականի թագավորության, իսկ նրա միջոցով, միջնորդավորված ձևով, Պարթևական թագավորության գերիշխանության տակ:
Մ.թ.ա. 86 թ-ին Պարթևական, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունների հետ միասին Աղվանքի թագավորությունը
ևս ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Հենց այս ժամանակից սկսած էլ Աղվանքի թագավորության բանակը,
Օրոյսի (մ.թ.ա. մոտ 86-50) ու նրա որդի
Զոբերի (մ.թ.ա. մոտ 50-34) օրոք, սկսում է գործել Մեծ Հայքի թագավորության բանակի կազմում: Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի "դաշնակից և բարեկամ" հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց: Սակայն քաղաքական ասպարեզից Զոբերի հեռանալով էլ Աղվանքի թագավորությունը
ոչնչացավ, իսկ նրա տարածքն ընկավ Ատրպատականի թագավորության գերիշխանության տակ:
Մ.թ. I դարի 30-ական թվականներին Աղվանքի տարածքը
ընկավ վերելք ապրող Իբերիայի թագավորության գերիշխանության տակ, բայց արդեն դարի երկրորդ կեսին այստեղ կրկին հաստատվեց Ատրպատականի թագավորության գերիշխանությունը: Չնայած սրան, սակայն, շուտով, ընկնելով Ալանական թագավորության հուժկու հարվածների տակ, քաղաքական ասպարեզից հեռացավ նաև ծանր կորուստներ կրած ու սարմատների ավերիչ արշավանքներից ամայացած Ատրպատականի թագավորությունը: Արդյունքում Աղվանքի տարածքում
ուղղակիորեն հաստատվեց Պարթևական թագավորության գերիշխանությունը:
155 թ-ին սաբիրների կողմից ծանր պարտության մատնված և նրանց կողմից հետապնդվող հոների հորդան շարժվեց դեպի արևմուտք: Սակայն ստացվեց այնպես, որ այս փախստականները, որոնք պարտություն էին կրել և չէին կարողացել նույնիսկ մնալ իրենց հայրենի տափաստաններում, արդեն հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում, շնորհիվ իրենց մեծաթվության և ավելի հզոր ռազմական համակարգի, կարողացան պարտության մատնել տեղական քոչվոր ցեղերին` բուլղարներին, բասիլներին և խազարներին: Արդյունքում, "ընկնող դոմինոներ"-ի սկզբունքով, վերջիններս էլ իրենց հերթին
ստիպված լքեցին սեփական տափաստանները և շարժվեցին դեպի արևմուտք` հաստատվելով Միջին ու Հարավային Վոլգայի հովտում և հիմնելով
Բասիլական ու նրանից ավելի հյուսիս գտնվող
Վոլգյան Բուլղարիայի թագավորությունը: Ալանական թագավորության թուլացումը և տրոհումը, ինչպես նաև
Հյուսիսային I պատերազմը (215-216) արդյունքն էր հոների և դրան հետևած բուլղարների, բասիլների և խազարների հենց այս տեղաշարժի:
Արդյունքում Նախակովկասյան ու Մերձսևծովյան տափաստաններում ուժերի հարաբերակցությունը լրջորեն փոխվեց, իսկ Աղվանքի տարածքը, պայմանավորված ծանր ընթացք ստացած
Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմով (186-198), հայտնվեց Բասիլական թագավորության տիրապետության տակ: Սակայն Բասիլական թագավորության նվաճողական քաղաքականությունը Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած երկրների նկատմամբ այդպես էլ որևէ էական հաջողություն չարձանագրեց, իսկ 198-199 թվականներին վերջինիս սանձազերծած մարտական գործողությունները Մեծ Հայքի թագավորության դեմ վերջացան հենց իր ջախջախիչ պարտությամբ: Արդյունքում Աղվանքի տարածքը ավելի քան հիսուն տարով
հայտնվեց Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում:
III դարի կեսերից սկսած նոր ուժեր հավաքած Բասիլական թագավորությունը վերսկսեց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Աղվանքի, ինչպես նաև Հայաստանի արևելյան տարածքների նկատմամբ, սակայն
Հյուսիսային II պատերազմում (313-315) կրած պարտությունը կործանարար հետևանքներ ունեցավ հենց իր համար: Բասիլական թագավորությունը կտրուկ թուլացավ, որից էլ օգտվեց IV դարի սկզբներին հիոնիտների կողմից ծանր պարտության մատնված ու նրանց կողմից հետապնդվող
մասագետների հորդան: Այն, ստիպված լինելով լքել հայրենի տափաստանները և շարժվել դեպի արևմուտք, անցավ Վոլգան ու, կործանելով թուլացած Բասիլական թագավորությունը, հիմնեց Կովկասյան Արշակունիների կողմից ղեկավարվող և Հյուսիս-արևելյան Կովկասն ու ողջ Աղվանքը ընդգրկող
Մազքութական թագավորությունը: Սակայն վերջինիս սանձազերծած
Հյուսիսային III պատերազմը, որին մասնակցեց նաև Ալանական թագավորությունը, ծանր հետևանքներ ունեցավ այս անգամ արդեն այս թագավորությունների համար, իսկ 342 թ-ին Մեծ Հայքի և Պարսից թագավորությունների միացյալ բանակը ևս մեկ անգամ հաղթեց Մազքութական թագավորության բանակին` դուրս մղելով վերջինիս Աղվանքի տարածքից:
Մոտ 350 թվականին դեռևս 155 թվականին հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում հաստատված հոների հորդան նորից մտավ շարժման մեջ և, շարժվելով դեպի արևմուտք ու անցնելով Վոլգան, մինչև 370 թվականը գլխովին ջախջախեց Հյուսիսային III պատերազմից հետո խիստ թուլացած Մազքութական ու Ալանական թագավորությունները` արդյունքում ստեղծելով և գլխավորելով հսկայական, տարացեղ ու արտաքին ավարառուական քաղաքականություն վարող
հզոր քոչվոր մի կոնֆեդերացիա, այն դեպքում, երբ Ալանական թագավորությունը սահմանափակվեց Թերեք գետից հարավ գտնվող Կովկասյան լեռներով, իսկ Մազքութական թագավորությունը` Աղվանքի տարածքով, որը Պարսից թագավորությունը, ռազմական ծառայություն րականացնելու պարտավորության փոխարեն զիջել էր նահանջող մազքութներին: Աղվանքի տարածքում հիմնվեց արդեն մեծապես մազքութական էթնիկ կազմ ունեցող Աղվանքի (Մազքութական) թագավորությանը, իսկ Հյուսիսային III պատերազմից հետո խաղաղված Նախակովկասյան տափաստաններից և Հյուսիս-արևելյան Կովկասից կրկին վերսկսվեցին ներխուժումները դեպի Անդրկովկաս, Հայաստան, Աղվանք ու Ատրպատական:
Մեծ Հայքի թագավորության անբաժանելի մասը կազմող Արցախ և Ուտիք նահանգները 428 թ-ին Մեծ Հայքի թագավորության անկումից հետո չընդգրկվեցին Հայոց Մարզպանության մեջ, այլ կցվեցին Մազքութական թագավորությանը: Վերջինս, սակայն 451 թ-ին ոչնչացավ:
V դարի երկրորդ կեսին Աղվանքի տարածքում առաջացած
մանր թագավորությունները, սակայն, երկար կյանք չունեցան: 463 թ-ին Արևմտյան Սիբիրում բնակվող սաբիրները, սարագուրները, ուրուգները և օնագուրները, պարտության մատնվելով ավարներից, շարժվեցին դեպի արևմուտք ու անցան Վոլգան: Ընդ որում վերջին երեք ցեղերը արագորեն տարալուծվեցին սաբիրների մեջ: Միաժամանակ, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, հերթական այս փախստականները, շնորհիվ իրենց մեծաթվության ու ավելի հզոր ռազմական համակարգի, Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում Աթիլլայի մահից հետո խիստ թուլացած հոներից խլեցին գերիշխանությունը ու շարունակեցին վերջիններիս
ավարառուական քաղաքականությունը:
Արդեն 552 գարնանը Դերբենդի լեռնանցքից ներխուժած սաբիրները ասպատակեցին Փայտակարանը, Ուտիքը ու Աղվանքը: Արդյունքում Արցախ-Ուտիքի թագավորությունը և Աղվանքը ընկան սաբիրների գերիշխանության տակ:
Սակայն 563 թ-ին Պարսից թագավորության բանակը և Հայոց այրուձին
ջախջախեցին սաբիրներին: Արդյունքում սաբիրների մնացորդները ետ մղվեցին Կովկասից հյուսիս, ընդունեցին Ավարական խաքանության գերիշխանությունը և արագորեն ձուլվեցին ավարների մեջ, իսկ Աղվանքի տարածքը, որտեղ սաբիրական տասնամյա տիրապետությունը հիմնովի ոչնչացրել էր բոլոր մանր թագավորությունները, արդեն մինչև արաբական նվաճումները մնաց Պարսից թագավորության ուղղակի գերիշխանության տակ:
Արաբական տիրապետությունը
վերջնականապես փոխեց մինչ այդ էլ արդեն մեծապես աղավաղված Աղվանքի բնակչության էթնիկ կազմը և ծանր հարված ստացած էթնիկ աղվանները վերջնականապես դուրս եկան պատմության թատերաբեմից:
Սրանով Հայաստանի ու Աղվանքի քաղաքական հարևանության դարաշրջանն ըստ էության ավարտվեց: