Հեթանոսական Հայաստանում գրի և գրականության առկայության ՝օգտին վկայող մյուս փաստը հայերեն զարգացած գրական լեզվի առկայությունն է, որը պատրաստի ձևով ժառանգեց Մաշտոցյան դպրոցը: Անժխտելի է, որ հինգերորդ դարի գրական լեզուն քերականորեն արտակարգ օրինաչափված լեզու է եղել և ունեցել է հարուստ բառապաշար։ Բավական է մատնացույց անել այն փաստը, որ 5-րդ դարում ասորերեն և հունարեն բնագրերից հայերենի է թարգմանվել Աստվածաշունչը։ Ընդ որում, թարգմանությունը կատարվել է այնպիսի ճշտությամբ ու հարուստ լեզվով, որ եվրոպական հայագետներն այն կոչել են «թագուհի թարգմանութեանց»։ Լեզվի հարստությունը, ոճի շքեղությանը, ճարտասանական բարձր արվեստը հատուկ են հինգերորդ դարի բոլոր հայկական ինքնուրույն և թարգմանական աշխատություններին։ Եթե հայկական գրական լեզուն սկիզբ առներ հինգերորդ դարից անկարելի էր որ՝
Ա. տարբեր վայրերում ապրող և ստեղծագործող հեղինակների աշխատությունները միասնական քերականական մշակված ձևեր ունենային, Բ թարգմանությունների ժամանակ հարկադրված չլինեին բնագրերի լեզվից մեծ թվով օտարաբանությոլններ փոխ առնել, Գ. ինքնուրույն աշխատությունների մեշ քննարկեին ճարտասանական և փիլիսոփայական այնպիսի բարդ հարցեր, ինչպիսին հանդիպում ենք Եզնիկ Կողբացու մոտ։
Նախամաշտոցյան հայ գրի և դպրության գոյության մասին ունենք մատենագրական մի շարք տեղեկություններ, որոնցից մի քանիսն անհրաժեշտ ենք համարում բերել այստեղ։
Փիլիստրատոս անունով մի հույն հեղինակ, որն ապրել է մեր թվականության երրորդ դարում, իր «Վարք Ապպողոնիոս Տիվանացւոյ» աշխատության մեջ հաղորդում է, որ Տավրոսի լեռներում մի հովազ են բռնել, որի վզին եղել է ոսկյա մի մանյակ, իսկ մանյակի վրա հայերեն տառանիշներով գրված. «Թագավոր Արշակ Նյուսիա աստուծոյ» Մենք չգիտենք՝ խոսքը ո՞ր Արշակի մասին է, ինչու՞ այդ մանյակը կախված եղել հովազի վզից, բայց որ գրության մեջ որոշակի ասվում Է, թե մանյակի վրա հայերեն է գրված եղել, կասկածելու տեղիք չի տալիս։
Պրոֆ. Հ. Աճառյանը, որի կարծիքով նախամաշտոցյան շրջանում հայոց բանավոր գրականությունը հայերեն էր, իսկ գրավոր գրականությունը պարսկերեն, հունարեն կամ ասորերեն, առաջ է քաշում այն հակաթեզը, թե «Արշակ եթե իրոք պատմությունը ճշմարիտ է ավելի պարթև թագավորի մը անունն ըլլալու է այն մակագրությունն ալ ավելի պահլավերեն նշան թե հայերեն»։ Սակայն, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ հույն հեղինակը իրոք շփոթել է և պահլավերենը հայերեն կարծել, ապա այդ ևս ինքնին հաստատում է հայկական գրի առկայությունը՝ պետք է ենթադրել ուրեմն, որ հայկական գրությանը երրորդ դարում այնքան էր տարածված, այնքան էր հանրաճանաչ, որ այլալեզու գրությունը շփոթում և հայերեն էին կարծում։
Հիպողիտես Հռոմեացի նշանավոր մատենագիրը Աղեքսանդր Սևերիոսի թագավորության 3-րդ տարում, այսինքն՝ 234—235 թվականներին գրած աշխատության մեջ, առանձին գլխի տակ թվարկել է այն ժողովուրդներին., որոնք գիր և գրականություն ունեն։ Նրա մոտ ասված է «Սրանցից (այսինքն՝ իր թվարկած հին ժո ղովուրդներից-Ա. Ա), որոնք դպրություն ունեն, հետևյալներն են. եբրայեցիները, լատինացիները, որով և հռոմայեցիներն են վարում, սպանացիները, հույները, մարերը և հայերը»:
Հիպողիտեսի «ժամանակագրության» վավերականության մասին կասկածներ չեն եղել։ (Գտնված է հեղինակի կիսանդրին՝ իր աշխատությունների ցանկով, ուր հիշված Է նաև «Ժամանակագրոլթյուն»–ը)։ Եթե երրորդ դարի հույն հեղինակը այսպիսի տեղեկություն Է հաղորդում հայկական դպրության մասին, ապա, կարծում ենք, այն կասկածի ենթարկելու հիմքեր չունենք։
Նախամաշաոցյան գրի և գրականության մասին են խոսում նաև չորրորդ դարում հայկական մատենագրական երկերի առկայության մասին եղած տեղեկությունները։
Ակնարկումներ կան, որ Մաշտոցյան դպրոցի Աստվածաշնչի թարգմանությունից առաջ գոյություն Է ունեցել IV դարի հայերեն թարգմանություն, որի թարգմանիչն է համարվել Գրիգոր Լուսավորիչը։ Յոթերորդ դարի մատենագիր Թեոդորոս Քոթենավորը Մայրադոմեցոլ դեմ դրած մի ճառում մեղադրում է վերջինիս, որ նա և նրան հետևողները թշնամաբար են տրամադրված դեպի ավետարանի առաջին կամ հնագույն թարգմանությունը (մեկնությունը) կատարված Լուսավորչի ձեռքով։ Նա գրում Է. «Արդ, կաճառք բանիցն յուզեալ դարձեալ վիճաբանին։ Եռակի ճառագրեալ աւետարանական տառիցն պատմութիւնք անմիաբան ի միմեանց– գտան, յորոց զմինն ընտրեալ գովեսցուք, և ղմինն հերքեալ արտաքսեսցուք ի սրբումն կոչարանէ։ Քանզի բազմերգելին Գրիգոր, առաքելաքարոզ նահատակն Քրիստոսի, զամենայն աւետարանական պիտառութիւնսն ճառագրեաց՝ զոր ինչ յաղագս աստուծոյ բա նի տնօրինական կիրառութիւն պիտառէր»։
Աստվածաշնչի և եկեղեցական կանոնական նման գրականության գոյությունը չորրորդ դարում առավել հավաստի կդառնա, եթե նկատի ունենանք, որ հեթանոսությանը փոխարինելու եկած նոր կրոնի քարոզիչները պետք է որ գրեին, ժողովրդին բացատրեին (քարոզեին), թե ի՞նչ գաղափարներ է առաջադրում նոր կրոնը, ո՞վ է Քրիստոսը, ի՞նչ է ասել նա, ինչ տոներ պետք է առնվեն ե՞րբ և ինչո՞ւ և այլն։
Որ չորրորդ դարում իրապես գոյություն է ունեցել հայկական գիր, այդ մասին որոշակի տեղեկություն է հաղորդում Ղազար Փարպեցին։ Նա, դատապարաելով Մաշտոցի գրեր ստեղծելուց առաջ եկեղեցիներում ասորերեն արարողություն կատատելու փաստը, մատնացույց է անում հայկական նշանագրերի գոյությունը. «...մանաւանդ թէ գոն նշանագիրք հայերէն լեզուոյս, որով հնար է ինքեան ձայնիւ, և. ոչ մուրացածոյ բարբառով, շահեր զոռիս արանց և կանանց առհասարակ յամենայն եկեղեցիս բազմութեանն»։
Հայ մատենագրության գոյությունը IV դարում ապացուցվում է նաև տոմարական մատենագրությամբ։ Այդ մասին հանգամանորեն կխոսվի իր տե֊ղում, բայց այժմ, նախամաշտոցյան մատենագրության կապակցությամբ, հետևյալը կարելի է ասել։ Մինչև 325 թ. քրիստոնյա ժողովուրդները չունեին իրենց տոմարը և առաջնորդվում էին եբրայական տոմարով։ Նիկիայի ժողովում որոշում ընդունվեց կազմել «սեփական» տոմար։ Կարճ ժամանակների համար քրիստոնյա տոմարագետները կազմեցին զատկացանկեր՝ մինչև որ 353թ.: Անդրեաս Բյուզանդացին կազմեց իր նշանավոր 200-ամյա զատկացանկը, որով առաջնորդվեցին բոլոր քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում՝ նաև հայերը։
Վերջերս մեզ հաջողվեց հայտնաբերել այդ զատկացանկի որոշ հատվածներ հայկական թարգմանությամբ, որը հին հայկական թարգմանական մատենագրության եզական գործերից մեկն է։ Ահա այդ հատվածներից մեկի մեջ տեղեկություն է տրվում գարնանային գիշերահավասարի ժամանակի մասին։ Այնտեղ ասված է, «Արդ՝ սկիզբն հասարակելոյ տուընջեան և գիշերոյ ըստ թուոց եգիպտացլոցն ի ԻԴ (24) և Դ (4) ամսոյն լինի, որ անուանեալ կոչի պեմենովթ, որ դայ կշիռի ըստ թուոյն անդիոքացւոց ի ԻԵ երորդումն դիւստրոս ամսոյն, այսինքն մեհեկանի»: Տոմարական մանրամասնությունների մեջ չմտնելու համար ասենք միայն, որ գարնանային գիշերահավասարը եգիպտական անշարժ տոմարով լինում է պեմենուիթ ամսի 24-ին (հռոմեական մարտ ամսի 20-ին), որը, տվյալ դեպքում, համապատասխանության մեջ է դրված հայկական մեհեկանի հետ։ Տոմարական անվիճելի հաշվումներով, մեհեկանը եգիպտական pեմենովթ ամսվա հետ 381 թվականից հետո զուգահեռվել չէր կարող։ (Գիշերահավասարը հայկական շարժական տոմարով 353 թ. եղել է մեհեկանի 24-ին, սակայն չորս տարին մեկ օրով նահանջման հետևանքով, մեհեկան ամսի վերջին օրը եղել է 381 թվականին)։ Հետևապես տոմարական այդ բնագիրը գրվել է 381-ից առաջ։
Թե ինչ տառերով է գրված եղել Անդրեասի մեզ հասած հայկական բնագրի հատվածները, դժվարանում ենք ասել, բայց որ այդ բնագիրը հարմարեցված է եղել հայկական տոմարի հետ՝ հայ իրականության մեջ օգտագործելու համար, անվիճելի է։
Անդրնաս Բյուզանդացին իր անշարժ տոմարի համար հիմք է ընդունել հուլյան անշարժ տոմարը՝ դարագլուխ վերցնելով Դիոկղետիանոսի թվականը, որի սկիզբն էր 284 թ. օգոստոսի 29-ը։ Հայերը ևս ընդունած են եղել տոմարական այդ համակարգը և ամանորը սահմանել օգոստոսի 29-ը, սակայն չորս տարին մեկ օրով առաջ շարժվելով, դուրս են եկել անշարժ տոմարի զուգավորությունից, և 428-431 թվականներին, որ Մաշտոցի դպրոցի ստեղծագործության բեղուն շրշանն էր, հայկական ամանորը հասել էր օգոստոսի 11–ին, մի ամսաթիվ, որը հետագայում ընդունեց և անշարժ ամանոր սահմանեց Հովհաննես Իմաստասերը 1084թ.։
Եվ այսպես, Անդրեաս Բյուղանդացու տոմարական զատկացանկից պարզվում է, որ հայերը չորրորդ դարում ունեցել են հունականից և ասորականից տարբերվող շարժական տոմար, որը մի նոր ապացույց է հայկական մատենագրության առկայության չորրորդ դարում։
Ի վերջո, նախամաշտոցյան շրջանում հայոց դպրության գոյության օգտին է խոսում նաև դպրության հետ կապված տերմինների քննությունը։ Այսպես, օրինակ, «կարդալ» գրաբարում նշանակում Է ոչ միայն «ընթերցել», այլև «հմայել», «համարել», իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, կապված են վաղընջական ժամանակների պաշտամունքի հետ։ Բարբառներում պահպանվել է երբեմնի նման հասկացողության վերապրուկը։ Կեսարիայում կախարդները հորջորջվում են «կարդացող», իսկ այլոլր գործածական Է «գրբացը», որ նույնպես առնչվում Է «գիր» տերմինին։
Հարց է առաջանում, եթե նախամաշտոցյան դպրություն իրոք եղել է, ինչու՞ ոչ մի նմուշ կամ պատառիկ մեզ չի հասել։ Հարկավ, դրանում առեղծվածային շատ բան կա, բայց այդ զարմանալի չէ, քանի որ դարեր են անցել, ժողովուբդներ են անհետացել Հին Արևելքում՝ առանց հետք թողնելու, քաղաքներ են կորել, որոնց տեղերն այժմ փնտրում ենք, մի թե չէր կարող անհետ վերանալ և վաղ շրջանի հայոց դպրությունը։ Պատմությանը նման իրողություններ հայտնի են. ուր է մեր հարևան աղվան ժողովուդի գրականությունը, որն ստեղծվել է համեմատաբար ավելի ուշշրջանում՝ 5-րդ դարում, ինչո՞ւ նրանցից որևէ նմուշ չի հասել, եթե չհաշվենք նորերս հայտնաբերված վիմագիր մփ քանի արձանագրությունները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ նախամեսրոպյան, այսինքն՝ հեթանոսական հայկական դպրությանը կործանարար հարված հասցրեց քրիստոնեությունը: Ըստ պատմիչների վկայության, Տրդատն իր զորքի գլուխ անցած, Լուսավորչի հետ միասին, քանդում, ավերում էր հեթանոսական մեհյանները և դրանց տեղերում քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ կառուցում։ Այսպես, Ագաթանգեղոսը պատմում է. «Ապա յինքն իսկ թագալորն խաղայր գնայր ամեն այն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաք» մեհյաններ քանդելու։ Արտաշատի ճանապարհի վրա նրանք նախ Տիր աստծու տաճարը «քակեալ աւերեալ քանդեցին», Արտաշատում՝ «ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան», Թոդանում՝ «սպիտակափառ» կոչվող Վահագնի տաճարը «կործանէին, և զպաակերն նորին փշրէին», Երիզա ավանի մեհյանում փշրում են Անահտի արձանը և այլն։
Հին հայ պատմագիրները, պիտի կարծել, նախամեսրոպյան դպրության փաստը լռության են տալիս, որովհետև նրանք, որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել բարբարոսական շրջան։ նրանք հակված են վկայելու, թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր անգիտությունն ու խավարը, ե քրիստոնեությունն էր, որ եկավ լուսավորելու մեր ժողովրդին։
|