Ավարայրի <թվային գաղտնիքը>, սակայն, միայն սրանով չի սահմանափակվում և պետք է անդրադառնալ նաև այլ հարցերի: Այն, որ Պարսից թագավորության բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ վերջինս տալիս է նաև մի շատ ուշագրավ տեղեկություն, որը կարևոր է ոչ միայն թշնամու կողմում կռված հայերի առկայությունը պարզելու, այլ նաև մեկ այլ հանգամանք ևս հստակեցնելու համար: Եվ այսպես, ըստ Եղիշեի. <Իսկ ուրացողների կողմից այն օրն ընկան 3.544> ռազմիկ, այն դեպքում, երբ <քաջ նահատակներ>-ը կորցրին 1.036 ռազմիկ[51]: Արտահայտությունը այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակությունում (որից ի դեպ, մեծապես օգտվել է նաև Հեղինակը), որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում հիշատակված բառերը համապատասխանաբար հնչում են. <իսկ ի կողմանե ուրացելոցն…> ձևով: Վիճակը նույնն է նաև 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ում, ինչպես նաև մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում:
Հետաքրքիր է, սակայն, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը մեկ միակ հրատարակության մեջ` նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> 1946 թ-ի հրատարակությունում և այս մասին հայտնում է նաև Հեղինակը (էջ 312, տողատակի ծանոթագրությունը): Այստեղ արտահայտությունն ունի. <Իսկ ուրացողների և հեթանոսների կողմից…> տեսքը: Այս առումով խիստ զարմանալի է, որ այլ պարագայում իրոք մեծարժեք ջանքեր ներդնելով իրականացնելով պրպտումներ և համեմատելով տարբեր հրատարակություններ ու ձեռագրեր, սույն կարևոր հարցում հեղինակն ընդամենը բավարարվում է զուտ միայն փաստը ֆիքսելով: Այսպիսով կարծում եմ, որ այս դեպքում խնդիրը միանշանակ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, ընդ որում ընթացքում հնարավորություն կառաջանա պարզաբանել նաև այլ հարցեր:
Այն թեզին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը գնում է միայն <ուրացողներ>-ի մասին և դրա տակ պետք չէ հասկանալ Պարսից թագավորության բանակին, խոսում են հետևյալ փաստարկները. ա) Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն <ուրացողներ>-ի մասին,
բ) նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքը ուղղակիորեն գնում է միայն <ուրացողներ>-ի մասին,
գ) 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. <Իսկ ուրացողների կողմից…> ձևը,
դ) մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում խոսքը միայն <ուրացողների> մասին է,
ե) Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ բնականաբար հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբակրոնությունը միմյանց,
զ) 220.000 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ (սրա մասին մանրամասն` ստորև):
Նույն թեզին դեմ կարելի է բերել.
ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակությունը,
բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը, որտեղ <3.544>-ը վերագրված է Պարսից թագավորության բանակին:
Իմ կարծիքով վերը բերված փաստարկների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ.
ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակության մեջ տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ վերջինիս համապատասխան տողի նույն տեղում խոսվում է նախ <ուրացողներ>-ի և միայն դրանից հետո` <հեթհանոսներ>-ի մասին: Այս կապակցությամբ պետք է նշել, որ Եղիշեի երկի 1946 թ-ի հրատարակությունը հիմք է ընդունել Եղիշեի բնօրինակի այսպես կոչված <Անձևյաց օրինակ>-ը` հանդիսանալով ըստ էության ընդամենը Եղիշեի ձեռագրի տարբերակներից մեկի աշխարհաբար թարգմանություն և այնտեղ արտահայտության նման տեսք ունենալը կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած հենց Եղիշեի երկը կրկնակողների անփութությունից:
բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը հակադրվում է Եղիշեի տեղեկությանը: Երկուսն էլ պատմիչներ են, սակայն Եղիշեն հանդիսացել է ականատես և այժմ անկասկած ընդունվում է, որ Փարպեցին մեծապես օգտվել է Եղիշեից: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է նաև ողջ Գրքով: Այս պայմաններում, երբ մի պատմիչի խոսքը հակադրվում է մյուսին, ես, հաշվի առնելով վերևում բերված և ներքևում դեռևս բերվելիք փաստարկների ամբողջությունը, միանշանակ հակված եմ ընդունելու Եղիշեի տեղեկության ճշմարտացիությունը, սակայն ոչ այն տեսքով, որ առկա է <Անձևյաց օրինակ>-ում:
Այսպիսով բոլոր կողմ և դեմ փաստարկները վերլուծելուց և ի մի բերելուց հետո գալիս ենք միանշանակ հետևության, այն է` <ուրացող> բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն Պարսից թագավորության բանակի կողմում կռվող հայերին և այստեղ երկու կարծիք լինել ուղղակի չի կարող:
Վերը նշվածի ֆոնի վրա նոր տեսք են ստանում նաև Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստների վերաբերյալ ավանդականորեն ընդունվող թվերը: Արդեն հիմնավորվեց, որ ավանդականորեն ընդունվող <3.544>-ը իրականում վերաբերվում է միայն թշնամու կողմում գտնվող ուրացողներին: Սակայն ավելի զարմանալի արդյունք է ստացվում, երբ սկսում ենք ուսումնասիրել <1.036>-ը:
Ուշադիր ուսումնասիրողը հեշտությամբ կարող է նկատել, որ Եղիշեն Ավարայրի ճակատամարտի նկարագրման վերջում նշում է միայն նախարարական տոհմերը և տալիս է միայն նրանց, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի տված զոհերի թվերը (օրինակ` Մամիկոնյան ցեղից` 133 ռազմիկ): Այսպիսով Եղիշեն փաստորեն խոսում է միայն նախարարական տոհմերի տված զոհերի մասին, այն դեպքում, երբ հասարակ ռազմիկների և աշխարհազորի տված կորուստները նա չի նշել, ընդ որում, հաշվի առնելով ճակատամարտին հաջորդած բուռն իրադարձությունները, նա կարող էր նաև չիմանալ էլ դրանց նույնիսկ մոտավոր թվերը: Իրոք, եթե նախարարական տոհմերի կորուստները թեկուզ և ճակատամարտից զգալի ժամանակ անց պարզելը հեշտ էր, քանի որ զոհվածները հայտնի անձիք էին հայտնի տոհմերից, իսկ շատ ռազմիկներ էլ գրանցված էին կոնկրետ զորագնդերում, ապա նույն ձևով համարյա անհնար էր պարզել հասարակ ռազմիկների և աշխարհազորի կորուստները: Եղիշեն հաստատ չէր քայլի ճակատամարտի գիշերը և հաջորդ օրը մարտի դաշտում ու հատ-հատ հաշվի սպանվածներին: Իր հերթին բացառված էլ է, որ Պարսից թագավորության բանակի կորուստը նա կճշտեր Նիսալվուրտից: Բացի այդ, և սա հատկապես կարևոր է արձանագրել, այնպիսի նպատակ, ինչպիսին ռազմական մանրամասների լուսաբանումն է, Եղիշեն իր աշխատանքում սկզբունքորեն չի էլ դրել: Այսպիսով կարելի է գալ ևս մեկ խիստ կարևոր հետևության՝ Եղիշեն չի խոսում ոչ միայն Պարսից թագավորության բանակի, այլև Հայկական բանակի հասարակ ռազմիկների կորստի մասին:
Այնուհանդերձ բնական հարց է ծագում, թե, եթե վերը բերված թվերը վերաբերվում են միայն պարսկական կողմում գտնվող ուրացողներին և հայկական կողմում գտնվող նախարարական տոհմերին, ապա այնուհանդերձ ինչքա՞ն կորուստ տվեցին հակամարտող բանակները:
Սա հասարակ հարց չէ և սխալվել են մեր բոլոր այն ուսումնասիրողները, որոնք, մեխանիկորեն վերցնելով <3.544> և <1.036> թվերը որպես համապատասխանաբար Պարսից թագավորության և Հայկական բանակի կորուստներն արտացոլող տվյալներ, հարցը համարել են լուծված: Նախ արդեն հիմնավորվեց, որ այս թվերը վերաբերվում են ընդամենը հակամարտող բանակների միայն մի մասին՝ Պարսից թագավորության բանակի կազմում հանդես եկող ուրացողներին, ինչպես նաև Հայկական բանակի ազնվականական հատվածին: Բացի այդ, և թող ներվի մեզ այս խոսքերը, հարցը ուսումնասիրող մեր հարգարժան պատմաբանների բացարձակ մեծամասնությունը (այս խոսքերը բնականաբար Հեղինակին չեն վերաբերվում), լինելով փայլուն պատմաբաններ, գրաբարագետներ, գրականագետներ, բանասերներ, փիլիսոփաներ և այլն, միաժամանակ գրեթե ոչ մի գիտելիք չուներ ռազմական պատմությունից:
Ասվածի ապացույցը մենք տեսնում ենք հենց այս օրինակի վրա, երբ ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում ոչ ոքի, և նույնիսկ ոլորտի այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Լեոն, Մանանդյանը, Ադոնցը և այլն, հարց չի առաջացել, թե ինչպե՞ս է հնարավոր 14 ժամում այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը միայն… 4.580 զոհ: Իսկ իրականում բացատրությունը ակնհայտ է, քանզի բոլոր մասնագետները ուսումնասիրել են Եղիշեի երկը լեզվաբանական, բանասիրական, գեղագիտական, քաղաքական, կրոնական, բարոյական, փիլիսոփայական և բազում այլ տեսակետներից, սակայն երբեք այն չեն քննել զուտ ռազմական պատմության դիրքերից: Չունենալով բավարար գիտելիքներ այս ոլորտում` ուսումնասիրողները ուղղակի չեն պատկերացրել ճակատամարտի իրական էությունը և պարզապես չեն կարողացել մոդելավորել մերձամարտի ու հեռամարտի պայմաններում տեղի ունեցած միջնադարյան ճակատամարտը: Հարցը վերջնականապես պարզաբանելու համար փորձենք միասին անել դա: _________________________ [51] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
_________________ Приходите в мой дом...
|