6. Առաջին պատերազմափուլի պարագայում, մեծապես հիմնավորված կերպով ներկայացնելով թշնամական 16 կայազորների ոչնչացման էպիզոդները և հիմնավորելով, որ հարատև պաշարողական գործողությունների մեջ ներքաշվելը հայերի համար կարող էր կործանարար հետևանքներ ունենալ (էջեր 59-60), Հեղինակը զարմանալի կերպով իր հիմնավորումներին չի ավելացնում ևս մեկը, որ դիմացը ձմեռ էր, իսկ ձմռանը մղվող պաշարողական գործողությունները միշտ էլ կապված են եղել մեծ դժվարությունների հետ և դրանցից բոլոր ժամանակներում ամեն կերպ ձգտում էին խուսափել:
7. Հեղինակը, 61-րդ էջում վերլուծելով <դարձյալ հարձակվելու> խնդիրը, կապված Անգղի դեպքերից հետո պարսից 16 կայազորների վրա հարձակվելու էպիզոդի հետ, անում է տրամաբանական հետևություն, որ <դարձյալ> հարձակում լինել չէր կարող, քանի որ մինչ այդ թշնամական որևէ կայազորի վրա հարձակում չէր եղել: Կարծում եմ, սակայն, որ իրականում <դարձյալ հարձակվել> արտահայտությունը կարող է կիրառված լինել այն իմաստով, որ, մեկ անգամ հարձակվելով Անգղում տեղակայված հակառակորդի վրա և հաջողությամբ ավարտելով գործը, հայերը դարձյալ անցան հարձակողական գործողությունների՝ արդեն պարսից 16 կայազորների ուղղությամբ: Այս հանգամանքը, սակայն, մեծապես համարում եմ ոչ էական, որովհետև ակնհայտ է, որ պարսից 16 կայազորների ոչնչացումը գործնականում տեղի է ունեցել Անգղի ճակատամարտից շատ կարճ ժամանակ անց:
8. Գրքի մի շարք հատվածներում (օրինակ՝ էջեր 65, 336 և այլն), կապված այն բանի հետ, որ Ավարայրի ճակատամարտից և հոների կողմից Ատրպատականի ասպատակումից հետո ողջ մնացած հայ նախարարները բանակցություններ են սկսում պաշտոնական Տիզբոնի հետ, Հեղինակը այս կամ այն կերպ կիրառում է <հանձնվել> տերմինը, ինչը, սակայն, կարծում եմ մեծապես տեղին չէ, քանի որ, ինչպես ցույց են տալիս սկզբնաղբյուրները և Հեղինակի իսկ վերլուծությունը, այստեղ խոսքը կարող է վերաբերվել միայն հաշտության հնարավոր պայմանները քննարկելու նպատակով հայ նախարարների Տիզբոն մեկնելուն, ընդ որում լրիվ այլ հարց է, որ այդ ընթացքում նրանք նենգաբար գերվել են[29]:
9. Հեղինակը, հիանալի կերպով նկարագրելով Արտաշատի ճակատամարտը և ընդունելով հանդերձ, որ խոսքը կարող է գնալ նաև Դվինի մասին, փաստն այնուհանդերձ կապում է հենց Արտաշատի հետ, թեև, հաշվի առնելով, որ հետագայում գերիներին հենց Դվին են բերել, հավանական կարելի է համարել հենց վերջին տարբերակը[30]: Այնուհանդերձ այս հանգամանքը մեծապես կարող է համարվել ոչ էական, քանի որ Արտաշատն ու Դվինը գտնվում էին իրար շատ մոտ և քիչ չեն օրինակները, երբ նույն ճակատամարտը անվանվել է իր մոտ գտնվող երկու բնակավայրերի անուններով միաժամանակ[31]:
10. 77-րդ էջում, խոսելով Բյուզանդիային Աթիլայից բխող սպառնալիքի մասին, Հեղինակը հայտնում է <արևմտյան ճակատ>-ի մասին, այն դեպքում, երբ Աթիլլայի հոները կայսրությանը սպառնում էին ամենից առաջ Դանուբ գետի երկայնքով, երբ հարվածի տակ էր հայտնվում Բալկանյան թերակղզին, իսկ այդ պարագայում, հաշվի առնելով Կոնստանդնուպոլսի տեղադրությունը, ավելի շուտ կարելի է խոսել <հյուսիսային ճակատ>-ի, առավելագույնը՝ <հյուսիս-արևմտյան ճակատ>-ի մասին:
11. 97-րդ և մասնավորապես նաև 104-րդ էջերում Հեղինակը առաջիններից մեկը մեր պատմագրության մեջ լիովին հիմնավորված առաջ է քաշում այն թեզը, որ <Հայաստան>-ը դա միայն Մեծ Հայքը չէ և հայ ժողովուրդը միայն Մեծ Հայքում չէր, որ բնակվում էր, այլ այդ հասկցությունների մեջ պետք է հաշվի առնել նաև Փոքր Հայքի, ինչպես նաև, ըստ Հեղինակի տերմինաբանության, Ադիաբենեի և Հյուսիսային Միջագետքի հայ բնակչությանը (Հայոց Միջագետքը)[32]: Անելով այս հիմնավոր հետևությունը, սակայն, Հեղինակը զարմանալիորեն կանգ է առնում կես ճանապարհին և որպես պատմական Հայաստանի մաս չի ընդունում Կիլիկիան, չնայած այն հիշատակվում է որպես <արիմների> հայրենիք, ի սկզբանե եղել եղել է այսպես կոչված <խուռիական քաղաքակրթության> սահմաններում և որևէ հիմք չկա տանաջատել այն պատմական Հայաստանի այլ մասերից:
12. 101-րդ էջում Հեղինակը, զարմանալիորեն նահանջելով մինչ այդ ամրությունների կայազորի թվաքանակը պարզաբանելուն ուղղված իր հստակ վերլուծությունից և հիմք ընդունելով Փավստոս Բյուզանդի տեղեկությունները, գրում է, որ Արտագերս ամրոցում եղել է <11.000 հոգանոց զորք>, որը ողջ կազմով զոհվել: Արտագերս ամրոցի ավերակները, սակայն, ներկայումս լավ հայտնի են և ակնհայտ է, որ ոչ միայն զորք, այլև 11.000-անոց բնակչություն իսկ չի կարող այնտեղ տեղավորվել ամենից առաջ զուտ ֆիզիկապես, դեռ չասած էլ այն մասին, որ, ինչպես վերևում նշվեց, նույնիսկ մարզային խոշոր քաղաքների կայազորները հազիվ կազմում էին մինչև 5.000 հոգի, իսկ Կոնստանդնուպոլսի կայազորը պարիսպների բավարար պաշտպանությունն ապահովելու համար նույն այդ ժամանակ պետք է կազմված լիներ առնվազն 15.000 ռազմիկից, ի՞նչ է, Արտագերսը իր մակերեսով միայն մի քի՞չ էր զիջում միջնադարի ամենախոշոր քաղաքներից մեկին: Այսպիսով ակնհայտ է, որ <Արտագերսի 11.000-ը> ուղղակի ոչ հավաստի տեղեկատվություն է[33]:
13. 106-րդ էջում, թեև այս հանգամանքը համարում եմ ոչ էական, Հեղինակը խոսում է Տարոնի` արմատներով հնդիկ (կիրառվում է <индами> տերմինը) բնակչության մասին, սակայն կարծում եմ, որ այս պարագայում Զենոբ Գլակի տեղեկությունները արժանահավատ չեն, մանավանդ որ դասական իմաստով հնդիկներ քննարկվող ժամանակաշրջանում չեն էլ եղել ու խոսքը տարաբնույթ ցեղերի և նույնիսկ ժողովուրդների մասին է, որոնք հիմա էլ բնակվում են Հնդկաստանի տարածքում ու ամենևին էլ իրենց հնդիկ չեն համարում, իսկ <հնդիկ> էթնոսն էլ դեռևս մեծապես ձևավորման փուլում է: Այս առումով հասկանալի, որ հեղինակը նկատի չունի <հնդիկներին> ժամանակակից իմաստով, սակայն մյուս կողմից էլ հատվածը կարծում եմ խմբագրման կարիք ունի:
14. 114, 166-167 և մի քանի այլ էջերում Հեղինակը պնդում է, որ Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակը կազմված է եղել բացառապես միայն հեծելազորից, թեև մեկ այլ տեղ այնուհանդերձ ընդունում է, որ կարող էին առկա լինել որոշակի ուժեր, որոնք կարող էին նախատեսված լինել Աղվանքի տարածքում պաշարողական գործողություններ իրականացնելու համար (էջ 119-ի տողատակում): Կարծում եմ, սակայն, որ այս պնդումը կարելի է որոշակիորեն կասկածի տակ դնել, քանզի Ղազար Փարպեցին ինքը[34] հայտնում է, որ Խաղխաղի ճակատամարտի ավարտական փուլում հայ նետաձիգները աղեղների հարվածի տակ են առել <մեծ գետը> լցված թշնամու ռազմիկներին: Իհարկե, այս պարագայում խոսքը կարող է նաև հեծյալ նետաձիգների մասին լինել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպի Աղվանք արշավելիս Հայկական բանակը պետք է լուծեր կոմբինացված խնդիրներ, կապված ոչ միայն դաշտային ճակատամարտերի կամ ասպատակությունների, այլ նաև լեռնային մարտերի ու ամրությունների գրավման հետ, ինչպես նաև այն, որ ծանր հեծելազորը (ինչպես, ի դեպ, նաև ներկայումս զրահատանկային ուժերը) խորհուրդ չի տրվում կիրառել առանց հետևազորի աջակցության, Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակը միայն հեծելազորից կազմված լինելու թեզ համենայն դեպս գոնե ինձ համար չեմ կարող համարել ընդունելի[35]:
_________________________ [29] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 27: [30] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 8: [31] Օրինակ, Գավգամելայի մ.թ.ա. 331 թ-ի ճակամատարտը հայտնի է նաև որպես <Արբելայի ճակատամարտ>, Գրյունվալդի 1410 թ-ի ճակատամարտը՝ որպես <Տաննենբերգի ճակատամարտ>, Բորոդինոյի 1812 թ-ի ճակատամարտը՝ որպես <Մոսկվայի ճակատամարտ> և այլն: [32] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 3-4; Մհեր Հակոբյան <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>, գիրք 1, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9, էջ 9-10, որտեղ մասնավորապես նշվում է, որ. <<Հայաստան> հասկացությունը երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Ուրմիա լճի արևելյան ափին գտնվող Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության>: [33] Տես՝ Մհեր Հակոբյան <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>, գիրք 13, Երևան 2008, ISBN 978-99930-4-720-9, էջ 37: [34] Տես՝ Ղազար Փարպեցի (գիրք 2, գլուխ 35): [35] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 9-10:
_________________ Приходите в мой дом...
|