Տարածված մոլորություն է, թե արաբների դեմ 774 թ-ին սկսված ապստամբությունը վերջացել է 775 կամ 776 թվականին: Իրականում, սակայն, մեզ հայտնի են ևս էլի ճակատամարտեր այս ապստամբությունից, որը վերջացել է միայն 782 թ-ին, ընդ որում, ի տարբերություն դասականորեն ընդունված տարբերակի, հայերի համար ունեցել է անհամեմատ ավելի բարենպաստ ելք:
Տեսեք, մոտավորապես 775 թ-ին հունիսին տեղի ունեցավ Գառնիի ճ-մ-ը Վասպուրականում (սա մեր իմացած Գառնո տաճարը չէ), որի մասին Շապուհ Բագրատունին շատ պարզ ու առողջ է խոսում, իսկ Ղևոնդը՝ ավելի լացկան տոնով: Ըստ Շապուհի. «Այս Մահմեդը բազմաքանակ զորք պատրաստեց, սարքեց ու եկավ հայոց աշխարհի վրա։ Եկավ, հասավ Արարատ նահանգը, և առաջին հերթին գրավեց Դվին քաղաքը, իսկ այնտեղից էլ շրջվեց դեպի Վասպուրականի կողմը։ Իսկ Դերենը նրան ընդառաջ ուղարկեց ոսկե ու արծաթե թանկարժեք իրեր, ձիեր ու ջորիներ և ասաց. «Մի ավերիր իմ երկիրը», սակայն նա չկամեցավ լսել, այլ շատ անարժան խոսքերով անարգեց պատգամաբերին ասելով` «Դու Բաղդադի տնից շատ գանձ ես տարել։ Այժմ ես կամենում եմ գալ, նստել քո արքունի քաղաքում, որ Վան է կոչվում, և կհանեմ քեզ քո Վասպուրական երկրից ու կտամ դա Տաճատ Անձևացուն, որովհետև նա սիրում ինձ»։ Եվ երբ Դերենն այս լսեց, հավաքեց իր հեծելազորը` մոտ 3.000 ձիավոր և 2.000 հետևակ, ու գնաց նրան ընդառաջ Գառնի գավառ։ Իսկ նա գալիս իջնում էր այն սարից, որ Ոսկեգոտի են կոչում։ Եվ Դերենը, կանգնելով նրա դեմ, հարվածե ու շփոթեցրեց նրանց, իսկ Մահմեդը իմացավ, ամրապնդվեց ու ջանաց դիմադրել, բայց չկարողացավ։ Վասպուրականցիները կոտորեցին տաջկաց զորքերի բազմությունը և փախստական դարձած գնաց ու ապաստանեց Բերկրի ամրոցում։ Եվ Աբուհարպը, որ Բերկրիի տերն էր, ընդունեց նրան։ Իր հերթին Դերենը գրավեց Մահմեդի ձիերն ու զորքերի զինամթերքը` նրանց շատերին կոտորելով ու մեծ հաղթությամբ վերադառնալով» (Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 4)։
Սրանից մոտ մեկ ամիս հետո տեղի ունեցավ մեկ այլ ճակատամարտ Անձևացիքում գտնվող Շահաստանի դաշտում, որի մասին Շապուհ Բագրատունին կրկին հայտնում է շատ ուշագրավ տեղեկություններ. «Բայց կրտսեր որդին չկամեցավ անսալ իր հոր (Արաբական խալիֆության խալիֆ ալ-Մահդիի – Մ.Հ.) ձայնին և ապա, առնելով գանձ, ձիեր ու ջորիներ, ծառաներ ու աղախիններ, ելավ, գնաց ու հասավ Անձևյաց երկիրը, այն տեղը, որ կոչվում է Շահաստան։ Նա բանակեց այնտեղ` Շահաստանի դաշտում։ Եվ Տաճատին իմաց տվեցին ու ասացին. «Շատ զորքեր են եկել ու բանակ դրել Շահաստանում»։ Եվ ահա Տաճատը հեծավ ձին ու սակավ մարդկանցով գնաց տեսնելու, թե ովքեր են այդ երևացած հեծյալները։ Իսկ արքայորդին, հեծած իր երիվարը, որս էր անում լեռան վրա։ Մի կողմում հանդիպեցին միմյանց, և արքայորդին ձիարձակ եղավ։ Եվ ահա Տաճատի մարդկանցից մեկը հարվածեց նրան նիզակի սուր ծայրով ու սպանեց։ Այդ ժամանակ Տաճատն իմացավ, որ սպանվող արքայորդի է ու վախեցավ, բայց հետո վեր կացավ, առավ այն գանձը, որ թողել էին, իսկ արքայորդու զորքերը փախան` թողնելով ձիերը, ջորիներն ու ողջ ունեցվածքը։ Իսկ Տաճատը, առավ իր ողջ ունեցվածքն ու գնաց, ամրացրեց իր բերդի ամրությունները։ Նա իր ծառաներին ու հավատարիմներին տեղավորեց իր բոլոր բերդերում, իսկ ինքն իբրև փախսական գնաց հոռոմաց երկիրը» (Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 4)։
Նույն թվականի օգոստոսին հիմնականում ազգությամբ հայ զորավարների կողմից ղեկավարվող բյուզանդական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ասպատակեցին Կիլիկիան ու հաղթեցին արաբներին Մարաշի ճ-մ-ում:
776 թ-ի ամռանը արաբների ներքին ապստամբություն է բռնկվում Ամիդի ու Մծբինի շրջակայքում, որը ճնշելու համար պաշտոնական Բաղդադը մի խոշոր բանակ է ուղարկում: Այդ ժամանակ բյուզանդացիները, որ առաջացել ու պաշարել էին Սամոսատը, ստիպված նահանջում են: Հենց նույն 776 թ-ի աշնանն էլ անորոշ ելքով մեկ այլ ճակատամարտ է տեղի ունենում հայերի ու արաբների միջև Մուշի մոտակայքում, որի մասին Հովհաննես Ավագերեց սեղմ հաղորդում է. «Հայոց 226 թվականին Մուշում կռիվ եղավ և մահ» («Ժամանակագրություն»)։
777 թվականին արաբները արշավեցին բյուզանդական տիրույթներ, սակայն առանց էական հաջողության հետ դարձան, իսկ 778 թվականի հաջողությունը հայերի ու բյուզանդացիների կողմում էր՝ ասպատակվեց Հադասի շրջակայքը, քրիստոնյաները հաղթեցին Մարաշի ճ-մ-ում, հետո, նահանջելով թշնամու խոշոր բանակից, ևս մեկ հաղթանակ տարան Ջահանի ճակատամարտում և հեռացան:
778 թ-ի աշնանից մինչև 779 թ-ի ամառ արաբները մի քանի ներխուժում իրականցրին բյուզանդական տարածք, սակայն լուրջ հաջողությանչհասան:
780 թ-ի ամռանը արաբները դավաճանության շնորհիվ գրավեցին Սեմալուա ամրոցը, սակայն նույն թվականի աշնանն էլ նրանց էքսպեդիոցիոն կորպուսը լուրջ պարտություն կրեց հայերից ու բյուզանդացիներից Կապադովկիայում:
Արաբները փորձեցին ռևանշ վերցնել 781 թ-ի գարնանը, սակայն Կիլիկիայում տեղի ունեցած Մելեոնի ճակատամարտում կրկին խոշոր պարտություն կրեցին, ընդ որում ապագա հայտնի խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը հազիվ փրկվեց գերվելուց, այն էլ շնորհիվ հետագայում, ի շնորհակալություն դրա, Հայոց իշխան նշանակված Տաճատ Անձևացու աջակցության, որը գործում էր բյուզանդական բանակի կազմում, սակայն կոնկրետ իրավիճակում <խաղաց> արաբների օգտին:
782 թ-ի գարնանը քոչվոր Ջահաֆյանների բանակը փորձեց անակնկալ հարձակվել Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Հայաստան ուղևորվող խաղաղ բնակիչներին ուղեկցող Արտանուջի իշխան Ատրներսեհ Բագրատունու և նրա որդի Աշոտ գլխավորությամբ հանգստի տեղավորված բանակի վրա, սակայն վերջինս անցավ հուժկու հակահարձակման և փախուստի մատնեց թշնամուն։ Եվ ահա միայն այսքանից հետո, զգալով, որ արդեն վտանգավոր է դառնում Բյուզանդիայի դեմ պատերազմը շարունակել Արմենիայում շարունակվող ապստամբության պայմաններում, ինչպես նաև անհանգստացած լինելով հենց այդ ժամանակ Միջին Ասիայում թափ հավաքող Մուքքաննայի և կարմրադրոշների ապստամբություններից` խալիֆ Մահդին 781 թ-ին Տաճատ Անձևացուն նշանակեց Հայոց իշխան, թեթևացրեց հարկային ճնշումը և դադարեցրեց հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները։ Ահա միայն սրանից հետո Արմենիայի VI ապստամբությունը վերջացավ։
_________________ Приходите в мой дом...
|