Մարզպանական Հայաստանի IV ապստամբություն
(491-499)
Վաhանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485) լայնորեն է հայտնի, սակայն հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա հսկայական հետք թողած այս իրադարձության ֆոնին
զարմանալիորեն մոռացվել է մեկ այլ ապստամբություն`
Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499): Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որը ընդգրկեց գործնականում ողջ Մարզպանական Հայաստանը: Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և կրոնափոխության հերթական պահանջի վերացումով:
Հիմնական իրադարձություններ491 – Դարպակ քաղաքի ճակատամարտ
491 – Կորինֆորի ճակատամարտ
492 – N ճակատամարտ
493 – Մծբինի պաշարում
499 – N ճակատամարտ
499 – Հաշտության կնքում
Ապստամբության ընթացքըՆոր գահ բարձրացած պարսից
Կավատ I (488-496, 498-531) արքայի օրոք կրկին ծայր առած բռնությունները, իրականացվող բռնի կրոնափոխության քաղաքականությունը և Նվարսակի հաշտության պայմանների անտեսումը Մարզպանական Հայաստանում ստեղծեց ապստամբական լուրջ տրամադրություններ: Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ հայերը համարվում էին նախորդ արքա
Վաղարշի (484-488) կողմնակիցները, ինչը ևս չէր ավելացնում Կավատ I-ի համակրանքը նրանց նկատմամբ:
Այս անգամ էլ, սակայն, ինչպես Մարզպանական Հայաստանի III ապստամբության պարագայում եղավ, ապստամբության անմիջական առիթը տվեց Իբերիայի արքա
Վախթանգ I Գորգասալը (446-491), որը 491 թ-ին ապստամբեց և Իբերիայից դուրս վտարեց պարսկական կայազորները: Անմիջապես էլ, ինչպես տաս տարի առաջ, Վախթանգ I Գորգասալը կապ հաստատեց Հայոց մարզպան
Վահան Մամիկոնյանի (485-505) հետ, որի արդյունքում Մարզպանական Հայաստանը ևս ապստամբեց: Տեղեկանալով զարգացող իրադարձությունների մասին` Կավատ I-ը որոշեց առաջնային հարվածը հասցնլ Իբերիային:
491 –
Դարպակ քաղաքի ճակատամարտ (Կախեթի, Մծխեթից արևելք, Իորա գետի ափին)
Պարսկական տիրապետության դեմ բռնկված Վախթանգ I Գորգասալի ապստամբությունը ճնշելու համար Պարսից թագավորության մի խոշոր բանակ (74.000 , մոտ 15 փիղ) Կավատ I-ի գլխավորությամբ պատրաստվեց ներխուժել Իբերիա: Այդ ընթացքում ապստամբություն բռնկվեց նաև Մարզպանական Հայաստանում, որից հետո մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Իբերիա ու միացավ իբերական բանակին (20.000): Դրանից հետո Իբերիայի թագավորության և Հայկական միացյալ բանակը, շարժվելով
Կուր գետի հուն-Կամբեճան-Իորա գետի հուն երթուղով ասպատակելով արշավող Պարսից թագավորության բանակի դեմ, Դարպակ քաղաքի մոտ ամուր դիրքեր գրավեց ու սկսեց սպասել թշնամուն` նախատեսելով պաշտպանական մարտում ուժասպառ անել վերջինիս և դրանից հետո վճռական հարձակումով ջախջախել նրան:
Մի քանի օր անց քաղաքին մոտեցավ նաև Պարսից թագավորության բանակը: Կողմերը պատրաստվեցին մարտի:
I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն եռօրյա համառ մարտերի արդյունքում քրիստոնյաների բանակին ի վերջո հաջողվեց ետ շպրտել թշնամուն ելման դիրքեր՝ մեծ կորուստներ պատճառելով նրան:
II փուլ – Չորրորդ օրը քրիստոնյաների բանակը պատրաստվեց վճռական հարձակման: Այդ նպատակով Հայկական բանակը զբաղեցրեց թևերից մեկը, իբերական հետևակը՝ մյուսը, իսկ կենտրոնում տեղավորվեց իբերական հեծելազորը: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն Իբերիայի թագավորության ու Հայկական բանակը Վախթանգ I Գորգասալի, ինչպես նաև Վահան և Վարդ Մամիկոնյանների անձնական ղեկավարությամբ անցավ շեշտակի հակագրոհի և, ջախջախելով ու փախուստի մատնելով թշնամու կենտրոնը, ներխուժեց վերջինիս ճամբար: Այստեղ արքայական վրանների մոտ բռնկված մարտում Վախթանգը մենամարտում սպանեց Կավատի որդուն, իսկ ինքը՝ Կավատը, դիմեց փախուստի և հազիվ փրկվեց: Սակայն նույն տեղում էլ Իբերիայի արքան մահացու նետահար եղավ:
III փուլ – Քրիստոնյաների բանակը որոշ տարածություն հետապնդեց թշնամուն, սակայն մարտից Վախթանգի դուրս գալու պատճառով դաշնակից բանակը շուտով դադարեցրեց այն, որից հետո նույնը ստիպված եղավ անել նաև Հայկական բանակը: Այնուհետև քրիստոնյաների բանակը նահանջեց ու ամրացավ Կախեթիում:
Հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցը՝ 2.800 , թշնամին՝ 13.000 զինվոր: Շուտով Վախթանգը մահացավ, իսկ թշնամու ուժերը կենտրոնացան
Արմազիում: Այս պայմաններում Հայկական բանակը վերադարձավ Մարզպանական Հայաստան և պատրաստվեց դիմագրավել թշնամու նոր հարձակումներին:
Փորձելով զարգացնել հաջողությունը` Պարսից թագավորության բանակը հարձակման այնցավ Տայքի ուղղությամբ, սակայն 491 թ-ի
Կորնիֆորի ճակատամարտում (Տայք, Կող գավառ) բյուզանդական բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) անորոշ ելքով մարտում հետ մղեցին թշնամու առաջխաղացած բանակին (մոտ 30.000):
492 թ-ին մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 50.000) հաղթեց Պարսից թագավորության առաջխաղացած ու Մարզպանական Հայաստանի տարածք մտած բանակին (մոտ 60.000, 15 փիղ): Պաշտոնական Տիզբոնի վարած խիստ քաղաքականությունը և կրած անհաջողությունները հակապարսկական ելույթի դրդեցին նաև այլ ուժերի: 493 թ-ին ապստամբած կատիշները (մոտ 20.000) պաշարեցին, սակայն չկարողացան գրավել
Մծբինը Պարսից թագավորության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000) ու նահանջեցին:
Հայերի օգտին եղավ նաև այն, որ Կավատ I-ի քաղաքականությունը իր դեմ էր հանել պետության գրեթե բոլոր խավերին: Արդյունքում տեղի ունեցած հեղաշրջման ընթացքում այս արքային գահընկեց արեցին ու նոր արքա հռչակվեց
Ջամասպը (496-498): Կավատ I-ը բանտարկվեց և մնաց բանտարկության մեջ երկու տարի: Երկրում սկիզբ առած խառնաշփոթը պաշտոնական Տիզբոնին մի քանի տարի թույլ չտվեց հայերի դեմ որևէ գործողության դիմել, սակայն, երբ 498 թ-ին Կավատ I-ը հեփթաղների հզոր աջակցությամբ կրկին վերադարձավ գահին, իրավիճակը փոխվեց: Նորից գահին տիրացած արքան Կավատ I-ը առժամանակ կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և մեղմացրեց այն: Արդյունքում վերջինիս իշխանությունը արագորեն ամրապնդվեց և պաշտոնական Տիզբոնը հնարավորություն ստացավ կրկին ակտիվ գործողություններ անցնել հայերի դեմ:
499 թ-ին մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 50.000) անորոշ ելքով ընդհարվեց Պարսից թագավորության առաջխաղացած ու Մարզպանական Հայաստանի տարածք մտած բանակի (մոտ 90.000, 15 փիղ) հետ: Ստեղծված պայմաններում Պարսից թագավորությունը հրաժարվեց կրոնափոխության և տնտեսական հալածանքների քաղաքականությունից, վերականգնեց Նվարսակի պայմանագրի գործողությունը, որից հետո Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը վերջացավ: