Администратор |
|
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57 Сообщений: 46679 Откуда: Армения, Ереван
|
Գլուխ 75 Արաբա-չինական մրցակցության գագաթնակետ և ավարտը
Իրոք 751 թվականի ամռան վիճակով Մավերնահրում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ, թերևս, արդեն անխուսափելի էր երկու այլ գերտերությունների ընդհարումը՝ խոսքը Արաբական խալիֆության և այս անգամ արդեն չինական Տանի տերության մասին է: Չինական պետական միավորներն ընդհանրապես, և Տանի տերությունը, մասնավորապես, ասիական գերտերություններից, որպես կանոն, կտրված էին մնում Մեծ տափաստանի արևելյան ու կենտրոնական լայնարձակ շրջաններով և արդյունքում շատ հազվադեպ էին ոչ միայն ռազմական, այլև նույնիսկ քաղաքական շփումները նույն այդ չինական պետական միավորների ու, օրինակ, Իրանական լեռնաշխարհում ստեղծված պետությունների միջև: Պարսից թագավորության կործանումն, օրինակ, Տանի տերությունում ընկալվեց որպես հեռավոր և անհասկանալի մի իրադարձություն, թեև իրենց մոտ ապաստանած Հազկերտ III-ի ժառանգներին Տանի տիրակալները որոշակի աջակցություն այնուհանդերձ ապահովեցին՝ առանց թերևս, սակայն, որևէ էական արդյունքի:
Մեր կողմից քննարկվող ժամանակաշրջանում, սակայն, կապված Գյոկթյուրքական և Թյուրքեշական խաքանությունների անկման հետ, Տանի տերության սահմաններն արևմուտքում աննախադեպ լայնացում էին ապրել, երբ արդեն VII դարի վերջին չինական կայազորներ կային, օրինակ, նույն Կաշագարյան հարթավայրում: 715-717 թվականներին, Ֆերգանայի հովտում ու Կաշագարյան հարթավայրում Արաբական խալիֆության և Տանի տերության ռազմական մեքենաների միջև արդեն իսկ ընթացել էին փոփոխակի հաջողություններ ունեցած ընդհարումներ, սակայն հետագա տասնամյակներում, կապված Թյուրքեշական խաքանության վերելքի հետ, վերջինս ինքն էր հերթական բուֆերի դեր ստանձնել երկու գերտերությունների միջև ձգվող տարածքներում և հենց ինքն էր իր վրա վերցրել պաշտոնական Դամասկոսին դիմադրելու գործը, ընդ որում առանձնակի առաջխաղացման չէին ձգտել նաև չինացիները: Այժմ, սակայն, երբ Թյուրքեշական խաքանությունն արդեն չկար, իսկ 744 թվականին այն ոչնչացրած Կարլուկական խաքանությունն էլ, որն իր իշխանության տակ ուներ Սիր-Դարյա գետից անդին տարածվող Յոթնագետքը, հարաբերությունների գոնե արտաքինից դրական տեսք էր հաստատել Տանի տերության հետ, վերջինս ավելի ագրեսիվ դիրք գրավեց դեպի արևմուտք առաջանալու և, մասնավորապես, սկզբի համար գոնե Մավերնահրին տիրելու հարցում: Միաժամանակ Տանի տեսաբաններին ակնհայտորեն լավ հույսեր էր ներշնչում և այն մեծ փոթորիկը, որը ընթանում էր Արաբական խալիֆությունում սկսած արդեն 744 թվականից, և այն հանգամանքը, որ նույն 744 թվականին Գյոկթյուրքական խաքանությունը ոչնչացրած Ույղուրական նորաստեղծ խաքանությունն իր հերթին հարաբերությունների դրական տեսք ուներ հաստատած Տանի տերության հետ:
Դեպի արևմուտք հասցվող հարվածի համար, սակայն, Տանի տերությունում ժամանակն արդեն անհույս կերպով բաց էին թողել, քանզի, եթե այն գուցե և հաջողություն ապահովեր 740-ական թվականների երկրորդ կեսին դեռևս Օմայանների օրոք, ապա 750-ական թվականների սկզբին Աբբասյաններն արդեն ի մի էին բերել Արաբական խալիֆության ուժերը ու պատրաստ էին անհամեմատ ավելի ուժեղ դիմադրության: Այսպես թե այնպես, սակայն, որպես հետևանք այս ամենի, 751 թվականի ամռան սկզբին Տանի տերության 150.000 հոգանոց բանակը, ուժեղացված տեղական քոչվոր ուժերի և հատկապես էթնիկ առումով թյուրք կարլուկների կողմից, Կաշագարյան հարթավայրից մտավ Մավերնահ, իսկ հետո էլ, հետ մղելով հակառակորդի ուժերին ու փորձ կատարելով մաքրել Սիր-Դարյայից հյուսիս ձգվող տարածքները, սկսեց առաջանալ դեպի արևմուտք՝ հասնելով Արալյան ծովին: Նույն այս ժամանակ, սակայն, հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկացված Արաբական խալիֆության գրեթե նույնաքանակ բանակն, իր հերթին ուժեղացված դաշնակից տիբեթցիների մեծաքանակ ուժերով, շարժվեց հակառակորդի ուղղությամբ:
Արդյունքում՝ 751 թվականի հուլիսի ամենավերջին կողմերն իրար եկան Արալյան ծովից արևելք և Սիր-Դարյա գետից հյուսիս գտնվող Տալլաս գետի մոտ գտնվող լայնարձակ դաշտավայրում, իսկ 3 օր տևած ծանր ճակատամարտն էլ, շնորհիվ ի վերջո դավաճանած ու Տանի տերության բանակին թիկունքից հարված հասցրած կարլուկների, ավարտվեց Արաբական խալիֆության բանակի խոշոր հաղթանակով: Այս ճակատամարտը, որը պարտվողներին մոտ 50.000 ռազմիկ արժեցավ և զրկեց վերջիններիս կարլուկների աջակցությունից, ըստ էության, ոչնչացրեց Արաբական խալիֆության դեմ գործող Տանի տերության ռազմական մեքենան: Իր հերթին բացասական արդյունքը, գումարված Տանի տերությունում հետագայում առաջացած ներքաղաքական բարդություններին, սկզբունքորեն վերջ դրեցին դեպի Միջին Ասիա առաջխաղացում կազմակերպելու Տանի նույն տերության հետագա բոլոր փորձերին: Որպես ընդհանուր հետևանք Աբբասյանների ձեռք բերած այս խոշոր հաջողության՝ ոչ միայն ազատվեցին խոշոր ուժեր, որոնք հնարավոր եղավ կիրառել պետության արդեն այլ սահմաններում, այլև Միջին Ասիան վերջնականապես ընդգրկվեց և այդուհետ մնաց հենց մահմեդական քաղաքակրթության սահմաններում:
_________________ Приходите в мой дом...
|
|