Վանդալական ուղղությունում զրկվելով քիչ թե շատ կայսերամետ Հիլդերիքից, Հուստինիանոս I-ը, որին արդեն միայն հարմար առիթ էր հարկավոր, անցավ վճռական գործողությունների: Եվ այսպես, 533 թվականի ամռանը առանց լուրջ մարտերի տիրելով Ղրիմին և ոչնչացնելով Բոսպորի թուլացած թագավորությունը , փառասիրական տենչերով տարված Հուստինիանոս I-ը հարված հասցրեց վանդալներին: Սկիզբ առավ Վանդալական պատերազմը (533-534), որին վիճակված էր առաջինը լինել Արևմուտքում Հուստինիանոս I-ի վարած պատերազմներից:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
533 սեպտեմբերի 13 – Դեցիումի ճ-մ (Լիբիա, Կարթագենից մոտ 16 կմ հարավ)
Արևմուտք հրամանատար Բելիսարիոսի և նրա օգնական Հովհաննես Հայի, նավատորմի հրամանատար Կալոնիմոս Ալեքսանդրիացու, ֆեդերատների հրամանատարներ Դորոթեոսի, Սողոմոն Դարացու, Կիպրիանոսի, Վալերիանոսի, Մարտինոսի, Մարցելոսի, Ալթիասի, Կիրիլի, Ստոցասի, Պերանիոս Բագրատունու, հեծելազորի հրամանատարներ Ռուփինոսի ու Այգանի, վերջիններիս օգնականներ Բարբատոսի, Պապպոսի և նրա եղբայր Հովհաննես Տրոգոլիտայի, հետևազորի գլխավոր հրամանատար Հովհաննես Էպիդոմնացու, հետևազորի հրամանատարներ Թեոդորոս Կտեյանի, Տերենտիոսի, Զաիդոսի, Մարկիանոսի ու Սարապիոսի, էրուլների հրամանատար Ֆարասի, ինչպես նաև բուլղարների հրամանատարներ Սիննայի և Բաղայի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (15.000, որից 5.000 հեծյալ, այդ թվում 600 բուլղարներ և 400 էրուլներ, 500 նավ, որից 92 մարտանավ) ու նրա կազմում գործող Հայ ռազմիկները (մոտ 1.500) Վանդալական թագավորության դեմ արշավանքի ելնելու կապակցությամբ կենտրոնացան Կոստանդնուպոլսում: Հունիս ամսին արշավանք սկսելով արևմտյան ուղղությամբ՝ կայսերական բանակը Ադրիատիկ ծովով առաջացավ և հասավ Սիցիլիա, որից հետո, տեղեկություններ հավաքելով Վանդալական թագավորության մասին, սեպտեմբերի սկզբին ափ իջավ Կարթագենից 200 կմ արևելք, ընդ որում արշավանքի ընթացքում Դորոթեոսը Սիցիլիայում մահացավ: Այս ընթացքում արքաեղբայր Ցազոնի գլխավորած Վանդալական թագավորության մի բանակ (5.000, 120 նավ) արշավանքի էր ելել Սարդինիա կղզու ապստամբած բնակչության դեմ, իսկ Վանդալական թագավորության արքա Գելիմերի գլխավորած սակավաթիվ ուժերն էլ ցրված էին երկրով մեկ՝ որևէ կերպ պատրաստ չլինելով ապագա մարտական գործողություններին:
Ափհանումից անմիջապես հետո կայսերական բանակը ճամբար զարկեց, որից կարճ ժամանակ անց առանց մարտերի տիրեց ավելի արևմուտք գտնվող ծովափնյա Սիլեկտ քաղաքին: Դրանից հետո կայսերական բանակը, առաջապահում ունենալով Հովհաննես Հայի գլխավորած ուժերը և ուղեկցվելով նավատորմի կողմից, ծովափով աստիճանաբար սկսեց առաջանալ դեպի արևմուտք՝ Կարթագենի ուղղությամբ: Իր հերթին Գելիմերը, Կարթագենում գտնվող արքաեղբայր Ամմատիային հրամայելով զենք կրելու ունակ բոլոր ռազմիկներով առաջ խաղալ արևելյան ուղղությամբ, ինքն իր տրամադրության տակ գտնվող բանակով սկսեց առաջանալ հարավից: Միաժամանակ, վանդալների արքան, ինքը պատրաստվելով ծովի ափով դեպի արևմուտք առաջացող կայսերական բանակին հարվածել հարավ-արևելքից, իր եղբորորդի Գիբամունդի գլխավորությամբ հիմնական ուժերից առանձնացրեց ևս մեկ ջոկատ (2.000), որը պետք է հարվածեր կայսերական բանակին հարավ-արևմուտքից՝ նախատեսելով արևմուտքից, հարավ-արևմուտքից և հարավ-արևելքից հասցվող համակցված հարվածներով սեղմել հակառակորդին ծովին ու հասնել վերջնական հաղթանակի:
I փուլ – Սեպտեմբերի 13-ին 12:00-ի մոտակայքում Հովհաննես Հայի գլխավորած առաջապահ ուժերը, անակնկալ հանդիպելով սեփական ուժերից առաջ անցած Ամմատիային և նրա շքախմբի անդամներին, չնայած վերջիններիս դրսևորած խիզախությանը, հաղթեցին ու սպանեցին նրանց, որից հետո, զարգացնելով հաջողությունը, հարված հասցրին արդեն սեփական առաջնորդների հետևից հասնել փորձած և ձգված շարքերով տարածված հակառակորդի մնացած ուժերին՝ պարտության ու փախուստի մատնելով նաև վերջիններիս և հասնելով մինչև Կարթագենի պարիսպներին: II փուլ – 14:00-ի մոտակայքում Գիբամունդի ջոկատն ի վերջո զբաղեցրեց ելման դիրքեր՝ այդ ընթացքում ծանր կորուստներ պատճառելով իրենց առաջխաղացումը կասեցնել փորձող բուլղարներին: Գիբամունդը, սակայն, սպասելով մյուս ուժերի գործողություններին, չզարգացրեց հաջողությունը: III փուլ – 15:00-ի մոտակայքում, վերախմբավորելով ուժերը և ստանալով համալրումներ, բուլղարները անցան հակահարձակման ու պարտության և փախուստի մատնեցին Գիբամունդի ջոկատին, ընդ որում Գիբամունդը զոհվեց: Այդ ընթացքում մարտադաշտին մոտեցան կայսերական բանակի հիմնական ուժերը՝ հետևակի ուժերով դիրքեր զբաղեցնելով իրենց կողմից ամրացված ճամբարում: IV փուլ – 16:00-ի մոտակայքում մարտադաշտին սկսեցին մոտենալ Գելիմերի գլխավորած ուժերը: Տեղեկանալով այդ մասին՝ կայսերական բանակի հեծելազորը շարժվեց թշնամու ուղղությամբ և փորձ կատարեց ամրանալ տեղանքի վրա գերիշխող բարձունքում, սակայն հակառակորդի բանակին հաջողվեց հետ շպրտել վերջինիս: Բելիսարիոսը, որպես աջակցություն նահանջողներին, իր թիկնապահ Ուլարիսի գլխավորությամբ առաջ շարժեց վահանակիրների մի ջոկատ (800), սակայն վերջինս ևս, չկարողանալով փոխել դրությունը, միացավ նահանջողներին ու սկսեց հետ քաշվել: V փուլ – 17:30-ի մոտակայքում, օգտվելով այն բանից, որ Գելիմերը չի զարգացնում հաջողությունը և տարվել է զոհված եղբորը ողբալով, իսկ նրա ռազմիկներն էլ ցրվել են ու դիակապտությամբ են զբաղվում, կայսերական բանակը, վերախմբավորելով ուժերը, վճռական հարձակման անցավ և ծանր պարտության մատնեց մարտակարգը կորցրած հակառակորդի բանակին:
Հայերը կորցրին մոտ 150, դաշնակիցը` մոտ 1.500, թշնամին` մոտ 6.000 զինվոր:
_________________ Приходите в мой дом...
|