Այս կարծիքը այնուհանդերձ թվում է որոշակիորեն ծայրահեղական, քանի որ հասարակական-տնտեսական ֆորմացիաները դասակարգվում են ոչ թե պետության կառուցվածքային բաղադրիչներով, այլ` տնտեսական արտադրաեղանակների տեսակներով։ Խնդիրը այս տեսակետից դիտարկելիս պարզվում է, որ Պարթևական ու Մեծ Հայքի թագավորությունների պարագայում մենք գործ ունենք ըստ էության մի իրավիճակի հետ, երբ առկա է ոչ դասական տիպի ստրկատիրական համակարգ, ինչպես ասենք Հին Հունաստանում կամ Հռոմում, սակայն տնտեսաձևը այնուհանդերձ ստրկատիրական էր։ Չնայած սրան, սակայն, թեև հասարակական-տնտեսական ֆորմացիան այնուհանդերձ ստրկատիրական էր, սակայն, ինչպես արդեն ասվեց, կային նաև մի շարք այլ տարրեր, որոնք պարարտ հող էին ստեղծում քրիստոնեության տարածման համար։ Խոսքը ամենից առաջ վերաբերվում է Արևելքի երկու հզոր թագավորությունների կառուցվածքին, երբ արքան ընդամենը առաջինն էր հավասարների մեջ։ Այս հանգամանքը Արևելքի գահակալներին անշեղորեն ստիպում էր փնտրել մի գաղափարախոսություն, որը միանշանակորեն կհիմնավորեր իրենց առաջինը լինելու բարոյական իրավունքը։ Շուտով պարզվեց, որ քրիստոնեությունը ավելին, քան հարմար էր այդ դերին։
Մերձավոր Արևելքում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես գոյություն ունեցած նյութական կամ մատերիալիստական նախապայմանների մեջ գոյություն ուներ քրիստոնեության հաղթանակը կանխորոշող ևս մեկ հանգամանք։ Մ.թ.ա. I դարի վերջերից սկսած Հռոմեական կայսրությունը ամուր կերպով հաստատվեց Միջերկրական ծովի ավազանում և վերջինս փաստորեն վերածվեց կայսրության «ներքին ծով»-ի։ Այս հանգամանքը մեծապես խթանեց ոչ միայն Հռոմեական կայսրության, այլև հարակից երկրների տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը։ Հռոմում գոյություն ունեցող ստրկատիրական հասարակարգի պայմաններում դա կարող էր նշանակել միայն մեկ բան` ազատ համայնական գյուղացիության աստիճանական վերացում և ստրուկների թվի կտրուկ ավելացում։ Արդյունքում արդեն I-II դարերում Մերձավոր Արևելքը և հատկապես Ասորիքն ու Պաղեստինը հայտնվեցին տնտեսական ճգնաժամի մեջ, ինչն իր հետ բերեց հոգևոր անկումը։ Այս զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա։ Պատահական չէ, որ հայերի առնչությունները քրիստոնեության հետ սկիզբ են առնում հենց Ասորիքին առավել մոտ գտնվող տարածքներից` Հայոց Միջագետք նահանգում գոյություն ունեցած Հայոց Միջագետքի թագավորությունից։
Այսպես, ըստ եկեղեցական ավանդության, որը մեզ է փոխանցում Մովսես Խորենացին, Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) իր ժամանակին դարձել է քրիստոնյա։ Ու թեև մասնագետների մեծ մասը հակված չէ լուրջ ընդունելու այս հանգամանքը, սակայն փաստի հիշատակությունն ինքնին ոչ մի կերպ չի կարելի անտեսել։ Սովետահայ պատմական տրադիցիան այս փաստի ժխտողական մոտեցումը իրականացրել է հիմնականում հասկանալի կրոնա-քաղաքական մոտիվներով, այն ենթատեքստով, որ, ժխտելով փաստի գոյությունը կամ վերջինիս մասին եղած բոլոր հիմնական տեղեկությունները հայտարարելով «հնարովի ու վիպական», ժխտվի նաև այդ կապակցությամբ հիշատակվող Հիսուս Քրիստոսի մասին հիշատակությունը և վերջինիս հետ կայացած Աբգար V Մեծի ունեցած նամակագրության փաստը։ Վերջին փաստը գուցե և իրոք չի եղել, իսկ գուցե և եղել է, սույն հարցը ներկայումս քննարկման առարկա չէ, բայց մի բան համենայն դեպս պարզ է, որ զուտ միայն այս հիմքով մնացած փաստերը ժխտելը ճիշտ չէ։ Կարելի է, ենթադրել, որ Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծը, որը անկասկած լայնախոհ քաղաքական մի գործիչ էր, ճիշտ ժամանակին է զգացել ժամանակի շունչը և, ի տարբերության նույն Հռոմի կայսրերի, հովանավորել է քրիստոնյաներին։ Կարելի է կարծել, որ հենց այս հանգամանքն է հիմք տվել ասելու, ար այս արքան եղել է քրիստոնյա։ Հետաքրքիր է, որ քրիստոնյաներին հովանավորելու այս քաղաքականությունը շարունակվում է նաև նույն թագավորության այլ գահակալների կողմից։ Այսպես, հայտնի է, որ Աբգար VIII-ի (177-212) գահակալության օրոք Եդեսիայում եղել է եկեղեցի, որ կործանվել է 201 թ-ին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ։ Հատկանշական իրավիճակ է նաև Աբգար IX-ի (212-216) պարագայում։ Այսպես, ըստ վաղքրիստոնեական հույն գրող Հուլիոս Աֆրիկացու (մոտ 160-240) այս արքան. «բարեպաշտ մարդ էր»։ Իր հերթին, ըստ վաղքրիստոնեական ասորի գրող Վարդեսան Բար-Դարցանի (154-225), Հայոց Միջագետքի թագավորության արքան. «սուրբ և շատ կրթված մի մարդ էր»։ Այս արքան ըստ զգայուն վաղքրիստոնյաների կարող էր «բարեպաշտ» և «սուրբ» լինել միայն և միայն նրա համար, որ, եթե այլ վայրերում քրիստոնյաների հետ վարվում էին շատ դաժան, ապա Հայոց Միջագետքի թագավորությունում այս արքան ըստ երևույթին թույլ էր տալիս քրստոնյաներին վայելել մեծ ազատություններ։ Այսպիսով Հայոց Միջագետքի թագավորությունը, որը այնուհանդերձ կազմում էր Հայաստանի ընդամենը մի մասը, ավանդականորեն բարեմիտ վերաբերմունք ուներ քրիստոնյաների նկատմամբ։ Հետաքրիր է, սակայն, որ նույն ժամանակներում հակառակն էր վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ համահայկական նշանակություն ունեցող Մեծ Հայքի թագավորությունում։ Պատճառը երևի թե պարզ էր` Ասորիքին ավելի մոտ գտնվող տիրակալները ի դեմս Եդեսիայի արքաների ավելի լավ էին զգում ժամանակի շունչն ու զարգացումները։
Համաձայն բազում վկայությունների և հայ եկեղեցական ավանդույթի, դեռևս I դարում Սուրբ Բարդուղիմեոս և Սուրբ Թադեոս առաքյալները Հայաստանում քարոզել են քրիստոնեական ուսմունքը և հիմնադրել Հայ Եկեղեցին։ Նոր հիմնադրված եկեղեցին, որը այդ ժամանակներից սկսված էլ ավանդականորեն սկսվեց կոչվել Առաքելական, ուներ բազում հետևորդներ։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների շարքում կային նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներ։ Չնայած այս հանգամանքին, Մեծ Հայքի արքա Սանատրուկը (75-110) դաժան հալածանքներ կիրառեց քրիստոնյաների նկատմամբ։ Իրավիճակը չփոխվեց նաև հաջորդ գահակալների օրոք, ընդհուպ մինչև Տրդատ II Մեծը (274-276, 287-298՝ Արևմտան Մեծ Հայքում, 298-330)։ Արդյունքում կոնկրետ-քաղաքական տեսակետից ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայաստանյան քրիստոնյաները սկսեցին իրենց համեմատաբար ապահով զգալ Հայոց Միջագետքի թագավորությունում։ Ինչպես արդեն ասվեց, իրավիճակը արմատապես փոխվեց միայն IV դարի ամենասկզբում։
I-II դարերը բնորոշվում են որպես Հռոմեական կայսրության փառքի, սակայն նաև անկման դարաշրջաններ։ «Տրայանոսի արևելյան նվաճումները լուսավորեցին Հռոմեական կայսրության մռայլ մայրամուտը այնպես, ինչպես կայծակն է մի ակնթարթ ցրում խավարը գիշերվա։ Բայց, ի տարբերություն վերջինիս, նոր արշալույսի նախագուշակներ արդեն չկային»,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանը կայսրության պատմության մեծագույն գիտակներից մեկը համարվող Թ. Մոմզենը ։ III դարում կայսրության վիճակն ավելի ծանրացավ։ Արդյունքում ճգնաժամի մեջ հայտնվեցին նաև կայսրության հետ տնտեսական բազմաթիվ թելերով կապված հարակից երկրները։ Ստրկատիրությունը, որպես արտադրաեղանակ, իրեն վաղուց արդեն սպառել էր և սա աստիճանաբար սկսեցին գիտակցել նույնիսկ ժամանակակիցները։ Արդյունքում Հռոմում սկիզբ առավ «կոլոնիստական շարժում»-ը։ «Կոլոն»-ը իրենից ըստ էության ներկայացնում էր հողին ամրացված մի գյուղացի, ինչն էլ սկիզբ դրեց ֆեոդալիզմի։
_________________ Приходите в мой дом...
|