Սատրապական Հայաստանի IV ապստամբություն
(539-542)
VI դարում Մարզպանական Հայաստանում Պարսից թագավորության դեմ մղվող քաղաքական պայքարը լայնորեն է հայտնի, սակայն այդ ժամանակվա Հայաստանը կազմված չէր միայն Մարզպանական Հայաստանից:
Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը ևս, չհամակերպելով օտար լծի հետ, պայքար էր մղում իր
քաղաքական իրավունքների համար:
Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (539-542) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց փոխզիջումային հաշտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը զգալիորեն կասեցվեց:
Հիմնական իրադարձություններ539 – Ավնիկ ամրոցի ճ-մ
539 – Ավնիկ ամրոցի ճ-մ
540 – Եդեսիայի պաշարումը
540 – Սուրի, Անտիոքի և Ապամեայի գրավումը, Նիկեփորիոնի պաշարումը
541 – Մծբինի պաշարումը
541 – Սիսավրոն ամրոցի գրավումը
541 – Պետրայի գրավումը
542 գարուն – Ասորիքի ասպատակումը
542 գարուն – Սերգիապոլսի պաշարումը
542 ամառ – Լեռնային Կիլիկիայի ասպատակումը
542 աշուն – Սաբիրների պարտությունը Սատրապական Հայաստանում, հաշտության կնքում
Ապստամբության ընթացքըՀուստինիանոս I-ի (527-565) օրոք Սատրապական Հայաստանի հայերի վիճակը զգալիորեն ծանրացավ: Եթե նախկին կայսրերը, զբաղված լինելով այլ հոգսերով, որոշակիորեն աչքաթող էին արել հայերի քաղաքական իրավունքների սահմանափակման հարցը, ապա երբեմնի հռոմեական փառքը վերականգնել ձգտող այս կայսրը միանգամից էլ եռանդուն կերպով վերագործարկեց դեռևս Զենոն կայսեր օրոք սկիզբ առած գործընթացը: Քաղաքական իրավունքների սահմանափակման վերսկսված գործընթացին հայ ժողովուրդը պատասխանեց ապստամբությամբ, որը գլխավորում էին արդեն որպես նախարարական տոհմ հանդես եկող
Արշակունիները, ինչպես նաև Բագրատունիները և Մամիկոնյանները: Ապստամբների օգտին եղավ նաև այն հանգամանքը, որ Հուստինիանոս I-ի ամբիցիոզ քաղաքականությունը խիստ սրել էր կայսրւթյան հարաբերությունները Պարսից թագավորության հետ, որի արդյունքում 538 թ-ին սկիզբ էր առել
Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560):
539 թ-ին
Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր)
Ավնիկ ամրոցի ճակատամարտում (Արարատ, Բասեն գավառի հարավ, Արաքսի աջ ափին) հաղթեց Բագրատունյաց գնդին (մոտ 2.000) և գերեց Սպանդիատ ու Գուրգեն-Գուարամ Բագրատունիների կանանց: Այս հաջողությունը, սակայն, դեռևս ոչինչ չէր որոշելու, քանի որ ապստամբության սկզբում որոշակիորեն հապաղած հայերը ի վերջո կենտրոնացրեցին ուժերը և շարժվեցին բյուզանդական բանակի դեմ:
539 –
Ավնիկ ամրոցի ճ-մՀովհան Արշակունու և Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 7.000 զինվոր) շարժվեց Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 14.500 զինվոր) ընդառաջ: Ընդ որում, քանակապես զիջելով հակառակորդին, Հայկական բանակը կարողացավ վերջինիս պարտադրել ճակատամարտի մեջ մտնել այնպիսի վայրում, որտեղ հնարավորություն չկար կազմել միասնական ճակատ, իսկ մարտը մղվում էր առանձին ու իրարից կտրված ջոկատների միջև:
Օգտագործելով տեղանքի բարենպաստ պայմանները և արագ մանևրը` Հայկական բանակը մաս առ մաս ջախջախեց հակառակորդին: Ընդ որում Սողոմոնի գլխավորած Հայկական ջոկատներից մեկը ոչնչացրեց Սիտտայի ջոկատին, իսկ Սողոմոնn 1l մենամարտում հաղթեց և սպանեց Սիտտային:
Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` մոտ 6.000 զինվոր: Չցանկանալով թույլ տալ ապստամբության հետագա ծավալումը` նոր հրամանատար նշանակված
Բուզեսը սկսեց հաշտության բանակցություններ` դրանց ընթացքում շրջապատելով այն տունը, որտեղ գտնվում էին հայ ղեկավարները: Արդյունքում Բուզեսի խոստումներին հավատալով փախուստի չդիմած Հովհանը սպանվեց, իսկ վերջինիս փեսա Վասակին հաջողվեց ցատկել պատուհանից և փրկվել:
Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը ընթանում էր Պարսկա-Բյուզանդական IV պատերազմին
զուգահեռ և Պարսից թագավորությունը չէր կարող չօգտվել առիթից, մանավանդ որ ապստամբները հատուկ պատվիրակություն ուղարկելով նման խնդրանք էին հղել
Խոսրով I-ին (531-579): 540 թ-ին Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) ու Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց արևելքում կայսրության կարևորագույն ֆորպոստներից մեկը հանդիսացող
Դարա ամրոցը և, կորուստներ պատճառելով ամրոցի կայազորին, հեռացավ միայն խոշոր փրկագին ստանալուց հետո: Կարճ ժամանակ անց Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց արդեն
Եդեսիան բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), սակայն, թշնամու հաջող արտագրոհներից մեկի ժամանակ 150 ռազմիկ կորցնելուց հետո գերադասեց կրկին ստանալ փրկագին և նահանջել: Նույն թվականին էլ Պարսից թագավորությունը, վերջ տալով մանր գործողություններին, անցավ լայնածավալ հարձակման Ասորիքի ուղղությամբ: Արդյունքում անձամբ Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 120.000 զինվոր) և Հայկական (մոտ 20.000 զինվոր) միացյալ բանակը գրավեց
Սուրը (= Բատնա) Արշակ Արշակունու գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200), այն բանից հետո, երբ, բանակցություններից վերադարձող քաղաքային պատվիրակության հետ դարպասներին մոտեցած մի քանի պարսիկներ անակնկալ հարվածով գրավեցին դրանք: Արշակ Արշակունին զոհվեց, իսկ հաղթանակ տարած կողմին բաժին հասավ հսկայական ավար: Հաջորդը
Անտիոքն էր, որը գրավելուց ու ավերելուց հետո Խոսրով I-ի բանակը շարունակեց արշավանքը դեպի
Ապամեա (Կենտրոնական Ասորիք): Ստիպելով վերջինիս կայազորին հանձնվել ու թալանելով քաղաքը` Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը մոտեցավ
Նիկեփորիոնին (Կենտրոնական Ասորիք) և, այս քաղաքից էլ ստանալով հսկայական փրկագին, վերադարձավ Պարսից թագավորություն:
540 թ-ին Բյուզանդական կայսրությունը արևելքում հսկայական կորուստներ կրեց, սակայն թեթև չէր վիճակը նաև այլ սահմաններում: 541 թ-ին բուլղարներն ու սլավոնները պաշարեցին
Կոստանդնուպոլիսը և սրանց հարձակումը հետ մղվեց միայն մեծ դժվարությամբ: Թեթև չէր վիճակը նաև Իտալիայում, որտեղ փոփոխակի հաջողությամբ մարտեր էին ընթանում գոթերի դեմ: 541 թ-ին Նահապետ Հայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000 զինվոր) պաշարեցին
Մծբինը Պարսից թագավորության բանակից (մոտ 1.000 զինվոր) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), սակայն, խուսափելով քաղաքին մոտեցող Պարսից թագավորության բանակից (մոտ 40.000 զինվոր), նահանջեցին: Նույն թվականին էլ բյուզանդական բանակը (մոտ 5.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500 զինվոր) պաշարեցին
Սիսավրոն ամրոցը (Մծբինից 40 կմ արևելք) Պարսից թագավորության բանակից (1.000 զինվոր), որը պարենի պակասի պատճառով հանձնվեց: Իր հերթին 541 թ-ին Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 10.000 զինվոր) միացյալ բանակը հիմնական աշտարակներից մեկի տակը փորելու ու այն փլելու միջոցով գրավեց
Պետրան (Լազիկա) Թովմա Գուզես Հայի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր):
542 թ-ի գարնանը Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 100.000 զինվոր) և Հայկական (մոտ 20.000 զինվոր) միացյալ բանակը կրկին մտավ
Ասորիք, սակայն բյուզանդական բանակի (մոտ 80.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 8.000 զինվոր) պատասխան արշավանքից հետո առանց մարտերի նահանջեց: Միաժամանակ Պարսից թագավորության (6.000 զինվոր) և Հայկական (մոտ 1.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց, սակայն չկարողացավ գրավել
Սերգիապոլիսը (Լազիկա) բյուզանդական բանակից (200 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 20 զինվոր): Նույն 542 թ-ի ամռանը Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) ու Հայկական (մոտ 10.000 զինվոր) միացյալ բանակը ասպատակեց
Լեռնային Կիլիկիան և նահանջեց:
Երկու գերտերությունների հակամարտությունը թույլ տվեց ակտիվանալ Մինչկովկասյան տափաստաններում հաստատված սաբիրներին: 542 թ-ի աշնանը սաբիրները (մոտ 30.000 զինվոր)
Ալանաց դուռ լեռնանցքով ներխուժեցին Սատրապական Հայաստան և ասպատակեցին այն, սակայն Վալերիանոսի գլխավորած Հայկական բանակը (մոտ 20.000 զինվոր) սրանց հարձակումը հետ մղեց:
Արևելքում կրած ծանր կորուստները, անորոշ ելքով ընթացող պատերազմը Պարսից թագավորության դեմ, այդպես էլ հաջողություն չբերող պատերազմը գոթերի դեմ, ինչպես նաև բուլղարների ու սլավոնների սպառնալիքը Կոստանդնուպոլսին ի վերջո ստիպեցին կայսրությանը զիջումների գնալ: 542 թ-ի վերջին մինչ այդ համառող Հուստինիանոս I-ը հատուկ հրովարտակով ներեց ապստամբներին և որոշակիորեն թեթևացրեց հայերի վիճակը Սատրապական Հայաստանում: Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը վերջացավ, սակայն Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը շարունակվեց ևս 18 տարի` այդպես էլ հաջողություն չբերելով կողմերից և ոչ մեկին: