1. 1220 թ-ի ամռանը Մոնղոլական կորպուսը մոտեցավ մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող Բահլին, որի ավագանին, սակայն, միանգամից էլ պատվիրակություն ուղարկեց և տեղեկացրեց քաղաքի հանձնվելու մասին։ Թողնելով քաղաքում մոնղոլական կառավարիչ ու փոքրաթիվ կայազոր` Մոնղոլական կորպուսը շարժվեց առաջ, 2. հաջորդը միջին մեծության Թուրբենտ-ի-Հեյդարի քաղաքն էր, որը փակեց դարպասները և պատրաստվեց դիմադրության։ Մոնղոլական կորպուսը ցուցադրական կերպով անցավ քաղաքի մոտով, բթացրեց վերջինիս կայազորի զգոնությունը, որից հետո վերադարձավ և անակնկալ հարձակումով գրավեց այն։ Քաղաքը այրվեց, նրա բնակչության մեծ մասը սպանվեց և միայն փոքր մասին հաջողվեց փրկվել փախուստով։ Դրանից հետո Մոնղոլական կորպուսը բաժանվեց երկու մասի, 3. Ջեբեի թումենը մոտեցավ խոշոր քաղաք համարվող Նիշապուրին, որի պատերի տակ էլ պարտության մատնեց 1.000 ռազմիկից կազմված քաղաքի կայազորին, 4. Սուբեդեի թումենը ասպատակեց Տուս և Քուշան քաղաքների շրջակայքը, ինչպես նաև Իսֆարինի շրջանը, որից հետո, ասպատակելով Դամագանի ու Սեմնանի շրջանները, մի կողմ թողեց Ռեյը և գրավեց ու ավերեց միջին մեծության Կումը, 5. այս ընթացքում Ջեբեի թումենը անցավ Էլբրուսը և ասպատակեց Մազանդարանը, որից հետո Էլբրուսով կրկին հետ վերադարձավ և, իր հերթին մի կողմ թողնելով Ռեյը, գրավեց ու ավերեց միջին մեծության Հարը, 6. Ռեյի մոտ վերադարձած և ուժերը կրկին միավորած Մոնղոլական կորպուսը ասպատակեց խոշոր քաղաք համարվող Ռեյն ու նրա շրջակայքը` ոչնչացնելով տեղի բնակչությանն ու ավերելով քաղաքը, 7. տեղեկություններ ստանալով, որ Սաջասում հավաքվել է Խորեզեմի սուլթանության խոշոր բանակ` Մոնղոլական կորպուսը շարժվեց վերջինիս ուղղությամբ և ջախջախեց այն, 8. վերսկսելով մարտարշավը դեպի արևմուտք` Մոնղոլական կորպուսը գրավեց խոշոր քաղաք համարվող Զնջանը և գլխովին ոչնչացրեց քաղաքի ու նրա շրջակայքի բնակչությանը, 9. շարունակելով արշավանքը` Մոնղոլական կորպուսը մոտեցավ խոշոր քաղաք համարվող Ղազվինին և քաղաքի պատերի տակ պարտության մատնեց նրա կայազորին։ Դրանից հետո Մոնղոլական կորպուսը պաշարեց Ղազվինը և ծանր մարտերից հետո գրավեց այն` գլխովին ոչնչացնելով քաղաքի բնակչությանը, 10. Մոնղոլական կորպուսը մտավ Ատրպատական` ողջ ուղու երկայնքով անխնա ոչնչացնելով տեղական բնակչությանը և ավերելով ճանապարհին հանդիպած անպաշտպան բնակավայրերը, 11. 1220 թ-ի դեկտեմբերի սկզբին հարավ-արևելքից ներխուժած և մանր ջոկատների բաժանված Մոնղոլական կորպուսը, ինչպես նաև տեղում վերջինիս միացած մամլուք Ակուշի կողմից գլխավորվող Էլտկուզյանների աթաբեկության բանակը (այսուհետ` Ակուշի բրիգադ) ասպատակեցին Փայտակարանը և Աղվանքը, որից հետո ճամբարեցին Վարդանակերտ գավառում, 12. 1220 թ-ի դեկտեմբերի կեսին Վարդանակերտ գավառից Կուրի աջ ափով դեպի հյուսիս արշաված Մոնղոլական կորպուսի մի մասը և Ակուշի բրիգադը Ուտիքի ճ-մ-ում անակնկալ հարձակումով հաղթեցին Քարթլիի թագավորության սահմանապահ 10.000-անոց բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին, որից հետո նահանջեցին և վերամիավորեցին ուժերը, 13. 1221 թ-ի հունվարի սկիզբ, Կոտմանի ճ-մ (Կուրի վտակ Կոտմանի ափին, Տերունական ամրոցի դիմաց)։ Գեորգի IV Լաշայի, ամիրսպասալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի, ինչպես նաև սենեկապետ Վահրամ Քաջ Գագեցու ընդհանուր ղեկավարությամբ գործող Քարթլիի թագավորության բանակը (90.000 ռազմիկ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները անորոշ ելք ունեցած մարտում ընդհարվեցին Կուրի աջ ափով դեպի հյուսիս առաջխաղացող Մոնղոլական կորպուսի ու Ակուշի բրիգադի միացյալ ուժերի հետ։ Համառ և փոփոխակի հաջողությամբ ընթացած մարտից հետո կողմերից յուրաքանչյուրին հաջողվեց փախուստի մատնել հակառակորդի ձախ թևին։ Ընդ որում, եթե քրիստոնյաներին հաջողվեց համեմատաբար հեշտ պոկվել հակառակորդից և հեռանալ, ապա Մոնղոլական կորպուսի և Ակուշի բրիգադի ձախ թևը ծանր կորուստներ կրեց։ Ըստ Ռաշիդ-էդ-Դինի, քրիստոնյաների բանակը այս ճակատամարտում կորցրեց 8.000 ռազմիկ, սակայն Հռոմի Հոնորիոս III (1216-1227) պապին ուղարկված Իվանե Զաքարյանի նամակում հիշատակվում է 6.000 թիվը։ Կարելի է ավելի հավանական համարել առաջին տեղեկատվությունը, քանի որ նամակում բնականաբար քրիստոնյաների կորուստները պետք է ավելի նվազ ցույց տրվեին։ Թշնամու կրած կորուստների մասին, որպես ծանր կորուստներ, ոչ թվային տեսքով հայտնում են երկու պատմիչներ։ «Իսկ Վահրամը` Գագի տերը, նույնիսկ չկասկածելով էլ ուրիշների փախուստի մասին, մեծ արիությամբ ու դաժանությամբ ոչնչացնելով հակառակորդին, հասավ մինչև Գարդման»,- հայտնում է Վարդան Արևելցին։ «… աջ թևը գլխավորող մեծ իշխան Վահրամը` Գագի տերը, մինչև երեկո անողոք կերպով հետապնդեց ու կոտորեց թաթարներին այնպես, որ ողջ Ձագամի դաշտը պատեց նրանց դիակներով» ,- այս կապակցությամբ Վարդանին լրացնում է Մաղաքիա աբեղան։ 14. 1221 թ-ի հունվարի վերջ, Հունան ամրոցի ճ-մ (Ռուսթավիից մոտ 35 կմ հարավ-արևելք)։ Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը համառ մարտում հաղթեցին Գեորգի IV Լաշայի, ամիրսպասալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի, ինչպես նաև սենեկապետ Վահրամ Քաջ Գագեցու ընդհանուր ղեկավարությամբ գործող Քարթլիի թագավորության բանակին (մոտ 80.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին։ Քրիստոնյաները կորցրին 30.000 ռազմիկ։ Այս ճակատամարտում Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադի միացյալ ուժերը կորցրեցին 25.000 ռազմիկ։ Այն, որ կորուստները իրոք եղել են բավականին նշանակալից, վկայում է այն հանգամանքը որ, թեև քրիստոնյաները պարտություն կրեցին, բայց ծանր կորուստներ կրած Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը, ի վիճակի չլինելով զարգացնել հաջողությունը, չհամաձակվեցին կրկնել հարձակումը Քարթլիի թագավորության վրա։ 15. նահանջելով դեպի հարավ` Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին միջին մեծության քաղաք համարվող Նախիջևանը ու ծանր կորուստներ պատճառեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 16. շարունակելով նահանջը հարավային ուղղությամբ` Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին խոշոր քաղաք համարվող Մարաղան ու գլխովին ոչնչացրեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 17. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին խոշոր քաղաք համարվող Համադանը ու բնաջնջեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 18. շարժվելով դեպի արևմուտք` Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին միջին մեծության քաղաք համարվող Արբելան ու գլխովին ոչնչացրեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 19. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին միջին մեծության քաղաք համարվող Սերավը ու կոտորեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 20. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին խոշոր քաղաք համարվող Արդաբիլը ու ոչնչացրեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 21. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին միջին մեծության քաղաք համարվող Բայլականը ու գլխովին ոչնչացրեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 22. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը գրավեցին միջին մեծության քաղաք համարվող Շամախին ու ծանր կորուստներ պատճառեցին քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը։ 23. Մոնղոլական կորպուսը և Ակուշի բրիգադը շարժվեցին դեպի Դերբենդ։ Չկարողանալով անցնել Դերբենդի լեռնանցքով` Մոնղոլական կորպուսը մեծ դժվարությամբ անցավ Կովկասը այլ ճանապարհով` մինչ այդ բաժանվելով Ակուշի բրիգադից, 24. 1221 թ-ի ամռանը Մոնղոլական կորպուսը մարտի մեջ մտավ ալանների ու ղփչախների խոշոր ուժերի հետ և չկարողացավ հասնել հաղթանակի, 25. համոզելով ղփչախներին լքել ալաններին` Մոնղոլական կորպուսը կրկին մարտի մեջ մտավ ալանների խոշոր ուժերի հետ և այս անգամ արդեն հասավ հաղթանակի, 26. Մոնղոլական կորպուսը գրավեց Մոզդոկը և Թերքին` ծանր կորուստներ պատճառելով ալաններին, 27. Մոնղոլական կորպուսը անակնկալ հարձակվեց չորս ղփչախ իշխաններից առաջինի մի քանի տասնյակ հազարանոց բանակի վրա և հասավ լիակատար հաղթանակի, 28. Մոնղոլական կորպուսը գրավեց միջին մեծության քաղաք համարվող Աստրախանը և գլխովին ոչնչացրեցին քաղաքի ու նրա շրջակայքի բնակչությանը, 29. Մոնղոլական կորպուսը հարձակվեց չորս ղփչախ իշխաններից երկրորդի մի քանի տասնյակ հազարանոց բանակի վրա և գլխովին ջախջախեց այն։ Ղփչախների իշխաններից վերջին երկուսը խուսափեցին ընդհարվել Մոնղոլական կորպուսի հետ և իրենց բանակով ապաստանեցին Մերձսևծովյան տափաստանի արևմուտքում, 30. 1222 թ-ի գարնանը Մոնղոլական կորպուսը ասպատակեց Ղրիմի թերակղզին ու նրա շրջակայքը, 31. Մոնղոլական կորպուսը Իկոնայի սուլթանության բանակից գրավեց խոշոր քաղաք համարվող Սուդակը ու ծանր կորուստներ պատճառեց քաղաքի և նրա շրջակայքի բնակչությանը, 32. 1223 թ-ի մայիսի 31-ին Կալկայի ճ-մ-ում Մոնղոլական կորպուսը ծանր պարտության մատնեց Կիևյան Ռուսիայի և ղփչախական երկու իշխանների 80.000-անոց միացյալ բանակին։ Կոալիցիոն ուժերը կորցրեցին մոտ 70.000 ռազմիկ, 33. 1223 թ-ի վերջին Մոնղոլական կորպուսը ծանր պարտության մատնեց Կամյան Բուլղարիայի մի քանի տասնյակ հազարանոց բանակին և ծանր կորուստներ պատճառեց տեղական բնակչությանը, 34. 1224 թ-ի գարնանը Կամյան Բուլղարիայի բանակը ծանր պարտության մատնեց Մոնղոլական կորպուսին, 35. 1224 թ-ի ամռանը Մոնղոլական կորպուսը վերադարձավ Միջին Ասիա, համաձայն սկզբնաղբյուրների, իր կազմում ունենալով ընդամենը 4.000 ռազմիկ։
_________________ Приходите в мой дом...
|