Դեռևս 1330-ական թվականների սկզբին Չինաստանի արևելյան շրջաններում սկիզբ էր առել առժամանակ այդպես էլ չգնահատված ժանտախտի հերթական համաճարակներից մեկը, որը, աստիճանաբար առաջանալով առևտրական քարավանների և նավերում առկա կրծողների հետ միասին, 1347 թվականին ի վերջո հասավ Կաֆա: Դրանից հետո արդեն ինչպես ողջ Եվրոպային, այնպես էլ Մերձավոր և Միջին Արևելքներին Հյուսիսային Աֆրիկայի հետ միասին վիճակվեց կրողը դառնալ Եվրասիայի պատմության ընթացքում իր չափերով աննախադեպ հզորության ժանտախտի մի համաճարակի, որի նմանը այստեղ չէին տեսել «Հուստինիանոսի ժանտախտ»-ի ժամանակներից ի վեր և որը, դատելով ըստ ամենայնի, գերազանցեց նույնիսկ դրան: Մասնագետները մինչև այժմ էլ դժվարանում են կոնկրետ թվեր նշել, սակայն, դատելով սկզբնաղբյուրների հաղորդումներից, ժանտախտի հերթական այս համաճարակից հատկապես ծանր կորուստներ կրեց Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան, որտեղ զոհերի թիվը կազմեց մոտ 50 միլիոն մարդ: Ծանր էր վիճակը նաև Եգիպտոսում, որտեղ ժանտախտի զոհ գնաց բնակչության գրեթե մեկ երրորդը, ընդ որում ծանր մարդկային կորուստներ արձանագրվեցին նաև Միջագետքում և Ասորիքում: Ժանտախտի առանձին դրսևորումներ եղան նաև Տրապիզոնի կայսրությունում, ինչպես նաև Քարթլիի թագավորությունում, թեև վերջինումս ժանտախտը հատկապես ծանր կորուստներ պատճառեց արդեն երկու տասնամյակ անց: Այս առումով մեծ հաշվով եղավ այնպես, ինչպես «Հուստինիանոսի ժանտախտ»-ի ժամանակ էր՝ հիմնական մարդկային կորուստները գրանցվեցին մի քանի տարում 1347-1351 թվականներին, սակայն հետագայում առանձին բռնկումներ եղան մեկ հարյուրամյակ շարունակ:
Եվ վերջապես ինչպես նախորդ անգամն էր, Ժանտախտի ի հայտ գալը ուղեկցվեց արդեն բնակլիմայական բնույթ ունեցող ևս մեկ երևույթով, որի բացասական հետևանքները ևս իրենց ողջ ուժով ի հայտ եկան հենց մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում: Մասնագետները դեռ երկար կվիճեն, թե ի՞նչն է եղել երևույթի պատճառը, բայց փաստը մնում է փաստ, որ, VII դարի կեսերից սկսած երկրագնդի միջին ջերմաստիճանի բարձրացումը, որն իր գագաթնակետին էր հասել XI դարի սկզբին, սկսած նույն XI դարի կեսերից էլ հակառակ ընթացքն ընդունեց: Արդյունքում երկրագնդի միջին ջերմաստիճանը, ի համեմատ նախկինի, աստիճանաբար սկսեց ընկնել՝ միջինը 1-ից 2 աստիճանի չափով: Այս գործընթացը, իր վայրիվերումներով հանդերձ աստիճանաբար ուժեղանալով, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում հասել էր իր գագաթնակետներից մեկին: Արդյունքում ձմեռները կրկին դարձել էին ավելի ցուրտ և երկար, իսկ ամառները՝ ավելի սառը ու կարճատև: Որպես հետևանք սրան՝ լուրջ հարված էր կրել տնտեսական կյանքը, որի հիմքն, ըստ էության, գյուղատնտեսությունն էր: Հաճախակի էին դարձել անբերրի տարիները, կարկուտը, ցրտահարությունները և գյուղատնտեսությանը վնասող այլ բնակլիմայական երևույթները, իսկ այդ ամենն էլ իր հերթին լրջորեն ազդել էր Եվրասիայի բոլոր պետությունների տնտեսությունների վրա, ինչն իր հետ բերում էր նաև ներքաղաքական անկայունություն: Սրա հետ միաժամանակ՝ երկրագնդի միջին ջերմաստիճանի անկումը իր հետ բերեց կյանքի որակի բարելավման նաև անապատային շրջաններում, ինչի արդյունքում ոչ միայն թուլացավ հոսքը այդ շրջաններից դեպի դուրս, այլև նույնիսկ ավելին, նույն ժանտախտի տարածման պարագայում այժմ շատերը նույնիսկ ձգտում էին հենց անապատներում փրկություն գտնել: Ինչ վերաբերվում է Մեծ տափաստանին, ապա, ընդհակառակը, այստեղ պայմանները ավելի վատացան, քանի որ սկսված ցրտերի պատճառով ուժեղացավ քոչվորների հոսքը հյուսիսից դեպի հարավ, իսկ այս ամենի արդյունքում էլ մարդկային զգալի հոսք ստացավ նույն Միջին Ասիան, ինչն իր հետևանքներն էր ունենալու: Խնդիրը կրկին հատուկ չի ուսումնասիրված, սակայն, դատելով սկզբնաղբյուրների հաղորդումներից, Հայաստանի հիմնական մասը դուրս է մնացել ժանտախտի հասցրած ծանր հարվածներից և դրա ծանր հետևանքներից, համենայն դեպս սկզբնաղբյուրները այս հարցին չեն վերաբերվում որպես կործանարար մի երևույթի, ինչպես մյուս տարածաշրջաններում է: Ժանտախտի առանձին բռնկումներ, սակայն, եղան, ինչպես արդեն ասվեց, Տրապիզոնի կայսրությունում, Քարթլիի թագավորության ազդեցության ոլորտում գտնվող Հյուսիսային Հայաստանում, ինչպես նաև Կիլիկիայի թագավորությունում:
Ժանտախտն և կլիմայական անբարենպաստ զարգացումները, չնայած բուն Հայաստանի վրա անմիջական ծանր ազդեցություն մեծ հաշվով չունեցան, սակայն դրանք բերեցին փոփոխությունների, որոնք իրենց տնտեսա-քաղաքական բաղադրիչով անբարենպաստ հետևանքներ ունեցան Հայաստանի համար ընդհանուր առմամբ: Այսպես, եթե նախկինում Եվրոպան, հասնելով ժողովրդագրական որոշակի աճի, արդյունքում ամեն անգամ անխուսափելիորեն հանգում էր խաչակրաց արշավանքների գաղափարին, դրանով դուրս մղելով ժողովրդագրական աճի ընթացքում կուտակված մարդկային էներգիան, ապա այժմ ծանրագույն մարդկային կորուստներ կրած նույն այդ Եվրոպայում, որտեղ ամբողջական քաղաքների բնակչությունն իր գրեթե կեսով ոչնչանում էր, իսկ շատ գյուղերում էլ ուղղակի կենդանի մարդ չէր մնում, որևէ արտաքին ռազմաքաղաքական ակտիվության մասին արդեն մտածել իսկ չէին կարող: Այս հանգամանքը ծանր անդրադարձավ հատկապես Կիլիկիայի թագավորության վրա, որովհետև խաչակրաց շարժման մարումը իր հետ հասկանալիորեն բերեց նաև ինչպես եվրոպական երկրների ուշադրության անկմանը Արևելքի նկատմամբ, այնպես էլ մարդկային հոսքի վերացմանը դեպի Հայոց թագավորություն: Այս առումով լավը թերևս միայն այն էր, որ մարդկային զգալի կորուստեր էր կրել նաև Մամլուքյան սուլթանությունը և արդյունքում, համենայն դեպս գոնե առժամանակ, վերջինիս ագրեսիվության մակարդակը ևս որոշակիորեն իջել էր: Եվ այնուհանդերձ, ընդհանուր արդյունքում, հայերի վիճակը Կիլիկիայի թագավորությունում վերջին հաշվով ծանրացավ, քանի որ, նույնիսկ մարդկային հսկայական կորուստներ կրած վիճակում էլ Մամլուքյան սուլթանությունն ամենից առաջ իր մարդկային ռեսուրսներով շարունակում էր գերազանցել Կիլիկիայի թագավորությանը, ընդ որում խաչակրաց գործի մարումը և մահմեդականների կրած կորուստները համեմատելիս վերջնական արդյունքը ցանկացած դեպքում հայերի դեմ էր:
Մերձավոր և Միջին Արևելքի կրած մարդկային զգալի կորուստները աղետաբեր եղան նաև իր վերջին օրերն ապրող Էլխանության համար, որն առանց այդ էլ արդեն գտնվում էր հատվածական վիճակում ու լուրջ խնդիրներ ուներ ամենից առաջ նախկին սահմանները պահելու համար բավարար մարդկային ռեսուրսներ չունենալու տեսանկյունից:
_________________ Приходите в мой дом...
|